Քաղաքականություն

Ըստ հույն փիլիսոփա Պլատոնի՝ "Քաղաքականությունը միասին ապրելու արվեստ է": Արտացոլում է մարդկանց կենսագործունեության ոլորտը, որը կապված է պետության, քաղաքական կուսակցությունների, հասարակական–քաղաքական շարժումների, կազմակերությունների, առանձին քաղաքացիների հետ, որոնց գործողությունները կոչված են երաշխավորելու մարդկանց այս կամ այն ընկերակցության գործունեությունը, նրանց ընդհանուր կամքի, շահերի և պահանջմունքների իրականացումը:

Քաղաքացիական հասարակություն

Անհատների, կոլեկտիվների և մարդկանց հանրության ազատ, ստեղծագործական կենսագործունեության ոլորտ:

Քաղաքացիների առողջության պաշտպանություն

Քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական, մշակութային, գիտական, բժշկական, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնույթի միջոցառումների ամբողջություն, որոնք ուղղված են յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեկան առողջությունը պահպանելուն և ամրապնդելուն, նրա երկարամյա ակտիվ կյանքը պահպանելուն, առողջությունը կորցնելու դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելուն:

Քաղաքացիների առողջության պաշտպանության մասին օրենսդրության իմացությունը պարտադիր է սոցիալական աշխատողների համար, քանի որ վերաբերում է անմիջականորեն նրանց գործունեության բովանդակությանը: Այն անհրաժեշտ է նաև բնակչության հետ բացատրական, սանիտարական-լուսավորչական աշխատանքներ կատարելու և օպերատիվ որոշումներ կայացնելու համար:

Քաղց և թերսնում

1. ֆիզիոլոգիական և հոգեբանական զգացողություն, որն առաջանում է սննդի պակասությունից, 2. սոցիալական երևույթ, որը պայմանավորված է սննդի պակասով:

Եթե քաղցն ու թերսնումը երկար տևեն, կարող են ազդել մարդկանց առողջության, աճի, վարքագծի, հոգեվիճակի վրա և նույնիսկ սպառնալ նրանց կյանքին: Թերսնումից առաջինը տուժում են բնակչության առավել խոցելի խմբերը՝ նորածինները, երեխաները, հղի և ստնտու կանայք, տարեց մարդիկ: Թերսնումը բնորոշվում է որպես հիվանդություն, որն առաջանում է սննդանյութերի տևական պակասից կամ անհաշվեկշռվածությունից: Քաղցը ռիսկի գործոն է, սուբյեկտի սոցիալական և ֆիզիկական առողջության սպառնալիք, սոցիալական հիվանդություն, սոցիալական ախտաբանության ձևերից մեկը:

Ամեն տարի թերսնումից և դրա հետևանքով առաջացած հիվանդություններից աշխարհում մահանում է 40 հազար երեխա (1993թ.): Զարգացող երկրներում ներկայումս յուրաքանչյուր երկրորդ երեխան մշտական թերսնման պատճառով չի կարող լիովին օգտագործել իր մտավոր ու ֆիզիկական աճի ողջ ներուժը: Շատ ծնողներ հնարավորություն չունեն բավարար չափով կերակրել երեխաներին՝ իրենց բնակության տարածքում ռազմական գործողությունների կամ այն պատճառով, որ մթերք արտադրելու համար հող չունեն, իսկ գնելու համար՝ աշխատանք ու եկամուտ չունեն: Թերսնումը հանդիպում է նաև այն ընտանիքներում, որտեղ բավարար սննդամթերք կա, բայց դրա պատճառ են դառնում մանկական հաճախադեպ հիվանդությունները կամ փոքր երեխաների սնվելու մասին հատուկ գիտելիքների բացակայությունը: Կարմրուկը, սակավարյունությունը, շնչառական վարակիչ հիվանդությունները փակում են երեխայի ախորժակը, խոչընդոտում են սննդամթերքի յուրացմանը կամ դրանք դուրս են բերում երեխայի օրգանիզմից (օրինակ՝ դիզենտերիան): Ծնունդների հաճախականությունը կարգավորելու, մանկանը կրծքով կերակրելու, աճին նպաստելու, վարակիչ հիվանդությունները կանխելու և բուժելու մասին ժամանակակից գիտելիքները վկայում են, որ երեխաների թերսնումը կարող է վերացվել, եթե տարեկան միջին հաշվով մեկ երեխայի համար ծախսվի մոտավորապես 10 ԱՄՆ դոլար:
Քաղցի պատճառների մեջ սովորաբար նշվում է սննդի անբավարար քանակը: Իրականում խնդիրը սննդամթերք ձեռք բերելու հնարավորությունն է, այլ ոչ թե դրանց արտադրության ծավալը:

Մյուս պատճառը գերբնակեցվածությունն է: Ներկայումս բնակչության աճի մակարդակի ցուցանիշը եզակի է մարդկության ողջ պատմության ընթացքում: Որոշ բացառություններով՝ բնակչության աճի ցուցանիշն առավել բարձր է ամենաաղքատ երկրներում, իսկ ամենացածր՝ Եվրոպայի հարուստ երկրներում: Շատ փորձագետներ համաձայն են, որ բնակչության չվերահսկվող աճը և խտությունը տագնապահարույց գործոններ են համաշխարհային զարգացման մեջ: Բայց արդյո՞ք դա է սովի և աղքատության հիմնական պատճառը: Բնակչության միջին խտությունը Արևմտյան Եվրոպայում 1 քառ. կմ-ի վրա 98 մարդ է, մինչդեռ Աֆրիկայում՝ ընդամենը 18 մարդ: Այնուամենայնիվ, եվրոպացիներն այն մարդիկ են, ովքեր լավ սնվում են, իսկ աֆրիկացիները տառապում են թերսնումից: Խնդիրն այն է, որ Աֆրիկայում մշակվում է հողագործության համար պիտանի հողերի մեկ երրորդից էլ պակասը: Հարուստ երկրները բավարար միջոցներ ունեն պահելու իրենց բնակչությանը, մինչդեռ աղքատ երկրներն ի վիճակի չեն այդ անել: Սովը չի նվազեցնում բնակչության թվաքանակը, այլ իրականում պահում է միևնույն մակարդակի վրա՝ բարձր ծնելիության պատճառով:
Սովի հաջորդ պատճառը համարվում է կլիման: Հաճախ սովը զուգորդվում է բնական աղետների հետ՝ երաշտ, ջրհեղեղ, երկրաշարժ: Զարգացած տնտեսություն ունեցող երկրները կարող են սննդամթերքի պահուստ ստեղծել, բայց աղքատ երկրներն այդ հնարավորությունը չունեն: Քաղցի խնդիրը լուծելու համար գիտնականների մի հսկայական խումբ ամբողջ աշխարհում աշխատում է նոր պարարտանյութեր և բարձր արդյունավետությամբ սերմեր ստեղծելու վրա՝ նպատակ ունենալով փոքր տարածքում մեծ քանակությամբ մթերք արտադրել: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաները մատչելի են նրանց, ովքեր ֆինանսական միջոցներ ունեն: Գիտնականներն առաջարկեցին համաշխարհային սովի հիմնախնդրի լուծում՝ "կանաչ հեղափոխություն", այսինքն՝ ցորենի և բրնձի նոր տեսակներ աճեցնել հարավային որոշ երկրներում: "Կանաչ հեղափոխությունն" իսկապես հնարավորություն տվեց շատ ցորեն արտադրել և հարստացրեց որոշ ագարակատերերի, սակայն համաշխարհային սովի խնդիրը լուծելու համար եղավ շատ թանկարժեք միջոցառում:

Քաղցն ունի ոչ միայն քանակական, այլև որակական կառուցվածք, որը դրսևորվում է սննդի անհաշվեկշռվածությամբ և միկրոտարրերի ու վիտամինների պակասով: Հայտնի է, որ կուշտ լինելու զգացումը ոչ միշտ կարելի է համարել քաղցի բացակայություն, քանի որ կշտանալը դեռ չի նշանակում, որ օրգանիզմն ստացել է աճի ու զարգացման համար անհրաժեշտ բոլոր տարրերը:

Սննդամթերքի մեջ A վիտամինի պակասի պատճառով ամեն տարի աշխարհում կուրանում է 3 մլն երեխա: Նրանց 60%-ը տեսողությունը կորցնելուց հետո շուտով մահանում է: Բացի այդ, A վիտամինի պակասը հանգեցնում է հիվանդությունների ռիսկի կտրուկ ավելացման, աճի հապաղման և վաղաժամ մահվան: Օրգանիզմում յոդի պակասը հսկայական վտանգ է աշխարհի բնակչության մեկ հինգերորդ մասի համար: Դրա հետևանքն են վահանաձև գեղձի հիվանդության աճը (200-300 մլն մարդ), մտավոր հետամնացությունը (մոտ 20 մլն մարդ) և ապուշությունը (մոտ 6 մլն մարդ): Յոդի պակասը կարող է առաջացնել նաև վիժումներ, մեռելածնություն և մանկական մահացության բարձր մակարդակ:

1990թ. սովի և թերսնման խնդիրը լուծելու համար տեղի ունեցավ 71 նախագահների և վարչապետների բարձր մակարդակով համաշխարհային հանդիպում, որտեղ ընդունվեց պարտավորություն՝ փորձել մինչև 2000թ. վերացնել այն գործոնները, որոնք ազդում են մանկական մահացության աճի և երեխաների թերսնման վրա, և նրանց ֆիզիկական ու մտավոր նորմալ զարգացման համար տարրական երաշխիքներ ապահովել ամբողջ աշխարհում: Հայտարարվեց, որ 2000թ. կարելի կլինի կրճատել պակաս քաշով ծնված նորածինների թիվը 10%-ով, գործնականում վերացնել այն խանգարումները, որոնք կապված են A վիտամինի և յոդի պակասի հետ, բոլոր ընտանիքներին տեղեկատվություն տալ՝ նորածնին անպայման կրծքով կերակրելու ժամանակ կանանց աջակցելու կարևորության (երեխաների կյանքի առաջին 4-6 ամսվա ընթացքում) և վաղ տարիքի երեխաների սննդի հատուկ պահանջները բավարարելու մասին, երբ նրանց առողջությունը հատկապես խոցելի է, գիտելիքների տարածում տնային տնտեսության մակարդակով՝ պարենային անվտանգություն ապահովելու համար, երեխաների շրջանում թերսնման 50%-ով կրճատում, քանզի ենթադրվում է, որ մանկական մահացության բոլոր դեպքերի մեկ երրորդի պատճառն անբավարար սնունդն է:   

Բացի սոցիալական վտանգից, քաղցը դառնում է լուրջ հոգեբանական անհարմարավետություն անհատական մակարդակով: Թերսնման և անհավասարակշիռ սնվելու հետևանքով հոգեկան զարգացման խանգարումը ակնհայտ հիմնախնդիր է: Անձի հոգեբանական կարգավիճակը կարող է, իր հերթին, ազդել քաղցի զգացման մեծացման կամ բթացման վրա, ինչը հետագայում կառաջացնի ողջ օրգանիզմի անհավասարակշռվածություն:

Քաղցելը, ինչպես հայտնի է, մտնում է բուժական ընթացակարգերի մեջ: Ընդ որում՝ թույլատրվում է ինչպես սննդից բացարձակապես հրաժարվելը որոշակի ժամանակով, այնպես էլ ընտրովի սնունդ՝ դիետոլոգի խորհրդով: Սակայն ինչպես չափահասների, այնպես էլ անչափահասների քաղցելը, ովքեր ուզում են փոխել իրենց արտաքին տեսքը, կարող է հանգեցնել նյարդային ախտանշանների զարգացման: 

Այսպես, գիտակցաբար սկսված, բայց նիհարելու նպատակով քաղցելու սևեռուն գաղափար դարձած անորեքսիան հանգեցնում է հոգեկան և ֆիզիկական հյուծման: Անորետիկ անչափահասները կարող են կորցնել քաշի 40%-ը՝ հրաժարվելով սննդից իրենց կազմվածքը բարելավելու նպատակով:

Սոցիալական աշխատողները, բժիշկները և հոգեբանները, ովքեր աշխատում են անորետիկների հետ, պետք է օգնեն ըմբռնել հիվանդության պատճառները: Հիվանդությունը կարող է հանգեցնել հյուծվածությունից մահվան, և բուժվում է միայն հոգեբուժական պրակտիկայի զուգակցմամբ, որը կարող է ներառել անհատական կամ խմբային խորհրդատվություն տանը կամ ստացիոնար պայմաններում, ինչպես նաև ընտանեկան բուժում: Իսկ ընդհանրապես քաղցով սոցիալական բուժումը պատճառաբանված է սոցիալական ծրագրերով, սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացմամբ և սոցիալական քաղաքականության բարեհաջող իրացմամբ:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան