Փախստական

Որևէ երկրից այլ երկիր ժամանած կամ ժամանել ցանկացող անձ, որը չունի այդ երկրի քաղաքացիություն, ստիպված է եղել կամ մտադրություն ունի լքել իր մշտական բնակության վայրը և տեղափոխվել այլ պետության տարածք՝ ռասայական կամ ազգային պատկանելության, դավանանքի, լեզվի, ինչպես նաև որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական համոզմունքի հատկանիշներով բռնության կամ այլ հետապնդման իրական ու հնարավոր վտանգի ենթարկվելու երկյուղի հետևանքով:
Փ. չի կարող ճանաչվել խաղաղության, մարդկության դեմ հանցագործություն կամ միտումնավոր այլ ծանր հանցագործություն կատարած անձը:

Փ. ճանաչվելու համար անձը պարտավոր է ժամանելուն պես անձամբ կամ դրա համար լիազորված անձի միջոցով անհապաղ միջնորդությամբ դիմել իր ժամանման երկրի միգրացիոն ծառայության համապատասխան մարմին, որը որոշում է ընդունում անձին Փ. ճանաչելու մասին:

"Փախստականների մասին" ՀՀ օրենքը (1999թ.) կարգավորում է ՀՀ տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձանց ժամանակավոր տեղավորելու, փախստականի կարգավիճակ տալու կամ այն մերժելու, փախստականի կարգավիճակը կորցնելու հիմքերը, կարգն ու պայմանները, ՀՀ կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունները, փախստականի կարգավիճակ հայցողի և փախստականի իրավունքներն ու պարտականությունները, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության երաշխիքները:

Փախստական` տնից հեռացած երեխաներ

Երեխաներ, ովքեր տնից կամ դաստիարակչական կազմակերպությունից փախել են ծնողների հետ կապի խզման, ուսուցիչների, դաստիարակների, հասակակիցների հետ լուրջ բախումների, արժեքային կողմնորոշումների ձևախեղման և այլ պատճառներով, որոնք հանգեցրել են հարաբերությունների ճգնաժամի: Ավելի հազվադեպ՝ անչափահասների փախուստի պատճառը հոգեկան հիվանդության առկայությունն է:

 Ապաստան, սոցիալական վերականգնման այլ հիմնարկ տարված երեխաները հաճախ կատարում են կրկնակի փախուստներ: Ընտանեկան կապերի կորուստը պայմանավորող բազմաթիվ պատճառներից են բախումնային հարաբերություններն ընտանիքում, որոնք ուղեկցվում են բռնությամբ, ագրեսիվությամբ, ծնողների դաժան վերաբերմունքով: Հաճախ տնից հեռացած երեխաների փախուստի պատճառ են դառնում ամուսնալուծությունները կամ անչափահաս երեխայի հետ ապրող միայնակ ծնողի ամուսնությունը:

Ծնողների զբաղվածության ավելացումը, որոնք ստիպված են համատեղել մի քանի աշխատանք՝ ընտանիքի անդամների գոյությունն ապահովելու նպատակով, ապահարմարված երեխաների վանումը դպրոցներից հանգեցնում է խնամազուրկ երեխաների թվի ավելացմանը, մեծացնում է տնից փախչելու ռիսկը:

Նկատվում է երեխաների սոցիալական ապահարմարվածության կտրուկ աճ, վաղ հարբեցողություն, թափառաշրջիկություն, անչափահասների անբարոյական վարքագիծ, մարմնավաճառություն, հակաիրավական գործողություններ: Փ.ե. հեշտ ավար են դառնում քրեական տարրերի համար, անչափահասների հանցագործություններն աչքի են ընկնում հատուկ դաժանությամբ և ցինիզմով: Գործնականում բոլոր Փ.ե. ունեն հոգեկան, ֆիզիկական և մտավոր թերզարգացում, թույլ առողջություն: Հաճախ նրանք տառապում են քրոնիկ հիվանդություններով: Զգալով իրենց պիտանի չլինելը, այդ անչափահասները հաճախ դիմում են անօրինական գործողությունների: Սոցիալապես ապահարմարված երեխաների և անչափահասների տնից փախուստի կանխարգելման ու վերականգնման ամբողջական համակարգի ստեղծումն այսօր պետական նշանակության հիմնախնդիր է:

Փախստականների կարգավիճակի մասին դաշնագիր

Միջազգային իրավունքի փաստաթուղթ, որ սահմանում և պաշտպանում է փախստականների և բռնի տեղահանված մարդկանց մյուս կատեգորիաների իրավունքները: Ընդունել է ՄԱԿ-ը 1951թ. հուլիսի 28-ին: Ըստ դաշնագրի` "փախստական" տերմինի տակ հասկացվում է այն անձը, որը միանգամայն հիմնավորված մտավախություններով` հետապնդման զոհ դառնալ ռասայի, դավանանքի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական համոզմունքի հատկանիշներով, գտնվում է իր քաղաքացիական պատկանելիության երկրից դուրս և չի կարող օգտվել այդ երկրի պաշտպանությունից կամ նրա պաշտպանությունից չի ուզում օգտվել՝ այդ մտավախությունների պատճառով կամ, չունենալով որոշակի քաղաքացիություն և գտնվելով իր նախկին բնակության վայրի երկրից դուրս՝ այդօրինակ իրադարձությունների հետևանքով, չի կարող կամ չի ուզում այնտեղ վերադառնալ:

Դաշնագրով նախատեսվում է փախստականներին ընդգրկել սոցիալական խնամակալության համակարգում, մասնավորապես.

- այնտեղ, ուր գոյություն ունի ողջ բնակչության համար պարտադիր փայաբաժինների համակարգ, որը կարգավորում է պակասող մթերքների ընդհանուր բաշխումը. նույն համակարգը կիրառվում է նաև փախստականների նկատմամբ՝ հիմնական քաղաքացիներին հավասար հիմունքներով,

- քանի որ բնակարանային հարցը կարգավորվում է օրենքներով կամ կարգադրություններով, կամ գտնվում է հանրային իշխանության հսկողության տակ, պայմանավորվող պետությունները օրինական ձևով իրենց տարածքում բնակվող փախստականներին բնակարանի բաշխման ոլորտում պետք է տրամադրեն հնարավոր առավել բարենպաստ իրավական դիրք և, համենայն դեպս, ոչ պակաս բարենպաստ դիրք, քան այն, որից սովորաբար օգտվում են օտարերկրացիներն այդ նույն հանգամանքների դեպքում,

- ժողովրդական կրթության նախնական (տարրական) և այլ տեսակների տրամադրում, օտարերկրյա ատեստատների, դիպլոմների, աստիճանների ճանաչում, ինչպես նաև ազատում ուսման վարձից:

Աշխատանքային օրենսդրության և սոցիալական ապահովության ոլորտում օրինական ապրող փախստականներին տրամադրվում է նույն դիրքը, ինչ և քաղաքացիներին.

- երաշխավորվում է աշխատանքի հավասար վարձատրություն, ներառյալ ընտանիքին տրվող նպաստները, եթե դրանք աշխատանքի վարձատրության մաս են, աշխատանքային օրվա, արտաժամյա աշխատանքի տևողության սահմանափակում, վճարովի արձակուրդի տրամադրում, տանը կատարվող աշխատանքների սահմանափակում, վարձու աշխատող անձանց նվազագույն տարիքի սահմանափակում, դպրոցական և մասնագիտական կրթության ապահովում, կանանց և անչափահասների աշխատանքի կարգավորում, քանի որ այդ հարցերը վերահսկվում են օրենքով կամ վարչական իշխանության կարգադրություններով,

- սոցիալական ապահովության ոլորտում հավասար իրավունքներ (սահմանված օրենքների համաձայն), որոնք վերաբերում են արտադրության մեջ դժբախտ դեպքերին, մասնագիտական հիվանդություններին, մայրությանը, հիվանդություններին, հաշմանդամությանը, ծերությանը, մահվանը, գործազրկությանը, ընտանիքի հանդեպ պարտականություններին և այլ դեպքերի, որոնք համաձայն ներքին օրենքների կամ կարգադրությունների՝ նախատեսվում են սոցիալական ապահովության համակարգով:

Դաշնագրով ճանաչվում են փախստականների` ապրելու վայր ընտրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը և այլ իրավունքներ: Նախատեսված է տալ փախստականներին անձը հաստատող վկայական և հնարավորինս հեշտացնել նրանց հարմարվելը և հպատակագրումը:

Փրկության բանակ

Միջազգային կազմակերպություն, որն զբաղվում է բարեգործությամբ և ավետարանական գործունեությամբ: Այն 1878թ. հիմնել է անգլիացի քահանա Ուիլյամ Բութը: Փ.բ. կառուցված է զինվորական սկզբունքով՝ ներառյալ համազգեստ կրելը, զինվորական կոչումներ շնորհելը: Նրա նպատակը չարի և մարդկային տառապանքների դեմ պայքարելն է: Փ.բ. ունի իր ծրագիրը, որն իրացվում է ավելի քան 100 երկրներում՝ օգտագործելով 127 լեզու: Փ.բ-ի միջազգային կենտրոնը գտնվում է Լոնդոնում: Բանակն ունի 14 հազար կորպուս և բազմաթիվ սոցիալական, բժշկական, կրթական և հասարակական այլ ծառայություններ: Փ.բ-ի միջազգային ծրագիրը ներառում է հետևյալ ուղղությունները.

- բնակարանի տրամադրում անօթևաններին: Փ.բ. տուն է ավելի քան 30 հազար մարդու համար, որոնց մասին նա հոգ է տանում,

- ուտելիք քաղցածների համար: Գործում է մոտ 1500 ճաշարան,

- տարեցների խնամք: Մոտ 15 հազար տարեց իրենց կյանքի մայրամուտն է անցկացնում Փ.բ-ին պատկանող 258 
ծերանոցներում,

- հոգատարություն կանանց նկատմամբ: Ավելի քան 600 կին կարող է տեղավորվել 50 ծննդատներում և հիվանդանոցներում, ևս 1600 կին օթևան և ապահովություն է գտնում կանանց 31 տներում,

- աշխատանք երեխաների հետ: 224 մանկատուն, 334 մսուր, հանգստի 27 տուն, հանգստի 133 ճամբար, 531 ակումբ և խաղակենտրոն օգնում են երջանիկ դարձնել տարեկան 20 հազար երեխայի,

- կրթություն: Ավելի քան 1000 տարրական և միջնակարգ դպրոց հնարավորություն են տալիս կրթություն ստանալ 280 հազար երեխայի: Եվս 3500 ուսանող ուսուցման դասընթաց են անցնում 28 տնային գիտական և առևտրային դպրոցներում,

- օգնություն ընտանիքներին: Օրինակ՝ 1987թ. Փ.բ. օգնել է ավելի քան 2 մլն ընտանիքի,

- հիվանդանոցներ և կլինիկաներ: Փ.բ-ի հիվանդանոցներում և կլինիկաներում ստացիոնար բուժում է ստացել 205 հազար մարդ, իսկ 3 մլն մարդ՝ ամբուլատոր բուժում,

- պայքար բորոտության դեմ: Երեք բորոտանոց ապրելու և բուժվելու հնարավորություն են տալիս ավելի քան 200 բորոտների,

- վերականգնողական կենտրոններ: Փ.բ-ի հիվանդանոցներում կամ կլինիկաներում բուժվելուց հետո չկա ավելի լավ մթնոլորտ, քան այն, ինչ գտնում են ապաքինվողները վերականգնողական 20 կենտրոններից որևէ մեկում,

- հարբեցողություն և թմրամոլություն: Հարբեցողների համար նախատեսված 105 ապաստան և կենտրոն, ինչպես նաև թմրամոլության բուժման ծրագրերի լայն ցանցը, որը գործում է ողջ աշխարհով, Փ.բ-ին հնարավորություն է տվել 1 տարվա ընթացքում օգնել այդպիսի խնդիրներ ունեցող ավելի քան 15 հազար մարդու,

- օգնություն կույրերին: 15 հիմնարկներ բնակարանով և ուսուցմամբ ապահովում են ավելի քան 1300 մարդու,

- օգնություն հաշմանդամներին: Փ.բ. ունի հաշմանդամների համար հատուկ կառուցված 28 ապաստարան, որտեղ ապրում է ավելի քան 1500 մարդ, կազմակերպված է նաև 14 ընկերություն խուլ-համրերի համար,

- հարաբերություններ զինծառայողների հետ: Ավելի քան 200 ճաշարան, շարժական ստորաբաժանում և հանրակացարան բավարարում են զինված ուժերում ծառայող մարդկանց պահանջմունքները,

- կորած հարազատներ: Փ.բ-ի որոնումների շնորհիվ գտնվել է ավելի քան 9500 ազգական,

- օգնություն կալանավորներին: Դատարանում օգնություն է ցուցաբերվել 224 հազար դեպքերում, Փ.բ. իր խնամակալության տակ է վերցրել 250 հազար կալանավորի և նրանցից 25 հազարն օգնություն է ստացել ազատման հարցում,

- ուղղիչ-դաստիարակչական հաստատություններ: Փ.բ. իրավասության տակ գտնվող 124 այդպիսի տներում ապրում է ավելի քան 2 հազար պատանի իրավախախտ,

- ինքնասպանությունների կանխում: Անցած մեկ տարում Փ.բ-ի փրկարարները և ինքնասպանությունները կանխելու համար նախատեսված թիմերը և գիշերային պարեկները օգնել են ավելի քան 15 հազար մարդու,

- խորհրդատվական կենտրոններ: Տարվա ընթացքում ավելի քան 63 հազար մարդ խորհրդատվություն է ստացել Փ.բ-ի անձնակազմից,

հոգածություն Փ.բ-ի անդամների նկատմամբ: Սպաների հանգստի 29 տուն և կենսաթոշակի անցած պաշտոնյաների 26 տուն ապահովում են հարմարավետ կենսապայմաններ նրանց համար, ովքեր իրենց կյանքը նվիրել են Փ.բ.-ին ծառայելուն:

Փորձաքննություն

էքսպերիմենտ (լատ. experimentum - փորձ) ուսումնական կամ դաստիարակչական բնագավառում գիտականորեն դրված փորձ, նախապես մտածված և փորձարկողի կողմից վերահսկվող պայմաններում ուսումնասիրվող երևույթի դիտարկում:

Տարբերում են հոգեբանական փորձարարություն, մանկավարժական փորձարարություն, բնական փորձարարություն, ուսուցանող փորձարարություն:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան