Պետական կենսաթոշակ

Հարգելի այցելու,

Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային համակարգը ունի երկու բաղադրիչ` սոցիալական կենսաթոշակ (նպաստ) և աշխատանքային կենսաթոշակ: Սոցիալական կենսաթոշակը (բազմաստիճան կենսաթոշակային համակարգի 0 բաղադրիչ` պետական նպաստ) սահմանված դրույքաչափով կենսաթոշակ է, որը հիմնված չէ կատարած վճարումների վրա: Այն ֆինանսավորվում է պետական բյուջեից և դրա հիմնական խնդիրը պահանջվող աշխատանքային ստաժ չունեցող կենսաթոշակառուին նվազագույն եկամտով ապահովելն է:

Աշխատանքային կենսաթոշակը (բազմաստիճան կենսաթոշակային համակարգի 1-ին աստիճան) վճարների վրա հիմնված տարիքային կենսաթոշակն է, որի չափը, սակայն, ուղղակիորեն պայմանավորված չէ աշխատունակ տարիքում անձի կատարած վճարումներով, այլ պայմանավորված է աշխատանքային ստաժի տարիներով:

ՀՀ կենսաթոշակային համակարգի պետական հենասյունը գործում է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա, այսինքն` ներկա աշխատող բնակչությունը կատարում է վճարումներ, որպեսզի ներկա կենսաթոշակառուները կենսաթոշակ ստանան 0 և 1 բաղադրիչներից:
 
Այս էջում Դուք կգտնեք  անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը պետական կենսաթոշակների մասին: Ցանկացած լրացուցիչ հարց ունենալու պարագայում Դուք միշտ կարող եք դիմել մասնագետին առցանց: