Մանկատուն

Կամ մանկական տուն-ինտերնատ - առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված պետական կամ ոչ պետական հաստատություն: 

Այստեղ երեխաներին նախապատրաստում են ինքնուրույն կյանքի և աշխատանքային գործունեության: Մ-երը լինում են ընդհանուր տիպի, ինչպես նաև մասնագիտացված՝ ԿՆՀ-ի վնասվածքով, հենաշարժողական ապարատի, լսողության, խոսքի, տեսողության և այլ գործառույթների խանգարումով երեխաների համար: Մ. նաև բժշկասոցիալական կազմակերպություն է, որը նախատեսված է սահմանափակ կարողություններով երեխաների մշտական բնակության համար, ովքեր ունեն խնամքի, կենցաղային և բժշկական սպասարկման, ինչպես նաև սոցիալ-աշխատանքային վերականգնման կարիք: Մ-ը կարող է կազմակերպվել ցերեկային կամ վեցօրյա բնակության ռեժիմով բաժանմունք կամ խումբ: Շուրջօրյա հաստատություններում գտնվում են 0-18 տարեկան երեխաները: Առանձնացվում է նրանց երեք խումբ՝ նախադպրոցական, դպրոցական և անչափահաս տարիքի: Առաջինի մեջ մտնում են 0-5 տարեկան երեխաները, երկրորդի մեջ՝ 5-14 տարեկանները, երրորդի մեջ՝ 15-18 տարեկանները: Կոնտիգենտի ձևավորման ուղիները որոշվում են տարիքային գործոնով: Անթույլատրելի է համարվում երեխաների տեղափոխելը ուսուցումն սկսվելուց 2-3 ամիս անց, քանի որ պետք է հաշվի առնել նաև ապահարմարվողության ազդեցությունը:

Մանկական մասնագիտացված հիմնարկություն ուղարկելու համար երեխաներին ընտրում են տարածքային բժշկասոցիալական հանձնաժողովները, որոնց կազմի մեջ մտնում են հոգեբույժը, արատաբանը, լոգոպեդը և սոցիալական պաշտպանության մարմնի ներկայացուցիչը:
Մ-ը մտավոր հետամնաց երեխաների բժշկական սպասարկման կազմակերպումն իրենից ներկայացնում է միջոցառումների մի ամբողջ համակարգ, որոնք ուղղված են սոմատիկ հիվանդությունների և հոգեախտաբանական խանգարումների վերացմանը: Դրա մեջ մտնում են սանիտարա-հիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները, կանխարգելիչ պատվաստումների և զանազան բուժառողջապահական միջոցառումների կազմակերպումը, նշանակալի տեղ են գրավում ֆիզկուլտուրան և մարզական պարապմունքները, մրցումները:

Սոցիալ-աշխատանքային հարմարվողականության մեջ հատուկ դեր է կատարում ուսումնադաստիարակչական գործընթացը: Ուսուցումը կատարվում է ըստ խմբերի, որոնց տարբերակման հիմքում դրված են այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են տարիքը, մտավոր շեղման աստիճանը:

Նախադպրոցական տարիքում անցկացվում է դաստիարակչական աշխատանք, որն ուղղված է սանիտարա-հիգիենիկ հմտությունների ձևավորմանը, շարժողական հմտությունների զարգացմանը և շարժումների կոորդինացմանը: Երեխաներին ուսուցանում են ճիշտ վարքագիծ Մ-ի հասարակական վայրերում: Ուշադրություն է դարձվում հաղորդակցման հմտությունների ձևավորմանը և հաղորդակցման կարողությունների զարգացմանը: Նախատեսվում է նաև շրջապատի մարդկանց մասին պատկերացումների զարգացում, երեխաներին նախապատրաստում են դպրոցական ուսուցման:

8-12 տարեկան հասակում ամրագրվում և կատարելագործվում են անձնական հիգիենայի և ինքնասպասարկման հմտությունները, սկսվում է Մ-ի տնտեսության մեջ սաների ընդգրկումը: Այդ ժամանակահատվածում երեխաներին սովորեցնում են տարրական գրագիտություն, գրել-կարդալ, խոսել, տարրական հաշվարկ կատարել: Ուսուցումն իրականացվում է 10 տարվա համար նախատեսված ծրագրով:
Երրորդ ժամանակահատվածն ունի բավական մեծ տարիքային ընդգրկում՝ 12-18 տարեկան: Ըստ տարբեր կարողությունների, որոնք պայմանավորված են տարիքով, այն բաժանում են երկու փուլի: 12-15 տարեկանում, երբ երեխաները դեռևս շարունակում են գրագիտություն սովորել, սկսվում է նաև աշխատանքային ուսուցումը: Սկզբում նրանք խմբում յուրացնում են աշխատանքային գործառնություններ, զարգացնում են ձեռքի շարժումը և շարժումների կոորդինացումը, հետո աշխատանքային ուսուցում են անցնում ուսումնաարտադրական արհեստանոցներում:

Անչափահաս տարիքում (16-18 տարեկան), երբ ավարտում են դպրոցական ծրագիրը, հիմնական ուշադրությունը դարձվում է ուսումնաարտադրական պայմաններում աշխատանքային ուսուցմանը՝ ամրապնդվում են խմբերում ստացած աշխատանքային ունակությունները, ձեռք են բերվում մասնագիտական հմտություններ: Անչափահասները միավորվում են այսպես կոչված աշխատանքային խմբերում: Այդ նպատակով մշակվել են աշխատանքի այնպիսի տեսակների ուսուցման ծրագրեր, ինչպիսին է սանիտար-հավաքարարի, դռնապանի, բեռնակրի, օժանդակ բանվորի, աման լվացողի, դերձակի, գորգագործի, հյուսնի և այլն:

Գյուղական վայրերում գտնվող Մ-երի համար մեծ նշանակություն ունի մտավոր հետամնաց անչափահասներին գյուղատնտեսական հմտությունների ուսուցումը: Այդ կազմակերպություններն ունեն արտադրամասեր: Անչափահասները նախ  յուրացնում են ձեռքով կատարվող գյուղատնտեսական աշխատանքներ՝ դեկորատիվ ծաղիկներ, բանջարաբոստանային բույսեր են աճեցնում հատուկ ուսումնական տեղամասում, ապա ձեռք բերած հմտություններն ամրագրում են բանջարանոցում, այգում, դաշտում կատարած աշխատանքներով:
Մտավոր հետամնաց երեխաներին մասնագիտական հմտություններ ուսուցանելուց հետո առաջանում է նրանց աշխատանքի տեղավորելու հարցը, ինչը կախված է սոցիալական պայմաններից: Ըստ էության, 18 տարեկան դառնալուց հետո մտավոր հետամնաց երեխան ունի երկու ճանապարհ՝ կամ վերադառնալ ընտանիք, կամ տեղափոխվել հոգեբուժական ինտերնատ: Երկրորդ տարբերակը վերաբերում է մտավոր հետամնացության տարբեր աստիճաններ ունեցող անչափահասներին, այդ թվում՝ նրանց, ովքեր կարող էին դուրս գրվել առողջական վիճակի պատճառով, բայց պետք է գտնվեն սոցիալական պաշտպանության հիմնարկներում, քանի որ ծնողներ և տուն չունեն:

Ֆիզիկական թերություններով երեխաների Մ-ը գտնվում է ամենածանր կոնտինգենտը՝ հենաշարժողական ապարատի վնասվածքով երեխաները: Այդ հիմնարկների գլխավոր նպատակն է հաշմանդամ երեխաների բժշկասոցիալական վերականգնումը՝ անընդհատ վերականգնողական բուժման և պրոթեզավորման, հոգեբանական շտկման, դպրոցական և աշխատանքային ուսուցման, մասնագիտական պատրաստության և հետագայում արդյունավետ աշխատանքի տեղավորելու միջոցով:

Ի տարբերություն մտավոր հետամնաց երեխաների տուն-ինտերնատների, հենաշարժողական ապարատի վնասվածքով երեխաների հիմնարկներում չեն կիրառվում ուսուցման հատուկ ծրագրեր: Քանի որ այդ երեխաները պահպանում են նորմալ մտածողությունը, ուսուցումը տարվում է հանրակրթական դպրոցի ծրագրով: Երեխաները սոցիալական հմտություններ են ձեռք բերում տուն-ինտերնատի անձնակազմի, հասակակիցների, ծնողների և այլոց հետ նորմալ հաղորդակցության ընթացքում:
Այդուհանդերձ հարկ է նշել, որ առողջ շրջապատի հետ լայնորեն հաղորդակցվելու հնարավորության բացակայության դեպքում միակերպ պայմաններում այդ երեխաների մնալն իր կնիքն է թողնում նրանց անհատականության, սոցիալականացման վրա, ինչը դժվարացնում է հասարակության մեջ նրանց հարմարումնը 18 տարեկան դառնալուց հետո:

Հենաշարժողական ապարատի խանգարումով երեխաների անհատական առանձնահատկությունների մասին է խոսում նրանց ցածր ինքնագնահատականը, ապագայի նկատմամբ պասիվ վերաբերմունքը, ինչը պահանջում է այդ երեխաների հոգեբանական վերականգնում տուն-ինտերնատում գտնվելու առաջին իսկ օրից: Տուն-ինտերնատից դուրս գրվել պատրաստվողները պետք է տեղեկացված լինեն կենսական զանազան դժվարությունների (աշխատանքի տեղավորում, բնակարանի ստացում և այլն) մասին և զինված լինեն դրանք հաղթահարելու ուղիների մասին գիտելիքներով: Այդ խնդիրների լուծումը հնարավոր է միայն տուն-ինտերնատների հաստիքացուցակում սոցիալական հոգեբանի պաշտոն մտցնելու դեպքում:

Հենաշարժողական ապարատի վնասվածքով երեխաների բժշկական սպասարկումն ուղղված է խանգարված գորառույթների փոխհատուցմանը և վերականգնմանը: Դա է որոշում ոչ դեղորայքային բուժում կազմակերպելու անհրաժեշտությունը՝ մերսում, բուժական ֆիզկուլտուրա, պրոթեզավորում, առողջարանային բուժում և այլն:
Ֆիզիկական թերություններով երեխաների տուն-ինտերնատներում իրականացվում է աշխատանքային ուսուցում: Մասնագիտական պատրաստվածության մակարդակից շատ բանով է կախված նրանց հետագա սոցիալական հարմարվողականությունը և աշխատանքի տեղավորվելը:

Մարգինալներ

 (Լատ. marginalis - եզրին գտնվողներ)- անհատներ, որոնք առկա սոցիալական հարաբերությունների շրջանակներում կորցրել են որևէ սոցիալական ինստիտուտի, շերտի, խմբի կայուն պատկանելու հատկանիշները, գտնվում են միջանկյալ, "սահմանային" վիճակում: Հասկացությունը ներմուծել է Ռ. Պարկը:

Գոյություն ունեցող սոցիալական տեսությունների մեջ կա այն պատկերացումը, որ ժամանակակից հասարակության մեջ ձևավորվել է սոցիալական շերտերի կամ խմբերի փոխհարաբերությունների մի համակարգ, որն անհատների մեծ մասին թույլ է տալիս առավել կամ պակաս հաջողությամբ գործել որոշակի սոցիումի պայմաններում: Յուրաքանչյուր անհատ պատկանում է այդ սոցիալական համակարգի այս կամ այն մասին,  տարրին, ընդ որում, այդ պատկանելությունը պայմանավորված է կրթության մակարդակով և բնույթով, ապրելակերպով, եկամտի չափով, բայց ամենից առավել` որոշ մշակույթով: Տվյալ սոցիալական խմբի բոլոր անդամները նվիրված են իրենց համար ընդհանուր արժեքների համակարգին, որը կարող է տարբերվել մյուս խմբերի արժեքային կողմնորոշումներից: Նրանց բնորոշ են որոշակի գաղափարական "կազմավորումներ", հոգեբանական և վարքագծային բարդույթներ, որոնք ձևավորվում են դաստիարակությամբ, այնուհետև պահպանվում և գործում են տվյալ հանրույթի շրջանակներում:

Սահմանները խմբերի միջև ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական, թափանցելի են, և որոշ ջանքերի շնորհիվ անհատը կարող է վեր բարձրանալ "սոցիալական սանդուղքով", կամ որոշ գործոնների ազդեցությամբ իջնել ներքև:
Սակայն հասարակության մեջ միշտ եղել են և, հավանաբար, կլինեն մարդիկ, որոնք իրենց մտավոր, հոգեկան կամ սոցիալական առանձնահատկությունների բերումով չեն ցանկանում կիսել տիրող արժեքային կողմնորոշումները, ընդունակ չեն համարժեքորեն ինտեգրվել հասարակությանը կամ ունեն ընդունված նորմերից բնածին շեղումներ: Անհատների այս երեք կատեգորիաներն իրենցից ներկայացնում են այն հիմքը, որը մշտապես պահպանում է մարգինալությունը որպես զանգվածային երևույթ: Ավելին, ժամանակակից հասարակությունների բավականաչափ ճկուն արձագանքելու ընդունակ սոցիալական համակարգը թույլ է տալիս այդ մարգինալային խմբերն ընդգրկել իր կառույցի մեջ և տալ նրանց՝ սոցիալ-մշակութային փոքրամասնության կարգավիճակով, կայուն գոյություն:

Ըստ արդի պատկերացումների` այդօրինակ մարգինալությունն անխուսափելի է սոցիալական, հոգեբանական և կենսաբանական պատճառների բերումով: Միշտ կհայտնվեն բողոքի ներուժ ունեցող մարդիկ, չհարմարվողներ, կազմակերպված կառույցի մեջ ընդգրկվելու անընդունակներ: Նրանց բողոքի ձևերը պատմականորեն տարբեր են, բայց տվյալ անհատների բուն առկայությունը նկատվում է մարդկության պատմության ողջ ընթացքում:

Բացի այդ, ընդունվում է, որ միշտ էլ, ցանկացած պայմաններում կլինեն ցածր մտավոր մակարդակով (կամ ընդհանրապես մտավոր և հոգեկան սահմանափակումներով), ֆիզիկապես թույլ անհատներ, որոնք անկարող կլինեն կրթություն ստանալու համար ջանքեր գործադրել և ընտանիքում կլինեն ծանրաբեռնվածություն առաջացնող: Այնպես որ, յուրաքանչյուր հասարակության մեջ կա բնակչության որոշակի մաս, որը դատապարտված է գոյության ավելի վատ պայմանների՝ աղքատության, ցածր կրթության և գլխավորը` անկայունության, վաղվա օրվա նկատմամբ անվստահության, է՜լ ավելի շատ ընչազրկության: Այդօրինակ հայեցակարգը, հավերժացնելով չքավորների առկայությունը, հիմնավորում է հասարակության մեջ աղքատությունը հաղթահարելու անիմաստությունը` առաջարկելով ուշադրությունը կենտրոնացնել միայն դրա հետևանքների դեմ պայքարի վրա:

Մարգինալային անձանց (անկախ այն բանից, թե ինչ ճանապարհով են ընկել այդ կատեգորիայի մեջ) բնորոշ են ընդհանուր գաղափարահոգեբանական որոշ առանձնահատկություններ: Վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը, հուսալքությունը, կենսականորեն կարևոր նպատակների շրջափակումը հանգեցնում են անվստահության վիճակի, ագրեսիվության և ընկճվածության միջև տատանումների: Մ-ի գաղափարախոսությանը յուրահատուկ է ծայրահեղականությունը, մեքենայությունների օբյեկտ դառնալը, հոգեբանության մեջ` անկայունությունը, նրանք հակված են գործելու ոչ թե բանականությամբ, այլ մղումների և տրամադրության թելադրանքով: Նրանք զգուշությամբ են վերաբերվում փոփոխությունների հնարավորությանը, վախենալով վիճակի հետագա վատթարացումից՝ հակված են իրենց կարգավիճակի ագրեսիվ պաշտպանության: Իրենց շահերն ու իրավունքները պաշտպանելու համար ժողովրդավարական միջոցներից օգտվելու անկարողությունը հաճախ Մ-ին մղում է բողոքի ծայրահեղ ձևերի:
Հասարակության մեջ տիրող սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խորը ճգնաժամը կարող է Մ-ի վերածել բնակչության մեծ խմբերի, որոնք այլ պայմաններում ընդունակ կլինեին կայուն սոցիալական գործունեության:
Մարգինալության հիմնախնդիրները սոցիալական աշխատողների մասնագիտական հետաքրքրության առարկա են:
Մի կողմից` բարոյական, հոգեբանական, տնտեսական աջակցությունն ընդունակ է կանխել անհատի կամ խմբի սոցիալական կապերի քայքայումը, ընդ որում՝ ապասոցիալացման կանխարգելումը տնտեսական, ռեսուրսային և կազմակերպական առումով շատ ավելի արդյունավետ է, քան այդպիսի կապերի վերականգնումը: Մյուս կողմից, եթե անհատը կամ խումբը, այնուամենայնիվ, դուրս են մղվում իրենց սոցիալական հանրույթից, ապա նրանց ինքնազգացողությունը ձևախեղվում է, և սոցիալական աշխատողը պետք է նրանց օգնի ինչպես կյանքում նոր տեղ գտնելու, այնպես էլ, ինչն ավելի հավանական է, նոր կարգավիճակում ինքնահաստատվելու հնարավորությունների որոնման գործում: Բացի այդ, կարևոր խնդիր է ժառանգական մարգինալության կանխարգելումը, այսինքն` նման անձանց երեխաներին առավել մեծ հնարավորություններ տալ օգտվելու իրենց իրավունքներից, կրթության մատչելիությունից, հեռանկարային մասնագիտությունների տիրապետելուց, սոցիալական զարգացումից:

Մարդկության գլոբալ հիմնախնդիրներ

Կենսականորեն կարևոր հիմնախնդիրների համալիր, որոնց լուծումից է կախված մարդկության հետագա գոյության բուն իսկ հնարավորությունը և որոնք կարող են լուծվել միայն համատեղ ջանքերով:

Մ.գ.հ. որոշվում են երկրագնդի կարևորագույն պաշարների սահմանափակությամբ և համաշխարհային քաղաքակրթության տարածուն զարգացման հնարավորությունների սպառմամբ:
Մ.գ.հ-ից է բնակչության աճը զարգացող երկրներում, ինչը հանգեցնում է բնական ռեսուրսների սպառման և ի վերջո՝ սովի:

 Ընտանիքի պլանավորման տեխնոլոգիաների նկատմամբ ուշադրության աճը և համապատասխան ծրագրերում հարաբերական հաջողությունը համաշխարհային մասշտաբով վկայում են մարդկության պոտենցիալ կարողության մասին՝ գիտակցել վտանգը և ձեռնարկել այն վերացնելու միջոցառումներ: Մյուս կողմից, հակառակ վտանգը՝ ծնելիության նվազումը զարգացած երկրներում ոչ միայն չհանդիպեց լուրջ հակազդման, այլ նույնիսկ չլուծվեց տեսական առումով: Ավելին, տպավորություն է ստեղծվում, թե այդ հիմնախնդիրը արգելակվում է այդ երկրների գիտական մտքով և հասարակական գիտակցությամբ՝ կեղծ գաղափարական դիրքորոշումների պատճառով:

Տպավորիչ են բնապահպանական գիտակցության և մարդկանց բնապահպանորեն արդարացված վարվելակերպի զարգացման հաջողությունները, թեև այդ օրինակից երևում է ոչ միայն ողջ մարդկության ջանքերը համախմբելու անհրաժեշտությունը, այլև բուն գլոբալ հիմնախնդիրների փոխադարձ կապը. շրջակա միջավայրի պաշտպանությունն ու բարելավումը գործունեության առաջնահերթ ուղղությունների մեջ են մտնում միայն այնտեղ, որտեղ առկա են հայտնի սոցիալ-տնտեսական հաջողություններ: Այլապես բնապահպանության խնդիրները զոհ կգնան աշխատատեղերի ստեղծման, կենսամիջոցներ ձեռք բերելու անհրաժեշտությանը:

Մ.գ.հ. վերջին տարիներին գիտակցվել են և արտահայտվել կայուն զարգացման հայեցակարգում, որը պահանջում է, որ ապրող սերունդը առաջընթացի ու բարեկեցության չհասնի գալիք սերունդների հաշվին: Դա պահանջում է ոչ միայն մարդու տնտեսավարման ձևերի փոփոխություն, այլ նաև նրա մտածողության վերակառուցում՝ հրաժարում եսասիրությունից, այսրոպեական հարմարավետության ձգտումից, պահանջմունքների խելամիտ ինքնասահմանափակում, առավել պատասխանատու վարվելակերպ:

Աղքատության և աղքատների առկայությունը, հավանաբար, պայմանավորված է այն ռեսուրսների հիմնովին պակասով, որոնք գիտության և տեխնիկայի տվյալ մակարդակում չեն կարող բազմապատկվել: Շրջակա միջավայրի աղտոտման, լարվածության և ազգամիջյան հակամարտությունների ուժեղացման, զարգացող երկրներում բնակչության աճի և զարգացած երկրներում դրա կրճատման հիմնախնդիրներն անդրադառնում են բնակչության այն կատեգորիաների սոցիալական գործունեության վրա, որոնց հետ համագործակցում է սոցիալական աշխատողը: Այդ պատճառով Մ.գ.հ-ի էությունը, դրանց լուծման հնարավորությունները (և այդ հնարավորությունների սահմանները), այդ հարցերի հետագա վիճակի կանխատեսվող հեռանկարները պետք է ընդգրկվեն սոցիալական աշխատողի գիտելիքների շրջանակի և գործունեության մեջ:

Մարդու իրավունքներ

Անհատի և պետության փոխհարաբերությունների սկզբունքներ, նորմեր և կանոններ, որոնք անհատի համար ապահովում են իր հայեցողությամբ գործելու կամ որոշակի բարիք ստանալու հնարավորություն:

Մարդու իրավունքների արժեքի զարգացումը – ՄԱԿ-ը տալիս է մարդու իրավունքների հետևյալ բնորոշումը. "Ընդհանուր գծերով մարդու իրավունքները կարելի է բնորոշել որպես իրավունքներ, որոնք մարդուն հատուկ են ի բնե, առանց որոնց նա չի կարող գոյություն ունենալ որպես մարդկային էակ":

Մարդկանց խմբի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, եթե դրանց իրականացումը սահմանափակում է ուրիշ անձանց միևնույն կամ համադրելի իրավունքները:

Անհրաժեշտ է նշել մարդու իրավունքների երեք սերնդի՝ լայն տարածում ստացած գաղափարը, որոնցից առաջին սերունդը ներառում է "իրավունքներ՝ ձևավորված բացասական ձևի մեջ", իրենից ներկայացնում է քաղաքացիական և քաղաքական իրավունքներ, որոնք հռչակված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2–21 հոդվածներում: Այդ իրավունքները կոչված են պաշտպանել մարդուն իր ազատության ցանկացած սահմանափակումից: Երկրորդ սերունդը ներառում է այսպես կոչված "իրավունքներ՝ ձևավորված դրական ձևի մեջ" (տնտեսական, սոցիալական և մշակութային ), որոնք ամրագրված են Հռչակագրի 22-27 հոդվածներում և ուղղված են սոցիալական արդարության, կարիքից ազատ լինելու և սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին մասնակցելու ապահովմանը: Երրորդ սերունդը ներառում է "կոլեկտիվ" իրավունքներ, որոնք հպանցիկ հիշատակված են Հռչակագրի 28-րդ հոդվածում, ուր ասվում է. "Յուրաքանչյուր մարդ ունի սոցիալական և միջազգային կարգուկանոնի իրավունք, որի ժամանակ սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները կարող են ամբողջությամբ իրականացվել": Նյութական և ոչ նյութական պահանջմունքների և ռեսուրսների արտադրության և բաշխման իրավահավասար մասնակցության իրավունքի հռչակումը, ինչին նախորդել է ճնշման դեմ մղված երկարատև պայքարը, որը նախևառաջ (բայց ոչ բոլոր դեպքերում) սոցիալ-քաղաքական արդյունք է զարգացած արդյունաբերական երկրներում: Այն փաստը, որ մարդկանց հիմնական զանգվածը զարգացող երկրներում ապրում է աղքատության մեջ և ենթարկվում է շահագործման, պայմանավորում է սոցիալական և տնտեսական զարգացման իրավունքի կոլեկտիվ ընկալումը, որը պետք է իրականացվի ոչ թե մեկ առանձին մարդու մակարդակով, այլ ազգային և տարածաշրջանային մակարդակով, միջազգային համերաշխության համակարգի հիման վրա, որի գլխավոր նպատակը զարգացումն է:

1.Կյանքի իրավունք

Կյանքի իրավունքի արժեքի գիտակցումը մարդու իրավունքների բնագավառի ողջ աշխատանքների հիմքերի հիմքն է: Մարդու և մյուս կենդանի էակների կյանքի արժեքը մյուս բոլոր գաղափարների և արժեքների աղբյուրն է: Սա ենթադրում է, որ ոչ ոք չի կարող զրկվել կյանքից, ինչպես նաև այն, որ կյանքի իրավունքը յուրաքանչյուր մարդու անքակտելի և բացարձակ իրավունքն է: Այդ պատճառով սոցիալական աշխատողները պետք է հնարավորության սահմաններում ոչ միայն հակազդեն մարդու իրավունքների խախտմանը, այլև ակտիվորեն աջակցեն կյանքի ապահովմանը և բարելավմանը: Միայն այսպես կարելի է մարդու գոյությունը լրացնել իրական բովանդակությամբ: Կյանքի բոլոր տարրերը և ձևերը, լինի մարդու թե մյուս կենդանի էակների կյանքը, սերտորեն փոխկապակցված են և փոխադարձաբար իրարից կախված: Ցանկացած օղակի խախտումը շոշափում է սոցիալական իրավունքը և վնաս է հասցնում ողջ մարդկությանը: Կյանքի արժեքը նշանակում է, որ տառապանքներն ու մահը մի որևէ մարդու անձնական ողբերգությունը չեն. դրանք հուզում են նաև մյուս բոլոր մարդկանց այնպես, ինչպես ուրախությունը, երջանկությունը և բուն կյանքը:

Ֆիզիկական առողջությունը կյանքի արժեքի և որակի կարևոր տեսանկյունն է: Շրջակա միջավայրի վիճակի վատթարացումը, ջրային ռեսուրսների բնագավառի ճգնաժամը, ներառյալ դրանց աղտոտումը, առողջապահության բնագավառում ծրագրերի բացակայությունն այն լուրջ գործոններից են, որոնք կյանքի համար վտանգ են ստեղծում:

2.Ազատություն

Այն սկզբունքը, որի համաձայն "բոլոր մարդիկ ծնվում են ազատ", հռչակվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին երկու հոդվածում: Հիմնական ազատություններն են. ազատության իրավունք, ազատություն ստրկությունից և կախյալ վիճակից, ազատություն չարչարանքներից և դաժան, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից և պատժից, ազատություն կամայական ձերբակալությունից, կալանումից կամ աքսորից, ազատություն անձնական և ընտանեկան կյանքին կամայականորեն միջամտելուց և բնակարանի անձեռնմխելիությունից և գաղտնի նամակագրության նկատմամբ կամայական ոտնձգությունից, ինչպես նաև տեղափոխության և բնակության վայրի ընտրության ազատություն:

Այն, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և ունեն ազատության իրավունք, ենթադրում է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր կենսակերպն ընտրելու իրավունք: Սակայն այդ ազատությունը հաճախ սահմանափակվում է նյութական և այլ գործոններով: Բացի դրանից, այդ ազատությունը սահմանափակված է այլ անձանց ազատության իրավունքը հարգելու սկզբունքով: Այնուամենայնիվ, ազատությունը դիտվում է որպես մարդկային ամենակարևոր արժեքներից մեկը, որը կապված է մարդու արժանապատվության և կյանքի անանցանելի արժեքի հետ: Ազատության ձգտումը մարդկանց մղեց տարածքային և աշխարհագրական անկախություն ձեռք բերել: Հոգևոր և մտավոր ազատության ձգտումը շատերին մղեց հերոսական արարքների: Ինչ վերաբերում է առանձին մարդկանց, ապա ազատությունը և սեփական զգացմունքները կառավարելու ընդունակությունը կարող են նպաստել անդորրին և ներդաշնակությանը: Սոցիալական աշխատողները հաճախ գտնվում են ազատության համար մղվող պայքարի առաջավոր գծում: Աշխարհի այն շրջաններում, որտեղ ազատությունը բացակայում է, նրանք հետապնդվում են իրենց սկզբունքներին հետևելու համար:

3.Զարգացում և անխտրականություն

Բոլոր մարդկանց հավասարության հիմնական սկզբունքը հռչակված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածում: Բայց այն պատշաճ ուշադրության չի արժանանում առօրյա կյանքում, էլ չենք խոսում մարդկային հարաբերությունների տարբեր տեսությունների մասին: Այն ընկած է արդարության՝ առաջնահերթ նշանակություն ունեցող սկզբունքի հիմքում, ինչը պահանջում է կենսաբանական գործոնների, հոգևոր, սոցիալական և մշակութային պահանջմունքների հիման վրա և ուրիշների բարեկեցության մեջ յուրաքանչյուրի ավանդը հաշվի առնելով լրջորեն վերլուծել արդարացի և անարդարացի հավասարությունը և անհավասարությունը:

Հավասարության սկզբունքն ընդունելու դեպքում որևէ անձի կամ անձանց խմբի նկատմամբ խտրականությունը դառնում է անհնարին:

Խտրականությունը մարդկանց իրենց հիմնարար և համընդհանուր ճանաչված իրավունքներից զրկումն է՝ ի շահ անձանց փոքր խմբ: Խտրականությունն ունի տարբեր ձևեր: Սիջազգային բոլոր փաստաթղթերում առկա խտրականության պատճառների ցանկը՝ ՙռասա, մաշկի գույն, սեռ, լեզու, կրոն, քաղաքական և այլ համոզմունքներ, ազգային և սոցիալական ծագում, գույքային, դասային կամ այլ դրություն՚, լրիվ չէ: Մշտապես երևան են գալիս խտրականության նոր առիթներ, ինչը պայմանավորված է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններով (օրինակ՝ սեռային կողմնորոշման բնագավառի միտումները, ՄԻԱՀ/ՁԻԱՎ-ի տարածումը), նոր ազատությունների ճանաչմամբ, նոր հիմնախնդիրների ծագմամբ, տեխնոլոգիական և այլ միտումներով, որոնք համընկնում են կենսակերպի և գոյություն ունեցող ավանդույթների փոփոխության հետ: Ահա թե ինչու խտրականությանը հակազդելու սկզբունքը նշանակում է, որ սոցիալական աշխատողները պետք է իրենց գործունեության մեջ մշտապես վերահսկեն իրենց համոզմունքներն ու սկզբունքները:

4. Արդարություն

Անհրաժեշտ է հաշվի առնել արդարության տարբեր տեսանկյունները՝ իրավական, դատական, սոցիալական, տնտեսական և այլն, որոնք հասարակության հիմքն են և հիմնված իր անդամների արժանապատվությունը հարգելու և անձի անվտանգությունը և անձեռնմխելիությունը ապահովելու սկզբունքի վրա:

Սոցիալական արդարությունը նշանակում է մարդու կենսական պահանջմունքների բավարարում և նյութական միջոցների արդարացի բաշխում: Այդ բնագավառի գործունեությունն ուղղված է այնպիսի կարևոր ծառայությունների ընդհանուր հնարավորություն ապահովելուն, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը, սկզբնական փուլում հավասար հնարավորություններ ստեղծելը, անբարեկեցիկ վիճակում գտնվող անձանց կամ անձանց խմբի պաշտպանությունը, հավասարակշռության ապահովումն այնպիսի բնագավառներում, ինչպիսին են վարձատրությունը, եկամտի սպառումը և ստացումը:

Սոցիալական բարենորոգիչները, այդ թվում և սոցիալական աշխատողները ձգտում են ապահովել արդարությունը, որի հիմնական միջոցն է մարդկանց պաշտպանել հարստահարումից (իր դրսևորման բոլոր ձևերով) և ապահովել մարդկության առավել արդար զարգացման հիմքը:

5. Համերաշխություն

Համերաշխությունը դարձյալ կարևոր արժեք է, որ նշանակում է ոչ միայն մարդկանց ցավի ու տառապանքի ընկալում և ապրումակցման ունակությունը, այլև իրենց գործի համար այդ մարդկանց մղած պայքարին մասնակցություն: Կարելի է համերաշխ լինել առանձին անձանց, ինչպես նաև ընտանիքների, խմբերի, համայնքների, բնակչության և նույնիսկ էթնիկական խմբերի հետ: Սոցիալական ոլորտի աշխատողները պարտավոր են համերաշխ լինել բռնության, տանջանքների, աքսորի կամ ազատության ոտնահարման բոլոր զոհերի հետ աշխարհի ցանկացած կետում:

Համերաշխությունը մեծ նշանակություն ունի տարերային աղետների ժամանակ, ինչպես նաև ողբերգական շատ իրավիճակներում, որոնք պայմանավորված են կարիքով, միջոցների անարդարացի բաշխմամբ, արհամարհանքով և սոցիալական անարդարությամբ: Չքավորությունը, սովը, թերսնումը, անօթևանությունը և գոյամիջոցների բացակայությունը, թերևս, մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից են, որոնք դեռևս արժանի ճանաչում չեն գտել: Համերաշխության դրսևորումը չափազանց անհրաժեշտ է ոչ այնքան դրամատիկական պայմաններում, որոնց ժամանակ մարդիկ թեկուզև առաջին հայացքից աննկատելի տառապանքներ են կրում: Վերջում հարկ է նշել, որ սոցիալական աշխատողների և շատ ուրիշ մարդկանց կողմից բնակչության խոցելի խմբերին և մարդու իրավունքների խախտման զոհերին ակտիվ օգնության ցուցաբերումը կարող է փոխել նրանց վիճակը՝ շնորհիվ այդ շերտերի ակտիվության բարձրացման և նրանց մեկուսացումից դուրս բերելու:

6. Սոցիալական պատասխանատվություն

Սոցիալական պատասխանատվությունը մի գործունեություն է, որ իրականացվում է ի շահ բնակչության խոցելի շերտերի և մարդու իրավունքների խախտման զոհերի, նրանց աջակցություն, շահերի պաշտպանություն, օգնության տրամադրում: Կարելի ասել, որ սոցիալական պատասխանատվությունը համերաշխության գործնական կողմն է: Համաձայն կրոնական ուսմունքների և փիլիսոփայական հայեցակարգերի մեծ մասի՝ բարի մտադրությունները և քաղցր խոսքերը պետք է ուղեկցվեն բարի գործերով: Կրոնների մեծ մասը իր հետևորդներին ներշնչում է, որ նա, ով գտնվում է ՙարտոնյալ վիճակում՚, որոշակի պարտավորություններ ունի նրանց առաջ, ովքեր գտնվում են անբարենպաստ դրության մեջ: ՙԱրտոնյալ՚ հասկացությունը չի նշանակում հարստություն, այլ հարաբերական է և ենթադրում է մի մարդու բարենպաստ դրություն մյուսի համեմատությամբ: "Սոցիալական պատասխանատվություն" արտահայտությունը նույնպես կրում է լրացուցիչ իմաստային ծանրաբեռնվածություն և նշանակում է "խնամակալություն", ըստ որի այն ամենը, ինչ մենք ունենք, մեզ տրված է ուրիշների վիճակը բարելավելու նպատակով: "Խնամակալության" հայեցակարգը ենթադրում է, որ մարդը ոչ միայն պետք է կիսի իր հարստությունը, այլև իր տաղանդն ու ընդունակություններն օգտագործի հանուն մարդկության առաջադիմության:

7. Էվոլյուցիա, խաղաղության ապահովում և հրաժարում 
բռնությունից

Վերը շարադրված արժեքները և սկզբունքները ոչ միայն մարդու իրավունքների հայեցակարգի հիմքն են, այլև գործոններ, որոնք որոշում են մարդկանց փոխհարաբերությունների որակը: Եվս մեկ կարևոր արժեք է, անկասկած, խաղաղությունը: Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները խաղաղություն պահպանելու և ապահովելու համար, ընդ որում, հիմնական նպատակն իր, ուրիշների և շրջակա միջավայրի հետ ներդաշնակության հասնելն է:

Մարդկանց փոխհարաբերություններում հակադրություններն անխուսափելի են, սակայն դրանց կարգավորման եղանակները կարող են լինել խաղաղ կամ բռնի, կառուցողական կամ կործանարար: "Ամեն ինչ հիմնահատակ քանդել և կառուցել նորովի" հեղափոխական մոտեցումը գրավել է մարդկանց շատ դարերի ընթացքում, ընդ որում, դրա իրականացումը գործնականում հանգեցրել է մարդկանց անլուր տառապանքների: Էվոլյուցիոն զարգացումն առավել դանդաղ է և հաճախ միանգամից արդյունք չի տալիս, բայց ի վերջո այն թույլ է տալիս գտնել առավել արդյունավետ լուծում: Հատկապես այս մոտեցումն է հաճախ օգտագործվում սոցիալական աշխատողների կողմից առանձին մարդկանց և խմբերի հակադրությունները կարգավորելու համար: Այդ մոտեցումը չի բացառում հակամարտություններ և սոցիալական արդարություն որոնելիս, բայց այն բացառում է բռնությունը:

Ատելությունը ծնում է ատելություն, վրեժը ծնում է վրեժ: Ու թեև աշխարհն այսօր պատրաստ չէ հրաժարվել զենքի օգտագործումից, և, անկասկած, ծանրակշիռ հիմքեր կան նոր հեղափոխությունների համար, հարկ է խոստովանել, որ միջնորդությունը և հաշտեցումը արդյունավետ միջոցներ են առաջին հայացքից անհաշտելի տարբերությունները հաղթահարելու համար, պայմանով, որ դրանք կիրառվեն հետևողականորեն, հարգանքի, ըմբռնման և իմացության հիման վրա:

8. Մարդու և բնության փոխհարաբերություններ

XXI հարյուրամյակի սկզբին բնության հետ ներդաշն ապրելու անհրաժեշտությունը սկսում է ներթափանցել մարդկանց գիտակցության մեջ:

Շրջակա միջավայրի աստիճանական վատթարացումը (դեգրադացիա) չափազանց ակնհայտ է, որպեսզի հնարավոր լինի անտեսել այն: Աշխարհում գոյություն ունեցող տնտեսակարգերը, զարգացման անկատար մոդելները, աղտոտման ռադիոակտիվ, արդյունաբերական և մյուս տեսակները, ինչպես նաև սպառման բնագավառի միտումներն այն ողբալի վիճակի պատճառներն են, որի մեջ է գտնվում երկիրը: Ագահությունը, տեղեկատվության բացակայությունը, սպառողական հարաբերությունները և ծայրահեղ աղքատությունը սպառնալիք են բնության և բնակչության խոցելի շերտերի համար:

Շրջակա միջավայրի աստիճանական վատթարացումը կանխելու և հնարավորինս այն վերականգնելու նպատակով իրականացվում են համալիր ծրագրեր, ինչպես նաև անցկացվում են շրջակա միջավայրի պահպանության համընդհանուր միջոցառումներ:

Այսպիսով, Համընդհանուր հռչակագրում հռչակված մարդու իրավունքներն ընդգրկում են մարդկային կյանքի բոլոր կողմերը, որոնք մարդկային հիմնական արժեքներն են:

Մարդու իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերը
Համաձայն միջազգային ակտերի՝ մարդու իրավունքներն համընդհանուր են և դրանցից կարող են օգտվել բոլոր մարդիկ՝ առանց որևէ՝ խտրականության:

Միջազգային իրավունքի մեջ հստակորեն ձևավորվել են մարդու իրավունքները հարգելու սկզբունքները, դրանց միջազգային նորմերն ու չափորոշիչները: Այսպես, իրավունքի հիմնարար սկզբունքները միջազգային իրավունքի սկզբունքներն են, որոնք արտահայտում են միջազգային իրավունքի սուբյեկտների վարքագծի ընդհանուր նորմերը: ՄԱԿ-ի Միջազգային դատարանի Կարգավիճակի մեջ (38 հոդված) օգտագործվում է ՙիրավունքի ընդհանուր սուբյեկտներ, որոնք ճանաչված են քաղաքակիրթ ազգերի կողմից՚ հասկացությունը:

Հարկ է ուշադրություն դարձնել այն փաստաթղթերի տեսակին և բնույթին, որոնց մեջ ձևակերպված են մարդու իրավունքների սկզբունքները, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԱՄԿ-ի, միջազգային կոնգրեսների, կոնֆերանսների և այլ համաժողովների կողմից: Բանն այն է, որ ընդունված փաստաթղթերն ունեն տարբեր իրավական կարգավիճակ:
 
Հռչակագրերը, սկզբունքները, առաջնորդող դրույթները, ստանդարտ կանոններն ու պահանջները չունեն պարտադիր իրավաբանական ուժ: Այդուհանդերձ, այդ փաստաթղթերն ունեն բարոյաքաղաքական անվիճելի ազդեցություն և պետությունների համար գործնական ուղեցույց են իրենց քաղաքականությունն իրականացնելու համար: Այդ փաստաթղթերի արժեքը նշանակալի թվով պետությունների կողմից դրանք ճանաչելը և ընդունելն է, և անգամ պարտադիր ուժ չունենալով՝ դրանք կարող են դիտարկվել որպես միջազգային համագործակցության շրջանակներում ընդունված սկզբունքներ հռչակող փաստաթղթեր:

Միջազգային ակտերը, որոնց թվին դասվում են համաձայնագրերը, դաշնագրերը, արձանագրությունները, պարտադիր ուժ ունեն այն պետությունների համար, որոնք վավերացրել են դրանք կամ միացել են դրանց: ՄԱԿ-ի շրջանակներում կնքված պայմանագրերը ստորագրման և վավերացման համար բաց են բոլոր պետությունների համար, մինչդեռ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում հաստատված պայմանագրերն ընդունելու նախապայման է համապատասխան կազմակերպությանն անդամակցելը, օրինակ՝ Եվրոպական խորհրդին:

Մարդու իրավունքների մասին օրինագիծը, բացի Համընդհանուր հռչակագրից, ներառում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը: Դրանք ընդունվել են 1966թ. և ուժի մեջ մտել 1976թ.: Դրանց ընդունումը թելադրված էր Հռչակագրի նորմերով, որոնք ունեն բարոյական և քաղաքական նշանակություն, իրավաբանական ուժ ունեցող նորմերով և չափորոշիչներով լրացնելու անհրաժեշտությամբ, որոնց օգնությամբ դատական կարգով կարող է ապահովվել մարդու իրավունքների պաշտպանությունը:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 53 հոդվածում և նրան կոչված երկու ֆակուլտատիվ  արձանագրության մեջ  ձևակերպված է ոչ միայն մարդու իրավունքների ամբողջ բազմազանությունը, այլև դրանք միջազգային մակարդակով և առանձին երկրների սահմաններում իրականացնելու մեխանիզմը:
Մարդու իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նաև Ռասայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին միջազգային կոնվենցիան (1965թ.), Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան (1979թ.), Ընդդեմ տանջանքների և վերաբերմունքի մյուս դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող տեսակների և պատժի կոնվենցիան (1984թ.), Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989թ.), Բոլոր աշխատավորների՝ գաղթականների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիան (1990թ.):

Կարևոր դեր վերապահվեց նաև Սոցիալական առաջընթացի և զարգացման հռչակագրին, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 1969թ.: Նրանում ասվում է, որ սոցիալական առաջընթացի և զարգացման նպատակը մարդու իրավունքները և հիմնական ազատությունները հարգելու և իրականացնելու պայմաններում հասարակության բոլոր անդամների նյութական և հոգևոր կենսամակարդակը մշտապես բարձրացնելն է: Այնտեղ շարադրված են սոցիալական քաղաքականության հիմնական ուղղությունները ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով:

Սոցիալական առաջընթացի և զարգացման միջազգային դաշնագրերն ու համաձայնագրերն ընդունելուց հետո անցկացվեցին բազմաթիվ միջազգային ակցիաներ, որոնց նպատակը սոցիալական քաղաքականության որոշակի խնդիրներ լուծելն էր: Կազմակերպվեցին ազգաբնակչության հիմնախնդիրներին և զարգացմանը վերաբերող միջազգային կոնֆերանսներ (1976–1985թթ.) և կոնֆերանսներ (1975թ., 1980թ. և 1985թ.), զբաղվածության հարցերին վերաբերող միջազգային կոնֆերանս (1976թ.), Միավորված ազգերի կազմակերպության Հաշմանդամների միջազգային տասնամյակ (1983–1992թթ.), ծերացման հիմնախնդիրներին վերաբերող համաշխարհային ասամբլեա (1982թ.), Երիտասարդության միջազգային տարի (1985թ.), անօթևան բնակչությանը բնակարանով ապահովելու միջազգային տարի (1987թ.) և մի շարք այլ հանդիպումներ և խորհրդակցություններ:

Միջազգային նորմերի և չափորոշիչների պահպանման համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության գործում սահմանագծային փուլ եղավ միջազգային դաշնագրերի վավերացումը աննախադեպ մեծ թվով պետությունների կողմից և դրանց ուժի մեջ մտնելը 1976թ.: Հետագա տասնամյակներին ՄԱԿ-ն ընդունեց կարևոր փաստաթղթեր, որոնց մեջ շեշտադրվեց սոցիալական զարգացումը: Այսպես, 1986թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Հռչակագիր զարգացման իրավունքի մասին և ՙՏնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների անհրաժեշտությունը և փոխադարձ կախվածությունը՚ բանաձևը:

Մարդու իրավունքների պաշտպանության գործում սոցիալական քաղաքականության դերի ընկալման համար կարևոր նշանակություն ունեցավ 1987թ. սեպտեմբերին (Վիեննայում) 90 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջտարածաշրջանային խորհրդատվական խորհրդակցությունը: Խորհրդակցությունում գլոբալ մակարդակով տեղի ունեցավ մասնագիտական փորձի փոխանակում սոցիալական քաղաքականության, սոցիալական զարգացման և սոցիալական ապահովության բնագավառներում:

Բազմակողմանի և կառուցողական բանավեճերի արդյունքում փոխադարձ համաձայնության հիման վրա ընդունվեցին սոցիալական ապահովության քաղաքականության և ծրագրերի ՙՂեկավար սկզբունքները՚, որոնք հետագայում իր հատուկ բանաձևով հավանության արժանացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:

Այդ խորհրդակցության մասնակիցներն ուշադրությունը կենտրոնացրին համաշխարհային համագործակցության կենսական խնդիրների լուծման գործում սոցիալական քաղաքականության դերի բարձրացման վրա: Ընդ որում, ընդգծվեց, որ "սոցիալական քաղաքականությունը պետք է բավականաչափ ճկուն լինի, որպեսզի նպաստի ծագող նոր հիմնախնդիրները լուծմանը, կարողանա լինել զարգացմանն աջակցող միջոց, այլ ոչ թե արգելք նրա ճանապարհին":
Մեծ նշանակություն ունի նաև 1995թ. մարտին (Կոպենհագեն), ի շահ սոցիալական զարգացման, բարձր մակարդակով կազմակերպված համաշխարհային հանդիպումը: Այդ հանդիպումը նախապատրաստվեց երեք տարի. շատ երկրների պատվիրակություններ ղեկավարում էին նախագահները, փոխնախագահները, վարչապետները և բարձրաստիճան այլ պետական գործիչներ: Հանդիպման մասնակիցները չկարողացան շրջանցել բարդ ու հակասական այն իրավիճակը, որ բնորոշ է ժամանակակից աշխարհին: Մի կողմից՝ գիտության և տեխնիկայի անվիճելի ձեռքբերումներ, մյուս կողմից՝ 6 մլրդ բնակչությունից միայն 1 միլիարդն է օգտվում դրանց պտուղներից, մոտ 1,3 մլրդ մարդ ապրում է աղքատության գծից ներքև, 1,5 մլրդ մարդ հնարավորություն չունի օգտվել տարրական բժշկական օգնությունից, ավելի քան 900 մլն մարդ անգրագետ է, և 100 մլն երեխա դպրոց չի հաճախում:
Նման պայմաններում, երբ աճում է բոլոր երկրների և ժողովուրդների մարգինալացումը, մեծանում է ճեղքվածքը հարուստների և աղքատների միջև, գագաթնաժողովում առաջին պլան մղվեցին աղքատության, սոցիալական մեկուսացման և արդյունավետ զբաղվածության հարցերը:

Այդ հանդիպմանն ընդունված Գործողությունների ծրագրում ձևավորվեցին սոցիալական զարգացման առաջնային նպատակները՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության ապահովումը, աջակցություն սոցիալական ինտեգրմանը և սոցիալական խաղաղության պահպանումը: Բարձր մակարդակով միջազգային հանդիպումն ընդգծեց աղքատության դեմ պայքարի, սոցիալական ինտեգրման հնարավորությունների որոնման և արդյունավետ զբաղվածության ստեղծման փոխադարձ կապը: Այսօր զբաղվածությունն իրենից ներկայացնում է ինտեգրման անհրաժեշտ գործոն: Եվ ընդհակառակը, գործազրկությունը մեկուսացման ձև է, որն իր հետ բերում է մի շարք սոցիալական հիմնախնդիրներ:

Մարդու իրավունքների պահպանմամբ, սոցիալական քաղաքականության զարգացմամբ զբաղվում են միջազգային շատ կազմակերպություններ: Այսպես, ՄԱԿ-ի համակարգը ներառում է մի շարք մասնագիտացված միջազգային կազմակերպություններ (Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ), ՅՈՒՆԵՍԿՕ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), որոնք կոչված են զբաղվելու որոշակի սոցիալական հիմնախնդիրներով:  Աշխատանքի միջազգային կազմակերպությունը գործում է 1979 թվականից և այդ ընթացքում նրա նորմաստեղծ գործունեությունը սոցիալ-աշխատանքային հարաբերությունների ոլորտում կազմում է ավելի քան 170 կոնվենցիա, որոնք կարևոր դեր են խաղացել աշխատողների, գործատուների և պետության միջև սոցիալական ընկերակցության կարգավորման մեջ: Պատահական չէ, որ ԱՄԿ-ին Նոբելյան մրցանակ հանձնելիս նշվեց, որ ԱՄԿ-ն "ազդել է բոլոր երկրների օրենսդրությունների վրա":

Ի թիվս միջազգային մասշտաբի կոնվենցիաների և հռչակագրերի, կան մարդու իրավունքներին վերաբերող աշխարհամասային և տարածաշրջանային պայմանագրեր: Հարկ է նշել Աֆրիկյան միասնության կազմակերպության խարտիան (1963թ.), Մարդու և ժողովուրդների իրավունքի աֆրիկյան խարտիան (1981թ.), Մարդու և ժողովուրդների աֆրիկյան հանձնաժողովը, Ամերիկյան պետությունների կազմակերպության կանոնադրությունը՝ Մարդու իրավունքների և պարտավորությունների ամերիկյան հռչակագիրը (1969թ.), Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը, Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան (1950թ.), Եվրոպական սոցիալական խարտիան (1961թ.), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (1975թ.), Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարանը, Անկախ Պետությունների Համագործակցության կոնվենցիան մարդու հիմնական ազատությունների մասին (1995թ.), Անկախ Պետությունների Համագործակցության քաղաքացիների սոցիալական իրավունքների և երաշխիքների խարտիան (1994թ.):

ՄԱԿ-ում գործում է վերահսկողական մեխանիզմների երկու տեսակ. ինստիտուցիոնալ և կոնվենցիոն (պայմանագրային): ՄԱԿ-ի մշտական ինստիտուտներն են Գլխավոր ասամբլեան, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Մարդու իրավունքների հանձնաժողովը, Կանանց դրության հանձնաժողովը, Մարդու իրավունքների կենտրոնը, իսկ 1993 թվականից՝ Մարդու իրավունքների գլխավոր կոմիսարիատի վարչությունը, որ կոչված է առանցքային դեր խաղալ մարդու իրավունքների բնագավառի բոլոր կոնվենցիաների կատարման վերահսկողության գործում:
Սոցիալական ոլորտում մարդու իրավունքների պահպանումը, համաձայն ընդունված միջազգային ակտերի, ՄԱԿ-ի վերը նշված ինստիտուցիոնալ մարմինների հետ ապահովում են նաև այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են կոնվենցիոնալ կառույցները, որոնք հիմնվում են ուժի մեջ մտած յուրաքանչյուր միջազգային պայմանագրի կատարումը վերահսկելու համար: ՄԱԿ-ի այդպիսի պայմանագրային մարմին են Մարդու իրավունքների կոմիտեն, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն, Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, Երեխայի իրավունքների կոմիտեն, որոնք կոչված են իրականացնել համապատասխան միջազգային պայմանագրերի դրույթների պահպանման վերահսկողությունը:

ՄԱԿ-ի համակարգում վերջին տասնամյակներին ձևավորվել է մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի դրույթների պահպանման վերահսկողության մեխանիզմ և տեխնոլոգիա՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի (1982թ.), որը կոչված է մարդու իրավունքներին վերաբերող փաստաթղթերի արդյունավետ իրականացմանը: 1984 թվականից անցկացվում են այն մարմինների նախագահների խորհրդակցություններ, որոնց հանձնարարված է քննարկել մարդու իրավունքների վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունների կատարման մասին միջազգային պայմանագրերի անդամ պետությունների հաշվետու զեկույցները, որոնք այդ պետությունները պարտավոր են կանոնավոր ներկայացնել:
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է կարևորագույն միջազգային կոնվենցիաները: 1995թ. Սահմանադրությունը ճանաչում է միջազգային գործերում միջազգային իրավունքի առաջնությունը: Եվրախորհուրդ ընդունվելուց հետո Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է երեք հիմնարար փաստաթուղթ՝ Իրավունքների և հիմնական ազատությունների մասին եվրոպական կոնվենցիան, Ընդդեմ խոշտանգումների կոնվենցիան և Ինքնակառավարման մասին խարտիան, ինչը ՀՀ-ին թույլ տվեց լինել Եվրախորհրդի լիիրավ անդամ: Սակայն մեծ աշխատանք է սպասվում, որպեսզի միջազգային բարձր չափորոշիչները դառնան առօրյա կյանքի նորմեր:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Միջազգային իրավունքի հիմնարար փաստաթուղթ, որը բովանդակում է մարդու հիմնական իրավունքների համակարգված շարադրանքը: Ընդունել և հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 10-ին, որպես մի խնդիր, որի կատարմանը պետք է ձգտեն բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները և հասարակական կազմակերպությունները՝ առաջնություն տալով մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքը խրախուսելուն և զարգացնալուն՝ առանց ռասայի, սեռի, դավանանքի խտրականության:

Հռչակագիրը կազմված է նախաբանից և 30 հոդվածներից, որոնց մեջ սեղմ ձևակերպվում են մարդու իրավունքներն ու ազատությունները: Նրանց բովանդակությունը չափանիշ դարձավ պետությունների կողմից միջազգային այն նորմերը հարգելու և պահպանելու աստիճանը որոշելու համար, որոնք վերաբերում են մարդու անքակտելի իրավունքներին:
Մ.ի.հ.հ. դարձավ կարևոր փուլ քաղաքակրթության ուղիով համաշխարհային հանրության առաջընթացում, անձի հավասարության, իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային նորմերի հարգման և պահպանման աստիճանի որոշման գործում: Այդ փաստաթղթերի սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ն ընդունել է միջազգային շատ պայմանագրեր, որոնք, ի տարբերություն Հռչակագրի, ունեն ոչ թե հանձանարարական, այլ պարտադիր բնույթ ստորագրած պետությունների համար: Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ն իր գործունեության ընթացքում ընդունել է ավելի քան 60 հռչակագիր և դաշնագիր, որոնք վերաբերում են մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդիրներին:

Մարդու իրավունքների միջազգային բիլլ

Ներառում է երեք փաստաթուղթ, որոնք ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային պակտը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագիրը և դրա Կամընտրական (ֆակուլտատիվ) արձանագրությունը:
Մարդու իրավունքների հիմնավորման գաղափարը երևան է եկել ՄԱԿ-ի ստեղծումից շատ առաջ: Դրա արմատները գնում են պատմության խորքը: Սակայն XX դ. առաջին կեսին երկու համաշխարհային պատերազմների, հեղափոխությունների և փոքր պատերազմների բովով անցնելուց հետո միայն մարդկությունը գիտակցեց այն միջոցառումների և սկզբունքների մշակման անհրաժեշտությունը, որոնք ամենուրեք խրախուսում են հարգել մարդու իրավունքները և ազատությունները, անձի արժանապատվությունը և ինքնագնահատումը: Հաշվի առնելով պատմության փորձը և դասերը, ինչպես նաև ՄԱԿ-ի ստեղծման պահին (1945թ. հոկտ. 24) ձևավորված` բարոյականության և մարդասիրության համամարդկային ստանդարտները, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը ձեռնամուխ եղավ Մ.ի.մ.բ-ի մշակմանը, որը ներառում է հռչակագիր, համաձայնագիր և դրանց իրականացման գործնական միջոցառումներ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզում ընդունեց (48 պետություն` "կողմ", "ձեռնպահ"` 8, "դեմ"` չկա) և հանդիսավորությամբ հռչակեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը` վարքի հիմնական միջազգային օրենսգիրքը, որի համաձայն պետք է որոշվեն ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Փաստաթղթում թվարկվում էին համաշխարհային հանրության կողմից ընդունված մարդու իրավունքները որպես մի խնդիր, որի կատարմանը պետք է ձգտեն բոլոր ժողովուրդները և բոլոր պետությունները, աշխարհի բոլոր մարդիկ, անկախ "ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ հայացքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից":

Տևական բանավեճերից ու քննարկումներից հետո՝ 1966թ., ՄԱԿ-ն ընդունեց ևս երկու միջազգային փաստաթուղթ, որոնք նախատեսում են մասնակից պետությունների իրավական պարտավորությունները` Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային համաձայնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագիրը: Երկրորդ համաձայնագրի Կամընտրական (ֆակուլտատիվ) արձանագրությունը պարունակում է հստակ վերապահված հանգամանքներում առանձին անձանց բողոքների քննարկման մեխանիզմ: Երկու փաստաթղթերն էլ ուժի մեջ են մտել 1976թ.:

Մ.ի.մ.բ-ի ընդունումը խթանեց մի շարք փաստաթղթերի ընդունումը, որոնք որոշակիացնում են մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդրի լուծման բովանդակությունը և ուղիները: Դրանք են` գաղութային երկրներին և ժողովուրդներին ինքնորոշում և անկախության տրամադրում, աշխատանքի և զբաղվածության կամ կրթության բնագավառում ռասայի, սեռի, դավանանքի և համոզմունքների հատկանիշներով որևէ խտրականության կանխում: Հատուկ կոնվենցիաներ են նվիրված ապարտեիդի հանցագործությունների կանխմանը, ռազմական հանցագործություններին և մարդկության դեմ կատարած հանցագործություններին (ներառյալ ցեղասպանությունը), ստրկության, կախյալ վիճակի, հարկադրական աշխատանքի վերացմանը, անքաղաքացիության կրճատմանը, փախստականների պաշտպանությանը, կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի և տեսակների վերացմանը և այլն:
ՄԱԿ-ի կոնվենցիաների և բանաձևերի բլոկը ներառում է մասնակից պետությունների իրավական պարտավորություններն ընկերությունների ազատության, տեղեկատվության ազատության, կանանց քաղաքական իրավունքների, գիտատեխնիկական զարգացման օգտագործումն ի շահ խաղաղության և ի բարօրություն բոլորի, միջազգային մշակութային զարգացման, համագործակցության, խաղաղության ամրապնդման, միջազգային փոխըմբռնման և այլ հարցերով:
ՄԱԿ-ի փաստաթղթերում հատուկ շեշտադրվում են քաղաքացիների սոցիալական ապահովության, սովի և թերսնման վերացման, ամուսնության և ընտանիքի բարօրության, երեխաների և երիտասարդության, բնակչության աշխատանքային զբաղվածության, մտավոր հետամնաց անձանց և հաշմանդամների իրավունքների պաշտպանության, բոլոր կարիքավորներին տեղական, տարածաշրջանային և համընդհանուր մակարդակներով օգնության ամենաբազմազան ձևերի կազմակերպման հիմնախնդիրները: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ն իր գործունեության ընթացքում ընդունել է մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող ավելի քան 60 համաձայնագիր և հռչակագիր: Ստեղծվել են դրանց իրականացման և վերահսկողության մարմիններ և մեխանիզմներ: ՄԱԿ-ի գլխավոր մարմինը Մարդու իրավունքների հանձնաժողովն է: Նրա օժանդակ մարմիններն են Մարդու իրավունքների ՄԱԿ-ի կենտրոնը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Փոքրամասնությունների խտրականության կանխման և իրավունքների պաշտպանության ենթահանձնաժողովը և այլն:

Մարդու կենսական տարածք

Բնական և սոցիալ-մշակութային պայմանների և գործոնների ամբողջություն, որոնք ապահովում են մարդու՝ որպես հոգեբանասոցիալական էակի կյանքի վերարտադրությունը և կատարելագործումը, կենսապահովման և գործուն գոյության պահանջմունքների բավարարումը: Հասարակության տարբեր ոլորտներում մարդու ընդգրկվածությունը, նրա քաղաքական, արտադրատնտեսական, մշակութային, գաղափարախոսական և սոցիալ-կենցաղային կյանքը պայմանավորված է քաղաքական, տնտեսական, մշակութային, գաղափարախոսական և սոցիալ-կենցաղային տարածքի առկայությամբ:

Իր հերթին, մարդկանց տարածաաշխարհագրական "կենաց միջավայրը" թույլ է տալիս աշխարհագրական և բնապահպանական տարածքի մասին խոսել որպես մարդու կյանքի վերարտադրության հիմք: Մարդկանց կյանքի բնական պայմանները, մի կողմից, ներկայանում են որպես աշխարհագրական, բնապահպանական "բնակության միջավայր", իսկ մյուս կողմից՝ որպես մարդու կենսաֆիզիոլոգիական բնութագիր:
Տարբեր հասարակական ինստիտուտների, մարդու կենսապահովման միջոցների դերի աճը XX դարում ձևավորեց նոր տերմինաբանություն:

Բավականաչափ լայնորեն է դիտարկվում "կրթական տարածք" հասկացությունը՝ որպես կրթական գործունեության չափանիշների և ծրագրերի ամբողջություն: Ակտիվորեն օգտագործվում է "իրավական տարածք" հասկացությունը, որն արտացոլում է իրավունքի, քաղաքական կյանքի, դրա կազմակերպական նորմերի բովանդակության և կիրառման միասնականությունը, ամբողջականությունը, փոխհամաձայնեցվածությունը:

"Սոցիալական տարածքը" ունի առավել լայն մեկնաբանում՝ ներկայացնելով մարդկանց կեցության, նրանց անհատական և կոլեկտիվ կյանքի վերարտադրության հասարակական պայմանների ամբողջությունը: Վերջին ժամանակներս "սոցիալական տարածք" հասկացությունն ավելի ու ավելի է համընկնում այնպիսի երևույթի և տերմինի հետ, ինչպիսին է "երրորդ հատվածը" (նշանակում է հասարակական հարաբերությունների, սոցիալական կեցության այն մասը, որ գոյություն ունի բիզնեսի և հասարակական զարգացման պետական կարգավորման ոլորտի հետ մեկտեղ):

Կարևոր նշանակություն ունի մարդու սոցիալական և կենսական տարածքի առանձնահատկությունների հաշվառումը՝ կախված կենսաիրականացման սուբյեկտի կոնկրետ պատմական առանձնահատկություններից, ինչպես նաև՝ անհատ, անձ, մարդ, սոցիալական խումբ, սոցիալական ինստիտուտ հասկացությունների տարբերակումը: Այդ զանազանումները բնական կերպով և տրամաբանորեն հանգեցնում են մարդկանց կենսատարածքի բնութագրի տարբերակմանը:

Միայնակության թերապիա

Գործողությունների, տեխնոլոգիական մոտեցումների և տեսությունների համալիր, որոնք ուղղված են ինչպես միայնակության կանխմանը, այնպես էլ այդ "սոցիալական հիվանդության" հետևանքների վերացմանը: Սոցիալական աշխատողը պետք է լավ գիտենա Մ. թ-ի մեթոդիկան, որպեսզի կարողանա յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ընտրել լավագույն մոդելը, որը կնպաստի գործնական արդյունքին: Մ.թ. պետք է բավարարի երեք պահանջ՝ 1) անհատի ուսումնասիրություն միջավայրում, 2) անհատի հոգեսոցիալական կայացման ընկալում` որպես ցմահ գործընթաց, 3) անհատի ձևավորման սոցիալ-մշակութային գործոնների հաշվառում:

Ոմանք (այդ թվում՝ Ռ. Ս. Վեյսը) միայնակությունը դիտում են որպես հիվանդություն, որից կարելի է խուսափել: Այսպես, Վեյսի հետազոտությունները լի են մի ամբողջ "աղոթագրքով"` միջոցների և "դարմանների" ցանկով, որոնք կարող են օգտագործել որբերը, ծերերը, ամուսնալուծվածները և բնակչության այլ կատեգորիաներ, որպեսզի մեղմնեն ու հաղթահարեն միայնակության նոպաները: 1976թ. Վեյսը մշակեց սեմինարների ծրագիր՝ ամուսնալուծված անձանց համար, այն ներառում էր ութ հավաք, որոնց մասնակցում էին ամուսնական կապերը նոր խզած 30 տղամարդ ու կին: Այդ սեմինարներն սկսվում էին 45 րոպեանոց դասախոսությամբ, որին հետևում էր քննարկումը 5-8 մարդուց բաղկացած խմբերում:
 
Դասախոսությունները ներառում էին այնպիսի հարցեր, ինչպիսին են՝ ամուսնալուծությանն ուղեկցող հուզական արձագանքները, նրա ազդեցությունը երեխաների հետ փոխհարաբերությունների վրա, նոր հանդիպումներ: Յուրաքանչյուր հավաքի վերջում մասնակիցները շփվում էին հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Խմբի հետ տարվող նման աշխատանքը, Վեյսի կարծիքով, պետք է օգնի մարդուն` բարելավելու իր կյանքը:

Վերջին տարիներին մեծ տարածում են գտել շփման ակումբները, ամոթխածության խմբերը, որտեղ սոցիալական հմտություններ են ուսուցանվում միայնակությունից տառապող մարդկանց: Այցելուները ստանում են զրույցի մեջ մտնելու, զրույց վարելու, հաճոյախոսություններ ասելու և լսելու հմտություններ, սովորում են կարգավորել լռության ժամանակահատվածները, ուսումնասիրում են ֆիզիկական մտերմության մոտեցումները և այլն: Ուսուցումն ունի խմբային բնույթ և տևում է մոտ 10 շաբաթ: Տիպային պարապմունքների ժամանակ սոցիալական աշխատողը կարող է այցելուների խմբին ցույց տալ տեսագրություն, որտեղ տրված է զրույցի մեջ անքաղաքավարի լինելու մոդել, իսկ հետո քննարկվում է, թե ինչպես կարելի է ավելի լավ ներկայացնել առաջադրված մոդելը: Ամոթխած մարդկանց այդպիսի պարապմունքների ժամանակ առաջարկվում է մշակել զրույցից իր գործընկերոջ մասին առավելագույն հնարավոր տեղեկատվություն ստանալու սեփական սցենարը:
Որոշ սոցիալական աշխատողների կարծիքով` խմբային աշխատանքն ավելի լավ արդյունքներ է տալիս (ինչպես անհատի, այնպես էլ հասարակության համար), քան անհատական աշխատանքը: Խմբային վերականգնումը թույլ է տալիս բավարարել (կամ ճշգրտել) անհատի այնպիսի կարևոր պահանջմունքները, ինչպիսին են համատեղ փորձին պատկանելու, մասնակցության, հաղորդակցման և այլն: Սոցիալական հարաբերությունների որոշ յուրահատկություններ (օրինակ` բախումը կամ դժվարությունները հասարակության մեջ) ամենից լավ "բուժվում" են ամուսնական կամ զույգերի թերապիայի օգնությամբ, որն իրականացնում են նաև ծանոթության ծառայությունները: Նրանք կոչված են ընդլայնելու ծանոթությունների շրջանակը, հնարավոր ամուսնական զույգերի մասին տեղեկատվության մակարդակը: Գոյություն ունեն ծանոթացման տարբեր ձևեր՝ հարցաթերթային որոնողական համակարգ, "Մամուլ" համակարգ, "Հանդիպում" ակումբները և այլն: Սակայն միայնակ մարդկանց մեծ մասը չի դիմում մասնագետների օգնությանը: Ըստ որոշ տվյալների` հարցման ենթարկվածների միայն 2-9%-ն է խոստովանում, որ կդիմեր մասնագիտական օգնության՝ "տագնապները" կամ "դժվար օրերը" հաղթահարելու համար: Որոշ մարդկանց համար արդյունավետ են զրույցները, հանդիպումները բարեկամների հետ, աղոթքը (հավատացյալների համար):

Վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ որպես ինքնօգնության միջոց հանդես է գալիս "բիբլիոթերապիան"` անձնական խնդիրները "ուղղորդված ընթերցանության" միջոցով լուծելու հրահանգ/ցուցումը: Խոսքը "ինքնօգնության" գրականություն հրատարակելու մասին է՝ զանազան տեղեկատուներ անչափահասների, կանանց, տղամարդկանց, ծանր կենսապայմաններում հայտնվածների համար հատուկ գրված գրքեր: Ինքնօգնության գրականության մեջ պարունակվող խորհուրդները վերաբերում են շփմանը, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել և ինչպես իրեն պահել:

Մ.թ-ի խնդիրն է երեխաներին այնպես դաստիարակել, որ նրանք գիտակցեն իրենց բարձր ինքնարժեքը: Այդ ժամանակ միայնակությունը նրանց համար ողբերգություն չի դառնա, այսինքն` միայնակությունը, որին իր կյանքի ընթացքում բախվում է յուրաքանչյուր մարդ, ավելի հեշտ կարող է տանել նա, ով գիտե իր "արժեքը" և չի տառապում անլիարժեքության բարդույթով:

Միայնակություն

Սոցիալ-հոգեբանական վիճակ, որը բնորոշվում է անհատի սոցիալական սահմանափակ շփումներով կամ դրանց բացակայությամբ, վարքագծի օտարված լինելով և հուզական չներգրավվածությամբ. նաև` սոցիալական հիվանդություն, որ բնորոշվում է նման վիճակ ունեցող անհատների զանգվածային առկայությամբ:

Մ. գիտական տեսակետից առավել քիչ մշակված սոցիալական հասկացություններից մեկն է: Ժողովրդագրական գրականության մեջ վիճակագրական տվյալներ կան միայնակ մարդկանց բացարձակ թվի և տեսակարար կշռի մասին: Այսպես, աշխարհի մի շարք զարգացած երկրներում (Նիդեռլանդներ, Բելգիա և այլն) միայնակ մարդիկ կազմում են բնակչության 30%-ը:
Ընտրանքային հետազոտությունների ժամանակ միայնակների շրջանում առանձնացվել են հետևյալ տեսակները: Առաջին տեսակ. "անհույս միայնակներ", որոնք բացարձակապես բավարարված չեն իրենց հարաբերություններով: Այդ մարդիկ սեռական կյանքի զուգընկեր կամ ամուսին չեն ունեցել, նրանք հազվադեպ են կապ հաստատել որևէ մեկի հետ (օրինակ՝ հարևանների): Նրանց հատուկ է հասակակիցների հետ փոխհարաբերություններից բավարարված չլինելու սուր զգացողությունը, ունայնությունը, լքվածությունը: Նրանք մյուսներից ավելի շատ են հակված իրենց միայնակության համար մեղադրել ուրիշներին: Այս խմբի մեջ մտել է ամուսնալուծված տղամարդկանց և կանանց մեծ մասը:

Երկրորդ տեսակ՝ "պարբերաբար կամ ժամանակավոր միայնակներ": Նրանք բավականաչափ կապված են իրենց ընկերների, ծանոթների հետ, թեև ավելի մտերիմ կապվածության կարիք են զգում կամ ամուսնացած չեն: Նրանք մյուսներից հաճախ են տարբեր վայրերում սոցիալական շփումների մեջ մտնում: Մյուս միայնակների համեմատությամբ, նրանք սոցիալապես ավելի ակտիվ են: Այդ մարդիկ իրենց միայնակությունը համարում են անցողիկ, իրենց լքված են զգում ավելի հազվադեպ, քան մյուս միայնակները: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում երբեք չամուսնացած տղամարդիկ և կանայք:
Երրորդ տեսակ՝ "պասիվ և պայմանականորեն միայնակներ": Չնայած նրանք մտերմիկ կապերի, ընկերոջ կարիք են զգում և չունեն այլ կապեր, անբավարարվածություն չեն արտահայտում այդ առիթով, ինչպես առաջին և երկրորդ խմբի ներկայացուցիչները: Նրանք հաշտվել են իրենց վիճակի հետ և այն համարում են անխուսափելի: Նրանց մեծ մասն արիացած մարդիկ են:

Ամուսնաընտանեկան ոլորտում դրսևորվող երևույթների նկատվող դինամիկան (առաջին հերթին՝ ընտանիքների նուկլեարացումը և ամուսնալուծությունը), մեծ քաղաքների ապաանձնավորումը, անհատականացման սկզբունքների ամրապնդումը գործոններ են, որոնք առաջին հերթին ազդում են միայնակության ծավալների մեծացման վրա: Բացի այդ, միայնակության հետ դրականորեն համահարաբերակցվող սոցիալ-բժշկական գործոններ են հոգեկան հիվանդությունների (շիզոֆրենիա) ու սահմանային հոգեվիճակների աճը և աուտիզմի, այսինքն՝ դաստիարակության և շփվելու հիվանդագին անկարողության տարածումը, որը հետևանք է ծննդաբերության ժամանակ արատավոր բուժօգնության ("բժշկի կոպիտ ձեռքեր"):

Միայնակ մարդկանց թվի աճը և միայնակության՝ որպես ընդունելի կենսաոճի հաստատումը, հարուցում է բնակչության այդ կատեգորիայի համար առանձնահատուկ ծառայությունների ստեղծման անհրաժեշտություն:

Ապացուցված է, որ միայնակները հնարավորություն և ցանկություն ունեն ավելի շատ միջոցներ ծախսել իրենց հաճույքների, զբոսաշրջության և հանգստի համար, նրանք հաճախ են ձեռք բերում թանկարժեք ապրանքներ, առաջին հերթին՝ մարզական և զբոսաշրջության նպատակով:
 
Արտասահմանում հատուկ բնակելի համալիրներ են կառուցում ընտանիք չունեցողների համար, նրանց ցանկացած պահանջմունքը կարող է բավարարվել ծառայությունների շուկայում: Բնականաբար, դա վերաբերում է այն մարդկանց, ում համար միայնակությունը գիտակցված և հարմարավետ ընտրություն է, ովքեր ընտանեկան կապերի կարիք չեն զգում:
Մ. սոցիալական աշխատանքի առարկա հանդիսացող սոցիալական հիմնախնդիրներից է, իսկ սոցիալական աշխատանքը այդ սոցիալական հիվանդությունը վերացնելու կամ գոնե թեթևացնելու կարևորագույն միջոցներից մեկն է: Մ-ի դեմ պայքարի միջոցներից են` սոցիալ-հոգեբանական ախտորոշումը և Մ-ի բարձր ռիսկ ունեցող անհատների բացահայտումը, հաղորդակցման հմտություններ դաստիարակելու համար հաղորդակցական ուսուցումներ, Մ-ի հիվանդագին հետևանքները վերացնելու համար հոգեբուժություն և հոգեշտկում և այլն, կազմակերպական՝ շփման ակումբների և խմբերի ստեղծում, այցելուների մեջ նոր սոցիալական կապերի հաստատման ունակության ձևավորում և նոր հետաքրքրությունների առաջացում նախկին հետաքրքրությունների փոխարեն, օրինակ՝ ամուսնալուծվելու կամ այրիանալու պատճառով և այլն, սոցիալ-բժշկական դաստիարակություն՝ ինքնապահպանական վարքագծի հմտությունների դաստիարակում և առողջ կենսակերպի հիմունքների ուսուցում:

Միգրացիա

 Լատ. migro - անցնում եմ, տեղափոխվում եմ- բնակչության մի մասի տեղաշարժ, որը կապված է բնակության վայրը փոխելու հետ: Մ. կարող է տարբեր լինել պատճառներով (կամավոր կամ բռնի), տիպով (արտաքին կամ ներքին), տեսակով (վերադարձի կամ անվերադարձ):

Բռնի Մ. կարող է լինել արտաքին (ապաստան փնտրող անձինք, այդ թվում՝ փախստականներ) և ներքին (անձի տեղաշարժ, բռնի տեղահանվածներ և այլն), վերադարձի կամ անվերադարձ: Արտաքին Մ. կարող է լինել կամավոր (այդ թվում՝ տնտեսական) և բռնի, վերադարձի և անվերադարձ: Ներքին Մ. կարող է լինել կամավոր (այդ թվում՝ տնտեսական) և բռնի (բռնի տեղահանվածներ, շրջակա միջավայրի, աղետի գոտուց տեղահանվածներ), վերադարձի և անվերադարձ: Անօրինական Մ. կարող է լինել արտաքին և ներքին (այդ թվում՝ բռնի և կամավոր): Արտաքին աշխատանքային Մ. կամավոր վերադարձի է, կարող է լինել անօրինական: Վերաբնակեցումը դիտարկվում է որպես Մ-ի անվերադարձ տեսակ:

Միգրացիոն հոսքը բնակչության տարածքային տեղաշարժերի ամբողջությունն է, որոնք որոշակի ժամանակում կատարվում են այս կամ այն տարածքային համակարգի շրջանակներում: Միգրացիոն հոսքի մեջ կարելի է առանձնացնել միգրանտների տարբեր կատեգորիաներ, որոնք ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ կամ որոշ յուրահատկությունների կրողներ են:
Արտաքին Մ-ի սուբյեկտներ են.

ա) էմիգրանտները, այդ թվում՝

այն քաղաքացիները, ովքեր իրենց պետության  տարածքից դուրս են մնում քաղաքական, տնտեսական կամ էթնիկական, ինչպես նաև անձնական պատճառներով (ընտանիքների վերամիավորում, ամուսնություն),       
 որևէ պետության տարածք ժամանած և փախստականի կամ բռնի տեղահանվածի կարգավիճակ ստացած, այնուհետև այդ պետության տարածքից դուրս մեկնող անձինք,

բ) տարանցիկ էմիգրանտներ` որևէ պետության քաղաքացիներ, որոնք իրենց պետությունից գալիս են մեկ այլ պետություն՝ երրորդ երկիր մեկնելու ընթացակարգը պարզեցնելու համար,

գ) իմիգրանտներ` օտարերկրացիներ (օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք), որոնք ժամանում են որևէ պետությու (գտնվում են նրա տարածքում) ապաստան գտնելու նպատակով, այդ թվում` իրենց փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին միջնորդություն տալու` համաձայն ՄԱԿ-ի 1951թ. Դաշնագրի և դրա 1967թ. Արձանագրության,

դ) տարանցիկ իմիգրանտներ` օտարերկրացիներ, որոնք որևէ պետություն են ժամանում երրորդ երկիր մեկնելու ընթացակարգը պարզեցնելու համար:

Բռնի Մ-ի սուբյեկտներ են որևէ պետության տարածքում ապաստան փնտրող անձինք:

Ներքին Մ-ի սուբյեկտներ են.

ա) պետության քաղաքացիները և օրինական հիմքերով այդ պետությունում գտնվող անձինք, որոնք տեղաշարժվում են նրա տարածքով,

բ) անտիտղոս (անտիտուլ) բնակչություն, որը պատկանում է այն էթնիկական խմբերին, որոնք պետության կազմում ազգային-տարածքային կազմավորում չունեն:

Անօրինական Մ-ի սուբյեկտներ են.

ա) անվերահսկելի էմիգրանտներ, որևէ պետության քաղաքացիներ, ովքեր երկրորդ պետությունից փորձում են անցնել երրորդ պետություն,

բ) անլեգալ էմիգրանտներ, որևէ պետության քաղաքացիներ, որոնք անլեգալ եղանակով մեկնում են արտասահման կամ անցնում են իրենց երկրի սահմանը,

գ) անօրինական էմիգրանտներ, որոնց մեջ մտնում են.
օտարերկրացիներ, որոնց մեկնումի հայտարարված նպատակը չի համապատասխանում նրանց մտադրություններին,
կեղծ փաստաթղթերով մեկնող օտարերկրացիներ,
տվյալ երկիր անլեգալ ժամանած օտարերկրացիներ:

Արտաքին աշխատանքային Մ-ի սուբյեկտներ են այն անձինք, ովքեր զբաղվել, զբաղվում կամ զբաղվելու են վարձատրվող գործունեությամբ այն պետությունում, որոնց քաղաքացիներ չեն (աշխատավոր միգրանտներ):

Միգրանտների հետ տարվող սոցիալական աշխատանքի գլխավոր նպատակն է` օգնել լուծելու յուրաքանչյուր մարդու անձնական խնդիրները, որը դիմել է սոցիալական պաշտպանության ծառայություն, ստեղծել և վերականգնել նրա կապը հասարակության հետ, բարելավել կյանքի որակը, պաշտպանել իրավունքները: Սոցիալական աշխատողները միգրանտների հետ համագործակցում են երկու հարթության վրա` անմիջական աշխատանք յուրաքանչյուր կոնկրետ մարդու հետ և բուն սոցիալական ծառայության կազմակերպում, ծրագրերի մշակում, միգրանտներով զբաղվող զանազան կառույցների փոխադարձ կապերի համակարգում:

Սոցիալական աշխատողները նոր ժամանող միգրանտներին տեղեկացնում են սոցիալական ծառայությունների և դրանց մատուցած ծառայությունների մասին: Սոցիալական օգնության կենտրոնները հաշվառում են բոլոր միգրանտներին, կազմվում է ընտանիքի բնութագիրը սոցիալական, ազգային, տնտեսական առումով, ուր նշվում է երեխաների թիվը, սեռը, տարիքը, ընտանիքի անդամների ազգությունը, բնակության վայրը, մյուս երկրից մեկնելու պատճառը, ժամանման երկրում հարազատների և ծանոթների առկայությունը, նյութական դրությունը, աշխատանքի, եկամտի առկայությունը, տվյալներ ընտանիքի անչափահաս անդամների մասին: Բացի այդ, սոցիալական ծառայությունները պետք է ապահովեն երեխաներին սովորելու, հանգստանալու հնարավորության տրամադրումը, ցուցաբերեն իրավաբանական օգնություն, անչափահասների հետ անցկացնեն կանխարգելիչ աշխատանք, պաշտպանեն երեխաների իրավունքները:

Միգրացիոն քաղաքականություն

Երկրում ստեղծված միգրացիոն իրավիճակի նկատմամբ սոցիալ-քաղաքական հայեցակարգերի ու հայացքների և միգրացիոն գործընթացները կարգավորելու կոնկրետ միջոցառումների ամբողջություն, որոնք ուղղված են հայրենադարձների, բռնի տեղահանվածների և փախստականների տեղավորման և սոցիալական հարմարվողականության պայմաններ ստեղծելուն:

Մ.ք-ի հիմնական նպատակներն են՝ միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանություն, պետության շահերի պաշտպանություն՝ միգրացիոն ծրագրեր և միջոցառումներ իրականացնելիս, իմիգրացիոն վերահսկողության կազմակերպում, միգրացիոն հոսքերի կարգավորում` հաշվի առնելով ընդունող տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը, միգրանտների հոգեբանության առանձնահատկությունները և նրանց տեղաբաշխման վայրերի կլիմայական պայմանները, միգրանտների ընդունելության և տեղավորման այնպիսի պայմանների ստեղծում, որոնք կխրախուսեն նրանց` ակտիվորեն մասնակցել գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական պայմաններին հարմարվելու գործընթացին:

Ժամանակակից պետական Մ.ք-ի առաջնահերթ խնդիրներն են` միգրացիոն հոսքերի կազմակերպում, միգրանտների օրինական իրավունքների անարգել իրացման համար պայմանների ստեղծում, Հայաստանի տարածքում ապաստան փնտրող անձանց հանդեպ մարդասիրական վերաբերմունքի ապահովում:
"Փախստականներ" հասկացությունը միջազգային իրավունքի մեջ է մտել առաջին համաշխարհային պատերազմից հետո: Արդի պայմաններում փախստականների շարքերը լրացնում են հատկապես "թեժ կետերի" քաղաքացիները, որտեղ նրանց կյանքին, առողջությանը, պատվին և արժանապատվությանը կամ ունեցվածքին իրական վտանգ է սպառնացել՝ ազգային պատկանելության, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ համոզմունքների պատճառով և որտեղ նրանք և նրանց ընտանիքի անդամները սոցիալապես պաշտպանված չեն եղել: ՄԱԿ-ի շրջանակներում կնքվել է Փախստականների կարգավիճակի մասին դաշնագիրը (1951թ.), որը լրացվել է Դաշնագրի Արձանագրությամբ (1967թ.), գործում է Փախստականների գործերով Գլխավոր հանձնակատարի վարչությունը:

Փախստականներին օգնություն ցուցաբերելիս հաշվի են առնվում նրանց ժամանման նպատակները` ժամանակավոր կամ տարանցիկ, ինչպես նաև անվերադարձ, որը ենթադրում է տվյալ երկրում բնակության հաստատում: Բացի այդ, ուշադրություն է դարձվում միգրացիայի նպատակներին (հայրենադարձություն, մեկնում երրորդ երկիր, աշխատանքի տեղավորում ժամանակավոր աշխատանքային պայմանագրերով), պատճառները, ապաստան փնտրող քաղաքացիների` իրենց երկրից մեկնելու իրավիճակն ու պայմանները, սոցիալական կողմնորոշման, մշակույթի և ազգային ավանդույթների մակարդակների տարբերությունները, վարակի վտանգ պարունակող հիվանդությունների առկայությունը:

Փախստականի ժամանման վերջնական նպատակին համապատասխան` նրան կարող է տրամադրվել մնալու կարճաժամկետ ռեժիմ, այսինքն` ժամանակավոր ապրելու իրավունք կամ մնալու երկարաժամկետ ռեժիմ: Մնալու երկարաժամկետ ռեժիմով անձանց հանդեպ պետության պարտավորությունները դադարում են՝ ապաստան տրամադրելուց հետո:

Փախստականի կարգավիճակը պահպանելու դեպքում իրականացվում են տարաբնակեցման և նոր վայրերում նորմալ կյանքի մեջ փախստականներին ընդգրկելու` հատուկ մշակված ծրագրեր, որպեսզի նրանք ձեռք բերեն տեղի բնակչության ապահովվածության մակարդակին համարժեք մակարդակ:
Բռնի տեղահանվածները ստիպված են կամ մտադրություն ունեն լքել իրենց մշտական բնակության վայրերն այլ պետության տարածքում` իրենց կամ իրենց ընտանիքների անդամների հանդեպ ռասայական կամ ազգային պատկանելության, դավանանքի, լեզվի, ինչպես նաև որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հատկանիշներով բռնության կամ այլ ձևերով հետապնդման հետևանքով, առանձին անձանց կամ անձանց խմբերի նկատմամբ թշնամական գործողությունների, հասարակական կարգի զանգվածային խախտումների և մարդու իրավունքներն էականորեն ոտնահարող հանգամանքների կապակցությամբ:
Բռնի տեղահանվածներին օգնություն է ցուցաբերվում հետևյալ ուղղություններով՝ ժամանակավոր բնակարանով ապահովում բռնի տեղահանվածների այն մասին, ովքեր ժամանման վայրում չունեն հարազատներ և ծանոթներ, բնակեցում նոր մշտական բնակավայրում: Տարաբնակեցումը կարող է կատարվել ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով: Անհատական տարաբնակեցման դեպքում նախատեսվում է քաղաքացիների գրանցում տրամադրված բնակտարածության, հարազատների կամ ծանոթների բնակմակերեսի վրա, կամ աջակցություն մասնավոր սեփականություն ձեռք բերելու կամ բնակարան կառուցելու երկարաժամկետ անտոկոս վարկեր տրամադրելու ճանապարհով:
Խիտ տարաբնակեցման դեպքում անհատույց օգնություն է ցուցաբերվում ինժեներային և սոցիալական ենթակառուցվածքներ ստեղծելու գործում: Այդ խնդրի լուծման կարևոր պայմաններն են՝ որոշակի տարածքների ընտրություն, որոնք հեռանկարային են կոլեկտիվ տարաբնակեցման համար, այնտեղ ազատ հողերի առկայություն, որոնք պիտանի են ոչ միայն բնակարան կառուցելու, այլև արտադրական գործունեության համար, ձևավորված էթնիկ ամբողջության պահպանման անհրաժեշտություն, անբարենպաստ բնապահպանական և բնական գործոնների բացակայություն, ձևավորված առողջարանային գոտիների, ինչպես նաև մշակույթի հուշարձանների և արգելագոտու կարգավիճակ ունեցող վայրերի պահպանում: Ընդ որում՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաև արտադրական հրապարակների ընդարձակման հնարավորությունը, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտի զարգացումը, տվյալ տարածքներում բնակչության խտությունը և նրանց աշխատանքի սպառողականությունը: Ցանկալի չէ տարաբնակեցնել բարդ սոցիալական իրավիճակ ունեցող տարածքներում:

Փախստականների և բռնի տեղահանվածների ընդունման և տեղավորման միջոցառումներն իրականացնելու հիմնական սկզբունքներն են այդ կատեգորիաների տարանջատումը, առաջին հերթին` տեղահանվածներին հարմարվելու համար անհրաժեշտ միջոցներ տրամադրելը, ինչպես նաև նրանց ֆինանսապես աջակցելը:

Բացի այդ, ապաստան փնտրող անձանց ընդունումը և փախստականի կարգավիճակ տրամադրելը պետք է համապատասխանեն երկրի անվտանգության շահերին և ընդունված միջազգային նորմերին:

Միջազգային բարեգործություն

Բարեգործներն իրավունք ունեն իրականացնել միջազգային բարեգործություն: Միջազգային բարեգործությունն իրականացվում է միջազգային բարեգործական ծրագրեր կազմելու և իրականացնելու, միջազգային բարեգործական կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու, բարեգործության համապատասխան ոլորտում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելու միջոցով, եթե դա չի հակասում տվյալ պետության օրենսդրությանը և նրա կնքած միջազգային պայմանագրերին:

Միջամտություն

Այցելուի հետ տարվող սոցիալական աշխատանքի գործընթացի փուլերից մեկը: Մ.-ն սկսվում է, երբ սոցիալական աշխատողը և այցելուն միասին աշխատելով սահմանում են հիմնախնդիրը և որոշում այն մեթոդներն ու միջոցները, որոնց օգնությամբ պետք է լուծեն այն: Մ.-ից առաջ կազմվում է պլան, որն էլ սկսվում է իրագործվել Մ.-ի փուլում: Ընթացքում և վերջում գնահատվում են Մ.-ի արդյունքները: Հնարավոր են պլանավորված գործողությունների փոփոխություններ և շտկումներ, եթե պարզվում է, որ նախատեսված արդյունքները չեն ստացվում:

Միջամտություն ճգնաժամին

Սոցիալական աշխատանքի մեթոդ, որ կիրառվում է այցելու հետ տարվող աշխատանքում: Այն օգտագործում են ճգնաժամային վիճակում գտնվող այցելուների հետ աշխատելիս (դա սովորաբար ենթադրում է հիվանդության, դժբախտ դեպքերի հետ կապված վիճակներ, անցումային ժամանակահատվածի ճգնաժամեր և այլն): Ընդ որում՝ "ճգմաժամ" տերմինը կարող է օգտագործվել երկու իմաստով՝ որպես անսպասելի, անկանխատեսելի իրադարձություն (վթար, տարերային աղետ, մահ, բռնություն, լուրջ հիվանդություն) և որպես անցումային երևույթ, օրինակ՝ անցում կենսաթոշակի, ամուսնալուծություն:
Մ. ճ.-ն ենթադրում է օգնության ցուցաբերում, բուն այցելուի ռեսուրսների և ներուժի համախմբում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար: Մ. ճ.-ի մեթոդի մշակմանը մասնակցել են մեծ թվով գիտնականներ, որոնք առաջարկում են տարբեր մոդելներ: Միևնույն ժամանակ, հիմնական մոդելը բաղկացած է երեք մակարդակից՝ 1. իրավիճակի ճշտում և գնահատում, 2. ճգնաժամային իրավիճակի կոնկրետ հիմնախնդիրների լուծում, 3. ձեռք բերված առաջընթացի քննարկում, փոփոխությունների վերլուծություն: Մ.ճ.-ի ժամանակ գլխավոր խնդիրը այցելուի ռեսուրսների համախմբումն է և նրան գործունեության մինչճգնաժամային աստիճանի վերադարձնելը: Օգնություն ցուցաբերելու տեխնիկան կախված է այցելուի, սոցիալական աշխատողի անհատական յուրահատկություններից և համագործակցության փուլից: Առաջին փուլի ընթացքում օգտագործվում են տագնապը մեղմող միջոցներ և այլն, երկրորդ փուլում՝ ուղղակի ազդեցության տեխնիկան՝ այցելուի վարքագիծը փոխելու նպատակով: Կարող են քննարկումներ անցկացվել, օգտագործվել "հարկադրման", "մոդելավորման", ուսուցման եղանակներ: Սոցիալական աշխատողները Մ.ճ.-ի մեթոդը հաճախ կիրառում են այցելուի հետ աշխատելու սկզբնական փուլում:
Բացի առանձին այցելուների հետ տարվող աշխատանքից, Մ.ճ.-ի մեթոդն օգտագործվում է նաև փոքր խմբերի՝ հատկապես ընտանիքների, հետ տարվող աշխատանքներում:
Ընտանիքներում ճգնաժամային իրավիճակներ են ծագում, երբ ընտանիքի մեկ կամ մի քանի անդամը խախտում են իրենց դերակատարումը: Մ. ճ.-ն այս դեպքում ներառում է ընտանեկան համակարգի, իր ռեսուրսները փոխելու նրա ընդունակությունների գնահատումը: Կարող է կիրառվել ընտանեկան թերապիան, որի նպատակն ընտանիքի անդամների հաղորդակցման և փոխըմբռնման բարելավումն է, ճգնաժամային իրավիճակում երևան եկած հիմնախնդիրների լուծումը:
Փոքր խմբերի հետ տարվող աշխատանքներում Մ.ճ.-ի եղանակը զուգակցվում է խմբի ռեսուրսների ընդգրկման հետ և օգտագործվում է որպես աջակցության համակարգ այնպիսի իրավիճակներում, ինչպիսին են ամուսինների, երեխաների ու ծնողների բախումները:

Մոդելավորում և կանխատեսում

Սոցիալական աշխատանքի կարևորագույն տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են սոցիալական ախտորոշման և մի շարք կոնկրետ մեթոդիկաների մեջ: Հունարեն "prognosis" բառը թարգմանաբար նշանակում է "կանխատեսություն", "կանխագուշակություն": Ժամանակակից մեկնաբանությամբ "կանխատեսում" բառի նշանակությունն օգտագործվում է որպես "հավանական դատողություն ապագայի մասին", իսկ կանխատեսությունը գործողություն է, որը կապված է որևէ երևույթի զարգացման կոնկրետ հեռանկարները հատուկ գիտական հետազոտություններով կանխատեսելու հետ:
Սոցիալական աշխատանքում կանխատեսումը կիրառվում է այն սոցիալական երևույթների ուսումնասիրման ժամանակ, որոնք հասարակության համար առավել նշանակալի հետաքրքրություն են ներկայացնում, օրինակ` բնակչության զանազան կատեգորիաների պահանջմունքները, զբաղվածության հարցերը, բժշկական սպասարկումը, կենցաղային սպասարկումը, նյութական աջակցությունը և այլն: Բայց միայն սոցիալական դաշտի ենթակառուցվածքային մոդելների կանխատեսումը կլիներ չափազանց միակողմանի: Տնտեսական կանխատեսումներին նախորդում են սոցիալապես պաշտպանված անձի ձևավորման կանխատեսումային մոդելները և այստեղ, բացի ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկներից, անհրաժեշտ է մասնագիտական կռահողականություն (ինտուիցիա), որը հենվում է երբևէ գոյություն ունեցած պատմական մոդելի տարածված տարբերակի վրա:

Լատիներեն "modulus" բառը թարգմանաբար նշանակում է "չափ", "օրինակ", "նորմա": Մոդելավորումը տարբեր բնույթի օբյեկտների հետազոտման մեթոդ է դրանց նմանօրինակների (մոդելների) վրա: Ներկայումս առավել շարժուն, հետաքրքիր և ժամանակակից է օբյեկտի սոցիալական բնույթը: Այդ օբյեկտի, առաջին հայացքից բավականին լրիվ բնորոշումը իր մարմնավորումն է գտնում սոցիալական աշխատանքի էության և բովանդակության մեջ` սոցիալական աշխատանքին տալով գործնական նշանակություն և զարգացման կոնկրետ հեռանկարներ:

Սոցիալական աշխատանքը տարբեր կենսական իրավիճակներում մարդկանց օգնություն ցուցաբերելու գործունեություն է: Շատ կարևոր է պատկերացնել իրադարձությունների զարգացման հեռանկարը՝ ժամանակին օգնության հասնելու համար, իսկ ավելի լավ է խելամտորեն կանխել անցանկալի իրավիճակը:

Արդի պայմաններում սոցիալական ծառայության յուրաքանչյուր աշխատակից, շարքային աշխատողից մինչև ղեկավարը, կանխատեսում է իր աշխատանքը: Դա կարող է լինել կամ նեղ հեռանկար՝ մեկ այցելուի սպասարկում, այնպես էլ լայն` սոցիալական ծառայության և ողջ սոցիալական ոլորտի զարգացումը:
Կ. թույլ է տալիս կանխատեսել արդյունքները և ժամանակին կանխել սոցիալական հիմնախնդիրների ծագման պատճառները: Կ-ի լավագույն մոդելը, որն ապահովում է մեծ հավաստիություն, համակարգված Կ. է, այն արձագանքում է կանխատեսվող երևույթների տեղեկատվական դաշտին, սոցիալական աշխատանքին` ընդհանրապես, և դրա օբյեկտին` մասնավորապես:

Սոցիալական աշխատանքում Կ-ների հավաստիության աստիճանը որոշել հնարավոր է միայն կենսամակարդակի և դրա սոցիալական կայունության իրական համադրելի չափումներում: Հարկ է նկատել՝ որքան քիչ է սոցիալապես կանխատեսվող օբյեկտն իր մեջ ներառում տեղեկատվություն, այնքան հեշտ է կանխատեսել արդյունքը: Սոցիալական Կ-ի օբյեկտիվությունը ձեռք է բերվում տեղեկատվական ապահովության առավելագույն մասնաբաժնով, քանի որ բուն ոլորտն առավել զգայուններից է և իսկույն արձագանքում է տեղեկատվական դաշտի ցանկացած փոփոխությանը:

Սոցիալական աշխատանքի Կ-ի տարրական գնահատականների չափանիշները կարող են տատանվել մարդու տարրական կենսաբնապահպանական պահանջմունքների և այցելուի բարոյագիտական և բարոյահոգեբանական յուրահատկությունների միջև:

Պետք է հաշվի առնել, որ սոցիալական աշխատողների գործունեության մեջ առկա է կանխատեսումային հուզականության երևույթը, երբ նրանք այցելուին անկեղծորեն օգնելու հույսեր ներշնչելու իրենց ցանկությունը համարում են լավատեսական Կ.: Եվ հաճախ դրական արդյունք է ձեռք բերվում` ի հակառակ բոլոր կանխատեսումային գնահատականների:

Սոցիալական աշխատանքի մեջ միանգամայն ընդունելի են առավել կոնկրետ և կարճաժամկետ Կ-ները: Դրանք վերաբերում են ավելի շատ տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական, իրավաբանական և այլ ուղղությունների: Օրինակ` տնտեսական Կ-ներն ընդունակ են ճշգրտել բնակչության նյութական օգնության հարցերը. որոշել կենսաթոշակների, նպաստների, կրթաթոշակների սոցիալապես թույլատրելի վճարումները, նվազագույն աշխատավարձի և սպառողական զամբյուղի սահմանումը:

Կ-ի առավել արդյունավետ մեթոդ է Մ.: Այն օգտագործվում է սոցիալական ոլորտի օբյեկտներ ստեղծելու գործում՝ ինչպես տրված, այնպես էլ ենթադրյալ չափանիշներով: Սոցիալական մոդելի ստեղծման և դրա կանխատեսումային զարգացման աշխատանքը բավականաչափ ժամանակ է խլում, պահանջում է որոշակի մասնագիտական գիտելիքներ:

Մտավոր խանգարումով երեխաներ

Մտավոր հետամնաց երեխաներ: "Մտավոր հետամնաց" տերմինը արատաբանության մեջ նշանակում է ճանաչողական գործունեության կայուն արտահայտված նվազում, որն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական խանգարման հետևանքով և կարող է լինել տարբեր ծանրության, տեղայնացման և ծագման ժամանակի: Մտավոր հետամնաց երեխաների ուսուցման, դաստիարակության և սոցիալական հարմարվողականության խնդիրների հաղթահարման ուղիներն ու միջոցները մշակում է հատուկ մանկավարժության ճյուղերից մեկը՝ օլիգոֆրենամանկավարժությունը:

Մտավոր զարգացման խանգարումը "օլիգոֆրենիա" տերմինով է անվանել գերմանացի հոգեբան Է. Կրեպելինը (1915թ.): Այդ տերմինն ավանդաբար օգտագործվում է հատուկ մանկավարժության և բժշկագիտության մեջ: Ըստ խանգարման խորության, մտավոր հետամնացությունը բաժանվում է երեք աստիճանի՝ ապուշություն, խելապակասություն և տկարամտություն:

Ապուշությունը մտավոր հետամնացության ամենախոր աստիճանն է: Ապուշ երեխաներին մատչելի չէ շրջապատի իմաստավորումը, խոսքի գործառույթը զարգանում է ծայրահեղ դանդաղ և սահմանափակ (մի շարք դեպքերում ընդհանրապես չի զարգանում): Այս երեխաներին բնորոշ են շարժումների համակարգման, տարածության մեջ կողմնորոշման խանգարումները. հաճախ այդ խանգարումները այնքան ծանր են, որ ապուշ երեխաներն ապրում են պառկած վիճակում: Չափազանց դանդաղ և դժվար են ձևավորվում նրանց ինքնասպասարկման տարրական ունակությունները, այդ թվում` և հիգիենիկ: Ապուշ երեխաներն իրավական առումով անգործունակ են, գտնվում են ուրիշների խնամքի տակ: Հաճախ նրանք տեղափոխվում են  հատուկ հաստատություններ, որտեղ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք: 
Խելապակասությունը մտավոր հետամնացության ավելի թեթև աստիճանն է, քան ապուշությունը: Խելապակաս երեխաները խոսքին տիրապետելու, առանձին ոչ բարդ աշխատանքային ունակություններ յուրացնելու որոշակի հնարավորություն ունեն: Սակայն ընկալման, հիշողության, մտածողության, հաղորդակցման, խոսքի, շարժման և զգայակամային ոլորտի խոր արատներն այդ երեխաներին դարձնում են գործնականում անուսուցանելի նույնիսկ օժանդակ դպրոցներում: Իրավական առումով նրանք, ինչպես և ապուշները, անգործունակ են, և նրանց համար խնամակալություն է նշանակվում: 

Տկարամտությունը մտավոր հետամնացության առավել թեթև աստիճանն է՝ նախորդ երկու աստիճանների համեմատությամբ: Սակայն այս երեխաների մտածողության և զգայակամային ոլորտի յուրահատկությունները նրանց թույլ չեն տալիս յուրացնել հանրակրթական դպրոցի ծրագիրը: Ուսումնական նյութը ուսումնասիրելը և յուրացնելը տկարամիտ երեխայի համար չափազանց բարդ է: Օրինակ՝ տիրապետելով գրավոր և բանավոր խոսքին, թվի հասկացությանը, հաշվելու ունակությանը՝ նրանք դժվարանում են հասկանալ հնչյունի և տառի, բազմության և նրա թվային արտահայտության կապը և այլն: Այդ ամենը կենսաբանորեն պայմանավորված է բարձրագույն նյարդային գործունեության վերլուծական-համադրական գործառույթների թերզարգացածությամբ: Նույնիսկ մաթեմատիկական տարրական գիտելիքների յուրացումը պահանջում է վերացական մտածողության բավականաչափ բարձր աստիճան, բայց քանի որ տկարամիտ երեխաների այդ գործառույթը խանգարված է, նրանք մեծ դժվարությամբ են տիրապետում պարզագույն մաթեմատիկական գործողություններին: Օբյեկտների և երևույթների ժամանակային, տարածական և պատճառահետևանքային փոխհարաբերությունները որոշելու և ընկալելու ունակության անբավարար զարգացումը այս երեխաներին թույլ չի տալիս հանրակրթական դպրոցի ծավալով յուրացնել այնպիսի առարկաների նյութը, ինչպիսին են պատմությունը, աշխարհագրությունը, գծագրությունը, իսկ մի շարք առարկաներ (օրինակ՝ ֆիզիկա, քիմիա) ընդհանրապես չեն ընդգրկվում նման երեխաների ուսումնական ծրագրերում:
Մարմնական (սոմատիկ) խանգարումները, ընդհանուր ֆիզիկական թուլությունը, շարժողական (մոտորիկայի) խախտումները, որոնք յուրահատուկ են տկարամիտ երեխաների մեծ մասին, ինչպես նաև զգայակամային ոլորտի, դրդապատճառների, բնավորության և վարքագծի համակարգերի առանձնահատկությունները, զգալիորեն սահմանափակում են նրանց հետագա մասնագիտական աշխատանքային գործունեության շրջանակը:

Մսուր-ապաստաններ գյուղում

Երեխաների հասարակական դաստիարակության և սոցիալական փոխօգնության պատմական ձև Ռուսաստանում:
Մսուրներ առաջին անգամ հայտնվեցին Ֆրանսիայում XIX դարի 40-ական թթ.` որպես մասնավոր հիմնարկներ և ստացան կառավարական հիմնարկների կարգավիճակ 1862թ. դեկրետից հետո: Այնուհետև այս նախաձեռնությունը տարածվեց եվրոպական բոլոր պետություններում:

Մսուր են կոչվում, այդ բառի բուն իմաստով, այն երեխաների ցերեկային ապաստանները, որոնք դեռ չեն կարողանում քայլել, իսկ ապաստաններ` ավելի մեծ տարիքի երեխաների հիմնարկները: Ռուսաստանում կենցաղային պայմանների բերումով դրանք գործում էին որպես մսուր-ապաստաններ: Մսուր-ապաստանները հիմնականում եղել են քաղաքային և գյուղական: Գոյություն են ունեցել նաև միայն ցերեկային կամ խառը տեսակի մսուր-ապաստաններ, որտեղ երեխաները կարող էին մնալ և՜ ցերեկը, և՜ գիշերը (գլխավորապես քաղաքներում և ֆաբրիկաների կենտրոններում):

Մի տեղ մսուր-ապաստաններն ընդունում էին միայն աղքատների երեխաներին, մյուս տեղերում զտում չէր կատարվում այցելուներին ընդունելու ժամանակ: Քաղաքային մսուր-ապաստանները հազվադեպ էին լինում վճարովի` կախված ծնողների աշխատավարձից: Մի մսուր-ապաստանում երեխաներն ստանում էին հագուստ և անկողնային պարագաներ, մյուսում` միայն խնամք և սնունդ: Կար նաև այնպիսի պարզեցված տեսակ, որտեղ երեխաները ստանում էին միայն ճիշտ վերահսկողություն: Վերջապես, կազմակերպվել է նաև մսուր-ապաստանների բացառիկ տեսակ՝ Սուջանի զեմստվոյի երկու մեծ գյուղում նպատակադրվեցին խնամել բոլոր երեխաներին՝ մի գյուղում, ըստ մարդահամարի՝ մոտ 304, մյուսում` 204 երեխայի: Ամեն մի գյուղը բաժանեցին տեղամասերի, յուրաքանչյուրում` միջին հաշվով 18 երեխա, որոնք ունեին իրենց դայակը և նրա օգնականը: Ցերեկը երեխաները հսկողության տակ էին գտնվում մեկ բակում: Մնացած ժամանակ նրանք մնում էին իրենց տներում, ունեին իրենց սնունդը, բայց ընկերությունից հավելման կարգով ստանում էին կաթնաշիլա: Որոշ մսուր-ապաստաններում, բացի հիգիենիկ խնդիրներից, հետապնդում էին նաև դաստիարակչական նպատակներ այդ բառի լայն իմաստով, երեխաներին սովորեցնում էին գրաճանաչություն, ձեռագործ, զրույցների միջոցով և այլն ծանոթացնում էին բնության երևույթներին:

Գյուղում մսուր-ապաստանների ստեղծման գործին մասնակցում էին, բացի բարեգործական հիմնարկներից, կառավարական կազմակերպությունները, զեմստվոները` բժշկի գլխավորությամբ, մասնավոր անձինք: Համարյա բոլոր մսուրներում վարիչներ էին գյուղական ուսուցիչները, բուժակները, բժիշկների, հոգևորականների կանայք, հազվադեպ` հողատերերը և ամենավերջում (ըստ հաշվետվությունների թվի)` վարիչները, որոնք կամավոր եկել էին քաղաքից, և տարրական կրթություն ստացած գյուղական աղջիկները: Գերատեսչությունների և գործուղված անձանց բոլոր հաշվետվություններում կարծիք էր հայտնվում, որ գյուղացիները հավանություն են տալիս մսուրներին:

Դատելով դրանց կազմակերպման և գործունեության հաշվետվություններով` հանրային ինքնօգնության այդ նոր ձևը գյուղական միջավայրում գոյություն է ունեցել ո՜չ առանց դժվարությունների: Սկզբում հարկ էր լինում հաղթահարել զանազան նախապաշարումներ, իսկ հաճախ` նաև անհեթեթ հորինվածքներ: Մարդիկ աստիճանաբար համոզվեցին, որ այդօրինակ հիմնարկն օգտակար է, և երկրորդ-երրորդ տարում ծնողներն արդեն երեխաներին այնտեղ հաճույքով էին ուղարկում:
Հարկ է նշել, որ որոշ մսուր-ապաստաններ բացվեցին գյուղական հասարակության (հանրույթի) որոշմամբ և նրանց կողմից էլ ֆինանսավորվում էին: Գյուղացիներն այդ հիմնարկներն ապահովում էին մթերքով, անհրաժեշտ գույքով, փայտով, ձիերով և այլն:

Ենթադրվում էր, որ ապագայում մանկական հիմնարկների այդ ձևը գյուղում պետք է զարգանա ոչ միայն երեխաներին հսկելու, նրանց սնունդը կազմակերպելու, առողջապահական հմտությունների մշակման ուղղությամբ, այլև կարևոր դեր պետք է կատարի երեխաներին դպրոց հաճախելուն նախապատրաստելու գործում:

Մոտիվացում

Ներքին և արտաքին դրդիչների ամբողջություն, որոնք սուբյեկտին մղում են ակտիվ գործողությունների՝ ուղղված որոշակի նպատակների իրագործմանը, ստիպում են իրականացնել որոշակի գործունեություն:

Ներքին դրդիչները բնորոշվում են որպես դրդապատճառներ: Դրդիչների համակարգի կիրառումը և, համապատասխանաբար, դրդապատճառների ծագումը, որոնք մարդուն մղում են հասնել անձնական կամ խմբային (կոլեկտիվ) նպատակների, խնդիրների՝ իրենցից ներկայացնում են Մ.: 
Ժամանակակից կառավարման գիտության մեջ և պրակտիկայում հաճախ է կիրառվում Մ. հասկացությունը, քանի որ հարկ է լինում հաշվի առնել մարդկանց անհատական և խմբային պահանջմունքները:

Առաջինը, ով ստեղծեց Մ-ի հիերարխիկ մոդելը, ամերիկացի հոգեբան Ա. Մասլոուն էր (1908-1970): Համաձայն այդ մոդելի` բարձրագույն պահանջմունքները կարող են մարդու վարքագիծն ուղղորդել այն չափով, ինչ չափով բավարարված են նրա առավել ցածր պահանջմունքները: Պահանջմունքների հիերարխիան, ըստ Մասլոուի, ունի հետևյալ տեսքը՝ ֆիզիկական պահանջմունքներ (սննդի, ջրի, ապաստանի, հանգստի, սեռական), անվտանգության պահանջմունքներ (շրջապատող աշխարհի կողմից ֆիզիկական և հոգեբանական վտանգներից պաշտպանություն), սիրո և կապվածության պահանջմունքներ (ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին պատկանելու, փոխըմբռնման, փոխազդեցության, կապվածության և աջակցության պահանջմունքներ), ճանաչման և գնահատման պահանջմունք (ինքնահարգանք, շրջապատողների հարգանք, որակների, արդյունքների, ձեռքբերումների, բանիմացության ճանաչում), ինքնաարդիականացման և ինքնաարտահայտման պահանջմունք (իր պոտենցիալ հնարավորությունների, անձնական հատկանիշների իրացման պահանջմունքներ):
Ղեկավարներն ստիպված են հաշվի նստել իրենց աշխատողների անձնական յուրահատկությունների հետ, "որսալ" նրանց դրդապատճառները և հակադրդապատճառները: Վերջիններս նշանակալի հետաքրքրություն են ներկայացնում նախևառաջ գործնական տեսակետից, քանի որ, իմանալով դրանք, կարելի է որոշել, թե "աշխատող մարդու" ո՞ր պահանջմունքները չեն բավարարվում կամ բավարարվում են աննշան չափով: Ըստ էության, աշխատանքի Մ-ի կատարելագործումը հանգում է հետևյալին՝ ի հայտ բերել դրդապատճառները և հակադրդապատճառները, մշակել միջոցառումներ, որոնք ուղղված են հակադրդապատճառների դերի և քանակի կրճատմանը, հակադրդապատճառների հաղթահարմանը նպաստող միջոցառումների գործնական իրագործում:
Գիտական հետազոտություններում, պրակտիկ գործունեության մեջ օգտագործվում է ոչ միայն անհատական, այլև ընդհանրացված (միջինացված) դրդապատճառներն ի հայտ բերելու մեթոդաբանություն, որն օգտագործելով ուսումնասիրում են սոցիալական պաշտպանության համակարգի այս կամ այն ղեկավարի,  սոցիալական աշխատողի Մ.:
Նյութական Մ.: Դրդապատճառներ. կայուն աշխատավարձ և դրա ժամանակին վճարում, ամենամսյա պարգևատրության վճարում 100%-ի չափով, ամենամսյա հավելման վճարում աշխատանքային ստաժի համար, նյութական օգնության վճարում երկու դրույքի չափով (արձակուրդի ժամանակ) և ըստ տարվա աշխատանքի արդյունքների՝ անվճար երթևեկություն քաղաքային տրանսպորտով, աշխատատեղի կայունություն: Հակադրդապատճառներ. ցածր պաշտոնադրույքը, աշխատանքի վարձատրությունը հաշվի չի առնում անձնական աշխատանքային ներդրումը և բանիմացության աստիճանը, պաշտոնական պարտականությունների շրջանակներից դուրս եկող գործառույթների կատարման համար լրավճար չի տրվում, բացակայում են կրթամակարդակի բարձրացման նյութական խթանիչները:

Կազմակերպական Մ.: Դրդապատճառներ. հարմար է հասնել աշխատանքի վայր, աշխատավայրին տան մոտ լինելը թույլ է տալիս առավել լրիվ կատարել մայրության գործառույթը: Հակադրդապատճառներ. քաղաքային տրանսպորտի վատ աշխատանք, աշխատանքային կարգապահության նվազագույն խախտման համար խստագույն պատիժներ, պաշտոնական պարտականությունների մեջ չմտնող աշխատանքների ստիպողական կատարում, աշխատանքի սխալ կազմակերպում, որը թույլ չի տալիս կատարել բնակչության ընդունելության նորմատիվները, աշխատատեղը գրենական պիտույքներով անբավարար ապահովում:

Սոցիալական Մ.: Դրդապատճառներ. կատարվող աշխատանքի բավականաչափ մեծ հասարակական նշանակությունը, բավարարվածություն կատարվող աշխատանքից, ևս մեկ բուհ ավարտելու հնարավորություն, 15 տարուց ավելի ընդհանուր ստաժի համար 12-օրյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում, լավ հարաբերություններ կոլեկտիվի առանձին անդամների հետ: Հակադրդապատճառներ. ոչ այնքան բարենպաստ սոցիալ-հոգեբանական մթնոլորտ կոլեկտիվում, վերադասի հեղինակազրկվածություն և անպարկեշտություն, որոշումներ ընդունելու կոլեկտիվ ձևի հազվադեպ կիրառում, որակավորում բարձրացնելու համար դրդիչների բացակայություն, ծառայության մեջ առաջ գնալու անհնարինություն, բախումներ վերադասի հետ:
Տեղեկատվական Մ.: Դրդապատճառներ. անհրաժեշտ տեղեկատվության մատչելիություն, այն մարդկանց անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն, որոնք դրա պահանջմունքն ունեն: Հակադրդապատճառներ. անհրաժեշտ փաստաթղթերի որոնում` օգտագործելով անձնական կապերը, բնակչության տարբեր խմբերի հետ տարվող սոցիալական աշխատանքի տեսության և պրակտիկայի զանազան գրականության բացակայություն, ամենօրյա աշխատանքում համակարգչային տեխնիկայի վատ օգտագործում:

Մտածողություն

Ուղեղի բարձրագույն հատկությունների, դատողությունների, տեսությունների, իրական աշխարհի արտացոլման ակտիվ գործընթաց: Իրականանում է ուղեղի որոշակի նյարդային ուղիներով ազդակների տարածման, գրգռման, արգելակման և նյարդային հյուսվածքի մյուս գործառույթների հետ կապված բարդ ֆիզիոլոգիական գործառույթների օգնությամբ: Մտածողության ձևավորումը կատարվում է բանավոր կամ գրավոր խոսքային ազդանշանների հիման վրա: Ըստ էության, Մ. հասարակական երևույթ է՝ իր ծագման առանձնահատկություններով և արդյունքով

Մուրացկանություն

Վիճակ, երբ նորմալ կենսակերպ վարելն անհնարին կամ դժվարին է դառնում նյութական և դրամական միջոցների, սեփականության, աշխատանքային գործունեության հմտությունների բացակայության պատճառով, իսկ սոցիալական գործունեությունը որոշակի չափով ապահովվում է ողորմություն հավաքելով:

ԽՍՀՄ-ում "աղքատներ" և "ծայրահեղ աղքատներ" տերմիններից գաղափարախոսական նկատառումներով խուսափում էին: Աղքատության դեմ ողջ պայքարը հանգում էր հիմնականում մտավոր և ֆիզիկական անլիարժեք մարդկանց, միայնակ տարեցներին և մի քանի այլ կատեգորիաներին օգնելուն: Աղքատության պաշտոնական ճանաչման դրսևորում եղավ "սակավ ապահովվածներ" տերմինի ներմուծումը, ինչպես նաև 1974-1980-ական թթ. սակավ ապահովված ընտանիքների համար նպաստի ներմուծումը:

Այսօր Հայաստանում սոցիալ-տնտեսական նոր պայմանների հետևանքով պրոֆեսիոնալ Մ. վերստին ծնունդ առավ, կենսունակ եղան և ծնվեցին մուրացկանների "հավերժական տիպերը": Նրանք զգալի տարբերվում են դարասկզբի մուրացկաններից` սոցիալականացել են, ունեն կրթության առավել բարձր մակարդակ, ժամանակակից մուրացկաններից շատերն ունեն մասնագիտություն, բայց նրանց հոգեբանական և բարոյական որակները, վարքագծի կարծրատիպերը շատ նման են:

Մ-ի, աղքատության դեմ պայքարը կարող է ավելի գործուն դառնալ, եթե հաջողվի ազդել Մ. ծնող պատճառների վրա: Դա հնարավոր է միայն.

– տնտեսական զարգացման կայունացման դեպքում,

– սոցիալական քաղաքականության մեջ անհրաժեշտ
 
փոփոխություններ կատարելու դեպքում: Նախևառաջ պետք է միջոցներ ձեռնարկվեն սոցիալական քաղաքականության արդյունավետությունը մեծացնելու, առավել սուր սոցիալական հիմնախնդիրների վրա ջանքերը կենտրոնացնելու, բնակչության կենսամակարդակը բարձրացնելու, աղքատության ծավալն աստիճանաբար կրճատելու, քաղաքացիների աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Սոցիալական քաղաքականության նպատակաուղղվածության խնդիրները պետք է լինեն ոչ միայն կենսամակարդակի և կենսապայմանների մասնակի բարելավումը, այլև բնակչության կյանքի որակը, մարդու նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման որակական կողմը:

Հարկ է ակտիվացնել բնակչության սոցիալական պաշտպանության համակարգի ստեղծման, սոցիալական օգնության հասցեականության մեծացման, ֆինանսական և նյութական միջոցները բնակչության իսկապես խիստ կարիքավոր խմբերին հատկացնելու միջոցառումները, ավելացնել իսկապես կարիքավոր մարդկանց նպաստների չափերը:
Մ-ի դեմ պայքարի միջոցները պետք է լինեն սոցիալական քաղաքականության և սոցիալական աշխատանքի օրենսդրական բազայի շատ արագ ձևավորումը, թափառաշրջիկությունը, ողորմություն խնդրելը արհեստ դարձնելու դեմ վարչական միջոցների կիրառումը:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան