Սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց անկախ կյանք

Սոցիալական տեխնոլոգիա, որը հիմնված է սոցիալական և ստեղծագործական զարգացման մեջ հաշմանդամների լիարժեք ինտեգրման սոցիալ-հոգեբանական կառույցի վրա:

Փիլիսոփայական ընկալմամբ` անկախ կյանքը անձի մտածողության եղանակն է, հոգեբանական կողմնորոշումը, որը կախված է այլ մարդկանց, հասարակության և շրջակա միջավայրի հետ նրա փոխհարաբերություններից: Սոցիալ-քաղաքական նշանակությամբ` անկախ կյանքը մարդու իրավունքն է` լինել հասարակության անբաժանելի մասը և ակտիվորեն մասնակցել նրա կյանքի բոլոր կողմերին, ազատ ընտրության և ինքնորոշման իրավունքը: Անձի համար բոլոր ժամանակներում կարևոր և արժեքավոր է ընտրության ազատությունը, որը կախված է անհատի սոցիալացման աստիճանից՝ մի կողմից, հասարակության և հասարակական հարաբերությունների զարգացման աստիճանից` մյուս կողմից: Հասարակության անդամների փոխկախվածությունը  նրանց չի զրկում ընտրության ազատությունից:

Անկախ կյանքի գաղափարախոսությունը հաշմանդամությունը դիտում է որպես քայլելու, տեսնելու, լսելու, խոսելու կամ սովորական ձևով մտածելու մարդու ունակության սահմանափակում, որը պայմանավորված է հոգեբանական, ֆիզիոլոգիական, գործառնական խանգարումներով կամ անոմալիաներով: Հաշմանդամ մարդն այդ հնարավորությունների իրականացման համար օգնություն կարող է ակնկալել և ստանալ սոցիալական ծառայություններից, որոնց ստեղծումը հասարակության մեջ պետք է լինի նորմ, եթե նա ղեկավարվում է մարդու իրավունքների հավասարության սկզբունքով:

Հաշմանդամությունը պատմականորեն դիտարկվել է, նախևառաջ, բժշկական տեսակետից և բնորոշվել է հաշմանդամ մարդու հոգեբանական, ֆիզիոլոգիական, կազմախոսական "նորմալության" կամ "աննորմալության" տերմիններով: Հետո այն ստացավ ավելի լայն մեկնաբանություն, ներառյալ այն հարաբերությունները, որոնք ձևավորվել էին հաշմանդամ մարդու և հասարակության միջև. հաշմանդամությունն սկսեց մեկնաբանվել որպես ժամանակավոր կամ մշտական ֆունկցիոնալ սահմանափակումներ, որոնք հանգեցնում են մարդու հնարավորությունների սահմանափակման: Երկար տարիներ հաշմանդամ մարդկանց հանդեպ տարվող քաղաքականությունն անընդհատ փոխվել է` արտացոլելով հասարակության, հասարակական հարաբերությունների և շրջակա միջավայրի զարգացման աստիճանը: "Արատ", "հաշմանդամություն", "անաշխատունակություն" տերմինների բովանդակությունը ճշգրտվել է գործունեության տարբեր բնագավառներում, ինչպիսին են բժշկությունը, կրթությունը, վիճակագրությունը, քաղաքականությունը, սոցիոլոգիան, ժողովրդագրությունը, տնտեսությունը և այլն: Մարդկության կուտակած փորձի, հաշմանդամության մասին գիտելիքների խորացման և դրա հետ կապված հիմնախնդիրների ընկալման ընդլայնման շնորհիվ այն սկսեց դիտարկվել մարդու անհատական կարողությունների տեսակետից` մի կողմից, և հասարակության զարգացման աստիճանից` մյուս կողմից:
Ներկայումս հաշմանդամությունն ավելի լայնորեն է հարաբերակցվում մարդու կարիքների ու պահանջմունքների և այդ կարիքներն ու պահանջմունքները բավարարելու` հասարակության ընդունակության հետ: Հաշմանդամությունն ավանդաբար, որպես բժշկական տերմին ընկալելը հաշմանդամ մարդուն զրկել է որպես հասարակության անդամ սոցիալական նշանակությունից` նրան վերապահելով պասիվ հիվանդի դեր, որն ամբողջովին կախված է այլ մարդկանց հոգատարությունից ու օգնությունից և, հետևաբար, ինքնորոշման և ընտրության ազատության ոչ մի հնարավորություն չունի:

Անձի սոցիալականացման գործընթացը նրա մեջ ամրապնդում է գործունեության բազմազան տեսակների իրականացման միջոցով հասարակական կյանքին ակտիվորեն մասնակցելու պահանջմունք և ունակություն: Հաշմանդամ մարդիկ համախմբվում են՝ իրենց սոցիալական կարգավիճակը փոխելու, այսինքն` հասարակության մեջ լիարժեք գործունեության, ստեղծարար գոյության, լիիրավ գործառնության իրենց իրավունքներն ու ընդունակությունները ճանաչել տալու համար: Հաշմանդամության ամենալուրջ ձևեր ունեցող մարդկանց մի խումբ նախաձեռնեց հաշմանդամության հիմնախնդրի առավել լրիվ ու ընդգրկուն ընկալման և հասարակության կյանքին իրենց ակտիվ մասնակցության սոցիալական ծառայությունների ձևերի որոնումը: Այդ խումբն սկիզբ դրեց անկախ կյանքի համար շարժմանը` ողջ աշխարհի առաջ հարց դնելով. "Ի՞նչը կարող է հաշմանդամ մարդուն այնպիսի ուժ տալ, որը կապահովի հասարակության մեջ նրա հավասարությունը": Այդ շարժման գլխավոր նախաձեռնողը իրավամբ համարվում է Էդվարդ Ռոբերտսը, որը ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածքից հետո գամված էր հաշմանդամի սայլակին: 1962թ. Ռոբերտսը դարձավ առաջին հաշմանդամ ուսանողներից մեկը. նա սովորում էր Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանում: Տեղաշարժվելով միայն սայլակի օգնությամբ, Էդը չէր կարող ապրել առանց լրացուցիչ թթվածնի և ստիպված էր ժամանակի մեծ մասն անցկացնել բարոխցում: Նա սովորում էր համալսարանում, ապրում հոսպիտալում, քանի որ հատուկ պայմանների կարիք ուներ: Երկու տարվա ընթացքում Էդվարդը դարձավ հաշմանդամ ուսանողների իսկական առաջնորդ: Տասը հաշմանդամ ուսանողները միավորվեցին և մշակեցին իրենց առաջին ծրագիրը` հոսպիտալի պայմաններում ապրելու ծրագիր: Ծրագրում հստակ նշված էր, որ հաշմանդամի սայլակով մարդը կարող է մյուսներին հավասար սովորել, եթե ճարտարապետական միջավայրը մատչելի լինի նրա համար: Հետո լրացում արվեց. հաշմանդամի սայլակով մարդը կարող է ապրել լիարժեք կյանքով, եթե ճարտարապետական միջավայրը նրան մատչելի լինի, և եթե պետությունը նրան տրամադրի սոցիալական ծառայությունների համակարգ, ում նա կկարողանար փոխանցել իր խնդիրները:

Այսպես 1970թ. ծնվեց հաշմանդամության ամենալուրջ ձևերն ունեցող ուսանողների կրթության ծրագիրը: Դրա հիմքում դրվել էր մի սկզբունք, որը կտրուկ տարբերվում էր նախկինում գոյություն ունեցողներից. հաշմանդամ մարդն ուրիշներից ավելի լավ գիտե, թե ինչպես և ինչով կարելի է իրեն օգնել. նա պետք է ճանաչվի հաշմանդամության հիմնախնդիրների գլխավոր փորձագետ և հնարավորություն ստանա մասնակցելու այն խնդիրների լուծմանն ու որոշումներ կայացնելուն, որոնք շոշափում են իր նման մարդկանց շահերը. նա կարող է ապրել անկախ կյանքով, եթե իր համար ստեղծվեն համապատասխան սոցիալական ծառայություններ, որոնք կօգնեն հաղթահարել ֆիզիկական խոչընդոտները: 1972թ. ստեղծվեց աշխարհում առաջին Անկախ կյանքի կենտրոնը: Դրա նպատակը դարձավ հաշմանդամ մարդկանց ուսուցումը, անկախ կյանքի գաղափարախոսության տարածումը, փորձագիտական խորհրդատվության ծրագրերի իրականացումը, որոնք ամենածանր հաշմանդամություն ունեցող մարդկանց առջև բացեցին անկախ կյանքի ճանապարհը: 1978թ. Գ. Դելոնգը (Անգլիական նոր բժշկական կենտրոն, Բոստոն) ձևակերպեց երեք տեսական դրույթներ, որոնք դրվեցին հանուն անկախ կյանքի շարժման գաղափարախոսության հիմքում և հետագայում դարձան անկախ կյանքի կենտրոնների կառույցում ծառայություններ ստեղծելու հիմնական տարրերը. 

1. սպառողի անկախություն՝ հաշմանդամ մարդը սոցիալական ծառայությունների հիմնական սպառողն է և իր շահերի գլխավոր պաշտպանը, նա պետք է հնարավորություն ունենա մասնակցել հաշմանդամության հետ կապված սոցիալական խնդիրների լուծմանը, 

2. ինքնորոշում՝ հաշմանդամ մարդիկ պետք է, առաջին հերթին, հենվեն իրենց ընդունակությունների և ունակությունների վրա, որպեսզի կարողանան ձեռք բերել այն իրավունքներն ու արտոնությունները, որոնց ձգտում են, 

3. քաղաքական և տնտեսական իրավունքներ՝ հաշմանդամ մարդիկ պետք է հասարակության քաղաքական և տնտեսական կյանքին մասնակցելու իրավունք ստանան:

1978թ. ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես ընդունեց անկախ կյանքի ծրագրերին աջակցելու որոշում` որպես Վերականգնողական ծառայությունների վարչության ծրագրերի մի մաս: 1973թ. Վերականգնման մասին օրենքի մեջ կատարվեց փոփոխություն. "համապարփակ ծառայություններ, որոնք ապահովում են անկախ կյանք": Այսպիսով՝ ամրագրվեց անկախ կյանքի կենտրոնների գոյության իրավունքը, որոնք հիմնվում էին հասարակության աջակցության վրա և իրենց գործունեությամբ օգնում էին հաշմանդամ մարդկանց ուսուցողական նյութերով, տրանսպորտով, ասիստենտների, փորձագետների խորհրդատվության կազմակերպմամբ (գլխավոր փորձագետները իրենք հաշմանդամ էին) և սոցիալական սպասարկման մյուս ձևերի ապահովմամբ: Առաջնահերթ խնդիրներից էին առավել բարդ հաշմանդամություն ունեցող մարդկանց հասարակությանը ինտեգրելը, նրանց աջակցելն ինքնորոշման և սեփական արժանապատվությունը պահպանելու, զանազան գործունեությունների մասնակցելու հնարավորությունն օգտագործելու համար: Վերականգնման օրենքի մեջ կատարված վերոնշյալ փոփոխությունը սկիզբ դրեց հանուն անկախ ապրելու հաշմանդամ մարդկանց շարժման ծավալմանը, որը դուրս եկավ ԱՄՆ-ի սահմաններից: Անկախ կյանքի կենտրոններ ստեղծվեցին Կանադայում, Շվեդիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Անգլիայում:

Հանուն անկախ կյանքի միջազգային շարժումը նպաստեց այլընտրական սոցիալական ծառայությունների ցանցի երևան գալուն, ինչն ուժեղացրեց հաշմանդամ մարդկանց ազդեցությունը քաղաքականության վրա և ամրապնդեց նրանց քաղաքական և տնտեսական իրավունքները, թուլացրեց պրոֆեսիոնալների ազդեցությունը հաշմանդամ մարդկանց շահերը շոշափող որոշումների ընդունման գործում, էականորեն սահմանափակեց հաշմանդամության հիմնախնդրի նկատմամբ պատերնալիստական մոտեցումը, որը սահմանափակ կարողություններով մարդկանց դիտում է որպես պասիվ հիվանդ:

Սահմանափակ կարողություններով մարդիկ

Մարդիկ, ովքեր ունեն ֆունկցիոնալ սահմանափակումներ, ընդունակ չեն որևէ գործունեության՝ հիվանդության, զարգացման շեղումների կամ խանգարումների, առողջության ոչ տիպիկ վիճակի պատճառով, ինչպես նաև անձի հատուկ կարիքներին արտաքին միջավայրի հարմարված չլինելու, բացասական կարծրատիպերի, նախապաշարումների պատճառով, որոնք այդ մարդկանց առանձնացնում են սոցիալ-մշակութային միջավայրում: Մոտ, բայց ոչ նույնական հասկացություն է հաշմանդամություն հասկացությունը:

Հասարակության ժողովրդավարական ինստիտուտների և մարդասիրական միտումների զարգացման հետ մեկտեղ շեշտը դրվում է մարդկանց ոչ թե հատկանիշների, այլ ինքնագնահատման վրա: "Հաշմանդամ" բառը, որը թարգմանվում է որպես "անգործուն", անգլերենում փաստորեն դուրս է մղվել գործածությունից, իսկ դրա կիրառումը ոչ սովորական արտաքին և պահանջմունքներ ունեցող մարդկանց նկատմամբ դիտվում է որպես նրանց իրավունքների ոտնահարում: Այժմ խուսափում են նաև այնպիսի բնորոշումներից, ինչպիսիք են` "խուլ", "կույր", "կակազող"` դրանք փոխարինելով թույլ լսողություն (տեսողություն, խոսքի զարգացում) և նման բառակապակցություններով:

Օրգանիզմի ֆիզիկական կամ հոգեկան զարգացման խանգարումը, ինչպես նաև ֆունկցիոնալ ամեն մի փոփոխություն` ծերացում կամ հիվանդություն, սահմանափակված չէ միայն բժշկական երևույթի շրջանակներով: Այդ խանգարման ազդեցությունն ընտանիքի, շրջապատի կամ հենց անհատի վրա մեծավ մասամբ որոշվում է այն իմաստով, որով օժտում են տվյալ հասարակությունը և մշակույթը: Զարգացման շեղումները գնահատվում են ոչ միայն բժշկական ցուցանիշներով, այլև "նորմալի" և "աննորմալի" մասին գոյություն ունեցող պատկերացումներով: Պատմականորեն հասարակության վերաբերմունքը զարգացման շեղումով մարդկանց նկատմամբ միատեսակ չի եղել: Եվրոպայում միջնադարում գերիշխում էր այն պատկերացումը, որ ֆիզիկական արատը մեղքերի համար պատժի կամ չար ոգիներին պատկանելու նշան է: Այդ վերաբերմունքը հաճախ հանգեցնում էր նրան, որ ֆիզիկական շեղում ունեցող մարդկանցից խուսափում էին և վախենում: Իսկ ոմանք հաշմանդամներին համարում էին հիվանդներ, ընդ որում՝ նրանց գոյության առավել ընդունելի ձև էր համարվում մեկուսացումը, այլ ոչ հասարակության նորմալ կյանքին մասնակցելը: XIX դարի վերջերին - XX դարի սկզբներին զարգացման շեղումներ ունեցող մարդկանց բռնի մեկուսացումը և նույնիսկ նրանց ամլացումն ընդունված էր և արդարացված, օրինակ, "լավասերման" ("եվգենիկայի") տեսությամբ կամ ազգի գենոֆոնդի վերահսկողությամբ:

Այլ ավանդույթներ և վերաբերմունք է բնորոշ հայկական մտածողությանը: Ծանր հիվանդություններով տառապող կամ կենսագործունեության սահմանափակ կարողություններով մարդիկ մշտապես եղել են բարեգործության և գթասրտության օբյեկտ:

Վերաբերմունքի երկու տիպն էլ, որ անցյալում հիմնավորվել է գթասրտությամբ, որպես սոցիալական հավասարակշռության պահպանման միջոց, չեն համապատասխանում ներկայիս  սոցիալական արդարության և իրավահավասարության սկզբունքներին, որոնք դարձել են հասարակության բարոյական հիմքերը:

Մարդու արժանապատվության հարգանքի սկզբունքները՝ անկախ նրա ֆիզիկական և հոգեկան առողջությունից, տարիքից, սեռից, դավանանքից և սոցիալական ծագումից, հիմնված են մարդու իրավունքների պահպանման վրա, այդ թվում՝ բուժսպասարկում, կրթություն և աշխատանք: Իսկական գթասրտության իմաստն ընտանիքների, անհատների և սոցիալական խմբերի կյանքում առաջացած հակասությունների հարթման նպատակով սոցիալական քաղաքականության ողջամիտ միջամտությունն է:

Հայաստանում ներկայումս կարիքավոր մարդիկ և նրանց ընտանիքները թեև ոչ միշտ են անհրաժեշտ օգնություն և աջակցություն ստանում, հարկ է նշել Ս.կ.մ-ների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության դրական միտումները: Միաժամանակ, դեռևս ոչ բնորոշի ընկալման մեջ պահպանվում են կայուն սոցիալ-մշակութային կարծրատիպեր: Զարգացման շեղում  ունեցող մարդկանց սոցիալական մերժումը տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք տարբերվում են ընդհանուր նորմերից:

Ս.կ.մ-ների խնդիրների լուծման գործում կարևոր դեր ունեն սոցիալական աշխատողները: Նրանք պետք է հանդես են գան որպես միջնորդ օգնության կարիք ունեցող մարդու, նրա ընտանիքի և կազմակերպությունների կամ առանձին մասնագետների միջև: Նրանք իրենց աշխատանքում միավորում են փաստաբանի, սոցիալական թերապևտի և անհրաժեշտ ծառայությունների ողջ համալիրը համակարգողի գործառույթները:

Սոցիալականացում

Սոցիալական կյանքին մարդու հաղորդակից լինելու գործընթացը: Այս գործընթացում մարդն ստանում է կարգավիճակային դիրք և դերային հավաքածու (տես՝ Անձ):
 
Մշակույթն իր գլխավոր գծերով չի ժառանգվում գենետիկորեն, այլ սերնդեսերունդ փոխանցվում է Ս-ի միջոցով:
Ս. անհատի կողմից գիտելիքների, նորմերի, արժեքների որոշակի համակարգի յուրացումն է, որը թույլ է տալիս նրան դառնալ տվյալ հասարակության մեջ գործելու ունակ անձնավորություն: Ս. ներառում է ինչպես նպատակաուղղված ներգործություն (դաստիարակություն), այնպես էլ ինքնաբերական ազդեցություն. դա տևական, ակտիվ գործընթաց է, որը տևում է մարդու ծննդից մինչև մահը: Ս-ի հարմարվողական գործառույթը մարդկանց թույլ է տալիս բավարարել իրենց պահանջմունքները, իրագործել հնարավորությունները, ընդունակությունները, փոխհարաբերությունների մեջ մտնել հասարակության մյուս անդամների, սոցիալական խմբերի, ինստիտուտների, կազմակերպությունների և ողջ հասարակության հետ: Մյուս կողմից, Ս. որոշում է բուն հասարակության կայունությունը` ապահովելով նրա զարգացման անհրաժեշտ ժառանգորդությունը:

Անհատի Ս. հիմնականում իրականացվում է խմբային փորձի հիման վրա: Դրա բնույթն ու տեսակը որոշում է հասարակության մշակույթը: Ժողովրդավարական հասարակության մեջ Ս. և՜ ձևով, և՜ բովանդակությամբ կրում է մարդասիրական բնույթ: Ամբողջատիրական ռեժիմներին բնորոշ է անձի իրավունքների և ազատությունների, անհատականության անտեսումը, իշխանության պաշտամունքը, նրան անվերապահորեն ենթարկվելը:

Ս. ներառում է մի քանի առանձնահատուկ փուլ՝ մանկություն, պատանեկություն, հասունություն, ծերություն: Ս. առավել ինտենսիվ կատարվում է մանկության և պատանեկության տարիներին: Ս-ի առաջին գործակալները, որպես կանոն, ծնողներն են: Մանկության փուլում Ս-ի մեխանիզմը բաղկացած է նմանակումից և նույնականացումից:

Նմանակումը երեխայի գիտակցված փորձն է` նմանվել ծնողների, հարազատների, հասակակիցների և այլոց որոշակի վարքագծային մոդելին: Նմանակումը ձևավորվող անձին թույլ է տալիս յուրացնել մշակույթի յուրահատուկ տարրեր, հատուկ գիտելիքներ, հմտություններ, ավանդույթներ, ծեսեր և այլն: Նույնականացումը նշանակում է արժեքների ներքին յուրացում` սովորելու գործընթաց: Դա երեխայի կողմից իր սոցիալական շրջապատի մարդկանց վարքագծի, նրանց սոցիալական դրվածքների և արժեքների յուրացումն է՝ որպես իր սեփական:
Մանկության փուլում աճում է ոչ միայն Ս-ի գործակալների թիվը, այլև հաջորդականորեն փոխվում են դրանց գործունեության ծրագիրն ու բովանդակությունը դեպի բարդացում: Բացի ընտանիքի սոցիալականացնող դերից, աճում է դաստիարակչական հիմնարկների, դպրոցների, զանգվածային լրատվության միջոցների ազդեցությունը:

Չափազանց բարդ է ընթանում Ս-ի պատանեկան փուլը (13-19 տարեկան): Այդ ժամանակահատվածի յուրահատկությունը տարբեր գործակալների` ծնողների, ուսուցիչների, հասակակիցների և աշխարհընկալման ու արժեքների համակարգին զուգահեռ այլ համակարգերի ծագումն է: Պատանեկության փուլին բնորոշ է որոշակի սոցիալական կարգավիճակ ստանալու և սեփական սոցիալական դերերը կատարելու ձգտումը:

Ս. հասուն տարիքում սովորաբար ընթանում է վերընթաց գծով, բայց հատկապես այդ փուլում կարող են ծագել ճգնաժամեր, ձախողումներ, խորտակվել ծրագրեր և հույսեր, ինչպես սուբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ անձի կամքից և ձգտումներից անկախ, օրինակ՝ հասարակական ճգնաժամի կամ լուրջ պատմական փոփոխությունների ժամանակ: Ճգնաժամային իրավիճակը պահանջում է լուրջ վերագնահատումներ, կենսական ծրագրերի և կանխատեսումների փոփոխություններ: Առաջանում է ապասոցիալականացման պահանջմունք: Դա նոր գիտելիքներ, արժեքներ, դերեր, հմտություններ յուրացնելու եռանդուն գործընթաց է: Տեղի է ունենում սոցիալական կաղապարների և կարծրատիպերի արագ ոչնչացում:
Ծերության փուլում վրա է հասնում Ս-ի եզրափակիչ ժամանակահատվածը՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Հաճախ առողջության վատթարացման, օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան կարողությունների թուլացման պատճառով Ս. ձեռք է բերում պասիվ ձև: Սոցիալական կարգավիճակի կտրուկ իջեցումը կենսաթոշակի անցնելու, առողջությունը կորցնելու հետևանքով, սոցիալական դերերի կրճատումն ստեղծում են միայնակության, հոգեկան դատարկության զգացողություն: Տարիքային այդ խումբը պահանջում է սոցիալական աշխատողների հատուկ ուշադրությունը՝ օգնելու և հոգեբանորեն աջակցելու առումով: Ս. գործընթացի հաջող իրականացումից է կախված, թե անձը որքանով կարող է իրագործել իր ընդունակություններն ու հակումները, ձեռք բերել սոցիալական հասունություն, օգտակար լինել հասարակությանը և իր համար ստեղծել կենսագործունեության բարենպաստ պայմաններ:
 
Հասարակության համար Ս-ի գործընթացի հաջողությունն ապահովում է հասարակական կյանքի, բուն սոցիումի վերարտադրությունը:

Ս-ի համակարգի խափանումները բացատրվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ բազում գործոններով: Կապ գոյություն ունի Ս-ի անհաջողությունների և հոգեկան հիվանդությունների միջև: Ս-ի անհաջողություններն ու հաջողությունները կախված են նրա իրականացման մեթոդներից: Այնպիսի բացասական երևույթները, ինչպիսիք են իշխանության չարաշահումը, բռնությունը, կեղծավորությունը, ամբոխավարությունը, բողոք են առաջացնում հասարակական պահանջների դեմ (նոնկոնֆորմիզմ):

Հասարակության մեջ գոյություն ունեցող գույքային, սոցիալական, էթնիկական, կրոնական տարբերությունները լուրջ հետք են թողնում Ս-ի գործընթացի վրա: Սոցիալական տարբերությունների ազդեցությունը գերազանցում է ընդհանուր մշակութային գործոնների ազդեցությանը:

Աղքատ և անբարեկեցիկ ընտանիքներում մեծացած, ռասայական կամ ազգային հատկանիշներով խտրականության ենթարկված երեխաները հաճախ իրենց պահում են մեկուսացված խմբերով, անվստահությամբ են վերաբերում իշխանություններին, սոցիալական աշխատողներին, առանձնանում են շեղված վարքագծով: Սոցիալական անարդարության ամեն մի դրսևորում հանգեցնում է Ս-ի հարմարվողական մեխանիզմների խափանման: Սոցիալական անբարեկեցությունը կարող է ծնել նաև չհաջողված Ս-ի մի այլ արդյունք` անձի ցածր ինքնագնահատական, ավելորդ հարմարվողականություն, սոցիալական պասսիվություն:
Ս-ի թերությունների դրսևորում է շեղվող վարքագիծը: Շեղված վարքի բազմաթիվ ձևերը վկայում են անձնական և հասարակական շահերի հակասության մասին: Շեղված վարքագիծը հաճախ բարդ հիմնախնդիրների լուծումից, կենսական անհաջողություններից հեռանալու, ներքին բարդույթները հաղթահարելու փորձ է և այլն:

Ս-ի մեջ հատուկ դեր են կատարում սոցիալական նորմերը, որոնք մարդկանց պատշաճ վարքագծի մոդելներ են ծառայում: Որպես գործունեության շաբլոններ հանդես եկող նորմերը սոցիալական կարգավորիչներ են: Դրանք ապահովում են գործունեության անհրաժեշտ միակերպությունը, առանց որի հնարավոր չէ մարդկանց համագործակցությունը: Կառուցվածքային-սոցիալական նորմը բովանդակում է վարկած (հիպոթեզ), դիրքավորում (դիսպոզիցիա) և արտոնություն (սանկցիա): Վարկածը ներառում է տվյալներ այն մասին, թե ում և ինչ հանգամանքներում է հասցեագրված նորմը: Դիրքավորումը կոնկրետ պահանջներ է ներկայացնում գործունեության որոշակի տեսակին: Արտոնությունը տեղեկատվություն է կրում խրախուսման կամ պատժի մասին՝ նորմը պահպանելու կամ խախտելու համար: Սոցիալական նորմերը տարբերվում են նշանակությամբ և բովանդակությամբ: Դրանք լինում են կազմակերպական-տեխնիկական, տեխնոլոգիական, քաղաքական, իրավական, բարոյական, գեղագիտական, կրոնական և այլն:

Հասարակության մեջ սոցիալական նորմերը հանդես են գալիս որպես պահանջմունքների և շահերի իրագործման մոդելներ: Ս-ի ընթացքում մարդը տիրապետում է պահանջմունքների մասին նորմատիվ պատկերացումներին: Միայն սոցիալական նորմերով ղեկավարվելու դեպքում է մարդն ընդունակ համագործակցել այլ մարդկանց հետ: Հասարակությանն անհրաժեշտ է պահանջմունքների նորմատիվ կարգավորում: Պահանջմունքների իրագործման ընթացքը ոչ միշտ է համապատասխանում նորմերին, ինչն իր հերթին չի ապահովում Ս-ի հարմարվողական մեխանիզմը:

Սոցիալական ախտորոշում

Հասարակության սոցիալ-տնտեսական, մշակութաիրավական, բարոյահոգեբանական, բժշկակենսաբանական, սանիտարաբնապահպանական վիճակը բնորոշող պատճառահետևանքային կապերի և փոխհարաբերությունների բացահայտման և ուսումնասիրման գիտական գործընթաց: Ավելի նեղ իմաստով` հասարակության, խմբի սոցիալական արժեքների նկատմամբ անհատի վերաբերմունքի ուսումնասիրությունը,  այն սոցիալական խնդիրների էության հետազոտությունը, որոնք դժվարին կենսական իրավիճակներ են ստեղծում անհատի, ընտանիքի, խմբի համար:

Ս.ա-ի գործընթացը բաղկացած է մի քանի փուլից: Հետազոտվող հիմնախնդրի ընդհանուր վիճակը պարզելուց հետո կարելի է անցնել հաջորդ փուլին` տվյալ հիմնախնդրի հետաքրքրող կողմերից յուրաքանչյուրի, ծագած խնդրի ավելի մասնավոր պատճառի ուսումնասիրությանը: Եվ միայն երկրորդ փուլն ավարտելուց հետո  սկսվում է երրորդը` բացահայտված թերությունների վերացման կոնկրետ ծրագրերի մշակումը:
Սոցիալական աշխատանքում ախտորոշումն իրականացվում է հետազոտման որոշակի սկզբունքներով և մեթոդներով, որոնցից հիմնականը օբյեկտիվության սկզբունքն է, որի էությունը սոցիալական երևույթների ճշմարտացի և անկանխակալ վերլուծությունն է: Այն բացառում է փաստերի մեկնաբանման ցանկացած սուբյեկտիվ աղավաղում:

Իրականության մեջ բոլոր երևույթներն ու գործընթացները գտնվում են համընդհանուր փոխկապվածության և փոխազդեցության մեջ, ուստի ախտորոշման մյուս կարևոր սկզբունքը պատճառային պայմանավորվածության սկզբունքն է: Սույն հանգամանքներով որոշվում է նաև համալիր մոտեցման սկզբունքի պահանջները ախտորոշման մեջ հաշվառելու անհրաժեշտությունը: Դրա իմաստը այն բոլոր պայմանների և գործոնների հաշվառման ու վերլուծության անհրաժեշտությունն է, որոնք ծնում կամ նպաստում են որոշակի սոցիալական երևույթի առաջացմանը:

Այդ և մյուս սկզբունքներն ախտորոշման մեջ իրագործվում են հատուկ միջոցների կամ մեթոդների կիրառմամբ: Դրանք կարող են տարբեր լինել և կիրառվել ըստ հետազոտման կոնկրետ նպատակների և խնդիրների: Դրանցից են վիճակագրական, կառուցվածքային, իրավիճակային, գործոնային վերլուծության մեթոդները, տարբերակող մեթոդը, չափումների, մոդելավորման (նախագծման) և կանխատեսման մեթոդները: Նշված բոլոր մեթոդների ամբողջությունը կազմում է որոշակի համակարգ:

Սոցիալական անձնագիր

Կարևորագույն ցուցանիշների համակարգ (տարածաշրջանի, ճյուղի, ձեռնարկության), որը փաստագրորեն արտացոլում է սոցիալական զարգացման վիճակը և հեռանկարները, սոցիալական ներուժը:

Սոցիալական զարգացման կառավարումը բոլոր մակարդակներով իրականացնում են սոցիալական զարգացման ծառայությունները: 1986թ. այդօրինակ ծառայության կարգավիճակը սահմանվել է տիպային կանոնադրությամբ: Շուկայական հարաբերությունների պայմաններում, երբ փոխվում է սեփականության ձևերի հարաբերակցությունը, դրսևորվում է արտադրողների դժկամությունը` միջոցներ ներդնել սոցիալական ոլորտում,  կտրուկ վատթարանում է հասարակության մեջ սոցիալական իրավիճակը: Հենց այդ ժամանակահատվածում էլ սոցիալական զարգացման կառավարման գործընթացը բարդանում է: Կառավարման հիմնական օբյեկտներն են միջոցները, ռեսուրսները և դրանց փոխադարձ կապերը: Անհրաժեշտ է իմանալ դրանց վիճակը և աճի հեռանկարը: Այդ ամենը գիտականորեն հիմնավորելուն, հաշվի առնելուն, համակարգելուն օգնում է Ս.ա.: Ս.ա-ի բովանդակային մասը բնորոշում է կոլեկտիվի կառուցվածքը, աշխատողների աշխատանքային և սոցիալական ակտիվությունը, նրանց աշխատանքի և կենցաղի պայմանները, նրանց կողմից աշխատանքային և ազատ ժամանակն օգտագործելը, պատրաստվածության հանրակրթական և մասնագիտական մակարդակը, վերաբերմունքը տեխնիկական, տնտեսական և սոցիալական այն պայմանների նկատմամբ, որոնք ստեղծված են անմիջականորեն աշխատատեղերում, միջանձնային հարաբերությունները և այլն:

Ս.ա-ի ցուցանիշները թույլ են տալիս օպերատիվ իրականացնել պլանային ցուցանիշների վերահսկողությունը, վերլուծությունը և ճշգրտումը: Դրանով իսկ Ս.ա. նպաստում է տնտեսական և սոցիալական պլանավորման մակարդակի բարձրացմանը, դառնում է աշխատանքային կոլեկտիվում սոցիալական գործընթացների կառավարման գործիք: Ս.ա-ի արդիականությունը և կարևորությունը պլանավորման, կանխատեսման կատարելագործման և սոցիալական գործընթացները կառավարելու գործում որոշվում է նաև նրանով, որ Ս.ա-ի շնորհիվ փոխհատուցվում է անհրաժեշտ տեղեկատվության պակասը, որը բացակայում է հաշվետվության առկա ձևերում: Այդ պատճառով համալիր Ս.ա-ի մշակումը և ներդրումը բոլոր մակարդակներով՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ "տվյալների բանկ" ստեղծելու հիմքն է:

Ս.ա-ում պարունակվող տեղեկատվությունը կարող է օգտագործվել աշխատողների կրթական և մասնագիտական մակարդակը բարձրացնելու, նյութական և բարոյական խթանման մեթոդների կատարելագործման համար գիտատեխնիկական նշանակության մարզային և պետական սոցիալական ծրագրեր մշակելիս և այլն: Շուկայական տնտեսության օրենքներով ու կանոններով տնտեսավարման քաղաքակիրթ ձևերին անցնելու գործընթացը ենթադրում է աշխատանքային կոլեկտիվների սոցիալական պաշարների առավելագույն օգտագործում ոչ միայն տնտեսական արդյունավետության բարձրացման և անվտանգության համար, այլև յուրաքանչյուրի մեջ հանձնարարված գործի համար պատասխանատվություն (իրավական և քաղաքացիական), իր աշխատանքի վերջնական արդյունքի նկատմամբ շահագրգռություն դաստիարակելու համար: Այդ խնդիրների լուծմանը նպաստում է Ս.ա.: Մարզային մակարդակով գիտականորեն հիմնավորված սոցիալական տեղեկատվության առկայությունը էական ազդեցություն կունենա տարածաշրջանի, ճյուղի, ձեռնարկության զարգացման լավագույն ուղիների ընտրության վրա: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ Ս.ա-ի մտնելն ունի գործնական մեծ նշանակություն: Այդ ընթացակարգը թույլ է տալիս օպերատիվ կերպով և որակով որոշել սոցիալական զարգացման մակարդակը և այն համադրել ձեռք բերված տեխնիկական, տնտեսական, սոցիալական և կազմակերպական ցուցանիշների հետ, պարզել հարաբերությունները կոլեկտիվում, գնահատել աշխատանքի պայմանները, արդյունավետությունը, սոցիալական երաշխիքները և պաշտպանությունը:

Ս.ա-ի բովանդակությունը թույլ է տալիս.

- որոշել սոցիալական զարգացման մակարդակը և այն համադրել ձեռք բերված տնտեսական ցուցանիշների հետ,

- սոցիալական գնահատական տալ աշխատանքի պայմաններին ու կազմակերպմանը, վարձատրմանը,


- նշանակալի չափով որոշել կադրերի պոտենցիալ հոսունությունը, նրանց հնարավոր տեղաշարժերը,

- պարզել կադրերի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակահարմարությունը և հնարավորությունը,

- ցույց տալ աշխատանքի պայմանների, կազմակերպման և վարձատրման նկատմամբ աշխատանքային կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի վերաբերմունքը (հաշվի առնելով տարիքը, կրթությունը),

- բացահայտել աշխատողների մասնակցությունը սոցիալական կյանքին, աշխատանքային կարգապահության ակտիվացմանը,
- պարզել կոլեկտիվի անդամների` որպես սոցիալական խմբերի ներկայացուցիչների, միջանձնային հարաբերությունները նրանց մասնագիտական կարգավիճակի և պաշտոնական դիրքի առիթով,

- բացահայտել աշխատանքային և ազատ ժամանակի օգտագործման փոխադարձ կապը,

- որոշել կառավարչական գործունեության, կադրերի մասնագիտական առաջխաղացման կարգավորումը կատարելագործելու ուղղությունները,

- գնահատել աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության աստիճանը և նրանց սոցիալական հարցադրումների բավարարման մակարդակը,

- ակտիվորեն գնահատել և ձևավորել բարոյահոգեբանական մթնոլորտը կոլեկտիվում

- ընտրել (կանխատեսել) սոցիալական զարգացման առաջնային ուղիները:

Ս.ա-ի բովանդակային (տեղեկատվական) մասը կարող է ունենալ տարբեր կառուցվածք, բայց պետք է համապատասխանի սոցիալական զարգացման պլանի կառուցվածքին, հակասությունների, հիմնախնդրային իրավիճակների բացահայտմանը, աշխատանքային կոլեկտիվների սոցիալական զարգացման առաջնային ուղղությունների որոշմանը և մեկնաբանմանը:

Սոցիալական անվտանգություն

Մարդու՝ իր պահանջմունքները բավարարելու, անձնական և հասարակական շահերը զուգակցելու հնարավորությունը: Այն ձեռք է բերվում այն ժամանակ, երբ ապահովվում է բնակչության նորմալ կենսամակարդակը, որն արտացոլում է մարդու նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման աստիճանը: Նորմալ կենսամակարդակը ձևավորվում է մի քանի բաղադրիչներից՝ մեկ շնչին ընկնող եկամտի իրական չափ, սպառվող բարիքների և օգտագործվող ծառայությունների ծավալ, ապրանքների և ծառայությունների հաստատուն գներ, բնակարանային ապահովվածություն, կրթություն, բժշկական սպասարկման մատչելիություն, բնապահպանական անվտանգություն և այլն:

Սոցիալական աշխատանք

Մասնագիտական գործունեություն, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները՝ այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ստեղծելով նորերը:

Ս.ա-ի հիմնական նպատակն այցելուի ինքնուրույնության աստիճանի մեծացումն է, իր կյանքն ինքնուրույն կառուցելու և ծագած խնդիրները լուծելու հմտությունների և ունակությունների ձևավորումը: Այցելուի դերում կարող են հանդես գալ անհատները, խմբերը և համայնքները: Ս.ա. գործունեության առանձնահատուկ այն տեսակն է, որը պետական և ոչ պետական օժանդակություն է ցուցաբերում մարդկանց՝ նրանց կյանքի մշակութային, սոցիալական և նյութական մակարդակն ապահովելու նպատակով, անհատական օգնության  է տրամադրում մարդուն, ընտանիքին կամ անձանց խմբին:
Ս.ա. նախևառաջ հարկ է դիտարկել որպես ինքնուրույն գիտություն, ինչը որոշում է նրա տեղը գիտությունների համակարգում: Ինչպես ցանկացած գիտություն, Ս.ա. ունի իր առարկան, օբյեկտը, կատեգորիաների ապարատը: Ս.ա-ի ուսումնասիրության օբյեկտը հասարակության մեջ սոցիալական խմբերի և անձանց կապերի, փոխազդեցությունների, վարքագծի կարգավորման եղանակների և միջոցների գործընթացն է:

 Որպես ինքնուրույն գիտություն՝ ուսումնասիրում է այն օրինաչափությունները, որոնք պայմանավորում են հասարակության մեջ սոցիալական գործընթացների զարգացման բնույթը և ուղղվածությունը:
Ցանկացած գիտության հիմքը կազմում են բազային կատեգորիաներ (որոնք ՙկրում՚ են նրա առարկան բնորոշող հասկացությունները), սկզբունքներն ու օրինաչափությունները: Այդ առումով հարկ է խոսել ամենից առաջ Ս.ա-ի այնպիսի կատեգորիաների մասին, ինչպիսին են.

- կատեգորիաներ, որոնք Ս.ա-ի տեսությանը յուրահատուկ չեն, իսկ նրանց նշած երևույթները և գործընթացներն ուսումնասիրում են նաև այլ գիտություններ (բնական է, որ այդ կատեգորիաների նշած երևույթները պետք է դիտարկի յուրաքանչյուր գիտություն` ելնելով իր առարկայից), օրինակ` սոցիալական, սոցիալականացում, սոցիալական սուբյեկտիվություն, սոցիալական գործունեություն, սոցիալական ակտիվություն, սոցիալական հարաբերություններ և այլն,

- կատեգորիաներ, որոնք նախևառաջ սոցիալական աշխատանքի կատեգորիաներ են, բայց օգտագործվում են նաև այլ գիտությունների կողմից, օրինակ` հոգեսոցիալական աշխատանք, կառուցվածքային սոցիալական աշխատանք, սոցիալական վերականգնում, սոցիալական բարեկեցություն և այլն,

- կատեգորիաներ, որոնք Ս.ա-ի բուն կատեգորիաներն են, օրինակ` կարիքավորների խնամակալություն, բարեգործություն, կամավորություն, մեկենասություն, սոցիալական ապահովություն, սոցիալական ապահովագրություն, սոցիալական կենսագրություն, սոցիալական աշխատող, "սոցիալական ցանցեր" և այլն:

Գիտական կատեգորիաների ապարատի մշակումը Ս.ա-ի տեսության ուսումնասիրման բնագավառում առաջնային խնդիրներից մեկն է: Ս.ա-ի կատեգորիաների համակարգի մեջ պետք է մտնեն, մեր կարծիքով, այն հասկացությունները, որոնք արտացոլում են՝ առաջին. Ս.ա-ի կազմակերպման առանձնահատկությունը սոցիալական պրակտիկայի տարբեր ոլորտներում (օրինակ` Ս.ա. կրթության ոլորտում, Ս.ա. բանակում և այլն), տարբեր հաճախորդների հետ (Ս.ա. հաշմանդամների հետ, Ս.ա. ընտանիքի հետ, Ս.ա. ռիսկի խմբերի հետ), տարբեր սոցիալական իրավիճակներում (Ս.ա. արտակարգ իրավիճակներում, Ս.ա. բնապահպանական անբարենպաստության պայմաններում և այլն): Երկրորդ` մասնագիտական և ոչ մասնագիտական սոցիալական աշխատանքի կազմակերպման տարբեր կողմեր (սոցիալական աշխատանքի էկոնոմիկա, Ս.ա-ի մենեջմենթ, հոգեսոցիալական տեխնոլոգիաներ և այլն): Անկասկած, Ս.ա-ի տեսությունը գնալով կհարստանա նոր կատեգորիաներով ու հայեցակարգերով:
Բացի այդ, Ս.ա. դիտարկում են որպես պրակտիկ գործունեության ձև, որն իրականացնում են արհեստավարժ մասնագետները և նրանց կամավոր օգնականները:
 
Սոցիալական աշխատողը կոչված է  օգնություն ցուցաբերել այն մարդուն, խմբին կամ համայնքին, որոնք հայտնվել են դժվար կենսական իրավիճակում, տեղեկատվության, ախտորոշման, խորհրդատվության, ուղղակի բնամթերային և դրամական օգնության միջոցով, հիվանդների և միայնակների խնամքի և սպասարկման կազմակերպման միջոցով, մանկավարժական և հոգեբանական աջակցության միջոցով, որը օգնության կարիք ունեցողներին կողմնորոշում է սեփական ակտիվությամբ հաղթահարել բարդ իրավիճակները և նրանց օգնում է այդ գործում: Սոցիալական աշխատողները բացահայտում են այցելուների սեփական հնարավորությունները և ակտիվացնում նրանց, որպեսզի կարողանան լուծել իրենց կենսական խնդիրները: Նրանք նաև զբաղվում են անցանկալի վարքագծերի, սոցիալական երևույթների և վիճակների կանխարգելմամբ, նպաստում են սոցիալական հարաբերությունների ներդաշնակեցմանը:

Շ. Ռամոնը և Թ. Շանինը Ս.ա. բնորոշում են որպես մարդու օգնության անձնային ծառայության կազմակերպում: Այն հիմնված է այլասիրության վրա և ուղղված է անձնական և ընտանեկան ճգնաժամերի պայմաններում մարդկանց առօրյա կյանքը թեթևացնելուն, ինչպես նաև, ըստ հնարավորության, նրանց հիմնախնդիրներն արմատապես լուծելուն:

Ս.ա-ի հիմնական նպատակներն են.

- բարձրացնել այցելուների ինքնուրույնության աստիճանը, խթանել նրանց ընդունակությունները` վերահսկելու սեփական կյանքը և առավել արդյունավետորեն լուծելու ծագող խնդիրները,

- ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ այցելուները կարող են առավելագույնս դրսևորել իրենց հնարավորությունները և ստանալ այն բոլորը, ինչ իրենց հասնում է օրենքով,

- հասարակության մեջ մարդկանց հարմարվողականություն և ապահարմարվողականություն,

- ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց առկայությամբ մարդը, չնայած ֆիզիկական խեղման, հոգեկան անկման կամ կենսական ճգնաժամին, կարող է ապրել` պահպանելով սեփական արժանապատվության զգացումը և շրջապատի հարգանքը,

- և որպես վերջին նպատակ` այնպիսի արդյունքի հասնել, երբ սոցիալական աշխատողի օգնության անհրաժեշտությունը "կորչում" է:

Ցանկացած սոցիալական գործունեություն (այդ թվում՝ Ս.ա.) ունի այնպիսի բաղադրիչներ, ինչպիսին են նպատակը, միջոցները, պայմանները:

Ս.ա-ի՝ որպես գործունեության, նպատակը անհատի կամ սոցիալական խմբի սոցիալական գործունեության մեխանիզմների օպտիմալացումն է: Սակայն հարկ է նկատի ունենալ, որ տարբեր հիմքեր գոյություն ունեն Ս.ա-ի տարբեր տեսակների և ձևերի ծագման համար: Այդպիսի հիմք կարող են լինել սոցիալական պրակտիկայի ոլորտները: Եվ այս դեպքում կարելի է խոսել Ս.ա-ի մասին կրթության, առողջապահության, ժամանցի ոլորտներում և այլն, այլ հիմք կարող են լինել Ս.ա-ի այցելուների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները` երիտասարդություն, սոցիալական ռիսկի խմբեր, ինքնասպանության հակված անձինք և այլն, երրորդ` այն հիմնախնդիրների բնույթը, որոնք ծառացել են սոցիալական աշխատողի առաջ: Կարելի է նշել նաև այլ հիմքեր: Բոլոր այդ դեպքերում կկատարվի Ս.ա-ի նպատակների որոշակիացում (օրինակ` կանխարգելումից մինչև շտկում):

Ս.ա-ի յուրաքանչյուր տեսակի պայմանները նույնպես կկոնկրետացվեն, ներառյալ տարբեր մակարդակները և ոլորտները (պետականից մինչև տեղական)՝ քաղաքական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական և էթնոազգային:
Տվյալ դեպքում որպես միջոցներ կարող են դիտարկվել սոցիալական ինստիտուտները, սոցիալական աշխատանքի իրականացման մեթոդները:

Այդ կապակցությամբ հատուկ նշանակություն ունի սոցիալական ծառայությունների տիպաբանացումը գործնական Ս.ա. կազմակերպելու նպատակով: Աշխատանքի տարբեր տեսակների և ձևերի դասակարգման հիմքում կարող են դրվել զանազան սկզբունքներ (դա ինչ-որ չափով պայմանավորված է Ս.ա-ի՝ որպես գործունեության, էության և բնույթի ընկալման տարբեր մոտեցումների առկայությամբ), բայց դրանք բոլորը, վերջին հաշվով, հանգում են հետևյալին. աշխատանք այցելուի հիմնախնդրի հետ, աշխատանք այլ ծառայությունների, հիմնարկների, կազմակերպությունների հետ:

Այս երկու ձևերի ներսում, իր հերթին, կատարվում է Ս.ա-ի տարբեր տեսակների դասակարգում: Այսպես, առաջին դեպքում կարելի է խոսել, մի կողմից, այցելուի հիմնախնդրի բնույթի մասին (ամուսնալուծություն, աշխատանքի կորուստ, մտերիմ մարդու մահ, հաշմանդամություն և այլն), մյուս կողմից` այցելուի յուրահատկությունների մասին, քանզի որպես այցելու կարող են հանդես գալ և անհատը, և խումբը, և համայնքը:

Երկրորդ դեպքում, մի կողմից, խոսքը գործունեության այն ոլորտի մասին է, որի ընթացքում ծագում են այլ ծառայությունների, հիմնարկների, ընկերությունների հետ համագործակցության խնդիրներ (օրինակ` կրթության, առողջապահության, կենցաղի ոլորտ և այլն), մյուս կողմից՝ այդ կազմակերպությունների կարգավիճակի մասին (պետական, կոլեկտիվ, հասարակական, բարեգործական, մասնավոր և այլն):
Բացի այդ, Ս.ա. դիտարկում են որպես ուսումնական առարկա: (Մասնագետների ուսուցում ՀՀ բուհերում):

Սոցիալական աշխատողների պատրաստման նպատակն ամբողջ աշխարհում մասնագետների նկատմամբ պահանջարկի բավարարումն է, կրթության միջոցով ,,սոցիալական աշխատանք,, մասնագիտության զարգացումը:

Եվ վերջապես, Ս.ա. դիտարկվում է որպես հասարակական ֆենոմեն:

Սոցիալական գործունեությունը հիմնվում է մարդասիրական և ժողովրդավարական տարբեր իդեալների վրա: Այն ունի հինգ կողմ՝ սոցիալ-տնտեսական, ազգային-աշխարհագրական, քաղաքական, մշակութային, հոգևոր:

Ազգային-աշխարհագրական կողմ: Ամբողջ գործունեությունն իրականացվում է որոշակի ժողովրդի միջավայրում, որոշակի սահմանների շրջանակներում՝ հիմնարկներ, երկրներ, տարածաշրջաններ, տեղական մարմիններ:

Քաղաքական կողմ: Յուրաքանչյուր երկիր ունի իր քաղաքական համակարգը: Այդ համակարգը որոշում է պրակտիկ գործունեության իրականացման պայմանները` անկախ այն բանից, ազատակա՞ն է, թե՞ բռնապետական, սոցիալիստակա՞ն, սոցիալ-ժողովրդավարակա՞ն, թե՞ կապիտալիստական:

Սոցիալ-տնտեսական կողմ: Մարդու հիմնական ակնկալություններն են պատշաճ կենսապայմանները, աշխատանքային գործունեության, առողջապահության և կրթական համակարգերի, սոցիալական ապահովության և սոցիալական սպասարկման մատչելիությունը: Ցանկացած խմբում կամ երկրում սոցիալական համաձայնությունը նշանակալի չափով կախված է առկա ռեսուրսների արդարացի բաշխումից:

Մշակութային կողմ: Առանձին անձանց, ընտանիքների, խմբերի, հանրույթների և երկրների ավանդույթները, համոզմունքները, ակնկալությունները և մշակույթը պետք է հարգվեն:

Հոգևոր կողմ: Ցանկացած հասարակություն ունի իր արժեքների համակարգը: Ուստի սոցիալական աշխատողները պետք է անպայման ուշադրություն դարձնեն այն մարդկանց հոգեկան աշխարհին, արժեքներին, փիլիսոփայությանը, բարոյականությանը, ինչպես նաև ակնկալիքներին ու իդեալներին, ում հետ նրանք աշխատում են:

Սոցիալական աշխատանքն իրավախախատների հետ

Մասնագիտական գործունեություն, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները՝ այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ստեղծելով նորերը:

Ս.ա-ի հիմնական նպատակն այցելուի ինքնուրույնության աստիճանի մեծացումն է, իր կյանքն ինքնուրույն կառուցելու և ծագած խնդիրները լուծելու հմտությունների և ունակությունների ձևավորումը: Այցելուի դերում կարող են հանդես գալ անհատները, խմբերը և համայնքները: Ս.ա. գործունեության առանձնահատուկ այն տեսակն է, որը պետական և ոչ պետական օժանդակություն է ցուցաբերում մարդկանց՝ նրանց կյանքի մշակութային, սոցիալական և նյութական մակարդակն ապահովելու նպատակով, անհատական օգնության  է տրամադրում մարդուն, ընտանիքին կամ անձանց խմբին:
Ս.ա. նախևառաջ հարկ է դիտարկել որպես ինքնուրույն գիտություն, ինչը որոշում է նրա տեղը գիտությունների համակարգում: Ինչպես ցանկացած գիտություն, Ս.ա. ունի իր առարկան, օբյեկտը, կատեգորիաների ապարատը: Ս.ա-ի ուսումնասիրության օբյեկտը հասարակության մեջ սոցիալական խմբերի և անձանց կապերի, փոխազդեցությունների, վարքագծի կարգավորման եղանակների և միջոցների գործընթացն է: Որպես ինքնուրույն գիտություն՝ ուսումնասիրում է այն օրինաչափությունները, որոնք պայմանավորում են հասարակության մեջ սոցիալական գործընթացների զարգացման բնույթը և ուղղվածությունը:

Ցանկացած գիտության հիմքը կազմում են բազային կատեգորիաներ (որոնք ՙկրում՚ են նրա առարկան բնորոշող հասկացությունները), սկզբունքներն ու օրինաչափությունները: Այդ առումով հարկ է խոսել ամենից առաջ Ս.ա-ի այնպիսի կատեգորիաների մասին, ինչպիսին են.

- կատեգորիաներ, որոնք Ս.ա-ի տեսությանը յուրահատուկ չեն, իսկ նրանց նշած երևույթները և գործընթացներն ուսումնասիրում են նաև այլ գիտություններ (բնական է, որ այդ կատեգորիաների նշած երևույթները պետք է դիտարկի յուրաքանչյուր գիտություն` ելնելով իր առարկայից), օրինակ` սոցիալական, սոցիալականացում, սոցիալական սուբյեկտիվություն, սոցիալական գործունեություն, սոցիալական ակտիվություն, սոցիալական հարաբերություններ և այլն,

- կատեգորիաներ, որոնք նախևառաջ սոցիալական աշխատանքի կատեգորիաներ են, բայց օգտագործվում են նաև այլ գիտությունների կողմից, օրինակ` հոգեսոցիալական աշխատանք, կառուցվածքային սոցիալական աշխատանք, սոցիալական վերականգնում, սոցիալական բարեկեցություն և այլն,

- կատեգորիաներ, որոնք Ս.ա-ի բուն կատեգորիաներն են, օրինակ` կարիքավորների խնամակալություն, բարեգործություն, կամավորություն, մեկենասություն, սոցիալական ապահովություն, սոցիալական ապահովագրություն, սոցիալական կենսագրություն, սոցիալական աշխատող, "սոցիալական ցանցեր" և այլն:

Գիտական կատեգորիաների ապարատի մշակումը Ս.ա-ի տեսության ուսումնասիրման բնագավառում առաջնային խնդիրներից մեկն է: Ս.ա-ի կատեգորիաների համակարգի մեջ պետք է մտնեն, մեր կարծիքով, այն հասկացությունները, որոնք արտացոլում են՝ առաջին. Ս.ա-ի կազմակերպման առանձնահատկությունը սոցիալական պրակտիկայի տարբեր ոլորտներում (օրինակ` Ս.ա. կրթության ոլորտում, Ս.ա. բանակում և այլն), տարբեր հաճախորդների հետ (Ս.ա. հաշմանդամների հետ, Ս.ա. ընտանիքի հետ, Ս.ա. ռիսկի խմբերի հետ), տարբեր սոցիալական իրավիճակներում (Ս.ա. արտակարգ իրավիճակներում, Ս.ա. բնապահպանական անբարենպաստության պայմաններում և այլն): Երկրորդ` մասնագիտական և ոչ մասնագիտական սոցիալական աշխատանքի կազմակերպման տարբեր կողմեր (սոցիալական աշխատանքի էկոնոմիկա, Ս.ա-ի մենեջմենթ, հոգեսոցիալական տեխնոլոգիաներ և այլն): Անկասկած, Ս.ա-ի տեսությունը գնալով կհարստանա նոր կատեգորիաներով ու հայեցակարգերով:
Բացի այդ, Ս.ա. դիտարկում են որպես պրակտիկ գործունեության ձև, որն իրականացնում են արհեստավարժ մասնագետները և նրանց կամավոր օգնականները:

 Սոցիալական աշխատողը կոչված է  օգնություն ցուցաբերել այն մարդուն, խմբին կամ համայնքին, որոնք հայտնվել են դժվար կենսական իրավիճակում, տեղեկատվության, ախտորոշման, խորհրդատվության, ուղղակի բնամթերային և դրամական օգնության միջոցով, հիվանդների և միայնակների խնամքի և սպասարկման կազմակերպման միջոցով, մանկավարժական և հոգեբանական աջակցության միջոցով, որը օգնության կարիք ունեցողներին կողմնորոշում է սեփական ակտիվությամբ հաղթահարել բարդ իրավիճակները և նրանց օգնում է այդ գործում: Սոցիալական աշխատողները բացահայտում են այցելուների սեփական հնարավորությունները և ակտիվացնում նրանց, որպեսզի կարողանան լուծել իրենց կենսական խնդիրները: Նրանք նաև զբաղվում են անցանկալի վարքագծերի, սոցիալական երևույթների և վիճակների կանխարգելմամբ, նպաստում են սոցիալական հարաբերությունների ներդաշնակեցմանը:

Շ. Ռամոնը և Թ. Շանինը Ս.ա. բնորոշում են որպես մարդու օգնության անձնային ծառայության կազմակերպում: Այն հիմնված է այլասիրության վրա և ուղղված է անձնական և ընտանեկան ճգնաժամերի պայմաններում մարդկանց առօրյա կյանքը թեթևացնելուն, ինչպես նաև, ըստ հնարավորության, նրանց հիմնախնդիրներն արմատապես լուծելուն:

Ս.ա-ի հիմնական նպատակներն են.

- բարձրացնել այցելուների ինքնուրույնության աստիճանը, խթանել նրանց ընդունակությունները` վերահսկելու սեփական կյանքը և առավել արդյունավետորեն լուծելու ծագող խնդիրները,

- ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ այցելուները կարող են առավելագույնս դրսևորել իրենց հնարավորությունները և ստանալ այն բոլորը, ինչ իրենց հասնում է օրենքով,

- հասարակության մեջ մարդկանց հարմարվողականություն և ապահարմարվողականություն,

- ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց առկայությամբ մարդը, չնայած ֆիզիկական խեղման, հոգեկան անկման կամ կենսական ճգնաժամին, կարող է ապրել` պահպանելով սեփական արժանապատվության զգացումը և շրջապատի հարգանքը,

- և որպես վերջին նպատակ` այնպիսի արդյունքի հասնել, երբ սոցիալական աշխատողի օգնության անհրաժեշտությունը "կորչում" է:

Ցանկացած սոցիալական գործունեություն (այդ թվում՝ Ս.ա.) ունի այնպիսի բաղադրիչներ, ինչպիսին են նպատակը, միջոցները, պայմանները:

Ս.ա-ի՝ որպես գործունեության, նպատակը անհատի կամ սոցիալական խմբի սոցիալական գործունեության մեխանիզմների օպտիմալացումն է: Սակայն հարկ է նկատի ունենալ, որ տարբեր հիմքեր գոյություն ունեն Ս.ա-ի տարբեր տեսակների և ձևերի ծագման համար: Այդպիսի հիմք կարող են լինել սոցիալական պրակտիկայի ոլորտները: Եվ այս դեպքում կարելի է խոսել Ս.ա-ի մասին կրթության, առողջապահության, ժամանցի ոլորտներում և այլն, այլ հիմք կարող են լինել Ս.ա-ի այցելուների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները` երիտասարդություն, սոցիալական ռիսկի խմբեր, ինքնասպանության հակված անձինք և այլն, երրորդ` այն հիմնախնդիրների բնույթը, որոնք ծառացել են սոցիալական աշխատողի առաջ: Կարելի է նշել նաև այլ հիմքեր: Բոլոր այդ դեպքերում կկատարվի Ս.ա-ի նպատակների որոշակիացում (օրինակ` կանխարգելումից մինչև շտկում):

Ս.ա-ի յուրաքանչյուր տեսակի պայմանները նույնպես կկոնկրետացվեն, ներառյալ տարբեր մակարդակները և ոլորտները (պետականից մինչև տեղական)՝ քաղաքական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական և էթնոազգային:
Տվյալ դեպքում որպես միջոցներ կարող են դիտարկվել սոցիալական ինստիտուտները, սոցիալական աշխատանքի իրականացման մեթոդները:

Այդ կապակցությամբ հատուկ նշանակություն ունի սոցիալական ծառայությունների տիպաբանացումը գործնական Ս.ա. կազմակերպելու նպատակով: Աշխատանքի տարբեր տեսակների և ձևերի դասակարգման հիմքում կարող են դրվել զանազան սկզբունքներ (դա ինչ-որ չափով պայմանավորված է Ս.ա-ի՝ որպես գործունեության, էության և բնույթի ընկալման տարբեր մոտեցումների առկայությամբ), բայց դրանք բոլորը, վերջին հաշվով, հանգում են հետևյալին. աշխատանք այցելուի հիմնախնդրի հետ, աշխատանք այլ ծառայությունների, հիմնարկների, կազմակերպությունների հետ:

Այս երկու ձևերի ներսում, իր հերթին, կատարվում է Ս.ա-ի տարբեր տեսակների դասակարգում: Այսպես, առաջին դեպքում կարելի է խոսել, մի կողմից, այցելուի հիմնախնդրի բնույթի մասին (ամուսնալուծություն, աշխատանքի կորուստ, մտերիմ մարդու մահ, հաշմանդամություն և այլն), մյուս կողմից` այցելուի յուրահատկությունների մասին, քանզի որպես այցելու կարող են հանդես գալ և անհատը, և խումբը, և համայնքը:
Երկրորդ դեպքում, մի կողմից, խոսքը գործունեության այն ոլորտի մասին է, որի ընթացքում ծագում են այլ ծառայությունների, հիմնարկների, ընկերությունների հետ համագործակցության խնդիրներ (օրինակ` կրթության, առողջապահության, կենցաղի ոլորտ և այլն), մյուս կողմից՝ այդ կազմակերպությունների կարգավիճակի մասին (պետական, կոլեկտիվ, հասարակական, բարեգործական, մասնավոր և այլն):
Բացի այդ, Ս.ա. դիտարկում են որպես ուսումնական առարկա: (Մասնագետների ուսուցում ՀՀ բուհերում):

