Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին. 
  1. 18 տարին չլրացած երեխային 
  2. 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում 
  3. 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում. 
  4. կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում 
  5. ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում 
  6. ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում 

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում: 

Որդեգրողը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի հարազատ ծնողին հավասար, իսկ որդեգրվածը` հարազատ երեխային հավասար: Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող որդեգրվածը որդեգրողի մահվան դեպքում կենսաթոշակի ընտրության իրավունք ունի: 

Խորթ հայրը և խորթ մայրը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ հորը և հարազատ մորը հավասար, եթե մահացած խորթ որդուն կամ խորթ դստերն անչափահաս տարիքում խնամել են առնվազն 5 տարի: 

Խորթ որդին և խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ որդուն և հարազատ դստերը հավասար: 

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի` վերը նշված անդամները: 
Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: 

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը՝ ըստ տարիքային խմբերի: 

Հաշմանդամ ճանաչված անձի մահանալու դեպքում նրա ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը հաշմանդամություն սահմանելու օրվա դրությամբ ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը՝ ըստ տարիքային խմբերի: 

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում` անկախ մահացած անձի աշխատանքային ստաժի տևողությունից: 

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

_______________________