Գաղտնիություն

Բարոյական սկզբունք, ըստ որի սոցիալական աշխատողը կամ մարդկանց հետ գործ ունեցող այլ մասնագետ իրավունք չունի երրորդ անձին հայտնել այցելուին վերաբերող տեղեկատվությունը՝ առանց վերջինիս համաձայնության: Դա կարող է լինել այցելուի անձի, մասնագիտական ունակությունների մասին տեղեկատվություն, հիվանդության պատմության նյութերը և այլն: Սոցիալական աշխատանքում միայն հատուկ դեպքերում, երբ լռությունը վտանգում է այցելուի կամ մեկ ուրիշի կյանքը, սոցիալական աշխատողները կարող են խախտել գաղտնիության նորմը (օրինակ` ուժ կիրառելու սպառնալիք, հանցագործությունների կատարում, երեխայի հետ դաժան վարվելու կասկածանք, ինքնասպանության փորձ և այլն):

Գլաուկոմա

 (Հուն. glaucos - կանաչ բառից)՝ աչքի հիվանդություն: Հիմնական ախտանշաններն են՝ ներաչքային բարձր ճնշումը, աչքի հյուսվածքներում տեղի ունեցող փոփոխությունները և տեսողական գործառույթի նվազումը: Առանձնացնում են առաջնային և երկրորդային Գ.: Գ. հիմնականում ի հայտ է գալիս հասուն տարիքում և կուրության հիմնական պատճառներից մեկն է: Այն հանդիպում է նաև երեխաների մոտ: Գ-ով հիվանդները տեսողության անկման աճող բնույթի և տեսողական գործառույթների խոր խանգարումների հետևանքով հիմնականում սովորում են կույրերի համար նախատեսված դպրոցներում, որտեղ գտնվում են բժիշկ-օֆտալմոլոգի հետևողական հսկողության ներքո:

Կուրության կանխարգելման համար շատ կարևոր է հիվանդության վաղ ախտորոշումը, թերապևտիկ բուժումը, իսկ երբեմն նաև՝ վիրահատությունը:

Գնահատող հետազոտություն

Սոցիալական հետազոտության տեսակ, որն անցկացվում է սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետությունը գնահատելու համար:

Գնահատումը սոցիալական աշխատանքում

Ակտիվ ճանաչողական գործընթաց, երբ սոցիալական աշխատողը և այցելուն միասին փորձում են հասկանալ այցելուի կյանքում առաջացած դժվարությունների բնույթը, պատճառները և դրանց հաղթահարման արդյունավետ ուղիներ գտնել՝ այցելուի, նրա սոցիալական միջավայրի ու մասնագիտական ցանցի ամբողջական գնահատման միջոցով: Գնահատման ընթացքում սոցիալական աշխատողը լայնորեն օգտվում է գենոգրամից և էկոգրամից: Գենոգրամը որոշակի պայմանական նշանների միջոցով կառուցված սխեմա է, որն արտացոլում է ընտանիքի կազմը, կառուցվածքը և միջսերնդային կապերը: Էկոգրամը նույն միջոցներով կառուցված սխեմա է, որն արտացոլում է այցելուի ընտանիքը սոցիալական միջավայրի համատեքստում:

Գործազրկության նպաստ

Դրամական օգնություն, որը վճարվում է օրենքով սահմանված կարգով գործազուրկ ճանաչված անձանց:

Գործազրկություն

Սոցիալ-տնտեսական երևույթ, շուկայական տնտեսության ֆենոմեն, որն արտահայտվում է աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի ինչպես որակական, այնպես էլ քանակական անհամապատասխանությամբ:

Գ. ծնվում է հետևյալ գործոնների առկայությամբ. աշխատանքի շուկայում մրցակցություն, ներդրումային ակտիվություն, արտադրությունում դրամավարկային և հարկային քաղաքականության կառուցվածքային փոփոխություններ, օպտիմալացում, ժողովրդագրական իրավիճակ, ինչպես նաև աշխատողների աշխատանքային վարք և այլն:Գ.աճում է տնտեսական ճգնաժամերի ժամանակ աշխատուժի պահանջարկի կտրուկ անկման պատճառով: 

Գ.բնորոշվում է երկու ցուցանիշներով. առաջին՝ գործազրկության մակարդակ, որն ընդհանրական գնահատական է տալիս այդ պահին աշխատանքի շուկայի և հաշվետու ժամանակաշրջանում դրա փոփոխությունների մասին: Գ-ի մակարդակը տնտեսության զարգացման սոցիալական կարևորագույն ցուցանիշներից է: 

Գ-ի մակարդակը որոշվում է նաև ընտրանքային հետազոտության միջոցով: Երկրորդ ցուցանիշը գործազրկության տևողությունն է, որը բնորոշվում է գործազուրկի կողմից աշխատանք փնտրելու միջին տևողությամբ: 

Ըստ Գ-ի բնույթի, պատճառների և առանձնահատկությունների, տարբերում են նրա հետևյալ տեսակները. կառուցվածքային՝ չզբաղվածների այն խումբն է, որոնք գործազուրկ են, քանի որ նրանց մասնագիտության պահանջարկը չկա աշխատանքի շուկայում, կամ նրանց մասնագիտական որակավորումը չի բավարարում շուկայի պահանջները: Գ-ի այս ձևն առաջանում է արտադրության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով: Հոսուն (ֆրիկցիոն) Գ., երբ գործազուրկը կամավոր փնտրում է այլ, ավելի հարմար աշխատանք տվյալ հաշվետու ժամանակաշրջանում, ցիկլային ձևն առաջանում է արտադրության անկման՝ ճգնաժամային շրջանում, երբ աշխատուժի պահանջարկը շատ ցածր է: Թաքնված գործազրկությունն ունի հետևյալ ձևերը` կազմակերպություններում գրանցված աշխատողների ավելցուկ, որոնք ստանում են աշխատավարձ, ոչ լրիվ աշխատանքային օրով զբաղված աշխատողների առկայություն, որոնք ստանում են համապատասխան աշխատավարձ և ցանկություն ունեն, բայց հնարավորություն չունեն անցնելու լրիվ աշխատանքային օրովա շխատանքի,արձակուրդի վարչական ձևակերպում աշխատավարձի մասնակի պահպանմամբ կամ երկարատև արձակուրդի ձևակերպում` առանց աշխատավարձի պահպանման: Գործազրկությունը կարող է լինել նաև սեզոնային, մասնակի, տարածաշրջանային, երիտասարդական և այլն: 

Գ-ի մակարդակը տնտեսական ակտիվության ցուցիչ է, որը ցույց է տալիս բնակչության թվի և աշխատանք փնտրող մարդկանց ընդհանուր թվաքանակի հարաբերությունը,աշխատանք գտնելու հնարավորություն չունեցող աշխատունակ բնակչության տոկոսը:

Գործառույթների փոխհատուցում

Զարգացման, անկանոնությունների, կրած հիվանդությունների և վնասվածքների հետևանքով թերզարգացած, խանգարված կամ կորցրած գործառույթների լրացում: Վնասվածքին օրգանիզմի հարմարվողական ռեակցիայի կարևորագույն տարատեսակներից մեկն այն է, որ անմիջականորեն չտուժած օրգանները և համակարգերը վնասված օրգանի գործառույթն իրենց վրա են վերցնում` գործառույթի ուժեղացման, այսպես կոչված` փոխարինող (հիպերֆունկցիա) կամ գործառույթի որակական վերակառուցման միջոցով:

Թեև փոխհատուցումը չի կարելի նույնացնել վնասված օրգանի ռեակցիաների ողջ համալիրի, այդ թվում՝ նոր կենսապայմաններին հարմարվելու հետ, որևէ համակարգի գործառնման խանգարումը հանգեցնում է օրգանիզմի երկակի փոփոխությունների: Մի կողմից` տարբեր գործառույթների սերտ կապը կարող է պայմանավորել այնպիսի խանգարումների դրսևորում, որն անմիջականորեն կապված չէ վնասող ազդեցության, այսպես կոչված` երկրորդային արատների հետ, որն էլ իր հերթին կարող է առաջացնել հետագա (երրորդային) խանգարումներ: Օրինակ` լսողական ընկալիչի բնածին կամ վաղ առաջացած վնասվածքը հանգեցնում է լսողական ընկալման կորստի կամ խանգարման (առաջնային արատ), ինչն առաջացնում է խոսքի զարգացման խանգարում (երկրորդային արատ), որը կարող է դառնալ մտածողության, հիշողության և անձի զարգացման կասեցման պատճառ: Մյուս կողմից` տեղի է ունենում տարբեր համակարգերի գործառույթների վերակառուցում, որն ապահովում է օրգանիզմի հարմարվելու գործընթացը՝ ծագած անբավարարության պայմաններում, գործի են դրվում օրգանիզմի պահուստային հնարավորությունները, պահպանական ռեակցիաները և այլն, այսինքն` տեղի է ունենում փոխհատուցում բառի լայն իմաստով:

Ֆիզիոլոգիական Գ.փ. տեղի է ունենում ինքնաբերական վերակառուցման ճանապարհով, որտեղ կարևոր դեր է կատարում կենտրոնական նյարդային համակարգում իրականացվող, այսպես կոչված, հարմարվողական ռեակցիայի հաջողվածության գնահատականը: Փոխհատուցումը բարդ հոգեկան գործընթացների մակարդակով ընթանում է գիտակցված վերաուսուցմամբ և իրականացվում է հիշվող նյութի արդյունավետ կազմակերպմամբ, լրացուցիչ ասոցիացիաներ ներգրավելով, հուշամարզության (մնեմոտեխնիկայի) հնարքների օգտագործմամբ: Ընդհանուր առմամբ, բարձրագույն հոգեկան գործառույթների փոխհատուցման ժամանակ հատուկ նշանակություն ունի պահպանվող ընկալիչների միացումը:

Որպես կանոն, մասնագետներն առանձնացնում են փոխհատուցման շտապ և երկարաժամկետ փուլերը: Օրինակ, աջ ձեռքը կորցնելու դեպքում մարդն իսկույն սկսում է օգտագործել ձախ ձեռքը, թեև այդ շտապ փոխհատուցումը սկզբում նաև անկատար է: Հետագայում զարգանում են հմտություններ, որոնք ապահովում են երկարաժամկետ փոխհատուցումներ` մարդը հարաբերականորեն ավելի լավ է կատարում ձախ ձեռքով այն գործողությունները, որոնք նախկինում կատարում էր աջ ձեռքով: Ժամկետային (բայց ոչ կատարյալ) փոխհատուցման ձևավորումը և փոխարկվելը կայուն երկարաժամկետ փոխհատուցման` այս գործընթացի զարգացման ընդհանուր օրինաչափությունն է:

Փոխհատուցման գործընթացի յուրահատկությունները և փոխհատուցման կատարելության աստիճանը կախված են մի շարք պայմաններից, այդ թվում` օրգանիզմի նախորդ վիճակից (օրինակ` ֆիզիկապես մարզված անձանց մոտ ավելի կատարյալ է ընթանում սրտի արատների փոխհատուցումը. բազմազան շարժողական հմտությունների առկայությունը նպաստում է փոխհատուցմանը նյարդային համակարգի և հենաշարժողական ապարատի վնասվածքի դեպքում), տարիքից (փոխհատուցումն առավել հաջող է իրականացվում վաղ հասակում արատի ծագման դեպքում), գործառույթի խանգարման ծանրությունից և վաղեմությունից, արատի նկատմամբ մարդու վերաբերմունքից և այլն: Փոխհատուցման գործընթացում մեծ դեր են կատարում կենտրոնական նյարդային համակարգի անհատական յուրահատկությունները, աշխատանքային գործունեության բնույթը և պայմանները, կրթության մակարդակը և այլն: Ըստ որոշ մասնագետների՝ հեշտ և արագ է ընթանում երկրորդային արատների փոխհատուցումը, որոնց վերացումն իր հերթին հեշտացնում է առաջնային խանգարված գործառույթների փոխհատուցումը:

Արատաբանության մեջ փոխհատուցման հարցերը հատուկ նշանակություն ունեն կենտրոնական նյարդային համակարգի վնասման դեպքում, քանի որ խանգարվում են հոգեկան զարգացման և ուսուցման գործընթացները: Ընդհանուր առմամբ, փոխհատուցող գործընթացները նյարդային համակարգի վնասման դեպքում առավել կատարյալ են: Այստեղ կարևոր դեր են կատարում բազմագիծ և բազմակողմանի կազմախոսական կապերը նյարդային համակարգի տարբեր բաժինների միջև (ուղիներից մեկի քայքայման դեպքում դրա գործառույթն իրենց վրա են վերցնում նյարդային մյուս բջիջները) և նյարդային կենտրոնների հարմարվողականությունը:

Զարգացման այն անոմալիաների դեպքում, որոնք կապված ընկալիչների բնածին կամ վաղ ձեռք բերված արատների հետ, ֆունկցիոնալ համակարգի զարգացման համար փոխհատուցման ընթացքում կարևոր դեր է խաղում այս կամ այն զգայարանի թերզարգացման հետևանքով առաջացող զգայական դեպրիվացիան, ինչպես նաև հատուկ ուսուցումը: Օրինակ` միայն հատուկ ուսուցման՝ շոշափողական ընկալման զարգացման միջոցով է հնարավոր փոխհատուցել կույր երեխայի տեսողական ընկալիչի կորցրած գործառույթը: Լսողական ընկալիչի (խլության դեպքում) կորցրած գործառույթը փոխհատուցվում է տեսողական ընկալմամբ (խոսողի շրթունքներին նայելով և մատնային այբուբենի միջոցով): Կարևոր դեր է կատարում տեսողության և լսողության մնացորդի օգտագործումը հատուկ տեխնիկական միջոցների օգնությամբ, որոնք փաստորեն թույլ են տալիս փոխարինել վնասված ընկալիչի գործառույթները:

Խանգարված Գ.փ-ի եղանակները, որոնք կիրառվում են արատաբանության մեջ, հիմնված են ուղեղի հսկայական ռեսուրսների օգտագործման վրա, որոնք բնորոշվում են նրա պլաստիկությամբ, ասոցիատիվ նյարդային կապերի ձևավորման գործնականում անսահմանափակ հնարավորությամբ, նյարդային բջիջների նեղ մասնագիտացման բացակայությամբ: Շատ հաճախ հաջող փոխհատուցման միջոցներ են բուժիչ պատրաստուկները, ֆիզիոթերապիան և այլ բուժմիջոցառումները:

Գրքաբուժություն (բիբլիոթերապիա)

(հուն. գիրք և բուժում բառերից) հոգեբուժության եղանակ, որը հիմնված է մանկավարժական դիդակտիկ սկզբունքների վրա: Իրականացվում է առաջին հերթին գեղարվեստական գրքերի միջոցով: Գ. հիվանդի անհատականության բուժական դաստիարակությունն է գրողի գեղարվեստական, հուզական և հոգեբանական վարպետության ազդեցությամբ, որը ցույց է տալիս հիվանդին յուրահատուկ բախումնային, նյարդածին իրավիճակներից դուրս գալու ուղիները: Մշակված է հոգեծին ռեակցիաների գծապատկերը, որին համապատասխան կազմված են գրքերի ցուցակները: Գրքերն ընտրելիս հաշվի են առնում գրքում նկարագրվածի և հիվանդի վիճակի առավելագույն նմանությունը, հիվանդի համար այդ գրքի մատչելիության աստիճանը:

Գործազուրկ

Գործազուրկն աշխատանք և աշխատավարձ չունեցող քաղաքացին է, հարմար աշխատանք գտնելու հույսով և այդ աշխատանքը կատարելու պատրաստակամությամբ զբաղվածության ծառայություններում հաշվառված անձ:

Հարմար աշխատանքն այն աշխատանքն է, որը համապատասխանում է աշխատողի մասնագիտական որակավորմանը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական պատրաստությունը, նախկին աշխատանքը, առողջական վիճակը, աշխատատեղի տրանսպորտային մատչելիության աստիճանը:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան