Պատժիչ համակարգ

Լատ. poenitentia - զղջում՝ նորմերի, մարմինների և հիմնարկների համակարգ, որը կազմակերպում է օրինախախտ անձանց սահմանված պատժի կրումը: Կարող է ներառել դատապարտվածների համար տարբեր պայմաններ` միայնակ բանտարկությունից մինչև պատժի պայմանական կրումը:

Պայմանավորված է պատմական ավանդույթներով, հասարակության սոցիալ-հոգեբանական յուրահատկություններով, պետության տնտեսական պայմաններով: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական (պատժիչ) համակարգի վերակազմակերպման հայեցակարգի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում դատապարտյալների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Պատիժ

Դաստիարակության մեթոդ, որի նպատակն է սովորեցնել երեխային հետևել վարքագծի ընդունված նորմերին: Մեթոդը հիմնված է երեխային ինչ-որ բանից զրկելու, նրա ազատությունը սահմանափակելու, նրա վրա ֆիզիկապես ներգործելու վրա և այլն: Պ-ի կիրառումն ուղեկցվում է հետևյալ վտանգներով. 

1. Պ. հաճախ չի ուղղում, այլ ձևափոխում է երեխայի վարքագիծը,

 2. Պ. ստիպում է երեխային վախենալ ծնողների սերը կորցնելուց, նա իրեն արհամարհված է զգում, ինչն անմիջականորեն ազդում է նրա հոգեկան զարգացման վրա, 

3. պատժված երեխան կարող է թշնամական վերաբերմունք դրսևորել  ծնողների նկատմամբ, ինչը կհանգեցնի բախման, 

4. հաճախակի Պ-ները երեխային դարձնում են մանկամիտ, զգացմունքորեն չզարգացած, 

5. Պ. կարող է օգնել երեխային ծնողների ուշադրությունը գրավել, և նա դիտավորյալ արարքներ կգործի, որպեսզի պատժվի (տվյալ դեպքում` թեկուզ բացասական),

 6. Պ. արդյունավետ չէ ուսուցման ժամանակ, քանզի մեծացնում է սխալներ կատարելու վախը, ինչն ազդում է ուսման արդյունքների վրա:

Պ-ի բացասական հետևանքներից կարելի է խուսափել հետևյալ կերպ.

 1) համբերատարությամբ, 

 2. բացատրել երեխային, թե ինչու է նրա վարքագիծը սխալ, 

3. երեխայի ուշադրությունը շեղել, քանի դեռ նա զանցանք չի գործել:

Եթե Պ. անխուսափելի է, ապա այն պետք է լինի կարճաժամկետ և անմիջապես հետևի արարքին: Պ-ի տեսակը որոշվում է երեխայի և ծնողի անհատական տիպով և տարիքով: Ընդհանուր առմամբ Պ. դաստիարակության սակավ արդյունավետ միջոցներից է:

Պատրոնաժ

ֆր. patronage - հովանավորություն՝ ռիսկի խմբերի այցելուների առավելապես տնային պայմաններում սոցիալական սպասարկման տեսակ, որն արտահայտվում է մշտական սոցիալական հսկողությամբ, նրանց բնակարանները սոցիալական աշխատողների կանոնավոր այցելությամբ, նրանց անհրաժեշտ տնտեսական, նյութական օգնության ցուցաբերմամբ, ոչ բարդ բուժգործողություններ կատարելով և այլն:

Մինչև ՀՀ-ում մասնագիտական սոցիալական աշխատանքի ներմուծումը, Պ. իրականացնում էին բուժկանխարգելիչ հիմնարկների աշխատակիցները` հղի կանանց և հիվանդների առանձին կատեգորիաների նկատմամբ, ինչպես նաև Կարմիր խաչի աշխատակիցները` հաշմանդամների որոշ կատեգորիաների նկատմամբ: 

Մինչև այժմ Պ.-ն կարևոր տեղ է զբաղեցնում այն հաշմանդամների և տարեցների սոցիալական սպասարկման գործում, որոնք գտնվում են տնային պայմաններում, զրկված են իրենց մտերիմների օգնությունից և ընդունակ չեն կամ քիչ են ընդունակ շարժվելու և ինքնասպասարկման: Սոցիալական աշխատողները կանոնավորապես (սովորաբար շաբաթական երկու անգամից ոչ պակաս) այցելում են այդպիսի մարդկանց, օգնում են ձեռք բերել մթերքներ և ուտելիք պատրաստել, բնակարանը մաքրել, օգնում են կատարել կոմունալ վճարումները, փոստային առաքումները, անհրաժեշտ ու տնից դուրս կատարվող այլ գործողություններ: Բացի այդ, հատուկ ուսուցում անցած սոցիալական աշխատողները կարող են կատարել տարրական բուժգործողություններ, օրինակ` չափել ճնշումը, մերսում կատարել և այլն:

Սոցիալական աշխատողը պետք է կարողանա որոշել՝ ո՞ր այցելուն կարիք ունի բժշկի, իրավաբանի մասնագիտացված օգնության և այդ մասին հայտնի սոցիալական աջակցության տարածքային մարմին:

Որպես կանոն՝ Պ. միայնակ տարեցին կամ հաշմանդամին ստացիոնար սոցիալական կամ բժշկական հիմնարկում տեղավորելու այլընտրանքն է: Մեծ մասամբ նրանց առաջարկվում է ընտրություն կատարել՝ տեղափոխվել սոցիալական սպասարկման ստացիոնար հիմնարկ կամ տանը ստանալ հովանավորական սպասարկում: Սակայն նման հիմնարկների անհամաչափ տեղաբաշխվածությունը ՀՀ տարածքում, իր համար  ապրելու արդեն սովոր հարմարավետ պայմաններից շեղումը կարող են առաջացնել միայնակ տարեցների և հաշմանդամների բացասական վերաբերմունքը ստացիոնար տեղափոխվելու նկատմամբ: Բացի այդ, ժամանակակից պատկերացումներով` սոցիալական կապերի, անկախ գոյության նախադրյալների առավելագույն հնարավոր պահպանումը դրական են ազդում տարեց մարդկանց և հաշմանդամների ինքնազգացողության վրա: Ուստի հանրապետությունում սոցիալական սպասարկման համակարգի զարգացման կարևոր խնդիրներից մեկը ինչպես այն անձանց կատեգորիայի ընդլայնումն է, որոնց նկատմամբ Պ. է իրականացվում, այնպես էլ նրանց հենց իրենց բնակարանում մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը: Թե պետական և թե հասարակական կազմակերպությունների սոցիալական սպասարկման մի շարք կենտրոններում գործում է զառամյալ հաճախորդներին տաք սնունդ մատակարարելու, նրանց լրացուցիչ կենցաղային ծառայություններ մատուցելու պրակտիկան:

Աստիճանաբար Պ. ընդգրկում է նաև այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամներ, ոչ լրիվ կազմով ընտանիքներին և ոչ լրիվ ընդլայնված ընտանիքներին, որտեղ երեխաներին դաստիարակում են տատերն ու պապերը, քանի որ ծնողների սերունդը բացակայում է, երբեմն` ապասոցիալական կենսակերպի պատճառով և այլն: Այս կատեգորիաները դասվում են ռիսկի խմբին և սոցիալական աշխատողների օգնության խիստ կարիք են զգում: Հաճախ խախտվում են նրանց, առաջին հերթին` երեխաների սոցիալական իրավունքները: Բացի այդ, օգնության դիմելու նրանց մոտիվացիան ոչ միշտ է հստակ արտահայտված: Հաճախ նրանք պարզապես չգիտեն այդպիսի սոցիալական ռեսուրսների առկայության մասին: Քանի որ սոցիալական սպասարկման հիմնարկների գործառույթները բնակչության այդպիսի խմբերի նկատմամբ դեռևս նորմատիվ ակտերով հստակ չեն արձանագրված, նրանց մատուցվող ծառայությունները, նրանց օգնելու պայմանները զգալի չափով որոշվում են տեղական ինքնակառավարման մարմնի ֆինանսական, կազմակերպական և կադրային հնարավորություններով:

Պետական բյուջե

Պետական եկամուտների և ծախսերի նախահաշիվ՝ ըստ մուտքերի աղբյուրների և միջոցների ծախսման հիմնական ուղղությունների: Պ.բ-ի ուղղությունների միջոցով վերաբաշխվում է, միջին հաշվով, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) 1/4-ից-ից մինչև 1/2-ը: Հիմնական միտումը պետության կայուն մասնակցությունն է տնտեսական գործընթացներին, ֆինանսական միջոցների շարժման հոսքերի ձևավորմանը:
 
Պետական տարբեր ծրագրերով բյուջեի միջոցների ծախսման որոշակի ուղղություններն ու ծավալները որոշվում են տնտեսության պետական միջամտության ընդհանուր սկզբունքներով, տնտեսական զարգացման ընթացիկ և երկարաժամկետ առաջնահերթություններով: Բյուջեի միջոցները ծախսվում են հետևյալ հիմնական նպատակների համար՝ զինված ուժերը և պետական ապարատը ֆինանսավորելու, սոցիալական ոլորտը ֆինանսավորելու (սոցիալական ապահովություն՝ առողջապահություն, կրթություն, գիտություն և այլն), տնտեսությունը ֆինանսավորելու համար: Այս հոդվածների հարաբերությունները որոշվում են բազում գործոններով, համաշխարհային ասպարեզում երկրի դիրքով, հասարակության սոցիալ-տնտեսական կառուցվածքով, պատմական ավանդույթներով, սպառողական չափորոշիչներով և նույնիսկ այն բանով, թե իշխանությունը ո՞ր կուսակցությանն է պատկանում: Պետությունը ֆինանսավորում է արտադրական բնույթի ծախսեր, որոնք կապված են սոցիալական ենթակառուցվածքների զարգացման հետ (ճանապարհներ, տրանսպորտ, կապ և այլն): Բյուջեն հսկայական դեր է կատարում կրթության ֆինանսավորման և որակյալ կադրեր պատրաստելու գործում: Պ.բ. սոցիալական ծախսերի ֆինանսավորման կարևոր աղբյուրն է: Պ.բ-ի եկամտային մասը ձևավորվում է գլխավորապես հարկային մուտքերից: Բոլոր հարկերի և պարտադիր վճարների 75-90%-ը (կախված՝ երկրից) գանձվում են միությունների (կորպորացիաների) շահույթներից և բնակչության եկամուտներից, իսկ մնացած 10-25%-ը բաժին է ընկնում ունեցվածքի և կապիտալի հարկումին:

Հարկային (ֆիսկալ) քաղաքականությունը տնտեսական գործընթացների վրա պետության ազդեցության եղանակն է: Եկամտային հարկման դրույքաչափերը փոփոխելով՝ պետությունը կարող է կարգավորել բնակչության և կորպորացիաների "ձեռքում" մնացած միջոցների գումարները: Պատմական փորձը վկայում է, որ Արևմուտքի մի շարք երկրներում հաջողվել է պետական ծախսերի և հարկման միջոցով կարգավորել մակրոտնտեսական այնպիսի կարևորագույն հարաչափ, ինչպիսին է տնտեսության ընդհանուր պահանջարկի ծավալը, այսինքն՝ սպառման և ներդրումային ծախսերի մեծությունը, և դրանով մեղմել տնտեսական իրավիճակի տատանումները:

Պետության էքսպանսիվ (զավթողական) (լատ. expansio - ազդեցության սահմանների ծավալում, ընդլայնում) բյուջետային քաղաքականությունը, որն արտահայտվում է պետական ծախսերի ավելացումով և հարկման չափի նվազմամբ, օգտագործվում է տնտեսական ճգնաժամերը հաղթահարելու, տնտեսական զարգացման ընթացքն արագացնելու նպատակով:
Ռեստրիկտիվ (լատ. restricto - սահմանափակում) բյուջետային քաղաքականությունն իրեն արդարացրել է որպես տնտեսական իրավիճակի կարևորագույն, արժեզրկման միտումների թուլացման կարգավորման գործիք: Բյուջետային մեխանիզմի արդյունավետությունը նշանակալի չափով որոշվում է այն բանով, թե որքանով է այն կապված դրամավարկային միջոցառումների հետ:

Պետության էքսպանսիվ բյուջետային քաղաքականությունը, որը դրամական էմիսիայի (թղթադրամների թողարկում) և վարկի բնագավառում ամրագրված չէ սահամանափակումներով, հղի է արժեզրկմամբ, մինչդեռ ռեստրիկտիվ բյուջետային քաղաքականությունը դրամավարկային խիստ միջոցառումների զուգակցմամբ կարող է առաջացնել տնտեսական ճգնաժամ:

Պետական երիտասարդական քաղաքականություն

Պետության գործունեություն, որը նպատակ ունի լուծել երիտասարդության առանձնահատուկ հիմնախնդիրները: Կախված այն բանից, թե տվյալ հասարակության մեջ ինչն է համարվում երիտասարդության հիմնախնդիր, ինչպես են որոշվում սոցիալական գործընթացների պետական կարգավորման սահմաններն ու խնդիրները, որքանով է, ըստ տարիքային հատկանիշի, հասարակության տարբերակումը արտացոլում մշակութային ավանդույթը և համապատասխանում տվյալ հասարակության մեջ ձևավորված արժեքներին ու նորմերին, Պ.ե.ք. էականորեն տարբերվում է և՜ ըստ հայեցակարգի, և՜ գործնականում իրականացման մեթոդների կիրառմամբ:

Սկզբնական շրջանում եվրոպական երկրներում երիտասարդության հանդեպ հոգատարությունը դիտվում էր որպես քրիստոնեական օժանդակություն աղքատներին: Այն աստիճանաբար սկսեց ընկալվել որպես հասարակության մեջ հակամարտությունների վերացման պետական քաղաքականության մաս: Զուգահեռաբար ստեղծվեց երիտասարդությանը վերահսկելու համակարգ: Հետագայում երիտասարդ սերնդի նկատմամբ հոգատարության և վերահսկման գաղափարներն ամբողջացան երիտասարդության օգնության հայեցակարգում, իսկ մասնավոր նախաձեռնությունն այդ բնագավառում սկսեց կարգավորվել օրենքով:
Իրավական կանոնակարգումը գլխավորապես ուղղվեց պատանիների արտադրական վնասվածքների մասշտաբների կրճատմանը և անչափահասների շրջանում հանցագործության աճի կանխմանը: XX դարի սկզբին մի շարք երկրներում ձևավորվեցին դատարանների հատուկ կազմեր անչափահասների համար (1908թ.՝ Գերմանիայում, 1910թ.՝ Ռուսաստանում և այլն), օրենսդրության մեջ հայտնվում են դրույթներ, որոնք ուղղված են երիտասարդ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, բայց օրենքը չէր խրախուսում երիտասարդության սոցիալական գործունեությունը. այն համարվում էր նրա դաստիարակության համար ոչ պիտանի ու վնասակար:

20-ական թթ. ստեղծվեց Պ.ե.ք-ի երկու համակարգ, որոնք էականորեն տարբերվում էին հայեցակարգերով ու գործողության մեխանիզմներով: Դրանցից մեկը ձևավորվեց Գերմանիայում՝ Վայմարի Հանրապետության ժամանակաշրջանում (1919-1933): Այս համակարգի հիմքում ընկած էին սոցիալական մանկավարժության (ամենից առաջ` երեխայի անձի ազատության կանխադրույթը) և իրավական պետության գաղափարները: Այդ կապակցությամբ 1922թ. Վայմարի Հանրապետությունում ընդունվում է օրենք "Երիտասարդության բարօրության մասին", համալիր իրավական ակտ, որը բովանդակում է երիտասարդ մարդու աշխատանքային և  այլ սոցիալական իրավունքների ապահովման պետական պարտավորությունների նորմատիվ ամրագրում: Օրենքը չեղյալ հայտարարվեց ֆաշիզմի տարիներին, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն վերականգնվեց երկու գերմանական պետությունների՝ ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի իրավական պրակտիկայում: 1949թ. ԳՖՀ-ում վերականգնվեց 1922թ. օրենքը մի շարք դրույթների ճշգրտմամբ (հետագայում "Երիտասարդության բարօրության մասին" օրենքի խմբագրումներ ընդունվեցին 1953, 1977, 1986թթ.), 1950թ. ԳԴՀ-ում ընդունվեց օրենք երիտասարդության մասին (երիտասարդության մասին հետագա օրենքներն ընդունվել են 1964 և 1974թթ.): ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի միավորումից հետո՝ 1990թ., ընդունվեց նոր օրենք երեխաների և երիտասարդների օգնության մասին, որն ընդգրկում էր զբաղվածության, սոցիալական ապահովության, ընտանեկան հարաբերությունների և այլ հարցեր: Հատուկ նորմերը կարգավորում են երիտասարդական կազմակերպություններին ցուցաբերվող պետական աջակցությունը:

Պ.ե.ք-ի այլ հայեցակարգ զարգացավ ԽՍՀՄ-ում և Խորհրդային Հայաստանում՝ սկսած 20-ական թթ.: Դրա ձևավորման համար վճռական նշանակություն ունեցավ Վ. Ի. Լենինի ճառը Ռուսաստանի ԿԵՄ երրորդ համագումարում: Կոմերիտմիությունը երիտասարդությանը ներկայացնելու հատուկ իրավասություն ձեռք բերեց և դարձավ երիտասարդության հիմնախնդիրների լուծման պետական համակարգի կարևորագույն տարրը:

 Հասարակության մեջ կոմկուսի և կոմերիտմիության դիրքերի ամրապնդման հետևանքով պետական մեխանիզմները նեղացան, և Պ.ե.ք. ի վերջո դարձավ երիտասարդության կոմունիստական դաստիարակության գաղափարական օժանդակ գործիք: Կոմկուսի երիտասարդական քաղաքականությունն ամրագրվեց օրենսդրության մեջ, ընդ որում՝ երիտասարդության հարցերին առնչվող օրենսդրական ակտերը շատ հաճախ ընդունում էր ԽՄԿԿ և ՀամԼԿԵՄ ղեկավարությունը կառավարության (ԽՍՀՄ Նախարարների խորհուրդ) և արհմիության ղեկավարության հետ համատեղ: Հաստատվեց մի համակարգ, որտեղ կոմերիտմիությունը ԽՄԿԿ ղեկավարությամբ Պ.ե.ք. էր իրականացնում երիտասարդության բոլոր կատեգորիաների նկատմամբ (այլ ոչ թե միայն ՀամԼԿԵՄ անդամների):

Երիտասարդության առանձին իրավունքների օրենսդրական ամրագրումը 90-ական թվականներին համաշխարհային պրակտիկայի համար դարձավ ընդհանուր երևույթ (երիտասարդության սոցիալական պաշտպանության մասին օրենքներ ընդունվեցին Ավստրիայում, Աֆղանստանում, Հունաստանում, Հնդկաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Չինաստանում, Հոլանդիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում և այլն): Շատ երկրներում ստեղծվել են երիտասարդության գործերի պետական մարմիններ, ընդունվել են ազգային ծրագրեր: Պ.ե.ք. դարձավ ՄԱԿ-ի մի շարք ակտերի և միջոցառումների առարկա (Երիտասարդության միջազգային տարի՝ 1985թ., Երիտասարդության միջազգային տարվա տասնամյակ՝ 1995թ. և այլն):

Ներկայումս Պ.ե.ք-ի հայեցակարգերն առավել որոշակի տարբերվում են երիտասարդության իրավունքների ապահովման մեջ պետության դերի հարցերով: ԱՄՆ-ում իրացված հայեցակարգը հիմնվում է երիտասարդության սոցիալականացմանը պետական կառույցների նվազագույն մասնակցության վրա: Երիտասարդության սոցիալական աջակցությունը բարեգործական մասնավոր կազմակերպությունների գործն է: Պ.ե.ք-ի այն մոդելը, որը բնորոշ է Շվեդիային, Ֆինլանդիային և մի շարք այլ երկրների, ընդհակառակը, հենվում է պետության հատուկ դերի, երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների աջակցության միջոցառումները օրենքով հատուկ կարգավորելու վրա: Այս մոդելների մեջ կան շատ անցումային տարբերակներ: Հայաստանում դեռևս երիտասարդության մասին օրենք չի ընդունվել:

Պետական ընտանեկան քաղաքականություն

Ընտանեկան քաղաքականությունը գործնական միջոցառումների համալիր է, որը երեխա ունեցող ընտանիքներին որոշակի սոցիալական երաշխիքներ է տալիս: Ընտանեկան քաղաքականությունը նպատակամղված է ընտանիքի տնտեսական հիմնախնդիրների մեղմացմանը, ընտանիքի կարիքների առավել լրիվ բավարարմանը, կոչված է լուծել ընտանիքի ամրապնդման և ընտանեկան արժեքների պահպանման, հասարակական զարգացման գործընթացում նրա շահերի ապահովման խնդիրները, ընտանիքի կարիքները սեփական աշխատանքային գործունեությամբ հոգալու անհրաժեշտ պայմանների ստեղծումը և այլն:

Պետությունը ճանաչում է ընտանիքի սոցիալական իրավունքները և դրանք օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտությունը: Ընտանիքին (այլ ոչ թե միայն անհատին) տրամադրվում է լիարժեք սոցիալական կարգավիճակ, նրա շահերը նպատակաուղղված ձևով հաշվի են առնվում հասարակության սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման, իշխանության մարմինների գործունեության, հանրապետական և տարածաշրջանային ծրագրերի իրականացման գործընթացներում: Պետությունը երաշխավորում է այն միկրոտնտեսական և սոցիալական չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են հասարակության մեջ ընտանիքների ինքնուրույն գործունեության համար, իրականացնում է նպատակաուղղված հաշվառում, նպաստում է ընտանիքների ինստիտուցիոնալ իրավունքների և շահերի ամրապնդմանը, պայմաններ է ստեղծում ընտանիքների անկախության և որպես սոցիալական հարաբերությունների սուբյեկտ զարգացման համար, ապահովում է սոցիալապես խոցելի ընտանիքների պաշտպանությունը:

Ընտանեկան քաղաքականությունը ձևավորվում է որպես սոցիալական քաղաքականության ինքնուրույն ուղղություն: Այն նպատակաուղղված գործունեության համակարգ է, որը նախատեսում է իր ռազմավարությունը, ծրագրերը, կադրերը, ֆինանսական և այլ ապահովություն: Ընտանիքի սոցիալական ինստիտուտը պետական գործունեության համակարգի մեջ մտնում է որպես ամբողջական օբյեկտ:

Իր բովանդակությամբ ընտանեկան քաղաքականությունը համալիրային է, արտացոլում է պետության և ընտանիքի հարաբերությունները հասարակության կենսագործունեության հիմնական ոլորտներում: Միևնույն ժամանակ այն կենտրոնացած է ընտանիքի առանձնահատուկ հիմնախնդիրների վրա, որոնք կապված են նրա հիմնական սոցիալական գործառույթների իրականացման հետ (վերարտադրողական, տնտեսական, կենսապահպանական, դաստիարակչական): Այդ առումով սկզբունքային նշանակություն ունի ընտանեկան և սոցիալական քաղաքականության հստակ տարբերակումը՝ ընտանեկան ընդհանուր սոցիալական և առանձնահատուկ հիմնախնդիրների տարանջատման հիման վրա:

Ընտանեկան քաղաքականության արդյունավետության կարևոր պայման է տարբերակված մոտեցումը, որը հաշվի է առնում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման յուրահատկությունները, ընտանիքի ինստիտուտի ձևափոխման պատմական փուլը, ընտանիքների մոդելները և կառուցվածքները, նրանց եկամուտները, պահանջմունքները և շահերը: Ընտանիքի ինստիտուտի կայունացման և զարգացման խնդիրները պահանջում են համակարգային մոտեցում կատարվող գործընթացների վերլուծությանը, ընտանիքի բնորոշ, կայուն գծերի բացահայտմանը, զարգացման օրինաչափություններին, առավել հիվանդագին գործընթացների գնահատմանը:

Պետական ընտանեկան քաղաքականության զարգացումն ուղեկցվում է ընտանիքի վրա պետության ազդեցության ընդլայնմամբ և խորացմամբ: Ստեղծվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են ընտանիքի ինքնիշխանության իրավական երաշխիքները, ընտանեկան և հասարակական շահերի հավասարակշռությունը (համապատասխան օրենսդրության զարգացում, տեղեկատվական տարածության ապահովում, ընտանիքի հասարակական շարժման ստեղծում և այլն):
Ընտանեկան քաղաքականության սկզբունքները որոշվում են պատմական, էթնիկական, կրոնական, մշակութային ավանդույթներով, հասարակության նյութական հնարավորություններով, սոցիալ-ժողովրդագրական իրավիճակով: Հիմնականն ընտանիքի ինքնիշխանության սկզբունքն է, նրան այս կամ այն կենսաձևը պարտադրելու անթույլատրելիությունը: Ընտանիքը պատասխանատվություն է կրում իր ճակատագրի, բարեկեցության, երեխաներին խնամելու և դաստիարակելու, զառամյալներին աջակցելու համար: Ընտանիքի բարեկեցությունը պետք է լինի նրա անդամների ջանքերի և աշխատանքի արդյունք:

Ընտանեկան քաղաքականության մյուս կարևորագույն սկզբունքը ընտանիքի անվտանգության, համալիրայնության սկզբունքն է: Դա նշանակում է ընտանիքը դնել հասարակական համակարգի կենտրոնում, հաղթահարել այդ ֆենոմենը որպես միայն օգնության և պաշտպանության կարիք զգացողի վիրավորական ընկալումը: Ներկայումս անհրաժեշտ է ստեղծել ընտանիքի ինքնավերականգնման, այն սոցիալական վերափոխումների շարժիչ ուժի վերածելու մեխանիզմներ: Ընտանեկան քաղաքականությունը ամբողջ սոցիալական քաղաքականության միջուկն է, որոշիչ օղակը: Ընտանիքի ինստիտուտի վիճակը, նրա կայունությունը անցկացվող բարեփոխումների արդյունավետության ցուցանիշն են:

"Ընտանեկան քաղաքականությունը" տերմինը տարբեր երկրներում ոչ միանման բովանդակություն ունի: Բացի ընտանեկան քաղաքականության ընդհանուր նպատակների առկայությունից, երեխա ունեցող ընտանիքների նկատմամբ տարբեր երկրներում ուրույն մոտեցում են դրսևորում:

Օրինակ՝ Ֆրանսիան ունի հստակ, որոշակի, օրենսդրորեն ձևակերպված ընտանեկան քաղաքականություն: Որոշակի, բայց առավել նեղ կենտրոնացվածությամբ ընտանեկան քաղաքականություն են վարում, օրինակ, ԳԴՀ-ը, Դանիան: Որոշ երկրներ էլ, ինչպես Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, չունեն հստակ ձևավորված ընտանեկան քաղաքականություն: Պարզ չէ ընտանեկան քաղաքականության հայեցակարգը նաև Նիդեռլանդներում:

Բացի զուտ սոցիալական խնդիրներից, որոշ երկրներ (Ֆրանսիա) հետամուտ են ժողովրդագրական նպատակների, որոնք, սակայն, վերջին տարիներին անկյունաքարային չեն: Ուրիշ երկրներ առաջնությունը տալիս են աղքատ ընտանիքների երեխաների պաշտպանությանը: Այս մոտեցումը բնորոշ է ԱՄՆ-ին և Իռլանդիային, այսօր նաև Հայաստանին:

Երկրների երրորդ խումբը կողմնակից է առավել ժամանակակից մոտեցման, նրանք պաշտպանում են ընտանիքների բոլոր տիպերը (Դանիան և այլն):

Ազգային մտածողությունը, որը մշակվել է յուրաքանչյուր երկրի պատմական զարգացման ընթացքում, ընտանեկան քաղաքականության վրա ազդել է հիմնախնդիրների, գերակայությունների, սոցիալական տեղաշարժերի յուրահատուկ ազգային ընկալումով: Այսպես, Դանիան և սկանդինավյան մյուս երկրներն առաջինը ճանաչեցին երեխաների դաստիարակության համար երկու ծնողների հավասար պատասխանատվությունը և առաջինը կիրառեցին երեխաների ծննդյան և դաստիարակության համար թե մորը և թե հորը տրվող արձակուրդը: Նրանք նաև առաջինը հավասարեցրին արտաամուսնական երեխաների նպաստ ստանալու իրավունքը:
Երկու ծնողներին արձակուրդ տրամադրելու հայեցակարգն այժմ տարածվում է նույնիսկ այնպիսի եվրոպական երկրներում, որտեղ կանանց սոցիալական կարգավիճակն ավելի ցածր է (Պորտուգալիա, Հունաստան), քան Հյուսիսային Եվրոպայի երկրներում:

Հարկ է նշել նաև, որ Եվրամիության ամենևին էլ ոչ բոլոր երկրներում է, ինչպես նաև ԱՄՆ-ում, ընտանեկան քաղաքականությունը պաշտոնապես հռչակվել որպես այդպիսին: Սակայն երեխա ունեցող ընտանիքների աջակցության պետական միջոցառումները առավել կամ պակաս չափով իրականացվում են բոլոր երկրներում:

Երեխա ունեցող ընտանիքներին պետական օգնության համակարգի մշակման առաջին փորձերը որոշ արևմտաեվրոպական երկրներում վերաբերում են XX դարի 30-50-ական թվականներին: 30-ական թվականներին երևան եկավ նաև աղքատ ընտանիքներին պետական օգնության ցուցաբերման առաջին ծրագիրը ԱՄՆ-ում:

70-ական թվականներին մայրության պաշտպանության, երեխա ունեցող ընտանիքներին նպաստներ և արտոնություններ տալու համակարգերն արդեն գործում էին  Արևմուտքի երկրների մեծ մասում: Այժմ այնտեղ, սոցիալական օգնության շրջանակներում, անց են կացվում հետևյալ միջոցառումները՝ կանանց բժշկական սպասարկում հղիության շրջանում և հղիության արձակուրդի տրամադրում և վճարում, մանկահասակ և կրտսեր տարիքի երեխաների առողջության հետևում, երեխաների դաստիարակության արձակուրդի իրավունքի տրամադրում (այսպես կոչված՝ ծնողական արձակուրդ), երեխաների համար տրվող ընտանեկան նպաստներ, հարկային արտոնություններ, ցածր տոկոսներով վարկեր բնակարան ձեռք բերելու կամ վարձակալելու համար և այլն:

Բոլոր երկրներում գործում են ընտանիքի պլանավորման ծառայություններ, իսկ կանայք հակաբեղմնավորիչների օգտագործման իրավունք են ստացել: Արհեստական վիժումների նկատմամբ վերաբերմունքը տատանվում է՝ լրիվ ազատականացումից մինչև խիստ սահմանափակումները:
Սակայն այս ընդհանուր դրույթները երբեմն չափազանց բարդ տարբերակում ունեն տարբեր երկրներում՝ պայմանավորված մի շարք գործոններով, ժամկետներով, տարիքային սահմանափակումներով և այլն:

Այսպես, հղիության և ծննդաբերության արձակուրդն աշխատողներին լրիվ վճարվում է միայն եվրոպական չորս երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ), աշխատավարձի 50-90%-ը կանայք ստանում են հինգ երկրներում (Բելգիա, Դանիա, Իսպանիա, Իռլանդիա, Իտալիա), էլ ավելի քիչ է փոխհատուցումը հղիության արձակուրդի համար Հունաստանում և Պորտուգալիայում: Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում նպաստի վճարման համակարգերը կախված են մի շարք պատճառներից, մասնավորապես՝ նույն տեղում աշխատելու տևողությունից:

Որոշ երկրներում հղիության արձակուրդի լրիվ վճարումը երաշխավորված է ոչ բոլոր աշխատող կանանց համար. նրանք, ովքեր զբաղված են պետական հատվածում, առավելություն ունեն՝ հղիության արձակուրդի համար ստանում են լրիվ փոխհատուցում (Դանիա, Իսպանիա, Պորտուգալիա): Հղիության արձակուրդի վճարման հետ կապված ամենավատ վիճակը Հունաստանում է:

Եվրոպական վեց երկրներում հղիության արձակուրդն այսպես թե այնպես վճարվում է ոչ միայն աշխատողներին, այլև ինքնազբաղներին, իսկ որոշ տեղերում՝ նաև չաշխատող կանանց (Բելգիա, Դանիա, Գերմանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ և մասամբ Մեծ Բրիտանիա), հիմնականում միանվագ նպաստի տեսքով: Երեխաների դաստիարակության կամ, այսպես կոչված, "ծնողական արձակուրդ" կանանց բոլոր կատեգորիաներին վճարվում է միայն Գերմանիայում, իսկ աշխատողների որոշ կատեգորիաներին՝ Իտալիայում: Մյուս երկրներում այդ լրացուցիչ արձակուրդը չի վճարվում: Հղիության և ծննդաբերության արձակուրդի տևողությունը նույնպես տարբեր է. ամենաքիչը Պորտուգալիայում է՝ 13 շաբաթ, իսկ առավելագույնը Դանիայում՝ 28 շաբաթ: Մյուս եվրոպական երկրներում՝ 14-20 շաբաթ: Հատուկ դիրք է գրավում Մեծ Բրիտանիան, որտեղ չկա հղիության արձակուրդի հստակ սահմանված պարտադիր տևողություն աշխատող կանանց համար, սակայն նրանք, ովքեր դրա իրավունքն ունեն, 11 շաբաթ ստանում են մինչև ծննդաբերությունը և 29 շաբաթ՝ դրանից հետո, բայց փոխհատուցվում է միայն 18 շաբաթը:

Որոշ երկրներում սահմանված է հղիության արձակուրդի ընդհանուր տևողություն, իսկ դրա բաժանումը՝ ծննդաբերությունից "առաջ" և "հետո", կրում է ճկուն բնույթ: Իսպանիայում, օրինակ, կարելի է բնավ չվերցնե լնախածննդաբերական արձակուրդ և 16 շաբաթն օգտագործել երեխայի ծննդից հետո:

Առանց բացառության բոլոր երկրներում արգելված է հղի կանանց ազատել աշխատանքից, իսկ նրա աշխատատեղը հղիության արձակուրդի ընթացքում պահպանվում է:
Շատ երկրներում նախկին աշխատանքին վերադառնալու իրավունքը տարածվում է առավել տևական ժամանակահատվածի վրա: Այս առումով առանձնանում է Գերմանիան, որտեղ այդ ժամկետը կազմում է 36 ամիս (մեզանում նույնպես): Մյուս երկրներում՝ 2-12 ամիս:
Համարյա բոլոր եվրոպական երկրներում, բացի Իռլանդիայից, հղի կինն իրավունք ունի տեղափոխվել ավելի թեթև աշխատանքի: Կանանց պարտադիր բժշկական հետազոտություն է պահանջվում եվրոպական 12 երկրներից 8-ում (բացի Բելգիայից, Հունաստանից, Իռլանդիայից, Ֆրանսիայից): Որոշ եվրոպական երկրներում երեխային կրծքով կերակրելու համար լրացուցիչ ժամանակ է տրամադրվում: Այն նախատեսված չէ Բելգիայում, Դանիայում, Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում:

Առավել քիչ է տարածված ընտանիքի աջակցության այնպիսի տեսակը, ինչպիսին է երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը (ծննդաբերության նպաստ): Բոլոր կանանց այդ նպաստը տալիս են միայն 4 եվրոպական երկրներում (Բելգիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Պորտուգալիա): Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում այդ նպաստը կարող են ստանալ միայն կարիքավոր ընտանիքները:

Հիվանդ երեխաների խնամքի արձակուրդի առումով Եվրամիության երկրներն զգալիորեն ետ են մնացել Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրներից: Այդպիսի արձակուրդի տևողությունը կազմում է մեկից մինչև տասն օր:
Էլ ավելի հազվադեպ է ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ աշակերտներին տրվող նպաստը: Միայն Ֆրանսիան և Լյուքսեմբուրգն են այդ նպաստը տալիս բոլոր երեխաներին: Իռլանդիայում այն կարող են ստանալ միայն աղքատ ընտանիքները:

Որոշ երկրներ նպաստ են վճարում նորապսակներին՝ որպես ապագա ծնողների: Դրանց շարքին դասվում են, որքան էլ տարօրինակ է, համեմատաբար աղքատ Պորտուգալիան և Հունաստանը, ինչպես նաև Լյուքսեմբուրգը:

Եվրամիության երկրների կեսում գոյություն ունի արտոնություն ընտանիքների հայրերի համար՝ զորակոչի ժամանակ նրանց զինծառայությունից կարող են ազատել կամ հետաձգել այն: Հարկ է նշել, որ Եվրամիության երեք երկրներում բանակում պարտադիր ծառայություն ընդհանրապես գոյություն չունի (Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Մեծ Բրիտանիա):

Երեխա ունեցող ընտանիքների համար քաղաքային տրանսպորտով երթևեկելու արտոնություններ  են գործում են եվրոպական12 երկրներից 8-ում, իսկ որոշ երկրներում նաև՝ երկաթուղային տրանսպորտից  օգտվելու: Այդպիսի արտոնություն չունեն միայն անգլիացիները, պորտուգալացիները, հոլանդացիները և դանիացիները:
Եվրամիության բոլոր երկրները վճարում են ընտանեկան նպաստներ երեխաների համար: Միայն որոշ երկրներում այն կրում է համընդհանուր բնույթ, այսինքն՝ ոչնչով պայմանավորված չէ, իսկ մյուսներում վճարման ժամանակ հաշվի են առնվում ընտանիքի եկամուտները: Նպաստները համընդհանուր  բնույթ ունեն ութ երկրում (Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Մեծ Բրիտանիա): "Կիսահամընդհանուր" բնույթ գոյություն ունի Գերմանիայում: Այստեղ նպաստ են վճարում գործնականում բոլորին, բայց սկսած երկրորդ երեխայից՝ նպաստի չափը կախված է ընտանիքի եկամտից: Սահմանված է նաև եկամտի ընդհանուր առաստաղը, որից հետո նպաստ ընդհանրապես չի վճարվում: Սակայն այդ առաստաղն այնքան բարձր է, որ հազիվ թե գործնական նշանակություն ունենա:

Միայն 4 երկրում է նպաստի չափը ինքնաբերաբար ինդեքսավորվում (Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հունաստան, Պորտուգալիա): Մյուս երկրների մեծ մասում ինդեքսավորումը կատարվում է ամեն տարի (ինչպես Գերմանիայում), ինչպես նաև այն պարբերաբար վերանայվում է:

Բացի Հունաստանից, ընտանեկան նպաստները չեն հարկվում:
Որոշ երկրներում ընտանեկան նպաստների չափերն ավելանում են երեխայի մեծանալու հետ (Բելգիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Մեծ Բրիտանիա): Նպաստի չափը կախված է երեխաների ծննդյան հաջորդականությունից: Մեծ մասամբ առավելագույն գումար է վճարվում երրորդ, չորրորդ երեխային:

Որոշ երկրներում կիրառվում են տարբերակված նպաստների վճարման մեխանիզմներ: Այսպես, Նիդեռլանդներում, որտեղ ձգտում են բարձրացնել ծնելիությունը, նպաստի չափը մեծանում է յուրաքանչյուր ծնված երեխայի հետ՝ ընդհուպ մինչև ութերորդը: Հակառակ քաղաքականություն են վարում անգլիացիները, որոնք դեմ չեն կրճատել բնակչության թիվը: Նրանք, արդեն երկրորդ երեխայից հետո իջեցնում են նպաստի չափը:

Երեխաների համար ընտանեկան նպաստ տրամադրելու տարիքային սահմանը եվրոպական զարգացած երկրների ավելի քան կեսում սահմանված է 18 տարին: Որոշ եվրոպական երկրում երեխաները նպաստ չեն ստանում 16-17 տարեկանից, իսկ Իռլանդիայում՝ 14 տարեկանից: Բոլոր երկրներում, բացի Դանիայից և Իսպանիայից, նպաստի վճարման տարիքային սահմանը կարող է բարձրացվել, եթե երեխան շարունակում է ուսումը, մասնավորապես, բարձրագույն կրթություն է ստանում: Այդօրինակ տարիքային սահմանը երկրների մեծ մասում կազմում է 24-27 տարեկանը (առավելագույնը՝ Գերմանիայում և Լյուքսեմբուրգում):

Վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայի երկրներում, հատկապես, Գերմանիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում, ձևավորվել է ընտանեկան քաղաքականության առավել ընդգրկուն հայեցակարգ: Խնդիր է դրվում ստեղծել այնպիսի սոցիալական միջավայր, որն ավելի ամբողջական կարտացոլի ծնողների և երեխաների պահանջմունքները: Այդ հայեցակարգը նկատի ունի աշխատանքի պայմանների բարելավումը այն ծնողների համար, ովքեր մանկահասակ երեխաներ ունեն, մասնավորապես՝ ծնողական արձակուրդի տևողության մեծացում նախկին աշխատանքին վերադառնալու իրավունքի պահպանմամբ, ավելի լայնորեն տարածելով աշխատանքի ճկուն գրաֆիկը, ոչ լրիվ զբաղվածությունը, առավել հարմար հանգստի հնարավորությունների ստեղծումը, հասարակական տրանսպորտի աշխատանքի բարելավումը, ծնողների առավել լայն ընդգրկումը նախադպրոցական մանկական հիմնարկների աշխատանքներում, երեխաների վրա հարկային արտոնությունների համակարգի տարածումը:
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին արևմտաեվրոպական երկրներում և ԱՄՆ-ում երեխա ունեցող ընտանիքների օգնության պետական քաղաքականության ընդլայնման մեջ նկատելի տեղաշարժեր են կատարվել: Բայց և այնպես, երեխա ունեցող ընտանիքների կենսապայմանների հետագա բարելավման համար դեռևս ոչ բոլոր հնարավորություններն են սպառվել և պահանջում են առավել սերտ միասնականացում Արևմուտքի բոլոր երկրներում: Հայաստանի վերջին 12 տարիների որդեգրած քաղաքականությունը հիմնականում ուղղված է աղքատ ճանաչված ընտանիքներին ընտանեկան նպաստների բաշխմանը, բնամթերային օժանդակությանը: (Տես նաև՝ Պետական ընտանեկան քաղաքականության ձևավորումը և զարգացումը Հայաստանում):

Պետական ընտանեկան քաղաքականության ձևավորումը և զարգացումը Հայաստանում

 ԽՍՀՄ-ում ընտանիքի նկատմամբ քաղաքականությունը սահմանափակ էր, չէր կրում համակարգային բնույթ, նույնացվում էր սոցիալական քաղաքականության հետ: Ընտանիքի ինստիտուցիոնալ շահերը հատուկ ձևով հաշվի չէին առնվում:

 Պետությունը ելնում էր իր տնտեսական, արտադրական, պաշտպանական պահանջմունքներից, ժողովրդագրական իրավիճակից, երկիրը զանգվածային և էժան աշխատուժով ապահովելու անհրաժեշտությունից: Ընդ որում՝ կանայք առավելագույնս ընդգրկված էին հասարակական արտադրության մեջ, երեխաները՝ հասարակական դաստիարակության համակարգում: Ընտանիքի անդամներն իրենց ժամանակի մեծ մասն անց էին կացնում ընտանիքից դուրս՝ զբաղվելով հասարակական և արտադրական գործերով:
Ետհեղափոխական տասնամյակի առաջին տարիներին ընտանիքի "պետականացման" գաղափարական հենքը շատ բանով պայմանավորեց երկրում անցկացվող սոցիալական քաղաքականությունը, էականորեն արագացրեց նահապետական ընտանիքի քայքայման գործընթացը, նրա վերակողմնորոշումը դեպի արտաընտանեկան արժեքները, ընտանեկան ավանդական շատ գործառույթներ անմիջականորեն պետական ինստիտուտներին փոխանցելը: Ընտանիքի կենսագործունեության մեջ ոչ միանշանակ դեր կատարեցին արդյունաբերականացումը և կոլեկտիվացումը: Ընտանեկան տնտեսության և արտադրության քայքայումն ընտանիքին զրկեց լրացուցիչ եկամուտներից, իսկ երկիրը՝ ժողտնտեսության մի ամբողջ ճյուղից՝ ընտանեկան ձեռնարկատիրությունից: Ընտանեկան դաստիարակության ապակազմակերպումը նվազեցրեց ընտանիքի ազդեցությունը երեխաների զարգացման գործընթացի, կանանց ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածության, առողջական վիճակի վրա:

Ընտանեկան քաղաքականությունը դրսևորվեց նախևառաջ ամուսնական հարաբերությունների կարգավորման, ծնելիության խթանման, երեխա ունեցող ընտանիքներին նյութական աջակցության ոլորտում: 20-30-ական թվականներին այդ քաղաքականությունը բևեռված էր քաղաքաբնակ կանանց օգնության վրա, որոնք հասարակական արտադրության մեջ զուգակցում էին մայրական պարտականությունները և աշխատանքը: 40-ականի կեսերից մինչև 70-ական թթ. հատուկ ուշադրություն էր դարձվում բարձր ծնելիության և բազմազավակության խրախուսմանը, ինչը պայմանավորված էր Հայրենական մեծ պատերազմում բնակչության հսկայական կորուստներով: 70-80-ական թթ. պետությունը ջանքերը կենտրոնացրեց երեխա ունեցող ընտանիքների սակավ ապահովվածության հաղթահարման, ծնելիության խրախուսման, երեխաների դաստիարակության գործում ծնողներին աջակցելու վրա:

Հայաստանում ընտանիքին մեծ հարված հասցրեց 1988թ. երկրաշարժը: Միածնող, որդեկորույս և ծնողակորույս ընտանիքների թվաքանակի աճը մի ամբողջ սերնդի ճակատագիրը փոխեց, մանավանդ որ այն զուգահեռվեց սոցիալական վիճակի կտրուկ վատթարացմամբ:
90-ական թվականներին, փոփոխված քաղաքական և տնտեսական պայմաններում, տեղի ունեցավ ընտանիքի նկատմամբ պետական քաղաքականության վերանայում: Ընտանեկան քաղաքականության նոր փուլը սկսվեց ընտանեկան քաղաքականության հայեցակարգերի մշակմամբ: Ընտանիքի միջազգային տարվա նախապատրաստման և անցկացման ազգային խորհրդի (1993թ.) մշակած հայեցակարգերում արտացոլված է համամարդկային արժեքների, ընտանիքի և անձի շահերի գերակայության, ընտանիքի և պետության գործընկերային հարաբերությունների գաղափարախոսությունը:

Ընտանեկան քաղաքականության հիմնական ուղղություններն են.
  • ընտանիքի կենսագործունեության նյութական պայմանների բարելավում,
  • աշխատանքային և մասնագիտական գործունեության համատեղման համար պայմանների ստեղծում՝ հաշվի առնելով մարդու ընտանեկան պարտականությունները և անձնական հետաքրքրությունները,
  • երեխաների դաստիարակության գործում ընտանիքներին բազմակողմանի օգնության ցուցաբերում, շնորհալի երեխաներին աջակցություն,
  • մոր և մանկան առողջության պահպանման ապահովում,
  • անչափահասների շահերի պաշտպանություն, սոցիալական որբության, խնամազրկության և իրավախախտումների կանխարգելում,
  • մեծ ուշադրություն ոչ լրիվ, հաշմանդամ երեխա ունեցող, կարիքավոր ընտանիքներին` նրանց կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով,
  • երիտասարդության բազմակողմանի նախապատրաստում ամուսնությանը, ընտանեկան կյանքին,
  • ընտանեկան անբարեկեցության կանխարգելում և այլն:
Միայն այս պարագայում հանդես կբերվի ընտանիքի նկատմամբ համալիր մոտեցում:

Պետական քաղաքականություն

Ռազմավարական նպատակների և խնդիրների ամբողջություն, որ գործնականում իրականացնում է պետությունը, և միջոցներ, որոնք օգտագործվում են դրանց լուծման համար:

Պետական քաղաքականություն սոցիալական գործընկերության բնագավառում

Արևմուտքի զարգացած երկրներում "երրորդ հատվածի" շնորհիվ պետությանը հաջողվում է լուծել սոցիալական շատ հիմնախնդիրներ և "խոցեր"՝ հենվելով ոչ թե բյուրոկրատական ապարատի և բյուջեի միջոցների, այլ՝ հավասարության, բարեգործության և ինքնագործունեության վրա: Ըստ ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի՝ 1995թ. երկրում օգնությունների ավելի քան 40%-ը բաշխվել է ոչ թե կառավարական կազմակերպությունների, այլ պետական ինքնակառավարման մարմինների միջոցով, որոնց դերն ու ազդեցությունը հասարակության մեջ մշտապես ուժեղանում է: "Երրորդ հատվածի" շնորհիվ ԱՄՆ-ում սոցիալական հիմնախնդիրների լուծման համար պետությունը հատկացնում է անհրաժեշտ ծախսերի ծավալի մոտ 25%-ը միայն:

Ծնունդ առնող հայկական "երրորդ հատվածում" մենք բախվում ենք պետական և հասարակական ինստիտուտների թուլացման կամ մասնակի փլուզման ժամանակահատվածում բնակչության ինքնակազմակերպման առավել արտահայտված ձևերին: Ոչ առևտրային կազմակերպությունների թվի աճը ցույց է տալիս, որ հասարակության մեջ տեղի է ունենում սոցիալական խմբերի ազատագրում պետությունից, ստեղծվում են կազմակերպություններ և ինստիտուտներ, որոնք պայմանավորված են հասարակական շահերի ձևավորմամբ և իրականացմամբ:

Հասարակական-քաղաքացիական միավորման էական հատկանիշը նրա ուղղվածությունն է դեպի հասարակական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծումը և միավորման անդամների պատրաստակամությունը իրապես մասնակցել կոնկրետ աշխատանքին, հաճախ՝ անվարձահատույց, կամավոր հիմունքներով:

Հասարակական կազմակերպությունների ծագման խթան դարձավ 1988 թվականի երկրաշարժը:

Սոցիալական գործընկերության, սոցիալական երկխոսության բնագավառում պետական քաղաքականության հայեցակարգային հիմունքների մշակումը և օրենքների ընդունումը ապահովում են իշխանության թևերի և նորմերի սուբյեկտների փոխազդեցությունը:

Պետական և ոչ կառավարական կառույցների սոցիալական գործընկերության բնագավառում պետական քաղաքականության հիմնական բաղկացուցիչ տարրերն են.
  • ձևավորված օրենսդրական բազան, որը ապահովում է սոցիալական գործընկերության հիման վրա սոցիալական ոլորտում որոշումներ նախապատրաստելու, ընդունելու և իրականացնելու բնագավառում պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների փոխհարաբերությունների նորմատիվ-իրավական կարգավորումը,
  • պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների փոխազդեցության իրականացման գործուն մեխանիզմներ, մեթոդներ և գործիքներ, 
  • այնպիսի կառույցների առկայություն, որոնք ապահովում և անմիջականորեն իրականացնում են պետական իշխանության մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների փոխազդեցությունը սոցիալական գործընկերության սկզբունքներով,
  • տեղեկատվական դաշտի առկայություն, որը լուսաբանում է սոցիալական գործընկերության գործընթացները, որոշակի սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև ապահովում է բնակչության տեղեկացվածությանը սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության մեխանիզմների և եղանակների, տարբեր սոցիալական սուբյեկտների ջանքերի միավորման հիման վրա սոցիալական ոլորտում հիմնախնդիրների լուծման հնարավորությունների և առավելությունների մասին, 
  • փոխազդեցության իրականացում պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև մշտապես գործող երկխոսության, զարգացող գործընթացի հիման վրա, որը սոցիալական քաղաքականության անբաժանելի բաղկացուցիչ մասն է,
  • ձևավորված հասարակական կարծիք հօգուտ սոցիալական ոլորտի հիմնախնդիրների լուծման գործում պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների սոցիալական գործընկերության:
Սոցիալական գործընկերությունը հասարակական-քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությամբ կարող է երևան բերել պետության սոցիալապես նշանակալի խնդիրների լուծման այնպիսի ձևեր, ինչպիսիք կլինեն.
  • պետական սոցիալական պատվերը,
  • պետական սոցիալական հովանավորությունը,
  • սոցիալական ակտիվության խթանումը ուղիղ ֆինանսավորմամբ:

Պետական քաղաքականության բնագավառում հատկապես պետական կառույցների և հասարակական կազմավորումների փոխազդեցությունն է նպաստում իշխանության մարմինների գործունեության և տարածաշրջանի, քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կատարման կառավարման ակտիվացմանը, վստահության և համաձայնության մթնոլորտի ստեղծմանը և տնտեսական ներուժի ավելացմանը: 

Պետության գործունեությունը ի շահ տարեց մարդկանց

2003թ. Հայաստանում արձանագրվել է 60 և բարձր տարիքի 464000 մարդ: Ամեն տարի կենսաթոշակառուների թիվը, այդ թվում ծերության, ավելանում է մոտ տասներեք հազար մարդով:
Հայաստանի բնակչությունը կարելի է բնութագրել որպես "հասուն", ըստ տարիքային խմբերի բավականաչափ հավասարակշռված: Ծերացման դասիչը (կենսաթոշակային տարիքի բնակչության թվի հարաբերությունը մինչև 20 տարեկանների թվին) կազմում է 1.0-ից պակաս: Այնուամենայնիվ, սպասվում է, որ արդեն 2010 թվականին 60 տարեկանից բարձր տարիքի մարդկանց բաժնեմասը կգերազանցի մինչև 15 տարեկան երեխաների բաժնեմասին: Հետագայում այն կաճի, և 2015 թվականին չաշխատողների մեջ կգերակշռեն 60-ից բարձր տարիքի մարդիկ:

Հայաստանի Հանրապետությունում տարեց անձանց համար սահմանված են պետական կենսաթոշակներ և նպաստներ, իրականացվում է տարեց մարդկանց պետական աջակցություն սոցիալական ծառայությունների համակարգի միջոցով և սոցիալական պաշտպանության այլ երաշխիքներ:

Տարեց մարդկանց կյանքի արժանապատիվ պայմաններ ստեղծելու համար կարևոր նշանակություն ունեն բնակարանի, անձի արժանապատվության, խղճի ազատության և մասնավոր սեփականության իրավունքի որակյալ, այդ թվում՝ անվճար իրավաբանական օգնության իրավունքի իրականացումը:

Ինչ վերաբերում է ազատ աշխատանքի սահմանադրական իրավունքին, ապա այն ամբողջությամբ տարածվում է տարեց մարդկանց վրա և ՀՀ Աշխատանքային նոր օրենսգրքի նախագիծը չի պարունակում տարիքի հետ կապված որևէ սահմանափակում:

ՀՀ օրենսդրությամբ իրականացվող տարեց մարդկանց սահմանադրական երաշխիքները պայմանականորեն ընդգրկում են նորմերի երեք տեսակ. նորմեր, որոնք ամրագրում են բոլոր քաղաքացիների իրավունքները՝ անկախ տարիքից, այդ թվում՝ տարեց մարդկանց համար հատկապես կարևորները, նորմեր, որոնք անմիջականորեն վերաբերում են տարեց մարդկանց իրավունքներին և այդ իրավունքներին համապատասխան՝ պետական, ոչ պետական կառույցների և ընտանիքի պարտականություններին, նորմեր, որոնք կարգավորում են տարեց մարդկանց հատուկ խմբերի վիճակը (վետերանններ, հաշմանդամներ, տարեց մարդկանց զանազան կատեգորիաներ՝ ըստ տարիքի):

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը և "ՀՀ սոցիալական աջակցության մասին" մի շարք օրենքների գործողության մեջ դնելը, ինչպես նաև արդեն ընդունված "Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին", "Վետերանների մասին", "Հասարակական միավորումների մասին", "Բարեգործության մասին" օրենքների հետ մեկտեղ, էականորեն կհարստացնեն տարեց քաղաքացիներին հասցեագրված սոցիալական օրենսդրությունը: Դրանցում ամրագրված նորմերը համապատասխանում են տարեց մարդկանց վերաբերյալ ՄԱԿ-ի սկզբունքներին, ապահովում են տարեցների պաշտպանությունը, անձի և գույքի անձեռնամխելիությունը, սոցիալական աջակցության և պաշտպանության խնդիրների լուծումը:
Քաղաքացիական օրենսդրության մեջ նոր ինստիտուտ է գործունակ քաղաքացիների հովանավորությունը (խնամակալության ձև, որը թույլ է տալիս կանոնավոր օգնություն ցուցաբերել այն անձին, ով իր իրավունքների իրականացման համար կողմնակի ծառայության կարիք ունի):

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի կարևորագույն հոդվածը, որը ծառայում է տարեց անձանց օգնություն ցուցաբերելու և շահերը պաշտպանելու նպատակին, 41 հոդվածն է՝ "Գործունակ քաղաքացիների հովանավորությունը": Գործունակ քաղաքացու խնդրանքով, որը առողջական վիճակի պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել և պաշտպանել իր իրավունքները, ինչպես նաև կատարել իր պարտականությունները, խնամակալություն կարող է սահմանվել հովանավորության ձևով:

 Խնամակալը (օգնականը) իր պարտականությունները կատարում է պայմանագրի կամ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա, որը կնքում է իր խնամարկյալի հետ: Խնամակալը կարող է կատարել պայմանագրով նախատեսված ցանկացած կարգադրական գործարք խնամարկյալի գույքի նկատմամբ, դրանով նրան օգնելով գույքային իրավունքների իրականացման գործում: Պայմանագրով նախատեսված դեպքերում խնամակալը պետք է խնամարկյալի համար գնի մթերքներ, դեղեր, ստեղծի անհրաժեշտ կենցաղային պայմաններ:

ՀՀ Սահմանադրությունը ուղղակիորեն չի նախատեսում քաղաքացիների սոցիալական սպասարկման իրավունքը: Այնուամենայնիվ, համաձայն ընդհանուր տեսական դրույթների, սոցիալական աջակցությունը սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի բաղկացուցիչ տարրն է:

 Սոցիալական ծառայությունների իրավունքները, որոնք կոչված են քաղաքացիների հատուկ պահանջները բավարարել նրանց կենսագործունեության սահմանափակման պատճառով, այդ թվում և տարիքային, համարվում են սոցիալապես նշանակալի:

Տարեց բնակչության եկամուտների ձևավորման քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մասն են նաև օրենսդրորեն ամրագրված արտոնությունները, որոնք անխզելիորեն կապված են կենսաթոշակների, նպաստների և սոցիալական աջակցության հետ:

Հայաստանի պայմաններում սոցիալական արտոնությունների համակարգի գոյությունը պայմանավորված է սոցիալական արդարության սկզբունքի անհրաժեշտությամբ, այն մարդկանց խմբերի առկայությամբ, ովքեր երկրի պաշտպանության և զարգացման մեջ նշանակալի ավանդ են ներդրել և վաստակել են պետության հատուկ երախտագիտությունը, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներով (բնակարանային, տրանսպորտային, կենցաղային և այլն), որոնք հնարավոր չէ լուծել առանց իրավական և տնտեսական արտոնությունների:

Արտոնությունների մասով պետական քաղաքականության հիմնական ուղղությունը առաջիկայում դառնալու է արտոնությունների փոխարեն դրամական փոխհատուցումների տրամադրումը, որը հավասար հնարավորություններ կստեղծի տվյալ արտոնությունից օգտվող բոլոր անձանց համար:

Վերջին տարիներին ջանքեր են գործադրվում ընտանիքում բռնությունից պաշտպանության իրավական կարգավորման հիմքերն ամրապնդելու համար: Տարեց մարդիկ տարիքի և ֆունկցիոնալ սահմանափակումների պատճառով համարվում են ընտանիքի անդամներից կախված. ընտանիքում նրանց նկատմամբ կարող է կիրառվել ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն: Ընտանիքում դաժան վերաբերմունքից պաշտպանության սոցիալ-իրավական հատուկ միջոցառումները կապված են մի շարք իրավական և կազմակերպական հիմնախնդիրների հետ, քանի որ ընտանիքում բռնության կանխման և դադարեցման հարցերը վերաբերում են մարդկային հարաբերությունների ոլորտին, որոնց իրավական կարգավորումը դժվար է (դրանք կարգավորվում են ընտանեկան, քրեական, վարչական, քաղաքացիական և բնակարանային օրենսդրությամբ, ինչպես նաև սոցիալական սպասարկման մասին օրենսդրությամբ:

Տարեց մարդկանց պաշտպանվածության ամրապնդումը պահանջում է նրանց տրամադրվող սոցիալական ծառայությունների լայն շրջանակ:

Շատ երկրներում սոցիալական ծառայությունների համար կատարված պետական հատկացումները դառնում են բյուջետային սահմանափակումների օբյեկտ, որոնք կապված են բյուջեի  իրական հնարավորությունների և պետական հավասարակշռված սոցիալական քաղաքականություն վարելու անհրաժեշտության հետ: Այդ պայմաններում տարեց մարդկանց սոցիալական պաշտպանվածության հիմնախնդրի լուծումը պահանջում է քաղաքացիական հասարակության առավել ակտիվ մասնակցություն, քանի որ կախման մեջ գտնվող տարեց հայրենակիցների նկատմամբ անտարբերության, պասիվության և անգործության  սոցիալական  ծախսերը չափից դուրս բարձր են:

Այդօրինակ մասնակցության ձևերից մեկը տարեց մարդուն խնամատար ընտանիքում տեղավորելն է:

Տարեց մարդը խնամատար ընտանիք է մտնում միայնակությունը հաղթահարելու, անհրաժեշտ խնամք ստանալու, շրջապատողների համար օգտակարության զգացումը պահպանելու ցանկությամբ: Մյուս բևեռում գտնվում է ընտանիքը, որը պատրաստ է ընդունել տարեց մարդուն և նրա համար ապահովել պահանջվող հոգատարությունը և խնամքը՝ պայմանագրային հիմունքներով:

Կողմերի հարաբերությունների հիմքում ընկած է տարեց մարդուն ցուցաբերված ծառայությունների "հետաձգված վարձատրության" սկզբունքը, որը ստանում է խնամատար ընտանիքը (շարժական և անշարժ գույքի, օրինակ՝ բնակարանի, սեփականության իրավունքի փոխանցումը), ինչպես նաև փոխադարձության սկզբունքը, որը թույլ է տալիս նորմալ կենսապայմաններ ապահովել բոլոր մասնակիցների համար: Քննարկվող դեպքում խնամատար ընտանիքի պատասխանատու անձը կտնօրինի տարեց մարդու շարժական և անշարժ գույքը, կպաշտպանի նրա իրավունքները՝ կատարելով գործողություններ, որոնք ընդունված են սովորական ընտանեկան կենցաղում և դրա համար վարձատրություն չի ստանա:

Հայաստանի արդի սոցիալ-տնտեսական իրավիճակը թույլ է տալիս այդ կարգի հարաբերությունների մեջ ներգրավել տարբեր կատեգորիաների ընտանիքների՝ երիտասարդ, ուսանողական, զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների ընտանիքների և այլք, որոնցից շատերը, մասնավորապես, բնակարանային խնդիրների լուծման կարիք են զգում:

Սույն մոդելում պետությունը, որպես կանոն, չի մասնակցում խնամատար ընտանիքի ծախսերի փոխհատուցմանը և հանդես է գալիս որպես կողմերի իրավունքների երաշխավոր, ինչը չի բացառում որոշակի հանգամանքներում ընտանիքի կատարած ծախսերի մի մասի փոխհատուցում, որոնք կապված են տարեց մարդուն սպասարկելու հետ:

Տարեց մարդու (տարեց ամուսնական զույգի) համար խնամատար ընտանիքում գոյությունը հնարավոր է միայն պայմանավորվող կողմերի բոլոր գործողությունների խիստ օրենսդրական կարգավորման և դրա համար լիազորված պետական մարմինների կողմից վերահսկողության դեպքում:
Տարեց մարդկանց սոցիալական սպասարկման այդ ձևի զարգացումը հնարավոր է խնամատար ընտանիքի ինստիտուտը գործող օրենսդրության մեջ ներդնելու դեպքում:

Խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացումը թույլ կտա զգալիորեն բարելավել տարեց մարդկանց "սոցիալական ինքնազգացողությունը", ամրապնդել սերունդների կապը, պահպանել հասարակության սոցիալական ակտիվացումը:
Ավագ սերնդի քաղաքացիների նկատմամբ Հայաստանի կառավարության սոցիալական քաղաքականությունն ուղղված է ըստ տարիքային հատկանիշի խտրականությունը կանխելուն:

Տարեց մարդկանց սոցիալական պաշտպանության ոլորտի օրենսդրական բազայի հետագա կատարելագործման շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացուն պաշտպանող օրենքների դրույթները խելամտորեն կլրացվեն տարեց անձանց իրավունքների և ազատությունների պահպանման նորմերով:

Պոլիոմիելիտ

Հուն. poleos - գորշ, myelos - ուղեղ՝ կենտրոնական նյարդային համակարգի սուր վարակիչ հիվանդություն, որը գլխավորապես ախտահարում է ողնուղեղի գորշ նյութը (Գեյնե-Մեդինի հիվանդություն):

Պ-ով ավելի հաճախ հիվանդանում են վաղ տարիքի (2-7 տարեկան) երեխաները: Հիվանդությունը տարածվում է ինչպես օդակաթիլային եղանակով, այնպես էլ շփման միջոցով (ընդհանրապես նյութափոխանակության կառույցի, մասնավորապես՝ շնչուղիներիով): Երեխայի մոտ առաջանում է վերջույթների անդամալուծությամբ արտահայտված ձևափոխություն, ռեֆլեքսների բացակայություն:

Հիվանդության կանխման նպատակով կատարվում են պատվաստումներ, ինչպես նաև պահպանվում են որոշակի սանիտարահիգենիկ պայմաններ: Հիվանդ երեխան առողջից մեկուսացվում է հիվանդանոցում 40 օրից ոչ պակաս:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան