Ծնողական իրավունքներ և պարտականություններ

Ծնողի իրավունքն է անձամբ խնամել և դաստիարակել իր երեխային՝ մինչև նրա չափահաս դառնալը: Միևնույն ժամանակ, ծնողները պարտավոր են երեխաներին հանրօգուտ աշխատանքի նախապատրաստել, դաստիարակել որպես հասարակության արժանավոր անդամ: 
Հայրն ու մայրը երեխաների հանդեպ ունեն հավասար պարտականություններ, անկախ նրանից՝ ամուսնացա՞ծ են, թե՞ ամուսնալուծված: Երեխաների դաստիարակության հարցերով նրանց միջև ծագող վեճերը լուծում են հոգաբարձության և խնամակալության մարմինները` ծնողների մասնակցությամբ: Եթե ծնողներն ամուսնալուծված են և համաձայնության չեն հանգել, թե ում հետ պետք է ապրի երեխան, ապա այդ հարցը լուծում է դատարանը` ելնելով երեխայի շահերից: Առանձին ապրող ծնողը պարտավոր է մասնակցել երեխայի խնամքին ու դաստիարակությանը և իրավունք ունի շփվել նրա հետ:

Ծնողները պարտավոր են խնամել իրենց անչափահաս երեխաներին: Ծնողներն իրենց երեխաների օրինական ներկայացուցիչներն են և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ բոլոր հիմնարկներում հանդես են գալիս առանց հատուկ լիազորության: Օրենքով սահմանված դաստիարակելու պարտականությունը չկատարելու դեպքում ծնողները կարող են զրկվել ծնողական իրավունքներից, ինչը նրանց չի ազատում երեխաներին պահելու պարտականությունից: Եթե երեխայի մնալը այն անձի մոտ, ում հետ ապրում է, վտանգավոր է նրա համար, ապա դատարանը կարող է որոշում կայացնել երեխային վերցնելու և նրան խնամակալության և հոգաբարձության մարմիններին հանձնելու մասին` ծնողին զրկելով ծնողական իրավունքներից: Ծնողական իրավունքների և պարտականությունների վերականգնում թույլատրվում է, եթե դա են պահանջում երեխայի շահերը:

Ծնողական իրավունքից զրկելն օրենսդրական միջոցառում է և ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, ծնողների դաժան վերաբերմունքից և ծնողական իրավունքի այլ չարաշահումներից նրանց պաշտպանությանը: Ծնողական իրավունքից զրկելը կարող է տեղի ունենալ նաև այն դեպքում, երբ ծնողներն իրենց անբարո, հակահասարակական վնասակար ազդեցությունն են թողնում երեխաների վրա, քրոնիկական հարբեցողներ և թմրամոլներ են, կամ եթե ճշտվի, որ նրանք խուսափում են երեխաներին դաստիարակելու իրենց պարտականություններից:

Ծնողական իրավունքից զրկելը կատարվում է միայն դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարան կարող են դիմել պետական կամ հասարակական կազմակերպությունները, երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը (հոգաբարձուն):
Շատ դեպքերում ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմինների դիմումով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել դատախազը:

Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են երեխայի հետ փաստացի ազգակցության բոլոր իրավունքները: Սակայն դա նրանց չի ազատում երեխային պահելու պարտականությունից: Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն արձակելու հետ միաժամանակ լուծվում է ալիմենտի հարցը:

Եթե ծնողական իրավունքներից զրկված ծնողն իր վարքագծով երեխայի համար անհնարին է դարձնում համատեղ ապրելը, ապա այդպիսի ծնողը կարող է արտաքսվել` առանց այլ բնակարան նրան տրամադրելու:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան