Խաղային թերապիա

Զանազան հուզական խանգարումներով, նևրոզներով, վախով և այլ հիվանդություններով տառապող երեխաների և մեծահասակների վրա բուժամանկավարժական ազդեցություն: Խ.թ-ի տարբեր միջոցների հիմքում ընկած է խաղի ճանաչումը՝ որպես անձի զարգացման կարևոր գործոն:

Խելակորուսություն(Դեմենցիա)

(Լատ. dementia՝ խելակորուսություն)- թուլամտություն, ճանաչողական գործունեության կայուն թուլություն, հիշողության անկում, զգայությունների բթացում: Մանկական տարիներին Խ. կարող է ծագել ուղեղի օրգանական հիվանդությունների հետևանքով (մենինգիտ, էնցեֆալիտ), վնասվածքների, ինչպես նաև շիզոֆրենիայի, էպիլեպսիայի ժամանակ: Ի տարբերություն սակավամտության (տես` Oլիգոֆրենիա), Խ-ի ժամանակ ուղեղի գործունեության խանգարումը առաջանում է երեխայի նորմալ զարգացման փուլից հետո: Խ-ի և սակավամտության տարբերակումը վաղ տարիքում դժվարանում է նրանով, որ ուղեղի ցանկացած ախտահարում առաջացնում է ոչ միայն ձևավորված գործառույթների անկում, այլև հոգեկան զարգացման հետամնացություն ամբողջությամբ: Երեք տարեկանից մեծ երեխաներին Խ. ախտորոշելը զգալիորեն դյուրին է:

Խ-ի ժամանակ մտավոր շեղման առանձնահատկությունը ճանաչողական գործառույթի անհամաչափ անբավարարությունն է: Այդ շեղմամբ տառապող երեխաները կարող են ունենալ գիտելիքների բավականաչափ պաշար, որը կուտակվել է կյանքի նորմալ զարգացման փուլում, սակայն նրանք գրեթե ընդունակ չեն դրանցից օգտվելու, քանի որ խաթարված են նրանց հիշողությունը, ուշադրությունը, մտավոր աշխատունակությունը: Հիմնական բուժումը կարող է մասնակիորեն փոխհատուցել մտավոր շեղումը: Ինչպես մտավոր թերզարգացած, այնպես էլ Խ-ով տառապող երեխաների ուսուցումը կազմակերպվում է հատուկ կրթական հաստատություններում՝ կախված մտավոր խանգարման աստիճանից:

Խլություն

Լսողության խանգարման առավել ծանր աստիճան, որի դեպքում բանավոր խոսքի ընկալումն ընդհանրապես բացառվում է: Խ. կարող է լինել ի ծնե (բնածին) կամ ձեռքբերովի: 
Ի ծնե խլությունը պտղի լսողական ապարատի ոչ նորմալ զարգացման հետևանք է, որը կարող է պայմանավորված լինել պտղի վրա զանազան վտանգավոր գործոնների ազդեցությամբ (վարակ, թունավորում, վնասվածք և այլն), ինչպես նաև՝ ժառանգականությամբ: Ի ծնե Խ. ունեն խուլերի ընդհանուր թվի 20-30 տոկոսը: 

Ձեռքբերովի Խ-ի ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունները, համաճարակային ուղեղաողնուղեղային մենինգիտը, սուր վարակիչ հիվանդությունները՝ քութեշը, որովայնային և բծավոր տիֆը, դիֆթերիան, կարմրուկը, գրիպը, միջին և հատկապես ներքին ականջի կառուցվածքային փոփոխությունները, զանազան դեղանյութերի տոքսիկ ազդեցությունները:

 Լսողության խանգարման պատճառ կարող են լինել նաև տարաբնույթ վնասվածքները: Խ-ի բուժումը մեծավ մասամբ նվազ արդյունավետ է, քանի որ լսողական օրգանի ախտաբանական փոփոխությունները անշտկելի են:

Խնամակալություն

Քաղաքացիների անձնական և գույքային շահերի պաշտպանության իրավական ձև: Իրավաբանորեն օրինաչափ է Խ-ի երկու ձևի՝ Խ-ի և հոգաբարձության գոյությունը:
Խ. է սահմանվում առանց ծնողական խնամքի մնացած, 14 տարին չլրացած երեխաների նկատմամբ, նրանց խնամքի, դաստիարակության և կրթության համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց նկատմամբ:

Հոգաբարձություն սահմանվում է, որոշակի հանգամանքների ուժով, առանց ծնողական խնամքի մնացած 14-18 տարեկան անչափահասների նկատմամբ, ինչպես նաև չափահաս այն անձանց նկատմամբ, ովքեր ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իրենց և իրենց ընտանիքը դնում են նյութական ծանր դրության մեջ և որոնց գործունակությունը դատարանի որոշմամբ սահմանափակված է:
Խ-ի և հոգաբարձության մարմինները բացահայտում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, կատարում են նրանց հաշվառում, վերահսկողություն են սահմանում նրանց հետագա կյանքի, դաստիարակության և կրթության պայմանների նկատմամբ: Ընդ որում՝ նախապատվությունը տրվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքում տեղավորման ձևերին՝ որդեգրմանը, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելուն:

Խնամակալը (հոգաբարձուն) խնամարկյալի օրինական ներկայացուցիչն է և հանդես է գալիս որպես նրա իրավունքների և շահերի պաշտպան: Նշանակվում է Խ-ի կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի Խ-ի կամ հոգաբարձության մարմնի կողմից, մեկ ամսվա ընթացքում այն պահից, երբ հայտնի է դառնում, որ անհրաժեշտ է քաղաքացու նկատմամբ Խ. (հոգաբարձություն) սահմանել: Բացառիկ դեպքերում Խ. (հոգաբարձությունը) կարող է սահմանվել խնամակալի (հոգաբարձուի) բնակության վայրում:
Հաայաստանում խնամակալի (հոգաբարձուի) անձին ներկայացվող պահանջները, նրա իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև խնամակալվող քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները օրենսդրորեն կանոնակարգվում են ՀՀ իրավական ակտերով, որոնք հիմնականում համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին:
Անչափահաս անձանց Խ-ի (հոգաբարձության) մասին որոշում կայացնելու հիմք են ծնողների մահը, ապասոցիալական վարքագծի հետևանքով նրանց ծնողական իրավունքից զրկելը, հիվանդության պատճառով ծնողներին անգործունակ ճանաչելը, ծնողների տևական բացակայությունը (երկարատև գործուղումները, ազատազրկման վայրում գտնվելը), երեխաների շահերի պաշտպանությունից և նրանց դաստիարակությունից ծնողների խուսափելը, ծնողական խնամքի բացակայության այլ պատճառներ:

Այն դեպքերում, երբ երեխաների դաստիարակությունն իրականացնում են համապատասխան դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ համանման այլ հիմնարկներ, խնամակալներ՝ հոգաբարձուներ չեն նշանակվում: Նրանց պարտականությունների կատարումը դրվում է այդ կազմակերպությունների վարչակազմերի վրա:

Խնամառություն

Այլ անձանց կամ գործոնների աջակցությունից կամ գոյությունից կախյալ վիճակ, օրինակ՝ ուրիշների օգնության (պարենային, դրամական ապահովության, որոշումներ ընդունելու) վրա հույս դնելու միտում:

ՀՀ օրենսդրության մեջ սոցիալական Խ., որպես սկզբունք, բացառվում է:

Չափից դուրս Խ., հոգեբանների կարծիքով, ոչ միայն նևրոզի, ընկճվածության կամ զգացմունքային աններդաշնակության ախտանշան է, այլև ուրիշի հաշվին ապրելու ձգտում. մտնելով խեղճի կերպարի մեջ, մարդը կորցնում է իր հոգսերն ինքնուրույն հաղթահարելու ունակությունը:

Խնամարկյալներ

Անձինք, ովքեր գտնվում են այլ անձի լրիվ խնամքի տակ կամ նրանից մշտական օգնություն են ստանում, որը իրենց գոյության հիմնական միջոցն է: Որպես կանոն, Խ. են ընտանիքի անաշխատունակ անդամները, անչափահաս երեխաները, կենսաթոշակային տարիքի անձինք, ծերերը: Սակայն մի շարք դեպքերում օրենքը խնամարկյալ է ճանաչում նաև աշխատունակ քաղաքացիներին, օրինակ՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի, որպես խնամարկյալ, մահացածի ծնողներից մեկը կամ ամուսինը՝ անկախ տարիքից և աշխատունակությունից, եթե նա չի աշխատում և զբաղված է մահացողի 8 տարին չլրացած երեխաների, եղբայրների կամ թոռների խնամքով:

Խ-ները կարևոր տեղ ունեն հատկապես կենսաթոշակային ապահովության ոլորտում: "Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին" և "Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին" ՀՀ օրենքներով Խ-ները կերակրողին կորցնելու դեպքում ունեն կենսաթոշակ ստանալու իրավունք: Հիշյալ օրենքներով, խնամքի տակ գտնվողներ (խնամարկյալներ) են համարվում 18 տարին չլրացած երեխաները, հաշմանդամ երեխաները, եղբայրները, քույրերը և թոռները, պապը, տատը, հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը և այլք, որոնք անաշխատունակ են: Անչափահաս երեխայի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելիս մահացած կերակրողի խնամքի տակ գտնվելու հանգամանքը որևէ նշանակություն չունի:

Խնամազուրկ երեխաներ

Անհրաժեշտ խնամքից ու դաստիարակությունից զրկված երեխաներ: Նման երեխաները սովորաբար ծնողազուրկ են, անօթևան և դուրս են մնացել ազգականների հոգածության ոլորտից և թափառում են, չեն ներառվել խնամքի ու դաստիարակության հաստատություններում:

Մարդկության պատմության մեջ առանց հսկողության մնալը՝ որպես հատուկ սոցիալական երևույթ, գոյություն ունի վաղուց: Բայց պատերազմների, հեղափոխությունների, ազգային երկպառակությունների, քաղաքական, սոցիալ-տնտեսական ցնցումների ժամանակաշրջաններում Խ.ե-ի թիվը նշանակալիորեն մեծանում է: Իրենց պատմությունն ունեն կյանքի հունից դուրս մղված երեխաների հիմնախնդիրների լուծման եղանակները:

1915 թվականի եղեռնից հետո Արևելահայաստանում այդպիսի երեխաների համար ստեղծվեցին որբանոցներ ԱՄՆ կառավարության և մի շարք բարեգործական կազմակերպությունների կողմից: Հայաստանի առաջին Հանրապետությունը, ինչպես նաև Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային կառավարությունը, չնայած դժվարություններին, զգալի ուժեր և միջոցներ են ուղղել այդ երևույթի հաղթահարմանը: Հեղափոխությունից հետո ստեղծվեց հանձնաժողով, որը միավորեց այդ հիմնախնդրով զբաղվող սոցիալական տարբեր գերատեսչությունների ջանքերը: Ստեղծվեց Խ.ե-ին իր խնամակալության տակ վերցրած պետական հիմնարկների ցանց: Այդ ցանցի մեջ մտնում էին ընդունող-բաշխող կետերը, որոնք խնամազուրկ երեխաներին ցույց էին տալիս առաջին օգնություն և բժիշկների, մանկավարժների ուժերով կատարում էին ախտորոշման բազմակողմանի աշխատանքներ. տարբեր տեսակի մանկատներ, որտեղ երեխաները ստանում էին կրթություն, դաստիարակություն և աշխատանքային հմտություններ: Խ.ե-ի կյանքը դասավորելու գործին օգնեցին հարազատների խնամակալությանը, ընտանիքների դաստիարակությանը (հովանավորում) նրանց հանձնելը, որդեգրումը, խնամակալ նշանակելը, մասնագիտական դպրոցներում և տեխնիկումներում նրանց աշխատանքի տեղավորելու կազմակերպումը:
30-ական թթ. կեսերին մանկական անապաստանության հիմնախնդիրը հիմնականում լուծված էր: Անապաստանության նոր ալիքը, որ առաջացավ Հայրենական մեծ պատերազմի պատճառով, հաղթահարվեց առանց ծնողների մնացած երեխաների տեղավորման հանձնաժողովի ակտիվ աշխատանքով, ստեղծվեցին նոր մանկատներ և ընդունող-բաշխող կետեր, հասցեների սեղանների միջոցով կազմակերպվեց ծնողների որոնում, և շատ երեխաներ վերադարձան իրենց ընտանիքներ:

Մանկական անապաստանության նոր ալիք բարձրացավ 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին: Սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքի անկայունության, բնակչության հիմնական մասի վրա  ցավագին ներգործած բարեփոխումների հետևանքով մեծացավ փողոցում հայտնված երեխաների թիվը: Սրան նպաստեցին շատ գործոններ.
- երկրաշարժը,

- ճգնաժամային երևույթներն ընտանիքում (նրա կառուցվածքի և գործառույթների խախտում, ամուսնալուծությունների և ոչ լրիվ կազմով ընտանիքների թվի աճ). ծնողների ապասոցիալական ապրելակերպը, բնակչության կենսամակարդակի անկումը, երեխաներին ընտանիքում պահելու պայմանների վատթարացումը,

- երեխաների հանգիստն սպասարկող ենթակառուցվածքների ցանցի, նրանց ժամանցային գործունեությունը շուկայական տարերքի ազդեցությամբ և պետական բյուջեի միջոցների պակասի պատճառով նվազեցնելը,

- մեծահասակների հոգեկան-զգացմունքային 
գերբեռնվածությունը, որն անմիջականորեն անդրադառնում է երեխաների վրա,

- երեխաների ճակատագրի համար պատասխանատվության նվազման պայմաններում որոշ անբարեհույս ընտանիքներում և գիշերօթիկ հաստատություններում նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը,

- կրթության և մշակույթի ոլորտների առևտրականացումը:
Այսպիսով, աճեց ռիսկի գործոնների թիվը, որոնք բացասաբար են անդրադառնում երեխաների ճակատագրի վրա և նրանց մղում անօթևանության:

 Հազվադեպ չեն երեխաների փախուստները տնից, հաստատություններից, երեխաներին բռնի վտարելու, նրանց օթևանից և սննդից զրկելու դեպքերը:
Այսօրվա անապաստանները բոլորը չէ, որ որբ են: Նրանց մեծ մասն ունի մեկ կամ երկու ծնող: Այդպիսի երեխաների զգալի մասը չի ցանկանում վերադառնալ տուն, իսկ շատերն էլ կուզենային ունենալ բարի և հոգատար ընտանիք:
Փողոցում ապրելը երեխայի համար ունի ծանրագույն հետևանքներ: Որքան մեծ է անապաստանության "ստաժը", այնքան շատ է տուժում երեխաների հոգեկան, ֆիզիկական, բարոյական առողջությունը, այնքան ուժեղ է ձևախեղվում նրանց սոցիալականացման գործընթացը: Երեխաները գիշերում են որտեղ պատահի (ձեղնահարկում, նկուղում, կայարաններում, երբեմն՝ ծանոթների մոտ), սնվում են անկանոն, հաճախ քաղցած են մնում: Շատերն ընտանիքում դաժան վերաբերմունքից փախչելով՝ վերստին ընկնում են դաժան մեծահասակների ձեռքը, որոնք նրանց օգտագործում են, ներքաշում են հանցագործությունների մեջ, ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ: Նրանք ձեռք են բերում կամ խորացնում ոգելից խմիչք, թմրանյութ օգտագործելու սովորություն: Դրա հետևանքն են՝ հոգեկան առողջության և զարգացման խանգարումները, բազմաթիվ խախտումները, որոնք կապված են աղեստամոքսային համակարգի, բրոնխների, ալերգիկ հիվանդությունների հետ: Գործնականում վնասված է բոլորի կեցվածքը, հաճախակի են վարակիչ հիվանդությունները: Խ.ե. զանազան ճանապարհներով փող են ձեռք բերում: Սկզբում նրանք մուրում են, առևտուր անում, հավաքում և վաճառում շշեր, իսկ անապաստանության "ստաժի" ավելացման հետ՝ դիմում են գողության, կողոպուտի և ավազակային հարձակումների` համատեղ գործելով մեծահասակ քրեական տարրերի հետ:
Լուրջ ձևախեղման է ենթակվում անապաստան երեխաների անձը: Նրանց մոտ ձևավորվում են արժեքային կողմնորոշումներ, որոնք չեն խրախուսվում հասարակության կողմից, սահմանափակ է պահանջմունքների շրջանակը, հետաքրքրությունները պարզունակ են, սովորական են դառնում մոլեխաղերը, երբեմն գինարբուքը, վարքի կանոնների արհամարհումը: Ձևախեղված են այդ երեխաների կենսական հակումները, նրանց միջավայրում բարձր է գնահատվում ֆիզիկական ուժը, գռեհկությունը, ուրիշներին իշխելը, ցանկացած պայմաններին հարմարվելու ունակությունը և այլն:

Խոսքի խանգարումով երեխաներ

Երեխաներ, որոնք տառապում են խոսքի զարգացման շեղումներով՝ մտավոր զարգացման առաջնակի պահպանված նախադրյալներով և նորմալ լսողությամբ: Դրանով նրանք տարբերվում են այն երեխաներից, ովքեր տառապում են մտավոր հետամնացությամբ, հոգեկան զարգացման հապաղումով, լսողության խանգարումով և որոնց խոսքային փոփոխությունները կրում են երկրորդային բնույթ:

Խոսքի խանգարումները տարբերվում են ձևով և արտահայտվածության աստիճանով: Դրանք կարող են վնասել միայն խոսքի հնչյունաբանական  կամ իմաստային կողմը, բառապաշարը, քերականական կառուցվածքը: Բացի այդ, խանգարումները դրսևորվում են խոսքի արագության և սահունության փոփոխությամբ (օրինակ՝ կակազելու դեպքում), գրավոր խոսքի և ընթերցանության խախտումներով (դիսգրաֆիա և դիսլեկցիա):

Լոգոպեդիայի մեջ մշակվել է մանկավարժական դասակարգում, որի համաձայն խոսքի խանգարումները լինում են՝ հնչյունաբանական, հնչութաբանական, խոսքի ընդհանուր թերզարգացում, կակազում: Առավել մեծ է խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաների խումբը: Այդ երեխաների բառապաշարը խիստ սահմանափակ է, երբեմն իսպառ բացակայում է խոսքային հաղորդակցման հնարավորությունը: Թեթև դեպքերում խոսքի խանգարումները դրսևորվում են հնչյունների աղավաղված արտասանությամբ՝ խոսքային արտահայտման բավականաչափ զարգացած բառապաշարի դեպքում:

Խ.խ.ե-ի մեծ մասն ընդունակ է հասկանալ իրեն ուղղված խոսքը, սակայն խոսքային հաղորդակցման սահմանափակ հնարավորություններ ունի, ինչը հաճախ առաջացնում է խոսքային մտածողության, ուշադրության, հիշողության ձևավորման կրկնակի դանդաղում, ինչպես նաև զգայակամային ոլորտի խանգարումներ և այլն:

Խոսքային խանգարումների շտկման արդյունավետությունը կախված է խանգարման ձևից և աստիճանից, Խ.խ.ե-ի անհատական փոխհատուցման հատկություններից, ժամանակին և տևական մանկավարժական ու բժշկական ներգործությունից:
Մանկական հասակում խոսքի խանգարումների որակյալ վաղ ախտորոշումը թույլ է տալիս կանխել խոսքային զարգացման շատ բարդություններ: Նախադպրոցականները դաստիարակվում են հատուկ լոգոպեդիկ մանկապարտեզներում և խմբերում (խոսքի ընդհանուր թերզարգացումով երեխաները՝ 3-4 տարեկանից, իսկ կակազողները 2-3՝ տարեկանից): Բժշկամանկավարժական հանձնաժողովի որոշմամբ՝ դպրոցական տարիքի երեխաները, եթե լրիվ կամ համարյա լրիվ հաղթահարել են խոսքի խանգարումը, հետագա ուսուցման համար ուղարկվում են հանրակրթական դպրոց, իսկ խոսքի զարգացման կայուն, դժվար հաղթահարելի անկանոնությունների դեպքում՝ խոսքի ծանր խանգարումով երեխաների հատուկ դպրոց:

Խուլ երեխաներ

Երեխաներ, որոնք տառապում են լսողության խորը, կայուն երկկողմանի խանգարմամբ: Խանգարումը կարող է լինել ի ծնե կամ ձեռքբերովի: Եթե լսողության խանգարումը տեղի է ունենում մինչև երեխայի խոսքի ձևավորումը, ապա առանց հատուկ ուսուցման նրա խոսքը չի զարգանում և հանգեցնում է համրության: Եթե լսողության խանգարումը տեղի է ունեցել խոսքի ձևավորումից հետո, և այս կամ այն չափով պահպանվել է խոսքը, ապա այդպիսի երեխաները կոչվում են ուշ խլացածներ:
Վաղ մանկական հասակում լսողության խանգարումն ազդում է երեխայի հոգեկան զարգացման, մասնակիորեն՝ նաև ֆիզիկական զարգացման վրա: Երեխան զրկվում է արտաքին աշխարհի հնչյունային ազդանշաններն ընկալելու հնարավորությունից, որը դժվարացնում է շրջապատում կողմնորոշվելը: Այդ պատճառով դրսևորվում են վարքի որոշակի արտաքին առանձնահատկություններ (շնչառությունը և սննդի ընդունումը ուղեկցվում է աղմուկով, քսքստացնող քայլվածք, տարբեր զգացմունքների, ֆիզիկական ջանքերի ժամանակ ոչ սովորական ձայնային ռեակցիաներ): Լսողության բացակայությունն աղքատացնում է նաև խուլ երեխայի ներաշխարհը:

Ըստ ձայնային տատանումների հաճախականության ընկալման՝ խուլերը բաժանվում են չորս խմբի:
Առաջին խմբի խուլերն ընկալում են միայն ամենացածր հաճախականության ձայները (126-256 տ/վ): Չեն արձագանքում ականջին մոտ հնչող բարձր ձայներին:
Երկրորդ խմբի խուլերն ընկալում են ցածր հաճախականության ձայները (մինչև 512 տ/վ), արձագանքում են ականջին մոտ բարձր ձայներին:

Երրորդ խմբի խուլերն ընկալում են ցածր և միջին հաճախականության ձայները (մինչև 1024 տ/վ) և արձագանքում են խոսակցական ուժգին ձայներին:

Չորրորդ խմբի խուլերն ընկալում են բարձր հաճախականության (մինչև 2048 տ/վ), լսում սովորական բարձրության խոսակցական ձայները, տարբերակում են ձայնավոր հնչյունները:
Խուլ երեխայի բազմակողմանի զարգացման անհրաժեշտ պայմանը բանավոր խոսքի տիրապետումն է:

Որքան շուտ է սկսվում խուլերի ուսուցումը, այնքան հաջողությամբ են հաղթահարվում խլության հետևանքները: Խուլ երեխան դպրոցում տիրապետելով խոսքին, ստանալով ընդհանուր կրթություն և աշխատանքային պատրաստություն, ձեռք է բերում հետագա զարգացման հնարավորություն: Դպրոցն ավարտելուց հետո խուլերը հնարավորություն ունեն շարունակել իրենց կրթությունը:

Խուլ-համրություն

Լսողության բացակայություն կամ խորը խանգարում, որի հետևանքով՝ նաև խոսքի բացակայություն:
Համրությունը պայմանավորված է ոչ թե խոսքային (կենտրոնական կամ ծայրամասային), այլ լսողական ապարատի գործառույթի խանգարմամբ:

Երբ խլությունը վրա է հասնում նախախոսքային կամ խոսքի զարգացման սկզբնական փուլում, երեխան զրկվում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ նմանությամբ խոսելու կարողությունից: Այս շեղման շտկման համար պահանջվում է հատուկ ուսուցում: Տիրապետելով խոսքին՝ երեխան դադարում է համր լինելուց, բնականաբար, "խուլ-համր" անվանումը չի արտացոլում իրական վիճակը: Ուստի ընդունված է ու առավել գործնական է "խուլ" անվանումը:

Խուլերի համաշխարհային ֆեդերացիա

Ստեղծվել է 1951թ. Հռոմի խուլերի առաջին համաշխարհային կոնգրեսում: Ընդգրկված են 50 երկրների խուլերի միություններ, կազմակերպություններ, ընկերություններ: Հիմնական նպատակն է խուլերին հասարակական կյանքին հարմարեցնելը և նրանց կյանքի բարելավումը:

Ֆեդերացիան խնդիր է դնում ապահովել խուլերի համար ընդհանուր և մասնագիտական կրթություն, ինչպես նաև պաշտպանել նրանց իրավունքները: Այն ունի գիտական հանձնաժողովներ (մանկավարժական, մասնագիտական, բժշկական, սոցիալական), պարբերաբար անց են կացվում գիտաժողովներ, իսկ կոնգրեսներ հրավիրվում են չորս տարին մեկ անգամ: Հրատարակում է "Լռության ձայնը" ամսագիրը՝ ֆրանսերեն և անգլերեն լեզուներով:

Հայաստանի Խուլերի միավորումը 1995 թվականի հուլիսի 6-ից անդամակցում է այս կազմակերպությանը:

Խուլերի միություն

Հասարակական կազմակերպություն, որը միավորում է լսողության խանգարումով քաղաքացիներին:

Հիմնվել է 1933 թ. Հայաստանում, իսկ 1995 թ. հուլիսի 6-ից մտել է 1951 թ. ստեղծված Խուլերի համաշխարհային ֆեդերացիայի կազմի մեջ: Միությունն ունի 3500 անդամ, 5 տարին մեկ հրավիրվում է համագումար:

Միության ենթակայության մեջ են մտնում վեց ուսումնաարտադրական ձեռնարկություններ. երկուսը՝ Երևանում, մեկական՝ Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Թալինում:
Երևանում կառուցվել է խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատ, որտեղ կազմակերպվում են տարբեր (մարզական, մշակութային) միջոցառումներ:

Խորհրդատվություն

Սոցիալական աշխատանքի մեթոդ, որը կիրառվում է այցելուների հիմնախնդիրների լուծման ժամանակ: Այս մեթոդի կիրառման դեպքում սոցիալական աշխատողն ուսումնասիրում է այցելուի  խնդիրները, նրա հետ միասին գտնում է դրանք հաղթահարելու արդյունավետ ուղիներ, խորհուրդներ և հանձնարարականներ է տալիս դրանք հաղթահարելու մասին: Ավելի հաճախ սոցիալական աշխատողը խորհրդատվություն է տրամադրում այցելուին սպասարկող այլ ծառայություններին:

Հատուկ մասնագիտական ծառայություն կամ սոցիալական սպասարկման հիմնարկի գործառնական ստորաբաժանում, որը խորհուրդներ է տալիս այցելուին:

Վաղուց և հաջողությամբ են աշխատում իրավաբանական Խ., բժշկական Խ., որոնք կանանց օգնում են վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) և գինեկոլոգիական հարցերում: Ավելի մեծ տարածում է գտնում հոգեբանական (ընտանեկան-հոգեբանական) Խ-ի համակարգը:

Խ-ի մեթոդը սոցիալական աշխատանքի կարևոր մեթոդներից մեկն է: Խ-ի առավել կարևոր արդյունքը այցելուի ներաշխարհի վերափոխումն է: Այդ փոփոխությունների հիմքն է կենսական արժեքների վերաիմաստավորումը:

Խ. իրականացվում է տարբեր եղանակներով: Դրանք արտացոլում են այցելուի անձնական որակների և գործունեության պայմանների բազմազանությունը, ինչպես նաև տարբեր հայեցակարգեր, միջամտության եղանակներ, որոնք օգտագործում են մասնագետները:

Ըստ կազմակերպչական զարգացման մոդելի` հաջող փոփոխությունը կախված է հետևյալ փուլերից.

 ապաշրջափակում, փոփոխություն, շրջափակում: 

Առաջին փուլում պետք է կասկածի ենթարկել նախկին նորմերը և արժեքները, ՙդատարկ տարածություն ստեղծել նորերի համար՚` ապաշրջափակելով առկա կողմնորոշումները: Փոփոխությունը տեղի է ունենում լոկ նույնականացման և ներանձնայնացման/ինտերնալիզացման/ առկայության դեպքում: Եթե այցելուն իրեն նույնականացնում է մեկ ուրիշի հետ, ում մոտ կան ցանկալի կողմնորոշումներ, դա կարող է օգնել փոխվելու ցանկությանը:
Ներանձնայնացումը նոր կողմնորոշումների, արժեքների փորձարկումն է, հարմարեցումը և օգտագործումը: Կարևոր է, որ փորձերը լինեն բավականաչափ լավ և ճշգրիտ:

Շրջափակումը ցանկալի կողմնորոշումների վերջնական ընդունումը և ինտեգրումն է, երբ նորամուծությունը դառնում է անձի կամ նրա գործունեության մշտական մասը: Այդ փուլում անհրաժեշտ է ժամանակ և աջակցություն, "անհապաղ և մշտապես հատուցվող վարքագիծ": Անհրաժեշտ է հիշել անձնական "սուզման" հնարավոր մակարդակի և աշխատանքի թափի մասին: Խորհրդատուից պահանջվում է պատրաստ լինել աշխատանքի այլ ռեժիմի անցնելու:

Փորձը ցույց է տալիս, որ այցելուի բոլոր հիմնախնդիրները կարելի է դասակարգել.

- լուծելի հիմնախնդիրներ, որոնց լուծման համար գոյություն ունի միակ հնարավոր լուծում,

- անլուծելի հիմնախնդիրներ, որոնք գտնվում են մարդկային արժեքների ոլորտում: 

Դրանց համար կան հսկայաքանակ հնարավոր լուծումներ: Ընդ որում՝ մարդկանց մեծ մասն ունի այդ հիմնախնդիրների "ճիշտ" լուծումը, որն ընդունում են և որին հետևում ողջ կյանքում: Հատկապես հիմնախնդիրների երկրորդ խմբի հետ է աշխատում սոցիալական աշխատողը: Այս խմբի բնորոշ մոդելն է` որքան շատ է խորհրդատուն ջանում օգնել, այնքան շատ է այցելուն հակադրվում այդ միջամտությանը:

Ըստ այցելուների դիրքորոշման` նրանց կարելի է բաժանել մի քանի խմբի.

- խորհրդատուի "խնամակալ", "պետ" այցելու:

 Այս այցելուները կոչ են անում խորհրդատուին ստեղծված իրավիճակում ինչ-որ բան անել: Ընդ որում՝ հիմնախնդիր ստեղծած իրավիճակը նկարագրվում է անորոշ: Այցելուն սովորաբար հայտարարում է. "Ես չեմ ուզում դրա մեջ ներքաշված լինել, դրա համար էլ եկել եմ ձեզ մոտ": Այդպիսի այցելուն ստանձնում է "պատասխանատու կողմնակի մարդու" դերը, որը կատարել է իր պարտականությունները` դիմելով խորհրդատուի օգնությանը:

- Այցելու. "Ես կասկածում եմ ձեր բանիմացությանը": 

Այս այցելուները շատ են խոսում, հիմնականում` վերացական. բառերի առատ հոսքի պատճառով արտահայտված միտքը մնում է անհասկանալի: Այցելուն հաճախ ուղղում է խորհրդատուին՝ ասելով. "Դուք չհասկացաք", խորհրդատուին հասկանալ է տալիս, որ չնայած նրա "տեսական ավանդին", գործնականում այն կիրառելի չէ տվյալ իրավիճակում՝ "Ես ձեզնից ուրիշ բան էի սպասում": Այդպիսի այցելուների վարքագիծը խորհրդատուին ստիպում է ապացուցել, որ ինքն ավելի լավն է, քան իր մասին մտածում են:

- Այցելու. "Դա անհուսալի է: Ոչինչ փոխել հնարավոր չէ": Այսպիսի այցելուի "զենքը" խորհրդատուի դեմ` սեփական անօգնականությունն է:

 Իր անհաջողությունների համար նա մեղադրում է ուրիշներին կամ պնդում է. "Ես ոչինչ չեմ կարող անել, ինձ հետ միշտ այդպես է լինում": Այդպիսի այցելուն մոռանում է խորհրդատուի հետ հանդիպումների մասին, իր պարտականությունները չի կատարում մի շարք անորոշ պատճառներով: Նման իրավիճակում խորհրդատուի գլխավոր գայթակղությունը խրախուսելն է` արտաքուստ ջանադիր այդ այցելուին: Ի վերջո, խորհրդատուի սխալներն օգտագործվում են իր դեմ. "Ես արեցի ամեն ինչ, ձեր բոլոր ասածները, բայց ինձ ոչինչ չօգնեց": Հարկ է հիշել, որ բոլոր դեպքերում խորհրդատուի ելման դիրքն ավելի ցածր է, քան այցելուինը: Այցելուն ունի ձևական իշխանություն, նա պատվիրատու է: Իսկ խորհրդատուն՝ փորձ, գիտելիքներ: Նա այցելուին չպետք է որևէ բան պարտադրի, չընդունի առաջնորդողի կեցվածք, չցուցադրի իր առաջնակարգ փորձագետ լինելու դերը: Բարեկամական զարմանքը, բարդ արտահայտություններն ընկալելիս այցելուի անկեղծ ուրախությունը` խորհրդատուի զիջողական վարքագծի ցայտուն առանձնահատկություններն են: Շփման գործընթացում "Երբվանի՞ց", "Ինչի՞ մասին" կամ "Ի՞նչ արեցիք դուք, ե՞րբ..." և այս կարգի փակ հարցերը վտանգավոր են: Խորհրդատուն ցուցադրում է իր բանիմացությունը. "Ես գիտեմ, թե ինչ հարցեր պետք է հիմա տալ": Եվ հենց այդ հարցերն են հիմնականում մնում անպատասխան, երբ այցելուն իր հերթին իրեն է համարում փորձագետ: Այդպիսի "փորձագետ" այցելուների համար լավագույն հարցերը բաց հարցերն են, օրինակ` "Չե՞ք պատմի ինձ այդ մասին էլի ինչ-որ բան": Հաճախ խորհրդատուներն օգտագործում են "ըհը"-ի "տեխնիկան", որպեսզի ցույց տան, որ հետևում են այցելուի պատմությանը և հասկանում են այն, "ըհը"-ն պատմությունը շարունակելու քաջալերանք է` "Ես հասկանում եմ քեզ", գլխավորի դերի առաջարկ ("Շարունակիր, դու ճիշտ ուղու վրա ես"): Դա կարող է լինել խորհրդատուի բանիմացությանը և կարևորությանը կասկածող այցելուի հետ շփման "մարտական լեզու":

Երբեմն խորհրդատվության ընթացքում այցելուն հայտարարում է. "Ես խնդիրներ չունեմ": Խորհրդատուի հնարավոր արձագանքը նման դեպքում պետք է լինի. "Լավ, դուք խնդիրներ չունեք, ուրեմն եկեք պարզապես զրուցենք, ուրիշ ոչինչ": Վստահության մթնոլորտ ստեղծելուն օգնում են այս կարգի արձագանքները. "Այո, երբեմն դա ամենալավն է, ինչ կարելի է անել":

 Տափակաբանությունները լիցքաթափում են լարվածությունը և ապահովում շփում` ստեղծելով ընդհանուր հող: Չհամաձայնելով նման հանգստացնող տոնին` այցելուն զգում է իր վիճակի կարևորությունն ընդգծելու անհրաժեշտություն: Այն դեպքում, երբ այցելուն համոզմունք է հայտնում, թե ոչինչ փոխել հնարավոր չէ, իր խնդիրն անլուծելի է, խորհրդատուն, լուրջ ընդունելով այդ հաղորդումը, կարող է պատասխանել. "Այո, հիմա ոչինչ փոխել հնարավոր չէ: Կա ընդամենը երկու ելք. կամ պիտի ապրես այդպես, կամ խոստովանես, որ այն հեշտ չէ լուծել": Գրավելով այսպիսի դիրք` խորհրդատուն այցելուին ստիպում է կամավոր ընտրություն կատարել:

Այսպիսով, "դժվար" այցելուն նա է, ով երկար ժամանակ զգացել է շրջապատող մարդկանց ճնշումը, որոնք ստիպել են նրան փոխվել, հնարավոր է` օգնություն են առաջարկել, բայց դա ոչ մի օգուտ չի տվել: Նա ընդդիմացել է փոփոխություններին, ժխտել է դրանց անհրաժեշտությունը: Նման դեպքում էլ հենց կիրառվում է վերը նկարագրված "տարիմաստ" խորհրդատվությունը, որը կանխում է խորհրդատուի և այցելուի միջև "պայքարը"՝ փշրելով խորհրդատվության ընդհանուր մոդելը՝ օգնություն և ճնշում:
Եվ այսպես, առաջին՝ Խ. փոխազդեցության գործընթաց է, որտեղ խորհրդատուի ներգործությունը պայմանավորված է ոչ այնքան նրա համեմատաբար սակավանշանակ բառերով, որքան նրա անձով: Երկրորդ՝ թերապիայի հիմնական սկզբունքները խորհրդատուի վրա դնում են լուրջ բարոյական պատասխանատվություն, որը կարելի է ընդհանրացնել մեկ կանոնով. "Եղիր այնպիսի մարդ, որի միջոցով դու կուզենայիր ազդել ուրիշների վրա": Երրորդ՝ խորհրդատուն պետք է զարգացնի ապրումակցման /էմպատիայի/ ընդունակությունը, այսինքն՝ կարողանա լիցքաթափվել ոչ միայն ֆիզիկապես, այլ՝ մտավորապես և հոգեպես, կարողանա ուրիշ մարդու ներաշխարհը թափանցել և այդ գործընթացում ինքն իրեն էլ փոխել:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան