Կախվածություն թմրանյութից

Թմրամոլություն՝ քրոնիկ հիվանդություն, առաջանում է հոգեմետ նյութ(եր)ի տևական օգտագործումից, որն ազդում է անձի հուզական վիճակի վրա, ընդ որում՝ անձը չի կարող ինքնուրույն դադարեցնել թմրանութի օգտագործումը, նույնիսկ երբ ծագում են լուրջ խնդիրներ (առողջության վատացում, բախումներ օրենքի հետ, սոցիալական և տնտեսական բարդույթներ):

Մասնագետների մեծ մասը համարում է, որ արգելված թմրանյութերի՝ մարիխուանայի, հերոինի և այլն, օգտագործումը համարվում է թմրամոլություն՝ անկախ բացասական հետևանքների արտահայտվածության բնույթից և աստիճանից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ (1957թ.), տարբերում են թմրանյութի նկատմամբ հակումը (ֆիզիկական վիճակ) և սովորույթը (հոգեբանական վիճակ), որը նշվում է "կախվածություն" տերմինով: "Կախվածության" վիճակը բնորոշվում է այնպիսի վարքագծով, երբ մարդն անհաղթահարելիորեն ձգտում է մշտապես կամ պարբերաբար օգտագործել թմրանյութ, զգալ նրա հոգեկան ազդեցությունը կամ ազատվել տհաճ զգացողություններից, որոնք կապված են այդօրինակ ազդեցության բացակայության հետ:
Թմրանյութերից հոգեբանական կախվածության դեպքում մարդը դրանք ընդունելու ցանկություն է զգում, որպեսզի խուսափի անցանկալի վիճակից կամ բավարարվածություն զգա: Ֆիզիկական կախվածության ժամանակ զարգանում է մի վիճակ, երբ թմրանյութի միևնույն չափը դառնում է անբավարար և պահանջվում է այն մեծացնել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Այդ վիճակում թմրանյութի ընդունումը կտրուկ դադարեցնելու դեպքում վրա է հասնում աբստինենտային համախտանշան, որն արտահայտվում է ֆիզիոլոգիական տհաճ ռեակցիաներով:

Զանազանում են թմրանյութերի մի քանի խումբ. թմրեցնող (նարկոտիկ), ցավազրկող, դեպրեսանտներ, նյարդային համակարգի խթանիչներ, կանեփ, հալյուցինածիններ, ինհալանտներ:

Թմրեցնող ցավազրկողները (մորֆինը, կոդեինը, օփիումը, հերոինը, մեթադոնը բժշկության մեջ կիրառվում են որպես ցավազրկող միջոցներ) արգելակող ազդեցություն են թողնում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով ուժեղ ցավազրկող և արգելակող ազդեցություն (էֆեկտ), ինչն էլ տալիս է դրանք թմրանյութերի շարքը դասելու հիմք:
Դեպրեսանտները դեղային պատրաստուկներ են, որոնք բժշկության մեջ օգտագործվում են որպես անզգայացնող միջոցներ՝ գրգռվածությունը, տագնապը մեղմելու համար և որպես քնաբեր: Ոչ բժշկական օգտագործման դեպքում առաջացնում են հարբածության վիճակ: Այդ խմբին են դասվում բարբիտուրատները (լիբրիում, վալիում):

Կենտրոնական նյարդային համակարգի խթանիչները (կոֆեին, կոկաին, ամֆետամին և այլն) ունեն գրգռող ազդեցություն, առաջացնում են ֆիզիկական և մտավոր ակտիվություն, առույգության զգացողություն, ուժերի հորդում:
Կանեփից ստանում են մարիխուանա և հաշիշ: Բժշկության մեջ այդ միջոցներն օգտագործվում են քաղցկեղը, գլաուկոման բուժելու համար: Հալյուցինածինները (հնուց ի վեր հայտնի մեսկամին, պսիլոցիբին) փոխում են մարդու հուզական վիճակը, զգացողությունները, ընկալումը՝ ընդհուպ մինչև հալյուցինացիայի առաջացում: Բժշկության մեջ դրանք չեն կիրառվում:

Ինհալանտները ինհալանտային միջոցներ են անզգայացման համար՝ ազոտի ենթօքսիդ, եթեր, քլորոֆորմ:

60-ականներին թմրանյութերի ոչ բժշկական օգտագործումը համարվում էր շեղվող վարք, 70-ականներին՝ ավելի քիչ չափով, 80-ականներին նորից համարվեց այդպիսին:

Հարկ է նշել, որ մարդու հուզական վիճակի և վարքագծի վրա ազդող միջոցների օգտագործումն ունի բազում բացասական հետևանքներ՝ անմանրէազերծ ներարկիչների օգտագործումից առաջացած վնասվածքներ և հիվանդություններ, հիշողության թուլացում, խառնվածքի անկայունություն, մտավոր և ֆիզիկական ընդունակությունների նվազում, ընտանեկան, սոցիալական և մասնագիտական գործառույթները համարժեք կատարելու անկարողություն:

Իր առանձին անդամների կողմից թմրանյութերի օգտագործումը հասարակության համար նույնպես ունի բացասական հետևանքներ. թմրամոլության բուժման ծախսեր, թմրամոլների քրեական հետապնդում, թմրանյութերի առևտրի և այլ հանցագործությունների դեմ պայքար և այլն: Գոյություն ունի ուղիղ կապ թմրանյութերի և հանցավորության, թմրանյութերի օգտագործման և խուլիգանության միջև: Սոցիալական այս բոլոր երևույթները վկայում են, որ Թ.կ. լուրջ սոցիալական խնդիր է:
Հետազոտողներին հետաքրքրող գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչո՞ւ է մարդը սկսում ընդունել թմրանյութ և չի հրաժարվում դրանից նույնիսկ այն ժամանակ, երբ այն գործում է ի վնաս իրեն: Պատճառը կարող են լինել սոցիալական պայմանները, մշակութային ավանդույթները, տնտեսական, ֆիզիոլոգիական հիմնախնդիրները: Թմրանյութերի օգտագորրծումը սովորաբար սկսվում է անչափահաս տարիքում: Հետազոտողները պնդում են, որ թմրանյութի նկատմամբ հակում կարող են ձևավորել հետևյալ գործոնները. հակասոցիալական վարքագիծ վաղ հասակում, սոցիալականացում թմրամոլների ընտանիքում, անբարենպաստ սոցիալական միջավայրի ազդեցություն, անձնական բնութագիրը (անհնազանդ բարք, անբարյացակամություն ավանդական արժեքների նկատմամբ, անձնական բանիմացության և սոցիալական պատասխանատվության ցածր աստիճան):
Բացի այդ, թմրանյութերի օգտագործման տարածումը տարբեր խմբերում, անբարենպաստ հետևանքների հավանականությունը և արդյունավետ բուժում ստանալու հնարավորությունը կախված են սեռային և ռասայական պատկանելությունից, տարիքից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից: Ռասիզմը, սեռային և տարիքային խտրականությունը, կանխակալ վերաբերմունքն աղքատների նկատմամբ ծնում են թմրամոլության տարածում:
Թմրամոլության դեմ պայքարում կարևոր միջազգային համաձայնագիրը Թմրամիջոցների վերաբերյալ միասնական դաշնագիրն է, որն ընդունվել է 1961 թվականին: Ստորագրող կողմերը պարտավոր են.

- սահմանափակել բժշկական և գիտական նպատակներով թմրամիջոցների օրինական արտադրությունը, վերամշակումը և տարածումը,

- վերացնել թմրանյութերի հումքի անօրինական արտադրությունները,

- պայքարել թմրանյութերի անօրինական պատրաստման և վաճառքի դեմ,

- համագործակցել հանուն դաշնագրի նպատակների իրագործման:

Կամավորներ

Կանայք

Բնակչության սոցիալ-ժողովրդագրական խումբ, որն իր յուրահատկություններով հատկապես կարիք ունի սոցիալական օգնության: Իգական սեռին դասելը որոշվում է հորմոնային, կազմախոսական-ֆիզիոլոգիական գործոններով, մի շարք սոցիալական հանգամանքներով և իրավաբանորեն արձանագրվում է փաստաթղթերի մեջ (անձնագրային սեռ): Կանանց որպես հատուկ սոցիալ-ժողովրդագրական խումբ և սոցիալական աշխատանքի այցելուների յուրօրինակ կատեգորիա առանձնացնելու հիմնական հատկանիշը  մանկածնության գործառույթն է:

Սոցիալական առումով՝ կնոջ ստորադաս դերը աշխատանքի սեռադերային բաժանման մեջ ավանդական հասարակություններում, կանանց մեծ մասի համար իրենց և իրենց երեխաներին ինքնուրույն ապահովելու անհնարինությունը հանգեցրել են նրանց անլիարժեքության և ամուսնուց կախված լինելու, ողջ կենսագործունեությունը բացառապես ընտանիքի շրջանակներով և "բնական կոչմամբ", այսինքն՝ մանկածնությամբ սահմանափակելու մասին պատկերացումների հաստատմանը: Անցյալի տարբեր սոցիալ-մշակութային շրջանակներում հաստատվել էր ֆեմինոֆոբիայի գաղափարախոսությունը՝ վախը Կ-ից և անբարյացակամ վերաբերմունքը նրա նկատմամբ:
Արդյունաբերական և հետարդյունաբերական դարաշրջանները, գերազանցապես կանանց աշխատանքի օգտագործմամբ զբաղվածության նոր ոլորտների երևան գալը ստեղծեցին, մի կողմից՝ կանանց համեմատաբար էժան աշխատուժի պահանջարկ, մյուս կողմից՝ առաջին անգամ Կ. հնարավորություն տրվեց ինքնուրույն, սոցիալապես ընդունելի եղանակներով ապահովել իրենց և իրենց երեխաներին: Տնից դուրս կանանց զբաղվածությունը տարածվեց ավելի ու ավելի լայնորեն և դարձավ զանգվածային երևույթ: XIX դարի կեսերին ծնունդ առավ այսպես կոչված ՙկանանց հարցը՚՝ որպես Կ. սոցիալական հիմնախնդիրների հասարակական գիտակցության ձև:
Աշխատանքի մտավորականացումը` բարձր տեխնոլոգիաներով արդյունաբերական նոր ճյուղերի և տեղեկատվական ծառայության, գործունեության այլ ոլորտների ի հայտ գալը XX դարի երկրորդ կեսից հանգեցրին Կ. համար բարձր վարձատրվող աշխատատեղերի երևան գալուն, գործարար կնոջ տիպի հաստատմանը, որը բարձր դիրքի է հասնում սեփական աշխատանքով:

Վարձու աշխատանքի ոլորտ կանանց ընդգրկելու հակառակ կողմը դարձավ այսպես կոչված կրկնակի զբաղվածության տարածումը, երբ Կ. ուժերը վատնվում են աշխատանքային օրվա ընթացքում և համարյա նույն չափով դրանք հատկացվում են տնային տնտեսությանը, քանի որ կենցաղային պարտականությունների ավանդական բաժանումը մնում է անհամաչափ. Կ. վրա է ընկնում տնային գործերի, տան անդամների խնամքի, երեխաների դաստիարակության հիմնական ծանրությունը:

Ծնելիության բնական մակարդակից ՙժողովրդագրականին անցնելու՚ հետևանքով լայնորեն հաստատվում է քիչ երեխաներ ունեցող ընտանիքների մոդելը: Փոխվում է նահապետական հասարակությունների համար ավանդական վերարտադրողական/պրոկրեատիվ/ բարոյագիտությունը. ներկայումս գնահատվում է ոչ այնքան երեխաների թիվը, որքան որակը, նրանց կրթական մակարդակը, սոցիալական գործունեության և զարգացման ընդունակությունը: Հղիության ընդհատումը և հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը ծնելիության վերահսկողությունը դարձնում է ոչ միայն ավելի անվտանգ, այլ մատչելի անհատական մակարդակով: Կ. կարող են ինքնուրույն ընտրել հակաբեղմնավորիչ միջոցներ:

XX դարի 60-ականներին ՙհոգեբանական հեղափոխության հետևանքով՚ կատարվեցին ժողովրդավարական փոփոխություններ մարդկանց գիտակցության և վարքագծի մեջ, հաստատվեց անհատների հավասարությունը՝ անկախ սեռից և տարիքից, ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց ու երեխաների երջանկության իրավունքը:

Ընտանեկան հարաբերությունների ոլորտի վրա ժամանակակից հասարակության անհատապաշտական դիրքորոշումների ազդեցությունը հանգեցնում է միայնակության, արտաընտանեկան գոյության՝ որպես ապրելու ընդունելի և հարմար ոճի տարածմանը: Հաջող կարիերայի, անձնական երջանկության, հեդոնիզմի արժեքները ոչ միայն տղամարդկանց, այլև Կ. կողմից կարող են ավելի բարձր դասվել, քան ընտանեկան կյանքի արժեքները:

Տնտեսության լճացումը և անկումը Կ. դարձնում են աշխատանքից զանգվածային ազատումների առաջին զոհերը, քանի որ հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի պատճառով ընդմիջումների, մայրական պարտականությունների կատարման օրենսդրորեն երաշխավորված արտոնությունների պատճառով նրանք դառնում են պակաս շահեկան աշխատողներ: Այդ նույն պատճառով աշխատանքի ընդունելիս առավելությունը տալիս են երիտասարդ տղամարդուն, քան կնոջը:

Կ. և տղամարդկանց հավասարության հռչակումը ՀՀ Սահմանադրության մեջ և միջազգային փաստաթղթերում, որոնք ստորագրել է ՀՀ-ն, ավելի ու ավելի քիչ է համապատասխանում իրականությանը, քանի որ աճող սոցիալական լարվածության պայմաններում փորձ է արվում ցավոտ սոցիալական հարցերը լուծել առավել քիչ պաշտպանված խմբերի՝ Կ. և երեխաների հաշվին:
Կանանց աշխատանքից դուրս են մղում ՙընտանիք վերադարձնելու՚ պատրվակով: Կ զբաղվածության ոլորտներ են դառնում առավելապես աշխատանքի երկրորդական, օժանդակ տեսակները:

Ընտանիքների մեծ մասի կենսամակարդակի և սոցիալական կարգավիճակի իջնելը, անկասկած, հարվածում է կանանց, առավել ևս՝ անչափահաս երեխաներ ունեցողներին: Հիմնական սննդամթերքի օգտագործման պակասը, սպիտակուցավիտամինային անբավարար հագեցվածությունը վատթարացնում են բնակչության, այդ թվում՝ հղի կանանց և կերակրող մայրերի առողջությունը, ինչը բացասաբար է ազդում երեխաների առողջության վրա: Վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը և ընդհանուր անկայունությունը բացասաբար են ազդում Կ. բարոյական և հոգեկան առողջության վրա: Ավելի լայնորեն ու բացահայտ է տարածվում Կ. սեռական շահագործումը, նրանց որպես ապրանք օգտագործելը:
Կյանքի ծանր պայմանները հասարակության մեջ ծնում են սահմանային և հոգեկան անհավասարակշռության ռեակցիաներ և վիճակներ, ավելի թույլերի նկատմամբ դաժան ու նախահարձակ վերաբերմունք: Դա դրսևորվում է ներընտանեկան բռնության, Կ. և երեխաների դեմ ծանր հանցագործությունների ծավալի աճով:

Մեր հասարակության մեջ, որն ամբողջովին չի ձերբազատվել ավանդական հայացքներից, նույնիսկ կանանց շարժման մի շարք ներկայացուցիչների գաղափարախոսությունը կրում է ստորադասության, ենթարկվածության, նահապետական մտածողության գծեր: Պայքարելով հասարակության մեջ Կ. սոցիալական կարգավիճակը պահպանելու համար՝ ֆեմինիստները փորձում են օգտագործել, ըստ նրանց, Կ. միակ ռեսուրսը՝ մանկածնության ունակությունը: Այստեղից էլ պահանջը՝ ճանաչել մայրական աշխատանքի սոցիալական արժեքը և այն վարձատրել իր տնից դուրս կատարվող աշխատանքի նման. այստեղից էլ՝ երեխայի խնամքի համար վճարովի արձակուրդը երկարացնելու ձգտումը: Փաստորեն այդպիսի պահանջների կատարումը կամրապնդեր կանանց աշխատանքի ՙերկրորդական՚ լինելու մասին պատկերացումները, կնվազեցներ Կ. սոցիալական դերը, այն համարելով բացառապես մանկածնության գործառույթ և կուժեղացներ Կ. կախվածությունը տղամարդուց:

Այդպիսի պնդումները հակասում են ինչպես համաշխարհային սոցիալ-տնտեսական զարգացման օբյեկտիվ միտմանը, այնպես էլ "Կ. հարցը" լուծելու փորձին: Առկա տնտեսական, սոցիալական, հոգեբանական և այլ դժվարություններից դուրս գալու համար, ամենից առաջ, պետք է իրական պայմաններ ստեղծել, որպեսզի Կ. կարողանան համատեղել իրենց ընտանեկան և աշխատանքային, տնային և արտատնային պարտականությունները: Մանկածնության ընդունակությունը պետք է խտրականության գործոն չլինի աշխատանքի շուկայում: Դա կարելի է ապահովել ինչպես օրենսդրորեն, այնպես էլ կազմակերպչական միջոցառումների համակարգով, որոնք ապահովում են կամ թեթևացնում երեխաներին խնամելու ժամանակահատվածում աշխատանքի շուկայի պահանջներին Կ. հարմարվելը: Դրան չի կարելի հասնել առանց աշխատանքի և զբաղվածության, ամենից առաջ՝ աշխատանքային ինքնապահովմանը միտված քաղաքականության: Բացառապես ընտանեկան կարգավիճակի ընտրությունը պետք է կատարվի գիտակցաբար և ազատորեն, ամենից առաջ՝ Կ. և ընտանեկան զույգի ցանկությամբ, այլ ոչ թե սոցիալ-տնտեսական պայմանների ճնշման տակ:

Կ. ինչպես սեռական, այնպես էլ վերարտադրողական գործառույթների ինքնուրույն տնօրինելու իրավունքի հաստատումը կնպաստի ընտանեկան և սեռական բռնության դեպքերի թվի կրճատմանը, Կ. կպաշտպանի անցանկալի հղիությունից, զանգվածային գիտակցության մեջ կարմատավորի ընտանիքի պլանավորման հիմնադրույթները:
Կենցաղային ծառայությունների ցանցի զարգացումը, արդյունաբերական-կենցաղային հեղափոխության նվաճումների ներդրումը կնպաստեն ՙկրկնակի զբաղվածության՚ բեռի թեթևացմանը: Վաղ հասակից ժողովրդավարական, հավասարապաշտական պատկերացումների արմատավորումը ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մեջ՝ կարող է ժամանակին հիմք լինել տնային պարտականությունների առավել համաչափ բաշխման համար:

Կ. սոցիալական խնդիրները մեղմելու համար անհրաժեշտ է սատարել բժշկական սպասարկման գոյություն ունեցող համակարգը, ամենից առաջ՝ մոր և մանկան առողջության պաշտպանությանը: Ներդրումներն այս ոլորտում, ինչպես ցույց են տալիս Համաշխարհային բանկի հաշվարկները, ավելի արդյունավետ են: Պետք է ապահովել հակաբեղմնավորման և հղիության ընդհատման ծառայությունների մատչելիությունը (ինչպես տարածքային-կազմակերպչական, այնպես էլ տնտեսական): Հասունացել են գաղափարախոսության փոփոխությունները՝ հօգուտ հավասարապաշտության, անկախ սեռից բոլոր քաղաքացիների հավասարության, Կ. լիարժեք կյանքի և ինքնիրացման իրավունքի ճանաչման:

Կ. հետ տարվող սոցիալական աշխատանքը բովանդակում է խնդիրների երեք խումբ. օգնություն կենսական ծանր հանգամանքներում, աջակցություն նրանց գործունեությանը՝ որպես հասարակության լիիրավ անդամների, պայմանների ստեղծում անձի զարգացման համար: Անհատական և սոցիալական կոնկրետ պայմաններում առաջին պլան է մղվում խնդիրների այս կամ այն խումբը:

Այսպես, Կ. և երեխաների կյանքին ու առողջությանն սպառնացող իրական վտանգի դեպքում կարող են օգտագործվել ստացիոնար ապաստարաններ (սոցիալական հյուրանոցներ), ճգնաժամային կենտրոններ, իրենց սոցիալական ծառայությունների համալիրն ունեցող ապաստարաններ: Տնտեսական խիստ դժվարությունները Կ. իրավունք են տալիս դիմել արտակարգ կամ հասցեական օգնության:

Սոցիալական գործունեությանն աջակցումը կարող է ապահովվել Կ. սոցիալ-հոգեբանական վերականգնմամբ և կենսական ծանր վիճակներում սատարելով նրանց վերապատրաստվելու կամ ավելի մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն ուսուցանելու միջոցառումներով, առկա սոցիալական ծառայությունների, ընտանիքի պլանավորման էության և տեխնոլոգիաների մասին տեղեկացնելով, խորհրդատվություններով կամ նրանց իրավունքների պաշտպանության այլ իրավական օգնությամբ:
Սոցիալական զարգացման խնդիրները կարող են լուծվել ինքնօգնության և փոխօգնության խմբերին աջակցությամբ, կին բնակչության զանազան շերտերի սոցիալական և այլ իրավունքների պաշտպանության միություններով, Կ. ինքնազբաղվածության և ինքնապահովման սատարումով:
Կ. սոցիալական ծառայություններ են մատուցվում ընտանիքին օգնություն տրամադրելու կամ ընտանեկան թերապիա իրականացնելու միջոցով (երեխաներին և անչափահասներին, կենսաթոշակառուներին և հաշմանդամներին սպասարկելու դեպքում): Այդպիսի աշխատանք են կատարում սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները: Բացի դրանից, կարող են գործել սոցիալական աջակցության այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում են արտագերատեսչական հիմքի վրա, այդ թվում՝ օտարերկրյա կազմակերպությունների, եկեղեցական, մասնավոր և բարեգործական-հասարակական կազմակերպությունների կողմից կամ օգնությամբ:

Կ. վիճակը միջազգային իրավական կարգավորման և ազգային կառավարությունների գործունեության առարկան է: Այսպես, Կ. նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի 1979թ. դաշնագիրը հիմք ծառայեց ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատավորների մասին ԱՄԿ-ի թիվ 156 կոնվենցիային, որն ուղղված է խտրականության վերացմանը և աշխատող տղամարդկանց ու Կ. իրական հավասարության հասնելուն: Միջազգային իրավական հիմնարար փաստաթղթերից մեկն է "1986 թվականից մինչև 2000թթ. ընկած ժամանակահատվածում կանանց վիճակի բարելավման գործունեության հեռանկարային ռազմավարությունները", որը նույնպես միտված է հասարակության մեջ և ընտանիքում Կ. և տղամարդկանց հավասարությանը հասնելուն:

Կենսաթոշակ

Դրամական ամենամսյա կանոնավոր վճարում, որը քաղաքացիներն ստանում են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ դեպքում: Գործող օրենսդրությամբ՝ ըստ ֆինանսավորման կենսաթոշակները երկուսն են` ապահովագրական կամ սոցիալական: Ապահովագրական կենսաթոշակներ նշանակվում են քաղաքացու ապահովագրական պատմությունից ելնելով, իսկ սոցիալական կենսաթոշակներ կամ սոցիալական նպաստներ՝ որոշակի ռիսկի վրա հասնելուց (օրինակ՝ տարիք, հաշմանդամություն և այլն):
 
Աշխատանքային և հանրօգուտ այլ գործունեության կապակցությամբ նշանակվում են ապահովագրական կենսաթոշակներ՝ տարիքային, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, արտոնյալ պայմաններով, մասնակի երկարամյա ծառայության համար: Ռիսկի առաջացման ժամանակ, ինչ-ինչ պատճառներով ապահովագրական (աշխատանքային) գործունեության սահմանված չափաքանակը չունենալու դեպքում այդ քաղաքացիներին նշանակվում է սոցիալական Կ. կամ սոցիալական նպաստ:

Քաղաքացիները Կ-ի համար կարող են դիմել դրա իրավունքը ծագելուց հետո ցանկացած ժամանակ, առանց ժամկետի սահմանափակման և անկախ դիմելու պահին նրանց զբաղմունքի բնույթից: Կ.-ները վերահաշվարկման ենթակա են օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գործող օրենսդրության համաձայն՝ նշանակված պետական Կ-ների վճարման ֆինանսավորումն իրականացնում է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը՝ գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ հաշվարկվող և կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներից, ֆիզիկական անձանց աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներից, պետական բյուջեի միջոցներից, օրենքով չարգելված կամավոր և այլ վճարներից:
Զինծառայողների և նրանց հավասարեցված քաղաքացիների, նրանց ընտանիքների համար օրենքով նախատեսված կենսաթոշակների, ինչպես նաև սոցիալական կենսաթոշակների վճարումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Պետական կենսաթոշակները չեն հարկվում:
ՀՀ-ում տարիքային ապահովագրական կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան անձինք, 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, իսկ ոչ լրիվ ապահովագրական ստաժով տարիքային կենսաթոշակի իրավունք` առնվազն 5 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում: Կանանց տարիքային ապահովագրական կենսաթոշակ նշանակելու համար, ըստ տարիների, սահմանված է տարիքային սանդղակ: Ընդ որում, յուրաքանչյուր տարի կենսաթոշակային տարիքը բարձրանում է 6 ամսով՝ մինչև սահմանված տարիքին հասնելը: Ըստ այդ սանդղակի՝ 2003թ. կանայք կենսաթոշակի են անցնում 59 տարեկանից: Քաղաքացիների որոշակի կատեգորիաների կենսաթոշակ է նշանակվում ավելի վաղ տարիքից` արտոնյալ պայմաններով: Առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում աշխատած անձինք կենսաթոշակի են անցնում 55 տարեկանում, 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 15 տարին` առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում: Այս դեպքում և տղամարդկանց, և կանանց համար գործում է տարիքային սանդղակ: Ծանր և վնասակար պայմաններում աշխատած անձինք կենսաթոշակի են անցնում 59 տարեկանում, 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, որից 20 տարին` ծանր և վնասակար պայմաններում: Այս դեպքում տարիքային սանդղակ է գործում նաև կանանց համար:

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն քաղաքացիական ավիացիայի հետևյալ աշխատողները.

1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամները՝ 45 տարեկան դառնալու և 25 տարի ծառայած լինելու դեպքում,

2) բորտօպերատորները և բորտուղեկցորդները՝ 45 տարեկան դառնալու և 25 տարի ծառայած լինելու դեպքում,

3) օդային երթևեկության կառավարումն իրականացնող ծառայության անձնակազմի անդամները, ովքեր ունեն դիսպետչերի (ենթակարգավարի) վկայական, 50 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում,

4) ինժեներատեխնիկական անձնակազմի անդամները՝ 55 տարեկան դառնալու և 25 տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում:

Մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն՝

1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները՝ 55 տարին լրանալու և 2003 թ. ապրիլի 10-ի դրությամբ՝ առնվազն 12 տարվա մասնագիտական ապահովագրական ստաժ ձեռք բերած լինելու դեպքում,

2) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասանները՝ 50 տարին լրանալու և 2003թ. ապրիլի 10-ի դրությամբ՝ 12 տարվա մասնագիտական ապահովագրական ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:

Կենսաթոշակային ապահովությունը, համաձայն գործող օրենսդրության, իրականացնում են սոցիալական ապահովագրության հիմնադրամի տարածքային սոցիալական ապահովության մարմինները: Կ-ի համար դիմելու, Կ. նշանակելու, Կ. վճարելու, ապահովագրական ստաժը հաստատելու, կենսաթոշակային փաստաթղթերը վարելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Կ-ի նշանակման օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում տալու օրը: Դիմումը և փաստաթղթերը փոստով առաքելու դեպքում դիմելու օր է համարվում դրանք առաքելու օրը:

Կ. ավելի վաղ ժամկետից կարող է նշանակվել օրենքով սահմանված դեպքերում:

Բոլոր դեպքերում՝ Կ. չի կարող նշանակվել դրա իրավունքը ծագելու օրվանից շուտ:

Պետական Կ. վճարվում է հաջորդ ամսում, ըստ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի: Վճարման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների հաշվին:

Կենսաթոշակի ներկայացնելը քաղաքացու սահմանադրական իրավունքի իրագործման լրացուցիչ երաշխիքն է, եզրակացություն այն մասին, որ Կ-ի ներկայացվող անձն ունի այն ստանալու բոլոր անհրաժեշտ իրավունքները:

Կենսաթոշակային օրենսդրությունն ապահովում է քաղաքացիների` կենսաթոշակի տեսակի ընտրության իրավունքը: Բացառություն է սահմանված այն անձանց համար, ովքեր "Զինծառայողների մասին" օրենքով Կ. էին ստանում կերակրողին կորցնելու դեպքում: Նրանք այդ Կ. կարող են ստանալ անկախ այն բանից` սահմանված կարգով այլ Կ. կամ նպաստ ստանում են, թե ոչ:

Աշխատող կենսաթոշակառուներին Կ. է վճարվում լրիվ չափով: Կ-ի չափը որոշվում է` Կ-ի հիմնական և ապահովագրական մասերի գումարից՝ հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է հետևյալ կերպ. մինչև 25 տարվա (ներառյալ) ստաժը բազմապատկվում է 0,04 գործակցով (մինչև 25 տարվա (ներառյալ) ստաժի յուրաքանչյուր տարվա գործակցով), իսկ 25 տարին գերազանցող ստաժը՝ 0,02 գործակցով (25 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա գործակցով), այնուհետև ստացված արտադրյալները գումարվում են:

Սոցիալական Կ. նշանակվում է այն անձանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով աշխատանքային Կ-ի իրավունք են ձեռք բերել: Այդ անձանց թվին են դասվում 63 տարեկան դարձած կանայք, հաշմանդամները, մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, մեկ կամ երկու ծնողին կորցրած երեխաները, ընտանիքի այլ անդամներ: Ծերության սոցիալական Կ. նշանակվում է հիմնական Կ-ի չափով, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական Կ-ները նշանակվում են` հիմնական Կ-ի տոկոսային հարաբերությամբ:
ԱՊՀ անդամ պետությունների միջև կենսաթոշակային հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագրով և երկկողմ համաձայնագրերով:

Կենսաթոշակային ապահովությունը քաղաքացիների սոցիալական ապահովության համակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասն է և երաշխավորում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու դեպքում (ՀՀ Սահմանադրության 33 հոդված):

Կենսաթոշակային ապահովագրություն

Ապահովագրության մի տեսակ, որն իրականացվում է գործատուների և աշխատողների ապահովագրական վճարումների հաշվին՝ քաղաքացիներին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակներով ապահովելու նպատակով:

Հայաստանում գործում է միասնական կենսաթոշակային օրենսդրություն, կենսաթոշակառուների իրավունքները կախված են տարիքից, առողջական վիճակից, ինքնօգնության աղբյուրների կորստյան աստիճանից, աշխատանքային ստաժից:

 Կենսաթոշակային ապահովության համակարգի առավել կարևոր փոփոխությունը աշխատանքային կենսաթոշակների ձևական ապահովագրությունից իրականին անցնելն է: Ավանդական պլանային համակարգում պետությունը վարձու աշխատանքների միակ գործատուն էր: Աշխատանքային հարաբերությունները կարգավորվում էին բոլոր մասնակիցների համար միասնական օրենսդրությամբ և անպայմանորեն ենթադրում էին յուրաքանչյուր աշխատողի պետական պարտադիր ապահովագրություն: Հայաստանում 1990թ. բյուջետային ֆինանսավորման ոլորտից սոցիալական ապահովագրության համակարգն առանձնացվեց: Դա կապված էր ձեռնարկությունների և կազմակերպությունների տնտեսական ինքնուրույնության ուժեղացման, շուկայական հարաբերություններին անցնելու նպատակով սեփականաշնորհում սկսելու հետ:

ՀՀ սոցիալական ապահովագրության հիմնադրամի կենսաթոշակային բաժնեմասը պետական սեփականություն է: ՀԱԱՀ պետական միջոցները չեն մտնում բյուջեի, այլ հիմնադրամների կազմի մեջ և բռնագրավման ենթակա չեն:

Կենսական նվազագույն

Սպառման մակարդակ, որը բավարար է մարդու կամ ընտանիքի գոյատևման և առողջության բավարար վիճակ պահպանելու համար:

Կենսակերպ

Հասարակության, սոցիալական խմբերի և անհատի կենսագործունեության տեսակներ, որոնք որոշվում են նրանց կյանքի սոցիալ-տնտեսական պայմաններով:

"Կ." հասկացությունը մեկնաբանվում է որպես փիլիսոփայական-սոցիոլոգիական կատեգորիա, որն ընդգրկում է անհատի, սոցիալական խմբի և ամբողջ հասարակության գործունեության բնորոշ տեսակների ամբողջությունը՝ կենսապայմանների հետ մեկտեղ: Այն հնարավորություն է տալիս համալիր ձևով, փոխադարձ կապի մեջ դիտարկել մարդկանց կենսագործունեության հիմնական տեսակները. աշխատանքը, կենցաղը, հասարակական կյանքը և մշակույթը, բացահայտել նրանց վարքագծի պատճառները (կյանքի ոճը), որ պայմանավորված է կյանքի կացութաձևով, մակարդակով և որակով: Կ. պայմանականորեն բաժանվում է բաժինների՝ աշխատանքային, մշակութակենցաղային և հասարակական-քաղաքական գործունեության ցուցանիշներ, ներառյալ ամուսնության և ընտանիքի, կրթության, ազգային հարաբերությունների և այլ ցուցանիշներ՝ զուգակցված կենսապայմանների ցուցանիշների հետ՝ նյութական բարեկեցության, սոցիալական ապահովության և առողջապահության, շրջակա միջավայրի պաշտպանության և այլն: Ցուցանիշների ամբողջությունը ձևավորում է Կ-ի ելակետային (բազային) մոդելը, որն այնուհետև վերաձևավորվում է որոնողական և նորմատիվ կանխատեսումային մոդելների, որոնց հիման վրա մշակվում են հանձնարարականներ:

Կ.-ի հետ սերտորեն կապված են հետևյալ հասկացությունները.

- կենսամակարդակ՝ տնտեսագիտական կատեգորիա, 
արտահայտում է մարդկանց նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման աստիճանը, սպառողական բարիքներով ապահովվածությունը, որը բնորոշվում է առավելապես քանակական ցուցանիշներով (աշխատավարձի չափ, իրական եկամուտ, բարիքների և ծառայությունների սպառման իրական ծավալ, մթերային և ոչ մթերային ապրանքների սպառման մակարդակ, աշխատանքային և ոչ աշխատանքային ժամանակի տևողություն, բնակարանային պայմաններ, կրթության, առողջապահության, մշակույթի մակարդակ): Կենսամակարդակը կյանքի կացութաձևի և որակի հետ մեկտեղ որոշում է մարդկանց կենսակերպի պայմանները.

- կյանքի ոճ՝ սոցիալ-հոգեբանական կատեգորիա, որն արտահայտում է մարդկանց վարքագծի որոշակի տիպը:
 
Հիմնական ուշադրությունը դարձվում է մարդկային գործունեության սուբյեկտիվ կողմին, անհատի, ընտանիքի, սոցիալական խմբի մոտիվներին, ձևերին և կողմնորոշումներին, որոշումներին, արարքներին, առօրյա վարքագծին.

- կյանքի որակ՝ սոցիոլոգիական կատեգորիա, որն արտահայտում է մարդկանց նյութական և մշակութային բավարարվածության որակը (սննդի որակ, հագուստի որակ և նորաձևություն, բնակարանի հարմարավետություն, կրթության և առողջապահության որակ, շրջակա միջավայրի որակ, ժամանցի կառուցվածք, բովանդակալից շփման, գիտելիքների, ստեղծագործական աշխատանքի մեջ պահանջմունքների բավարարման աստիճան, սթրեսային վիճակների մակարդակ և այլն): Սույն հասկացության բովանդակությունը և կառուցվածքը մնում են վիճելի: Եթե որոշ հետազոտողներ այն մեկնաբանում են որպես կացութաձևի մակարդակին, ոճին կամ կենսակերպին նույնական, ապա մյուսները կյանքի որակը և մակարդակը դիտում են որպես փոխադարձաբար հակադիր հասկացություններ (այսինքն՝ որքան բարձր է կենսամակարդակը, այնքան լարված է կյանքի ռիթմը, այնքան ցածր է կյանքի որակը և ընդհակառակը), իսկ ոմանք էլ կյանքի որակը կապում են սթրեսայնության մակարդակի կամ շրջակա միջավայրի որակի հետ և այլն:

Կլինիկական սոցիալական աշխատանք

Առողջապահական որևէ հիմնարկում/պոլիկլինիկա, հիվանդանոց, հոգեբուժարան և այլն/ իրականացվող աշխատանք: Սովորաբար իրենից ներկայացնում է անհատական, խմբային կամ ընտանեկան խորհրդատվություն:

Կոնդուկտիվ/ղեկավարող/ մանկավարժություն

Մանկավարժական գործունեության ուղղություններից մեկը, որը նախատեսված է հաշմանդամ երեխաների հետ տարվող աշխատանքների համար:

Կ.մ. մեթոդը (Conductive education) մշակել է պրոֆեսոր Պետոն 1945-1967թթ.: Այն մեծ կիրառություն է գտել Պետոյի անվան շարժողական խանգարումների հետազոտման և բուժման ինստիտուտում (Բուդապեշտ): Կ.մ. իրենից ներկայացնում է հիվանդի վրա ազդելու մեթոդ, որն իրականացնում է ինստիտուտում հատուկ ուսուցում ստացած ղեկավարը:
 
Հիմնական ուշադրությունը դարձվում է բժշկամանկավարժական շտկմանը, որն ուղղված է երեխայի ինքնուրույն ակտիվության և անկախության մշակմանը: Մեթոդը հենվում է մի տեսակետի վրա, ըստ որի ուղեղը զարգանում է կոնկրետ պայմաններում: Ուստի կոնդուկտորը/ղեկավարը/ ձգտում է ղեկավարել (սովորեցնելով երեխային) օրգանիզմի կենսաբանական և սոցիալական պահանջմունքների բավարարումը, այսինքն` նրան հարմարեցնել շրջակա միջավայրին: Ենթադրում են, որ առօրյա պահանջմունքները բավարարելու համար նախ առաջանում է շարժողական կարծրատիպի ենթագիտակցական կառուցում: Այնուհետև կազմակերպված շարժողական գործողությունը տեղափոխվում է գիտակցության ոլորտ` որպես նպատակին հասնելու միջոց, ի վերջո կատարվելով ինքնաբերաբար:

 Ղեկավարը մոտիվացիայի հիման վրա ընտրում է ուսուցման արդյունավետությանը հասնելու լավագույն խնդիրը:
Կ.մ. իրականացվում է խմբային պարապմունքներով: Յուրաքանչյուր խմբում՝ 6-7 մարդ: Պարապմունքները միշտ անց է կացնում մեկ մարդ` կոնդուկտորը, որը տիրապետում է հիմնախնդիրների լայն շրջանին վերաբերող գիտելիքների՝ բժշկություն, մանկավարժություն, բուժական մարմնամարզություն, ազդեցության հոգեբանական մեթոդներ, խոսքի թերապիա և այլն: Պարապմունքներն սկսվում են առավոտյան ժամը 6-7-ին և տևում 6-7 ժամ` կեսօրին քնի ընդմիջումով միայն կրտսեր տարիքի երեխաների համար: Կոնդուկտորը չորս տարի ուսանում է Պետոյի ինստիտուտում (և միայն այդտեղ): Այդ չորս տարիներից երկուսը տրամադրվում է ինստիտուտի կոնդուկտորի հետ պարապմունքներին, մնացած ժամանակի 1/3-ը հատկացվում է բժշկական գիտելիքների յուրացման տեսական աշխատանքներին: Սովորող կոնդուկտորը մնացած ժամանակն անց է կացնում դասասենյակում, իր հետ պարապող կոնդուկտորի հետ:

Կոնդուկտորը սաների հետ պարապում է սովորական պայմաններում: Պարապմունքներն ընթանում են այն նույն շենքում, որտեղ երեխաներն ապրում են, որի շնորհիվ ուսուցումը փաստորեն դառնում է երեխայի կենցաղի մի մասը: Շատ կարևոր է, որ պարապմունքի ընթացքում տիրի ջերմ շփման մթնոլորտ, որ կոնդուկտորի հանգիստ խոսելաձևը երեխային տրամադրի պարապմունքների: Կոնդուկտորը երբեք նկատողություն չի անում որևէ երեխայի, այլ միայն ամբողջ խմբին: Պարապմունքի ընթացքում յուրացվում են ինքնասպասարկման (արթնանալ, լվացվել, հագնվել, ուտել և այլն) և մտածողության զարգացման (նկարչություն, նամակ, հաշիվ) զանազան ձևեր:

Ըստ մեթոդի հեղինակների և նրանց հետևորդների` Կ.մ-ի արդյունավետությունը բարձր է: Դրական արդյունք է նկատվել ինստիտուտի բոլոր սաների մոտ: Բուժման ակտիվության կարևոր ցուցանիշ է այն երեխաների տոկոսը, որոնք բուժման կուրսն անցնելուց հետո տեղափոխվել են սովորական դպրոց և սովորական նախադպրոցական հիմնարկ (70%):

Բուժման այս եղանակը ճանաչում գտավ, բայց դեռևս մեծ կիրառություն չունի Հունգարիայից դուրս: Կ.մ-ի մեթոդը բազմակողմանի և մանրամասն ուսումնասիրել են այլ երկրների գիտնականներ (Անգլիայի, ԱՄՆ-ի): Մանկահասակ հաշմանդամների վերականգնումով և ուսուցումով զբաղվող մասնագետները մեծ արդյունքների են հասնում ամբուլատոր բուժման ժամանակ` օգտագործելով Կ.մ-ի մեթոդի առանձին դրույթներ, մասնավորապես՝ սանի հանդեպ կոնդուկտորի բարեհաճ վերաբերմունքը, խրախուսանքների և պարգևների համակարգը, դասասենյակում հանգիստ, բարեհաճ մթնոլորտի պահպանումը խմբային պարապմունքների ժամանակ, ինչը նպաստում է կոնդուկտորի շփմանը սաների հետ և երաշխավորում է առաջադրված խնդիրների ամբողջական կատարումը:

Կոնսիլիում

Սոցիալական դեպքի քննարկում, երբ կոլեկտիվի անդամները և այլ մասնագետներ հավաքվում են այցելուի հիմնախնդիրները և դրանց հաղթահարման ուղիները քննարկելու: Կ-ին կարող են մասնակցել այցելուին անմիջական սպասարկող սոցիալական աշխատողները և նրանց ղեկավարները: Բացի այդ, Կ-ին կարող են մասնակցել սոցիալական ծառայության այն աշխատողները, որոնք նման խնդիրները լուծելու փորձ ունեն, մասնագիտական խմբերի անդամները, ովքեր անհրաժեշտ տեղեկատվություն ունեն և կարող են օգտակար խորհուրդներ տալ, երբեմն` այցելուի անձնական ծանոթները կամ հարազատները, որոնք տեղեկատվություն են տրամադրում: Որոշ սոցիալական ծառայություններ Կ. են ծրագրում հատուկ դեպքերի համար, մյուսները` մի շարք դեպքերի, որոնք հետաքրքրություն են ներկայացնում որևէ բնագավառում: Նման Կ. օգնում են ստեղծել փոխադարձ կապ, նոր գաղափարներ են կյանքի կոչում, նպաստում են սպասարկման բարելավմանը:

Կրոնական կազմակերպությունների սոցիալական ծառայություն

Կրոնական ինստիտուտների տարածված, պատմական հին ավանդույթներ ունեցող գործունեություն, որն իրականացվում է գթասրտության, բարեգործության, խաղաղարարության և շատ այլ ոլորտներում: Կ.կ.ս.ծ. չափազանց բազմակողմանի է ինչպես ըստ գործունեության ուղղությունների, այնպես էլ ըստ ձևերի ու եղանակների: Բացի կարիքավորներին նյութապես աջակցելուց, այն նպատակամղված է տառապյալների վիշտն ամոքելուն, հուսահատներին հանգստացնելուն, սոցիալական լարվածությունը մեղմելուն, էթնիկական և ազգային հակամարտությունները հարթելուն: 

Ծերերին, հիվանդներին, հաշմանդամներին, երեխաներին, ծանր վիճակում հայտնված և այն ինքնուրույն հաղթահարելու ուժ (հնարավորություն) չունեցող մարդկանց հոգևոր և նյութական օգնության ավանդույթը աշխարհի բոլոր քաղաքակրթությունների, բոլոր կրոնների, սոցիալ-բարոյական ուսմունքների, մշակույթների օրգանական մասն է, դրանց գաղափարախոսության և գործունեության կարևորագույն մասը:

Դարերի ընթացքում համաշխարհային և ազգային կրոնները կուտակել են սոցիալական ծառայության հսկայական փորձ: Այդ գործունեության իր ավանդույթներն ունի նաև Հայաստանյայց առաքելական եկեղեցին:

Հասարակական (աշխարհիկ և կրոնական) բարեգործական և գթասիրական գործունեության վերածննդի գործընթացը մեր երկրում 80-ական թթ. վերջերին քաղաքական առումով՝ ժողովրդավարացման, քաղաքացիների հասարակական ինքնագործունեության զարգացման նշաններից մեկն է: Գաղափարական առումով՝ կյանքի իրողությունները, օգնության, գթասրտության և հոգատարության կարիք ունեցող մարդկանց զանգվածի առկայությունն ազնվորեն ընդունելու վկայությունն էր: Բարոյական առումով՝ դա վերադարձ էր համամարդկային մարդասիրական արժեքներին` կարեկցությանը, գթասրտությանը, զոհողությանը, բարիք գործելու պատրաստակամությանը և այլն:

Կրոնական սոցիալական ծառայության տարբերակիչ յուրահատկությունն է գթասրտության առանձնահատուկ ընկալումը և հիմնավորումը, որը մերձավորի հանդեպ սերը դիտում է որպես Աստծո պատվիրանների իրագործում, ծանր կարիքի մեջ հայտնված մարդկանց ծառայելը` որպես Աստծուն ծառայություն:
Կ.կ.ս.ծ-ին (դրանց դավանաբանական տարբերություններով հանդերձ) բնորոշ է գործունեության բազմազանությունը (ոչ միայն նյութական օգնության ցուցաբերում, այլև ծանրագույն հանգամանքներում մարդկանց աջակցելու հոգևոր և այլ ձևեր, մասնակցություն երեխաների դաստիարակությանը, ընչազուրկների խնամք, դատապարտյալներին բարոյական աջակցություն և այլն): Կրոնական կազմակերպություններում, որպես կանոն, սոցիալական ծառայությամբ զբաղվում են այն անձինք, ովքեր կոչված են ճգնաժամային իրավիճակներում մարդկանց աջակցելու և այս կամ այն չափով ունեն համապատասխան հմտություններ: Պրակտիկան ցույց է տալիս, որ այստեղ նախընտրելի է օգնության անհատական, նպատակային, հասցեական բնույթը, որպեսզի այն հասնի ըստ նշանակության (ինչը ոչ միշտ է հաջողվում սոցիալական ապահովության պետական ձևերի դեպքում):
Տարբեր Կ.կ.ս.ծ-ի մեջ կարելի է առանձնացնել գթասրտության առավել արդյունավետ ձևերն ու ուղղությունները: Օրինակ, ուղղափառ հանրույթները վերջերս նշանակալիորեն ակտիվացրել են թմրամոլների, հարբեցողների, դատապարտյալների, ծանր հիվանդ մարդկանց հետ տարվող աշխատանքը. բողոքական կազմակերպությունները կուտակել են անբարեկեցիկ ընտանիքների, մանկատների և ինտերնատների երեխաների հետ տարվող աշխատանքի հետաքրքիր փորձ, բոլոր կրոնները մեծ ուշադրություն են հատկացնում հաշմանդամների, տարեցների, գործազուրկների օգնության կազմակերպմանը: Ներկայումս քրիստոնեական և մահմեդական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է էթնիկական բախումների զոհերին` փախստականներին և տեղահանված անձանց օժանդակության կազմակերպումը, տարբեր միջոցների օգտագործումը ազգամիջյան հակամարտությունները հարթելու համար և այլն: Դիմելով տարբեր կրոնական կազմակերպությունների սոցիալական ծառայության դարավոր փորձին, հարկ է նշել ինչպես դրանց բազմազանությունը, որը պայմանավորված է ազգային-էթնիկական մշակույթի և դավանանքի առանձնահատկություններով, այնպես էլ նպատակների, ձևերի, մոտեցումների նմանությամբ: Այսօր ամենահրատապ հիմնախնդիրներից մեկը աշխարհիկ (պետական և հասարակական) և կրոնական կազմակերպությունների համագործակցության կազմակերպումն է, դրանց գործունեության համակարգումը:

Դա առավել քան կարևոր է, քանզի թե մեկը և թե մյուսն այսօր ունեն հաճախ միանման դժվարություններ, որոնք վերաբերում են գթասրտության դրսևորման նյութական հնարավորություններին, իրավական դրությանը, կադրային և տեխնիկական ապահովվածությանը, բարեգործական կազմակերպությունների համագործակցության համակարգմանը, դրանց հասարակական հեղինակության բարձրացմանը:

Պետական, կրոնական, աշխարհիկ բարեգործական կազմակերպությունների համախմբումը Հայաստանում գթասրտության վերածննդի կարևորագույն պայմանն է:
Դրան նպաստում է Բարեգործության մասին ՀՀ օրենքի ընդունումը, որը ուժի մեջ է մտել 2003 թ. փետրվարի 8-ից:

Կույր երեխաներ

Տեսողության լրիվ բացակայությամբ տառապող կամ մնացորդային տեսողություն ունեցող (լուսազգացողությունից մինչև տեսողության սրություն 0,04, լավ տեսնող աչքով՝ շտկողական ակնոցով) երեխաներ: Նրանց համար շրջապատող աշխարհի ճանաչման հիմնական միջոցը դառնում են հոտառությունը, լսողությունը և շոշափելիքը: Այն երեխաները, որոնց մոտ պահպանված է մնացորդային տեսողությունը, հնարավորություն ունեն շրջապատող աշխարհն ընկալել տեսողական պատկերների միջոցով:

Տեսողության կորստով են պայմանավորվում Կ.ե-ի զարգացման որոշ յուրահատկությունները: Առարկաների ու երևույթների հատկանիշները, որոնք ընկալվում են տեսողությամբ, նրանց համար մատչելի չեն:

Տարածական հատկությունները (կողմնորոշում, ուղղություն, տարածություն և այլն) գնահատելիս Կ.ե. կանգնում են դժվարության առջև, ինչը խոչընդոտում է տարածության մեջ կողմնորոշվելուն: Կ.ե-ի շարժումների զարգացման գործընթացը հապաղում է: Երբեմն նկատվում են նաև հուզակամային ոլորտի փոփոխություններ: Շտկողամանկավարժական ազդեցությունը ուղղված է Կ.ե-ի դժվարությունների հաղթահարմանը, նրանց զգայական փորձի ձևավորմանը:

Պահպանված զգայարանների գործառույթների ուժեղացման հաշվին կուրության փոխհատուցումը պետք է սկսել դեռևս մանկական տարիքից: Կ.ե-ի զարգացման գործում կարևոր փոխհատուցող դեր ունի խոսքը: Վերջինս զարգանում է ծնողների ու շրջապատողների հետ հաղորդակցման շնորհիվ: Լսողական ու հոտառական զգայությունների շնորհիվ երեխաները սովորում են ինքնուրույն տեղաշարժվել:

Կ.ե. ունենում են գերազանց հիշողություն, քանզի տարածության մեջ կողմնորոշվելու, մարդկանց հետ շփվելու, գիտելիքներ յուրացնելու համար նրանք ավելի շատ տեղեկություններ պետք է մտապահեն, քան տեսնողները:

Կ.ե-ի ուսումնական գործունեությունն ունի իր յուրահատկությունները: Նրանց ուսուցումը իրականացվում է հատուկ դպրոցներում, որտեղ նրանք մանկավարժահոգեբանական հիմնավորմամբ ընտրված մեթոդների օգնությամբ ստանում են հանրակրթական միջնակարգ կրթություն: Նրանց սովորեցնում են ցցուն տպատառերով կարդալ ու գրել, նկարել ու գծագրել: Տեսողությամբ ընկալվող բազմաթիվ բարդ երևույթներ, որոնք հանդիպում են ֆիզիկա, քիմիա և այլ առարկաներ ուսումնասիրելիս, Կ.ե. յուրացնում են լաբորատոր աշխատանքների միջոցով՝ հատուկ սարքերով, որոնք մատչելի են դարձնում նյութը՝ հոտառական ընկալման ու ձայնային ազդակների միջոցով: Մնացորդային տեսողությամբ Կ.ե-ի տեսողական ընկալումը զարգացնելու համար օգտագործվում են գունագեղ նկարներ ու պատկերազարդումներ, դիապոզիտիվներ և կինոնկարներ:

Կույրերի բարեկեցության Համաշխարհային խորհուրդ

Միջազգային կազմակերպություն, որի նպատակը ամբողջ աշխարհում կույրերի սոցիալական պաշտպանվածության խնդիրների լուծումն է: Այն ստեղծվել է 1975 թ. հուլիսի 19-ին Օքսֆորդում՝ Կույրերի պաշտպանության միջազգային կոնֆերանսում ընդունված որոշման համաձայն: Կ.բ.հ.խ-ի գլխավոր ասամբլեան գումարվում է հինգ տարին մեկ անգամ: 1996թ. Կ.բ.հ.խ. համախմբել է ավելի քան 60 պետությունների:

Հայաստանի Կույրերի միավորում

Հասարակական կազմակերպություն, որի նպատակն է համախմբել տեսողության հաշմանդամներին, նպաստել նրանց բազմակողմանի զարգացմանը, աշխատանքի տեղավորմանը և սոցիալական վերականգնմանը: Ստեղծվել է 1930թ.:

Հայաստանի կույրերի միավորումը 1992 թվականի սեպտեմբերի 12-ից Եվրոպայի կույրերի միության անդամ է: 1992 թվականի նոյեմբերի 4-ին այն դարձավ Կույրերի համաշխարհային միության անդամ: Այսօր Կույրերի միավորումը ընդգրկում է 4000 անդամ, որոնցից 1600-ը առաջին կարգի հաշմանդամներ են, իսկ 2400-ը՝ երկրորդ:

Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչությունն ընտրվում է 4 տարին մեկ անգամ` համագումարի անդամների կողմից: Այսօր գոյություն ունեն Հայաստանի կույրերի միավորման 10 շրջանային և քաղաքային բաժիններ, որոնց կից գործում են ուսումնաարտադրական ձեռնարկություններ, տարբեր ակումբներ, գրադարաններ, խմբակներ:
1930-1990-ական թվականներին Կույրերի միավորմանը կից ակտիվ գործում են գրական, երաժշտական, թատերական, կարի, մարզական և այլ խմբակներ: Այսօր ևս երկու տարին մեկ անգամ անցկացվում են հանրապետական ակումբների փառատոներ:

1956 թ. Հայասատանի կույրերի միավորմանը կից ստեղծվել է տպարան, իսկ 1961-ից՝ հրատարակչություն: Տեսողության հաշմանդամների համար Բրեյլի համակարգով հրատարակվում է ուսումնական, հանրամատչելի, տեղեկատվական և այլ գրականություն (ամսագիր, շաբաթաթերթ, գրական հանդես և այլն): Այդ հրատարակություններում լուսաբանվում է կույրերի կյանքը, տարբեր աղբյուրներից վերահրատարակվում են քաղաքական, գրական, մշակութային, մարզական և այլ նորություններ, որոնք նպաստում են կույրերի ընդհանուր զարգացմանը:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան