Հակասոցիալական անձ

Անձ, որի հասարակական վարքագիծը հակասում է տվյալ հասարակության մեջ ընդունված սոցիալական նորմերին: Սոցիալական նորմը սահմանում է կոնկրետ հասարակության մեջ մարդկանց, սոցիալական խմբերի, սոցիալական կազմակերպությունների վարքի թույլատրելի (թույլ տրված կամ պարտադիր) սահմանը, չափը, միջակայքը:

Անհատական վարքագծի մակարդակով հակասոցիալական դրսևորումների առավել ընդհանուր պատճառ է "սոցիալապես անկազմակերպ լինելը"` որպես անհատի օբյեկտիվ հատկանիշների (ներառյալ նրա նախադրյալները, հակումները, ընդունակությունները, ինչպես նաև սոցիալականացման ընթացքում ձեռք բերած հատկանիշները) և հասարակական հարաբերությունների համակարգում նրա զբաղեցրած դիրքի պահանջների անհամապատասխանության արդյունք: Հ.ա. կարող է լինել թափառաշրջիկը, պորտաբույծը, անօթևանը, քրեորեն պատժելի անձը:

Սոցիալական աշխատողների խնդիրն է օգնել իրենց այցելուներին` խուսափել վարքագծում հակասոցիալական դրսևորումներից, իսկ եթե դա արդեն պատահել է, ապա օգտագործել սոցիալական վերականգնման և ուղղման հատուկ տեխնոլոգիաներ, որ այցելուն կարողանա վերադառնալ հասարակություն որպես լիարժեք, օրինապահ մարդ:
Հակասոցիալական (հակահասարակական) վարքագիծը միշտ չէ, որ համընկնում է քրեորեն պատժելի հանցագործությունների հետ: Որոշ արարքներ (բյուրոկրատություն, գռեհկություն, հարբեցողություն, պոռնկություն և այլն), լինելով հակահասարակական վարքագծի տեսակներ, քրեական պատժի ենթակա չեն: Սակայն սոցիալական աշխատողները, ինչպես և արդարադատության ու հասարակական կարգի պահպանության մարմինների աշխատողները, ոչ առանց հիմքի, հակասոցիալական վարքագիծ ունեցող մարդկանց այս կատեգորիան դիտում են որպես քրեական աշխարհին սահմանակից:

Հակասոցիալական վարքագծի պատճառների առնչությամբ կա առնվազն երկու տեսակետ. ոմանք հակված են պատճառները որոնել Հ.ա-ի մեջ, մյուսներն ավելի շատ նշում են միջավայրը, զանազան արտաքին հանգամանքներ, որոնք մարդուն մղում են հակասոցիալական արարքի:

Սոցիալական աշխատանքի պրակտիկայում կուտակվել է հ. ա.-երի և  խմբերի վարքագծի վրա սոցիալական ծառայությունների ազդեցության մեծ փորձ: Ընդ որում՝ ընդունվում է սոցիալական աշխատանքի կարևոր դերը դատապարտյալների ուղղման և նրանց հանրորեն ընդունելի կենսակերպին վերադարձնելու գործում: Ուղղիչ հիմնարկներում սոցիալական աշխատողների բնորոշ խնդիրները ներառում են՝ նոր եկածների ընդունում և ուսումնասիրում, իրավախախտումների պատճառների ճշտում և դատապարտյալների դասակարգում, ուղղիչ միջոցառումների մշակում և ազատման նախապատրաստում: Աշխատանքային փորձը սոցիալական աշխատողին կօգնի ստեղծել հետադարձ կապ՝ հարցումներ անցկացնելու, ունեցած տվյալներն ընդհանրացնելու, համադրելու և վերլուծելու, բախումնային վիճակները կարգավորելու, նպատակները ձևավորելու, վարքագիծը կանխատեսելու հարցում: Այսպիսով, սոցիալական աշխատողի մասնագիտական ունակություններն անհրաժեշտ ու կարևոր են օրենքներից ու բարոյական նորմերի պահանջներից հեռացած մարդկանց օգնելու գործում:

Հաղորդակցման լեզու

Մտքերի բանավոր արտահայտման համակարգ, որն ունի որոշակի հնչյունային ու քերականական կառույց և ծառայում է որպես հաղորդակցման միջոց:

Սոցիալական աշխատանքն այն մասնագիտությունների թվին է պատկանում, որոնց գործունության հիմնական էությունը անձնական ուղղակի շփումներն են: Հաղորդակցման գործընթացում սոցիալական աշխատողը գնահատում է այցելուի վիճակը և նրա հիմնախնդրի էությունը, ճանաչում է նրա անձը և վարքագիծը, հանձնարարականներ է տալիս և խորհրդատվություն իրականացնում, թեթևացնում է անձնական ապրումների ծանրությունը: Այդ պատճառով Հ.լ-ին հմտորեն տիրապետելը մասնագիտական պիտանիության հատկանիշ է: Հարկ է նկատի ունենալ, որ անձնական դժվարությունների վիճակում, որն առավել բնորոշ է սոցիալական աշխատողի այցելուներին, իրենց խնդիրները շարադրելու արդյունավետ, տրամաբանական կառուցվածքը հանդիպում է բավականին հազվադեպ: Ավելին, մի շարք պատճառների բերումով, որոնց թվում` որոշ թեմաների արգելված լինելը, այցելուների վախը կամ ամաչկոտությունը, իրենց հիմնախնդիրների իրական էությունը չհասկանալը, դրանք իրենցից իսկ քողարկելու ցանկությունը պատճառ են դառնում, որ այցելուն իր վիճակի իրական պատկերը գիտակցաբար կամ անգիտակցաբար խեղաթյուրի: Սոցիալական աշխատողը պետք է կարողանա տեղեկատվություն ստանալ ոչ միայն զրուցակցի խոսելուց, այլև նրա ձայնի ելևէջներից, դեմքի արտահայտություններից, մարմնի տարբեր մասերի շարժումներից, ժեստերից, լռելուց, և այլն: Այլ կերպ ասած, սոցիալական աշխատողը պետք է կարողանա ընկալել ,,մարմնի լեզվով,, փոխանցվող տեղեկատվությունը: ,,Մարմնի լեզուն,, հանդիսանում է սոցիալական աշխատողի և այցելուների հաղորդակցման լեզվի կարևոր բաղկացուցիչը:
Սոցիալական աշխատողի լեզուն տարբերվում է որոշ առանձնահատկություններով, որոնք կոչված են այցելուի վրա առավել բարենպաստ ներգործություն ունենալ: Այդ նշանային համակարգի մեջ ընդգրկվում են ,,կենդանի,, հաղորդակցման, այցելուին ոգևորելու, նրա հանդեպ ուշադրություն և հետաքրքրություն արտահայտելու, նրա անձի նշանակությունը բարձրացնելու որոշակի հնարքներ: Ուսումնական ձեռնարկները մատնանշում են մի շարք ՙարգելված՚ արտահայտություններ, որոնք անթույլատրելի են սոցիալական աշխատողի և այցելուի շփման ժամանակ, սակայն անհրաժեշտ է հիշել, որ արգելված են ոչ միայն բառերը, այլև դրանց հարաբերակցվող երևույթները՝ մեծամտությունը, կոպիտ տոնը, մասնագետի հոգնածությունը և շփոթվածությունը: Այդ պատճառով մասնագիտական ուսուցման գործընթացում ընդգրկվում են հոգեբանական աուտոթրենինգի հնարքները, որոնք շրջափակում են բացասական հույզերը:

Եթե մասնագետը խոսքով իր հետաքրքրությունն է հայտնում այցելուի խնդրի նկատմամբ, բայց կեցվածքը արհամարհանք է արտահայտում կամ ներքին տագնապ և շփոթվածություն, ապա օգնություն ստանալու եկած մարդը կստանա հակասական տեղեկատվություն, և գիտակցության վերահսկողությանը չենթարկվող ոչ բանավոր հաղորդումը նրան կասի ավելին, քան բանավոր խոսքը: Ուստի սոցիալական աշխատողի մասնագիտական շփման բոլոր կողմերը՝ սկսած բառերի և տեղեկատվության ընտրությունից մինչև քաղաքացիների ընդունելության աշխատասենյակի կահույքը և հարդարանքը, կրում են որոշակի իմաստային բովանդակություն: Հ.լ-ի զանազան տարրերին տիրապետելը սոցիալական աշխատողի մասնագիտական պատրաստվածության անբաժանելի մասն է:

Համակախվածություն

Հիվանդագին կախվածություն վարքագծի ինքնաբերական, չկառավարվող ձևերից ու անվտանգության և սեփական "Ես"-ի նշանակության որոնումներում ուրիշների հավանությունից:

 Ամերիկացի մասնագետ Լ.Վեգշայդեր-Կրուզը Հ. բնորոշել է որպես առանձնահատուկ վիճակ, որը բնութագրվում է ուրիշ մարդով չափից դուրս մտահոգված լինելով և այդ մարդուց չափից դուրս կախվածությամբ` հուզական, սոցիալական, երբեմն ֆիզիկական առումով: Այդպիսի կախվածությունը, որ զարգանում է տևական ժամանակի ընթացքում, դառնում է ախտաբանական վիճակ և ազդում մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա:
 
Համակախյալ մարդն իրեն լավ է զգում միայն այն ժամանակ, երբ նրան սիրում են, դրականորեն են վերաբերում, երբ նա դրա հաստատումն ստանում է ուրիշներից: Նա ամբողջովին զբաղված է ուրիշի խնդիրներով: Նրա բոլոր մտքերը կենտրոնացած են ուրիշ մարդու վրա: Նա պատրաստ է մշտապես հաճելի բաներ անել այդ մարդու համար, պաշտպանել նրան, իրեն համարել նրա կյանքի համար պատասխանատու: Ընդսմին նա չի գիտակցում իր զգացմունքներն ու ապրումները, այլ ապրում է ուրիշի զգացմունքներով և ապրումներով: Հ-ի գլխավոր զգացումը վախն է:

Հ-ի հիմնական ախտանշանները.

Ժխտում: Առանց հոգեկան հիմքի սիրո զգացումը փոխարինվում է վախով, որ զգացմունքայնորեն կաթվածահար է անում մարդուն: Բայց տարբեր պաշտպանությունները և, առաջին հերթին, ժխտումը խանգարում են նրան այդ բանը խոստովանել:

 Հարբեցողը ժխտում է իր հիվանդությունը` ասելով, որ ինքը խմում է ամենևին էլ ոչ այնպես, ինչպես ուրիշները: Հարբեցողի ընտանիքի երեխան ամեն կերպ կժխտի իր հարազատներից որևէ մեկի հիվանդության լրջությունը` իրեն և ուրիշներին համոզելով, որ հիվանդությունն ամենևին էլ չի ազդում ընտանեկան հարաբերությունների վրա: Իր կախվածությունը ժխտում է նաև նա, ով հավատացնում է, թե իր համար գլխավորը ուրիշի հաջողությունն ու երջանկությունն են. այսպես՝ մայրն ամբողջովին իրեն նվիրում է երեխաների խնամքին` սարսափելով մենակ մնալուց, մոռանալով իր մասին որպես անհատականություն:

Կոմպուլսիվ (չկառավարվող) վարքագիծ: Այն առավել ցայտուն դրսևորվում է բուռն զգացմունքներով՝ չարության, զայրույթի, նախահարձակության պոռթկումներով կամ, ընդհակառակը, անզուսպ ուրախության, չարաճճիության պահերով:

Կոմպուլսիվությունը դրսևորվում է նաև այնժամ, երբ մարդն սկսում է չափազանցնել և ստել, թեև ավելի հեշտ ու ճիշտ կլիներ ասել ճշմարտությունը: Կոմպուլսիվությունն արտահայտվում է նաև ուրիշներին դուր գալու ձգտման մեջ: Իրենց այդպես են պահում երեխաները և մեծահասակներից շատերը: Այդ նույն մեխանիզմն է դրսևորվում հարբեցողության և թմրամոլության ժամանակ, երբ մարդն սկսում է խմել կամ թմրանյութ ընդունել, և այլևս չի կարող կանգ առնել:

"Սառեցված" զգացմունքներ: Մարդուն հատուկ են ամենաբազմազան զգացմունքներ: Երեխաների մոտ դրանք դրսևորվում են առավել ամբողջական: Բայց ժամանակի ընթացքում կարող են ճնշվել և կարծես թե "սառեցվել": Այսպես, ընտանիքում անկեղծության, բարյացակամության, հանդուրժողականության բացակայությունն անհնարին է դարձնում զգացմունքների դրսևորումը և դրանց ողջ գամմայից մնում են միայն վախը, զայրույթը, մեղքի և միայնակության զգացումը: "Սառեցված" զգացմունքներ ունեցող մարդկանց համար դժվար է ընդգրկվել ընդհանուր ուրախությունների, զվարճանքների, խաղերի մեջ, որևէ մեկի մոտ բացել սիրտը: Զգացմունքային սառնության, թվացյալ հանգստության դիմակը կարծես թե կպչում է դեմքին և այն հանել չի լինում անգամ ցանկության դեպքում: Դժվարություններ են առաջանում սեփական զգացմունքներն արտահայտելիս, ավելին` դրանք հստակորեն գիտակցելիս: Զգացմունքները նկարագրող բառապաշարը զգալիորեն աղքատ է, ոչ պարզորոշ ու անհստակ են ընկալվում նման՝ հատկապես դրական զգացմունքներ նշանակող բառերի միջև եղած տարբերությունները:

Առավել հաճախ Հ. առկա է անբարեկեցիկ ընտանիքներում: Ընդ որում, արտաքնապես ընտանիքը սովորաբար թվում է միանգամայն առողջ, իսկ նրա անդամները կարող են որևէ խնդիր չունենալ: Ընտանիքում Հ-ի ցայտուն ցուցիչներ են թմրամոլությունը, հարբեցողությունը, ընտանիքի որևէ անդամի վարքագծի այլ կոմպուլսիվ ձևերը, օրինակ` աշխատամոլությունը, դրամակուտակման մոլուցքը և այլն:

Ժխտումը՝ Հ-ի գլխավոր դրսևորումներից մեկը, դժվար է հաղթահարել: Այս ուղղությամբ առաջին քայլը Հ-ի ախտանշանները գիտենալն է: Այսպես, համակախյալ մարդուն հատուկ են վախը, զայրույթը, չարությունը, ջղայնությունը, մեղքի, ամոթի, թաքնված վիրավորանքի, անվստահության, մենակության, թախծի զգացումը, զգացմունքային դատարկությունը: Սակայն համակախյալ մարդը հազվադեպ կարող է իր մեջ զգալ այդ ամենը, քանի որ Հ-ի առավել յուրահատուկ գծերն են զգացմունքների ոլորտի նեղացումը և ապրումների նվազումը: Այս գծերն սկսում են ձևավորվել վաղ մանկությունում, երբ երեխան, բախվելով իր զգացմունքների բուռն և անմիջական դրսևորումների չընկալմանը շրջապատի կողմից, նախ` սովորում է ավելի ու ավելի շատ զսպել դրանք, իսկ հետո ինքն էլ է դադարում ունենալ զգացմունքներ, արտաքնապես դառնալով հանգիստ մարդ, բայց հակված բացասական զգացմունքների պոռթկման: Ուստի մարդն ավելի հեշտությամբ կիմանա իր ախտանշանների մասին, եթե դրանք նկարագրվեն ծավալուն հոգեբանական բնութագրերի ձևով:
1. Ցածր ինքնագնահատում: Սա կարող է դրսևորվել, օրինակ, ինքն իր մասին կտրուկ, խիստ դատողություններում: Բայց մարդը սովորաբար ջանում է այդ գիծը թաքցնել անգամ ինքն իրենից` ցածր ինքնագնահատումը քողարկելով բոլոր նախաձեռնություններում կատարելության հասնելու ձգտմամբ, ընդսմին չգնահատելով իրողությունը և իր հնարավորությունները: Քողարկման մյուս եղանակը այլ մարդկանց, թեկուզև իր ընտանիքի անդամների զգացմունքները, մտքերն ու արարքները վերահսկելու ձգտումն է:

 Գերվերահսկողությունը, որպես ցածր ինքնագնահատման դրսևորում, կարող է ուղղված լինել նաև հենց իր դեմ: Իրեն ցածր գնահատելը քողարկելու ևս մեկ միջոց է մեծամտությունը, պճնամոլությունը, գռեհկությունը: Ցածր ինքնագնահատումը կարող է քողարկվել նաև խեղկատակի, ընդդիմադրի, դատարկաբանի դերով:
2. Վախ զգալ, երկյուղ, դրանցից իրեն պատնեշելու ձգտում` խուսափելով այն վիճակներից, երբ վախը կարող է դրսևորվել: Իսկ վախը համակախյալ մարդու մեջ ամենից հաճախ ծնվում է այն մարդկանց հետ շփվելիս, որոնք ինչ-որ ՙիշխանություն՚ ունեն (ոչ միայն պետը կամ ոստիկանը, այլև հավաքարարը, որը մաքրում է իրենց սանդուղքը, վաճառողը, որից նա հիմա ինչ-որ բան է գնում, փականագործը, որը նրա բնակարանում ծորակն է նորոգում): Հաղորդակցման վախը այդ պահերին կարող է արտահայտվել հստակորեն, բայց կարող է և աղոտ զգացվել որպես ինչ-որ անհարմարություն և իրավիճակից արագ հեռանալու, այն փոխելու, իսկ ավելի լավ` դրա առաջացումը կանխելու ձգտում:

3. Շրջապատի մարդկանց դուր գալու ցանկություն, որն ուղեկցվում է դրան հասնելու համար ամեն ինչ անելու պատրաստակամությամբ: Դա զուգակցվում է ուրիշների զգացմունքները վիրավորելու չափազանցված վախով, նրանց արարքների նկատմամբ հանդուրժողականությամբ նույնիսկ այն ժամանակ, երբ այդ հանդուրժողականությունը բացահայտորեն տեղին չէ: Դրան է առնչվում նաև այն հարաբերությունները խզելու երկյուղը, որոնք պատճառում են բարոյական, իսկ հաճախ նաև ֆիզիկական վնաս: Բախումները մշտապես հարթելու ձգտումը, որի սրումը կարող է հանգեցնել հարաբերությունների խզման: Այդ շարքում է նաև նոր հարաբերություններ ստեղծելու վախն ու զգուշավորությունը (նոր ծանոթությունների վախ, աշխատանքը փոխելու վախ) կամ ՙպաշտոնական՚ սահմանն անցնել չցանկանալը:

4. Վախ և անհարմարություն վճռական և խիստ մարդկանց հետ շփվելիս, քննադատվելու վախ և այդ քննադատությանը սուր զգացմունքային արձագանք` տագնապ, սեփական թերարժեքության, ինքն իրեն չվստահելու զգացողություն, կամ, ընդհակառակը` չարության կատաղի, հաճախ անկառավարելի նախահարձակության բռնկումներ, քննադատողին ֆիզիկապես կամ բարոյապես ճնշելու ցանկություն և այլն, այդպիսի իրավիճակներից նախապես խուսափելու ձգտում:

5. Խոր զգացմունքային ներգրավվածություն այնպիսի մարդկանց հետ փոխհարաբերություններում, ովքեր կամ ամբողջությամբ են ենթարկվում իրենց (այդժամ իր նկատմամբ խղճահարության և իր կյանքի կործանվածության զգացողությամբ ՙզոհի՚ դեր) կամ, ընդհակառակը, պահանջում են մշտական ուշադրություն և խնամք ("խնամակալի" դեր` երբեմն զոհաբերության երանգով, իսկ երբեմն` սեփական գերազանցության և ազնվորեն կատարվող պարտքի գիտակցման զգացումով):

6. Սերը խղճահարությունից տարբերելու անընդունակություն, այդ զգացմունքները շփոթելու և խառնելու միտում: Նրան սիրելու ձգտում, ում ինչ-որ բանի համար խղճալու և ում ինչ-որ բանից փրկելու պատճառ կա: Սեռական հարաբերությունների օգտագործում՝ որպես խղճալու միջոց և կամ՝ որպես մյուսի կողմից իրեն խղճալու, հասկանալու և ցավակցելու դիմաց վարձատրություն:

7. Վարքագծի գերպատասխանատվություն կամ, ընդհակառակը, գերանպատասխանատվություն: Ուրիշների խնդիրները լուծելու պատասխանատվությունն իր վրա վերցնելը կամ, ընդհակառակը, իր և իր ընտրության համար պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելը:

8. Մեղքի զգացում՝ իր շահերը պաշտպանելու կամ անձամբ իր համար ինչ-որ բան անելու անհրաժեշտության դեպքում: Ուրիշ մարդկանց կարիքներին և պահանջմունքներին համապատասխանելու ձգտում, ինչը ի չիք է դարձնում սեփական հոգևոր, հոգեբանական և ֆիզիկական պահանջմունքները բավարարելու հնարավորությունը: Դա այլասիրություն է՝ եսասիրությունից բխող, զոհողություն՝ ընչաքաղցությունից, չգիտակցված ցանկություն տալ՝ միայն ստանալու համար:
9. Մշտապես հետոյին թողնելը, հետաձգելը: Սկսած գործն ավարտելու անկարողություն կամ դժվարություն: Շատ ծրագրեր և դրանք իրագործելու համար` քիչ եռանդ: Ընդհանրապես երազելու, ռոմանտիզմի հակվածություն:

10. Ուրիշների հետ միասին ուրախանալու, խաղերի, զվարճությունների մասնակցելու անկարողություն:
11.Սովորական սուտ, մանր խաբեություն նույնիսկ այնտեղ, որտեղ ավելի դյուրին ու բնական կլիներ ասել ճշմարտությունը, որտեղ ստելու համար ոչ մի առիթ չկա:

Համակախյալ մարդն այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում խիստ հազվադեպ է ունենում իսկական մտերմության, անվտանգության, վստահության և մշտականության զգացողություն: Նույնիսկ մտերիմների հետ շփվելիս նրանց չեն լքում զգուշավորությունը, կասկածամտությունը, վեհերոտությունը, տագնապը:
Համակախյալ մարդու բնավորության վերը նկարագրված գծերը, զգացմունքները առավել ցայտուն են դրսևորվում այլ մարդկանց, առաջին հերթին` մոտիկ հարազատների (ամուսինների, ծնողների, երեխաների) և բարեկամների հետ փոխհարաբերություններում: Ամուսնանալիս, ընկերներ ընտրելիս այդպիսի մարդը շատ հաճախ ընկեր է ընտրում դարձյալ համակախյալ կամ քիմիականորեն կախյալ մարդու (այսինքն` հարբեցողությամբ, թմրամոլությամբ տառապող): Եվ համակախյալի արատավոր շրջանակը մնում է փակ:

Եթե մարդուն չեն պաշտպանում նույնանման խնդիրներ ունեցող մարդիկ, եթե նա ուրիշների օրինակով չի տեսնում այդ խնդիրները լուծելու ուղիներ, ապա նա կսկսի ժխտել իր դժվարությունները, իսկ եթե խոստովանի էլ դրանք, ապա պատճառները կորոնի շրջապատի մարդկանց մեջ: Բայց պետք է սկսել իրենից և ոչ միայնակ, այլ ուրիշների հետ` նրանց օգնությամբ: Այդպիսին են հարբեցողների հարազատների և ընկերների ընկերակցությունները, որոնք զբաղվում են փորձի փոխանակմամբ, համատեղ են փնտրում իրենց խնդիրները լուծելու ուղիները: Նման խմբերի հիմնական նպատակն է ` օգնել հարբեցողների ընտանիքներին` օգտագործելով հոգևոր առողջացման "12 քայլ" ծրագիրը, որը փոխառնված է "Անանուն հարբեցողներ" շարժումից: Այն հայտնի է աշխարհի շատ երկրներում: Այդ խմբերին կարող են անդամագրվել բոլոր նրանք, ովքեր ուզում են ազատվել Հ-ից:

Համակախյալ հարաբերություններ

Սոցիալական աշխատողի և այցելուի միջև աշխատանքի ընթացքում հաստատվող հարաբերություններ: Քանի որ այցելուն օգնության կարիք ունեցող անհատն է, խումբը, համայնքը, նրան միշտ դուր է գալիս, որ ինչ-որ մեկը հանձն է առնում ու սկսում օգնել իրեն: Այցելուն միշտ երախտագիտություն է ցուցաբերում աշխատողի հանդեպ, ինչն իր հերթին նպաստում է նրա ինքնագնահատականի բարձրացմանը: Այցելուի նման վերաբերմունքը դառնում է ցանկալի, ու սոցիալական աշխատողը  միշտ փորձում է օգտակար լինել: Հ.Հ.-ի զարգացումն անցանկալի է, քանի որ դրանք տանում են դեպի այցելուի պասիվացմանը և սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեության նպատակի այլափոխմանը:

 Սոցիալական աշխատողի կողմից այցելուին լավագույն օգնությունն այն է, երբ նա նպաստում է, որ այցելուն ինքն իրեն օգնի: Հ.Հ.-ը խանգարում են այդ սկզբունքի իրագործմանը, հետևաբար սոցիալական աշխատողից ի սկզբանե պահանջվում է կանխել նման հարաբերությունների զարգացումը:

Համայնք

Մարդկանց հանրույթ, որն ունի ընդհանուր մշտական բնակության վայր, ամենօրյա կյանքում հանրույթի անդամները կախված են միմյանցից և իրականացնում են գործունեության զանազան ձևեր՝ ուղղված ընդհանուր կարիքների բավարարմանը: Հ. հասկացությունն օգտագործվում է երկու իմաստով: Առաջին դեպքում նկատի են ունենում որոշակի բնակավայրում ձևավորված սոցիալական հարաբերությունները: Այսօր ՀՀ վարչա-տարածքային կառուցվածքում բոլոր բնակավայրերն ունեն համայնքի կարգավիճակ, սակայն գյուղական բնակավայրերն ավելի են հիշեցնում համայնքն այդ իմաստով:
Մյուս դեպքում Հ.-ի տակ նկատի են ունենում խմբային պատկանելությունը, երբ խմբի անդամները կիսում են ընդհանուր արժեքները և հավատալիքները: Հ.-ին բնորոշ են ուժեղ ավանդական ինստիտուտները՝ ընտանիք, կրոն, հարևանություն: Մարդկության էվոլյուցիան տանում է դեպի համայնքային կապերի թուլացումը: Ավանդական Հ.-ին փոխարինելու է գալիս կեցության նոր ձև, որի հիմքում ընկած են ռացիոնալ արժեքները, գերիշխող են դառնում կազմակերպությունները և ընկերությունները:

Հ.- որպես ֆիզիկական և սոցիալական միջավայր կարևոր դեր է խաղում մարդկանց մոտ տարբեր հիմնախնդիրների առաջացման գործում: Այդ պատճառով էլ սոցիալական աշխատողներն իրենց այցելուներին սպասարկելիս մեծ ուշադրություն են դարձնում համայնքային կապերի ուսումնասիրմանը և համայնքային ռեսուրսների բացահայտմանը:

Համայնքային սոցիալական աշխատանք

Սոցիալական աշխատանքի մեթոդ և ուղղություն: Յուրաքանչյուր պրակտիկ սոցիալական աշխատող նաև համայնքային աշխատող է, քանի որ այցելուի հիմնախնդիրները լուծելիս ստիպված է լինում աշխատել նաև համայնքի հետ: Համայնքն այն միջավայրն է, որտեղ ապրում է այցելուն և որտեղ ծագել է նրա հիմնախնդիրը: Հնարավոր է, որ հիմնախնդրի պատճառները գտնվեն համայնքային կառուցվածքներում ու հարաբերություններում, իսկ առանց պատճառները վերացնելու հնարավոր չէ նման դեպքերում օգնել այցելուին: Բացի այդ, համայնքն ունի հսկայական ներուժ, որը սոցիալական աշխատողը կարող է ներգրավել այցելուի կարիքների բավարարման գործում: Սոցիալական աշխատանքի այնպիսի մոդելի կիրառումը, ինչպես, օրինակ, էկոլոգիական մոտեցումը, պարտադիր պահանջում է հաշվառել շրջակա միջավայրի հնարավորությունները և օգտագործել դրանք այցելուի խնդիրների լուծման ժամանակ:
Բացի վերոհիշյալից, սոցիալական աշխատողը համայնքի հետ սկսում է աշխատել նաև այն դեպքում, երբ համայնքը հանդես է գալիս որպես այցելու և ունենում է իր հիմնախնդիրը: Այս դեպքում սոցիալական աշխատողը համայնքի բնակիչներին ընկալում է որպես հավաքական ամբողջություն և սկսում իրականացնել համայնքային զարգացում և կազմակերպում: Սա մի գործընթաց է, երբ սոցիալական աշխատողն աջակցում է համայնքին գնահատելու, ծրագրելու և համակարգելու սեփական ներուժը առողջապահական, բարեկեցության և վերարատադրության կարիքները հոգալու համար:

Համայնքային կազմակերպիչ սոցիալական աշխատողը խթանում է համայնքի գործողությունները: Նա կազմակերպում է մարդկանց և նրանց համախմբում տարբեր նպատակների շուրջ՝ ճշգրտելով հիմնախնդիրը, համակարգելով տարբեր խմբերի ջանքերը, կրճատելով ներխմբային տարաձայնությունները, բարելավելով ներհամայնքային հարաբերությունները, կազմակերպելով հանրային կրթություն, բացահայտելով ու պլանավորելով ֆինանսական միջոցները, մարդկանց ուսուցանելով տարբեր հմտություններ ու բարձրացնելով նրանց տեղեկացվածության մակարդակը:

Համայնքային զարգացման գործառույթ իրականացնելիս սոցիալական աշխատողը նպաստում է համայնքի ակտիվացմանը, որ մարդիկ կարողանան լուծել իրենց խնդիրները: Դա արվում է կամ մարդկանց մոբիլիզացնելով, որ ծառայություններն ավելի լավ օգտագործվեն, կամ այդ ծառայությունների վրա ճնշում գործադրելով, որ դրանք փոփոխվեն, կամ էլ ինքնօգնության  համակարգ զարգացնելով, որը պետք է աջակցություն ստանա համայնքից դուրս գտնվող ծառայությունների կողմից:

Համայնքային ծառայություն

Ծառայության տեսակ, որի նպատակն է իրավախախտների պատիժը և ուղղումը համայնքում կազմակերպելը: Հ.Ծ.-ն դիտվում  է որպես ազատազրկմանը այլընտրանք: Այն որպես պատժի տեսակ ավելի հաճախ կիրառվում է անչափահասների, առաջին անգամ թեթև իրավախախտումներ թույլ տված անձանց նկատմամբ: 
Պատժի բնույթը կայանում է նրանում, որ իրավախախտը հարկադրված է որոշակի ժամաքանակով կատարել անվճար աշխատանք ի նպաստ համայնքի: Մյուս կողմից՝ ծառայությունը, որը կազմակերպում է այդ աշխատանքները և վերահսկում, զբաղվում է նաև իրավախախտների ուղղմամբ: Իրավախախտի մնալը համայնքում և իր ընտանիքում նպաստում է սոցիալական դրական կապերի պահպանմանը և ամրապնդմանը, բանտային ենթամշակույթի բացասական ազդեցության կանխմանը: Միաժամանակ՝ նման պատիժներն ավելի էժան են պետության համար: Իրավախախտի ուղղմամբ զբաղվող Հ.Ծ.-ում պարտադիր մասնակցություն են ցուցաբերում սոցիալական աշխատողները, որոնք հենց դատարանից ստանում են իրենց այցելուին, երբ վերջինիս նկատմամբ նման վճիռ է կայացվում:

 Այդ ծառայությունում սոցիալական աշխատողի պարտականությունն է ապահովել ծառայության և դատարանի կապը, գնահատել և սահմանել այցելուի հիմնախնդիրը, ընտրել այն լուծելու արդյունավետ մեթոդներ և միջոցներ և  լուծել դրանք՝ համագործակցելով ծառայության մյուս մասնագետների /հոգեբան, բժիշկ և այլն/ և համայնքի մյուս ծառայությունների հետ:

Համընդհանուր բարեկեցության պետություն

(Welfare state)- պետություն, որը ձգտում է յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել գոյության արժանավայել պայմաններ, սոցիալական պաշտպանվածություն, իսկ կատարելության մեջ՝ բոլորի համար մոտավորապես միանման ելակետային պայմաններ կենսական նպատակների իրացման, անհատականության զարգացման համար, սոցիալական քաղաքականության տեսակ, որը միտված է քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը, սոցիալական ռիսկի տարածման կանխմանը:

Այդպիսի պետության գործունեությունը պետք է ուղղված լինի համընդհանուր բարօրությանը, հասարակության մեջ սոցիալական արդարության հաստատմանը: Քաղաքական համակարգը, որն ապահովում է պետության բոլոր քաղաքացիների բարօրությունը, ենթադրում է սոցիալական աջակցության համակարգի զարգացման առկայություն, սոցիալ-տնտեսական, կրթական, բուժհոգեբանական ծառայությունների մեծ սպեկտր: Այդ համակարգի ֆինանսավորումն իրականացվում է ապահովագրության և հարկային քաղաքականության միջոցով եկամուտների վերաբաշխման հաշվին:

Արդյունաբերականացման, քաղաքակենտրոնացման և անհատականացման գործընթացները կործանեցին սոցիալական ապահովության ավանդական ձևերը, որոնք առավելապես իրականացնում էին ընտանիքը և համայնքը, սրեցին սոցիալական հիմնախնդիրները: Դրանք լուծելու համար անհրաժեշտ եղավ արմատապես կատարելագործել սոցիալական քաղաքականությունը՝ որպես պետության գործունեության առաջատար ուղղություններից մեկը: 20-րդ դարի մոտավորապես 40-ական թթ. ծագեցին Հ.բ.պ-ները: Դրանց անհրաժեշտ պայմանն էր Արևմուտքի մի շարք երկրների տնտեսական զարգացման բարձր մակարդակը, որը թույլ էր տալիս բնակչության համար ապահովել կենսական նվազագույնը: Հ.բ.պ. հասկացությունը շրջանառության մեջ մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ սոցիալական քաղաքականության հիմնական պայման համարվեց այն, որ հատկապես կառավարությունն է պատասխանատու քաղաքացիների բարօրության և սոցիալական իրավունքների պաշտպանության համար, և այդ պատասխանատվությունը չի կարող դրվել անհատի, մասնավոր ձեռնարկության կամ համայնքի, միկրոշրջանի վրա: Այդօրինակ պետությունը մարդկանց աղքատությունից պաշտպանում է գործազրկության նպաստի, ընտանիքին տրվող վճարումների, դրամական փոխհատուցումների, ծերության կենսաթոշակների միջոցով, ապահովում է լիարժեք առողջապահություն, անվճար կրթություն, հանրային բնակարան: Ընդսմին սոցիալական աջակցությունն իրականացվում է որպես մարդկանց կյանքին պետական միջամտություն՝ ազգային և պետական մակարդակներով, սոցիալական ապահովության, կրթության, առողջապահության ծրագրերի միջոցով:

Հ.բ.պ-ի գաղափարներ պարունակող առաջին ծրագիրը համարվում է սոցիալական ապահովագրության ազգային համակարգը, որը 1880-ական թթ. Գերմանիայում ներդրեց Բիսմարկը: Այդ նույն ծրագիրը հետագայում նմանակվեց Լլոյդ Ջորջի կողմից, Մեծ Բրիտանիայում, 1911թ., հիվանդություններից և գործազրկության դեմ ազգային ապահովագրություն իրականացնելիս: Հետպատերազմյան ժամանակաշրջանում Վ. Հ. Բևերիջը մշակեց Բրիտանական սոցիալական քաղաքականության հայեցակարգը, ըստ որի՝ պետությունը յուրաքանչյուր քաղաքացու պետք է երաշխավորի, որպես հիմնական իրավունք, տնտեսական անվտանգության որոշ նվազագույն՝ ՙօրորոցից մինչև գերեզման՚: Այդ կապակցությամբ լեյբորիստական կառավարությունը 1945-1950-ական թթ. նախատեսեց առողջապահության ազգային համակարգի զարգացում: Լեյբորիստները ձգտում էին ապահովել քաղաքացիների բարեկեցությունը և միևնույն ժամանակ հարկային քաղաքականությունը երկրում իրականացնել այնպես, որ հարուստների և աղքատների սոցիալական անհավասարությունը նվազի ռեսուրսները վերաբաշխելու միջոցով:

ԱՄՆ-ը Հ.բ.պ-ի կառուցման ուղղություն վերցրեց 1948թ.: Տերմինն սկսեց օգտագործվել ազգային քաղաքականությունը բնորոշելու համար, որը նախատեսում էր շուկայի անսահմանափակ ազատության լիբերալ ուսմունքի և սոցիալիստական պլանավորման ուսմունքի ինչ-որ միջինը: Սոցիալական քաղաքականությունն ԱՄՆ-ում 1960-ական թթ. ուղղվեց աղքատության, աղքատ ընտանիքների երեխաների սոցիալական և մշակութային դեպրիվացիայի պատճառների վերացմանը:
 
Աղքատության դեմ տարվող պատերազմի քաղաքականությունը ենթադրում էր պետական միջամտություն շուկայական տնտեսությանը, այն սոցիալական իրավիճակին, որում մարդիկ հայտնվել էին խտրականության, առողջական վիճակի և փոքր եկամուտների կամ անբավարար կրթության պատճառով:

 Բարիքների վերաբաշխումը նպատակ ուներ իջեցնել սոցիալական մեկ խմբի աղքատացման և մյուս խմբի հարստացման ռիսկի աստիճանը: Անկասկած է, որ միջամտության այդ հայեցակարգի զարգացման վրա ազդել են Է. Հոֆմանի, Է. Էրիքսոնի և այդ ժամանակի սոցիալական և հոգեբանական գիտությունների մյուս նշանավոր ներկայացուցիչների գաղափարները:

Միջամտության կամ ներխուժման հայեցակարգն ընկած է ցանկացած Հ.բ.պ-ի հիմքում: Նման պետությունների մոդելները տարբերվում են ինչպես շուկայական տնտեսությանը միջամտելու աստիճանով, ինչը կարելի է անվանել համընդհանուր բարեկեցության հասնելու տեխնոլոգիա, այնպես էլ այդ միջամտության արդյունքով, սոցիալական զարգացման հիմնախնդիրների լուծման եղանակով:

Սոցիալական ապահովության պետական քաղաքականության հակառակորդներն իրենց փաստարկները հիմնավորում են նրանով, որ Հ.բ.պ. թանկ է, շռայլություն է, իսկ սոցիալական աջակցության ծառայություններ մատուցում են այսօր ոչ միայն պետական, այլև մասնավոր կազմակերպությունները, ընդ որում, մարդիկ կարող են ընտրել, թե ում և ինչ ծառայությունների համար վճարեն: Շուկայական տնտեսությանը պետության ակտիվ միջամտության տեխնոլոգիան, որ զարգացավ հետպատերազմյան տարիներին, թվում է՝ այլևս չի գործում: Օրինակ՝ հետպատերազմյան Մեծ Բրիտանիան, որը ժամանակին ծառայել էր որպես Հ.բ.պ-ի մոդել, զգալիորեն շրջվեց հակառակ կողմը՝ դրսևորելով սոցիալական ապահովության ոլորտը հասարակության լայն կառույցներից մեկուսացնելու միտում:

1970-80-ական թթ. վերջերին արևմտյան երկրների անհաջող տնտեսական փորձից հետո քննադատության ենթարկվեց նաև Հ.բ.պ-ի բուն հայեցակարգը:

Հետխորհրդային Հայաստանում  Հ.բ.պ. կառուցելու գործընթացը և նրա գործունեությունը սերտորեն կապված են սոցիալական աշխատանքի տեսության և պրակտիկայի զարգացման հետ՝ որպես բոլոր մակարդակներում սոցիալական քաղաքականություն իրականացնող: Շուկայական տնտեսության և զբաղվածության, սոցիալական աջակցության և բարիքների բաշխման բոլոր ձևերի և պետական կարգավորման խելամիտ զուգակցումը թույլ կտա ստեղծել սոցիալական երաշխիքների իրապես գործող համակարգ: Կարելի է ասել, թե սոցիալական քաղաքականությունը, որն իրացվում է մասնավորապես սոցիալական աշխատանքի միջոցով, կենսագործում է Հ.բ.պ-ի գաղափարը, որն իր հերթին հանդես է գալիս որպես քաղաքակիրթ քաղաքացիական հասարակության զարգացման բնութագիր:

Հայրություն

Տվյալ տղամարդուց սերելու փաստով պայմանավորված վերաբերմունք երեխայի հանդեպ, որն արտահայտվում է նրա կյանքի, առողջության, կրթության, դաստիարակության մասին հոգատարությամբ: Կենսաբանական տեսանկյունից երեխայի ծննդյան գործում հոր ներդրումը սահմանափակվում է բեղմնավորման պահով, իսկ մանկան խնամքը, դաստիարակությունը հաճախ իրականացվում է առանց նրա մասնակցության:

Հ. բարդ սոցիալ-պատմական երևույթ է: Հոր դերն ընտանիքում միևնույնը չէ տարբեր հասարակություններում և կախված է մի շարք գործոններից.

 1. կանանց և երեխաների թվից, 

2. երեխաների վրա ունեցած իշխանության աստիճանից,

3. կնոջ և երեխաների հետ շփումների քանակից և որակից, 

4. երեխայի խնամքի, դաստիարակության և ուսուցման գործում ընդգրկվածությունից, 

5. երեխաների հետ կապված ծեսերի մեջ ընդգրկվածությունից,

6. ընտանիքի կենսապահովման և պաշտպանության գործին մասնակցության աստիճանից:

Ավանդական հասարակությունների մեծ մասում երեխաների հետ հոր շփումը ոչ միշտ է ցանկալի եղել, զգացմունքների անթաքույց արտահայտումը դատապարտվել է վարվելակերպի տեսակետից: Ներկայումս նկատվում է հայրերի և երեխաների որոշ մերձեցում, որը, սակայն, ուղեկցվում է ընտանիքում հոր հեղինակության թուլացմամբ: Այսօր Հ. բնորոշվում է հետևյալ հատկանիշներով. մանկավարժական անիրազեկություն, անհայրության աճ կամ հոր հաճախակի բացակայություն ընտանիքից: Ժողովրդագրական տեսանկյունից, ժամանակակից ընտանիքը դառնում է առավելապես մայրական:

Ընտանիքում հոր հոգեբանական գործառույթն այն է, որ նա առնականության սոցիալական նմուշի կրողն է: Դա խիստ կարևոր է տղաների և աղջիկների դաստիարակության համար՝ համաձայն սեռադերային կարծրատիպերի, որոնք ընդունված են հասարակության մեջ: Ընտանիքից հոր բացակայության դեպքում տղամարդկային վարքագծի կարծրատիպը ձևավորվում է մյուս ազդեցիկ մեծահասակների, ավագ ընկերների ազդեցությամբ կամ ՙպատճենվում՚ է մոր տղամարդկային բաղկացուցչից, որն ստիպված է իր մեջ զուգակցել երկու ծնողների սոցիալական դերերը: Աղջիկներին ընտանիքում հոր ներկայությունը հնարավորություն է տալիս կնոջ դերը յուրացնել մոր՝ հորն ուղղված վարքագծից: Ժամանակակից մանկավարժների առավելապես իգական կոնտինգենտը բարդացնում է սեռադերային կարծրատիպերի և սեռային դերերի ձևավորումը սոցիալականացման այնպիսի ինստիտուտներում, ինչպիսիք են մանկապարտեզը, դպրոցը և այլն, որն իրենից ներկայացնում է սոցիալական կարևոր խնդիր:

Հ. իրավաբանորեն հաստատվում է ՔԿԱԳ-ի մարմիններում երեխայի ծնունդը գրանցելով: Որպես ծնողներ գրանցված անձինք իրավունք ունեն դատական կարգով վիճարկել այդ գրառումը մեկ տարվա ընթացքում այն ժամանակից սկսած, երբ նրանց հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար կատարված գրանցման մասին: Եթե այդ ժամանակ որպես հայր կամ մայր գրանցված անձը եղել է անչափահաս, ապա մեկ տարվա ժամկետը հաշվարկվում է նրանց 18 տարին լրանալուց հետո:

Հ. կարող է որոշվել դատական կարգով` երեխայի ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձու), այն անձի, որի խնամքի տակ է գտնվում երեխան, ինչպես նաև հենց իր` երեխայի դիմումի հիման վրա, չափահաս դառնալուց հետո: Հ. որոշվելու դեպքում երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ձեռք են բերում նույն իրավունքները և պարտականությունները, ինչ որ միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:

Հանդուրժողականություն

Սոցիալական աշխատանքի կարևոր սկզբունքներից մեկը, անհատների, խմբերի և սոցիալական հանրույթների մշակութային, կրոնական, ռասայական և այլ տարբերությունների ճանաչում ու դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունք, մարդկանց արտաքին տեսքի, վարքի, արժեքային կողմնորոշումների և այլ տարբերությունների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք:

Հ. անհատի և հասարակության զարգացածության վկայությունն է: Որքան ժողովրդավարական է հասարակությունը, այնքան զարգացած ու տարածված է հանդուրժողականությունը որպես հատկանիշ: Մարդիկ որքան նման են միմյանց, նույնքան էլ տարբեր են: Սոցիալական ծառայողները, այդ թվում և սոցիալական աշխատողները, սպասարկում են անհատների և խմբերի, որոնք զանազան խնդիրներ ունեն: Միշտ չէ,  որ նրանք ներկայանում են ծառայողներին այնպիսին, ինչպիսին վերջիններս կցանկանային տեսնել նրանց՝ արտաքին տեսքը, դավանանքը, կողմնորոշումները, հայացքները և այլն: Սոցիալական աշխատանքի մասնագիտական նորմը պահանջում է օգնել մարդկանց, անկախ  նրանց տարբերակիչ առանձնահատկություններից, չցուցաբերելով որևէ խտրականություն:

Դարեր շարունակ տարբեր մշակույթի, հավատի, մաշկի գույնի մարդիկ կարող էին կողք կողքի գոյություն ունենալ միայն որպես ներկայացուցիչներ երկու առանձին աշխարհների, որոնք իրար շոշափում են, բայց չեն հատվում: Ազգային-կրոնական Հ-ի ժամանակահատվածները փոխարինվում էին անհանդուրժողականությամբ և նույնիսկ անզիջողականությամբ. օտար, խորթ գծերը փորձում էին ջնջել բռնի ձուլման, կրոնական հարկադրանքի, ազգային ճնշման միջոցով: Սեփական հանրույթի շրջանակներում մեծամասնությունը իրենից տարբերվող անհատներին կամ խմբերին հարկադրում էր հրաժարվել սեփական "ուրիշությունից", ընդունել վարքի և հավատի իր կարծրատիպը: Հերետիկոսության, կրոնական և մշակութային այլախոհության դեմ պայքարի ողջ պատմությունը ցուցադրում է իշխող հանրույթի բռնի վերաբերմունքի օրինակներ տարբերակիչ գծերի նկատմամբ, որոնց կրողներին կամ ոչնչացնում էին, կամ արտաքսում էին իրենց երկրի սահմաններից, կամ ստիպում էին դրանցից հրաժարվել:

Տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման օրինաչափությունները ժամանակի ընթացքում անհատներին և հասարակություններին ստիպել են հրաժարվել ուրիշների հանդեպ տածվող անհանդուրժողական վերաբերմունքից և ընդունել յուրաքանչյուր ժողովրդի և յուրաքանչյուր մարդու այնպիսին, ինչպիսին որ նրանք կան, որպես սեփական զարգացման արդյունք: Հաղորդակցման միջոցները, առավել ևս` տեղեկատվական հաղորդակցման միջոցները, հանգեցրին հեռավորության վերաբերյալ տեսակետի փոփոխությանը՝ իրար մոտեցնելով երկրներն ու աշխարհամասերը, նրանց սովորություններն ու ավանդույթները, արտաքուստ իրար ոչ նման մարդկանց ուրախություններն ու տխրությունները:
 
Ժողովրդավարական և մարդասիրական հայացքների և պատկերացումների խորացումն ու տարածումն արմատավորեց քաղաքացիական հասարակության կենտրոնական դրույթը` անհատի արժանապատվությունը նրա ինքնաիրացումն է, իր ընդունակությունները բացահայտելու և կիրառելու իր իսկ ձեռնարկած ջանքերը: Եվրոպական ռացիոնալիստական ավանդույթների իրացման արդյունքներից հայտնի հիասթափությունը և մշակույթի այլ տեսակների հետ առավել սերտ ծանոթությունը սկզբնավորեցին այն համոզմունքը, որ սխալ է մշակույթի զարգացման մեկ ուղին ճիշտ համարելը, որ անիրավական է եվրոցենտրիզմի, իսլամացենտրիզմի և նման այլ "իզմ"երի բուն հայեցակետը:

Վերջապես, ահեղ սպառնալիքը, որ ծնվել է մարդկության գլոբալ հիմնախնդիրների աճով` գերբնակեցում, սով, շրջակա միջավայրի աղտոտվածություն, օզոնային ճեղքերի ներգործության հետևանքներ և այլն, տարածաշրջանային մակարդակով դրանք լուծելու անհնարինությունը հանգեցրին որոշ ընդհանուր գծերի առկայության գիտակցմանը, որոնք յուրահատուկ են Երկիր մոլորակի բոլոր մարդկային անհատներին, ընդհանուր են մարդկանց միավորող արժեքների բոլոր համակարգերի համար` չնայած կրոնական, ռասայական, սոցիալական և անհատական արգելքներին: Այդ համընդհանուր արժեքները մարդասիրական աշխարհայացքի սկզբունքների մարմնավորումն են, որոնք և տարածվում են ոչ միայն ՙյուրայինների՚, այլև բոլոր մարդկանց վրա: Ավելին, մարդկային կյանքի դրվածքի բուն բազմազանությունը, ազգային և խմբային մշակույթների տարբերությունն օժտվում է արժեքի կարգավիճակով և դիտարկվում որպես մարդկության ընդհանուր զարգացման կենսունակության երաշխիք, նրա առանձին հանրույթների փոխհարստացման աղբյուր:

Ազգային, կրոնական և սոցիալական մշակույթների որոշակի շրջանակներում ճանաչում է գտնում անհատների այն խմբերի գոյության իրավունքը, որոնց արժեքային, մշակութային կամ սեռական կողմնորոշումը տարբերվում է ընդունվածից: Այն ձևը, որով հասարակական գիտակցությունը համակերպվում է նրանց հետ, ենթամշակույթ է, այսինքն` ընդունված նորմի ինչ-որ տարբերակ: Ժողովրդավարական ավանդույթներն ստեղծում են փոքրամասնությունների, այսինքն՝ ենթամշակույթ կրող խմբերի հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի տարբեր մեխանիզմներ, կամ էլ նրանց ֆինանսական և կազմակերպական աջակցություն է տրվում, որպեսզի հնարավորություն ունենան արտահայտել իրենց տեսակետները, ազդել որոշումներ կայացնելու վրա: Ենթամշակույթների գոյության ճանաչումը, մի կողմից, անխուսափելիորեն ընդունումն է ցանկացած հասարակության մեջ միջին տարածվածության նորմերից տարբերվող անհատների գոյությունը, մյուս կողմից՝ հասարակության և գերիշխող նորմերի ու արժեքների դեմ որոշ անհատների բողոքի արտահայտման ձև է, և իր այդ հատկությամբ կախված է նորաձևությունից, պատմամշակութային անցողիկ պայմաններից և այլն:

Միաժամանակ, ողջ անսովորի մերժումը՝ որպես օտար և խորթ, ավանդական ազգային և կրոնաբարոյական նորմերին ու արժեքներին ապավինելու նահապետական վերաբերմունքը անհատների, խմբերի կամ նույնիսկ ամբողջ հանրույթների սոցիալ-տնտեսական դժվարությունների, իրավիճակի և կարգավիճակի անցանկալի փոփոխությունների դեմ բողոքի առավել տարածված ձևերից մեկն է: Հատկանշական է, որ նման հակազդեցությունների կենտրոնում հայտնվում են այնպիսի հիմնարար խնդիրներ, ինչպիսիք են վերաբերմունքն ընտանիքի և ամուսնության նկատմամբ, ազատական կամ ճնշող սեռական բարոյախոսությունը, կանանց վիճակի հարցը:

Մեր հանրապետությունում Հ-ի սկզբունքը բավականին բարդ փոփոխություն է կրել: Մի կողմից, բնակչության մեծ մասի փաստորեն միջազգային շրջապատը, այլ ռասայի, կրոնի, մշակույթի մարդկանց հետ համատեղ գոյության ավանդույթի բացակայությունը լուրջ խնդիրներ չէին ստեղծում դրանց ներկայացուցիչների համար, որոնց հետ փոխհարաբերություն են ունենում մեր հայրենակիցները: Մյուս կողմից, անհատական առանձնահատկությունները չէին խրախուսվում և չէին ընդունվում, մարդն ընկալվում էր որպես ինչ-որ "համամասնություն", հանրույթի մաս, ուստի ընդհանուր առմամբ` տարբերվելու իրավունքի նկատմամբ հարգանք չի ձևավորվել:
Այդպիսի պայմաններում բազմակի աճում է սոցիալական աշխատողի Հ-ի դերը, նա պետք է ոչ միայն դրսևորի այդ հատկությունը այցելուների հետ ունեցած փոխհարաբերություններում, այլև այն սերմանի ողջ բնակչության մեջ: Սոցիալական աշխատողի համար Հ. մասնագիտորեն անհրաժեշտ հատկանիշ է: Սովորական շփման մեջ նա կարող է իր համար ընկերներ ընտրել ներքին հակվածությամբ և խուսափել անձամբ իր համար տհաճ մարդկանց հետ շփվելուց: Սոցիալական աշխատողների այցելուները սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ են: Նրանք կարող են լինել դժբախտ, նրանց տեսքը կարող է բավականին տհաճ լինել, նրանց վարքագծի անհատական, խմբային կամ ազգային կարծրատիպերը կարող են թվալ անսովոր և անընդունելի: Սակայն նման պատճառով անհատներին օգնելուց հրաժարվելն անթույլատրելի է: Այդ հարցում միակ չափանիշը մասնագիտական օգնության կարիքն է:

Մյուս կողմից, եթե մասնագիտական կարգապահությունն ստիպի սոցիալական աշխատողին համագործակցել տհաճ, վանող վերաբերմունք առաջացնող այցելուի հետ, ապա այդ ինքնահարկադրանքը կարող է նրա հոգեկան առողջության համար բացասական հետևանքներ ունենալ: Ուստի չժխտելով այցելուների բոլոր կատեգորիաների հանդեպ սոցիալական աշխատողի պարտավորությունները և հարգալիր վերաբերմունքը, հարկ է, նախ, մասնագիտորեն կողմնորոշել նրանցից յուրաքանչյուրին ներքուստ առավել մոտ գործունեության ոլորտ: Հ. որպես մարդկանց միջև գոյություն ունեցող տարբերությունների ընդունում` սոցիալական աշխատանքի մասնագետի այն կարևորագույն անձնական հատկանիշն է, որը թույլ կտա թուլացնել ինքնահարկադրանքի անհրաժեշտությունը:

Բնականաբար, Հ. ժամանակակից հասարակության մեջ ունի նաև իր շրջանակներն ու սահմանները: Անվերապահ սահմանափակումներից մեկը օրենքն է, որի խախտումն անթույլատրելի է ո՜չ անիրազեկության, ո՜չ էլ նրա դրույթներն ազգամշակութային կամ անձնական տեսակետից չընդունելու պատճառով: Այդ սահմանափակումների շարքն են դասվում նաև բարոյական նորմերը, քանզի դրանց բովանդակությունն ունի ո՜չ միայն համասոցիալական բնույթ: Անհարգալից վերաբերմունքը մարդու հանդեպ, նրա պատվի և արժանապատվության ոտնահարումը հազիվ թե կարող են ընկալվել հանդուրժողաբար: Բացի այդ, բացարձակ առաջնությունների շարքը, որոնք ստիպում են անտեսել հանդուրժողականությունը, չմիջամտելը և այլն, դասվում են երեխայի (երեխաների) շահերը, որոնց ոտնահարումն անթույլատրելի է:

Հաշմանդամ

Անձ, որն ունի օրգանիզմի գործառույթների կայուն խաթարում, ինչը պայմանավորված է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ զարգացման շեղումներով, որոնք հանգեցնում են կենսագործունեության սահմանափակմանը և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությանը:

Համաձայն հաշմանդամների իրավունքների մասին Հռչակագրի (ՄԱԿ, 1975թ.)՝ Հ. է այն մարդը, որն իր բնածին թե ձեռքբերովի ֆիզիկական կամ մտավոր կարողությունների պատճառով չի կարող ինքնուրույն լրիվ կամ մասնակի ապահովել նորմալ անձնական (կամ) սոցիալական կյանքի պահանջմունքները:
Կենսագործունեության սահմանափակումը որոշելիս հաշվի է առնվում ինքնասպասարկման, ինքնուրույն շարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքագիծը վերահսկելու, սովորելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անձի լրիվ կամ մասնակի անկարողությունը: Հայաստանում անձին հաշմանդամ է ճանաչում ՀՀ սոցիալական ապահովության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը` իր տարածքային հանձնաժողովների միջոցով (ԲՍՓՀ):

Ըստ ՄԱԿ-ի տվյալների աշխարհի բնակչության մոտ 10%-ը ունի սահմանափակ կարողություններ: Զարգացած արդյունաբերական երկրներում այդ ցուցանիշը համաշխարհային միջինից բարձր է, օրինակ՝ ԱՄՆ-ում  բնակչության մոտ 20%-ը: Հայաստանում 2003 թվականի հունվարի տվյալներով կար շուրջ 110 հազար հաշմանդամ (բնակչության մոտ 3%-ը), որոնց մեջ մանկահասակները և դեռահասները (մինչև 16 տարեկան) կազմում էին 8050 մարդ, 16-18 տարեկանները` 2146 հաշմանդամ երեխա:

Լատիներեն "invalid" բառը նշանակում է "ոչ պիտանի" և օգտագործվում է այն անձանց բնութագրելիս, որոնց կենսագործունեության դրսևորումները սահմանափակված են հիվանդության, խեղման, վնասվածքի հետևանքով: Երկար ժամանակ Հ-ին բնութագրելիս շեշտը դրվում էր հատկապես կենսագործունեության մասնագիտական-աշխատանքային կողմի վրա: Քանի որ հաշմանդամությունը արգելք է լիարժեք մասնագիտական գործունեության համար և մարդուն զրկում է իր գոյությունն ինքնուրույն ապահովելու հնարավորությունից, մինչև 20-րդ դարի կեսերը ուշադրություն էր դարձվում աշխատունակության կորստի և Հ-ի նյութական օգնության խնդիրներին հատկապես բժշկական տեսակետից:

Հ. դարձած մարդու համար սկսվում է կյանքի նոր փուլ. խախտվում է սոցիալական շփումների ձևավորված համակարգը, փոխվում է անձի հասարակական կարգավիճակը, արգելքներ են առաջանում կարևորագույն կենսաբանական և սոցիալական պահանջմունքներն իրականացնելիս: Հասարակությունն ստիպված է զգալի նյութական միջոցներ ծախսել՝ փոխհատուցելով Հ-ի դուրս մղվելը կենսագործունեության հիմնական ոլորտից՝ աշխատանքից: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ սկսեց զարգանալ վերականգնողաբանությունը որպես գիտություն և միջոցառումների համակարգ, որոնք ուղղված են ոչ միայն Հ. դարձնող գործոնների և պայմանների ազդեցության թուլացմանը, այլև Հ-ների համար հնարավորություններ ստեղծելուն՝ հասնելու սոցիալական ինտեգրման և հարմարվելու հասարակական կյանքին:

Հաշմանդամ երեխաներ

18 տարին չլրացած հաշմանդամներ (մյուս անվանումն է՝ սահմանափակ կարողություններով երեխաներ): Հաշմանդամ երեխայի կյանքն ընթանում է դեպրիվացիայի պայմաններում: Նրա զարգացման սոցիալական իրավիճակը տարբերվում է առողջ երեխայի ապրելակերպից և դաստիարակությունից: Այդպիսի երեխան, անկախ իր ունեցած սահմանափակումներից, որոնք վկայում են հաշմանդամության մասին, պետք է ընդգրկվի հաղորդակցման, հասակակիցների հետ խաղերի ոլորտը: Սակայն շրջապատողները հաճախ խուսափում են հաշմանդամների հետ շփվելուց: Առաջանում է երեխայի նորմալ կենսագործունեության օբյեկտիվ անհրաժեշտության և դրա լիարժեք իրականացման անհնարինության իրավիճակ:

 Սոցիալական դեպրիվացիան խորանում է հատուկ ստացիոնարներում, առողջարաններում, ինտերնատներում հիվանդ երեխայի տևական ապրելու ժամանակ, որտեղ սահմանափակ է սոցիալական փորձը և հաղորդակցումն իրականացվում է հենց այդպիսի երեխաների հետ: Նման մթնոլորտում դանդաղում է Հ.ե-ի սոցիալական և հաղորդակցման հմտությունների զարգացումը, ձևավորվում է շրջակա միջավայրի մասին անբավարար համարժեք պատկերացում:

Հ.ե-ի անձի ձևավորումը նշանակալի չափով կախված է ընտանիքի դիրքորոշումից: Գիտելիքների, կրթության պակասի, անձնական յուրօրինակությունների և մի շարք այլ գործոնների պատճառով ծնողների վերաբերմունքը խիստ տարբեր է, տարբեր է և համապատասխանաբար նրանց վարքագիծը, երբ ընտանիքում հայտնվում է հաշմանդամ երեխան: Այդ պահը, որպես կանոն, ուղեկցվում է ցնցումներով, ծնողներին հասցնում է սթրեսային վիճակի, առաջացնում շփոթվածության զգացում՝ հաճախ դառնալով ընտանիքի քայքայման պատճառ: Այդ իրավիճակում և, հատկապես, այդպիսի ընտանիքի գործունեության առաջին փուլերում կարևոր է սոցիալական աշխատողի աջակցությունը: Նրա խնդիրն է ուսումնասիրել ընտանիքի հոգեբանական մթնոլորտը, հարաբերությունները և ի հայտ բերել ծնողների, մյուս հարազատների բարոյահոգեբանական ռեսուրսները: Հայտնի է, որ մի դեպքում ընտանիքում գոյություն ունի ստեղծված իրավիճակի չընկալում և ծնողների պասիվ դիրքորոշում, իսկ մյուս դեպքում՝ ծնողների նորմալ վերաբերմունքը հաշմանդամ երեխայի աշխարհ գալու նկատմամբ, երրորդ դեպքում՝ ծնողների գերակտիվություն, մասնագետի, կլինիկաների, վերականգնողական կենտրոնների որոնումներ: Սոցիալական աշխատողը պետք է ընտանիքի ջանքերն ուղղի դեպի ավելի արդյունավետ ուղիներ, կատարի հոգեբանական և կազմակերպական աշխատանք. փորձի հաշտեցնել ծնողներին, եթե նրանք գժտվեն, սովորեցնի ճիշտ ընկալել իրենց ծանր պարտականությունները: Հաշմանդամ երեխայի հայտնվելով իրավիճակն ընտանիքում խորանում է նաև տնտեսական առումով. լրացուցիչ խնամքի և ծառայությունների անհրաժեշտություն է առաջանում:

Նյարդային վիճակի, եսակենտրոնության, սոցիալական և հոգեբանական ինֆանտիլիզմի զարգացումը շատ բանով կախված է ծնողների մանկավարժական, հոգեբանական և բժշկական գիտելիքներից և դրանք օգտագործելու ունակությունից: Սոցիալական աշխատողի դերն այդ առումով ծնողներին օգնելն է: Լուսավորչական, տեղեկատվական գործունեությունը, տվյալ բնագավառում իր գիտելիքները ճիշտ կիրառելու սոցիալական աշխատողի կարողությունը կարևորագույն խնդիրն է:

Հաշմանդամները և սպորտը

Հաշմանդամների կարողությունների վերականգնման համակարգում, նրանց բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործում այսօր առաջատար տեղ են գրավում ֆիզիկական կուլտուրան և սպորտը: Եթե ֆիզիկական կուլտուրան ֆիզիկական ընդունակությունների և շարժողական ունակությունների զարգացման համար ստեղծում է նախադրյալներ, ապա սպորտը նպաստում է հաշմանդամների այդ հնարավորությունների լիարժեք բացահայտմանը և խթանում նրանց երջանկության զգացումի լիարժեքությունը, կյանքի և դժվարությունների հաղթահարման նկատմամբ լցնում հավատով:

Սպորտը հաշմանդամներին ներքաշում է ակտիվ հասարակական կյանքի մեջ, ընդլայնում նրանց սոցիալական կապերը: Սպորտի օգնությամբ հաշմանդամները ստանում են ինքնադրսևորման և ինքնակատարելագործման հնարավորություն, բարձրանում է նրանց ինքնագնահատականը: Սպորտային ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում է ամբողջ օրգանիզմի (սրտանոթային, շնչառական, մկանային և այլ համակարգերի) և անհրաժեշտ մի շարք փոխհատուցող շարժումների ակտիվացմանը: Սա էլ իր հերթին դառնում է հաշմանդամների ֆիզիկական և սոցիալական վերականգնման էական գործոն:

Այսօր ֆիզիկական սպորտային աշխատանքներ են տարվում հաշմանդամների չորս խմբի հետ (տեսողության, լսողության, մտավոր և հենաշարժողական ապարատի խանգարումներ ունեցողներ): Ինչպես ավագ սերնդի, այնպես էլ մանուկ հաշմանդամների հետ տարվող սպորտային կազմակերպված աշխատանքն իրականացվում է հիմնականում կույրերի, խուլերի միությունների հիմնարկ-ձեռնարկություններում, ինչպես նաև հատուկ գիշերօթիկ դպրոցներում: Վերջին 15 տարիներին այս աշխատանքներում մեծ վաստակ ունի հաշմանդամների "Փյունիկ" հասարակական կազմակերպությունը:

Հաշմանդամների նկատմամբ տարվող սոցիալական քաղաքականություն

Սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ սոցիալական քաղաքականություն է իրականացվում երկու ուղղությամբ.
  • հասարակական, գլոբալ հիմնախնդիրների տեսակետից՝ հաշմանդամության հիմնախնդիրների նկատմամբ հասարակական կարծիքի փոփոխություն, կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորում, սոցիալական և արդյունավետ աշխատանքի տեղավորման համակարգի ստեղծում և այլն,
  • առանձին անհատի տեսակետից՝ նոր կենսապայմաններին հարմարվելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծում՝ հաշվի առնելով անհատական յուրահատկությունները:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 05.05.1992թ. 44-րդ նստաշրջանի վերականգնողական ծրագրերի հանձնարարականների մեջ նշվում է. ՙՀաշմանդամությունը հնարավորությունների սահմանափակում է, որը պայմանավորված է ֆիզիկական, հոգեբանական, զգայական, սոցիալական, մշակութային, օրենսդրական և այլ արգելքներով, որոնք հաշմանդամ մարդուն թույլ չեն տալիս ինտեգրվել հասարակությանը և մասնակցել ընտանիքի կամ հասարակության կյանքին այն նույն հիմունքներով, ինչ հասարակության մյուս անդամները՚: Հասարակությունը պետք է առկա չափորոշիչները հարմարեցնի հաշմանդամ մարդկանց յուրահատուկ կարիքներին, որպեսզի նրանք կարողանան ապրել անկախ կյանքով:

Հաշմանդամության նկատմամբ հասարակական վերաբերմունքը փոխելու նշանակալի ջանքեր են գործադրում ՄԱԿ-ը, նրա մասնագիտացված հիմնարկները, միջազգային համագործակցության այլ կազմակերպություններ:

Այս ուղղությամբ երկարաժամկետ ռազմավարություն է իրականացվում ՄԱԿ-ի հայտարարած Հաշմանդամների տասնամյակն ավարտվելուց հետո` հաշմանդամների վերաբերյալ համաշխարհային ծրագրերն ամբողջությամբ իրականացնելու համար: Այդ միջոցառումների գլխավոր նպատակը աշխարհի բոլոր երկրների ուշադրությունը և ռեսուրսները համախմբելն է` հաշմանդամ անձանց հիմնահարցերը լուծելու համար: Այս խնդրում էական ավանդ եղավ Հաշմանդամների համար հավասար հնարավորություններ ապահովելու ստանդարտ կանոնների մշակումը (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 48-րդ նստաշրջան, 14.12.1993թ.):
Հայաստանում նույնպես փոխվել է վերաբերմունքը հաշմանդամների հիմնախնդիրների նկատմամբ:

1993թ. ընդունվեց ՙՀայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին՚ ՀՀ օրենքը, որում լրացումներ կատարվեցին 2002թ.: Ըստ այդ օրենքի, հայրենական օրենսդրության մեջ առաջին անգամ հաշմանդամների նկատմամբ տարվող պետական սոցիալական քաղաքականության մեջ առաջնային է դառնում հաշմանդամների վերականգնումը:

Օրենքը նախատեսում է մի շարք արտոնություններ հաշմանդամների համար, առանց որոնց նրանք չեն կարող հաջողությամբ ինտեգրվել հասարակությանը՝
  • բժշկական օգնության իրավունք (անվճար կամ արտոնյալ պայմաններով), բժշկական վերականգնման իրավունք,
  • տեղեկատվության հասանելիության իրավունք,
  • սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներ անարգել մուտքի ապահովման իրավունք,
  • կրթության իրավունք,
  • աշխատանքի տեղավորման իրավունք,
  • նյութական ապահովության իրավունք,
  • սոցիալ-կենցաղային սպասարկման իրավունք,
  • սանատոր-առողջարանային բուժման իրավունք,
  • տրանսպորտային սպասարկման իրավունք,
  • հասարակական միավորումներ ստեղծելու իրավունք:
Օրենքի կիրառումն ապահովելու համար ընդունվել է նաև "Անձին հաշմանդամ ճանաչելու կարգը" և "Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունը": ՀՀ սոցիալական ապահովության և ՀՀ առողջապահության նախարարությունների համատեղ որոշմամբ հաստատվել են "Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու ժամանակ օգտագործվող դասակարգումը և ժամանակավոր չափանիշները":

ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը հաստատել է հաշմանդամի վերականգնման անհատական քարտի ձևը և մշակել այն լրացնելու մասին համապատասխան հրահանգ:
Հաշմանդամների կրթական հիմնախնդիրն իր արտացոլումն է գտել տանը և պետական հիմնարկներում հաշմանդամ երեխաների կրթության և դաստիարակության մասին ՀՀ կառավարության որոշումներում: Այդ նորմատիվ ակտերով կրթական հաստատություններին պարտավորեցվում է ապահովել հաշմանդամների տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալը:

Ի կատարումն "Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու մասին" ՀՀ կառավարության որոշման, հաստատվել է սոցիալական սպասարկման պետական և համայնքային հիմնարկների կողմից տարեց և հաշմանդամ քաղաքացիներին մատուցվող՝ երաշխավորված սոցիալական ծառայությունների ցանկը: Այդ ծառայությունները հաշմանդամներին մատուցվում են անվճար, ինչպես նաև մասնակի կամ լրիվ վճարելու պայմանով:

 Սոցիալական ծառայությունների համար վճարից ազատված բնակչության կատեգորիաները նախատեսված են սոցիալական ծառայությունների համար վճարելու կարգում, որտեղ նշված են տարեց և հաշմանդամ քաղաքացիներին տանը, սոցիալական սպասարկման պետական և համայնքային հիմնարկների կողմից՝ կիսաստացիոնար և ստացիոնար պայմաններում մատուցվող ծառայությունները: Տարեց և հաշմանդամ քաղաքացիների աշխատանքային գործունեության իրավական հիմունքները սոցիալական սպասարկման հիմնարկներում կանոնակարգվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
Հաշմանդամների նկատմամբ տարվող սոցիալական քաղաքականության առանցքը վերականգնման ուղղությունն է, որի էությունը հաշմանդամների՝ հարաբերականորեն անկախ կենսագործունեության ունակության վերականգնումն է:

ՀՀ բոլոր տարածաշրջաններում գործում են ԲՍՓ գործակալության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ, որոնք սահմանափակ կարողություններով անձանց համար մշակում են սոցիալ-բժշկական վերականգնման անհատական ծրագրեր:

Հաշմանդամների ուսուցում

Հատուկ կամ ընդհանուր կրթական ծրագրերի իրացում այն անձանց համար, ովքեր սահմանված կարգով հաշմանդամ են ճանաչվել, կամ այն անձանց համար, ովքեր ունեն սահմանափակ կարողություններ:

Կարևոր խնդիր է հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և մասնագիտական ուսուցման համակարգի կատարելագործումը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների համալրումը: Տարբեր խանգարումների առանձնահատկությունները պահանջում են համապատասխան ծրագրեր և հաճախ՝ մասնագիտացված ուսումնական հաստատություններ: Հ.ու-ի տարբերակված համակարգի կատարելագործումն իրականացվում է հոգևոր և մտավոր գործունեության խանգարումների կառուցվածքի հաշվառումով, հոգեկան և ֆիզիկական գործառույթների պահպանման շեշտադրումով, հաշմանդամի նախկին մասնագիտական փորձի օգտագործումով:

Հաշմանդամների խմբեր

Հաշմանդամների դասակարգումն ըստ նրանց առողջության և աշխատունակության կորստի աստիճանի: Դրանք որոշվում են հատուկ եղանակներով և արձանագրվում են փաստաթղթերում:
Ըստ օրգանիզմի գործառույթների խանգարման և կենսագործունեության սահմանափակման աստիճանի՝ հաշմանդամ ճանաչված անձանց համար սահմանվում են Հ.խ., իսկ մինչև 18 տարեկանների համար՝ "հաշմանդամ երեխա" կարգավիճակ:

Համաձայն գործող օրենսդրության՝ բժշկասոցիալական փորձաքննությունը սահմանում է հաշմանդամության պատճառը և խումբը, աշխատունակության կորստի աստիճանը, հաշմանդամության ժամանակահատվածը:

Ըստ օրգանիզմի գործառույթների կայուն խանգարումներով աստիճանի, որը հանգեցնում է մասնագիտական աշխատունակության լրիվ կամ զգալի կորստի, կամ էական կենսական դժվարությունների, առանձնացվում է հաշմանդամության երեք խումբ:

Հ. առաջին խ. սահմանելու հիմք է օրգանիզմի գործառույթների այնպիսի խանգարումը, երբ հաշմանդամը չի կարող ինքն իր մասին հոգ տանել և կարիք ունի մշտական օգնության, խնամքի կամ հսկողության: Այդ խմբի հաշմանդամներին անհրաժեշտ է ոչ թե պատահական, դիպվածային խնամք կամ հսկողություն առողջական վիճակի ժամանակավոր վատացման դեպքում, այլ մշտական խնամք, օգնություն կամ հսկողություն (անկախ այն բանից, թե ով և որտեղ է այն իրականացնում):

Հ. երկրորդ խ. սահմանելու հիմք են օրգանիզմի գործառութային զգալիորեն արտահայտված խանգարումները, որոնք, սակայն, մշտական կողմնակի օգնության (խնամքի կամ հսկողության) անհրաժեշտություն չեն առաջացնում, բայց հանգեցնում են լրիվ կամ տևական անաշխատունակության, կամ այնպիսի վիճակի, երբ աշխատանքի որոշ տեսակներ կարող են մատչելի լինել միայն հատուկ ստեղծված պայմաններում:

Հ. երրորդ խ. սահմանելու հիմք է օրգանիզմի գործառույթների խանգարման հետևանքով աշխատունակության զգալի նվազումը, ինչը պայմանավորված է քրոնիկական հիվանդություններով կամ կազմախոսական շեղումներով:

Համաձայն նորմատիվ ակտերի՝ սահմանվում են հաշմանդամության հետևյալ պատճառները՝ ընդհանուր հիվանդություն, աշխատանքային խեղում, մասնագիտական հիվանդություն, մանկուց հաշմանդամություն, զինծառայության ժամանակ ստացած վնասվածք (ցնցում, խեղում), զինծառայության պարտականությունները կատարելիս ստացած հիվանդություն:

Կախված հաշմանդամության խմբից, պատճառից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հաշմանդամության առաջացման ժամանակից՝ նշանակվում են կենսաթոշակներ, սահմանվում են արտոնություններ, տրամադրվում են սոցիալական ապահովության և սպասարկման այլ տեսակներ:
Սահմանված են լրացուցիչ հրահանգներ, հանձնարարականներ և դրույթներ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, զինված ուժերում ծառայող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցների, ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությանը ենթարկված անձանց հաշմանդամության պատճառական կապը որոշելու կարգի մասին, ինչը նախատեսում է լրացուցիչ արտոնություններ կենսաթոշակային ապահովության, պրոթեզավորման, բժշկական սպասարկման, առողջարանային բուժման, աշխատանքի և աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովելու, տրանսպորտով երթևեկելու ոլորտներում և այլն:

Հաշմանդամների մոդելներ

Հաշմանդամության, հաշմանդամի և հասարակության փոխհարաբերությունների, հաշմանդամների սոցիալական վերականգնման և ինտեգրման սահմանների և հնարավորությունների էության ընկալման հայեցակարգային- գործնական մոտեցումների տարբերակներ:

Ավանդաբար գոյություն է ունեցել այն կարծիքը, թե հաշմանդամները լիարժեք հասարակական կյանքի ընդունակ չեն: "Հաշմանդամություն" և "անաշխատունակություն" հասկացություններն օգտագործվել են որպես համարյա հավասար նշանակության և իրար փոխարինող տերմիններ: "Հաշմանդամ" բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է ՙհիվանդ, անլիարժեք, անաշխատունակ (լատ.` "անօգտակար"):

 Ներկայումս աստիճանաբար հաստատվում է հակառակ տեսակետը, այն է` կարողությունների որոշակի սահմանափակումներ ունեցող մարդը կարող է բավականին ակտիվորեն մասնակցել սոցիալական գործունեության բոլոր ոլորտներին: Ավելի առաջնային է դառնում հաշմանդամ մարդկանց և հասարակության մյուս անդամների իրավունքների և հնարավորությունների հավասարության դրույթը:

Հաշմանդամության հիմնախնդիրների նկատմամբ հայացքների վերագնահատման մեջ կարևոր դեր է կատարել կարողությունների որոշակի սահմանափակումներով անձանց անկախ կյանքի համար քաղաքական շարժումը, որն սկսվել է 1962թ.: Ինքնահաստատման և ստեղծարար ակտիվության միջոցով իրենց գոյության պայմանների բարելավման ձգտումը հանգեցրեց հաշմանդամների սոցիալական հիմնախնդիրների լուծման նոր, ավելի արդյունավետ ձևերի ու եղանակների որոնմանը և գիտական հիմքի վրա սկզբունքորեն նոր Հ.մ-ների կառուցմանը:

Այդպիսի մոդելներն առաջին անգամ նկարագրել է ամերիկացի Կ. Դենսոնը: Այդ ուղղությամբ հետագա հետազոտություններն անց են կացվել Կանադայում և Արևմտյան Եվրոպայի երկրներում: Հայաստանում նույնպես փորձեր են արվում դասակարգել հաշմանդամության էության ընկալման գոյություն ունեցող մոտեցումները:

Բժշկական մոդել: Բժիշկները հաշմանդամությունը դիտում են որպես հիվանդություն, հոգեբանական, ֆիզիկական, կենսաբանական շեղում (մշտական կամ ժամանակավոր):

Հաշմանդամության խումբ սահմանելիս որոշվում է մարդու աշխատունակության կորստի աստիճանը: Հաշմանդամությունը սահմանվում է բժշկաաշխատանքային փորձաքննական գործակալության ԲԱՓ տարածքային հանձնաժողովի որոշմամբ:
Հաշմանդամության հիմնախնդիրների լուծման հիմնական եղանակը վերականգնումն է (վերականգնողական կենտրոնների ծրագրերը, բացի հիմնական բուժումից, ներառում են նաև աշխատանքային բուժման սեանսներ և կուրսեր):

Սոցիալական մոդել: Այս մոդելի շրջանակներում հաշմանդամությունն ընկալվում է որպես մարդու` սոցիալապես գործելու ընդունակության կրճատում և բնորոշվում է որպես կենսագործունեության սահմանափակում: Սոցիալական մոդելը ենթադրում է հաշմանդամության հետ կապված հիմնախնդիրների լուծում սոցիալական ծառայությունների համակարգի ստեղծման միջոցով, որոնք օգնում են ապրել սահմանափակ կարողություններով մարդկանց: Բժշկականին շատ մոտ սոցիալական մոդելը բնորոշվում է հաշմանդամների խնդիրների նկատմամբ հայրական (պատերնալիստական) մոտեցումով, ուստի սոցիալական ծառայությունները, որոնք կազմակերպվում են այդ մոդելին համապատասխան, այցելուին առաջարկում են ծառայությունների որոշակի ցանկ. մթերքներ գնել, շտապօգնության մեքենայով պոլիկլինիկա կամ հիվանդանոց հասցնել, բնակարանը մաքրել և այլն:

Մասնագիտացված ուսումնական հաստատությունների ուղղվածությունը նույնպես համապատասխանում է այդ սոցիալական մոդելին. հնարավորություն չունենալով յուրաքանչյուր կարիքավորին կրթական ծառայություններ մատուցել տանը` այդ հաստատությունները գործում են որպես ինտերնատներ:

Քաղաքական-իրավական մոդելը լայնորեն օգտագործում են ինքնուրույն կյանքի համար հաշմանդամների զանազան հասարակական շարժումները: Քաղաքական մոդելը սահմանափակ կարողություններով մարդկանց դիտում է որպես փոքրամասնություն, որի իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են խտրականություն սերմանող օրենսդրությամբ, ճարտարապետական միջավայրի, տեղեկատվության և զանգվածային հաղորդակցման միջոցների անմատչելիությամբ, համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին մասնակցելու սահմանափակությամբ: Քաղաքական-իրավական մոդելի բովանդակությունը բնորոշում է այդ հիմնախնդիրների լուծման հետևյալ մոտեցումը. հաշմանդամ մարդու իրավունքները` մասնակցել հասարակական կյանքի բոլոր ոլորտներին, պետք է ամրագրված լինեն օրենսդրությամբ, իրագործվեն մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում դրույթների և կանոնների չափորոշացման միջոցով և ապահովվեն սոցիալական կառույցի ընձեռած հավասար հնարավորություններով:

Հայաստանում նկատվում է սահմանափակ կարողություններով մարդկանց հասարակական շարժման ակտիվություն, պետությունը զարգացնում է սոցիալական գործընկերություն նրանց հասարակական միավորումների հետ, աջակցում է նրանց նորարարական (իննովացիոն) գործունեությանը, ներգրավում է սոցիալական խնդիրների լուծմանը: Ստեղծվել են հանրապետական մակարդակի մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար սոցիալական համակարգի զարգացմանը: Ավելի ու ավելի մեծ ճանաչում է գտնում այն կարծիքը, որ հաշմանդամ մարդիկ ունեն ազատ ընտրության, ինքնուրույնության և հասարակության կյանքի բոլոր ոլորտներին մասնակցելու  իրավունք: Հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով պետք է ստեղծվի սոցիալական ծառայությունների համակարգ: Ընդ որում, աջակցության սոցիալական ծառայությունը այցելուին օգնում է իր ներուժը և ընդունակություններն իրագործելու և ստեղծագործական նախաձեռնություն դրսևորելու գործում: Այդպիսի սոցիալական ծառայությունների ղեկավարմանը պետք է մասնակցեն հաշմանդամները: Լինելով հաշմանդամության հիմնախնդիրների ամենագիտակ փորձագետները` նրանք ավելի լավ կարող են նախատեսել սոցիալական աջակցության արդյունավետ ձևերն ու եղանակները, առավել օբյեկտիվորեն գնահատել իրենց կարիքներն ու պահանջմունքները, նպաստել աջակցություն ստացող մարդուց դեպի սոցիալական ծառայություն հետադարձ կապը: Սոցիալական օգնության նկատմամբ այդպիսի մոտեցումը սկզբունքորեն փոխում է սոցիալական ծառայությունների բնույթը. նրանք չեն խնամակալում հաշմանդամին և չեն զրկում նախաձեռնությունից, այլ ընդհակառակը` նրան մղում են ինքնորոշման և կենսական իրավիճակներն ինքնուրույն կառավարելու ձգտմանը, ընդլայնում են նրա հնարավորությունները:

Մշակութային բազմակարծություն: Այս մոդելն ընդգրկվում է հաշմանդամների անկախ կյանքի փիլիսոփայության սկզբունքների վրա հիմնված` բոլոր հասարակական շարժումների ծրագրերում: Կատարելության ձգտող մարդկությունը միշտ հակված է եղել վեհ գաղափարների: Մշակութային բազմակարծության մոդելն արտացոլում է հաշմանդամ մարդկանց անկեղծ ցանկությունը` ապրել կատարյալ, մեծ կազմակերպվածություն ունեցող աշխարհում, որտեղ ներդաշնակորեն կմիահյուսվեն հասարակության և յուրաքանչյուր անհատի շահերը: Բոլոր տարբերությունները (մաշկի գույն, կրոն, ավանդույթներ, լեզուներ, ֆիզիկական տարբերություններ, սեռ, տարիք, ընդունակություններ, տաղանդներ և այլն) պետք է դիտարկվեն հասարակության վրա նրանց բարերար ազդեցության լույսի ներքո:

Եթե քաղաքական-իրավական մոդելը հասարակությանը կողմնորոշում է դեպի յուրաքանչյուր առանձին սոցիալական խմբի հատուկ իրավունքների պաշտպանությունը, ապա մշակութային մոդելը շեշտը դնում է հավասարության հասկացության վրա. հասարակական կյանքի բոլոր կողմերը պետք է միանման մատչելի լինեն հասարակության յուրաքանչյուր անդամի համար` անկախ նրա անհատական տարբերություններից: Մարդու սոցիալական արժեքը կորոշվի ընդհանուր գործի մեջ նրա ունեցած ավանդով:

Հաշմանդամության հիմնախնդիրների նկատմամբ տարբեր մոտեցումների գոյությունն օրինաչափ է: Սոցիալական քաղաքականության հիմնական ուղղությունները կախված են դրա իրագործմանը մասնակցող մարդկանցից:
Այսօր մեծ հրատապություն է ձեռք բերում հաշմանդամության վերաբերյալ մոտեցումների չափորոշման հիմնախնդիրը, որի լուծումը մեծապես կախված է այդ սոցիալական երևույթի միասնական, մարդասիրական մեկնաբանության մշակումից, որն առավել լրիվ կարտացոլի հասարակության հաշմանդամ անդամի իրավունքներն ու շահերը, ողջ հասարակության շահերը և կնպաստի նրանց զարգացմանը: Այդ առումով որոշակի նշանակություն ունի Հ.մ-ների վերաբերյալ սոցիալական քաղաքականության և սոցիալական համակարգերի տեսությունների համակարգումը, որոնք ստեղծվել են այս կամ այն մոդելի հիման վրա, և այս կամ այն մոդելի ազդեցությունը հաշմանդամների իրական կարիքների, պահանջմունքների և հետաքրքրությունների վրա:

Հաշմանդամություն

Կարողությունների սահմանափակում, որի հետևանքով հաշմանդամ մարդը չի կարողանում ինտեգրվել հասարակությանը և լիարժեք մասնակցել նրա կյանքին:

Հասարակական աշխատանքներ

Իշխանության տեղական մարմինների և զբաղվածության ծառայությունների կազմակերպած վարձատրվող աշխատանք (առավելապես գործազուրկ քաղաքացիների համար)՝ բնակչության ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու նպատակով: Այն առաջին անգամ կիրառել է ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտը Մեծ ճգնաժամի տարիներին (1929-1933թթ.), որը նրա "նոր կուրսի" սկիզբն էր: Կիրառվել է նաև մի շարք երկրներում, մասնավորապես հետպատերազմյան Գերմանիայում:

Հասարակական աշխատանքի կազմակերպումը գործազուրկներին օգնելու առավել հին սոցիալական տեխնոլոգիաներից մեկն է: Այն Հայաստանում իրականացվում է 1993 թվականից` "Սնունդ աշխատանքի դիմաց" ձևով: Արդեն երկու տարի է, որ Հայաստանում գործում է "Նպաստ աշխատանքի դիմաց" ծրագիրը: Գործազուրկը ներգրավվում է տարբեր` կանաչապատման, անտառատնկման, պատմական հուշարձանների և շրջակայքի բարեկարգման աշխատանքներում:

Հասարակական կազմակերպություններ

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման տեսակ, որտեղ իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվում են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
1 2 >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան