Զառանցանքի համախտանշան

Հոգեկան գործառնման խանգարման հետևանքով մարդու գիտակցության մեջ իրականության աղավաղված արտացոլմամբ դրսևորվող զառանցական մտքերի ամբողջություն:

Ըստ զարգացման մեխանիզմի՝ զառանցանքները բաժանվում են համակարգված քրոնիկ զարգացող և ոչ համակարգված սուր դրսևորվող պատկերային տեսակների: Դատողության զառանցանքը զարգանում է դանդաղ, արտահայտվում է կայունությամբ և ուղեկցվում է անձի վիճակի ընդհանուր փոփոխություններով: Պատկերային, զգայական զառանցանքը հանդիպում է շիզոֆրենիայի և պսիխոզի դեպքում: Այն կարող է մղել բռնի գործողությունների կատարման: Կայուն զառանցական մտքերով տառապող հիվանդներին անհրաժեշտ է տեղավորել հոգեբուժարաններում:

Զարգացման շեղումով երեխաներ

ֆիզիկական կամ հոգեկան զարգացման զգալի շեղումներով երեխաներ, որոնք կարիք ունեն դաստիարակվելու և սովորելու իրենց զարգացման շեղումների շտկումն ու փոխհատուցումը ապահովող հատուկ պայմաններում:

Երեխայի մեջ այս կամ այն գործառութային խանգարման առկայությունը (օրինակ՝ մեկ ականջի լսողության կորուստ) դեռևս չի կանխորոշում շեղված զարգացում: Շատ հաճախ նման երեխաների ֆիզիկական և հոգեկան զարգացումը չի խանգարվում, և նրանք չեն համարվում շեղում ունեցող:
Շեղում ունեցող երեխաների զարգացման ընդհանուր օրինաչափությունները, նրանց ուսուցման և դաստիարակության եղանակների մշակումը կազմում են  շտկողական մանկավարժության առարկան:

Շեղումները կարող են լինել բնածին կամ ձեռքբերովի: Բնածին շեղումների ծագման մեջ կարևոր դեր են խաղում ժառանգական գործոնները, հղիության ընթացքում պտղի վրա վնասակար ազդեցությունները (թունավորում, այդ թվում՝ ալկոհոլային, ներարգանդային վարակ, վնասվածք և այլն), ինչպես նաև շնչահեղձուկը և ծննդաբերական վնասվածքը: Ձեռքբերովի շեղումները հիմնականում վաղ մանկական հասակում տարած վարակիչ հիվանդությունների (մենինգիտ, պոլիոմիելիտ և այլն), վնասվածքների, թունավորումների հետևանք են:

Առաջնային խանգարումը` լսողության, տեսողության, մտավոր թուլացման և այլն, հանգեցնում է զարգացման երկրորդային շեղումների: Օրինակ՝ լսողության առաջնային ախտահարումը խանգարում է բանավոր խոսքի զարգացմանը, ինչն իր հերթին հանգեցնում է անհատական և ճանաչողական զարգացման խանգարման: Առաջնային խանգարման ցանկացած դեպքում նկատվում է հոգեկան ֆունկցիաների ձևավորման հապաղում, զարգացման դանդաղ տեմպ: Ժամանակին չի ձևավորվում մանկական գործունեության ոչ մի տեսակ՝ առարկայական, խաղային, ստեղծագործ (արդյունավետ): Էական շեղումներ են նկատվում ճանաչողության մեջ: Խախտվում է հաղորդակցումը, շփումը: Զ.շ.ե. վատ են տիրապետում հանրային փորձի յուրացման միջոցներին, խոսքի ընկալմանը, օրինակով կամ բանավոր հրահանգներով գործողությունների բովանդակալից ընօրինակմանը:

Շեղումով զարգացման ընթացքում դրսևորվում են երեխայի ոչ միայն բացասական, այլև դրական հնարավորությունները. ընթանում է բնական փոխհատուցում: Այսպես, տեսողությունից զրկված երեխաների մոտ զարգանում է քայլելու ժամանակ տարածությունը գնահատելու, խոչընդոտի հեռազգացության, շոշափելով առարկայի մասին պատկերացում կազմելու ունակություն, լսողական հիշողություն: Զ.շ.ե-ի յուրօրինակ զարգացման դրական դրսևորումները հատուկ ուսուցման և դաստիարակության համակարգի մշակման հիմքերից են:
Արտաքին միջավայրին հարմարվելու հիմք են Զ.շ.ե-ի ախտահարված օրգանների պահպանված կամ դրանց փոխարինող գործառույթները: Զ.շ.ե-ի զարգացումը սկզբունքորեն ենթարկվում է նույն կանոններին, ինչ և նորմալ երեխաներինը: Դա հիմք է տալիս Զ.շ.ե-ի դաստիարակության հնարավորություններին մոտենալ լավատեսորեն: Զարգացման դրական միտումներն իրացնելու, իսկ բուն զարգացումը նորմային առավելագույնս մոտեցնելու համար պահանջվում են մանկավարժական հատուկ` շտկողական, ներգործության միջոցներ, որոնք հաշվի են առնում տվյալ շեղման առանձնահատկությունները: Մանկավարժական ներգործությունն առաջին հերթին ուղղված է երկրորդային շեղումների կանխարգելմանը և հաղթահարմանը: Վերջիններս՝ ի տարբերություն առաջնային շեղումների, որոնք իրենց հիմքում ունեն օրգանական ախտահարումներ, հեշտությամբ են ենթարկվում մանկավարժական շտկումների: Մանկավարժական և տեխնիկական միջոցներով կարելի է հասնել նաև խանգարված գործառույթի նշանակալի վերականգնման կամ փոխհատուցման:
Զ.շ.ե-ի կողմից գիտելիքների և հմտությունների յուրացումը, ինչպես նաև անհատականության ձևավորումն իրականացվում է օրգանիզմի հարմարվողական գործառույթների վերակառուցմամբ: Հատուկ ուսուցման պայմաններում փոխվում է տեսության և պրակտիկայի հարաբերակցությունը. պրակտիկան գլխավորապես հանդես է գալիս որպես գիտելիքներ ձեռք բերելու կարևորագույն եղանակներից մեկը:

Առարկայական-գործնական գործունեությունը, որը կազմակերպվում է` հաշվի առնելով Զ.շ.ե-ի տարիքը և յուրահատկությունները, երեխայի զարգացման առաջատար միջոցներից մեկն է: Հատուկ դիդակտիկայի հիման վրա մշակվում են առանձին մեթոդիկաներ, որոնք հաշվի են առնում տարբեր կատեգորիաների Զ.շ.ե-ի առանձնահատկությունները, ինչպես նաև տարբեր ուսումնադաստիարակչական կազմակերպությւոններում ուսուցման ծրագրերի բովանդակությունը: Հաշվի առնելով Զ.շ.ե-ի տարբեր հնարավորությունները, համապատասխան զարգացման տարբեր շեղումներ ունեցող երեխաները սովորում են ուսումնական տարբեր ծրագրերով (օրինակ, խուլերի և թույլ լսողների դպրոցներում արտասանության և շրթունքներով կարդալու ուսուցում, լսողական ընկալման զարգացում, ռիթմիկա): Երեխաների ընտրությունը կատարում են բժշկամանկավարժական հանձնաժողովները:

Արդյունավետ և ընդունելի պետք է համարել այն մոտեցումը, երբ լսողության, տեսողության կամ շարժողական համակարգի շեղումներ ունեցող (ամենից առաջ՝ թեթևակի արտահայտված շեղումներ) առավել ընդունակ երեխաները կարող են սովորել հանրակրթական դպրոցներում, եթե անհատական օգտագործման հատուկ միջոցների առկայությամբ ետ չեն մնում մյուս երեխաների ուսման տեմպից: Բայց նման դեպքերում միշտ անհրաժեշտ է մանկավարժի օգնությունը: Զ.շ.ե-ի մեծ մասի համար սոցիալական հարմարվողություն և ինտեգրում ապահովող հանրակրթական, աշխատանքային և մասնագիտական պատրաստությունը կարող է արդյունավետ իրականացվել հատուկ դպրոցում, որտեղ ուսման ընթացքում առավել հնարավոր է իրականացնել շտկման ուղղվածության մեթոդիկայի և ուսումնադաստիարակչական ու բժշկական աշխատանքների համադրումը:

Զարգացում

Պարզից դեպի բարդը, նվազագույնից բարձրագույնը տանող փոփոխությունների գործընթաց, որի արդյունքում քանակական փոփոխությունների կուտակումը առաջ է բերում որակական փոփոխություններ:

Մարդու ֆիզիկական և հոգեկան Զ. կատարվում է ընդհանուր օրենքներով: Տարբերվում են մարդու անհատական Զ-ի մի շարք աստիճաններ, որոնք օրինաչափորեն հաջորդում են մեկը մյուսին. նորածնային տարիք, վաղ մանկական տարիք, նախադպրոցական տարիք, կրտսեր դպրոցական տարիք, դեռահասության տարիք, պատանեկության տարիք, հասուն տարիք: Զ-ի յուրաքանչյուր աստիճանում տեղի է ունենում քանակական և որակական փոփոխությունների աստիճանական կուտակում, որը հանգեցնում է ամբողջական որակական փոփոխությունների՝ ապահովելով անցումը զարգացման նոր աստիճանի:

Զարգացման շեղում ունեցող երեխաների Զ. ընթանում է մանկան զարգացման ընդհանուր օրենքներով: Սակայն, միաժամանակ, այդ երեխաների ֆիզիկական և հոգեկան Զ. ունի իր առանձնահատկությունները:

Զբաղվածություն

Հասարակական արտադրության մեջ բնակչության ընդգրկվածությունը բնութագրող հասկացություն, երկրի բնակչությունը բնութագրող կարևոր ցուցանիշ:

Բնակչության Զ. քաղաքացիների օրինական մասնակցությունն է արտադրական գործունեությանը աշխատավարձ (աշխատանքային եկամուտ) ստանալու և դրա հիման վրա անձնական և հասարակական պահանջմունքները բավարարելու նպատակով:
Զ-ի ծառայությունները պետական և ոչ պետական կազմակերպություններ են, որոնք ստեղծվել են բնակչության Զ-ի պետական ծրագիրն իրականացնելու և քաղաքացիներին համապատասխան երաշխիքներ ապահովելու նպատակով:

Զգացմունքային այրման համախտանշան

(Անգլ. - "burnlout")  օգնող մասնագիտությունների (սոցիալական աշխատանք, մանկավարժություն, բժշկություն և այլն) ներկայացուցիչների մոտ ժամանակի ընթացքում ձևավորվող հոգեվիճակի բնութագիր: Նման վիճակն առաջանում է այն պատճառով, որ մասնագիտական օգնություն ցուցաբերելիս մասնագետները հուզականորեն ծանրաբեռնված մթնոլորտում լարված և սերտ շփման մեջ են գտնվում այցելուների, բուժվող հիվանդների հետ: Տերմինը ներմուծել է ամերիկացի հոգեբույժ Հ. Ջ. Ֆրայդենբերգերը 1974թ.:

Այս տերմինն սկզբնապես արտահայտում էր ուժասպառության, հյուծվածության վիճակ՝ սեփական անօգտակարության զգացողությամբ: Դրան ենթակա են այն մարդիկ, ովքեր աշխատում են կրքոտ, եռանդուն, հատուկ հետաքրքրությամբ: Երկար ժամանակ օգնելով ուրիշներին` նրանք սկսում են հիասթափություն ապրել, քանի որ չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքին: Այդպիսի աշխատանքն ուղեկցվում է հոգեկան էներգիայի մեծ կորստով, հանգեցնում է հոգեմարմնական հոգնածության և հուզական հյուծվածության (սպառում): Արդյունքում երևան են գալիս անհանգստություն (տագնապ), դժգոհություն, ատելություն, ինքնաթերագնահատում՝ սրտի արագացած զարկերի ֆոնի վրա, հևոց, աղեստամոքսային խանգարումներ, գլխացավեր, գոտկացավեր, արյան ցածր ճնշում, քնի խանգարում: Ծագում են նաև ընտանեկան խնդիրներ: "Զգացմունքային այրմանն" այդպիսի սթրեսածին գործոնների միանալը նշանակալիորեն ընդլայնում է այն մասնագիտությունների շրջանակը, որոնց ներկայացուցիչները ենթակա են "զգացմունքային այրման": Այն բավականին ընդարձակ է. բժշկական հիմնարկների և զանազան հասարակական բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, ուսուցիչներ, ոստիկաններ, բանտի անձնակազմ, քաղաքագետներ, իրավաբաններ, առևտրական անձնակազմի ցածր օղակ, բոլոր մակարդակների մենեջերներ:
Տևական հետազոտություների շնորհիվ Զ.ա.-ի ախտանշանների ընդհանրական ցանկն այսպիսի տեսք ունի. հոգնածություն, ուժասպառություն, հյուծվածություն, հոգեմարմնական տկարություններ, անքնություն, հաճախորդների, բուն աշխատանքի նկատմամբ բացասական վերաբերմունք, աշխատանքային գործունեության արդյունավետության նվազում, քիմիական ազդակների չարաշահում՝ ծխախոտ, սուրճ, ոգելից խմիչք, թմրանյութեր, ախորժակի բացակայություն կամ, ընդհակառակը, շատակերություն, բացասական ՙԵս՚-հայեցակարգ. նախահարձակ զգացմունքներ (դժգոհություն, լարվածություն, տագնապ, անհանգստություն, հուզվածություն, գրգռվածություն, ատելություն), անկումային տրամադրություն և դրան առնչվող զգացմունքներ (ցինիզմ, հոռետեսություն, հուսալքություն, անիմաստության զգացում, ունայնություն, ընկճվածություն), մեղքի զգացում:

Այն բանից հետո, երբ այս երևույթը համընդհանուր ընդունվեց, օրինաչափորեն հարց ծագեց դրա զարգացմանը նպաստող կամ, ընդհակառակը, խանգարող գործոնների մասին: Խոսքը երեք գործոնների մասին է, որոնք էական դեր են կատարում "զգացմունքային այրման" մեջ` անձնային, դերային և կազմակերպական:

Անձնային գործոն: Ուսուցիչների հետազոտություններից մեկում ստուգվում էր հետևյալ փոփոխականների նշանակությունը. տարիք, սեռ, ընտանեկան դրություն, տվյալ աշխատանքի ստաժ, կրթական մակարդակ, սոցիալական ծագում: Պարզվեց, որ դրանք կապված չեն ՙզգացմունքային այրման՚ մակարդակի հետ: Տվյալներ կան, որ կանանց զգացմունքային հյուծվածությունն ավելի բարձր է, քան տղամարդկանցը. քսան տարեկաններն ունեն ՙզգացմունքային այրման՚ ավելի արտահայտված ախտանշան, քան տարեցները:

"Այրման" ուղղակի կապ աշխատավարձով բավարարված լինելու հետ՝ չհայտնաբերվեց: Սակայն մյուս ցուցանիշները կապված են "այրման" զարգացման հետ: Եթե կատարած աշխատանքը գնահատվում է որպես ոչ էական, ապա Զ.ա. զարգանում է ավելի արագ: Մասնագիտական աճից և աջակցության (բարյացկամության) դրվածքից դժգոհությունը զուգորդվում է "այրման" զարգացման հետ: Ինքնուրույնության պակաս զգացողները ("գերվերահսկվողները") ավելի շատ են ենթակա ՙայրման՚: ՙԱյրման՚ ավելի հակված են այնպիսի անձինք, ովքեր սթրեսին արձագանքում են Ա. տիպով` նախահարձակությամբ, մրցակցությամբ, անզսպությամբ, ցանկացած գնով: Սթրեսածին գործոնը նրանց մեջ առաջացնում է ընկճվածություն, հուսալքություն, անվստահություն այն պատճառով, որ ցանկալին չի իրականանում: Արագ են "այրվում" նաև "աշխատամոլները":
Այլ ուսումնասիրություններ նկարագրում են ՙայրվողներին՚ հետևյալ կերպ. նրանք կարեկից են, մարդասեր, մեղմ, հրապուրվող, երազող, մարդամոտ և, միաժամանակ՝ անկայուն, սևեռուն գաղափարով համակված (մոլեռանդներ), կրակոտ և հեշտությամբ համախմբվող:

Դերային գործոն: Ուսուցիչների և հոգեբույժների հետազոտություններից ստացվել են նշանակալի ճշգրտումներ դերային բախումնայնության, դերային անորոշության և ՙայրման՚ միջև: Դա հատկապես դրսևորվում է այն մասնագիտական իրավիճակներում, երբ համատեղ գործողությունները մեծ մասամբ համաձայնեցված չեն, երբ չկա ջանքերի ինտեգրում, առկա է մրցակցությունը, մինչդեռ աշխատանքի արդյունքը կախված է գործողությունների միասնությունից: Այդ պայմաններում արհեստավարժն անպայմանորեն չի բավարարում իր սպասումները, նույնիսկ եթե շատ ժամանակ է վատնել և աշխատել է մեծ եռանդով՝ ինքնավերականգնման հույս ունենալով: Հետազոտվողների երկու խմբում ՙայրման՚ մակարդակների վերլուծությունից պարզվեց, որ աշխատանքը, բաշխված պատասխանատվության իրավիճակում, որտեղ ցայտուն արտահայտված է "կոլեգիալ ղեկավարումը", սահմանափակում է "այրման" վիճակի զարգացումը, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությունը կարող է լինել ավելի մեծ:

Կազմակերպական գործոն: "Այրումը" կապված է այն բանի հետ, որ աշխատանքը կարող է լինել բազմաժամյա, պատշաճ ձևով չգնահատվող, դժվարաչափ բովանդակությամբ, բացարձակ արդյունավետություն կամ համապատասխան պատրաստություն (մոտեցումներ) պահանջող, կամ այն բանի հետ, որ վերադասի ղեկավարման բնույթը չի համապատասխանում աշխատանքի բովանդակությանը: "Այրման" զարգացմանը նպաստում է նաև անորոշությունը կամ պատասխանատվության պակասը: Վարչակազմը կարող է մեղմացնել "այրման" զարգացումը, եթե աշխատողների համար ապահովի մասնագիտական աճի հնարավորություն, գտնի աջակցող սոցիալական և այլ դրական խթաններ, որոնք կմեծացնեն մոտիվացիան: Դրան էլ հենց նպաստում են պարտականությունների հատուկ բաշխումը, պաշտոնեական հրահանգները: Ղեկավարությունը կարող է կազմակերպել աշխատակիցների առողջ փոխհարաբերություններ:

Մասնագիտական օգնությունը "զգացմունքային այրման" ժամանակ կարող է արտահայտվել երկու տիպի ներգործությամբ. աշխատանք այն անձանց հետ, ովքեր ենթարկվել են "այրման" և կազմակերպչական գործոնի ազդեցության մեղմացում: Բուժվող հիվանդի հետ տարվող աշխատանքը ներառում է դեղամիջոցների կիրառում և հոգեբուժության տարբեր տեսակներ:

Զինծառայողներ

Քաղաքացիներ, որոնք զինվորական ծառայության մեջ են: Զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում, ներքին գործերի, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների գործադիր մարմիններում քաղաքացիների պետական ծառայության հատուկ տեսակն է: Զ-ի կարգավիճակը Զ-ի իրավունքների, ազատությունների և պարտականությունների պատասխանատվության ամբողջությունն է, որը սահմանված է օրենսդրությամբ և երաշխավորված է պետության կողմից: Հասարակության մեջ Զ-ի իրավական կարգավիճակի առանձնահատկությունները որոշվում են պետությունը զինված պաշտպանելու պարտականությամբ, որը կապված է ցանկացած, այդ թվում՝ կյանքի համար վտանգավոր պայմաններում առաջադրված խնդիրները կատարելու անհրաժեշտությամբ:
Բանակը ,,տոտալ,, հաստատություն է, որը յուրահատուկ խնդիրներ է առաջադրում Զ.-ին: Դրանք ծնում են հարմարման դժվարություններ, խնդիրներ միջանձնային և միջխմբային հարաբերություններում: Այդ խնդիրների լուծումը պահանջում է զարգացնել բանակային սոցիալական ծառայությունները:
Զ-ի հետ տարվող սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացած չլինելը կանխորոշում է վարքի շեղված ձևերի (տես՝ Շեղված վարքագիծ) առաջացումը զինվորական կոնտինգենտի մի խմբի մոտ և սոցիալական պաշտպանվածության թուլացումը՝ մյուսի մոտ: Ապասոցիալական ունակությունների ձեռքբերումը, մասնավորապես՝ քամահրական վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ, առողջության կորուստը որպես միջանձնային անցանկալի հարաբերությունների հետևանք, Զ-ի ցածր որակավորումը և կողմնորոշումը զինվորական ռեսուրսների քանակական ցուցանիշների, այլ ոչ թե դրանց արդյունավետ և հոգատար օգտագործման նկատմամբ՝ մասամբ հասարակական դիրքորոշման և դաստիարակության հետևանք են: Այդպիսի իրավիճակում հատկապես հրատապ է սոցիալական աշխատողի դերը Զ-ի հետ տարվող աշխատանքներում, որոնց նպատակն է՝ սոցիալական պաշտպանության և սոցիալ-հոգեբանական միջոցառումներ անցկացնել անհատական մակարդակով:
Սոցիալական աշխատողը, նպաստելով անձի և սոցիալական ինստիտուտների արդյունավետ համագործակցությանը, կարող է նպաստել բանակի հիմնախնդիրների լուծմանը: Ընդսմին կարևոր է Զ-ի իրավունքների պահպանման երաշխիքների, Զ-ի նկատմամբ սոցիալական քաղաքականություն իրականացնելու մեխանիզմների պարտադիր մշակումը:

Զ-ի հետ տարվող աշխատանքը ներառում է համախմբվածությանը, մտերմությանը, դիմակայության բարձրացմանը, առողջության ամրապնդմանը խանգարող գործոնների բացահայտում և վերացում: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հաճախ սթրեսներ առաջացնող այնպիսի գործոններին, ինչպիսիք են պատասխանատվությունը մարդկանց համար, դրական հույզերի անընդունակությունը, իրավիճակը վերահսկելու անկարողությունը, աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, անհամապատասխանությունն զբաղեցրած պաշտոնին, ծառայակիցների, ղեկավարության, ընտանիքի աջակցության բացակայությունը, անարդարությունը (չափազանց մեծ թվով արգելքներ, ծառայական առաջընթացի կասեցում, սխալ պատիժ), ֆիզիկական (աղմուկ, վիբրացիա, ջերմաստիճան) գործոններ, նյարդային վիճակներ և հոգեկան խանգարումներ: Կատարվում է բախումների կանխարգելում, նյարդահոգեբանական խանգարումների բացահայտում (քնի խանգարում, տագնապ, գլխացավ): Սոցիալական աշխատողն ստեղծում է աջակցության խմբեր, մասնակցում է կազմակերպությունների աշխատանքին, որոնք իրականացնում են զինվորական գերատեսչության քաղաքացիական վերահսկողությունը:

Զ-ի ընտանիքների ապրելակերպը նշանակալիորեն տարբերվում է բնակչության մյուս խմբերի ապրելակերպից: Զինծառայողների ընտանեկան կյանքի յուրահատկությունը որոշում են հետևյալ գործոնները. բնակավայրային շարժունությունը՝ ընտանիքի հաճախակի բաժանվածությունը, ծնողներից մեկի երկար բացակայելը տնից, երեխաների հարկադրաբար հարմարվելը բնակության նոր վայրերին, արտասահմանում գտնվելը, սթրեսների և մեծ ռիսկերի հետ կապված աշխատանքը. Զ-ի ընտանիքի պահանջմունքների և զինվորական համակարգի պահանջների հակասությունը, առանձնահատկությունները, որոնք կապված են բանակում ավտորիտար կառավարման մեթոդների հետ: Դա առաջացնում է Զ-ի ընտանիքների համար սոցիալական ծառայությունների մեծ ցանց ստեղծելու անհրաժեշտություն:

Զորացրված Զ-ի հետ տարվող աշխատանքների տարբերակիչ առանձնահատկություններից մեկն է այն գործոնները հաշվի առնելու անհրաժեշտությունը, որոնք դժվարացնում են նրանց սոցիալական վերահարմարումը, աշխատանքի շուկայում, քաղաքացիական հասարակության մեջ ցածր մրցունակությունը, անձի առանձնահատկությունները, որոնք ձևավորվում են զինծառայության պայմաններում, դերային կարգավիճակի փոփոխությունը (հաճախ դեպի նվազում), բնակարանային և նյութական խնդիրները, հոգեբանական ներքին արգելքները:
Սոցիալական աշխատողը պարտավոր է լավատեղյակ լինել Զ-ի և զորացրվածների վիճակը կարգավորող հիմնական իրավական ակտերին:

Ընդհանրապես Զ-ի և զորացրված անձանց նկատմամբ սոցիալական քաղաքականության իրականացումը չի կարող հաջողություն ունենալ՝ առանց այդ կատեգորիաների անձանց հետ տարվող սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան