Ներառական կրթություն

Հատուկ կարիքներով երեխաների ուսման կազմակերպումը  սովորական հաստատություններում՝ իրենց հասակակիցների հետ համատեղ:

Զարգացման շեղումներով երեխաների ուսուցումը սովորաբար կատարվում է հատուկ հաստատություններում: Ներառական կրթության իրականացման դեպքում նրանց հատուկ հաստատություններից փորձում են տանել սովորական հաստատություններ:

Ն.կ-ի գաղափարը առաջ է քաշվել դեռևս XIX դարի սկզբին: Այդ ուղղությամբ առաջին փորձերը կատարվել են Ֆրանսիայում 1850 թվականին՝ հետագայում կրելով տարերային բնույթ:
XX դարի 70-ական թվականներին Ն.կ-ի համակարգված գործընթացներ սկսվեցին նաև աշխարհի մի շարք երկրներում:
Ն.կ. իրականացվում է տարբեր ձևերով (ամբողջական, մասնակի):

Ամբողջական Ն.կ-ի ժամանակ զարգացման շեղումներով երեխաներն ընդգրկվում են հանրակրթական դասարաններում՝ միաժամանակ հատուկ մանկավարժների կողմից ստանալով անհրաժեշտ շտկողական օգնություն:

Մասնակի Ն.կ-ի ժամանակ զարգացման շեղումներով երեխաներն ընդգրկվում են հանրակրթական դպրոցների հատուկ դասարաններում: Նրանք սովորական դասարանների երեխաների հետ շփվում են զբոսանքների, խաղերի և այլ միջոցառումների ժամանակ, իսկ որոշ պարապմունքներ անցկացվում են համատեղ (օրինակ` կերպարվեստ, աշխատանքի ուսուցում և այլն):

Ամբողջական Ն.կ. կարող է արդյունավետ լինել զարգացման շեղումներով այն երեխաների համար, ովքեր շտկողական աշխատանքների շնորհիվ իրենց զարգացման, խոսքի և հաղորդակցման մակարդակով համապատասխանում են տվյալ դասարանում սովորողների տարիքային չափանիշներին: Մասնակի Ն.կ. արդյունավետ կարող է լինել զարգացման շեղումներով բոլոր երեխաների համար:

Ամբողջական կամ մասնակի Ն.կ-ի մեջ երեխաներին ընդգրկելու համար կան մշակված չափանիշներ, որոնցով առաջնորդվելով՝ երաշխավորվում են նրանց հնարավորությոնները, կարգավիճակը և այլն:

Ն.կ. ունի տնտեսական, կազմակերպչական, մանկավարժական տեսանկյուններ, որոնց հիման վրա էլ այն միանշանակ չի ընդունվում:

Նյարդաբջջալեզվաբանական ծրագրավորում

Մարդկանց վրա ազդելու տեսություն և տեխնոլոգիա, յուրատեսակ մոտեցում մարդկանց հաղորդակցմանը և զարգացմանը: Ձևավորվել է Դ. Գրինդերի, Ռ. Բենդլերի, Վ. Սատիրի, Մ. Էրիքսոնի աշխատություններում: Ն.ծ-ի առարկան լեզուներն են, որոնք օգտագործվում են փոխազդեցության համար, որպես ներքին ծրագրերի արտացոլում, որոնք տրվում են նյարդաբջիջների կապերի մակարդակով, աշխարհի մասին տեղեկատվություն ստանալու տարբեր եղանակների վերլուծություն և առանձին մարդկանց արձագանքը դրան: Ն.ծ. գործիք է, որը թույլ է տալիս արագ ստանալ գործընկերոջ ցանկալի և ընթացիկ վիճակի մասին տեղեկատվություն և, դրան համապատասխան, ճկունորեն ընտրել առավել գործուն տեխնիկա՝ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար:

Ն.ծ-ի հիմնական հասկացություններից մեկը ներկայացուցչական-տեղեկատվական համակարգն է, այսինքն` հոգեկան մոդալությունների հետ կապված փորձի ներկայացման համակարգը: Ներկայացուցչական համակարգը ձևավորում է առաջատար եղանակը, որով մարդն իրականացնում է տեղեկատվության որոնումը ("վիզուալներ", "աուդիալներ", "կինեստետիկներ"): Անհատի կողմից առաջատար տեղեկատվական (առաջատար մոդալությունների) և օժանդակ համակարգերի (սուբմոդալությունների) օգտագործումը, վարքագծային պատերնների և ներքին ռազմավարությունների ձևավորումը դրսևորվում է տարբեր "լեզուներում"` բանավոր և ոչ բանավոր, ինչը կարելի է բավականաչափ ճշգրիտ նկարագրել և կանխատեսել հաղորդակցման ընկերոջ մոտ տրամաչափման միջոցով, այսինքն` նրա վիճակի արտաքին և ներքին հատկանիշների նկարագրությամբ:

Ն.ծ. հուսադրող հեռանկարներ է պարունակում սոցիալական գործունեության մեջ օգտագործելու համար: Մասնավորապես, այն իրավիճակներում, երբ դժվար է այցելուից հարկավոր տեղեկատվություն ստանալ, Ն.ծ-ի օգտագործումը չի պահանջում պատմել իր խնդրի բովանդակությունը, պատմությունը, իսկ մասնագետն էլ հարկադրված չէ խորամուխ լինել, վերլուծել, փնտրել դրա ակունքները: Հարկավոր է միայն, որ այցելուն հայտնի իր հիմնախնդրի առկայության մասին: Այցելուն դրանք լուծում է ինքնուրույն, իսկ մասնագետն ընթացքում դրա համար նպաստավոր պայմաններ է ստեղծում: Բայց պետք է հիշել, որ Ն.ծ. հոգեկանի վրա չափազանց ազդու տեխնոլոգիական մոդել է, և հարկավոր է նրա հնարքներից օգտվել զգուշորեն: Ն.ծ-ի տեխնոլոգիականության մյուս կողմը նրա պարունակած այն վտանգն է, որ կարելի է միջամտել անհատի հոգեբանությանը, քանի որ թերագնահատվում է վարքագծի հոգեբանական կարգավորման անհատական, գիտակցական բաղադրիչը:
Հաղորդակցման լավ դրսևորում է անձի ինքնաներկայացման հայեցակետը: Ինքնադրսևորումը կամ ինքնաներկայացումը, որպես հաղորդակցման հատուկ ձև, մարդկանց հետ տարվող անհատական մասնագիտական աշխատանքի արդյունավետության կարևոր բաղկացուցիչն է: Սոցիալական փոխազդեցությունների ցանկացած ոլորտում մասնագետը պետք է կարողանա ճիշտ (իրավիճակին համարժեք) ներկայացնել ինքն իրեն և ՙկարդալ՚ այցելուի իսկական ապրումները, որոնք թաքնված են ինքնաներկայացման դիմակի տակ:

Դերային վարքագծի ճշտությունը գնահատվում է այս տեսակետից` դերակատարը շրջապատողների մեջ ստեղծե՞լ է անհրաժեշտ տպավորությունը, թե՞ ոչ: Ճիշտ խաղացած դերը կատարողին հնարավորություն է տալիս ստանալ անձնական օգուտ` շրջապատողների հավանությունը: Կոնկրետ մարդու, որ կոչվում է "անձ", վարքի "գծի" կարևոր յուրահատկությունը բնորոշվում է որպես դրական սոցիալական արժեք: Դրան տիրանալուն հավակնում է դերակատարը` պահպանելով ՙԵս՚-ի դրական կերպարը: Հետևաբար, յուրաքանչյուր անհատ պատկերացնում է, թե ինչպես պետք է ինքն իրեն դրսևորի, որ առավելագույնս համապատասխանի իրավիճակին: Բացի այդ, յուրաքանչյուր անհատ տիրապետում է մարտավարությունների, որոնք օգտագործում է սոցիալական փոխազդեցությունը և "Ես"-ի դրական կերպարը պահպանելու համար. շրջակա իրադրության, "անձնական տեսքի" (հագուստ, կոշիկ, սեռ, տարիք, պահվածք) վերահսկողություն, դերի "պահպանում" սկզբից մինչև վերջ և այլն:

Գործող մարդն ընդունակ է վերահսկել իր վարքագծի բանավոր և ոչ բանավոր կողմերը և դրանք "գործադրել" իր խնդիրներին համապատասխան: Սակայն անձի մտադրությունն իմանալու համար դիտորդների արվեստն ավելի է զարգացած, քան իր վարքագծով "խաղալու" անձի կարողությունը, ուստի դիտորդը առավելություն ունի գործողի նկատմամբ, և դա պահպանում է հաղորդակցման գործընթացի անհամաչափությունը:
Ինքնաներկայացումը կարող է լինել հաշվարկված, բայց չգիտակցված, մտադրված և գիտակցված: Երբեմն ընդունած դերի ավանդույթները հաղորդակցողին ստիպում են գործել որոշակի ձևով` ինչպես ընդունված է խմբում, կամ էլ նրա սոցիալական կարգավիճակը պահանջում է հենց հատկապես արտահայտման այդ տեսակը: Ինքնաներկայացումները թելադրվում են շրջապատողների հավանությանն արժանանալու, նրանց մեջ "Ես"-ի դրական կերպարը պահպանելու պահանջմունքով: Բացի այդ, ինքնաներկայացումը պայմանավորվում է սոցիալական փոխազդեցությունը պահպանելու անհրաժեշտությամբ: Այն ենթադրում է յուրաքանչյուր մասնակցի կողմից իր անմիջական զգացմունքների ճնշում և իրավիճակի այնպիսի պատկերացման ցուցադրում, որը ուրիշները կարող են թեկուզև ժամանակավորապես համարել ընդունելի:
Ինքնաներկայացումը կարող է լինել կանոնավորված, զարգացած՝ հատուկ մեթոդների օգնությամբ: Համարժեք մեթոդների ընտրությունը կախված է այն բանից, թե ինքնաներկայացման ո՜ր տեսանկյունն է խախտված` կամ անձնական կառույցների մակարդակով (բարձր տագնապահարություն, "Ես"-հայեցակետի անկայունություն, ինքնադրսևորման չափից դուրս մոտիվացիա), կամ սոցիալական ունակությունների մակարդակով: Առաջին դեպքում համարժեք են արդյունավետ զգայական ուսուցման, երկրորդում` հատուկ շփման, սոցիալական ունակությունների ուսուցման մեթոդները: Արդյունավետ ինքնաներկայացման համար կարևոր նշանակություն ունեն զգայական կերպարը (ձևավորվում է զուգընկերոջ մասին առաջին տպավորությունից), հաղորդակցման բանավոր և ոչ բանավոր միջոցների համարժեք օգտագործումը, արտաքին տեսքը, հագուստը, միջավայրը, գունային գամման, շփման տարածական և ժամանակային միջավայրը:

Նյարդային հիվանդություն

Հոգեկան շեղում նորմայից` կապված տանջալի ապրումների հետ, բայց ոչ միշտ հիվանդագին ընդունվող: Ն.հ-ի սկզբունքային տեսությունն ստեղծել է Զ. Ֆրեյդը: Ըստ նրա՝ նյարդային հիվանդությունը "Ես"-ի կողմից "Նա"-ի ձգտումների ոչ լրիվ դուրս մղման հետևանք է: Չնայած դուրս մղմանը` հակումների մի մասը ձգտում է ներխուժել գիտակցության և արարքների մեջ: Դրանցից կրկնակի պաշտպանության համար զարգանում են նյարդային ախտանշաններ, որոնք իրենցից ներկայացնում են, մի կողմից, այդ ազդակները փոխարինող բավականություն, իսկ մյուս կողմից` դրանք վերջնականապես ոչնչացնելու փորձ:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան