Որբություն

Սոցիալական երևույթ, որն առաջանում է, երբ հասարակության մեջ երեխաները մնում են առանց ծնողական խնամքի նրանց մահվան, ծնողների կողմից երեխաներին լքելու կամ ծնողական իրավունքներից զրկվելու պատճառով: Նրանց շարքին են դասվում նաև այն երեխաները, որոնց ծնողները ծնողական իրավունքներից զրկված չեն, բայց փաստորեն իրենց երեխաների նկատմամբ որևէ խնամք չեն իրականացնում:

Պաշտպանության կարիք ունեցող երեխաների բացահայտման պարտականությունները դրված են տեղական իշխանության՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների վրա: Անչափահաս անձանց նկատմամբ խնամակալության և հոգաբարձության գործառույթների անմիջական իրականացումը դրված է կրթության բաժինների (վարչությունների) վրա, դատարանով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ` առողջապահության բաժինների (վարչությունների) վրա, գործունակ անձանց նկատմամբ, ովքեր խնամակալության կարիք են զգում` սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների վրա:

Անչափահասների իրավունքները ժամանակին պաշտպանելու համար խնամակալության և հոգաբարձության մարմինները սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, կրթական հաստատությունների և ներքին գործերի բաժինների հետ միասին բացահայտում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: Այն երեխաներին, ում ծնողները նրանց զարգացման համար պատշաճ պայմաններ չեն ապահովում, փորձում են վերադարձնել իրենց ընտանիքներ, ծնողների հրաժարվելու դեպքում ներկայացնում են խնամակալության և հոգաբարձության կամ որդեգրման, կամ մանկական խնամակալական հիմնարկների դաստիարակությանը:
ՀՀ-ում սոցիալական ապահովության մարմինները լուծում են այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են որբ երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նյութական ապահովությունը, ստեղծում բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց բազմակողմանի և ներդաշնակ զարգացման, մասնագիտացման և քաղաքացիական կայացման համար:

“Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին” ՀՀ օրենքով  սահմանված են նպաստների և արտոնությունների լրացուցիչ տեսակներ որբ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար:

Որդեգրում

Ծնողական խնամքից զրկված անչափահաս երեխաների ընտանեկան խնամքի կազմակերպման ձև: Ո-ի շնորհիվ երեխան ձեռք է բերում նոր ընտանիք, ծնողներ (նրանցից մեկը): Որդեգրել կարող են նաև ազգականները:

Առավել տարածված է խորթ հոր (մոր) կողմից Ո.: Ո-ից հետո անչափահասի և նախկին ծնողների իրավական կապը լրիվ դադարում է: Որդեգրողը դառնում է երեխայի նկատմամբ բոլոր իրավունքների և պարտականությունների կրողը:

Որդեգրող կարող է դառնալ ցանկացած չափահաս քաղաքացի, եթե չկան Ո-ին խոչընդոտներ` կապված որդեգրողի ընտանեկան դրության, տարիքի, բարոյականության, ինչպես նաև որդեգրվողի առողջական վիճակի հետ: Որդեգրել չեն կարող ծնողական իրավունքից զրկված, դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, հոգեկան հիվանդությամբ, հարբեցողությամբ, թմրամոլությամբ տառապող անձինք և այլն:

Ո-ի համար, ըստ ընդհանուր կարգի, պահանջվում է երեխայի ծնողների (նրանցից մեկի), իր իսկ անչափահասի` սկսած տասնամյա տարիքից, որդեգրողի ամուսնու (կնոջ) համաձայնությունը: Ո-ից հետո որդեգրողները կարող են ծնողներ գրանցվել, իսկ որդեգրին կարող է տրվել որդեգրողի հայրանունը, ազգանունը: Թույլատրվում է նաև փոխել որդեգրի ծննդյան վայրը և ժամանակը: Տասը տարեկանից բարձր անչափահասի ծննդյան վկայականում կատարվող բոլոր փոփոխությունների համար պահանջվում է նրա համաձայնությունը:

Կերակրողին կորցրած որդեգրվողը պահպանում է նրա գծով նշանակված կենսաթոշակի իրավունքը: Որդեգրողը ոչ մի լրացուցիչ արտոնություն չի ստանում: Ո-ի գաղտնիությունը պահպանվում է օրենքով: Ո. չեղյալ հայտարարել կարող է միայն դատարանը: Ընդսմին նա ղեկավարվում է երեխայի շահերով:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան