Վալեոլոգիա

Լատ. vale - առողջ եղիր՝  գիտություն մարդու առողջության, առողջ կենսակերպի նախադրյալների և գործոնների մասին:

Թեև Վ. որպես գիտություն ձևավորվել է միայն XX դարի երկրորդ կեսին, վալեոլոգիական գիտության որոշ բաղադրիչներ սերում են խոր հնադարից: Դրանցից են Արիստոտելի, Քսենոփոնի և Հալենի պատկերացումները առողջության պահպանման և ամրապնդման մասին, առույգ երկարակեցության վերաբերյալ հին հնդկական և չինական ուսմունքները: Դրանց մեջ միահյուսված են այս կամ այն կլիմայի յուրահատկություններին առավել լավ հարմարվելու ամենօրյա տևական փորձը, մթերքների պահպանման և օգտագործման, դրանց համեմատական օգուտի կամ վնասի մասին գիտելիքները, զանազան վարքային ակտերի գնահատումը, որոնց հետևանքները մարդու համար կարող են լինել օգտակար կամ վնասակար: Ժամանակակից գիտությունը հաստատել է անցյալի շատ ուսմունքների և հանձնարարականների մեջ ռացիոնալ հատիկի առկայությունը, բայց, բնականաբար, նմանօրինակ պատկերացումները նաև զերծ չէին նախապաշարմունքներից, սխալներից, անճշտություններից:

Բժշկական, հոգեբուժական և հիգիենայի մասին գիտելիքների դանդաղ և բավականաչափ հակասական կուտակումը հանգեցրեց միանգամայն ինստիտուցիոնալացված գիտությունների համալիրի ձևավորմանը, որոնք ուսումնասիրում են իրականության տարբեր՝ մարդու առողջությանն առնչվող կողմերի օրինաչափությունները: Սակայն XX  դարի երկրորդ կեսին, նախ սոցիալական շատ դժվարություններ հաղթահարած քաղաքակիրթ երկրներում հաստատվեցին առողջության մասին պատկերացումները՝ որպես առաջնահերթ կենսական արժեք, որի բացակայությունը չի կարող փոխարինվել (կամ որի բացակայությունը չի կարող փոխհատուցվել) որևէ այլ արժեքով: Մարդու առողջությունը, ինչպես ապացուցել են սահմանակից գիտությունների ոլորտում կատարված հետազոտությունների արդյունքները և մարդկության պրակտիկան, պայմանավորված է միմյանց հետ փոխկապված և միմյանցից փոխկախված բազմաթիվ գործոններով: Դրանցից մեկի բացակայությունը կամ պակասը սահմանափակում կամ դադարեցնում է օրգանիզմի զարգացումը, անգամ, եթե մյուս բոլոր գործոններով ապահովված է լրիվ կամ նույնիսկ չափից շատ: Ուստի առողջության գիտական ապահովումը զուտ բժշկական գիտելիքների տեսակետից եղավ միանգամայն անբավարար:
Բացի այդ, բժշկական գիտություններն ուսումնասիրում են հիվանդությունը, ախտաբանությունը, շեղումը: Միաժամանակ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ բուն առողջությունը բավականաչափ բարդ խնդիր է և պահանջում է հատուկ ուսումնասիրություն:

Նախկինում բնակչության զանգվածային մահ առաջացնող ծայրահեղ վտանգավոր համաճարակների վերացնելը կամ հսկողության տակ վերցնելը, նորածինների և երեխաների մահացության մակարդակի իջեցնելը, բնակչության կյանքի միջին տևողությունը նշանակալիորեն (երբեմն 2-3 անգամ) մեծացնելը թույլ տվեցին հարց առաջադրել ոչ թե պարզապես կյանքը պահպանելու, այլև նրա հնարավոր լիարժեքության աստիճանի, մարդուն անօգնական գոյության դատապարտող սահմանափակումների հաղթահարման, առողջության բնածին և ձեռքբերովի պակասը փոխհատուցելու՝ հասարակության հնարավորությունների և սոցիալական ու բժշկական ակտիվության առավելապես այն ուղղությունների զարգացման մասին, որոնք թույլ են տալիս տնտեսության սոցիալ-բժշկական հատվածում միջոցներ ներդնելուց ստանալ առավելագույն արդյունք:

Եվ վերջապես, XX դարը ողջ հստակությամբ ցույց տվեց, որ մարդկանց առողջության և հասարակության (որտեղ նրանք ապրում են) բնույթի, նրանց կյանքի սոցիալական պայմանների և գործոնների միջև գոյություն ունի չափազանց սերտ կապ: Այդ պատճառով ծագեց գիտակցված անհրաժեշտություն՝ ձևավորել գիտության նոր ճյուղ, որը սահմանակից լինի տարբեր գիտություններին՝ կենսաբանական, տնտեսական, սոցիալական և այլն: Վ. ինտեգրատիվ գիտություն է: Այն ոչ միայն պարզապես ի մի է բերում առողջության և առողջ ապրելակերպի զանազան կողմերն ուսումնասիրող այլ գիտությունների տվյալները, այլ ունի իր առարկան, որ տարբերվում է մյուս բոլոր ազգակից գիտությունների առարկաներից, իր նպատակների համար փոխակերպում է նրանց մեթոդներն ու տեխնոլոգիաները՝ դրանով իսկ ստեղծելով սկզբունքորեն նոր գիտություն:
Վ-ի առարկան ժամանակակից "հանրային մարդու" առողջությունը և այն կենսակերպն է, որը հանգեցնում է այդ առողջության ձեռքբերմանը, պահպանմանը, աջակցմանը կամ վերականգնմանը: Բնական է, որ առողջության վրա ազդող գործոնների առատությունը ստիպում է բուն Վ-ի ներսում առանձնացնել որոշակի բաժիններ, որոնք ուսումնասիրում են այդ գործոնները: Վ-ի սոցիալ-տնտեսական տեսանկյունները լուսաբանում են առողջ կենսակերպ վարելու հնարավորության հարցեր, որոնք առնչվում են սոցիալ-տնտեսական ողջ համակարգին, անհատի սոցիալական կարգավիճակին, նրա ընտանիքին: Սոցիալ-բժշկական տեսանկյունները դիտարկում են բժշկական գիտելիքների և բժշկական տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև հասարակության և նրա անդամների առողջության վրա առողջապահական համակարգի ազդեցության հարցեր: Սոցիալ-հիգիենայի գիտելիքների լույսի ներքո հասարակության և մարդու կենսագործունեության կազմակերպման հիմնախնդիրներն ուսումնասիրվում են սնվելու, օգտագործման համար պիտանի խմելու ջրի, մաքրության նորմերի պահպանման հարցերի տեսանկյունից: Վերջին տասնամյակներին ընդհանուր դարձավ այն կարծիքը, որ առողջության անքակտելի մասը շարժումն է, այդ պատճառով Վ-ի սոցիալ-շարժական գործոններն ունեն սկզբունքային նշանակություն:

Չափազանց կարևոր են նաև մարդու շրջակա միջավայրի և ընդհանուր բնապահպանական վիճակը: Մարդը սերտորեն կապված է իր շրջապատի հետ, ուստի այդ միջավայրում կատարվող բոլոր փոփոխություններն անխուսափելիորեն ազդում են նրա վրա: Այդ փոփոխությունները շատ արագ են կատարվում, և "մարդ" տեսակի կենսաբանական հարմարվողության անընդհատ գործընթացն ի վիճակի չէ հասնել նրա հետևից: Մուտացիաների պոտենցիալ հարմարվողածին բնույթը ավելի ու ավելի է դուրս մղվում ախտածինի կողմից:

Հասարակության և մարդու առողջության պահպանման համար մեծ նշանակություն ունեն ոչ միայն վալեոլոգիական գիտելիքները, այլև վալեոլոգիական գիտակցությունը, անհատի վալեոլոգիական վարվելակերպը: Այդ պատճառով Վ-ի կարևոր բաղկացուցիչներն են սոցիալ-հոգեբանական գիտելիքները և մոտիվացիոն մեխանիզմները:

Վ-ի վարքագծային կերպերը որոշում են մարդու առողջության կախվածությունը նրա սեփական վարքագծից: Առողջության պահպանումը գիտակցված գործունեություն է, որը պահանջում է անդադար ջանքեր, անբարենպաստ սովորությունների հաղթահարում և այլն: Վալեոլոգիական վարվելակերպի հատուկ բարդությունն այն է, որ դրա սկզբունքները կարող են հակասել մարդու պատմական հիշողության կարծրատիպերին, որոնք ձևավորվել ենմիանգամայն այլ պայմաններում: Այսպես, դարեր շարունակ սննդամթերքի պակասը մարդկանց գիտակցության մեջ ամրագրել է կուշտ լինելու արժեքի, բարձր կալորիականությամբ մթերքների մեծ քանակի օգտագործման նախապատվության մասին պատկերացումը: Մինչդեռ ժամանակակից գիտությունը բավականաչափ տվյալներ է կուտակել այն մասին, որ ավելի օգտակար է սննդի սահմանափակումը, ցածր կալորիականությամբ, չմշակված մթերքների օգտագործումը: Կամ՝ ծանր աշխատանքով ծանրաբեռնված մարդկանց գիտակցության մեջ բազում տարիների ընթացքում հաստատվել է այն միտքը, որ պարապությունը, անհոգ կյանք վարելը բարձրարժեք նպատակ է և սոցիալական արտոնություն, որ հասանելի է միայն հասարակության ունևոր անդամներին: Աշխատանքի հետևողական բաժանումը, աշխատատար շատ գործառնությունների մեքենայացումը և ավտոմատացումը, տրանսպորտի զարգացումը և կենցաղային հարմարավետության բարձրացումը բնակչության զգալի մասին ազատեցին ֆիզիկական ջանքերից, և պարզվեց, որ շարժման պակասը արագորեն հանգեցնում է կոմպլեքսային վիճակների, որոնք կոչվում են հիպոկինեզիայի և հիպոդինամիկայի համախտանշան, այսինքն՝ շարժման և ֆիզիկական ծանրաբեռնվածության պակաս: Առողջությունը պահպանելու համար մարդիկ, ամենից առաջ՝ հասարակության սոցիալապես արտոնյալ խավերից, իրենց ստիպում են շարժվել, ֆիզիկապես ծանրաբեռնվել, այդ ծանրաբեռնվածությունը հաճախ լինում է շատ ավելին, քան կպահանջվեր իրական ֆիզիկական աշխատանքով զբաղվելու դեպքում: 

Վ-ի հիմունքների իմացությունը և շարժուն ապրելակերպ վարելու անհրաժեշտության գիտակցումը ամենևին էլ ոչ միշտ են մարդկանց ստիպում վարվել հատկապես այդպես, մանավանդ եթե ֆիզիկական ակտիվության սովորությունը չի ձևավորվել մանկուց: Առողջ ապրելակերպի օրինաչափությունների վերացական իմացության և դրանից իրական շեղման բախումն առավել բարդ է թմրանյութերից անհատի կախվածության դեպքում: Ծխախոտի, ոգելից խմիչքի կամ այլ թմրանյութերի նկատմամբ հիվանդագին հակումը տարբեր աստիճանի կախվածություն է առաջացնում, ընդ որում՝ դրա զարգացման վաղ շրջանում անհատը համարյա հաստատ գիտի իր հակումի վնասակարության մասին, գիտակցում է առողջության համար հնարավոր բացասական հետևանքները, հաճախ մտադրություն է հայտնում հրաժարվել այդ անառողջ սովորությունից: Բայց այն գործոնները, որոնք սկզբնապես մղել են թմրանյութեր օգտագործելուն, հաճախ ավելի ուժեղ են լինում, քան ռացիոնալ իմացությունը. ձևավորվում է քիմիական կախվածություն, որը թույլ չի տալիս օրգանիզմին գործել առանց թմրանյութի, և հոգեբանական կախվածություն, որը մարդուն դարձնում է նրանից անբաժան:

Իհարկե, վալեոլոգիական գիտելիքների տարածումը չի հանգեցնի առողջ ապրելակերպի հետևորդների թվի մեխանիկական ավելացման: Բազմաթիվ գործոններ ունեցող այդ երևույթը պահանջում է ոչ միայն սոցիալ-տնտեսական վերափոխումներ, սոցիալ-հիգիենիկ և բնապահպանական փոփոխություններ, բժշկագիտության զարգացում և առողջապահական համակարգի կատարելագործում, այլ նաև բնակչության հոծ զանգվածների գիտակցության և հոգեբանության մեջ փոփոխություններ, առողջ ու առույգ կյանքի պահպանման և աջակցման համար ֆիզիկական, հուզական, ժամանակային և նյութական ծախսերի անհրաժեշտության արմատավորում:

Սոցիալական աշխատողը կոչված է լինել առողջ ապրելակերպի քարոզիչ, կազմակերպիչ, տեղեկատվության կրող, միջնորդ: Այցելուների որոշ կատեգորիաների հետ (ամենից առաջ՝ երեխաների և երիտասարդների) տարվող աշխատանքը՝ նրանց վալեոլոգիական գիտելիքներ տալն է և վարվելակերպի վալեոլոգիական հմտություններ պատվաստելը: Այսպես, անչափահասների օգնության կենտրոնների գործունեության մեջ մեծ տեղ են գրավում կիրառական սեռաբանության և ընտանիքի պլանավորման, հակաբեղմնավորիչների, վերարտադրողական առողջության հարցերը:

Սոցիալական աշխատանքում Վ-ի նշանակությունն ընդգծվում է նրանով, որ առողջության շեղումներ ունեցող անձանց համար սոցիալական իրավունքների իրականացումը լրջորեն սահմանափակվում է, ուստի սոցիալական աշխատանքի մասնագետի պարտականությունների անբաժանելի մասն է վալեոլոգիական գիտակցության դաստիարակումը այցելուների տարբեր կատեգորիաների հետ աշխատելիս:

Վերականգնում

Միջոցառումների համակարգ, որի նպատակն է շատ արագ և առավել ամբողջական վերականգնել հիվանդների, հաշմանդամների և բնակչության մյուս ապահարմարված կատեգորիաների սոցիալական գործառնման ունակությունը: Առանձնացնում են Վ-ի հետևյալ տեսակները. բժշկական, հոգեբանական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական, սոցիալական, մասնագիտական, աշխատանքային թերապիա, կենցաղային, մարզական:

Բժշկական Վ. ուղղված է մարդու այս կամ այն խանգարված կամ կորցրած գործառույթի լրիվ կամ մասնակի վերականգնմանը, ուժերի և հնարավորությունների օժանդակմանը:

Հոգեբանական Վ. նշանակում է՝ հոգեկան ոլորտի վրա ազդեցություն, որն ուղղված է իր վիճակի անելանելիության մասին պատկերացումներն այցելուի գիտակցության մեջ հաղթահարելուն, օրգանիզմի պաշտպանական ուժերի ձևավորմանը, դժվարությունները հաղթահարելու վստահության և մոտիվացիայի ձևավորմանը: Վ-ի այս ձևն ուղեկցում է բուժվերականգնման միջոցառումների ամբողջ փուլը:
Մանկավարժական Վ.-ն դաստիարակչական բնույթի միջոցառումներ են, որոնց նպատակն է հաշմանդամ, ապահարմարված երեխաներին և անչափասներին, մանկավարժորեն բարձիթողի երեխաներին տալ սոցիալական գործառնման անհրաժեշտ ունակություններ և հմտություններ, դպրոցական կրթություն: Այս դեպքում կարևորագույն խնդիր է երեխային սեփական լիարժեքության հոգեբանական վստահություն ներշնչելը և ճիշտ անձնային-մասնագիտական կողմնորոշում ստեղծելը:

Սոցիալ-տնտեսական Վ. ենթադրում է միջոցառումների մի ամբողջական համակարգ՝ բնակարանով ապահովում, օգնություն հաշմանդամին՝ նրա ընտանիքին ինքնապահովման գործում, գործողությունների իրականացում, որոնք այցելուին վստահություն կներշնչեն, որ ինքը հասարակության օգտակար անդամ է, անհատին կամ ընտանիքին նյութական աջակցություն, կենսաթոշակների, նպաստների վճարում և այլն:
Սոցիալական Վ.-ն ենթադրում է միջոցառումների համակարգ, որոնց արդյունքում իրավախախտ և պատժված անձինք վերականգնվում են հասարակության մեջ, վերահաստատվում են դրական սոցիալական կապերը:

Մասնագիտական Վ. ենթադրում է առավել պիտանի մասնագիտական ուսուցում և վերուսուցում, աշխատանքային գործիքից օգտվելը հեշտացնելու համար անհրաժեշտ տեխնիկական հարմարանքներով ապահովում, աշխատատեղի հարմարեցումը հաշմանդամի գործառնական հնարավորություններին և այլն:

Վերականգնողական կենտրոններում լայնորեն օգտագործվում է աշխատանքային թերապիայի մեթոդը, որը հիմնված է մարդու հոգեֆիզիոլոգիական ոլորտի տոնուսը բարձրացնող և ակտիվացնող աշխատանքի վրա: Աշխատանքին մասնակցելը բարձրացնում է կենսական տոնուսը:

Վերջին ժամանակներս կարևոր նշանակություն է ձեռք բերում մարզական Վ. ֆիզիկական և հոգեկան վիճակը բարելավելու, դրական դիրքորոշումներ մշակելու համար:

Վերլուծություն

Անալիզ- մտածողության հիմնական գործընթացներից մեկը, երբ մարդը մտքում մասնատում է ուսումնասիրվող երևույթների կամ առարկայի պատկերը, կամ խոսքով արտահայտված միտքը, առանձնացնում է նրա մասերը կամ կողմերը: Վերլուծությունն իրագործվում է համադրության հետ սերտ միասնության մեջ:
Վերլուծության նպատակը մասերի և նրանց միջև գոյություն ունեցող կապերի ուսումնասիրությունն է:

Եթե երեխայի մեկ կամ մի քանի զգայարանների գործառույթները խանգարված են, ապա ճանաչողական փորձի կուտակման ժամանակ դիտվում են արգելքներ, որոնք առաջացնում են վերլուծության գործառույթի յուրահատկություն: Այսպես, խլությունը (հատկապես ի ծնե և վաղ մանկության ժամանակ առաջացած) խոսքի հնչյունային վերլուծությունը դարձնում է անհնար, առանց որի մայրենի լեզվի տիրապետումը, ի տարբերություն նորմալ լսողություն ունեցողների, ընթանում է բոլորովին այլ ուղիով: Կուրության ժամանակ առարկաների հատկությունների և հատկանիշների վերլուծությունը փոխհատուցվում է այն առարկաների հատկությունների և հատկանիշների վերլուծությամբ, որոնք կույրն ընկալում է լսողության և զգայական այլ օրգաններով:

Վերլուծության խանգարումներ առաջանում են նաև մտավոր հետամնացության ժամանակ: Այսպիսի երեխաների մոտ վերլուծությունն աչքի է ընկնում ընդգծված հատկությունների և դրանց շերտավորման աղքատությամբ: Նրանք օգտվում են միայն շատ ընդհանուր հասկացություններից. օրինակ՝ "վատ", "մեծ", "փոքր" և այլն:

Վստահության հեռախոս

Շտապ հոգեբանական օգնության և հուզական աջակցության ծառայություն, որտեղ աշխատող մասնագետը (հոգեբանը կամ մեկ ուրիշ մասնագետը) հեռախոսով օգնություն է ցույց տալիս այցելուին: Ճգնաժամային կարճաժամկետ օգնության ծառայություն, որը մարդուն հնարավորություն է տալիս դիմել անանուն և պատմել իր հիմնախնդիրների մասին (գոյություն ունեն վստահության մասնագիտացված հեռախոսներ դեռահասների, սեռական բռնության զոհերի համար և այլն): Վստահության հեռախոսների ծառայության զարգացման ընթացքում ձևավորվել է երկու ուղղություն: 

Առաջինը` մասնագիտական հոգեբանական օգնության ծառայություն, որտեղ խորհրդատուներն ունեն հատուկ մասնագիտական պատրաստություն: Երկրորդ` հուզական աջակցության և մասնակցության ծառայություն, որ ցուցաբերում են ոչ մասնագետ կամավորները. շատ երկրներում նրանց անվանում են "բարի սամարացիներ", քանի որ այդպիսի ծառայությունները հաճախ կազմակերպում են եկեղեցիներին կից:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան