Դաժան վերաբերմունք ընտանիքում

Ներընտանեկան հարաբերությունների կառուցվածքային հատկանիշ, որն արտահայտվում է ընտանիքի անդամներից որևէ մեկին շարունակաբար վնաս հասցնելով, բարոյական, զգացմունքային, հոգեբանական, ֆիզիկական կամ սեռական ճանապարհով նվաստացնելով:

Ներընտանեկան բռնության ուսումնասիրությունն սկսվել է բավականին ուշ: Դարեր շարունակ ընտանեկան հարաբերությունների նահապետական մոդելի գերիշխանությամբ եվրոպական սոցիալ-մշակութային միջավայրում` ընտանիքի գլխավորի, իշխանությունը մյուս անդամների կյանքի, վարքագծի և ունեցվածքի վրա համարվում էր բացարձակ, իսկ հետագայում՝ առաջնային: Ընտանիքի մյուս անդամները իրավունք չունեին պաշտպանել իրենց ֆիզիկական անձեռնմխելիությունը և արժանապատվությունը: Այսօր էլ ամուսնու կամ կնոջ՝ իր սեռական ռեսուրսները տնօրինելու իրավունքը, ամենուրեք չէ, որ ճանաչվում է:

Երեխաների անձեռնմխելիությունը նույնպես երկար ժամանակ մերժվում էր եվրոպական հասարակական գիտակցության կողմից: Երեխաները համարվում էին մեղսավոր էակներ, և նրանց դեպի բարին ուղղելու համար ծնողներն ու դաստիարակները պարտավոր էին կիրառել հարկադրման բոլոր միջոցները: Ընդ որում՝ ծնողական սերն ամենևին չէր բացառում, այլ նախատեսում էր մարմնական պատիժները:

Անհատի և ողջ հասարակության ազատագրումը եկեղեցական բարոյախոսությունից, հոգեբանական հեղափոխությունը, որը հաստատեց յուրաքանչյուր անհատի՝ անկախ տարիքից, սեռից և այլ առանձնահատկություններից, երջանկության իրավունքը, հաստատվեցին ինչպես ընտանիքի չափահաս անդամների, այնպես էլ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի անհանդուրժելիության պատկերացումները: Ավելին, առանձին անհատներ և ողջ հասարակությունն ավելի ՙզգայուն՚ դարձավ բռնության նկատմամբ՝ որպես դաժանություն դիտելով այն, ինչը նախկինում կարող էր համարվել միայն բանական խստություն կամ անձի խառնվածքի յուրահատկություն:

Նման փոփոխությունները հանգեցրին ընտանեկան բռնության խնդրի նկատմամբ գիտական հետաքրքրության աճին, ընդ որում հետազոտությունների շնորհիվ բացահայտվեց ներընտանեկան անհանդուրժելի հարաբերությունների մի այնպիսի ցնցող տարածվածություն, որը սովորաբար թաքցվում է կողմնակի անձանց աչքից: Ձևակերպվեցին որոշ ենթադրություններ ներընտանեկան դաժանության պատճառների մասին, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կերպ.

Նախ, բռնությունը կարող է ունենալ սոցիալ-մշակութային բնույթ, լինել ընտանեկան փոխհարաբերությունների էության մասին քարացած պատկերացումների անբաժանելի մաս, որն ընկալվել է դաստիարակության հետ, ամրապնդվել արտաքին տպավորություններով և այդպիսով ներկայացել որպես միակ հնարավոր մոդել: Երկրորդ, դա չի հակասում պատճառների առաջին խմբին. Դ.վ.ը. կարող է լինել անհատի կամ անհատների անձնական կենսափորձի հետևանք, և դրանով իսկ նրանց համար նույնպես ստեղծվում է փոխհարաբերությունների նման տեսակը համընդհանուր համարելու հիմք: Պատճառների երրորդ խումբը կապված է "մանկության վնասվածքի"՝ վաղ տարիքում ունեցած կործանարար փորձի հետ, ինչն ստիպում է անհատին ինչ-որ չափով մերձավորների վրա "թափել" իր մանկական բարդույթները: Այնուհետև, անհատի անձնական կայունության սահմանները գերազանցող արտաքին ազդեցությունների հետևանքով առաջացած ապահատուցումը (դեկոմպենսացիա) ստիպում է նրան տանը փնտրել իր անբավարարվածության փոխհատուցումը՝ ինքնահաստատվելով ավելի թույլերի հաշվին, որոնք ընդունակ չեն հակահարված տալ և պաշտպանել իրենց: Վերջապես, պատճառների հինգերորդ խումբը բնորոշվում է անհատի անձնական նախադրյալներով, իշխող գծերի գերաճով, բնավորության շահագործողական յուրահատկություններով, որոնք ժամանակին չեն փոխհատուցվել դաստիարակությամբ:
Դաժան վերաբերմունքի ձևերը չեն հանգում միայն ծեծին, դրանք ներառում են ոտնձգություն ընտանիքի անդամի անհատականության, ֆիզիկական, հոգեկան և այլ ընդունակությունները տնօրինելու նրա իրավունքի դեմ: Ուստի դաժան վերաբերմունքի դրսևորում պիտի համարել բարոյահոգեբանական բռնությունը, երբ ընտանիքի այն անդամը, որը հնարավորություն ունի որոշել մյուս անդամների վարքագիծը, արգելում է նրանց շփվել ցանկալի բարեկամների և հարևանների հետ: Կամ, օրինակ, ամուսինը դեմ է կնոջ արտատնային զբաղվածությանը՝ չթողնելով նրան աշխատել կամ ստիպում է թողնել աշխատանքը: Այստեղ հնարավոր է կնոջ նկատմամբ խեղաթյուրված հոգատարությունը, բայց ամենից հաճախ դա իշխելու, ուրիշին ստորացնելով՝ իրեն բարձրացնելու գիտակցված կամ չգիտակցված ձգտման դրսևորում է: Նույն կերպ կարելի է մեկնաբանել ընտանիքի որևէ անդամի կրթություն ստանալու, որակավորումը բարձրացնելու ձգտմանը խոչընդոտելը:

Ոչ պակաս վնասակար կարող են լինել հուզական-հոգեբանական այնպիսի դրսևորումները, ինչպես ծաղրը, վիրավորանքը, նսեմացնող համեմատությունները, անհիմն քննադատությունը: Այդպիսի վարքագիծը և հոգեբանական մթնոլորտը ապակառուցողական ազդեցություն են թողնում ընտանիքի անդամների փոխհարաբերությունների, նսեմացված անձանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:

Դաժանության առավել կործանարար, թեև դժվար ախտորոշվող, ձևերից է (ամենից առաջ՝ երեխաների հանդեպ) զգացմունքային վանումը, սառնությունը, առանց հոգեբանական և բարոյական աջակցության թողնելը: Եթե առանց խնամքի թողնելը, հոգատարության պակասը կարող է պատճառ լինել երեխաների կյանքին այն անձանց միջամտելու համար, ովքեր լիազորված են հետևել նրանց բարեկեցությանը (խնամակալություն, հոգաբարձություն, ներքին գործերի մարմինների ներկայացուցիչներ և այլն), ապա զգացմունքային ջերմության պակասը արտաքին վնասվածքների հետք չի թողնում, բայց առողջության վրա կարող է ազդել հեռահար հետևանքներով, զարգացող մարդու բնավորության և ճակատագրի վրա թողնել խոր և անուղղելի հետք: "Մանկության վնասվածքն" իրեն զգացնել կտա արդեն չափահաս անհատի՝ իր սեփական ընտանիքի, իր սեփական երեխաների նկատմամբ վերաբերմունքի մեջ: Ի դեպ, նման զգացմունքային վանումը կործանարար ազդեցություն է ունենում նաև ընտանիքի մեծահասակ անդամների բնավորության վրա:

Վերջապես, անձի, նրա առողջության և հենց կյանքի համար Դ.վ.ը-ի ամենավտանգավոր տեսակը ֆիզիկական և սեռական բռնությունն է: Դրանք կարող են զուգակցվել կամ դրսևորվել առանձին:

Ֆիզիկական բռնությունն այն է, երբ ընտանիքի անդամը (անդամները) մյուս անդամին (անդամներին, առաջին հերթին՝ երեխաներին և կանանց) ֆիզիկական ցավ է պատճառում, վերք է հասցնում կամ սպանում է: Դա կարող է կատարվել ծեծի, խեղդելու, կծելու ձևով և այլն:

Հնարավոր են նաև այնպիսի վիճակներ, երբ երեխաներին տալիս են թունավոր կամ հոգեցունց նյութեր, վտանգավոր դեղեր կամ ոգելից խմիչք:

Անձի սեռական անձեռնմխելիության խնդիրը, իր սեռական ընդունակությունները տնօրինելու իրավունքն ամենևին էլ լրիվ գիտակցված չեն հասարակության մեջ: Միայն վերջին տարիներին է ճանաչում գտել այն տեսակետը, որ ընտանիքի չափահաս անդամն իրավունք ունի կամավոր համաձայնվել կամ չհամաձայնվել սեռական հարաբերություն ունենալ նույնիսկ իր ամուսնու հետ: Սեռական ոլորտում դաժանության հարցը պետք է դիտարկվի նաև երեխաների առնչությամբ:

Սեռական բռնությունն այն է, երբ մեծահասակներն անչափահաս երեխաներին օգտագործում են իրենց սեռական պահանջմունքները բավարարելու համար: Դրանք կարող են լինել հպումներ, շոյանք, սեռական հարաբերություն, ձեռնաշարժություն կամ հետանցքային սեռական հարաբերություն, ինչպես նաև այլասերված այլ գործողություններ՝ ներառյալ երեխաներին տարբեր ձևերի պոռնոգրաֆիա ցուցադրելը:

Երեխային անառակաբարո գործողությունների մղելու նպատակով հաճախ կիրառվում է ֆիզիկական բռնությունը: Սակայն զգացմունքայնորեն վանված և սոցիալապես անուշադրության մատնված երեխաները հաճախ իրենց սեռական ռեսուրսներն օգտագործում են մեծահասակներին "կաշառելու" համար, որպեսզի փոքր-ինչ ձեռք բերեն նրանց ջերմությունը և ուշադրությունը: Նման առանձնահատուկ, սեռականացված վարքագիծը դժվարությամբ է ուղղվում, անգամ եթե երեխաները հետագայում հայտնվում են նորմալ, սեռական շահագործումը բացառող պայմաններում:

Ֆիզիկական և սեռական բռնությունը կործանարար է ազդում մեծահասակների, առավել ևս երեխաների վրա: Այն վերապրած անձանց բնորոշ են երկար ժամանակ պահպանվող ընկճվածության վիճակը, տագնապի սրացումները, հպումների և շփումների նկատմամբ վախը, գիշերային մղձավանջները, մեկուսացվածության զգացումը և ցածր ինքնագնահատականը:

Ընտանիքի առավել թույլ անդամներին, առաջին հերթին` երեխաներին, դաժան վերաբերմունքից պաշտպանելը սոցիալական աշխատողի կարևորագույն խնդիրներից մեկն է: Հաճախ դաժան վերաբերմունքի ենթարկվողները վախեցած են կամ ի վիճակի չեն պատմել, թե իրենց հետ ինչ է կատարվում՝ չհասկանալու, փոքր տարիքի կամ այլ օբյեկտիվ պատճառներով: Որպես կանոն, վարքագծի այս տեսակը շրջապատի աչքից թաքնված է: Որոշ դեպքերում դրա հետևանքները չեն մնում կամ արագ անհետանում են: Այդ պատճառով ցանկալի է իմանալ գլխավոր և երկրորդական այն պատճառները, որոնք հանգեցնում են ընտանիքում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի: Դրանք են նախահարձակությունը, գրգռված վարքագիծը, օտարվածությունը, անտարբերությունը, ավելորդ զիջողականությունը կամ զգուշությունը, ավելորդ, տարիքին ոչ հարիր սեռական տեղեկացվածությունը, որովայնում ցավի անհասկանալի ծագումը, սնվելու հետ կապված խնդիրը՝ շարունակական գերսնումից մինչև ախորժակի լրիվ բացակայություն, անհանգիստ քունը, մղձավանջները, գիշերամիզությունը:

Բացի այդ, մեծահասակների և երեխաների փոխհարաբերություններում կարող է առկա լինել ընդգծված գաղտնապահություն, վախ ինչ-որ մեկի նկատմամբ, նրա հետ մենակ չմնալու մեծ ցանկություն: Երբեմն ծնողները երեխաներին արգելում են դպրոց գնալ: Դպրոցական կյանքին նման երեխաները քիչ են մասնակցում կամ ընդհանրապես չեն մասնակցում: Նրանք քիչ ընկերներ են ունենում կամ ընդհանրապես չեն ունենում: Երեխաների զարգացումը հետ է մնում, նրանք վատ են սովորում: Երեխաները չեն վստահում մեծերին, հատկապես նրանց, ովքեր մոտ են գտնվում: Նրանք կարող են փախչել տնից, ինքնասպանության փորձ կատարել, իրենց մարմնական վնասվածք հասցնել:

Մաշկի վրա ծեծի, այրվածքների հետքերը, աչքի խնձորակի մեջ արյուն լցվելը, հագուստի վրա արյան կամ սերմնահեղուկի հետքերը կարող են վկայել դաժան վերաբերմունքի մասին:

Այդօրինակ նշանների առկայությունը լուրջ պատճառ է ընտանիքում տիրող մթնոլորտը խորությամբ ուսումնասիրելու համար: Ախտորոշմանը սոցիալական աշխատողի, հոգեբանի, բժշկի, երբեմն՝ ներքին գործերի մարմինների աշխատակիցների մասնակցությունը պետք է տա կատարվող դեպքերի օբյեկտիվ պատկերը և օգնի վերացնել ընտանիքում մեծերի և փոքրերի նկատմամբ դաժան վերաբերմունքի երևույթը: Երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի դրսևորումը, մեծերի անուղղելի վարքագիծը կարող են լինել ծնողական իրավունքներից նրանց զրկելու կամ Դ.վ.ը-ի համար մեղավոր անձի դեմ քրեական հետապնդում սկսելու պատճառ:

Սոցիալական աշխատանքի կարևորագույն մասն է նաև կանխիչ և կանխարգելիչ գործունեությունը, ընտանիքում դաժան վերաբերմունքի և դրա նախադրյալների առաջացման կանխումը: Դա՝ տեղեկատվական-քարոզչական ակտիվությունն է, ընտանիքների սոցիալական վերահսկողությունը, վերլուծական-ախտորոշիչ գործունեությունը և բախումնաբանական աշխատանքը բնակչության հետ:

Դաստիրակ

Ուսումնական հաստատության աշխատակից, որի պաշտոնական պարտականությունների մեջ մտնում են սովորողների և սաների կենսագործունեության ծրագրավորումը և կազմակերպումը, նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման և աշխատանքային հարմարվողականության համար նախատեսված պայմանների ապահովմանն ուղղված ամենօրյա աշխատանքները, սովորողների անհատական առանձնահատկությունների ուսումնասիրության վրա հիմնված շտկողական-զարգացնող աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև սաների հոգեֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումների անցկացումը:

Դաունի հիվանդություն

Օլիգոֆրենիայի մի ձև, երբ մտավոր զարգացման արատը դրսևորվում է նաև հիվանդի յուրահատուկ արտաքին տեսքով. գանգուղեղը թերզարգացած է, ծոծրակը՝ ուղիղ, աչքերը՝ շեղ, բերանը՝ կիսաբաց, կլոր, ականջները՝ ձևափոխված, քիթը՝ տափակ:

Այդ հիվանդության դեպքում վնասված են բոլոր օրգաններն ու հյուսվածքները (սրտի արատ, մկանային թուլություն), շարժումները և քայլվածքը անկանոն են: Հիվանդությունը առաջին անգամ նկարագրել է Լ. Դաունը (1866թ.):

Դաունի հիվանդությունը քրոմոսոմային հիվանդություն է: Կենսաբանական տարբեր պատճառների հետևանքով երբեմն քրոմոսոմների 21-րդ զույգը չի կիսվում, և բեղմնավորված բջիջը 46-ի փոխարեն ունենում է 47 քրոմոսոմ, որի հետևանքով առաջանում է այդ ծանր ախտաբանությունը:

Դեբիլություն

(Լատ. debilis - թույլ)՝ մտավոր զարգացման թույլ արտահայտված խանգարում, մտավոր հետամնացության թեթև աստիճան: Դեբիլությունը, համեմատած իմբիցիլության և ապուշության հետ, բնածին կամ վաղ մանկական տարիներին ձեռք բերած սակավամտության առավել թեթև տեսակն է: Դեբիլությունը պետք է տարբերել դեմենցիայից: Դեբիլության պատճառ կարող են դառնալ ներարգանդային կյանքում ստացած վնասվածքները՝ կապված հղիության ժամանակ մոր տարած հիվանդությունների կամ վնասվածքների, ինչպես նաև ներարգանդային վաղ շրջանում պտղի հիվանդության հետ: Կյանքի առաջին մեկ-երկու տարիներին երեխայի տարած ծանր ընթացող վարակիչ հիվանդությունների կամ վնասվածքների հետևանքով առաջանում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի խաթարում, որը առաջացնում է մտավոր զարգացման լուրջ խանգարումներ:

Դեբիլ երեխաների ֆիզիկական զարգացումը գրեթե համապատասխանում է իրենց տարիքին և չի տարբերվում հասակակից առողջ երեխաների ֆիզիկական զարգացումից: Շարժողական գործունեության խախտումները  դրսևորվում են միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում կատարել բարդ շարժումներ, որոնք հանձնարարվում են խոսքով: Դեբիլությամբ տառապող երեխաների խոսքի զարգացումը զգալիորեն ետ է մնում իրենց առողջ հասակակիցների խոսքից: Լսողախոսքային համակարգի լուրջ շեղումների հետ մեկտեղ նրանց հատուկ են նաև հնչյունաարտաբերական խոսքի, տեմպի արատներ, թլվատություն, կակազություն և այլն: Գլխուղեղի կեղևի բջիջների ցածր գրգռականության և ներքին թույլ արգելակման պատճառով այսպիսի երեխաների մոտ նկատվում է ուսումնական նյութի յուրացման դժվարություն և վերլուծական գործողության ցածր ընդունակություն: Ճանաչողական գործունեության անբավարարությունը, հոգեկան գործընթացների պասիվությունը, կարևորը՝ վերացական մտածողության աղքատությունը, նյարդային, մասնավորապես երկրորդ ազդարարային համակարգի թերզարգացածությունը դեբիլ երեխաների համար անհաղթահարելի դժվարություններ են ստեղծում հանրակրթական դպրոցում ուսումնական ծրագրով նախատեսված նյութը յուրացնելիս: Այս երեխաները չեն կարողանում օգտագործել ձեռք բերած գիտելիքները և փորձը: Արդեն առաջին դասարանից նրանք սկսում են հետ մնալ իրենց հասակակիցներից:

Դեբիլ երեխաների վարքը, այնուամենայնիվ, համապատասխանում է իրադրությանը՝ չնայած նրանց կամային հատկանիշները թույլ են զարգացած: Սովորաբար նրանք ենթարկվում են ընդունված կարգուկանոնին: Հատուկ ուսուցման և դաստիարակության ճիշտ դրվածքի դեպքում օժանդակ դպրոցներում որոշակի սահմաններում փոխհատուցվում են նրանց խախտումները, նպաստելով, որ երեխաները հնարավորության սահմաններում դառնան հասարակության համար պիտանի մարդիկ:

Դեպրիվացիա

(Լատ. deprivatio - կորուստ, ինչ-որ բանից զրկում)՝ 

1) սոցիոլոգիական իմաստով՝ հարաբերական աղքատության հետևանք, որը ենթադրում է ոչ թե սեփական տարրական պահանջմունքները բավարարելու անհնարինություն, այլ "առաջին գերանհրաժեշտ" նյութական բարիքներից զրկում:

Սա տեղի է ունենում աղքատության ավանդական ձևերը պահպանած այն արդյունաբերական հասարակություններում, որտեղ հասարակական-տնտեսական զարգացումը հասել է որոշակի մակարդակի, երբ հնարավոր է դառնում բոլոր հարաչափերով բավարարել հիերարխիկ կառույցի ամենաստորին աստիճանին գտնվող բնակչության ճնշող մեծամասնության ամենատարրական պահանջմունքները: Դ. զգում են նրանք, ովքեր որոշակի բարիքների՝ կրթության, մասնակցություն կառավարմանը և այլն, շատ ավելի քիչ հնարավորություն ունեն հասնելու, քան բնակչության մեծ մասը: Մարդկանց այս խմբի համար բնորոշ է խիստ մեկուսացումը, սոցիալական ցածր շարժունությունը, հասարակության մեջ դիրքի անփոփոխությունը:

Մաթեմատիկական-վիճակագրական մեթոդով դիտարկվում է անհավասարության վեց դիրք. աշխատանք, հետաքրքրությունների իրականացում, բնակարանի առկայություն, նյութական պայմաններ, ապրելակերպ, առողջական վիճակ: Անձին կարելի է Դ-ի ենթարկված համարել, եթե նա ճնշված վիճակում է առնվազն 4 դիրքով, իսկ եթե միայն երկու-երեքով, ապա կարելի է համարել Դ-ի վտանգի տակ գտնվող:

Ժամանակակից շերտավորված հասարակության մեջ բնակչության դեպրիվացված շերտերը նշվում են որպես "նոր" աղքատներ: Տվյալ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի ձեռք բերված կենսամակարդակի պահպանմանը, կրթություն ստանալու և որակավորումը բարձրացնելու հնարավորությունների ընդլայնմանը:

2) Հոգեբանական իմաստով՝ անձի սուբյեկտիվ զգացողություններ և հոգեսոմատիկ (հոգեմարմնական) ռեակցիաներ, որոնք առաջանում են զգայական ընկալիչների անբավարար ծանրաբեռնվածությունից` լրիվ մեկուսացման կամ կենսապայմանների մասնակի սահմանափակման դեպքում: Թեև այս երևույթն ամենից լավ հետազոտված է այն անձանց ռեակցիաների վրա, որոնք պատրաստվում են տիեզերական թռիչքի, նման զգացողություններ են ունենում շարժունակության և սոցիալական շփումների սահմանափակումներով հաշմանդամները, տնային տնտեսուհիները, գործազուրկները, փոքր բնակավայրերի բնակիչները: Տեղի ունեցող խանգարումների խորությունը, կայունությունը և շրջելիությունը (կամ անշրջելիությունը) պայմանավորված են անբարենպաստ գործոնի ազդեցության տևականությամբ, բնույթով, ինչպես նաև դրան ենթարկվող անհատի անձնական առանձնահատկություններով:

Մշակվել է Դ-ի երևույթի դրսևորումը կանխելու և հետևանքները վերացնելու մեթոդների համակարգ: Սոցիալական աշխատողն ստիպված է լինում բախվել ոչ միայն դեպրիվացված անհատների, այլև ամբողջական շերտերի և սոցիալական խմբերի հետ, ուստի վերականգնման տեխնոլոգիաները մտնում են նրա մասնագիտական գործունեության շրջանակի մեջ:

Դրամատվության (աջակցության) սկզբունքը

Դրամատվության (աջակցության) սկզբունքը

Նախատեսում է սոցիալական քաղաքականության բնագավառում միջոցառումները ֆինանսավորելիս նախապատվություն տալ հասարակական նախաձեռնություններին՝ պետական մարմինների և հիմնարկությունների համապատասխան գործունեության համեմատ: Այդ սկզբունքը ենթադրում է սոցիալական ոլորտում պետական և ոչ պետական կառույցների փոխգործակցության օրենսդրորեն կարգավորում և աջակցություն վերջիններիս: Դ.ս-ի իրականացումը թույլ է տալիս ոչ միայն առավել արդյունավետ օգտագործել գոյություն ունեցող նյութական ռեսուրսները, այլև առավել ճկուն արձագանքել նոր ծագող սոցիալական հարցադրումներին և սոցիալական հիմնախնդիրների լուծման մեջ ներգրավել քաղաքացիներին:

Դրամաօժտություն

Պետական և ոչ պետական կառույցների փոխհարաբերությունների օրենսդրական կարգավորում սոցիալական հատվածում, որը սոցիալական ծրագրերի և միջոցառումների բնագավառում մասնավոր նախաձեռնությունները ֆինանսավորելիս նախապատվություն է տալիս քաղաքացիական (հասարակական) կառույցներին` ի տարբերություն պետական կառույցների: Պետությունը "որոնում" է սոցիալական ծրագրերի իրագործման ազատ նախաձեռնողներ հասարակական հատվածում և դրանց բացակայության դեպքում ստեղծում է պետական հիմնարկներ: Մի քանի հասարակական առաջարկությունների և նախագծերի առկայության դեպքում սոցիալական ոլորտի պետական գերատեսչությունները անցկացնում են ծրագրերի մրցույթ և ֆինանսավորում են դրանցից առավել հեռանկարայինները:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան