Եկամուտների ինդեքսավորում

Բնակչության տարբեր խմբերի եկամուտների կանոնավոր փոփոխություն, որն իրականացնում է պետությունը՝ ելնելով գների մակարդակի փոփոխությունից:

Ինդեքսավորման նպատակը քաղաքացիների դրամական եկամուտների և խնայողությունների գնողունակության պահպանումն է: Ինդեքսավորումը կարող է զուգակցվել բնակչության եկամուտների պետական կարգավորման այլ եղանակների հետ (աշխատավարձի, կենսաթոշակների, սոցիալական նպաստների չափերի վերանայում և այլն):

Ինդեքսավորման ենթակա են. կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, բացի այն կազմակերպություններից, որոնք ինքնուրույն են որոշում իրենց թողարկած արտադրանքի և մատուցած ծառայությունների գինը. պետական կենսաթոշակները, կրթաթոշակները, սոցիալական նպաստները (երեխաներ ունեցող ընտանիքների, գործազրկության, ժամանակավոր անաշխատունակության և այլն), բացի միանվագ օգնություններից, բանկերում քաղաքացիների ավանդները, պետական արժեթղթերը, պետական ապահովագրության համար կատարած վճարումները:


Այն գումարները, որոնք սահմանված կարգով գանձվում են առողջությանը պատճառված վնասի, քաղաքացու մահվան և նրան պատճառված այլ վնասի համար, պետական կենսաթոշակներին հավասար ենթակա են ինդեքսավորման այն ձեռնարկությունների կամ քաղաքացիների հաշվին, ովքեր վնաս են պատճառել: Քաղաքացիների եկամուտների և ավանդների ինդեքսավորման համար օգտագործվում է մթերային և ոչ մթերային ապրանքների, ինչպես նաև վճարովի ծառայությունների սպառողական գների ինդեքսը:
Հայաստանի Հանրապետությունում դեռևս չի ընդունված օրենք ինդեքսավորման մասին:

Երաժշտաբուժություն

Երաժշտության օգտագործումը բուժական նպատակներով, ամենից հաճախ` զուգակցելով հոգեբուժության մյուս մեթոդսների հետ: Երաժշտությունը դրական է ազդում ընկճվածության վիճակներում. լավացնում է տրամադրությունը, բարձրացնում է տոնուսը: Ընդսմին երաժշտությունը չպետք է լինի չափից դուրս ուրախ, կայտառ, քանի որ դա կարող է ունենալ հակառակ ներգործությունը՝ վատացնել հիվանդի հոգեկան վիճակը: Երաժշտությունը նպաստում է հիվանդի հետ շփումը բարելավելուն, եթե համապատասխանում է նրա հուզավիճակին: Այսպես, օրինակ, ընկճվածության դեպքում ցուցված է միայն մելամաղձոտ, թախծոտ երաժշտությունը և միայն մի քանի սեանս "երաժշտական շփում" հաստատելուց հետո կարելի է անցնել ուրախ տոնայնությամբ երաժշտության: Մշակված են Ե-ի անհատական և խմբային ակտիվության և երաժշտության ու ինքնուրույն մարզումի զուգակցման մեթոդիկաներ:

Երաշխիք

Երաշխավորություն, գրավական, ինչ-որ բանի երաշխիք, ապահովություն:

Սոցիալական երաշխիքներ՝ սոցիալ-տնտեսական և իրավական միջոցների համակարգ, որոնք ապահովում են հասարակության անդամների, սոցիալական խմբերի կենսագործունեության պայմանները, նրանց հետաքրքրությունների, զանազան կապերի և հարաբերությունների իրացումը, հասարակական ողջ համակարգի գործառնումը և զարգացումը: Հիմնական սոցիալական Ե-ներից են՝ մասնագիտություն ընտրելու իրավունքը, մասնագիտական ջանքերի ներդրման, ընդհանուր և մասնագիտական կրթության իրավունքը, տնտեսական գործունեության ձևերի ընտրության իրավունքը, իր աշխատանքային ներուժի, ընդունակությունների իրացման և աշխատանքի որակին և քանակին համարժեք վարձատրության, սպառման ապրանքների և ծառայությունների նորմատիվ ամբողջությանն այդ վարձատրության միանման համարժեքության մարդու իրավունքը: Սպառման ոլորտում սոցիալական Ե-ների իրականացումը նշանակում է՝ կյանքի, առողջապահության, կրթության, եկամուտների, ընդունելի կենսամակարդակի, պահանջմունքների բավարարման նվազագույն ընդունելի մակարդակի ապահովում:

Այդ նպատակով մշակվում է սոցիալ-տնտեսական նորմատիվների համակարգ, որը սահմանում է անհատական և հասարակական պահանջմունքները բավարարելու համար կենսական բարիքների նվազագույն մակարդակի ներքին սահմանները: Դրանցից են՝ նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը, կրթաթոշակը, կրթության ծախսերի չափը, մանկական նախադպրոցական հիմնարկները, բնակարանով ապահովվածության նորմատիվները, առողջության պահպանումը, կրթությունը, կենսականորեն անհրաժեշտ պահանջմունքների բավարարման համար ապրանքների և ծառայությունների ամբողջությունը: Պահանջմունքների բավարարման նվազագույն մակարդակը, որ հասարակությունը երաշխավորում է քաղաքացիների համար, պետք է համաձայնեցված լինի միջին կենսական ստանդարտների հետ:
Սոցիալական Ե-ների իրացումը շատ բանով կախված է սպառման ապրանքների և ծառայությունների քանակից ու որակից, որոնք բնակչությանը տրամադրվում են հասարակության հաշվին կամ վաստակած դրամական միջոցների փոխարեն: Հաշմանդամների և սոցիալական խմբերի կենսագործունեության պայմանների ապահովումը ներառում է սպառողական ապրանքների և ծառայությունների, բնակարանի, բնակության վայրի, առողջապահական, մշակութային հիմնարկների, հանգստի կազմակերպման եղանակների, նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման ընտրության իրավունք:

Երեխայի իրավունքների դաշնագիր

Միջազգային նորմատիվ իրավական հիմնարար փաստաթղթերից մեկը, որը պարունակում է երեխայի իրավունքների հիմնավորումը և նկարագիրը:

 Դաշնագրի հիմնական նպատակն է առավելագույնս պաշտպանել երեխայի շահերը, ընդ որում այն կոչ է անում դաշնագիրն ստորագրած պետություններին ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց առկայությամբ երեխաները կարող են ակտիվորեն և ստեղծագործաբար մասնակցել իրենց երկրի սոցիալ-քաղաքական կյանքին:

Համաձայն դաշնագրի` երեխա է համարվում մինչև 18 տարեկան յուրաքանչյուր անձ, եթե միայն ազգային օրենսդրությամբ նախատեսված չէ չափահասության ավելի վաղ տարիք: Ընդգրկելով մարդու քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և մշակութային իրավունքների ողջ համալիրը, դաշնագիրը ճանաչում է, որ մեկ իրավունքի իրականացումը անբաժանելի է մյուսներն իրականացնելուց: Այն ցույց է տալիս, որ երեխայի մտավոր, բարոյական և հոգևոր ընդունակությունների զարգացման համար անհրաժեշտ ազատությունը կախված է, բացի այլ բաներից, առողջ և անվտանգ շրջապատից, առողջապահության մատչելիությունից և սննդի նվազագույն նորմերի պահպանումից, հագուստից, բնակարանից:

Անխտրականությունը դաշնագրի կարևոր սկզբունքն է. երեխաներն իրենց իրավունքներից պետք է օգտվեն առանց որևէ խտրականության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և երեխայի ծննդյան հանգամանքներից, նրա, նրա ծնողների կամ օրինական խնամակալների սոցիալական վիճակից կամ որևէ այլ հանգամանքից: Դաշնագիրն ընդլայնում է երեխայի իրավունքների շրջանակը` երեխաներին պաշտպանելով շահագործման բոլոր ձևերից, դիտարկելով ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների խմբերի երեխաների իրավունքների, ինչպես նաև թմրանյութերի չարաշահման և երեխաների հանդեպ հոգատարության բացակայության հարցերը: Այն բովանդակում է կոնկրետ դրույթներ` նպատակ ունենալով պաշտպանել հանցավոր գործունեության մեջ ներգրավված երեխաների իրավունքները: Դաշնագիրը ճանաչում է ընտանիքի և ծնողների առաջնահերթ դերը երեխաների հանդեպ հոգատարության և պաշտպանության գործում, ինչպես նաև պետության պարտականությունը` օգնել նրանց իրենց պարտականությունների կատարման գործում:

Երեխայի լքվածություն

Երեխայի ընդհանուր զարգացման հապաղում, որն առաջանում է, երբ նրա խնամքի համար պատասխանատու անձանց կողմից բավարար ուշադրություն չի դարձվում երեխային/հաղորդակցման պահանջմունքի բավարարում, ժամանցի կազմակերպում և այլն/ կամ երեխայի նորմալ զարգացման համար անհրաժեշտ միջոցներ ու պայմաններ չեն ստեղծվում/բնակարան, կենցաղ, սնունդ, հագուստ և այլն/:

Երրորդ հազարամյակի խարտիա

1999 թվականի սեպտեմբերի 9-ին Լոնդոնում, Միջազգային վերականգնման ասամբլեայում ընդունվեց Ե.հ.խ., որն է` յուրաքանչյուր հասարակության մեջ մարդու իրավունքները պետք է պահպանվեն և գտնվեն պաշտպանության ներքո: Սույն Խարտիան կոչված է կենսագործելու այս հայտարարությունը:

Մարդու հիմնական իրավունքներն առայժմ ամեն օր խախտվում են ողջ աշխարհում, և դա հատկապես վերաբերում է սահմանափակ կարողություններ ունեցող 600 մլն երեխաներին, կանանց ու տղամարդկանց: Մենք ձգտում ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ հավասար հնարավորությունները նրանց համար կդառնան լուսավորչական քաղաքականության և քաղաքակիրթ օրենսդրության բնական հետևանք և կապահովեն բնակչության այդ կատեգորիայի լիարժեք ընդգրկումը հասարակության կյանքի բոլոր ոլորտներում:

20-րդ դարի գիտական և մարդասիրական առաջընթացն ամրապնդեց մարդկային կյանքի և յուրաքանչյուր մարդու անձի եզակիության մեր ընկալումը: Սակայն նախապաշարմունքը, վախը շարունակում են պայմանավորել հասարակության և սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց փոխհարաբերությունները: Երրորդ հազարամյակում մենք հաշմանդամությունը պետք է ընդունենք որպես մարդկային կյանքի բազմաձև դրսևորումներից մեկը:

Համաձայն վիճակագրության, մեր մոլորակի բնակչության միջին հաշվով 10%-ն ունի կենսագործունեության բնածին կամ ձեռքբերված սահմանափակում և մոտավորապես յուրաքանչյուր չորս ընտանիքից մեկն իր կազմում հաշմանդամ ունի:

Զարգացած և զարգացող երկրներում, երկրագնդի հյուսիսային և հարավային կիսագնդերում խտրականության և մարգինալացման հետևանքով սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հատկացնում են սոցիալական և տնտեսական սանդուղքի ամենաստորին աստիճանը:

21-րդ դարում մենք պետք է ձգտենք, որ բնակչության այդ կատեգորիայի մարդկային և քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ճանաչվեն բոլոր մարդկանց իրավունքների և պարտականությունների նման:

20-րդ դարը ցույց տվեց, որ օգտագործելով մարդկային մտքի նվաճումները, կարելի է լուծել հասարակության բոլոր ռեսուրսների իրավունքի հարցը՝ ֆիզիկական, սոցիալական և մշակութային միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և տեխնոլոգիաների, զանգվածային լրատվության միջոցների, կրթության, արդարադատության, սոցիալական բարեկեցության համակարգի, զբաղվածության, սպորտի և հանգստի, քաղաքացիական կամքի դրսևորման և կրոնական դավանանքի:
21-րդ դարում յուրաքանչյուր անհատի համար պետք է ապահովենք քաղաքակրթության բարիքներից օգտվելու իրավունք և ձգտենք վերացնել սահմանափակ կարողություններով մարդկանց առջև հառնած ֆիզիկական և հոգեբանական արգելքները, նրանց համար բացել հասարակական կյանքին ակտիվորեն մասնակցելու ուղիները: Նմանօրինակ մոտեցումը կնպաստի հասարակության կյանքին և ղեկավարմանը, նրա անդամների մասնակցության ակտիվացմանը, ջերմությամբ կլցնի մարդկային հարաբերությունները, Երկիր մոլորակը կդարձնի էլ ավելի հրաշալի:

Ամեն օր, ամեն րոպե ավելի ու ավելի շատ երեխաներ ու մեծահասակներ են հայտնվում սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց մեջ, որոնց օրգանիզմի խախտումները անբավարար կանխարգելիչ միջոցառումների կամ բուժվող հիվանդության բուժման անհաջող փորձի հետևանք են:

 Համատարած պատվաստումները(գլոբալ իմունացում) և կանխարգելիչ մյուս ռազմավարություններն այլևս միայն բարի ցանկություն չեն, այլ գործնականորեն և տնտեսապես արդյունավետ հնարավորություններ:

Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս գործ ունենալ կենսաբանական կյանքի գենետիկական բաղադրամասերի հետ, և այդ գործընթացը մարդասիրական վերահսկողության շրջանակներում ընթանում է լոկ տեսականորեն: Դա հաշմանդամության ծագման և զարգացման ռիսկի կանխարգելման հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային երկխոսության մեջ նոր չափումներ է մտցնում: Երրորդ հազարամյակում մենք պետք է մշակենք մի քաղաքականություն, որը հիմնված է կարեկցության վրա, ելնելով մարդ-անհատի արժանապատվության ու ամբողջականության և մարդկության զարգացման ընթացքում ժառանգված հավասարակշռվածության և առավելությունների նկատմամբ հարգանքից, որոնք բխում են մարդկանց միջև գոյություն ունեցող տարբերությունների բազմազանությունից:

Տնտեսական և սոցիալական զարգացման բնագավառում օգնության միջազգային ծրագրերը պետք է նախատեսեն նախագծերի ենթակառուցվածքների մատչելիության նվազագույն ստանդարտներ, ներառյալ տեխնոլոգիաները և հաղորդակցման ուղիները, սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հասարակական կյանքի մեջ լրիվ ընդգրկվածությունը երաշխավորելու համար:

Յուրաքանչյուր ազգ պետք է ունենա իրականացման փուլում գտնվող համազգային ծրագրեր, որոնք կոչված են կրճատելու հաշմանդամության ծագման և զարգացման ռիսկը՝ ի շահ երեխաների և մեծահասակների:

Սահմանափակ կարողություններով բոլոր մարդիկ պետք է ունենան ինքնասպասարկման տեխնոլոգիաների և հարմարվելու միջոցների մասին տեղեկատվություն:

Սահմանափակ կարողություններ ունեցող ցանկացած մարդ, յուրաքանչյուր ընտանիք, որն իր կազմում հաշմանդամ ունի, պետք է ստանա վերականգնողական սպասարկում, որն անհրաժեշտ է հոգեբանական, ֆիզիկական և ֆունկցիոնալ վիճակը բարելավելու, ինքնուրույն կենսաձև վարելու ընդունակությունը զարգացնելու համար:

Սահմանափակ կարողություններով մարդկանց հարկ է առանցքային դեր հատկացնել օգնության և վերականգնման անհատական ծրագրեր կազմելիս: Նրանց միավորումները պետք է համապատասխան ռեսուրսներ ունենան ազգային մասշտաբով վերականգնման և անկախ կենսաձևի ծրագրեր պլանավորելու պատասխանատվությունը բաժանելու համար:
Վերականգնումը, որը հիմնվում է ըստ բնակության վայրի օգնություն ցուցաբերելու սկզբունքի վրա, պետք է լայնորեն տարածվի ազգային և միջազգային մակարդակով՝ որպես շատ երկրների վերականգնողական սպասարկման մեջ առավել նպատակահարմար, արդյունավետ և աջակցող մոտեցում:
Յուրաքանչյուր ազգ պետք է մշակի համակողմանի ծրագիր այն նպատակների և խնդիրների իրականացման հստակ գրաֆիկով, որոնք հռչակել է Խարտիան, ներգրավելով սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց միավորումներն ու կազմակերպությունները, որոնք այդ կատեգորիայի բնակչությանը ծառայություններ են մատուցում:

Խարտիան դիմում է մասնակից պետություններին՝ խնդրելով օգնել սահմանափակ կարողություններով մարդկանց իրավական հարցերով ՄԱԿ-ի դաշնագիրը քարոզելու գործում` որպես հասարակությանը նրանց ինտեգրվելու հիմնախնդրի լուծման առանցքային ռազմավարություն:

Երրորդ հազարամյակում բոլոր ազգերի խնդիրը պետք է լինի սահմանափակ կարողություններով անձանց իրավունքների պաշտպանությունը՝ նրանց լիազորություններին աջակցելու և հասարակության կյանքի բոլոր ոլորտների մեջ ներգրավելու ճանապարհով: Ուստի Երրորդ հազարամյակի սույն խարտիան կոչված է լինել գործողությունների ծրագիր ողջ մարդկության համար, վստահ, որ իր բոլոր խնդիրների կատարումը սուրբ պարտականությունն է յուրաքանչյուր կառավարության, յուրաքանչյուր ոչ կառավարական կազմակերպության և միջազգային կազմակերպության:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան