Իմիգրանտ

Այլ պետությունների քաղաքացիները, ովքեր մշտական կամ երկարատև բնակության նպատակով մուտք են գործում տվյալ պետություն:

Պետությունների մեծ մասը թույլ է տալիս իր տարածք մուտք գործել նախնական թույլտվությամբ: Ի-ների նկատմամբ այս կամ այն պետության քաղաքականությունն իր խնդիրն է համարում ապահովել ազգային շահը և հսկել պետական սահմանները: Յուրաքանչյուր պետության համար կարևոր հիմնախնդիր է ժամանողների սոցիալական ապահովությունը:

Իմիգրացիան` միգրացիայի մի տեսակը (ՄԱԿ-ի բնորոշմամբ՝ մարդկանց տեղափոխություն, որը կապված է բնակավայրը փոխելու հետ առնվազն 6 ամիս ժամկետով), տեղի է ունեցել նաև անցյալ դարերում: Առավել շատ Ի-ներ են ընդունել Ամերիկան, Ավստրալիան, Աֆրիկան: 20-րդ դարում՝ 1901-1916 թթ., Ի-ի ամենամեծ հոսքն ուղղվել է Ամերիկա, ուր միայն Եվրոպայից մեկնել է մոտ 20 մլն մարդ:

Ինքնասպանություն(Սուիցիդ)

Սեփական կյանքի  կանխամտածված դադարեցում: Հասարակական զարգացման տարբեր փուլերում և տարբեր երկրներում Ի-ի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չի եղել: Արևելքում այն թույլատրվում էր. Չինաստանում` որպես վրիժառություն թշնամուց, Ճապոնիայում` խարակիրի, հեռացում թշնամուց: Արևմտյան Եվրոպան, Ամերիկան, քրիստոնեական և հուդայական դավանանքը Ի-ին վերաբերում են բացասաբար: Մինչև 1951թ. Հյուսիսային Ամերիկայի մի քանի նահանգում, իսկ Անգլիայում` մինչև 1961թ., Ի. համարվում էր հանցագործություն:
Ի. և Ի-ի փորձերի բնույթը բավարար չափով չեն ուսումնասիրվել և հետագա հետազոտություններ են պահանջում: Է. Դյուրկհեյմը Ի. բնորոշում է որպես ՙմահացու դեպք, որն անմիջականորեն կամ ոչ անմիջականորեն դրական կամ բացասական արարքի հետևանք է, որն իրականացնում է ինքը` տուժողը, եթե գիտի իրեն սպասվող արդյունքի մասին՚:

Դյուրկհեյմն առանձնացրեց Ի-ի երեք տիպ.

 1) եսասիրական, 

2) շեղված,

 3) այլասիրական: 

Նա Ի-ի պատճառները դիտում էր որպես գործոնների համալիր: Դրանցից գլխավորը՝ խմբի և հասարակության մեջ անհատի  ընդգրկվածությունն է: Օգտագործելով լայնածավալ վիճակագրական տվյալներ` նա հաստատեց Ի-ի և այնպիսի գործոնների կապը, ինչպիսիք են ազգությունը, կրոնը, տարիքը, սեռը և նույնիսկ տարվա եղանակը: Նա ապացուցեց, որ Ի-ի քանակը փոխվում է սոցիալական ինտեգրմանը համամասնորեն: Այլ խոսքով` Ի. իրենից ներկայացնում է ինչ-որ ավելի մեծ բան, քան անհատական արարք: Այս երևույթները նշել են հնուց ի վեր և գոյություն ունեն` անկախ մարդկանց անհատական առանձնահատկություններից: Այդ պատճառով, ըստ Դյուրկհեյմի, Ի. չի կարելի բացատրել կենսաբանական կամ հոգեբանական գործոններով: Ի. բնորոշ է որոշակի խմբերի ներկայացուցիչների, և այդ պատճառով դառնում է սոցիալական երևույթ կամ սոցիալական գործոն:

Ի-ի ժամանակակից հայեցակարգերը հիմնված են մարդու վարքագծի սոցիոլոգիական, հոգեբանական, կենսաբանական, ճանաչողական կողմնորոշումների վրա:

Սոցիոլոգիական տեսությունները Ի. դիտում են որպես անհատի դերի և կարգավիճակի գործառույթ՝ սոցիալական համակարգերի շրջանակներում: Այդ ուղղության առաջատար ներկայացուցիչներն են Է. Դյուրկհեյմը, Ա. Հենրին, Ջ. Շորթը, Ջ. Գիբսը և ուրիշներ: Բնապահպանական մոդելի զարգացումը թույլ տվեց առաջ քաշել այն ենթադրությունը, որ Ի. դրդում է անհատի և շրջակա միջավայրի փոխազդեցությունը, այլ ոչ թե միայն մտադրություններն ու հանգամանքները: Հոգեդինամիկ տեսությունները Ի. դիտում են որպես ներքին, մեծ մասամբ չգիտակցված դրդապատճառների հետևանք (Ռ. Լիտման, Կ. Մենինգեր և ուրիշներ): Վերադարձ մոր մոտ, կորած օբյեկտի հետ նույնականացում, վերածնություն և վրիժառություն` այսպիսիք են Ի-ի հնարավոր դրդապատճառները: Տագնապը, մեղքը, կախվածությունը, զայրույթը Ի-ին տրամադրող պատճառներ են: Կենսաբանական տեսությունները ուշադրությունը կենտրոնացնում են Ի-ի նախահակվածության վրա, որը փոխանցվում է ժառանգաբար: Կենսաքիմիական փոփոխություններն օրգանիզմում արագացնում են Ի-ի ձգտումը (Ու. Բանի, Ջ. Ֆոսեթ և ուրիշներ): Կոգնիտիվ տեսությունները սուիցիդալ վարքագիծը դիտում են որպես հաղորդակցման կամ հիմնախնդրի լուծման փորձ և, որպես հետևանք` հուսալքություն: Որոշ տեսաբաններ ենթադրում են, որ Ի. կենսական հիմնախնդիրներից ազատվելու փորձ է: Այլ տեսաբաններ Ի. դիտում են որպես անցյալի նման իրավիճակների արձագանք, նաև` որպես ինքնահաստատման, միջավայրի ազդեցության և դրդիչ պատճառների արդյունք: Ի. նպատակադրված բխում է սոցիալականացումից և անհատին յուրահատուկ պատասխան ռեակցիաների մասն է: Սուիցիդալ ռեակցիայի հնարավորությունը կախված է համապատասխան սոցիալական սպասումներից, Ի-ի միջոցների մատչելիությունից:
Համաճարակաբանությունն ուսումնասիրում է բնակչության մեջ խանգարումների կամ հիվանդությունների տարածման հաճախականությունն ու աստիճանը: Վիճակագրական տվյալները, որ սովորաբար ցույց են տալիս Ի-ների թիվը 100 հազար մարդու հաշվով, ճիշտ չեն՝ Ի-ների մասին պաշտոնական հաշվետվություննների սխալների պատճառով:
 
Հաշվետվությունների առավել լուրջ սխալի պատճառը "սուիցիդի" բնորոշման բացակայությունն է: Մյուս սխալները կապված են տվյալների հավաքման մեթոդների և հաշվետվությունների վիճակի հետ: Միասին վերցրած` դրանք տալիս են Ի-ի թվի թերագնահատում, իսկ այն կազմում է 25-33%: Ի-ի առավել բարձր մակարդակ ունեցող երկրներն են Հունգարիան (33.1), Ավստրիան (22.3), Գերմանիան (21.3), Շվեդիան (21.5): Սուիցիդների ավելի փոքր թիվ ունեցող երկրներն են Հունաստանը (3.5), Իտալիան (5.4), Իսրայելը (6.4), Նորվեգիան (8.1): ԱՄՆ-ը գրավում է 15-րդ տեղը` ունենալով 13 Ի.` 100 հազար մարդու հաշվով, իսկ Հայաստանը` 13-րդը:

Սոցիալական ախտաբանության մակարդակների բաշխման առանձնահատկությունը բնորոշող կարևոր գործոնը տնտեսա-աշխարհագրական վիճակն է: Ի-ի մակարդակը երեք անգամ գերազանցում է սպանությունների թիվը: Ինքնասպանությունների մակարդակը 3 անգամ բարձր է տղամարդկանց մեջ, քան կանանց, ընդ որում այդ հարաբերակցությունը գործնականում չի փոխվում:

Սոցիալական աշխատողները համակարգում են Ի-ների կանխարգելման կենտրոնների գործունեությունը և ղեկավարում դրանք: Գործելով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում` նրանք հանդիպում են  ինքնասպանության փորձ կատարած կամ այդպիսի հակում ունեցող մարդկանց հետ: Ի-ի հակված մարդիկ շատ նման են բազում հիմնախնդիրներով ծանրաբեռնված այցելուներին: Նրանց բուժման նպատակը դատապարտվածության զգացումը մեղմացնելն է, "անհանգստությունը մեղմացնելը": Այլ կերպ ասած՝ նրանք սուիցիդի մեջ առաջ են բերում սոցիալական հետաքրքրություն, ստիպում են նրան հասկանալ, որ իր կյանքը` "չվերջացող" հիմնախնդիրներով և անարդարություններով, գտնվում է ավելի լավ վիճակում, քան ինքը կարծում է, համոզում են նրան շեղվել իր հիմնախնդիրներից, դադարել դրանք վերլուծելուց և տեսնել դրանց այլընտրական լուծումները: Հարկավոր է նրան ներշնչել այնպիսի դիրքորոշում, որ կյանքում միշտ ելք կա անախորժ իրավիճակներից: Կյանքին խելամիտ հարմարվելն ինքնին հաճախ այլընտրանք է, որը գործնականում միշտ էլ հասանելի է: Տառապանքը չի կարող դադարեցվել, այն պետք է դառնա տանելի: Չի կարելի պաշտպանել հիմնախնդրի նկատմամբ այցելուի տեսակետը: Անհրաժեշտ է նորից ու նորից ընդգծել, որ Ի. սկզբունքորեն չի նպաստում որևէ խնդրի լուծմանը:

Որոշ սուիցիդենտների հետ հնարավոր է բուն բուժումից առաջ քննարկել Ի-ի փիլիսոփայական հիմունքները: Կարելի է հոգեկան խռովքից տառապող մարդուն բացատրել, որ մարդկային ազատությունը ոչ թե "ազատություն է"ՙԻ-ից", այլ "ազատություն" "համար", այսինքն` ազատություն պատասխանատվություն կրելու համար: Կարելի է վերագնահատել "վնասվածքի" նշանակությունը մարդու համար` այն բնորոշելով որպես տառապանք, բայց տանելի: Կարելի է նրա մեջ զարգացնել հարմարվողականության հատկությունը: Եթե ինչ-որ մեկը պաշտպանում է "ես չեմ կարող այսպես ապրել" պնդումը, ապա նշանակում է` նա համաձայն է, որ մարդը չպետք է շարունակի գոյությունը: Չի կարելի պատասխանել. "Բայց դու պարտավոր ես": Ավելի լավ է ասել այս կարգի ինչ-որ բան. "Երբ դուք ասում եք" "Ես չեմ կարող այսպես ապրել", ի՞նչ է նշանակում այդ "այսպես"-ը": Հարկ է նվազեցնել չափազանցված հուսալքությունն ու անօգնականությունը, որ զգում է այցելուն: Նրա հետ տարվող աշխատանքի հենց առաջին փուլում կարևոր է սեփական ուժերով հավատ ու հույս ներշնչել և ցրել անելանելիության զգացումը: Նույնիսկ աննշան բարելավումները փրկում են մարդու կյանքը:

Սուիցիդենտների հետ աշխատելիս անհրաժեշտ է օգտագործել բոլոր միջոցները: Դա և բուժումն է, և աջակցությունը, և մասնակցության տեխնիկան, հատկապես այլ մարդկանց մասնակցությունը, ոչ միայն նրանց, ովքեր մտերիմ են եղել այցելուին կամ այդպիսին են, այլ նաև ուսուցիչների, հոգեբանների, բժիշկների, տարեց մարդկանց, բոլոր նրանց, ովքեր կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն թեթևացնել մարդկային տառապանքները:

Ինքնասպասարկում

Սեփական կարիքների ինքնուրույն բավարարումը: Ի-ի տարրական ունակությունները երեխաները ձեռք են բերում դեռևս նախադպրոցական տարիքում: Անհրաժեշտ է նշել, որ երեխաների մեջ Ի-ի ունակություններ պետք է ձևավորել աստիճանաբար: Դրանք են՝ ինքնուրույն հագնվելը և լվացվելը, իր խաղալիքները և անձնական օգտագործման իրերը հավաքելը և այլն: Ի-ի ունակությունների ձևավորումը զարգացման խանգարումով երեխաների համար ունի հատուկ նշանակություն:

 Զարգացման առկա շեղումների հաղթահարումը, շտկումը և փոխհատուցումը սկսվում են հենց այս ունակությունների ձևավորումից: Հատուկ գիշերօթիկ դպրոցներում Ի-ի տարրական ունակություններն ուսուցանվում են ուսումնական առաջին տարվա ընթացքում: Այն կազմված է կենցաղի սպասարկման հետևյալ ձևերից՝ անձնական հիգիենա, անկողնու հարդարում, սեփական աշխատատեղի, դասարանի, ննջարանի, միջանցքի, ճաշարանի մաքրության պահպանում և այլն: Այս ունակությունների մշակման ժամանակ հաշվի են առնվում երեխաների տարիքը, մնացորդային տեսողության վիճակը: Երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել ոչ միայն Ի-ի գործողությունների ճիշտ կատարում, այլև նպաստել Ի-ի հմտությունների տիրապետմանն ու հղկմանը: 

Այս ունակություններին տիրապետելը երեխային կօգնի դպրոցը ավարտելուց հետո հեշտությամբ հարմարվել շրջապատող միջավայրի պայմաններին և ամենակարևորը՝ իրեն զգալ պիտանի մարդ հասարակության և միջավայրի համար:
Ի-ի ունակության մասնակի կամ լրիվ կորուստը անձին հաշմանդամ ճանաչելու հիմքերից է, ուստի Ի-ի հմտությունների վերականգնումն իր կարևոր տեղն ունի հաշմանդամի անհատական վերականգնման ծրագրում:

Ինքնօգնության խումբ

Միևնուն խնդիրներն ունեցող անհատներից կազմված խումբ, որի ստեղծման նպատակն է փոխադարձ տեղեկատվության և աջակցության մատակարարումը իրենց խնդիրների լուծման համար: Այդպիսի խումբ է, օրինակ, ,,Անանուն թմրամոլների,, խումբը:

Իրավիճակ

Պայմանների, հանգամանքների ամբողջություն, որոնք կենսակերպի դինամիկայի վրա ազդում են որոշակի ժամանակամիջոցում, ինչպես նաև պայմանավորում են կենսագործունեության գործընթացները: Ի. հասկացությունը նախատեսված է կենսակերպի այս կամ այն վիճակը սահմանազատելու համար:

Կենսական Ի. հասկացությունը բնորոշում է մեկ մարդու կենսագործունեության զանազան ժամանակահատվածները, որոնց բնորոշ է կենսակերպը կազմող գործընթացների շարժման, կառույցների, բովանդակության և ուղղվածության հարաբերական կայունությունը:

Տեղային (լոկալ) - խմբային Ի. հասկացությունը բնութագրում է պայմանների և գործընթացների յուրահատուկ համակցությունները, որոնք որոշակի հանրույթի ներկայացուցիչները կամ վերարտադրում և պահպանում են, կամ փորձում են փոխել: Հասկացությունը կարող է վերաբերել այն մարդկանց կենսաձևի վերլուծությանը, ովքեր պատկանում են տարածքային, սոցիալ-մասնագիտական, կազմակերպական մեկ հանրույթի:

Հիմնախնդրային Ի. հասկացությունը նշանակում է սոցիալ-մշակութային կյանքի այնպիսի վիճակ (անհատական, խմբային, համասոցիալական), երբ էնդոգեն (ներքին) և էկզոգեն (արտաքին) գործոնների ազդեցությամբ մարդկանց փոխհարաբերությունները, շրջապատի հետ նրանց դինամիկ կապերը, նախկինում հաստատված գործընթացները դառնում են անդառնալիորեն խախտված, իսկ հավասարակշռության վերականգնման մեխանիզմները բացակայում են: Անհրաժեշտություն է առաջանում վերանայել (ընդհուպ նաև հրաժարվել) ընդունված սոցիալ-մշակութային արժեքները, համընդհանուր նորմերը, քանի որ փոփոխված հանգամանքներում դրանք զրկվում են սոցիալ-մշակութային կարգի պահպանման միջոցներ, վստահելի կողմնորոշիչներ լինելուց՝ ցանկալի արդյունքների հասնելու համար գործողություններ և փոխգործողություններ կազմակերպելիս:
Դժվար կենսական Ի.` Ի., որն օբյեկտիվորեն խանգարում է մարդու կենսագործունեությանը (հաշմանդամություն, ինքնասպասարկման անընդունակություն` զառամյալ տարիքի, հիվանդության պատճառով, որբություն, անօթևանություն, սակավ ապահովվածություն, գործազրկություն, բնակության որոշակի վայրի բացակայություն, բախումներ և դաժան վերաբերմունք ընտանիքում, միայնակություն և այլն), որը նա չի կարող ինքնուրույն հաղթահարել:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան