Չափահասներ

 18-ից բարձր տարիքի անձինք: Տարիք ասելով հասկացվում է այն ժամանակը, որն անցել է մարդու ծննդից մինչև այն պահը, որի դրությամբ այն որոշվում է: Սակայն ոչ միշտ են համընկնում օրացուցային և կենսաբանական կամ սոցիալական տարիքները:

Չ. են այն մարդիկ, ովքեր հասել են իրավաբանական չափահասության տարիքի, որի հետ կապված է սոցիալական և ընտանեկան գործունեությամբ պայմանավորված սոցիալական դերերի յուրահատուկ համալիրի կատարումը: Կենսաբանական տեսակետից, մարդը մանկածնության ընդունակ է 11-14 տարեկան հասակից: Ավանդական հասարակություններում սեռական հասունությունը ազդանշում է չափահասի դերեր կատարելու անհրաժեշտությունը: Սա հատկապես վերաբերում է կանանց: Այսօր Հայաստանում անձը Չ. չի համարվում, եթե չի բոլորել 18 տարին, թեև աշխատանքային գործունեություն կարող է սկսել 16 տարեկանից: Վարքագծային մակարդակով ակնկալվում է, որ Չ. ընդունակ են տնտեսապես, սոցիալապես և հոգեբանորեն գործել իրենց ծնողների ընտանիքներից անկախ:

Դժվար է որոշել, թե երբ է ավարտվում չափահասության տարիքը: Հայաստանում կյանքի սպասվելիք միջին տևողությունը մոտավորապես 70 տարի է: Տարեցների շարքն անցնելու համար մարդը պետք է բախվի այնպիսի հիմնախնդիրների, որոնք հստակորեն մատնանշում են կյանքի առանձնահատուկ ժամանակահատվածի առկայությունը: Դրա ֆիզիոլոգիական նշաններն ի հայտ են գալիս աստիճանաբար և լինում են տարբեր բնույթի: Այսպես, մինչև 55 տարեկանը մարդու տեսողությունը թուլանում է նվազագույն չափով, հետո աստիճանաբար թուլացումն աճում է, հատկապես՝ 75 տարեկանին մոտ, ձեռքերի և ոտքերի ուժն իր բարձրակետին է հասնում 25 տարեկանում, 30-60 տարեկանում աստիճանաբար պակասում է և կազմում է 25 տարեկանում ունեցած ուժի մոտ 50%-ը և այլն:

 Տարեցի իրավաբանական տարիքը կապված է կենսաթոշակի անցնելու հետ: Կենսաթոշակային տարիքը տարբեր երկրներում տարբեր է: Սակայն ՄԱԿ-ի և ԱՄԿ-ի փաստաթղթերը տարեց են համարում 60 և բարձր տարիքի անձանց:

Չափահասությունը կյանքի հարաբերականորեն առողջ ժամանակահատվածն է, որ հազվադեպ է ենթարկվում քրոնիկական կամ անբուժելի հիվանդությունների: Սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղն առավել հաճախ ի հայտ են գալիս 55 տարեկանից հետո: Չափահասությունը սոցիալական հորիզոնների ընդարձակման ժամանակն է, երբ շատ եռանդ է ծախսվում կրթության, մասնագիտության, աշխատանքի, ընտանիքի և սոցիալական պարտականությունների կատարման համար:

Չափահասության շրջանում զարգացումն ուղղագիծ չէ, անցնում է լճացման, դեպի առաջ պատահական թռիչքների, հետընթացների ժամանակահատվածների միջով: Վաղ չափահաս տարիքն այն ժամանակն է, երբ պատանեկան անչափահասության ժամանակահատվածի համարձակ փորձարարությունները “համարվում են” ինչ-որ կայուն և արդյունավետ ապրելակերպ: 

Բախվելով նորամուծությունների, արագ փոփոխվող և բազում տարբերակներից կենսաոճ ընտրելու խնդրին, երիտասարդները հաճախ շփոթվում են: Այս տարիքում հատկապես կարևոր է մասնագիտության ընտրությունը, քանի որ աշխատանքն է այն ասպարեզը, որտեղ թե՜ տղամարդիկ և թե՜ կանայք ձգտում են իրացնել կենսական նպատակները, գտնել իրենց տեղն աշխարհում, իրենցից հետո հետք թողնել: Վաղ չափահաս տարիքը բնորոշվում է ինչպես ֆիզիկական առողջության ամենաբարձր մակարդակով, այնպես էլ սթրեսներով, որոնք տեղի են ունենում կենսական այնպիսի իրադարձությունների հիմքի վրա, ինչպիսին են տնտեսական ինքնուրույնության համար պայքարը, հաջողակությունը, սոցիալական ճանաչումը և հուզական ինքնաիրացումը: 25-45 տարեկան անձանց մոտ սթրեսների ավելանալը հանգեցնում է այդ տարիքային խմբում հոգեկան խանգարումների աճի:

Միջին չափահաս տարիքը (կյանքի չորրոդ տասնամյակը) կարելի է դիտել որպես անցում կյանքի կեսի: Անձնական եկամուտն այդ տարիքում սովորաբար ամենամեծն է, սակայն ընտանիքի մեծանալը կարող է զրոյի հավասարեցնել եկամուտների աճը: Աճում է քաղաքական կյանքի մեջ ընդգրկվածությունը: 30-40 տարեկան տղամարդիկ ավելի հաճախ են փոխում աշխատանքը՝ բավարարված չլինելով ծառայության մեջ առաջ գնալու այն հնարավորություններով, որ իրենք ունեն:

 Հաճախ տղամարդիկ ավելացնում են ոգելից խմիչքի օգտագործումը, ինչն ազդում է ինչպես ընտանեկան հարաբերությունների, այնպես էլ աշխատանքի արտադրողականության վրա: Խմող կանայք հաճախ սկսում են մեծ չափով ոգելից խմիչք օգտագործել և դեղամիջոցները չարաշահել կյանքի չորրորդ տասնամյակում:

Կյանքի հինգերորդ տասնամյակում անձն ընդհանուր առմամբ բարեհաջող գործունեություն է ծավալում՝ լավագույնս համագործակցելով ուրիշների հետ: Նա հասնում է դրամ վաստակելու և իր ծրագրերն առավելագույնս արդյունավետությամբ իրացնելու ունակությունների բարձրակետին: Նշված տարիքի անձինք շատ հաճախ սոցիալական նորմերի կրողն են: Միաժամանակ, մարդն ապրում է կրիտիկական ինքնագնահատման շրջան՝ ամուսնական հարաբերություններից անբավարարվածություն, անհանգստություն տունը լքող զավակների համար, մտահոգություն մասնագիտական աճի մակարդակի համար:
Միջին տարիքի ճգնաժամը կապված է ծերանալու վախի հետ, այն բանի գիտակցման հետ, որ ձեռք բերվածն սպասվածից զգալիորեն քիչ է: Դա բարձրակետային ոչ տևական ժամանակահատվածն է, որին հետևում է ֆիզիկական ուժի և մտքի սրության աստիճանական նվազումը: Մարդուն հատուկ է սեփական գոյությամբ և շրջապատողների հետ ունեցած հարաբերություններով չափազանց մտահոգվելը: Ծերանալու ֆիզիկական նշաններն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում և ընկալվում են որպես գրավչության, ֆիզիկական ուժի, սեռական եռանդի կորուստ: Աճում է անհանգստությունն այն պատճառով, որ կրթական նոր չափանիշներով մասնագիտական պատրաստություն ստացած երիտասարդ սերունդը  կարող է հայտնվել “մեկ քայլ” առաջ: Կենցաղային հարմարավետությունը և ընտանիքը տարիքային այդ խմբի՝ կյանքով բավարարված լինելու առավել հզոր գործոններն են: Ընտանեկան կարգավիճակը հատկապես կարևոր է կանանց համար, իսկ տղամարդիկ առավել մտահոգված են աշխատանքային հաջողություններով:

Երկար ժամանակ Չ. այցելուների հետ տարվող սոցիալական աշխատանքի հիմքում ընկած էր Է. Էրիքսոնի հայեցակարգը, որի համաձայն չափահաս կյանքը պայմանավորված է  ավելի վաղ տարիքի փուլերի բարեհաջողությամբ: Ուստի այցելուին ցուցաբերվող օգնությունը պահանջում էր նրա կենսագրության նախնական հետադարձ վերլուծություն, անհարմարության վիճակին նախորդած կենսական ցիկլերի բոլոր փուլերի մանրակրկիտ վերականգնում: Անհրաժեշտ էր գտնել այցելուի կյանքի միակ, միջանցիկ “թեման” և այն ճգնաժամային շրջադարձը, որը հանգեցրել է ապակայունացման կամ դժվարությունների: Դրա համար սոցիալական աշխատողը պետք է կատարի հետևյալ գործողությունները. իր համար հստակեցնի այն հանգամանքը, որ այցելուի անհատականության կայացումը ցմահ գործընթաց է, որի մասնակիցն է դառնում սոցիալական աշխատողը, այցելուին ընդգրկի ինքնավերլուծության գործընթացում, որոշի սոցիալ-հոգեբանական շեղումը՝ նրա աճի ճգնաժամերը լուծելիս, մեկնաբանի այցելուի խոստովանությունը, փնտրի “Ես”-ի կորցրած գործառույթների վերականգնման ուղիներն ու եղանակները, նորմալացնի արտաքին միջավայրի հետ այցելուի շփումը, գտնի սոցիալական այն ինստիտուտներն ու կառույցները, որոնք կարող են նպաստել այցելուի անհատականության կայունացմանը:

Վերջին տարիներին, բացի այդ հայեցակարգից, ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում էկոլոգիական/միջավայրաբանական/ մոտեցումը, որը հաշվի է առնում շրջապատի ճնշումը անհատի վրա՝ վերջինիս դիտելով որպես զանազան համակարգերի և ենթահամակարգերի տարր: Սթրեսը գնահատվում է որպես երեք փոխկապակցված գործոնների արդյունք՝ կենսական մի վիճակից մի այլ վիճակի անցման, միջավայրի զանազան ազդեցությունների և միջանձնային փոխազդեցությունների արդյունք: Միջամտությունն անհատական մակարդակով կարող է ի հայտ բերել շրջապատող պայմաններին իր՝ այցելուի, անբավարար հարմարվածությունը: Կարելի է ներգործել հասարակության մակարդակով՝ նպաստել հասարակական գիտակցության փոփոխություններին: Սոցիալական աշխատողը պետք է հաշվի առնի նաև յուրաքանչյուր տարիքային խմբի առանձնահատկությունները:
1
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան