Հարց 16. Ուսումնական հաստատությունը ավարտելուց հետո ուսումը շարունակելու դեպքում ուսման ժամանակահատվածը ամբողջությամբ աշխատանքային ստաժում հաշվառվու՞մ է, թե ոչ:

Ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը հաշվառվում է վեց տարուց ոչ ավելի: 

Հարց 17. Զբաղվածության կենտրոնում հաշվառված լինենու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշառվու՞մ է, թե ոչ:

Աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը:

Հարց 18. Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում ինչպե՞ս է հաստատվում աշխատանքային ստաժը:

Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող՝ ՀՀ կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով: 

Հարց 19. Աշխատելու դեպքում, երեխային մինչև 2 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում կրկնակի հաշվառվու՞մ է, թե ոչ:

Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ: 

Հարց 20. Կերակրողին կորցնելու դեպքում, ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակը:

Կերակրողի մահվան օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում: 

Հարց 21. Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում, կենսաթոշակը նոր չափերով երբվանի՞ց է վճարվում:

Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից: 

Հարց 22. Կենսաթոշակի տեսաը փոխելու համար դիմելու դեպքում, ե՞րբ է փոխվում կենսաթոշակի տեսակը:

Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակի տեսակ փոխելու հանգամանքներ առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Հարց 23. Ի՞նչ փաստաթղթով է հաստատվում աշխատանքային ստաժը:

Մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: 
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով: 

Հարց 24. Ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում: 

Հարց 25. Կարո՞ղ է արդյոք կենսաթոշակը վճարվել լիազորագրով:

Կենսաթոշակը վճարվում է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում՝ նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով:

Հարց 26. Ի՞նչ ժամկետում է վճարվում չվճարված կենսաթոշակի գումարը:

Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: 

Հարց 27. Ի՞նչ ժամկետում է վերահաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը:

Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե` կենսաթոշակառուն ներակայացրել է տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:

Հարց 28. Որքա՞ն ժամանակ կենսաթոշակ չստանալու դեպքում է դադարում կենսաթոշակի վճարումը:

Կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում: 

Հարց 29. Ի՞նչ ժամկետով է կենսաթոշակ նշանակվում կերակրողին կորցնողի դեպքում ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողին:

Ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը: 

Հարց 30. Ե՞րբ է դադարեցվում կերակրողին կորցնելու դեպքում առկա ուսուցմամբ սովորող անձին նշանակված կենսաթոշակը:

Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:
< 1 2 3 4 >