Սոցիալական աշխատողների պատրաստման նպատակն ամբողջ աշխարհում մասնագետների նկատմամբ պահանջարկի բավարարումն է, կրթության միջոցով ,,սոցիալական աշխատանք,, մասնագիտության զարգացումը:
Եվ վերջապես, Ս.ա. դիտարկվում է որպես հասարակական ֆենոմեն:

Սոցիալական գործունեությունը հիմնվում է մարդասիրական և ժողովրդավարական տարբեր իդեալների վրա: Այն ունի հինգ կողմ՝ սոցիալ-տնտեսական, ազգային-աշխարհագրական, քաղաքական, մշակութային, հոգևոր:

Ազգային-աշխարհագրական կողմ: Ամբողջ գործունեությունն իրականացվում է որոշակի ժողովրդի միջավայրում, որոշակի սահմանների շրջանակներում՝ հիմնարկներ, երկրներ, տարածաշրջաններ, տեղական մարմիններ:

Քաղաքական կողմ: Յուրաքանչյուր երկիր ունի իր քաղաքական համակարգը: Այդ համակարգը որոշում է պրակտիկ գործունեության իրականացման պայմանները` անկախ այն բանից, ազատակա՞ն է, թե՞ բռնապետական, սոցիալիստակա՞ն, սոցիալ-ժողովրդավարակա՞ն, թե՞ կապիտալիստական:
Սոցիալ-տնտեսական կողմ: Մարդու հիմնական ակնկալություններն են պատշաճ կենսապայմանները, աշխատանքային գործունեության, առողջապահության և կրթական համակարգերի, սոցիալական ապահովության և սոցիալական սպասարկման մատչելիությունը: Ցանկացած խմբում կամ երկրում սոցիալական համաձայնությունը նշանակալի չափով կախված է առկա ռեսուրսների արդարացի բաշխումից:

Մշակութային կողմ: Առանձին անձանց, ընտանիքների, խմբերի, հանրույթների և երկրների ավանդույթները, համոզմունքները, ակնկալությունները և մշակույթը պետք է հարգվեն:

Հոգևոր կողմ: Ցանկացած հասարակություն ունի իր արժեքների համակարգը: Ուստի սոցիալական աշխատողները պետք է անպայման ուշադրություն դարձնեն այն մարդկանց հոգեկան աշխարհին, արժեքներին, փիլիսոփայությանը, բարոյականությանը, ինչպես նաև ակնկալիքներին ու իդեալներին, ում հետ նրանք աշխատում են:

Սոցիալական աշխատանքը որպես գործունեության տեսակ

Մասնագիտական գործունեության տեսակ, որն ուղղված է բնակչության զանազան խմբերի սոցիալապես երաշխավորված և անձնական շահերի ու պահանջմունքների բավարարմանը, այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են մարդկանց սոցիալական գործունեության ընդունակության վերականգնմանը կամ բարելավմանը:

Սոցիալական աշխատանքը որպես ուսումնական դիսցիպլին

Գործունեության տեսակ, որի նպատակն է ամբողջական պատկերացում տալ սոցիալական աշխատանքի բովանդակության, հիմնական ուղղությունների, գործիքակազմի, տեխնոլոգիաների և կազմակերպությունների մասին, ուսուցանել այդ աշխատանքի մեթոդները, սկզբունքները, դաստիարակել համապատասխան հմտություններ, ձևավորել մասնագիտական արժեքային համակարգ:

Սոցիալական աշխատանքի արդյունավետություն

Աշխատանքի ձեռք բերված այնպիսի արդյունքներ, որոնք բավարարում են այցելուին և սոցիալական աշխատողին: Սովորաբար այդպիսի վիճակ առաջանում է, երբ սահմանված խնդիրները լուծվում են պլանավորված մեթոդներով ու միջոցներով: Շատ կարևոր է, որ հիմնախնդիրը ճիշտ սահմանված լինի, այցելուի մոտ ձևավորվեն իրատեսական սպասումներ: Ս.ա.ա.-ն որոշվում է արդյունքների գնահատման միջոցով: Այստեղ առանցքային խնդիրը արդյունքների չափումն է (նկարագրությունը): Քանի որ արդյունքները և ծախսերը կարող են ենթադրվել, պլանավորվել, ակնկալվել կամ հանդես գալ նպատակների (խնդիրների) տեսքով, ապա աշխատանքի արդյունավետությունը կարող է լինել ենթադրելի (հաշվարկային, պլանավորվող) և փաստացի (իրապես ձեռքբերված): Կարևոր հիմնախնդիրներ են արդյունավետության գնահատումը, արդյունավետության գնահատման առարկաների ընտրությունը, արդյունավետությունը գնահատող սուբյեկտները, արդյունավետության գնահատման մեթոդներն ու մեթոդիկաները, արդյունավետության (անարդյունավետության) վրա ազդող գործոնները: Նշված հիմնախնդիրների մեջ հատուկ տեղ է գրավում Ս.ա.ա-ի չափանիշների և ցուցանիշների հիմնախնդիրը, այսինքն՝ այն գործիքի, որի միջոցով կարող է չափվել (գնահատվել) արդյունավետությունը: Սոցիալական աշխատանքի արդյունավետությունը օպտիմալ ծախսերի դեպքում բնակչության սոցիալական պահանջմունքների առավելագույն հնարավոր բավարարումն է: Բերված բնորոշումը կողմնորոշվում է ոչ այնքան դեպի լրացուցիչ նյութական և դրամական միջոցներ ձեռք բերելը, որքան դեպի գործի սուբյեկտիվ կողմը` կազմակերպում, կառավարում, տեխնոլոգիաներ, մասնագիտական վարպետություն և այլն: 
Ժամանակակից պայմաններում դա է Ս.ա.ա-ի առավել ճիշտ ուղին:

Ս.ա.ա-ի բնագավառի հետազոտություններն սկսվել են 1996թ.: Այդ պատճառով առկա են միայն առաջին գիտական արդյունքները` գլխավորապես կապված ընկալման ապարատի մշակման, մեթոդների և մեթոդիկաների որոշման հետ, որոնց օգնությամբ կարելի է գնահատել արդյունավետությունը:
Մեթոդիկան որոշ կարգի, որոշակի հաջորդականության, մասնավորապես Ս.ա.ա-ի գնահատման նկարագրությունն է: Մեթոդիկաների հիմքում ընկած է գնահատման այս կամ այն մեթոդը կամ մեթոդների խումբը: Մեթոդները գնահատման եղանակներն ու միջոցներն են, որոնք պատասխանում են "Ինչպե՞ս, ի՞նչ ձևով կարող է կատարվել (կամ կատարվում է) արդյունավետության գնահատումը" հարցին: Ուստի հարկ է տալ այն մեթոդների հակիրճ նկարագրությունը, որոնց օգնությամբ գնահատվում է Ս.ա.ա.:

Հարաչափական մեթոդն ընկած է այսպես կոչված "հարաչափական մեթոդիկաների" հիմքում: Այն ենթադրում է երկու առանցքային հարաչափական համադրություն 
1. ինչպիսին է եղել այցելուի վիճակը նախկինում, 

2. այցելուի ներկա վիճակը:

Սույն մեթոդը ենթադրում է այցելուի վիճակի նկարագրությունը "մուտքի ժամանակ" (օրինակ` սահմանափակ շարժողական հնարավորություններով երեխային վերականգնողական կենտրոն ընդունելիս) և "ելքի ժամանակ", այսինքն` վերականգնողական ժամանակահատվածի ավարտից հետո: Այս երկու հարաչափերի տարբերությունն իրենից ներկայացնում է "վերականգնողական արդյունք" կամ արդյունք, որը վկայում է վերականգնողական մեթոդիկաների, վերականգնման կազմակերպման, անձնակազմի որակավորման և այլ միջոցների օգտագործման արդյունավետության մասին:

Հարաչափական մեթոդիկաների մշակման գլխավոր խնդիրներն են. հարաչափերի մշակում և նկարագրություն "մուտքի" և "ելքի" ժամանակ, արդյունավետության և անարդյունավետության հիմնական գործոնների որոշում ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական հարաչափերի տեսանկյունից:

Արդյունավետության գնահատման մեթոդի հիմքում սպասարկվող այցելուիի պահանջմունքների բավարարումն է: Սույն մեթոդն ունի հետևյալ տարատեսակները.

1. ուղիղ գնահատման մեթոդ, երբ պարբերաբար անցկացվում են այցելուների բանավոր և գրավոր (հարցաթերթիկի օգնությամբ) հարցումներ,

2. հարաչափական մեթոդ, որի օգնությամբ համադրվում է ըստ նորմերի, նորմատիվների կամ համապատասխան չափորոշիչների այցելուին հասանելիքը և սոցիալական սպասարկման ընթացքում փաստացի կատարվածը,

3. առաջին և երկրորդ մեթոդների զուգորդում:

Սույն մեթոդները կիրառելիս հարկ է հաշվի առնել այցելուների այսպես կոչված անսպասելի արձագանքները, երբ նրանք սոցիալական պաշտպանության կենտրոններ են դիմում բողոքներով, հարցերով, խնդիրներով, հայտնելով իրենց պահանջմունքները:

Գործընթացը կառավարող սոցիալական սպասարկման կառուցվածքների տեսակետից պետք է տիրապետել այցելուների բավարարված, ոչ լրիվ բավարարված և ինչ-ինչ պատճառներով չբավարարված պահանջմունքների մասին տեղեկատվությանը:
 
Դա թույլ է տալիս առավել նպատակասլած կառուցել սոցիալական սպասարկման աշխատանքը, հասնել անհրաժեշտ արդյունքների, օգտագործել նոր ձևեր և մեթոդներ և այլն:
Արդյունավետության (անարդյունավետության) գնահատման մեթոդը միանգամայն պրագմատիկ մեթոդ է, քանզի թույլ է տալիս համակարգել արդյունավետության և անարդյունավետության գործոնները, դրանք ներկայացնել տեսանելի և համոզիչ, օրինակ` համապատասխան աղյուսակով, մշակել և կատարել տվյալ հիմնարկի գործունեության կատարելագործման ծրագրերը (պլանները):

Նշված մեթոդը կիրառելիս հնարավոր է արդյունավետության գործոնների բաժանումը երեք խմբի.

 1. գործոններ, որոնց գործնական լուծումը կախված չէ "մեր" կառուցվածքից (այսպես կոչված`"վերևի" կամ "օտար" գործոններ), 

2. գործոններ, որոնց գործնական լուծումը կախված է տվյալ հիմնարկից ("մեր" գործոններ), 

3. գործոններ, որոնք գտնվում են "մերի" և "օտարի" սահմանագծին:

Այդ մեթոդի առանձնահատկությունը ոչ միայն "գնահատման բնույթն" է, այլև գործնական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման ուղղվածությունը, որոնք մտնում են անարդյունավետության գործոնների ցանկի մեջ: Ընդսմին՝ կարող են լինել ամենատարբեր իրավիճակներ, երբ մեծ է անարդյունավետության գործոնների ազդեցությունը. պլանաչափ ախտորոշման և կատարելագործման իրավիճակ, "ամենակարևոր հիմնախնդրի" իրավիճակ, "վերևից ճնշման" իրավիճակ, դեպքի իրավիճակ և այլն:

Հարցաթերթիկով հարցումը սոցիալական պաշտպանության հիմնարկների և նրանց աշխատակիցների գործունեության ինչպես արդյունավետության, այնպես էլ անարդյունավետության գնահատման մեթոդներից մեկն է:

Սոցիալական պաշտպանության հիմնարկների գործունեության արդյունավետության գնահատման ժամանակ կիրառվում է նաև ծախսերի գնահատման մեթոդը: Այն ենթադրում է սոցիալական սպասարկման արժեքային գնահատականը (մեկ այցելուի կամ սպասարկվողների ողջ կազմի համար մատուցված ծառայությունների արժեքը): Ընդ որում՝ կարևոր է հարաբերակցել սոցիալական սպասարկման ծախսերն այն ցուցանիշների հետ, որոնք ընտրված են որպես "արդյունքներ", և հաշվի առնել դրանց "տատանումները"՝ արդյունքները բարձրացել են, պահպանվել են նույն մակարդակի վրա կամ վատացել են: Ծախսերը նույնպես կարող են տատանվել՝ աճել, պահպանվել նախկին սահմաններում կամ նվազել: Ըստ այդմ կիրառվում են արդյունավետության գնահատման տարբեր մեթոդիկաներ:

Սոցիալական աշխատանքի բարոյականություն

Բարոյագիտության հարաբերականորեն ինքնուրույն բաժին, ուսումնասիրում է սոցիալական աշխատանքի բարոյագիտական և բարոյախոսական կողմի յուրահատկությունները, բացահայտում է համակարգային բարոյախոսության սկզբունքների իրագործման առանձնահատկությունները բնակչության սոցիալական սպասարկման բնագավառում, սոցիալական ծառայությունների և սոցիալական աշխատողների գործունեության մեջ. հիմնավորում է Ս.ա.բ-ի սկզբունքները, բացահայտում է գործառույթները, որոշում է սոցիալական աշխատանքի բարոյագիտական կատեգորիաների բովանդակության առանձնահատկությունները: Ս.ա.բ. ուսումնասիրում է նաև սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեության բարոյական կողմի բնույթը և բարոյական հարաբերությունները բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում:

Ս.ա.բ. մեծ նշանակություն ունի սոցիալական աշխատանքի պրակտիկայի համար, քանի որ սոցիալական աշխատողների գործելը բարոյական նորմերին համապատասխան՝ էականորեն բարձրացնում է այցելուներին մատուցվող ծառայության որակը: Ս.ա.բ. մշակում է սոցիալական ծառայության աշխատողների և այցելուների, իրենց իսկ սոցիալական աշխատողների, ինչպես նաև սոցիալական աշխատողների ու պետական և ոչ պետական կառույցների ծառայողների փոխհարաբերությունները:
Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիան ընդունել է Սոցիալական աշխատանքի բարոյագիտական սկզբունքների հռչակագիր (1994թ.), որով պետք է ղեկավարվել գործունեության ընթացքում ծագող մասնագիտական-բարոյագիտական խնդիրները լուծելիս:

Ս.ա.բ-ի հիմնական սկզբունքներն են.

- յուրաքանչյուր մարդ արժեքավոր է իր անհատականությամբ, որը պետք է հաշվի առնել և հարգել,

- յուրաքանչյուր մարդ ինքնիրացման իրավունք ունի և պարտավոր է իր ավանդը ներդնել հասարակության բարեկեցության մեջ,

- յուրաքանչյուր հասարակություն պետք է գործի այնպես, որ առավելագույն բարիք տրամադրի իր բոլոր անդամներին,
- սոցիալական աշխատողը պետք է ղեկավարվի սոցիալական արդարության սկզբունքով,

- սոցիալական աշխատողը պարտավոր է իր գիտելիքները և հմտությունները ծառայեցնել առանձին մարդկանց, խմբերի, հանրույթների զարգացմանը, ինչպես նաև անձի և հասարակության հակասությունների լուծմանը,

- սոցիալական աշխատողը պետք է օգնի յուրաքանչյուրին, ով դրա կարիքն ունի,

- սոցիալական աշխատողը պետք է հարգի մարդու հիմնական իրավունքները և գործի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, այդ բնագավառի մյուս միջազգային դաշնագրերին համապատասխան,

- սոցիալական աշխատողը պետք է պահպանի անձնական անձեռնմխելիության, տեղեկատվության պատասխանատու օգտագործման և գաղտնիության սկզբունքը,

- սոցիալական աշխատողը պետք է նվազագույնի հասցնի իրավական հարկադրանքի կիրառումը այցելուի խնդիրները լուծելիս,

- սոցիալական աշխատանքն անհամատեղելի է այնպիսի անձանց, իշխանական կառույցներին ուղղակի կամ անուղղակի աջակցելու հետ, որոնք օգտագործում են ահաբեկչություն, տանջանքներ և այլ բռնի գործողություններ,

- սոցիալական աշխատողը ձեռնարկում է բարոյականորեն արդարացված գործողություններ և հավատարիմ է սոցիալական աշխատողների միջազգային բարոյագիտական չափորոշիչներին:

Բարոյական վարքագծի հիմնական չափորոշիչները ստորաբաժանվում են չորս խմբի. առաջին խումբն ուղղված է սոցիալական աշխատողի և այցելուի բարոյական հարաբերությունների կարգավորմանը, այցելուների հանդեպ սոցիալական աշխատողի վարքագծի որոշակի նորմի իրագործմանը, երկրորդը` գործակալությունների ու կազմակերպությունների և սոցիալական աշխատողի փոխհարաբերություններին, երրորդը` կոլեկտիվի և սոցիալական աշխատողի փոխհարաբերություններում վերջինիս վարքագծին, չորրորդը` մասնագիտությանը վերաբերող չափորոշիչներն են:

Ս.ա.բ-ի բաղկացուցիչ մասն է բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում հետազոտական աշխատանքի բարոյականությունը: Գիտական հետազոտություններով զբաղված սոցիալական աշխատողը պետք է ղեկավարվի գլխավոր սկզբունքով` "Մի վնասիր այցելուին": Նա պետք է հանգամանորեն ծանրութեթև անի իր հետազոտությունների հնարավոր հետևանքները: Այցելուների հետազոտություն անցկացնելիս սոցիալական աշխատողը պետք է գիտենա, որ մասնակիցների համաձայնությունը կամավոր է: Նա պետք է ապահովի հետազոտության մասնակիցների պաշտպանությունը և նրանց մասին ստացված տեղեկատվության գաղտնիությունը: Սոցիալական աշխատողը պետք է իր վաստակը համարի միայն այն աշխատանքը, որը նա իսկապես հաղթահարել է:

Սոցիալական աշխատանքի բարոյամարդասիրական հիմունքները

Գործունեության տեսակի ընտրության և սոցիալական աշխատանքով զբաղվելու հիմնական ներքին խթաններ, հասարակական և անձնական նախադրյալներ:

Բառի նեղ, բուն պատմական իմաստով` մարդասիրություն է կոչվում գրական-փիլիսոփայական մեծ շարժումը, որը ծավալվեց Եվրոպայում XIV- XVI դարերում, Վերածննդի դարաշրջանում: Նոր աշխարհայացք կռած մարդիկ` մարդասերները, ստեղծեցին նոր մարդու իդեալ, որը կրքոտ ձգտում է երջանկության` հակառակ կրոնի արգելող բարոյականության և երկիրը` որպես վշտի հովիտ դիտող ուսմունքի: Մարդասիրությունն ազդարարեց մարդու վեհության մասին, նրա բանականության հզորության մասին, ինքնակատարելագործվելու նրա ունակության մասին: Դա սոցիալական գիտության զարգացման կարևոր առաջընթաց քայլն էր:

Հիմնված լինելով մարդու բնության գիտական ընկալման և հասարակության մեջ անհատների միավորման էության վրա, մարդու բնական, այսինքն` բնածին անքակտելի իրավունքների անվերապահ ճանաչումը, որը հետագայում դրվեց Լուսավորության դարաշրջանի և հաջորդ ժամանակաշրջանների հզոր ավանդույթների հիմքում, հիմք ծառայեց մարդասիրական մտածողության և ապրումների մարդասիրական պատկերացումների և ավանդույթների ձևավորման համար:

Բառի լայն առումով` մարդասիրությունն աշխարհայացք է, անհատի և հասարակության ռացիոնալ-հուզական ոլորտի հիմնական ուղղվածություն: Դա գաղափարների և պատկերացումների պատմականորեն շարժուն համակարգ է, որը ճանաչում է մարդկային անհատի ինքնարժեքը, նրա ազատության, երջանկության, զարգացման և իր ընդունակությունները դրսևորելու իրավունքը:

Այսօրվա դիրքորոշմամբ` մարդու բարօրությունը իրականության բոլոր սոցիալական փոփոխությունների գնահատման չափանիշ է, առաջընթացի արժեքը որոշող ցուցիչ: Իսկ ինքը` մարդը, այլ մարդու համար կարող է լինել միայն նպատակ, այլ ոչ թե ճնշման առարկա, գործիք կամ միջոց: Մարդասիրական աշխարհայացքը սոցիալական իրականությունը նշանակալի չափով դիտարկում է պատշաճության, այլ ոչ թե իրողության տեսակետից` հասարակությանը և առանձին անհատների ներկայացնելով մեծ պահանջներ, որոնց համապատասխանելը հեշտ չէ ոչ սոցիալական առումով, ոչ անձնական պրակտիկայում: Անհատների և խմբերի անշահախնդիր հարաբերությունները դյուրին չեն հաստատվում այն հասարակության մեջ, որտեղ սեփական շահը վեր է ամեն ինչից:

Մարդասիրական աշխարհայացքը հիմնված է մարդու անքակտելի իրավունքների վրա, այդ թվում՝ յուրաքանչյուր մարդու արժանապատիվ, լիարժեք և երջանիկ կյանքի իրավունքի՝ անկախ նրա ազգային, ռասայական, կրոնական, տարիքային, սեռային, անհատական կամ սոցիալական առանձնահատկություններից: Այդ իրավունքներն ի ծնե պատկանում են տղամարդկանց և կանանց, երեխաներին, չափահաս և տարեց մարդկանց, մտավոր և ֆիզիկապես լիարժեք մարդկանց ու հաշմանդամներին: Իհարկե, իրականում շատ սահմանափակումներ կան դրանցից օգտվելու համար, բայց միջազգային բոլոր իրավական փաստաթղթերը, որոնք ետպատերազմյան տարիներին ընդունել է համաշխարհային հանրությունը, ընդգծում են մարդկության հավատարմությունը այդ իրավունքներին:

Այդ հիմնական մարդասիրական թեզիսներից բխում է երկու հետևանք, որոնք կարևոր են աշխարհայացքային և գործնական առումով: Առաջին՝ սոցիալական արդարության սկզբունքը մարդասիրության հիմունքներից մեկն է, հասարակության մեջ փոխհարաբերությունները ներդաշնակող կարգավորիչ: Դրան հետևելը մեծացնում է սոցիալական համակարգի կայունությունը, կենսունակությունը և ճկունությունը, իսկ դրանից շեղումը, որոշակի չափով սահմանն անցնելը սոցիալական համակարգը դարձնում է խոցելի, անկայուն և նույնիսկ անկենսունակ:
Երկրորդ՝ մարդասիրական սկզբունքները պահանջում են իրականացնել անհատի բոլոր իրավունքները, քանզի անհատի թեկուզ մեկ իրավունքի ոտնահարումն անխուսափելիորեն սահմանափակում է մարդկային ազատության ողջ ոլորտն ընդհանրապես: Իհարկե, հասարակությունը և փոքր մասշտաբի սոցիալական ինստիտուտները` խումբը, ընտանիքը և այլն, նշանակում են անհատի հրաժարում և ինքնահրաժարում բացարձակ ազատությունից` հօգուտ հասարակության, ուրիշ մարդու և ուրիշ մարդկանց, որոնք նույնպես, իրենց հերթին, սահմանափակում են իրենց իրավունքները: Սակայն անհատների իրավունքներն ու շահերը բռնի սահմանափակելը` հանուն նույնիսկ ամենաազնիվ վերացական սկզբունքների, մարդասիրական տեսակետից անթույլատրելի է և վաղ թե ուշ առաջացնում է ոտնձգություն անձի հիմնական իրավունքների նկատմամբ և նահանջ մարդասիրական գաղափարներից:

Ընդհանուր առմամբ, միջանձնային և միջխմբային հարաբերությունների մարդասիրական բովանդակությունը պատմականորեն աճում է, ինչը սոցիալական զարգացման օբյեկտիվ օրինաչափություն է: Բացի մարդասիրության սոցիալական նախադրյալներից, կարելի է խոսել որոշակի անձնային հիմունքների մասին, որոնց վրա է կառուցվում մարդասիրական աշխարհայացքն ընդունելը կամ չընդունելը: Իհարկե, որակները և անձնային ուղղվածությունը, որ արտահայտվում են եսասիրություն և այլասիրություն հասկացություններով, միանգամայն սոցիալական ու դաստիարակելի են, դրանք հասարակության և յուրաքանչյուր անհատի մեջ տևական զարգացման արդյունք են: Սակայն կարելի է ենթադրել, որ որոշ կենսաբանական մեխանիզմներ, որոնցով դրանք ձևավորվել են՝ բնազդային և բնածին, մարմնավորում են, առաջին դեպքում՝ անհատի գոյության բնածին նախադրյալները, երկրորդ դեպքում` ցեղի գոյության բնածին նախադրյալները: Այս բավականաչափ նեղ հիմքի վրա աստիճանաբար կառուցվում է անձի ուղղվածության դրսևորումների կոնտինուումը, որը նշանակալի չափով կանխորոշում է մարդասիրական պատկերացումներն ընդունելը կամ չընդունելը:

Այլասիրությունը անհատի կենսական կողմնորոշման սկզբունքն է, որը հիմնված է ուրիշ մարդու և ուրիշ մարդկանց բարօրության մասին հոգ տանելու վրա, այլասերի համար նրանք ավելի կարևոր են, քան իր սեփական հոգսերը: Այլասիրության սկզբունքները և բարոյավարքագծային պրակտիկան, որոնք միշտ բարձր են գնահատվել կրոնական և բարոյական պատվիրաններով, մարդկության պատմության մեջ երբեք լայնորեն տարածված չեն եղել, բայց և երբեք չեն անհետացել, ամբողջովին չեն ոչնչացվել:

Մյուս կողմից, եսասիրությունը անձի կենսական կողմնորոշման սկզբունքն է, որն ուղղված է սեփական "ես"-ի մասին հոգ տանելուն, սեփական շահերը և պահանջմունքները բավարարելուն՝ նույնիսկ ուրիշների շահերն ու պահանջմունքները խախտելու գնով: Անհատական, խմբային, դասակարգային, ազգային և այլ եսասիրությունը հասարակության զարգացման հզոր խթան է, բայց ոչնչով չզսպվելով, ի վերջո, կարող է դառնալ մարդկության կործանման պատճառ տնտեսական, բնապահպանական, պատերազմական կամ որևէ այլ աղետի հետևանքով: Հատկանշական է, որ եսասիրական աշխարհայացքը մարդկության պատմության մեջ երբեք չի եղել համապարփակ, տարբեր դարաշրջաններում միշտ սահմանափակվել է այլասիրության մասնաբաժնով:
Հասարակական բարոյականությունը, անհատական բարոյական վերահսկողությունը մարդկային վարքագիծը կարգավորելու հզոր գործոններ են: Թեև դրանք չունեն օրենքով ամրագրված, արձանագրված նորմեր, բայց բարոյականության պատգամները կարող են լինել ավելի անխախտ, քան իրավաբանական դրույթները: Թող որ դրանց պահպանության գործին լծված չէ պետական բազմաճյուղ ինստիտուտների համակարգը, բայց պարտքի, խղճի, հասարակական կարծիքի` առաջին հայացքից ոչ զգայուն մեխանիզմները, անհատի վարքագիծը անհրաժեշտ շրջանակների մեջ ավելի հուսալի են պահում, քան պատժի վախը:

Սոցիալական աշխատանքը մյուս մասնագիտություններից ավելի շատ է դրվում բարոյական ընտրության և վարքագծի սահմանների մեջ: Սոցիալական աշխատողը պետք է ձգտի բարիք գործել և խուսափի չարիքից: Նրա անձնական վարձատրությունը զգալիորեն արտահայտվում է պարտքի կատարումից ստացած բարոյական բավարարվածության զգացումով, այլ ոչ թե նյութական խրախուսանքով: Նրա գործունեության բուն մոտիվացիան, առաջին հերթին, բացատրվում է սոցիալական պարտադրանքը որպես անհատական պարտք, պարտավորություն ստանձնելով անել այն, ինչը նրա փոխարեն չի կարող անել և ոչ ոք:

Սոցիալական աշխատանքի բովանդակությունն առաջացնում է որոշակի բարոյական բախումներ, որոնք մշտապես ստիպված է լուծել յուրաքանչյուր մասնագետ: Դա, ամենից առաջ, բարու և չարի կատեգորիաների բացարձակ, մետաֆիզիկական, միակերպ մեկնաբանման անկիրառելիությունն է` որպես սոցիալական իրականության և յուրաքանչյուր կոնկրետ այցելուի սոցիալական վիճակի նկատմամբ կատարելապես հակադիր և անկապակցելի բարոյագիտական-բարոյախոսական կատեգորիաներ: Այսպես, յուրաքանչյուր օգնություն իր մեջ կրում է խնամառություն, դաստիարակելու թաքնված վտանգ կամ անձի ազատության նկատմամբ սպառնալիք: Միևնույն ժամանակ, ինքնուրույնության դաստիարակումը, միայն սեփական ուժերին վստահելը հղի է այդ ուժերի գերագնահատումով, այցելուի ընկճվածությամբ, նրա անբարենպաստ սոցիալական ինքնազգացողությամբ:

Բարին և չարը կարող են իրար մոտենալ, ներթափանցել միմյանց մեջ, իրենց բևեռները փոխել սոցիալական իրավիճակի զարգացման տարբեր փուլերում: Ուստի սոցիալական աշխատողը այցելուին աջակցելիս պետք է ամբողջությամբ ու բազմակողմանիորեն վերլուծի նրա սոցիալական խնդիրը և նրա անձի առանձնահատկությունները, որպեսզի օգուտ տա նրան և խուսափի վնասելուց:

Մեր բարոյական գնահատականի խորությունը և բարոյական դատողության հիմնավորվածությունը որոշվում են շատ գործոններով, որոնք ներառում են և՜ անհատական գիտելիքների անբավարարությունը, և՜ բարոյական խոհածության սովոր չլինելը, և՜ խմբային, ազգային ու այլ նախապաշարումներ: Սոցիալական աշխատողը, որպես սոցիալական մենեջեր, որպես անձ, որը փոխում է այցելուի կենսական իրավիճակը, միշտ ենթարկվում է գայթակղության` սեփական բարոյական դատողությունները, հարկավորի և նորմալի մասին իր պատկերացումները համարել բացարձակ և միակ ճշմարիտը: Ընդ որում՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք այդ հարցում նրա սխալվելու հնարավորությունը, մարդկության ողջ սոցիալական պրակտիկան ցույց է տալիս, որ չի կարելի անհատին ստիպել երջանիկ լինել ուրիշի ձևով, չի կարելի նրա վզին փաթաթել ճակատագիր և կյանք: Այդ պատճառով այցելուի կյանքի, մտերիմների հետ նրա փոխհարաբերությունների և իրականության մասին պատկերացումների մեջ ներխուժելու փորձերը միշտ պետք է լինեն տևական խորհրդածության, իրողության համակողմանի վերլուծության հետևանք:
Բացի հասարակական, բարոյականության միասնական պահանջներից, սոցիալական աշխատանքը կարգավորվում է նաև մասնագիտական բարոյականության այնպիսի սկզբունքներով, որոնք են գաղտնիությունը և հանդուրժող լինելը՝  այսինքն, առաջին դեպքում` այցելուի մասին այն փաստերը չհրապարակելու և վստահական օգտագործելու պարտավորությունը, որոնք սոցիալական աշխատողին հայտնի են դարձել իր գործունեության հետևանքով, իսկ երկրորդ դեպքում` այցելուների կրոնական, ազգային, ռասայական, տարիքային, սոցիալական և վարքագծային առանձնահատկությունների (որոնք դուրս չեն գալիս օրենքի շրջանակներից) նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը: Այդ մասնագիտական պահանջների հիմքում ընկած են նաև մարդասիրական սկզբունքները:  

Սոցիալական աշխատանքի գործընթացը

Սոցիալական աշխատողի կողմից այցելուի սպասարկման գործընթացը: Այցելուի դերում կարող են հանդես գալ անհատը, խումբը, համայնքը: Ս.ա.գ.-ն իր մեջ ներառում է մի քանի պարտադիր քայլեր: 
Դրանք են.

1. հիմնախնդրի սահմանում

2. նպատակի որոշում

3. տեղեկությունների հավաքում

4. միջամտության պլանավորում

5. միջամտություն

6. միջամտության արդյունքների գնահատում

7. միջամտության ավարտ:

Այս քայլերի առանձնացումը և նրանց հետևելը սոցիալական աշխատողին օգնում է նպատակասլաց ու արդյունավետ դարձնել այցելուին օգնելու գործընթացը: Այդ գործընթացը պետք է լինի համագործակցություն սոցիալական աշխատողի և այցելուի միջև: Այցելուն պետք է ակտիվ մասնակցություն ունենա իր խնդիրների սահմանման, դրանց լուծման միջոցների և եղանակների ընտրության, և իհարկե, խնդիրների լուծման գործում:

Սոցիալական կարգավիճակ

Հասարակության մեջ անձի կամ սոցիալական խմբի ընդհանուր վիճակ, որը կապված է իրավունքների և պարտականությունների ամբողջության հետ: Դա անձի, սոցիալական խմբի հասարակական դիրքի միասնական ցուցանիշն է, որն ընդգրկում է մասնագիտությունը, որակավորումը, պաշտոնը, նյութական դրությունը, գործնական կապերը, տարիքը, ընտանեկան վիճակը, ազգակցական կապերը և այլն:

Սոցիալական աշխատանքի խնդիրները

Իրականացնել անցումը բոլոր սոցիալական հիմնախնդիրները լուծելու պատրաստակամություն հռչակած պետությունից բուն մարդուն, նրա ինքնուրույն և անկախ վիճակի ամրապնդումը,

- ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ այցելուները կարող են առավելագույնս դրսևորել իրենց հնարավորությունները և ստանալ այն, ինչ օրենքով իրենց հասնում է,

- հասարակության մեջ մարդկանց հարմարվողությունը և ապահարմարվողությունը,

- ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում մարդը, չնայած ֆիզիկական խեղմանը, հոգեկան խանգարմանը կամ կենսական ճգնաժամին, պահպանի սեփական արժանապատվության զգացումը և իր հանդեպ  շրջապատողների հարգանքը:

Սոցիալական աշխատանքի կադրեր

Անձինք, ովքեր աշխատում են սոցիալական պաշտպանության, աջակցության, օգնության և սպասարկման մարմինների և հիմնարկների համակարգում, զբաղեցնում են պաշտոններ և դրա համար օժտված են որոշակի պարտականություններով, իրավունքներով և պատասխանատվությամբ:

Սոցիալական աշխատողներին և մասնագետներին զանազանում են ըստ սոցիալական աշխատանքի (տես` Սոցիալական ծառայության աշխատող):

Ս. ա.կ-ին կարելի է որակավորել որոշակի կառույցում աշխատանքային զբաղվածության և զբաղեցրած պաշտոնների հատկանիշներով.

- սոցիալական պաշտպանության հանրապետական, մարզային կազմակերպությունների աշխատակազմ՝ հանրապետության, մարզերի պաշտպանության մարմինների ղեկավարներ և նրանց տեղակալներ, բաժինների վարիչներ, զանազան բաժինների մասնագետներ,

- կենսաթոշակների և նպաստների նշանակման և վճարման կենտրոնների աշխատակազմ՝ կենտրոնների պետեր և նրանց տեղակալներ, բաժինների պետեր և նրանց տեղակալներ, բաժինների մասնագետներ,

- սոցիալական պաշտպանության շրջանային և քաղաքային մարմինների աշխատակազմ՝ սոցպաշտպանության շրջանային և քաղաքային մարմինների ղեկավարներ և նրանց տեղակալներ, բաժինների պետեր և նրանց տեղակալներ, մասնագետներ,

- սոցիալական սպասարկման ստացիոնար հիմնարկների ղեկավարներ` տնօրեն և նրա տեղակալ, բաժանմունքների վարիչներ, մասնագետներ`բժիշկներ, բուժքույրեր, բուժակներ, հաշվապահներ, հրահանգիչներ, դաստիարակներ, ուսուցիչներ, օրթոպեդներ, հոգեբաններ և այլն,

- բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով` ԲՍՓՀ (մինչև 1997թ.` ԲԱՓՀ)՝ գլխավոր փորձագետներ, հանրապետական, մարզային, քաղաքային ԲՍՓՀ-ի նախագահներ, բժիշկ-փորձագետներ, բուժքույրեր, հոգեբաններ, վերականգնման մասնագետներ, ծրագրավորողներ,

- սոցիալական օգնության ծառայություններ, այդ թվում` սոցիալական սպասարկման կենտրոն՝ կենտրոնի տնօրեն և նրա տեղակալ, գլխավոր հաշվապահ և հաշվապահ, տեսուչ, սոցիալական աշխատանքի մասնագետ, ցերեկային կացության բաժանմունք, բաժանմունքի վարիչ, բուժքույր, մշակութային կազմակերպիչ, աշխատանքային թերապիայի հրահանգիչ. շտապ սոցիալական օգնության ծառայություն` ծառայության վարիչ, հոգեբան, իրավաբան, սոցիալական աշխատանքի մասնագետ, սոցիալական աշխատողներ. տանը սոցիալական օգնության բաժանմունք` բաժանմունքի վարիչ, սոցիալական աշխատողներ:

- քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական ծառայություններ՝ ծառայության պետ և տեղակալներ, սոցիալական աշխատողներ և մասնագետներ, հոգեբաններ, իրավաբաններ,

Սոցիալական աշխատանքի կադրերի, ինչպես նաև գործունեության մյուս ոլորտների անձնակազմերի համար կարևորագույն "պահանջվող հատկությունը" առողջությունն է (ֆիզիկական և հոգեկան), բանիմացությունը և արհեստավարժությունը:

Առողջության պահանջը պայմանավորված է նրանով, որ սոցիալական աշխատանքը եղել և մնում է ֆիզիկական և հոգեբանական տեսակետից դժվար աշխատանք: Ս.ա.կ. բախվում են մարդկային կյանքի ամենատխուր կողմերին` ծերությանը, հաշմանդամությանը, միայնակությանը, որբությանը, անօգնականությանը, անպաշտպանվածությանը, հիվանդություններին և այլն: Հարկ է հաշվի առնել, որ կադրերի մեծ մասը կանայք են, որոնք տղամարդկանց համեմատությամբ ունեն դյուրըմբռնողության, վշտակցության, զգացմունքայնության ավելի բարձր աստիճան:

Ուստի կադրերի առողջության պահպանման և ամրապնդման համար օգտագործվում են (թեև ակնհայտորեն անբավարար չափով) տարբեր համակարգեր` անհատական, խմբային, կոլեկտիվ: Դրանցից են, օրինակ, ինքնապաշտպանության հոգեբանական հնարքները "բացասական հաղորդակցման" իրավիճակներում, հանգստի սենյակները և եղանակները, հոգեբանական բեռնաթափումները, անհատական և խմբային հոգեբուժությունը, պարբերական բժշկական զննությունը և բժշկական օգնության ցուցաբերումը, զեղչ գներով առողջարանի, հանգստյան տան, պանսիոնատի ուղեգիր տրամադրելը, ֆիզկուլտուրայի պարապմունքները և այլն:

Բանիմացությունը՝ որպես կադրերի երկրորդ "պահանջվող հատկություն", կոնկրետ աշխատողի գիտելիքների և ունակությունների համապատասխանությունն է նրա պաշտոնեական խնդիրներին և պարտականություններին, իրավունքների մակարդակին և բովանդակությանը:
Կադրերի բանիմացությունը ապահովվում է հիմնավոր կրթությամբ, պրակտիկ գործունեության ընթացքում ինքնակրթությամբ, գործընկերներից "փորձ պարտք վերցնելով", կարճաժամկետ ուսման տարբեր ձևերով` դասընթացներ, սեմինարներ, միանվագ ծրագրեր և այլն: Բանիմացության բարձրացման վճռորոշ գործոններից մեկը անհատական ճանաչողական մոտիվացիան է` վաղն ավելի շատ իմանալ և անել ավելի լավ, քան այսօր:

Արհեստավարժ լինելու պահանջը նույնպես կարևորագույններից մեկն է սոցիալական աշխատողի գործունեության մեջ: Արհեստավարժությունը մշտապես բարձր մակարդակի վրա պահվող գիտելիքներն ու ունակություններն են, որոնք համապատասխանաբար ապահովում են աշխատանքի և  արդյունքների բարձր որակ:

Ս.ա.կ-ի, ինչպես նաև մյուս ոլորտների կադրերի հետ տարվող աշխատանքի համար գործնականում կարևոր են կադրային քաղաքականությունը, կադրերի ընտրության և տեղաբաշխման սկզբունքները, անձնակազմի ընտրությունը, տեղաբաշխումը, գնահատումը, ռոտացիան, որակավորման բարձրացումը և կարիերան:

Կադրային քաղաքականությունն է` որոշել հեռանկարային և ընթացիկ նպատակները, կադրերի հետ տարվող աշխատանքի խնդիրները, մշակել անհրաժեշտ միջոցառումներ և դրանք իրագործել:

Կադրերի ընտրության և տեղաբաշխման սկզբունքներ` կանոններ, նորմեր, դրույթներ, որոնցով ղեկավարվում կամ որոնց գործնականում հետևում են այդ կառույցում մարդկանց ընտրելիս և տեղաբաշխելիս:

Կադրերի ռոտացիա՝ զբաղեցրած պաշտոնների պարբերաբար փոփոխում: Ռոտացիան ներառում է ինչպես կայունության սկզբունքը (նույն պաշտոնում ինչ-որ ժամանակամիջոց աշխատելը), այնպես էլ տեղափոխման սկզբունքը (պաշտոնի փոխում ինչ-որ ժամկետից հետո)
Անձնակազմի ընտրություն` աշխատողների ի հայտ բերում և գնահատում որոշակի պաշտոնի նշանակելու համար:
Կադրերի տեղաբաշխում` տվյալ կազմակերպական կառույցում աշխատողների տեղաբաշխում, այդ թվում` նշանակում (տվյալ մարդու համար) առաջին պաշտոնում, առաջ քաշում բարձր պաշտոնի, տեղափոխում այլ համամակարդակ պաշտոնի, տեղափոխում ցածր պաշտոնի, անցում գործունեության այլ ոլորտ:

Ս.ա.կ-ի գնահատում` մարդու որակների (ընդունակությունների) մասին տեղեկատվության հավաքում, վերլուծություն և համակարգում, որոշակի ժամանակահատվածում նրա աշխատանքի արդյունքների բովանդակության, մարդկանց հետ շփումների  գնահատում:

Որակավորման բարձրացում` կադրերի պարբերական ուսուցում աշխատանքից կտրված կամ չկտրված, որը նախատեսում է գիտելիքների և ունակությունների լրացում, նորացում և կատարելագործում:

Կադրերի առաջխաղացում (ծառայողական առաջխաղացում)` աշխատողների առաջխաղացում ծառայողական աստիճանակարգի "ներքևից վեր" որոշակի համակարգով: Ս.ա.կ-ի գլխավոր բաղկացուցիչն են սոցիալական պաշտպանության, օգնության ցանկացած համակարգի և նրանց կառավարման մակարդակից է կախված սոցիալական աշխատանքի արդյունավետությունը:

Սոցիալական աշխատանքի կազմակերպական տեսանկյունները

Սկզբունքներ և հարաբերություններ, որոնք ձևավորվում և գործում են բնակչության սոցիալական սպասարկման հիմնարկների և մարմինների համակարգում:

Բնակչության սոցիալական սպասարկման կազմակերպությունները և ղեկավար մարմինները, դրանց անձնակազմը բնակչության սոցիալական պաշտպանության և ծառայությունների մատուցման իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ հարաբերությունների և կապերի մեջ են մտնում. սոցիալական աջակցության կազմակերպությունների և այցելուների միջև, կազմակերպությունների և դրանց կառավարման մարմինների միջև, սոցիալական ոլորտի կառավարման մարմինների, իշխանությունների միջև, տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Այդ հարաբերությունները կարող են դիտարկվել ինչպես ըստ հորիզոնականի՝ իրենց հավասար կառույցների հետ համագործակցություն, այնպես էլ ըստ ուղղահայացի՝ հիերարխիայի (ենթակայության):

Կազմակերպական հարաբերություններն արտացոլում են. 1. ներքին կարգավորվածություն, համաձայնեցվածություն, ամբողջի առավել կամ պակաս տարբերակված և ինքնուրույն մասերի փոխազդեցություն, ինչը պայմանավորված է նրա կառուցվածքով (ՀՀ-ում բնակչության սոցիալական պաշտպանության համակարգը և նրա բաղկացուցիչ օղակները՝ մարզպետարանի սոցիալական պաշտպանության բաժիններ և դրանց ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ), 2. գործընթացների և գործողությունների ամբողջություն, որոնք ձևավորում և կատարելագործում են կապերը, 3. ծրագիրը կամ նպատակը համատեղ իրագործող մարդկանց միավորում, որոնք գործում են որոշակի կանոնների և ընթացակարգերի հիման վրա (նոր ֆունկցիոնալ կառույցների՝ վարչությունների, բաժինների, համակարգող խորհուրդների ստեղծում և այդ կառույցների գործունեություն՝ ընդունված կանոնակարգերի կանոնների, հրահանգների հիման վրա): Սոցիալական աշխատանքի կազմակերպական տեսանկյունները ներառում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին են ղեկավարման ոճը, կադրերը, նպատակների մշակման և որոշումների կայացման ձևերն ու եղանակները, կատարման վերահսկողության իրականացումը, սոցիալական աշխատանքի տեխնոլոգիայի մշակումը և իրացումը: Կազմակերպական աշխատանքի կարևոր տարրն է տվյալ կազմակերպության գործունեության արդյունավետության գնահատումը, այսինքն՝ պարզել, թե ին՞չ չափով է իրագործված կազմակերպության գործունեության նպատակը:

Այսպիսով, սոցիալական աշխատանքի կազմակերպական տեսանկյունները հարաբերակցվում են ամբողջի մասերի գործունեության, վարքագծի և փոխազդեցության հետ. սովորաբար կապված են կառուցվածք, համակարգ, կառավարում հասկացությունների հետ: Ձևավորվել է բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի երեք մակարդակ, որոնք ղեկավարում են համապատասխան մարմիները: Դրանք են՝ պետություն, մարզ, տեղական ինքնակառավարման մարմին, աշխատանքային կոլեկտիվ, ինչպես նաև՝ ոչ պետական (այդ թվում՝ բարեգործական) հասարակական կազմակերպությունները: Համապատասխանաբար որոշվում են կառավարման մարմինները (համակարգերի տեսության մեջ դրանք կկոչվեին ենթակառուցվածքների կառավարիչներ): Պետական մակարդակը ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունն է, մարզայինը՝ մարզի սոցիալական պաշտպանության վարչությունը, այնուհետև գալիս են համայնքային բաժինները և սոցիալական պաշտպանության ու սոցիալական աջակցության զանազան կազմակերպական կառույցները բնակչության որոշակի կատեգորիաների համար՝ ընտանիքի, կանանց, երեխաների, տարեցների, հաշմանդամների և այլն: Սոցիալական պաշտպանության համակարգում կարևոր դեր են կատարում արհեստակցական միությունները, աշխատանքային կոլեկտիվների ինքնակառավարման վարչակազմը, կառույցները, ոչ պետական հասարակական (հիմնականում՝ բարեգործական) կազմակերպությունները:

Սոցիալական աշխատանքի մարմնի կազմակերպական ներուժն իրացվում է նրա կողմից կատարվող որոշակի գործառույթների ամբողջությամբ (համալիր), որոնք բնորոշ են կառավարման տվյալ մակարդակին:

Աշխատանքային կոլեկտիվները սոցիալական պաշտպանության համակարգում ունեն իրենց գործառույթները, որոնք կապված են ողջ համակարգի խնդիրների հետ, բայց, այդուհանդերձ, ունեն հստակ առանձնահատկություն: Նրանք կոլեկտիվ պայմանագրերի մեջ կարող են նախատեսել աշխատողների և նրանց ընտանիքների, ինչպես նաև կենսաթոշակառուների սոցիալական աջակցության (վճարումներ, արտոնություններ, բնամթերային օգնություն և այլն) լրացուցիչ միջոցառումներ՝ ձեռնարկությունների համապատասխան ֆոնդերի հաշվին:
Կազմակերպական գործունեությունը կառուցվում է հետևյալ սկզբունքներով՝ նպատակամղվածություն, օրինականություն, ժողովրդավարություն, խթանում, իրավասությունների և պատասխանատվության միասնություն, կատարման վերահսկողություն, ստուգում և այլն: Նպատակամղվածության սկզբունքը նշանակում է, որ արդյունավետ կարող է լինել նաև բոլոր կառույցների և օղակների հստակ պլանավորված, հորիզոնականի և ուղղահայաց ուղղություններով համակարգված գործունեությունը, որը տանում է դեպի առաջադրված նպատակը: Օրինականության սկզբունքը պահանջում է, որ բոլոր պետական մարմինները, պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիները հստակորեն կատարեն օրենքները և դրանցից բխող իրավական ակտերը: Ժողովրդավարության սկզբունքը ծառայում է որպես նախադրյալ՝ սոցիալական պաշտպանության համակարգի բոլոր օղակների ստեղծագործական ներուժի առավել ամբողջական դրսևորման համար: Այն իրագործվում է գիտական հետազոտություններին մասնակցելու, ծրագրեր մշակելու, որոշումներ կայացնելու և դրանք սոցիալական գործնական աշխատանքում կյանքի կոչելու միջոցով: Խթանման սկզբունքը նպաստում է կատարողին բնակչության սոցիալական պահանջմունքների բավարարման գիտակացված և շահագրգիռ գործունեության մղելուն:
 
Իրավասությունների և պատասխանատվության սկզբունքը պահանջում է յուրաքանչյուր ստորաբաժանման կատարողի, սոցիալական սպասարկում կազմակերպողի հստակ սահամնված լիազորություններ, արդյունավետ կապերի և տեղեկատվական հոսքերի հաստատում՝ սոցիալական պաշտպանության ծառայությունների և ստորաբաժանումների միջև:

Կատարման վերահսկողության և ստուգման սկզբունքը պահանջում է ապահովել բնակչության զանազան խմբերի սոցիալական պաշտպանության պետական երաշխավորված միջոցառումների իրագործումը:

Սոցիալական աշխատանքի կառավարում

1.Սոցիալական աշխատանք կատարող կազմակերպությունների և ծառայությունների վրա ներգործություն՝ ցանկալի ուղղությամբ օբյեկտի նպատակաուղղված փոփոխություններին հասնելու համար: 2. Սոցիալական ծառայությունների ղեկավար մարմինների գործունեության ոլորտ: "Կառավարում" տերմինն ունի ակտիվ, կարգավորիչ, ազդեցիկ-գործուն նշանակություն:

Կառավարման տեսակները որոշվում են այն օբյեկտների առանձնահատկություններով, որոնք նախատեսվում են կառավարման համար (դրա համար պետք է ստեղծել, նախագծել կառավարման համակարգ) կամ՝ որոնք իրապես գոյություն ունեն ինչ-որ ժամանակ (կառավարման գործող համակարգեր):
Սոցիալական կառավարման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այնտեղ սուբյեկտ և օբյեկտ է մարդը: Սոցիալական կառավարումն իր հերթին բաժանվում է ենթատեսակների` պետական, զինվորական, տնտեսական, արտադրական և հասարակական:

Ս.ա.կ. սոցիալական կառավարման տարատեսակ է: Սույն հասկացությունը բազմանշանակ է և արտահայտում է կառավարման տարբեր կողմերը, եզրերը, տեսանկյունները:
Առաջին նշանակությունը` կազմակերպական-կառուցվածքային: Այստեղ առանցքային հիմնախնդիրներն են. "Ո՞վ պետք է կատարի (կատարում է) սոցիալական աշխատանքը", "Ո՞ր մարմինները, ստորաբաժանումները պետք է զբաղվեն (զբաղվում են) դրանով", "Ինչպիսի՞ն է նրանց գործունեության արդյունավետվությունը": Ընդ որում՝ Ս.ա.կ. կազմակերպվում է (կազմակերպված է) տարբեր մակարդակներով` պետական, տարածաշրջանային (տարածքային), տեղական, և ունի կառավարման համապատասխան կազմակերպական կառույցներ` ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն, սոցիալական պաշտպանության (օգնության) կոմիտեներ (վարչություններ), տարածքային ծառայություններ, սոցիալական սպասարկման կենտրոններ:

Երկրորդ նշանակություն` գործառնական: Ս.ա.կ. կատարում է ինչպես ընդհանուր, այնպես էլ կոնկրետ գործառույթներ: Ընդհանուր են համարվում, այսինքն՝ անկախ սուբյեկտի մակարդակից, իրավասությունից և այլն, այնպիսի գործառույթներ, ինչպիսին են կանխատեսումը, պլանավորումը (նպատակադրումը), կազմակերպումը, համակարգումը, խթանումը (մոտիվացիա), մարկետինգը, հաշվառումը, վերահսկողությունը: Կառավարման կոնկրետ մակարդակում, կոնկրետ պաշտոնում ձևավորվում և առկա է ընդհանուր գործառույթների որոշակի հարաբերակցություն: Կոնկրետ գործառույթները աշխատանքի այն տեսակներն են, որոնք վերաբերում են պաշտոնին (պարտականություններ և իրավունքներ), ստորաբաժանմանը (ստորաբաժանման գործառույթներ), ձեռնարկությանը, կազմակերպությանը, հիմնարկին (կատարվող աշխատանքի գործունեության ուղղություն):

Երրորդ նշանակություն` սոցիալական պաշտպանության, օգնության համակարգում տարբեր մակարդակների ղեկավարների գործունեություն: Ղեկավարները կառավարման գործընթացում հանդես են գալիս որպես "առաջատար ուժ", "լոկոմոտիվ": Ղեկավարների արհեստավարժությունից շատ բանով է կախված կառավարման կազմակերպման որակը, արդյունավետությունը: Կարևոր հիմնախնդիր է ղեկավարների ձևավորման, կայացման գործընթացը, մասնագետի անցումը ղեկավարի կարգին և այդ կապակցությամբ անհրաժեշտ մասնագիտական հատկությունների ձեռք բերումը:

 Ղեկավարների գործունեությունը համարվում է կարևոր հիմք գիտական հետազոտությունների, կառավարման` որպես գիտության զարգացման համար:

Ս.ա.կ-ի չորրորդ նշանակությունը` մի շարք տարրեր ներառող գործընթաց: Կառավարման ցանկացած տեսակի հիմքը տեղեկատվությունն է, որը ՙմարդկային համակարգերում՚ այս կամ այն կերպ կազմակերպվում է: Տեղեկատվության հիման վրա կատարվում է նպատակների, խնդիրների որոշում, ձևակերպում և ամրագրում (կազմակերպավարչական փաստաթղթերում): Նպատակային կողմնորոշումը սոցիալական կառավարման կարևոր տարրն է, որին հաջորդում է գործողությունների, միջոցների, միջոցառումների կամ կառավարման որոշումների համակարգը: Կառավարումը որոշակի ձևով կազմակերպվում է գործառույթների բաշխման և կազմակերպական կառույցների, կադրերի (անձնակազմի) ընտրության և տեղաբաշխման միջոցով: Կառավարման գործընթացում կարևոր է նաև նպատակները, խնդիրները և որոշումները կապակցել տեղեկատվական, նյութական, աշխատանքային, ֆինանսական, ժամանակավոր ռեսուրսների հետ: Ռեսուրսներով ապահովելը՝ նախատեսված նպատակների, խնդիրների, կայացվող որոշումների կատարման կարևոր պայմանն է: Կառավարման գործընթացում օգտագործվում են զանազան ձևեր, մեթոդներ կամ միջոցներ, որոնք ապահովում են այս կամ այն արդյունքին հասնելը, և հետադարձ կապը` հաշվառումը, վերահսկողությունը, կատարման ստուգումը: Այսպիսով՝ Ս.ա.կ. մարդկանց նպատակների, խնդիրների առաջադրման և պրակտիկ գործունեության կազմակերպական գործընթացն է:
Հինգերորդ նշանակություն` մասնագիտական գործունեության տեսակ, կառավարչական աշխատանք, որ ներառում է երեք տարր. աշխատանքի առարկա (տեղեկատվություն), աշխատանքի միջոցներ (կազմակերպական, տեխնիկական) և որոշակի գիտելիքներով, հմտություններով և ունակություններով օժտված մարդ: Այս երեք բաղկացուցիչների որոշակի ձևով միացումը կոչվում է աշխատանքի կազմակերպում սոցիալական կառավարման համակարգում: Այս հասկացության մեջ կառավարումը կապված է այնպիսի հիմնախնդիրների լուծման հետ, ինչպիսիք են կադրերի պատրաստումը և ընտրությունը, նրանց որակավորման բարձրացումը, որակավորման բնութագրերի և ՙդաշտային՚ սոցիալական աշխատողների աշխատանքի կազմակերպումը, տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների կառուցումը և օգտագործումը, աշխատանքի մոտիվացիան, կառավարչական աշխատողների աշխատանքի գնահատումը և վարձատրությունը:
Եվ, վերջապես, վեցերորդ նշանակությունը, երբ Ս.ա.կ. դիտարկվում է որպես գիտություն և ուսումնական առարկա:

 Յուրաքանչյուր գիտության հիմքը մեթոդաբանությունն է, այսինքն` մեթոդների համակարգը, որոնք օգտագործվում են գիտական հետազոտություններում: Կառավարման գիտության մեջ կիրառվում է ինչպես ընդհանուր մեթոդաբանական գործիքակազմը (վերլուծությունը, ինդուկցիան, դեդուկցիան, վերացարկումը, համակարգային մոտեցումը և այլն), այնպես էլ առանձնահատուկը` պայմանավորված սոցիալական կառավարման համակարգերի և գործընթացների, գործառույթների և կազմակերպական կառույցի, ղեկավարների և նրանց գլխավորած կոլեկտիվների գործունեության հետազոտման անհրաժեշտությամբ: Կառավարման գիտության մյուս բաղկացուցիչ մասը՝ ընդհանրացված գիտության տեսությունը կամ համակարգն է, որ գոյություն ունի առանձին մարդու (ղեկավարի, մասնագետի) մակարդակով և կոչվում է էմպիրիկ տեսություն, ինչպես նաև նշանակալիորեն մեծ ընդհանրացումների (մակրոտեսության) մակարդակով: Կառավարման` որպես գիտության անհրաժեշտ մասն են նաև մեթոդիկաները, որոնք իրենցից ներկայացնում են գիտական գիտելիքների, գիտական տեղեկատվության ստացման գործիքներ (հետազոտման մեթոդիկաներ), կոնկրետ գործնական հիմնախնդիրների լուծմանն օգնող (գործնական մեթոդիկաներ), խորհրդատվական գործունության մեջ օգտագործվող (ախտորոշման մեթոդիկաներ): Կիրառվում են նաև համալիր մեթոդիկաներ որոշակի հիմնախնդիրների լուծման համար:

 Մեթոդաբանության, տեսությունների (տեղեկատվության, գործառույթների, կազմակերպական կառույցների, կառավարման որոշումների և այլն) և մեթոդիկաների ամբողջությունը հենց սոցիալական կառավարման գիտությունն է: Այդ գիտության և պրակտիկայի կապող օղակը կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման և վերապատրաստման համակարգն է: Այդ համակարգում է տեղի ունենում գիտության փոխակերպումը ուսումնական առարկաների՝ ուսումնական գործընթացի նպատակների և խնդիրների, կադրերի ուսուցմանը հատկացվող ժամանակի ծավալի որոշման հիման վրա: Այլ հավասար պայմանների առկայության դեպքում ուսումնական գործընթացի արդյունավետությունը որոշվում է դասավանդողների որակավորմամբ, նրանց աշխատանքի պայմաններով, ուսման կազմակերպման մակարդակով, ուսուցանվող տեխնոլոգիաներով, ինչպես նաև կառավարման բուն գիտության զարգացման (զարգացածության) աստիճանով:

Սոցիալական աշխատանքի հմտություններ

Սոցիալական աշխատանքի պրակտիկայում մասնագիտորեն անհրաժեշտ գործողություններ իրականացնելու ունակություններ:

 Սոցիալական աշխատողին անհրաժեշտ հմտությունների նկարագրությունը սովորաբար արձանագրվում է մասնագիտության որակավորման բնութագրում կամ այլ գերատեսչական նորմատիվ ակտում: Այսպես, Մեծ Բրիտանիայի Սոցիալական աշխատողների ազգային ասոցիացիան առանձնացնում է սոցիալական աշխատանքի 12 հիմնական հմտություն: Սոցիալական աշխատողը պետք է կարողանա.

 1. ուրիշներին լսել ըմբռնումով և որոշակի նպատակով, 

2. ի հայտ բերել անհրաժեշտ տեղեկատվությունը և ընտրել փաստերը այցելուի սոցիալական պատմությունը կազմելու, գնահատման և հաշվետվության համար, 

3. այցելուներին օգնություն ցուցաբերելիս ստեղծել և պահպանել մասնագիտական փոխհարաբերություններ,

 4. դիտարկել և մեկնաբանել բանավոր և ոչ բանավոր վարքագիծը, օգտագործել անձի տեսության գիտելիքները և ախտորոշման մեթոդները, 

5. այցելուներին (առանձին մարդկանց, ընտանիքների, խմբերի, հանրույթների) ներգրավել իրենց խնդիրների լուծման գործին և հասնել փոխադարձ վստահության, 

6. մտերմաբար և առանց սպառնալիքների քննարկել այցելուի համար բարդ թեմաները, 

7. նոր լուծումներ գտնել այցելուի պահանջմունքները ապահովելու համար, 

8. որոշել բուժական (թերապևտիկ) փոխհարաբերությունների դադարեցման անհրաժեշտությունը, 

9. կատարել հետազոտություններ կամ մեկնաբանել  հետազոտման արդյունքները և մասնագիտական գրականությունը վերլուծել, 

10. բախման կողմերի միջև հանդես գալ միջնորդի և բանակցությունների ղեկավարի դերով, 

11. ծառայություններ առաջարկել կազմակերպությունների միջև կապեր հաստատելու համար, 

12. այցելուների պահանջմունքների և ֆինանսավորման հնարավոր աղբյուրների մասին տեղեկությունները հասցնել հասարակայնությանը, օրենսդիրներին:

Սոցիալական աշխատողի անհրաժեշտ հմտություններն են` հստակ խոսել և գրել, սովորեցնել ուրիշներին, օգնել ճգնաժամային իրավիճակներում, մասնագիտական փոխհարաբերություններում դերային վարքագծի մոդել ծառայել, մեկնաբանել բարդ հոգեբանական երևույթները, մարդկանց օգնելու համար գտնել անհրաժեշտ և մատչելի աղբյուրներ, քննադատաբար գնահատել սեփական գործունեությունը, զգացմունքները և  աջակցությունից կամ խորհրդատվությունից օգտվելու ունակությունը, մասնակցել խմբերի գործունեությանը և ղեկավարել այն, գործել սթրեսային վիճակում, հարթել բախումնային իրավիճակները և շփումներ հաստատել բծախնդիր այցելուների հետ, գործնականում կիրառել սոցիալական  հոգեբանության տեսությունը:
1 2 3 4 >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան