Յունեսկո

Միջազգային միջկառավարական կազմակերպություն, ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով մասնագիտացված հիմնարկ: Ստեղծվել է 1964թ.: Կազմակերպության անդամ է 158 պետություն: Յ. իր նպատակն է հռչակել միջազգային համագործակցությունը գիտության և տեխնիկայի, կրթության, մշակույթի, արվեստի, շրջակա միջավայրի, Համաշխարհային օվկիանոսի և երկրակեղևի պաշտպանության, կիրառական միկրոկենսաբանության և կենսատեխնիկայի, էներգետիկայի, գիտատեխնիկական տեղեկատվության տարածման, կրթության հարցերում խտրականության դեմ պայքարի, ազգային մշակույթների պաշտպանության և տարերային աղետների կանխման բնագավառում:

Յ-ի բարձրագույն մարմինը գլխավոր կոնֆերանսն է, որ գումարվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ: Նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ղեկավար մարմինը Գործադիր խորհուրդն է, որը բաղկացած է 51 անդամից: Գլխավոր կոնֆերանսն ընտրում է Գլխավոր տնօրենին վեց տարի ժամկետով: Յ. ունի ավելի քան 20 տարածաշրջանային բյուրո և կենտրոն: Կազմակերպությունը մի քանի լեզվով հրատարակում է ավելի քան 200 պարբերական և ավելի քան 100 ոչ պարբերական հրատարակություններ: Յ. իր աշխատանքներն անց է կացնում ծրագրին և բյուջեին համապատասխան, որոնք Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանը հաստատում է երկամյա ժամանակահատվածի համար: Յ. հեռանկարային խնդիրները սահմանում են միջնաժամկետ պլաններով, որոնք Գլխավոր կոնֆերանսը հաստատում է վեցամյա ժամանակահատվածի համար:

Համաձայն Կանոնադրության` կազմակերպության անդամ պետություններում ստեղծված են Յ-ի գործերի ազգային հանձնաժողովներ: ՀՀ-ը գործնական մասնակցություն ունի Յ-ի աշխատանքներում: Կազմակերպության գլխավոր տնօրենն է Ֆրեդերիկ Մայորը (1987 թվականից): Յ-ի կենտրոնակայանը Փարիզում է:

Յունիսեֆ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը: Ստեղծվել է 1946 թ., որպես Եվրոպայի աղքատացած երկրների երեխաների օգնության միջազգային արտակարգ կազմակերպություն (ներկա անվանումը` 1953 թվականից, և այդ ժամանակից հիմնական ուշադրությունը հատկացվում է զարգացող երկրների երեխաների վիճակի բարելավմանը): Յ. երեխաների օգնության ծրագրերի կազմակերպման` ՄԱԿ-ի առաջատար հիմնարկն է: Ֆինանսավորման աղբյուրը կառավարությունների ամենամյա կամավոր անդամավճարներն են, կազմակերպությունների և մասնավոր անձանց նվիրատվությունները:

Յ. ունի Գործադիր խորհուրդ, որը բաղկացած է ավելի քան 40 անդամից: Խորհրդի նիստերին, որոնք սովորաբար անց են կացվում տարին մեկ անգամ, քննարկվում են քաղաքականությունը, ծրագրերը և հաստատվում է հիմնադրամի բյուջեն:

Աշխարհի շատ երկրներում և տարածաշրջաններում գործող իր բաժանմունքների միջոցով աջակցում է կառավարություններին` օգնություն ցուցաբերելու կարիքավոր երեխաներին: Օգնությունն առաջին հերթին տրամադրվում է ամենահետամնաց երկրներին, որտեղ բարձր է մանկական հիվանդացության մակարդակը, ցածր է մեկ շնչին ընկնող եկամտի մակարդակը: Աշխարհի շատ երկրներում ստեղծվել են Յ-ին աջակցող ազգային խորհուրդներ:

1994 թ. Յ-ի ծրագրերի ընդհանուր ծախսը կազմել է 801 մլն ԱՄՆ դոլար: Այդ ծրագրերում ընդգրկված են Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի 140 պետություն:
1982-ից Յ. իրականացնում է երրորդ աշխարհի երեխաների իմունացման գլոբալ ծրագրեր: Օգնության կարիք ունեցող երկրի ընտրությունը, բնականաբար, պատահական չէ: Յ. առաջնորդվում է երեք չափանիշով՝ մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակ, բնակչության մեկ շնչին ընկնող ազգային համախառն արտադրանք և բնակչության մեջ երեխաների ընդհանուր թիվ: Այդպիսի երկրներից են նախկին ԽՍՀՄ յոթ հանրապետություններ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը: Դրանցից յուրաքանչյուրին մանկական ծրագրերի համար հատկացվում է տարեկան 2 մլն դոլար:

Սկսած 1995թ. հունվարից` Յ. մարդասիրական օգնություն է ցուցաբերում չեչենական հակամարտության հետևանքով տուժած երեխաներին և կանանց (բժշկական սարքավորում, պատվաստանյութեր, ծածկոցներ, մանկական հագուստ, պահածոներ):

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն իր միջոցառումներով նպաստում է ցանկալի հասարակական կարծիքի ձևավորմանը և տարբեր պետությունների կառավարություններին ստիպում է մտածել երեխաների ներկայի և ապագայի մասին:

Յ. պատրաստում է ամենամյա զեկույցներ աշխարհում երեխաների դրության մասին (տարածվում է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի միջոցով), կենտրոնակայանը Նյու Յորքում է (ԱՄՆ): 1965թ. Յ. արժանացել Նոբելյան մրցանակի:

Յ-ում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է սոցիալական ապահովության նախարարությունը, քանի որ կառավարական մակարդակով նա է զբաղվում երեխաների հիմնախնդիրներով (ԽՍՀՄ-ում այդ գործառույթը կատարում էին Կարմիր խաչի ընկերությունը և Կարմիր կիսալուսինը):
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան