Ընկալում(Ըմբնում)

Առարկաների և երևույթների ակնառու-պատկերավոր արտացոլումը իրենց մասերի և հատկությունների անբողջության մեջ, երբ դրանք անմիջականորեն ազդում են զգայարանների վրա: Մարդու բոլոր զգայարանները գործում են սերտ փոխներգործությամբ, որպես միասնական համակարգ: Այդ իսկ պատճառով տեսողության, լսողության մասնակի կամ ամբողջական խանգարումը, որն առաջանում է վաղ տարիքում, բերում է նրան, որ ի տարբերություն նորմալ երեխաների, այս երեխաների պահպանված զգայարանների գործունեությունը ձեռք է բերում ավելի մեծ նշանակություն: Խուլերի տեսողական, մաշկաշոշափողական և այլ զգայությունների զարգացումը, կույրերի լսողության և շոշափելիքի կատարելագործումը պայմաններ են ստեղծում զգայարանների խաթարված գործառույթների փոխհատուցման համար: Այսպես, չլսելով արտաբերվող խոսքը, բայց նայելով խոսողի դեմքին, շրթունքներին՝ խուլ երեխաները տեսողությամբ ընկալում են խոսքը: Չտեսնելով տառերը՝ կույրերը շոշափելով կարդում են գրքի ռելիեֆակետային տպատառերը:

Մտավոր թերզարգացած երեխաների Ը. բնութագրվում է նշանակալի առանձնահատկությամբ: Մտավոր թերզարգացածների տեսողական Ը., ի տարբերություն նույն տարիքի նորմալ երեխաների, ընթանում է դանդաղեցված տեմպով (թույլ է զարգացած գունային տարբերակումը, չկա հատկանիշների և տարածական հարաբերությունների ստույգ վերլուծություն¤: Շոշափելիքի Ը. նույնպես ունի որոշ առանձնահատկություններ:

Զարգացման շեղումով երեխաների հատուկ ուսուցման և դաստիարակության ընթացքում իրականանում է նրանց շեղման փոխհատուցումը, վերացվում են Ը-ի զարգացմանը խանգարող որոշ պատճառներ, և Ը-ի առանձնահատկություններն աստիճանաբար հարթվում են:

Ընկնավորություն(Էպիլեպսիա)

(Հուն. epilepsia - բռնում եմ) - քրոնիկական նյարդահոգեկան հիվանդություն, որի պատճառը ուղեղի վնասվածքներն ու բորբոքումներն են:

Էպիլեպսիան դրսևորվում է ջղաձգային նոպաների տեսքով, ընդհուպ՝ մինչև գիտակցության մթագնում: Նոպայից և մշուշոտ վիճակից հետո հիվանդը ոչինչ չի հիշում: Հիվանդության ընթացքում աստիճանաբար զարգանում են այդպիսի անձնավորությանը յուրահատուկ գծեր (չափից դուրս մանրախնդրություն, տաքարյունություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ, անհավասարակշիռ հոգեկան վիճակ և այլն): Հիվանդ երեխաները հաճախ կանխազգում են մոտեցող նոպան, քանի որ ոտքերն ու ձեռքերը աստիճանաբար անզգայանում են, ցնցվում, երեսին սառը քամու ազդեցություն է առաջանում: 

Ը-ով տառապող երեխաներից շատերը կարող են սովորել հանրակրթական դպրոցներում: Անհրաժեշտ է, որ մանկավարժները իմանան այդ հիվանդության առանձնահատկությունները և կարողանան նոպայի ժամանակ առաջին օգնություն ցույց տալ: Երբեմն Ը. ուղեկցվում է մտավոր կարողությունների իջեցումով: Այդ դեպքում հիվանդ երեխաների ուսուցումը կազմակերպվում է օժանդակ դպրոցում:

Ընտանեկան մանկատուն(Խնամատար ընտանիք)

Որբ երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետագա կյանքի և դաստիարակության կազմակերպման ձևերից մեկը` երեխաների լրիվ պետական դրամական ապահովությամբ և այն անձանց դրամական բավարարումով, ովքեր ստանձնել եննրանց խնամքը: Ը.մ. ստեղծելու շարժումը ԽՍՀՄ-ում սկսվել է 1988թ., Խորհրդային մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ:
Այն քաղաքացիները (ամուսիններ կամ առանձին մարդիկ, ովքեր ամուսնացած չեն), ովքեր ստանձնում են  առնվազն հինգ որբ երեխայի խնամքը, անվանվում են ծնող-դաստիարակներ, խնամատար ընտանիքում խնամքի տրված երեխաներն անվանվում են խնամարկյալ երեխաներ, իսկ այդպիսի ընտանիքը` խնամատար ընտանիք: Խնամատար ընտանիք կազմավորելու մասին որոշումը կայացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները: (Տես` նաև Խնամատար ընտանիք):

Ընտանիք

Ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց փոքր խումբ, որն ապրում է մի հարկի տակ և վարում է ընդհանուր տնտեսություն: Ընտանիքի անդամները սովորաբար միմյանց հետ կապված են զգացմունքային կապերով, միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ պատասխանատվություն: Ը.-ն նաև սոցիալական ինստիտուտ է, այսինքն` մարդկանց փոխհարաբերությունների կայուն ձևը, որի շրջանակներում իրականացվում է մարդկանց առօրյա կյանքի հիմնական մասը՝ սեռական հարաբերություններ, մանկածնություն և երեխաների սկզբնական սոցիալականացում, կենցաղային խնամքի, կրթական և բժշկական սպասարկման նշանակալի մաս և այլն:

Առավել տարածված տիպը նուկլեար Ը. է (լատ. nucleus - կորիզ), որը բաղկացած է ամուսինների մեկ զույգից` երեխաներով կամ առանց երեխաների: Նուկլեար Ը. կարող է լինել նաև լրիվ կամ ոչ լրիվ` բաղկացած մեկ ծնողից և երեխաներից: Ը. դառնում է ոչ լրիվ ամուսնալուծության, այրիանալու, միայնակ մայրության հետևանքով:

Եթե Ը-ում ամուսնական զույգից և նրանց երեխաներից բացի կան այլ ազգականներ, ապա այն կոչվում է "ընդլայնված" ընտանիք կամ "գերդաստան": Նուկլեարացման աճի հետևանքով ընդլայնված Ը-ի երբեմնի ամենատարածված տիպը ներկայումս ընդհանուր վիճակագրության մեջ ունի համեմատաբար փոքր բաժին:

Ը-ները տարբերվում են նաև երեխաների առկայությամբ և բացակայությամբ, նրանց թվով:

Գոյություն ունի Ը-ների տիպաբանություն ըստ սոցիալական ռիսկի` Ը-ների առանձնացում ըստ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պայմանների պատճառով առաջացած սոցիալական դժվարությունների:
Դրանք փախստական և բռնի տեղահանված, աղքատ և սակավ ապահովված, հավելուրդային խնամակալական ծանրաբեռնվածություն ունեցող, հաշմանդամ երեխաներ դաստիարակող, ոչ լրիվ գերակետիկ ծառայության զինծառայողներ ունեցող Ը-ներն են: Վերջին ժամանակներս դրանց ավելանում են այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են գործազուրկների Ը., զինծառայողների Ը., բարձրլեռնային, անկումային տարածքներում ապրողների Ը. և այլն: Պոտենցիալ սոցիալական ռիսկը կարող է իրացվել երեխաներին դաստիարակելու անբարենպաստ տնտեսական, սոցիալական  և հոգեբանական պայմաններում, բախումներում, հարբեցողների շրջանում, Ը-ի անդամների ալկոհոլային և թմրանյութային կախվածության դեպքում, Ը-ի ներսում դաժան վերաբերմունքի դեպքում՝ հատկապես երեխաների հանդեպ: Սոցիալապես անբարենպաստ Ը-ի վարքագծի բնորոշ տարբերակներից մեկը ծնողների կողմից անչափահաս երեխաներին կամ Ը-ի մյուս անդամներին առանց խնամքի թողնելն է, երեխաներին փողոց մղելը, նրանց ապասոցիալական կենսակերպի դրդելը:
Ընտանեկան կենսակերպի անկայունությունը, ճգնաժամային երևույթների թվի աճը, որոնք լոկ մասամբ են պայմանավորված երկրի սոցիալ-տնտեսական դժվարություններով, արտահայտվում է, ամենից առաջ, ամուսնալուծությունների թվի և յուրաքանչյուր Ը-ի համար ամուսնալուծության վտանգի մեծացումով:

Անկայունությունը դրսևորվում է նաև յուրաքանչյուր ամուսնական զույգի հաշվով երեխաների թվի մշտական կրճատմամբ: Գործնականում յուրաքանչյուր երկիր, որը մուտք է գործում արդյունաբերական դարաշրջան, ապրում է այսպես կոչված ՙառաջին ժողովրդագրական անցումը` "չկարգավորվող ծնելիությունից" "բնական պտղաբերության" մակարդակով, այսինքն` երբ կինը (ամուսնական զույգը) ծնում է այնքան երեխա, որքան ֆիզիոլոգիապես կարող է ծնել այդպիսի պայմաններում, դեպի ընտանիքի պլանավորումը, ծնելիության կարգավորումը, երեխաների թվի և նրանց ծննդյան ժամկետների ազատ ընտրությունը: Դա կատարվում է գործնականում մեկ սերնդի կյանքի ընթացքում, և իրավաբանական կամ կրոնական արգելքի տեսքով խոչընդոտման բոլոր մեխանիզմները դառնում են անզոր:

Երկրորդ ժողովրդագրական անցումը՚՝ քիչ երեխաներ ունեցող Ը-ից դեպի մեկ երեխա ունեցող Ը պայմանավորված է ոչ թե տնտեսական, այլ, առաջին հերթին, սոցիալական պատճառներով, քանի որ բազմազավակության նախկինում եղած բոլոր արտաքին խթանիչները մնացել են անցյալում: Այսօր Ը-ները և անհատներն ունեն առավելապես մեկ և ոչ թե մի քանի երեխայի պահանջմունք, բայց այն միջոցները և ուժերը, որ նրանք անհրաժեշտ են համարում ներդնել այդ երեխայի համար, կտրուկ աճում են: Ներկայումս տվյալներ չկան, որոնք թույլ կտային եզրակացնել` անշրջելի՞ է "երկրորդ ժողովրդագրական անցումը", թե դա ժամանակավոր է և ընտանեկան կյանքի կարծրատիպերը նորից կվերածնեն միջին թվով երեխաներ ունեցող կամ բազմազավակ Ը-ի մոդելը:

Ծնելիության ընդհանուր կրճատման հետ մեկտեղ աճում է դրա արտաամուսնական բաժնեմասը, այնպես որ այսօր արդեն համարյա յուրաքանչյուր վաթսուներորդ երեխան ծնվում է ծնողների գրանցված ամուսնությունից դուրս (ՌԴ-ում` յուրաքանչյուր քսաներորդը¤: Երբեմն դա կարելի է բացատրել բարոյական նորմերի արտաքին ճնշման թուլացմամբ և արտաամուսնական երեխաների հանդեպ առավել ազատական վերաբերմունքով: Բայց հաճախ այստեղ իր կնիքն է դնում Ը. փոքրացնելու ճգնաժամային ձգտումը. տղամարդիկ պարտավորված չեն զգում իրենց կյանքը կապել կնոջ և իր երեխայի հետ, թեև երբեմն համաձայնվում են գրանցվել որպես հայր և նյութական օգնություն ցուցաբերել: Դա կարող է լինել փաստացի ամուսնություն` իրեն յուրահատուկ մի շարք ընտանեկան կապերի առկայությամբ, բայց հարաբերությունների ընդհանուր անկայունությամբ: Արտաամուսնական երեխաներ ծնող կանայք հաճախ բնակչության սոցիալապես ճնշված շերտերից են՝ փախստականներ, բռնի տեղահանվածներ, երկար ժամանակ գործազուրկներ կամ գործազուրկների ընտանիքների անդամներ:

Անչափահաս կնոջ արտաամուսնական երեխայի ծնունդը, որպես կանոն, պայմանավորված է սեռական կրթության և հակաբեղմնավորման մասին տեղեկատվության անբավարարությամբ, սոցիալական ռեսուրսների դժվարամատչելիությամբ, ընտանեկան կամ սոցիալական անբարեկեցությամբ, երբեմն` բնածին հոգեկան կամ մտավոր սահմանափակումներով: Վաղ, այդ թվում՝ արտաամուսնական, հղիությունների թվի աճը համաշխարհային հիմնախնդիր է, բայց սակավ ապահովվածությունը, սոցիալական դժվարություններով ծանրաբեռնվածությունը դեռահասներին մղում են պոռնկության, և խնդրի լուծման համար անհրաժեշտ հասարակական միջոցների պակասը էլ ավելի է բարդացնում իրավիճակը Հայաստանում:

Վերջապես, ընտանեկան ավանդական կենսակերպի անկայունության նշան կարելի է համարել միայնակությունը և ընտանիքի այնպիսի այլընտրանքների երևան գալը, ինչպես օրինակ, միասեռ միություններն են:

Ավանդականության բարձր աստիճան ունեցող Հայաստանում նման միտումները կարծես տեղ չունեն: Առայժմ, հավանաբար, Ը. կազմելուց ձեռնպահ մնալը, երեխայի ծնունդը հետաձգելը, փաստացի, այլ ոչ թե իրավաբանական ամուսնությանը նախապատվություն տալը արտաքին սոցիալ-տնտեսական անբարեկեցության ախտանշաններ են:

Բայց քանի որ միջմշակութային շփումներն ինտենսիվանում են և Հայաստանն էլ ներառվում է համաշխարհային գործընթացների մեջ, ապա կարելի է սպասել, որ հայ ընտանիքը զերծ չի մնա այն փոփոխություններից, որոնք նկատվում են ողջ աշխարհում:
Ընտանեկան քաղաքականությունը, որը ներառում է Ը-ի օբյեկտիվ զարգացման հիմնական միտումների վրա ազդեցության հայեցակարգային հիմնավորումը, խնդիրների իրականացման և դրա համար անհրաժեշտ վարչական և ֆունկցիոնալ կառույցների և կադրային ներուժի ձևավորման կազմակերպական միջոցառումների համալիրը, ամենից առաջ կախված է այն բանից, թե ընտանեկան զարգացման ինչպիսի նպատակներ են հետապնդում հասարակությունը և պետությունը: Դրանք կարող են լինել ժողովրդագրական նպատակներ` ուղղված երկրում ծնելիության մակարդակի կարգավորմանը: Ծնելիության խթանելն իր համար խնդիր առաջադրած քաղաքականությունը, առավել ակտիվ մանկածնության և, վերջին հաշվով՝ ազգաբնակչության ավելացման մղումը կոչվում է պրոնաթալիստական, ծնելիության կրճատմանը և բնակչության թվաքանակի նվազեցմանն ուղղված քաղաքականությունը` հականաթալիստական:

Ակնբախ է, որ այսօր Հայաստանում պետք է ամեն կերպ խրախուսել ծնելիության աճը` երկրաշարժի, արտագաղթի և մի շարք այլ բացասական ազդեցությունների հետևանքները շտկելու նպատակով:

Ներկայումս վարչական մարմինները չունեն լծակներ, որոնք թույլ կտան ազդել ընտանիքի ժողովրդագրական վարքի վրա: Անհրաժեշտ է ունենալ ժողովրդավարական ազգային ծրագիր, որը համընկնի մեր ազգային շահերին: Շատ ավելի իրական և ժողովրդավարական քաղաքացիական հասարակության էության մասին ժամանակակից պատկերացումներին համապատասխանող է ընտանեկան քաղաքականության խնդիրների այն դրվածքը, որի նպատակն է օգնել գոյություն ունեցող ընտանիքների կայունացմանը, նպաստել Ը-ի բոլոր անդամների, առաջին հերթին` երեխաների սոցիալական զարգացմանը:

Սոցիալական աշխատանքը նպաստում է, ամենից առաջ, ռիսկի խմբի Ը-ների հիմնախնդիրների լուծմանը:
Ոչ լրիվ ընտանիքներում մի շարք խնդիրներ են առաջանում նրանց հիմնական գործառույթների կատարման ընթացքում՝ երեխաների խնամք և սոցիալականացում, նյութական և հոգեբանական աջակցություն, դերերի բաշխում և այլն: Միայնակ մայրերի ընտանիքները խիստ խոցելի են նշված տեսանկյուններից:

Առանձնահատուկ են հայրական ոչ լրիվ Ը-ի հիմնախնդիրները. առաջին` դա բնավ ավանդական մոդել չէ, այդ պատճառով կյանքի ողջ դրվածքը, ներառյալ հասարակական ընկալման սովորույթները, դրան բոլորովին հարմարեցված չեն: Բացի այդ, երեխայի (երեխաների) հետ մնացած հայրն առավել շատ է ՙամուսնության ընդունակ՚, քան միայնակ մայրը, նա նոր Ը. ստեղծելու ավելի շատ հնարավորություններ ունի: Ուստի այդպիսի Ը-ի խնդիրներից մեկը` երեխայի (երեխաների) և հոր նոր կնոջ (հնարավոր է` նրա երեխաների) փոխհարաբերությունների կառուցումն է:

Վերջերս զանգվածային դարձած ոչ լրիվ Ը-ների թվին դասվում են ոչ լրիվ ընդլայնված ընտանիքները, որոնք ձևավորվում են մանկահասակ երեխաների ծնողների մահվան, բացակայության հետևանքով, գուցե ազատազրկման վայրում պատիժը կրելու հետևանքով, ծնողական իրավունքներից զրկելու կամ հարբեցողության պատճառով, ինչի հետևանքով երեխաների պապն ու տատն են ստիպված լինում իրենց վրա վերցնել թոռների խնամքն ու դաստիարակությունը: Այդպիսի ընտանիքները փոքր եկամուտներ ունեն, որոնց հիմքը կազմում են ծերունիների կենսաթոշակներն ու աշխատավարձերը: Մի շարք բարդություններ բխում են տարեց մարդկանց առողջական վատ վիճակից, առավել թույլ հարմարվողական ընդունակություններից, փոփոխված իրականությանը հարմարվելու անկարողությունից: Նրանք չեն կարող երեխաների դաստիարակության հարցում անհրաժեշտ դիրք գրավել, այդ պատճառով նրանց սաների մոտ հաճախ է դրսևորվում շեղված վարքագիծ:

Բազմազավակ ընտանիքները ներկայումս Ը-ի ընդհանուր թվաքանակի մեջ գրավում են աննշան բաժին: Ընդ որում՝ բազմազավակ (երեք և ավելի երեխաներ ունեցող) Ը-ների թվում որոշակի մաս է կազմում "պատահական" բազմազավակությունը, երբ ցանկալի երկրորդ երեխայի փոխարեն ծնվում են երկվորյակներ, կամ ծնվում են չպլանավորված երեխաներ:
Մնացած բոլոր բազմազավակ ընտանիքները բաժանվում են երեք խմբի: Առաջին` գիտակցված, նպատակամղված բազմազավակություն, որը կարող է կապված լինել ազգային ավանդույթների կամ հայրենասիրական պատկերացումների հետ: Այդպիսի Ը-ները շատ դժվարություններ են ունենում` սակավ ապահովվածության, բնակարանի նեղվածքի, ծնողների ծանրաբեռնվածության, հատկապես` մոր, նրանց առողջական վիճակի պատճառով, բայց բոլոր դեպքերում ծնողները ձգտում են իրենց երեխաների մասին հոգ տանել:

Երկրորդ խումբը կազմում են այն ընտանիքները, որոնք ձևավորվել են մոր (հազվադեպ` հոր) երկրորդ և հետագա ամուսնությունների հետևանքով, երբ ծնվում են նոր երեխաներ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդպիսի Ը-ները կարող են միանգամայն բարեկեցիկ լինել, բայց փոխհարաբերություններում նախկին ոչ լրիվ Ը-ի որոշ գծեր պահպանվում են:

Վերջապես, անբարեկեցիկ բազմազավակ Ը-ները ձևավորվում են ծնողների, ավելի հաճախ` մոր անպատասխանատու վարքագծի, հաճախ մտավոր-հոգեկան անկման, հարբեցողության, ապասոցիալական կենսակերպի հետևանքով: Այսպիսի ընտանիքներ Հայաստանում գրեթե չկան:
Այդպիսի Ը-ների երեխաներն առավել հաճախ են կարիք զգում օգնության, վերականգնման, տառապում են հիվանդություններից և անբավարար զարգացումից: Նրանց ճակատագրերը կառուցելը դժվար է, քանի որ ընտանեկան օրենսդրությունը խոչընդոտում է Ը-ից երեխաներին բաժանելը, իսկ տանը պահել տարբեր տարիքի և սոցիալական ապահարմարվողության տարբեր աստիճան ունեցող երեխաների՝ ոչ միշտ է հնարավոր:
Ինտերգենետիկ ժամանակամիջոցները, որոնք բնորոշ են բազմազավակ Ը-ներին, հանգեցնում են ընտանեկան մանկական կոլեկտիվում մեծ թվով մանկահասակ եղբայրների և քույրերի մշտական առկայության, ինչը փոքրացնում է մեծերի սոցիալական տարիքը, որը շատ դրական է:

Հաշմանդամների Ը-ները բնորոշվում են տնտեսական դժվարություններով, որոնք պայմանավորված են նախկինում հաշմանդամների աշխատանքի վրա հիմնված արտադրական համակարգի քայքայումով, Ը-ի անդամների սահմանափակ աշխատասիրությամբ և հարմարվողական ընդունակություններով, հասարակությանը նրանց թույլ ինտեգրումով:

Հաշմանդամ երեխաներ դաստիարակող Ը-ներն անբուժելի ախտաբանությամբ երեխա ծնվելու դեպքում կարող են հրաժարվել նրանից` հատուկ ինտերնատներում նրան մշտապես տեղավորելով: Սոցիալական աշխատանքի մշակույթի տարածման հետ ավելի հաճախ է փորձ արվում նման երեխաներին պահել ընտանիքում՝ աջակցելով նրան երեխայի խնամքի և դաստիարակության հարցերում: Այդ խնդրում ծնողներին օգնող հիմնարկների ցանցն առայժմ անբավարար է զարգացած: Այդպիսի Ը-ներում շատ ավելի մեծ է ամուսնալուծությունների թիվը:

Ներընտանեկան կապերի թուլացումը, ամուսինների, ծնողների և երեխաների փոխհարաբերությունների շեղման խնդիրները, որպես կանոն, կախված չեն Ը-ի սոցիալական կարգավիճակից և նույն հավանականությամբ կարող են ծագել նաև ապահովված և մտավորական ընտանիքներում:
Ը-ի հետ տարվող սոցիալական աշխատանքը կարող է լինել արտակարգ (արտակարգ օգնություն, շտապ սոցիալական օգնություն, ապաստարանի տրամադրում, Ը-ից երեխաների անհապաղ հեռացում, որոնք ենթարկվում են բռնության, գտնվում են վտանգի մեջ կամ մնացել են առանց ծնողական խնամքի), Ը-ի կայունության պահպանմանն ուղղված սոցիալական աշխատանք, որն ուղղված է Ը-ի և նրա անդամների սոցիալական զարգացմանը:
Ընտանեկան կապերի կայունությանը միտված սոցիալական աշխատանքը ներառում է ամուսինների, ծնողների և երեխաների, շրջապատի և Ը-ի բոլոր անդամների փոխհարաբերությունների նորմալացումը:

Այսպես, դժվար երեխաների և դեռահասների հետ տարվող աշխատանքը ներառում է ընտանեկան և դպրոցական իրավիճակի ուսումնասիրում և գնահատում, երեխայի սկզբնական սոցիալական ցանցի բացահայտումը, նրա բժշկասոցիալական և մտավոր-հոգեբանական վիճակների պարտադիր ուսումնասիրությունը: Այս ուսումնասիրության տվյալների հիման վրա կազմվում է երեխայի Ը-ի հետ տարվող աշխատանքի, նրա դպրոցական հիմնախնդիրների լուծման, նրան առավել բարենպաստ շրջապատի մեջ ընդգրկելու ծրագիր:
Հարբեցողների Ը-ի հետ տարվող աշխատանքի դեպքում բացահայտվում են նրանց կողմից ոգելից խմիչքի չարաշահման պատճառները և համապատասխան հանգամանքները, այնուհետև կազմվում է ալկոհոլից առավել կախված անձի, նրա Ը-ի և սոցիալական շրջապատի հետ տարվող աշխատանքի ծրագիր: Այն ներառում է բուժական միջոցառումներ, խորհրդատվություններ, հոգեթերապիա և հոգեշտկում, հնարավոր է` բուն հարբեցողի և նրա Ը-ի սոցիալ-աշխատանքային վերականգնում:

Բախումնային Ը-ի հետ տարվող աշխատանքը, որն սկսվում է, որպես կանոն, ամուսիններից մեկի դիմումով, ներառում է ընտանեկան իրական հիմնախնդրի մանրակրկիտ ուսումնասիրություն, որի մասին ամուսինները հաճախ ունեն սխալ պատկերացումներ, ծանոթություն նրանց արժեքային կողմնորոշումներին, ընտանեկան և ամուսնական ավանդույթներին և սովորույթներին: Հետագայում ընտանեկան թերապիան, որն անց է կացվում անհատական զրույցների և հարցազրույցների, խմբային աշխատանքի կամ խաղային թերապիայի միջոցով, պետք է այցելուներին մղի իրենց ընտանեկան փոխհարաբերությունները փոխելու անհրաժեշտության ընկալմանը: Դրանից հետո ուղղորդված փոփոխության, ընտանեկան համաձայնության կամ կոնկրետ իրավիճակին հարմար այլ մեթոդներով կատարվում է այն ամրապնդման աշխատանքը, որն Ը-ին կպարգևի ցանկալի կայունություն:

Բայց ընտանեկան հարաբերությունների անցանկալի փոփոխությունների ոչ բոլոր տեսակներն են շտկվում: Հաճախ կարելի է մեծ հավանականությամբ կանխագուշակել ապագա ընտանեկան միության անբարենպաստ հեռանկարը` դեռևս մինչև ամուսնական դաշինքի կնքումը: Որոշ խնդիրներ լուծելի են վաղ փուլերում, բայց բարդանում են` հետագային թողնելու պատճառով: Սոցիալական աշխատողը չպետք է իրավիճակը համարի անհուսալի, որքան էլ սրվեն Ը-ի անդամների փոխհարաբերությունները:

Ընտանիքի միջազգային տարի(ԸՄՏ)

Համաշխարհային ընկերակցության միջոցառումների համակարգ, երկարաժամկետ գործունեության մաս միջազգային, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակով, որ նախատեսել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1989թ. դեկտեմբերի 8-ի 44/82 բանաձևով:

1994 թվականը հայտարարելով Ընտանիքի միջազգային տարի, Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովին նշանակեց նախապատրաստող մարմին, իսկ Տնտեսական և սոցիալական խորհրդին` համակարգող մարմին:
Հռչակված Ը.մ.տ-ի հիմքում դրվել են հետևյալ սկզբունքները.

- ընտանիքը հասարակության հիմնական բջիջն է, որն արժանի է հատուկ ուշադրության,

- ընտանիքի ձևերն ու գործառույթները տարբեր երկրներում լինում են տարբեր. ընտանիքների բազմաձևությունը պահանջում է բոլոր ձևերի ընդգրկում և կարիքների հաշվառում,

- մարդու տարրական իրավունքների և հիմնական ազատությունների խրախուսում՝ անկախ ընտանիքում յուրաքանչյուր անհատի կարգավիճակից, այդ ընտանիքի ձևից և վիճակից,

- ընտանիքում տղամարդկանց և կանանց հավասարության խրախուսում, տնային պարտականությունների առավել արդար բաշխում և զբաղվածության հնարավորությունների ընդլայնում,

- Ը.մ.տ-ի միջոցառումների նախապատվություն տեղական և ազգային մակարդակով,


- աջակցություն ընտանիքներին` իրենց գործառույթներն իրականացնելու, ինքնուրույնությունն ամրապնդելու և  ինքնապահովելու գործում,

- Ը.մ.տ-ի միջոցառումների իրականացում` անընդհատ գործընթացների շրջանակում:

- Ը.մ.տ-ի նպատակն է` գործողությունների խթանում միջազգային, տարածաշրջանային, ազգային և տեղական մակարդակներով՝ ընտանիքի խնդիրների մասին իրազեկության բարձրացում, ընտանիքի խնդիրների մշակման և իրագործման բնագավառում պետական և մասնավոր գործունեության նախաձեռնում. ընտանիքին վերաբերող կոնկրետ ծրագրերի իրականացում, ազգային և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության բարելավում` բազմահատված գործունեությանն աջակցելու համար, ընտանիքին կամ նրա առանձին անդամներին վերաբերող խոշոր միջոցառումների իրականացում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1993 թ. սեպտեմբերի 20-ի 42/237 բանաձևում ընդգծված է, որ Ը. մ.տ. համապատասխանում է աշխարհի բոլոր ընտանիքների շահերին, բոլոր մարդկանց բարօրության ձգտմանը, որի հիմքում ընկած է օժանդակության սկզբունքը:

Արձագանքելով Գլխավոր ասամբլեայի կոչին, ելնելով մարդու կյանքի և զարգացման համար ընտանիքի անանց արժեքից, ղեկավարվելով հասարակության կյանքում նոր սերունդների դաստիարակության, հասարակական կայունության և առաջընթացում ընտանիքի կարևորագույն դերի գիտակցումով, ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում ևս 1994 թ. ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի գլխավորությամբ: Անցկացվել է նաև՝ "Հայ ընտանիքի ներկան և ապագան" թեմայով միջազգային գիտաժողով Երևանում:

Ընտանիքի պլանավորում

Գործողություններ, որոնք ուղղված են ազատ և պատասխանատու վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) ընտրության և ծնող լինելու պատասխանատվության ձեռքբերմանը` որպես մարդու անքակտելի իրավունք: Ավելի ծավալուն բնորոշում է տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կոմիտեն. "Ընտանիքի պլանավորում" տերմինով բնորոշվում են գործունեության այն տեսակները, որոնք նպատակ ունեն օգնել առանձին անձանց կամ ամուսնական զույգերին` հասնել որոշակի արդյունքների.

- խուսափել անցանկալի հղիությունից,

- աշխարհ բերել ցանկալի երեխաների,

- կարգավորել հղիությունների միջև ընկած 
ժամանակահատվածները

- վերահսկել մանկածնության ժամանակի ընտրությունը` կախված ծնողների տարիքից,

- որոշել երեխաների թիվն ընտանիքում:

Այդ քաղաքականության իրագործումը հնարավոր դարձնող սպասարկման տեսակները ներառում են ընտանիքի և ամուսնության հարցերով առողջապահական կրթությունը, համապատասխան ծառայությունների և միջոցառումների կազմակերպումը` գենետիկական խորհրդատվությունները, ռենտգենյան հետազոտությունները (չարորակ ուռուցքներ հայտնաբերելու նպատակով) և խնամակալական խորհուրդները:
Ը.պ-ի նման մոտեցումը ձևավորվել է միայն անցյալ դարի 60-ական թթ. վերջերին: Մարդկության պատմության մեջ ձևավորվեց բնակչության ծնելիության կարգավորման գործում հասարակության դերի մասին փիլիսոփայական հայեցակարգը: Ինչպես հայտնի է, Թ. Ռ. Մալթուսը իր տեսությունը կառուցել է` ելնելով այն ենթադրությունից, որ բնակչությունն ունի անսահմանափակ բազմանալու ներքին միտում:
 
Մալթուսականության հայեցակարգը մեկնաբանվում է երկու հիմնադրույթով. հասարակության բարեկեցությունը կախված է ծնելիության մակարդակից. բարեկեցություն ձեռք է բերվում ծնելիության սահմանափակման միջոցով:

Նեոմալթուսականության ներկայացուցիչները, խորացնելով այդ տեսակետը, պնդում էին, որ յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր ընտանիք ձգտում է բարելավել իր բարեկեցությունը, բարօրությունը՝ երեխաների թիվը սահմանափակելու միջոցով: Եթե ծնելիության կարգավորման միջոցների մատչելիությունն ապահովված է, ապա ծնելիությունը նվազում է և հակառակը:
Ժամանակակից հետազոտողներն ապացուցել են, որ հակաբեղմնավորիչ միջոցների և հղիության արհեստական ընդհատման (աբորտի) որևէ արգելք ի վիճակի չէ որևէ կերպ ազդել ծնելիության միտումի վրա: Այսպես, ո՜չ ծնելիության վերահսկողության ծրագրերի իրագործումը զարգացած երկրներում, ո՜չ ակտիվ հականաթալական քաղաքականությունը Չինաստանում նկատելիորեն չեն ազդել ծնելիության վրա: Դա վերաբերում է նաև պրոնաթալական քաղաքականությանը Ֆրանսիայում, որտեղ XX դարի 70-ական թթ. աբորտը խիստ արգելվեց, բայց դա այնուամենայնիվ չհանգեցրեց ծնելիության աճի: Հակաբեղմնավորիչ միջոցների և աբորտի արգելումը ի վիճակի չեն մարդկանց ետ պահել հակաբեղմնավորիչներ օգտագործելուց, եթե նրանք դա ուզում են, միաժամանակ աբորտի արգելքը նրանց տրամադրության տակ թողնում է ավելի վնասակար և անարդյունավետ մեթոդներ: Նման արգելքը չի ազդում ծնելիության վրա, բայց հանգեցնում է կանանց և երեխաների առողջության վատթարացման:

Մեր երկրում Ը.պ-ի ուսումնասիրության պատմությունը ցույց է տալիս, որ XX դարի 20-ական թթ. անցկացվեցին ծնելիության կարգավորման հետազոտություններ, որոնք հստակեցրին վերարտադրողական վարքագծի խնդիրների լուծման գործում մարդու և հասարակության փոխհարաբերությունների մասին պատկերացումները: 20-ական թվականների սկզբներին խորհրդային կառավարությունը վերացրեց աբորտի արգելքը, ինչն ամենից առաջ կնոջ ազատագրման նպատակ էր հետապնդում: Ուսումնասիրվում և քարոզվում էին հակաբեղմնավորիչ միջոցները: Հրատարակվում էին հղիությունը կանխելու հայտնի եղանակների նկարագրությամբ գրքույկներ, մշակվում էին նոր եղանակներ: Սակայն, քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքով, 1936թ. աբորտն արգելվեց:

1955թ. աբորտը վերստին դարձավ օրինական, բայց 20-30-ական թթ. ձևավորված ավանդույթներն արդեն խախտվել էին: 50-60-ական թթ. Ը.պ-ի ուսումնասիրման աշխատանքներն ընդհատվեցին, քանի որ նորից հիմք ընդունվեց արգելքի հայեցակարգը, որը մերժվել էր դեռևս 20-ական թթ. հետազոտություններով:

Ըստ վերոհիշյալ հայեցակարգի` յուրաքանչյուր մարդու և, հետևաբար, յուրաքանչյուր ընտանիքի հատուկ է մեծ թվով երեխաների պահանջմունքը: Իսկ ծնելիության արգելքը գոյություն ունի միայն այնքանով, որքանով կան արտաքին պատճառներ (կյանքի անբարենպաստ պայմանները), որոնք խոչընդոտում են այդ պահանջմունքը բավարարելուն: Եթե պատճառները վերացվեն, ապա ծնելիությունը կաճի: Արգելքի հայեցակարգից բխում էր, որ պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ թե ընտանիքի պլանավորման խնդրի լուծման գործում ընտանիքի օգնության ապահովմանը, այլ գլխավորապես մարդկանց կյանքի բարելավմանը, այսինքն` բարձր ծնելիության բոլոր տեսակի արգելքների վերացմանը: Համարվում էր, որ կյանքի պայմանները կբարելավվեն, հետևաբար ծնելիությունը կաճի, աբորտների քանակն ինքնըստինքյան կնվազի:

70-ական թթ. ձևավորվում է մի տեսություն, որի հիմնական դրույթը երեխաներ ունենալու` պատմականորեն փոփոխված պահանջմունքի ճանաչումն էր: Իր մեջ միավորելով հոգեբանական, ժողովրդագրական և սոցիոլոգիական մոտեցումները` տեսությունն ապացուցում է, որ ընտանիքը երեխաների թիվը պլանավորում է, ելնելով իր ներքին կողմնորոշումներից և ամուսիններից յուրաքանչյուրի` երեխա ունենալու պահանջմունքից: Այսինքն՝ հասարակությունն ազդում է ծնելիության կարգավորման վրա, բայց ոչ ուղղակի` հակաբեղմնավորման այս կամ այն եղանակի օգտագործման արգելքի կամ թույլտվության միջոցով, այլ միջնորդավորված` անձի գիտակցության բազմաթիվ գործոնների ազդեցությամբ ձևավորված նրա վերարտադրողական դիրքորոշման վրա ազդելու միջոցով: Այդպիսի գործոններից է երեխայի ծննդյան նկատմամբ հասարակության և անձի մերձավորների ունեցած վերաբերմունքը, այսինքն` սոցիալական վերարտադրողական նորմերը:

Մինչև այժմ էլ Ը.պ-ի ուսումնասիրությունը համարվում է բժշկության գործը: Սոցիալական դիսցիպլինների դերը Ը.պ-ի խնդիրների տեսական և գործնական լուծումների մեջ թերագնահատվում է: Ը.պ-ի իրավունքը, որը հռչակված է որպես մարդու անքակտելի իրավունքներից մեկը, փաստորեն մնում է չիրագործված, քանզի ստեղծված իրավիճակին բնորոշ են այնպիսի բացասական գծեր, ինչպիսիք են.

- տեղեկատվության, մասնագիտացված և որակյալ բուժօգնության, ժամանակակից հակաբեղմնավորիչների սակավություն,

- վերարտադրողական վարքագծի ստիպողականությունը (դրդապատճառներից և ծնունդները վերահսկելու եղանակի ընտրությունից մինչև վերարտադրողական արդյունքները),

- սոցիալական հատկանիշներով արհեստական աբորտների շատ մեծ թիվ` որպես Ը.պ-ի մատչելի եղանակ բնակչության լայն խավերի համար:

Ը.պ-ի հարցերով բժշկական մասնագիտացված խորհրդատվության ծավալի ավելացումը և այդ մասին բնակչությանը իրազեկելը կնպաստի կնոջ առողջության պահպանմանը և առողջ երեխաներ ծնվելուն:

Ընտանիքների անապահովության գնահատման ՓԱՐՈՍ համակարգ

Ը.ա.գ.փ.հ. Հայաստանում ստեղծվել է 1994 թվականին՝ ցուցաբերվող մարդասիրական օգնության հասցեականությունն ու սոցիալական արդարությունն ապահովելու, անապահով ընտանիքների հետ սոցիալական աշխատանք տանելու նպատակով: "Փարոս" համակարգում հաշվառման և անապահովության գնահատման օբյեկտ է ճանաչվել ընտանիքը: Համակարգում հաշվառվել են այն ընտանիքները, ովքեր համապատասխան փաստաթղթերով դիմել են սոցիալական ծառայություն` հայտարարելով իրենց աղքատ:

 Այսօր ընտանիքների անապահովության գնահատման հիմքում ընկած է չորս բաղադրիչ: ա. ընտանիքի անչափահաս երեխաների թիվը, բ) ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական որևէ ռիսկի խմբի պատկանելը, գ) եկամուտների չափաքանակները, դ) բնակության վայրը և բնակարանի տիպը: Սրանցից յուրաքանչյուրն ունի իր չափման միավորը: Միաժամանակ, այս հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում նաև անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը, ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը, միջքաղաքային և բջջային հեռախոսային խոսակցությունների համար միջին ամսական վճարումները, ապրանքների ներմուծման համար մաքսային վճարումների չափերը, անշարժ գույքի օտարման գործարքներով սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքը, ինչպես նաև ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կարծիքը, որի գնահատմամբ և սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ կարող են նշանակել կամ մերժել նպաստի նշանակումը:

1999 թվականի հունվարի 1-ից ներդրվեց աղքատության ընտանեկան նպաստների ծրագիրը, որի հիմքում ընկած էր "Փարոս" համակարգը: "Փարոս" համակարգի հիման վրա ներդրված ընտանեկան նպաստի համակարգի գործունեության 5 տարիների ընթացքում հանրապետությունում ծայրահեղ աղքատությունը կրճատվել է 7,5 տոկոսով:

"Փարոս" ծրագիրն ունի համակարգչային տեղեկատվական շտեմարան, որը բաղկացած է տեղական և հանրապետական տեղեկատվական բազաներից:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան