Շեղվող վարքագիծ

Լատ. deviaio - շեղում՝ վարքագիծ, որը չի համապատասխանում հասարակության մեջ ընդունված առավել արժեքավոր նորմերին, չի համապատասխանում խմբի կամ ողջ հասարակության սպասումներին:

Շ.վ-ի տիպաբանությունը, որն առաջարկել է Ռ. Մերտոնը (1949), շատ մասնագետներ համարում են առավել հաջողվածներից մեկը: Ըստ Մերտոնի՝ շեղումը տեղի է ունենում մշակութային նպատակների և դրանց հասնելու՝ սոցիալապես խրախուսելի միջոցների միջև առաջացած անջրպետից: Այդ բնորոշումն ընկած է շեղված արարքների տիպաբանության հիմքում:
Կոնֆորմիզմը չշեղված վարքագծի միակ տիպն է: Այն պահպանում է և գործունեության նպատակները, և դրանց հասնելու միջոցները:

Իննովացիան ենթադրում է տվյալ մշակույթի կողմից խրախուսվող նպատակների հետ համաձայնություն, բայց մերժում է դրանց հասնելու՝ սոցիալապես ոչ խրախուսելի եղանակները (ռեկետ, սադրանք):

Ծիսականությունը ենթադրում է տվյալ մշակույթի նպատակների մերժում, բայց սոցիալապես խրախուսելի միջոցներն օգտագործելու համաձայնություն:

Ռետրետիզմ (փախուստ իրականությունից) նկատվում է այն դեպքերում, երբ մարդը միաժամանակ մերժում է և՜ նպատակները, և՜ դրանց հասնելու՝ սոցիալապես խրախուսելի միջոցները (օրինակ՝ թափառաշրջիկներ, թմրամոլներ):
Վերջապես՝ խռովությունը: Ի տարբերություն ռետրետիզմի՝ խռովարարը ոչ միայն մերժում է և մեկը, և մյուսը, այլև ձգտում է հին նպատակներն ու միջոցները փոխարինել նորերով, զարգացնում է "նոր գաղափարախոսություն":

Ռ. Մերտոնի հայեցակարգը կարևոր է նախևառաջ այն պատճառով, որ կոնֆորմիզմը և շեղումը դիտում է որպես մեկ հիմնախնդրի երկու կողմ: Այս հայեցակարգում կարևորվում է նաև այն, որ շեղումը չի դիտվում որպես բացարձակ բացասական արդյունք և ընդունված չափանիշների մերժում:
XX դարի վերջին իտալացի բժիշկ Չ. Լոմբրոզոն բացահայտեց քրեական վարքագծի և որոշակի ֆիզիկական հատկանիշների փոխադարձ կապը: Նա համարում էր, որ մարդիկ որոշակի վարքագծի հակված են ըստ իրենց կենսաբանական կերտվածքի: Օրինակ՝ քրեական տիպը կարելի է բնորոշել ըստ անձնական այսպիսի գծերի՝ դուրս ցցված ստորին ծնոտ, ցանցառ մորուք և ցավի ցածր զգացողություն: Ամերիկացի հայտնի հոգեբան և բժիշկ Ու. Հ. Շելդոնն ընդգծում էր մարմնի կազմվածքի կարևորությունը (1940թ.): Ըստ Շելդոնի՝ շեղման ավելի շատ հակված է մեզոմորֆ տիպը՝ "ծանրամարմինները", "մկանուտները", "ատլետները": Կենսաբանական հայեցակարգերը, որոնք տարածված էին XX դարի սկզբին, այժմ աստիճանաբար դուրս են մղվում:

Հոգեբանական և հոգեբուժական հայեցակարգերը շեշտը դնում են անձնական գործոնների վրա, հատկապես մանկության ժամանակ սխալ սոցիալականացման վրա: Մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շեղման էությունը չի կարելի բացատրել միայն հոգեբանական գործոնների վերլուծությամբ: Չի հայտնաբերվել հոգեբանական որևէ գիծ, օրինակ՝ հուզական անհասունություն, հոգեկան անկայունություն, որը նկատվի բոլոր հանցագործների մոտ: Ներկայումս շատ հոգեբաններ և սոցիոլոգներ խոստովանում են, որ որևէ հոգեբանական գծով, բախումով կամ "բարդույթով" չի կարելի բացատրել շեղման տեսակի էությունը: Առավել հավանական է, որ շեղումն առաջանում է հոգեբանական և սոցիալական բազում գործոնների զուգակցման հետևանքով:

Սոցիոլոգիական մեկնաբանությունը հաշվի է առնում շեղման վրա ազդող սոցիալական ու մշակութային գործոնները: Շեղման սոցիոլոգիական բացատրությունը առաջարկել է Է. Դյուրկհեյմը ("Ինքնասպանություն", 1897թ.), որը ենթադրում է, թե սոցիալական ապակազմակերպումն է Շ.վ-ի պատճառը:
Պրակտիկան վկայում է, որ կրթության, հարստության և նման նպատակների հասնելու համար սոցիալապես ընդունելի միջոցները բավարար չեն բնակչության մեծ մասի համար: Շեղման նորագույն տեսությունները շեշտը դնում են հասարակության բնույթի վրա և ձգտում են պարզել, թե նա ինչ չափով է շահագրգռված ստեղծել և պահպանել շեղումը, և ապացուցում են, որ անհրաժեշտ է ուղղել ոչ թե առանձին մարդկանց, այլ ողջ հասարակությունը:

Պատմականորեն հասարակության առաջին ռեակցիան այս առումով եղել է խոչընդոտել, ճնշել, վախեցնել, ոչնչացնել կարգազանցներին՝ այսպիսով արգելել Շ.վ.: Ավելի ուշ հասարակությունը հանգեց հանցագործությունների և հակահասարակական այլ երևույթների կանխարգելման առաջնության մտքին (Չ. Բեքքարիա, Շ. Մոնտեսքիո): Հասարակության համար անցանկալի երևույթների կանխարգելման գաղափարը եղավ նշանակալի առաջընթաց քայլ՝ վրեժխնդրության հայեցակարգի համեմատ: Սակայն՝ 1) կանխարգելման հռչակված գերակայությունը չէր բացառում միանգամայն դաժան միջոցների կիրառումը՝ մահապատիժ, բանտարկություն, 2) կանխարգելման բարի գաղափարները գործնականում դարձան անիրագործելի կամ մասամբ իրագործելի:

Ժամանակակից աշխարհում "պատժի ճգնաժամը" ընդունվում է բոլոր զարգացած երկրներում: Որոնվում են ներգործության հարկադրական, ճնշիչ միջոցների այլընտրանքներ: Բանտարկության անարդյունավետության գիտակցումը տարբեր կերպ է արտացոլվում օրենսդրական և իրավական գործունեության մեջ: Սկանդինավյան երկրներում գերակշռում են կարճաժամկետ ազատազրկումները, զարգացած է պայմանական դատավճիռների համակարգը, պատիժ կրելու ռեժիմը դառնում է ավելի մարդասիրական: Մահապատիժ չի կիրառվում գործնականում 80 պետություններում, այդ թվում՝ եվրոպական բոլոր պետություններում: 2003 թվականից Հայաստանում նույնպես վերացվել է մահապատիժը: Համաշխարհային պրակտիկայում "պատժի ճգնաժամը" իր արտահայտությունը գտավ նաև Հայաստանում: 100 հազար բնակչի հաշվով բանտարկյալների թիվը Հայաստանում 1998թ. կազմում էր 170 մարդ, երբ այն Ռուսաստանում 740 մարդ էր, Ճապոնիայում՝ 36, Գերմանիայում՝ 95, ՀԱՀ՝ 368, ԱՄՆ՝ 645 և այլն:

Շերտավորում(Ստրատիֆիկացիա)

Լատ. stratum՝ շերտ՝ իրենց սոցիալական կարգավիճակի հատկանիշներով (իշխանական, գույքային, մասնագիտական, կրթական և այլն)  մարդկանց խմբերի մեջ միավորելու և նրանց ուրիշ խմբերին հակադրելու օբյեկտիվորեն գոյություն ունեցող գործընթաց, ինչպես նաև այդ գործընթացի արդյունքը: Շերտը` սոցիալական խումբը, իրենից ներկայացնում է ինչ-որ ընդհանուր դիրքորոշումներով կամ համատեղ գործով միավորված անհատների իրական, փորձով ամրապնդված ամբողջություն, ինչը հանգեցնում է հասարակության սոցիալական կառուցվածքում տվյալ խմբի սահմանմանը: Ընդ որում՝ առաջարկվում են Շ-ի զանազան չափանիշներ:

Արևմտագերմանական սոցիոլոգ Ռ. Դարենդորֆն առաջարկեց սոցիալական Շ-ի հիմքում դնել "հեղինակություն" քաղաքական հասկացությունը, որը, նրա կարծիքով, առավել ճշգրիտ է բնորոշում իշխանության հարաբերությունները և իշխանության համար սոցիալական խմբերի պայքարը: Այդ հասկացության հիման վրա Ռ. Դարենդորֆը ժամանակակից ամբողջ հասարակությունը բաժանում է կառավարողների և կառավարվողների:

Չափանիշներով Դարենդորֆին մոտ է սոցիալական Շ-ի այն տեսությունը, որ առաջարկել է ամերիկացի սոցիոլոգ Լ. Ուորները, որը ամերիկյան քաղաքներում սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացրել ներառվող դիտարկման մեթոդով: Չորս հարաչափերով՝ կրթություն, էթնիկ պատկանելություն, եկամուտ, մասնագիտական հեղինակություն, իրենց սոցիալական դիրքորոշման վերաբերյալ մարդկանց սուբյեկտիվ ինքնագնահատման հիման վրա նա իշխող սոցիալական խմբերում առանձնացրեց՝ բարձրագույն, բարձրագույն միջանկյալ, միջին-բարձրագույն, միջին-միջանկյալ, միջանկյալ-բարձրագույն, միջանկյալ-միջանկյալ շերտերը: Ամերիկացի սոցիոլոգ Բ. Բարբերը հասարակության Շ. անցկացրեց ըստ վեց ցուցանիշների. 1) հեղինակություն, մասնագիտություն, իշխանություն և ունեցվածք, 2) եկամուտ կամ հարստություն, 3) կրթություն կամ գիտելիքներ, 4) կրոնական կամ ծիսական մաքրություն, 5) հարազատների դիրք, 6) էթնիկական պատկանելիություն:

Ֆրանսիացի սոցիոլոգ Ա. Տուրենը համարում է, որ ժամանակակից հասարակության մեջ սոցիալական տարբերակումը տեղի է ունենում տեղեկատվության մատչելիության չափանիշով: Իշխող դիրք են գրավում այն մարդիկ, ում մատչելի է առավել մեծ քանակի տեղեկատվությունը:
Արդի արևմտյան հասարակության նկատմամբ Դարենդորֆի առաջադրած հարցն օրինաչափ է նաև ժամանակակից Հայաստանի համար: Ամբողջ հանրապետությունում տեղի է ունենում սոցիալական կառուցվածքի "դեկոմպոզիցիա", որին հատուկ են աշխատանքի բնույթի, եկամուտների չափի, կրթության և հեղինակության մակարդակի առավել մեծ տարբերությունը: Եթե նախկինում գերիշխում էր հակասությունը աշխատավորների և իշխանությունն ու սեփականությունը տնօրինող նոմենկլատուրայի միջև, ապա այժմ կարելի է առանձնացնել հինգ խոշոր սոցիալական խումբ. 1) վարչական վերնախավ (իշխող վերնախավ), որը բաղկացած է հին կուսակցական նոմենկլատուրայի առաջին և երկրորդ էշելոններից և սերտաճել է քաղաքական նոր ընտրախավի հետ, 2) բանվոր դասակարգ, որը բաժանվում է խմբերի ըստ ճյուղային, որակավորման, ժողովրդագրական և այլ հատկանիշների, 3) մտավորականություն, որը նույնպես բաժանվում է մի շարք սոցիալական խմբերի ըստ տարբեր հարաչափերի, 4) "նոր բուրժուազիա"` ձեռնարկատերեր, բանկիրներ և այլն, 5) գյուղացիություն:

Շտկողական-դաստիարակչական աշխատանք

Հատուկ հնարքների և միջոցառումների տեսակ, որն ուղղված է զարգացման շեղմամբ երեխաների շեղումների հաղթահարմանը կամ մեղմմանը: Տերմինը երևան եկավ XIX դ. վերջերին-XX դարի սկզբներին՝ Մ. Մոնտեսորիի և Օ. Դեկբոլիի գործունեության առնչությամբ և երկար ժամանակ օգտագործվում էր միայն մտավոր հետամնաց երեխաների հետ տարվող աշխատանքների ժամանակ: Շ.դ.ա. ուղղված է ոչ միայն առանձին խանգարումները շտկելուն, այլև երեխայի անհատականության ձևավորմանը, այն ընդգրկում է շեղումներով երեխաների բոլոր կատեգորիաները և իրականացվում է մանկավարժների ու բժիշկների համատեղ գործունեությամբ:

Շտկողական ուղղվածությունը յուրահատուկ է ողջ ուսումնադաստիարակչական աշխատանքին, որ տարվում է շեղումներով երեխաների հետ: Այն կախված է երեխայի  զարգացման շեղման բնույթից և անհատական առանձնահատկություններից, սակայն մի շարք խնդիրներ ունեն ընդհանուր բնույթ և կիրառելի են խանգարումների բոլոր տեսակների նկատմամբ: Այդ միջոցառումներն ուղղված են երեխայի անհատականության զարգացմանը, նրա օրգանիզմը կոփելուն, շարժումների, զգայական փորձի և մտածողության զարգացմանը, երեխային իր ուժերի չափով աշխատանքի մեջ ընդգրկելուն և այլն: Որքան շուտ է սկսվում շտկումը, այնքան հաջողությամբ և ամբողջությամբ է հաղթահարվում շեղումը: Շ.դ.ա. լրիվ ու բազմակողմանի իրականացվում է հատուկ նախադպրոցական հիմնարկներում` կազմելով դրանց ծրագրերի յուրօրինակ բովանդակությունը:

Նախադպրոցական տարիքի զարգացման շեղումով բոլոր երեխաների հետ տարվող Շ.դ.ա-ի մեջ գերիշխում է ուսուցման գործընթացը, որը նախատեսում է փոխհատուցումային հնարավորությունների զարգացումը և օգտագործումը: Այսպես, անհրաժեշտ է խուլ երեխաներին սովորեցնել բառերի արտասանություն, ընթերցանություն, կույր երեխային` տարածության մեջ կողմնորոշվել, շրջապատող աշխարհն ընկալել շփվելու և լսելու օգնությամբ: Կույր, խուլուհամր երեխայի դաստիարակությունն սկսվում է տարրական հմտություններ ուսուցանելով (սնվել, քայլել, հիգիենայի հմտություններ և այլն): Զարգացման խանգարում ունեցող երեխային պետք է ուսուցանել նրա տարիքին հատուկ գործունեության տեսակ` խաղ: Նախադպրոցական հիմնարկներում անցկացվող Շ.դ.ա-ի շնորհիվ` զարգացմզն շեղումներով երեխաները դպրոցական տարիքի հասնելիս պատրաստ են լինում սովորելու համապատասխան դպրոցներում: Թեթև խանգարումներով տառապող որոշ երեխաներ (օրինակ` խոսքի հնչյունաբանական խանգարում) պատրաստ են լինում հանրակրթական դպրոց ընդունվելուն:

Շ.դ.ա. բոլոր հատուկ դպրոցներում իրականացվում է հանրակրթական առարկաների ուսուցման ընթացքում, բացի այդ, կրտսեր դասարաններում այս կամ այն ձևով անց է կացվում նախնական ուսուցում: Մտավոր սահմանափակումներ ունեցող երեխաների դպրոցներում ուսուցման նախնական փուլում առանձնացվում է մի ամբողջ ժամանակահատված` շտկողական միջոցառումների համար: Հատուկ ուշադրություն է դարձվում լոգոպեդական խմբային կամ անհատական պարապմունքներին, ինքնասպասարկման հմտությունների դաստիարակմանը:
Խուլ երեխաների դպրոցների ցածր դասարաններում անց են կացվում առարկայական-գործնական ուսուցման հատուկ դասեր: Այդ պարապմունքների ժամանակ երեխաները տիրապետում են կենցաղային հասկացությունների լայն շրջանակի, նրանց սովորեցնում են ձեռքի աշխատանքի հմտություններ, ակտիվանում է նրանց հաղորդակցվելու պահանջմունքը, խթանվում է բանավոր խոսքի զարգացումը:

Հոգեկան դանդաղ զարգացումով երեխաների դպրոցում անց են կացվում շտկողական պարապմունքներ` "ծանոթություն շրջակա աշխարհի հետ և խոսքի զարգացում", որոնց նպատակն է վերացնել նախադպրոցական հասակում ստացած գիտելիքների պակասը:
Հանրակրթական առարկաների դասավանդման նպատակն է գիտելիքներ տալ սովորական դպրոցի ծրագրին մոտեցված ուսումնական ծրագրերի ծավալով: Հատուկ դպրոցում աշխատանքային նախապատրաստությունն ունի շտկողական-դաստիարակչական մեծ նշանակություն: Այն օգնում է երեխաներին տիրապետել մատչելի մասնագիտության և նրանց նախապատրաստում է հանրօգուտ գործունեության:

Շ.դ.ա. խնդիրներն իրագործելու համար, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում և կիրառվում են հատուկ դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ուսուցման տեխնիկական միջոցներ:

Շտկողական մանկավարժություն

Գիտություն զարգացման խանգարումներով երեխաների հոգեֆիզիկական զարգացման առանձնահատկությունների, նրանց ուսուցման և դաստիարակության օրինաչափությունների ու մեթոդների մասին:

Շտկողական մանկավարժության մեջ մտնում են մի շարք բաժիններ՝ սուրդոմանկավարժություն, տիֆլոմանկավարժություն, օլիգոֆրենամանկավարժություն, լոգոպեդիա: Բացի այդ շտկողական մանկավարժությունը ուսումնասիրում է հենաշարժողական շեղումներով, հոգեկան զարգացման հապաղումով և բարդ խանգարումներով երեխաների ուսուցման ու դաստիարակության հարցերը:

Շտկողական մանկավարժությունը  ձևավորվել է նրա առանձին բնագավառների զարգացման և սերտացման, ընդհանուր օրինաչափությունների որոշման և տարբեր շեղումներով երեխաների ուսուցման ու դաստիարակության արդյունքում:
Շտկողական մանկավարժությունը սահմանում է տարբեր կարգի շեղումներով երեխաների զարգացման օրինաչափությունները, խանգարումների շտկման ընդհանուր սկզբունքները՝ առաջին հերթին ուշադրություն դարձնելով ոչ թե խանգարման և զարգացման սահմանափակ մակարդակի, այլ երեխայի պոտենցիալ հնարավորությունների վրա:

Զարգացման խանգարումներով երեխաների ուսումնասիրության համակարգային մոտեցման հիման վրա մշակվել է նրանց զարգացման, շեղումների շտկման և փոխհատուցման գործողությունների գիտական հիմնավորումը, ձևավորվել է հատուկ ուսումնական հաստատությունների տարբերակված համակարգ:

Շտկողական մանկավարժությունը սերտորեն կապված է մանկավարժական, հոգեբանական, բժշկական, կենսաբանական, տեխնիկական և միախումբ հասարակական գիտությունների հետ:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան