Լարվածություն(Սոցիալական)

Սոցիալական հարաբերությունների կարևորագույն բնորոշումներից մեկը, սոցիալական բախումների անընդհատ ծավալման, դրանց զանգվածայնության և սրության աճի արդյունք: Լ. մի գործընթաց է, որ կարող է անցնել թաքնված (փակ) փուլ, աճի տարբեր որակի աստիճաններ, այդ թվում` պայթյունի (արագացված զարգացման) փուլ, ինչպես նաև մինչև ֆոնային ցուցանիշների (բախումնայնության նորմերի) մակարդակի անցման փուլ: Լ. կարող է թուլանալ ցանկացած փուլում: Լ-ի ախտորոշումը հիմնված է զանգվածային սոցիալական բախումների վերլուծության վրա, որը ենթադրում է անմիջական բախվողների, նրանց պատճառաբանությունների, շահերի, նպատակների, քաղաքական դիրքորոշումների, սոցիալական հակազդեցությունների պատճառների, առիթների և ձևերի, դրանց զանգվածայնությունն ու սրությունը որոշող գործոնների, իրադարձությունների հետագա զարգացման հնարավոր մոդելների բացահայտումը: Լ-ի նվազումը ձեռք է բերվում, ամենից առաջ, հիմնավորված ռազմավարությունների, մեթոդիկաների կիրառմամբ:

Լիցենզավորում

Սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկներին, ձեռնարկություններին, ինչպես նաև այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անհատներին պետական իշխանության մարմինների կողմից տրված արտոնության, թույտվության ստացման գործընթաց (լիցենզիա), որպեսզի որոշակի տեսակի գործունեություն ծավալելու իրավունք ունենան:

Լիցենզիան/արտոնագիրը/ տրվում է ՀՀ օրենքին համապատասխան: Ըստ գործող օրենսդրության՝ սոցիալական ծառայությունների մատուցման գործունեությունը Լ-ի ենթակա չէ:
Լ. իրականացվում է սոցիալական սպասարկման հիմնարկների (ծառայությունների) աշխատանքի կազմակերպման և որակի բարելավման, այցելուների շահերն ու իրավունքները պաշտպանելու, օրենսդրության պահանջների պահպանման պետական վերահսկողության, բնակչության սպասարկման ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով:

Լ. պետք է երաշխավորի սոցիալական սպասարկման ոլորտում պետական նվազագույն չափորոշիչների պահպանումը, սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների և մասնագետների գործունեության տարբեր տեսակների փորձագիտական գնահատման իրականացումը և պետական մարմինների կողմից միջոցառումների ձեռնարկումը, որոնք վերաբերում են բնակչության սոցիալական սպասարկման որակի բարելավմանը:

Լ-ի ենթակա է  սոցիալական ծառայությունների համակարգում իրականացվող գործունեությունը, ներառյալ՝ բնակչության սոցիալական աջակցությունը, սոցիալ-կենցաղային, սոցիալ-բժշկական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավաբանական ծառայություններ մատուցելը, ծանր պայմաններում գտնվող այցելուների սոցիալական հարմարվողության բարելավումը և սոցիալական վերականգնում անցկացնելը և սոցիալական սպասարկման այլ տեսակներ:

Սոցիալական սպասարկման հիմնարկների և առանձին մասնագետների Լ. դրանց գործունեության` սոցիալական ծառայություններ մատուցմանն առնչվող պետականորեն սահմանված չափորոշիչներին համապատասխանության որոշումն է:

Լյումպեն

Տերմինն առաջին անգամ օգտագործել է Կ. Մարքսը՝ այդպես անվանելով պրոլետարիատի ստորին շերտը: Ավելի ուշ Լ. սկսեցին անվանել բնակչության ապադասակարգային և բարոյազուրկ շերտերին (թափառաշրջիկներ, մուրացկաններ, հանցագործներ և այլ պորտաբույծներ): "Հասարակության լյումպենացում" նշանակում է՝ նշված շերտերի տեսակարար կշռի ավելացում հասարակության մեջ և նրանց հոգեբանության տարածում հասարակության սոցիալական անկայունության պայմաններում: Լ-ի թվի ավելացումը, որպես կանոն, լինում է հասարակության զարգացման ճգնաժամային շրջաններում, տնտեսության և սոցիալ-քաղաքական ճգնաժամի ազդեցությամբ, գործազրկության ավելացման պայմաններում: Արևմտյան Եվրոպայի երկրներում այս տերմինը ներկայումս փոխարինվել է "անդերկլաս" տերմինով:

Լոգոպետ

Մասնագետ, որը հայտնաբերում, ախտորոշում և շտկում է խոսքային խանգարումները: Այդպիսի խանգարումներով անձանց հետ աշխատելիս Լ. օգտագործում է համապատասխան թերապևտիկ մեթոդներ: Լ. կարող են աշխատել բարձրագույն Լ-ական մասնագիտություն ստացած անձինք:

Լ-ների գործունեության ոլորտը բազմազան է: Նրանք աշխատում են հանրակրթական, խոսքի խանգարումով երեխաների հատուկ դպրոցներում, նախադպրոցական հիմնարկներում, հոգենյարդաբանական դիսպանսերներում, որոշ հիվանդանոցներին կից խոսքալսողական կաբինետներում:

Լոգոպեդիա

 (Հուն. logos - բառ, խոսք և peideia - դաստիարակություն, ուսուցում) - հատուկ մանկավարժության բնագավառ, որն ուսումնասիրում է խոսքային խանգարումների բնույթը, մեխանիզմներն ու դրսևորումները, մշակում դրանց կանխման, հաղթահարման գիտական հիմքերը:

Որպես գիտության ինքնուրույն բնագավառ` Լ. ձևավորվել է XIX դարի 2-րդ կեսին: Մինչև XX դարի 30-ական թվականները խոսքային խանգարումները դիտվում էին որպես խոսքաշարժողական մկանների արատի հետևանք, խոսքի թերությունները դիտվում էին արտաբերման շարժողական դժվարությունները ախտանիշային եղանակով հաղթահարելու տեսակետից: Այս հարցերը շնչառական համակարգի շտկման հիմնահարցի հետ միասին կազմում էին Լ-ի հիմնական բովանդակությունը, գործնական շտկողական միջոցառումներն ունեին առավելապես բժշկական ուղղվածություն: Խոսքային գործունեության բնույթի մասին գիտական պատկերացումների ընդլայնումն ու խորացումը արմատապես փոխեցին Լ-ի ուղղությունը: Ժամանակակից Լ., հենվելով արատաբանության ընդհանուր սկզբունքների վրա, փոխներգործելով այլ գիտությունների հետ (հոգեբանություն, ֆիզիոլոգիա, լեզվաբանություն), խոսքը դիտում է որպես համակարգային հոգեկան զարգացման վրա ազդող բազմագործառութային գոյացություն:

Խոսքի թերություններն իրենց բնույթով ու դրսևորման աստիճանով, զարգացման և հոգեվիճակի վրա ունեցած ազդեցությամբ բազմազան են: Դրանց մի մասը (օրինակ` թոթովախոսություն) վերաբերում է արտաբերական կողմին, մյուս մասը դրսևորվում է միայն արտասանական շեղումների և ընթերցանության ու գրավոր խոսքի խանգարումների (դիսլեքսիա, դիզգրաֆիա) ձևով, մեկ այլ խմբի թերություններ ներառում են խոսքի բառաքերականական կողմը (ալալիա, աֆազիա): Լեզվական միջոցների խանգարումների հետ մեկտեղ գոյություն ունեն խոսքային վարքի ձևավորման շեղումներ, որոնք առաջացնում են կակազություն: Խոսքի խանգարումները հաղթահարվում են մանկավարժական մեթոդներով. հատուկ ուսուցումը և շտկող-դաստիարակչական միջոցառումները անհրաժեշտության դեպքում համաձայնեցվում են բժշկի հանձնարարականին: Խոսքային շեղումների հետազոտությունը նպաստում է ընդհանուր հոգեբանական և մանկավարժական պատկերացումների ընդլայնմանը: Խոսքային շեղումներով երեխաներին լոգոպեդական օգնություն է ցուցաբերվում հատուկ (շտկողական) կրթական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, մանկական պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում:

Լսողության խանգարումով երեխաներ

Սահմանափակ կարողություններով երեխաների կատեգորիա, որի մեջ մտնում են լսողության տարբեր խանգարումներով երեխաներ: Խուլ երեխաները տառապում են լսողության խոր, կայուն, երկկողմանի խանգարումով: Նրանք չեն կարող ինքնուրույն տիրապետել խոսքին և առանց հատուկ ուսուցման դառնում են խուլուհամր: Խուլերի մեծ մասն ունի մնացորդային լսողություն, ինչը թույլ է տալիս նրանց ընկալել միայն շատ բարձր ձայները (ավելի քան 80 դեցիբել ուժով և 1000-2000 հերց դիապազոնում): Լսողական տպավորությունների անբավարարությունն աղքատացնում է երեխայի ներաշխարհը: Նրա զարգացմանն առավել վնաս է հասցնում խլության ստեղծած արգելքը՝ տիրապետել բանավոր խոսքին՝ որպես հաղորդակցման և շրջապատող աշխարհի ճանաչման միջոց, որպես մտածողության գործիք: Որքան շուտ է երեխային ուսուցանվում բանավոր խոսքը՝ մնացորդային լսողության և շրջապատողների շուրթերից կարդալու ունակության օգտագործմամբ և զարգացմամբ, այնքան քիչ է հոգեկան զարգացումը շեղվում նորմայից:

Նույնիսկ հատուկ ուսուցման պայմաններում խուլերի բանավոր խոսքի զարգացումը հետ է մնում նորմայից և ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք վերաբերում են կապակցված խոսքի տիրապետմանը, բառերի ձայնատառային կազմի յուրացմանը: Հաճախ նկատվում է բառերի նշանակության մասին պատկերացումների ընդլայնում և նեղացում: Ուսուցման ժամանակ երեխաները ավելի հեշտ են տիրապետում առարկաներ նշող բառերին, քիչ ավելի դժվար՝ գործողություններ, որակ, հատկանիշ, էլ ավելի դժվար՝ վերացական և փոխաբերական իմաստ ունեցող բառերին: Կապակցություններ կառուցելիս նրանք խախտում են քերականական կանոնները: Խոսքի ընկալումն առաջ է անցնում սեփական խոսքի բանավոր և գրավոր արտահայտումից: Խոսքին տիրապետելու սահմանափակ հնարավորություններն ազդում են ճանաչողական գործընթացների (օրինակ՝ բանավոր տրամաբանական մտածողության ձևավորումը կատարվում է նշանակալի ուշացումով և աչքի է ընկնում յուրօրինակությամբ), զգայակամային ոլորտի զարգացման վրա և այլն:

Լսողների հետ հաղորդակցվելու համար Լ.խ.ե. օգտվում են բնական ժեստերից (ցուցադրող, գործողություններ նմանակող, առարկաների հատկանիշ պատկերող), որոնք սովորաբար մշակվում են միմյանց հետ հաղորդակցվելու ընթացքում: Նրանք իրար հետ հաղորդակցվում են դիմաշարժային և ժեստային խոսքի միջոցով, որի ձայնային և տեղեկատվական կառուցվածքն ավելի բարդ է, քան բնական ժեստերինը, սակայն այդ խոսքը տարբերվում է բանավոր խոսքից իր բառապաշարով, քերականությամբ, արտահայտման եղանակով, զգալիորեն աղքատ է բանավորից և օգտագործվում է սահամանափակ շրջանակի մարդկանց հետ շփվելիս:

Հատուկ ուսուցումը երեխաներին թույլ է տալիս տիրապետել բանավոր խոսքին, ինչը մեծացնում է լսողների հետ հաղորդակցվելու հնարավորությունը, նպաստում է թերությունների հաղթահարմանն ինչպես ճանաչողության, այնպես էլ անհատականության զարգացման ոլորտում:
Խլացած երեխաներն այն երեխաներն են, ովքեր լսողությունը կորցրել են, բայց պահպանել են խոսքը, որը կայացել է կանոնավոր լսողական ընկալման հիման վրա: Խոսքի պահպանումը կախված է խլության վրա հասնելու պահին երեխայի տարիքից, լսողության մնացորդի առկայությունից և այն օգտագործելու ունակությունից, լսողությունը կորցնելու պահին գրագիտությանը տիրապետելուց, զարգացման և անհատական յուրահատկություններից, շտկիչ մանկավարժական ազդեցություններից:

Որքան փոքր է լսողությունը կորցրած երեխան, այնքան արագ և ուժգին է խախտվում, նույնիսկ վերանում նրա խոսքը: Կարևոր է հնարավորինս շուտ սկսել շտկման աշխատանքները՝ խոսքը պահպանելու և նրա հիման վրա շրջապատողների բանավոր խոսքն ընկալելու հմտություններ ձևավորելու համար: Ընդ որում՝ կարևորագույն դեր է վերապահվում տեսողական ընկալմանը: Զուգահեռ ընթանում է ընթերցանության ուսուցանումը:
Պահպանված լսողական զգայություններն օգտագործվում են զգուշորեն՝ բժշկական ցուցումների համաձայն և միայն տեսողական ընկալման զուգակցմամբ: Մնացորդային լսողության մարզումը, անհատական լսողական ապարատի ընտրությունը կատարվում է հետագայում մնացորդային լսողական գործառույթի վիճակի մասին կայուն տվյալների հիման վրա:

Խլացած նախապրոցական տարիքի երեխաների լիարժեք զարգացման հիմնական պայմաններից մեկը նորմալ ձայնային խոսքի միջավայրում նրանց լինելն է և մասնագետների ղեկավարությամբ և հսկողությամբ ծնողների կողմից անցկացվող անհատական պարապմունքները: Դպրոցական տարիքի երեխաների հետ անցկացնում են անհատական և խմբային պարապմունքներ՝ բանավոր խոսքի ընկալման հմտություններ ձևավորելու և զարգացնելու, ինչպես նաև  արտասանությունը շտկելու համար:
Թույլ լսող երեխաները տառապում են լսողության թուլությամբ (ծանրալսություն), որի հետևանքով խանգարվում է նրանց խոսքը: Ի տարբերություն խուլ երեխաների՝ թույլ լսող երեխաները կարող են լսողությամբ կուտակել բառերի որոշ պաշար: Լսողության կորստի աստիճանը կարող է տարբեր լինել՝ շշուկի դժվար ընկալումից մինչև խոսակցական բարձրությամբ ընկալման խիստ սահմանափակում:

Խոսքի զարգացման մակարդակը գլխավորապես կախված է լսողության խանգարման աստիճանից, ծագման ժամանակից, ինչպես նաև դաստիարակության պայմաններից՝ հաշվի առնելով երեխայի լսողական շեղումը, անհատական առանձնահատկությունները: Խոսքի շտկման և շուրթերից (դեմքից) ընթերցանության հմտությունների ձևավորման՝ ժամանակին ձեռնարկված միջոցները, նույնիսկ զգալի արտահայտված և վաղ առաջացած խանգարման դեպքում, թույլ են տալիս հասնել այն բանին, որ դպրոց ընդունվելիս երեխան տիրապետում է ծավալուն խոսքին: Եթե լսողության խանգարումը չի բացահայտվում կամ նրան պատշաճ ուշադրություն չի դարձվում, երեխայի խոսքը կարող է թերզարգացած լինել նույնիսկ համեմատաբար ոչ բարձր աստիճանի ծանրալսության դեպքում:

Զարգացած խոսքին տիրապետող թույլ լսողները սովորում են հանրակրթական դպրոցներում: Սակայն լսողության նույնիսկ աննշան կորուստը կարող է ուսումնական ծրագիրը յուրացնելիս առաջացնել որոշակի դժվարություններ: Հանրակրթական դպրոցում հաջողությամբ սովորելուն օգնում են լրացուցիչ պարապմունքները, որոնց ժամանակ ուսուցիչը ճշգրտում է բառերի արտասանությունը, օգնում է երեխային տիրապետել դրանց հնչյունակազմին:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան