Աբազիա

Հուն. a - ժխտական մասնիկ, basis - հիմք, հենարան շարժողական խանգարում, երբ անգամ օրգանական վնասվածքի բացակայության դեպքում կորցնում են քայլելու և կանգնելու ունակությունները:

Աբեռացիա

Լատ. aberratio < aberrare - շեղվել` սոցիալական դիտարկման արդյունքների աղավաղումներ, որոնք դրսևորվում են դիտարկողի իսկ ներմուծած գործոնների ազդեցությամբ:

Մերձավորության Ա. - աղավաղումներ, որոնք առաջանում են այցելուի սոցիալական խնդիրների անհատական դրսևորումների նկատմամբ դիտարկողի չափից դուրս սևեռուն ուշադրությունից և նրա սոցիալական միջավայրի ազդեցության անտեսումից: Հեռացվածության (հեռակայության) Ա. ընդհակառակը, առաջանում է կոնկրետ այցելուի սոցիալական խնդիրները սոսկ որպես տիպային դիտարկելուց, նրա միակը, եզակի լինելու նկատմամբ անբավարար ուշադրությունից: "Արդեն տեսածի" Ա. առաջանում է այն թյուր պատկերացումից, թե տվյալ այցելուի վիճակն ամբողջովին նման է մյուս այցելուի (այցելուների) վիճակին, ում հետ նախկինում գործ է ունեցել սոցիալական աշխատողը: Վերջապես, "սեփական փորձի" Ա. առաջանում է, երբ սոցիալական աշխատողն իր կենսափորձը, ապրումները, կենսափորձի ընթացքում արած եզրահանգումները համադրում է (գուցեև՝ անգիտակցաբար) այցելուի վիճակի հետ, ինչը, թերևս, որոշ չափով անխուսափելի է, սակայն ամեն տեսակ նմանությունների հարաբերականությունն անտեսելը կարող է հանգեցնել սոցիալական գնահատման սխալների և, բնականաբար, այցելուի խնդիրների լուծման սխալ ռազմավարություն ընտրելուն:

Սոցիալական վերլուծության մեջ Ա. առավել հաճախ հանդիպում է անփորձ սոցիալական աշխատողների, սկսնակ մասնագետների կամ, ընդհակառակը, նրանց մոտ, ովքեր ունեն ավելորդ ինքնավստահություն և կորցրել են ուշադիր ու անաչառ վերլուծության ունակությունները:

Աբուլիա

Հուն. abulia - անվճռականություն, կամազրկություն, կամքի թուլություն, նախաձեռնությունը և ցանկացած գործունեությունը խթանելու կամքի բացակայություն: Ա. կարող է դիտվել որպես հոգեկան հիվանդությունների սկիզբ, բայց երբեմն հանդիպում է նաև գործնականում առողջ մարդկանց մոտ (գերհոգնած վիճակում՝ որպես ժամանակավոր երևույթ, և բնավորության կայուն թերություն՝ որպես սխալ դաստիարակության հետևանք): Ա.- ն հաճախ հանդիպում է մտավոր հետամնաց երեխաների մոտ:

Ագնոզիա

Հուն. a - ժխտական մասնիկ, լատ. gnosis - ճանաչողություն` գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի ախտահարմամբ պայմանավորված ընկալման խանգարում:

Տարբերում են Ա-ի տեսողական, լսողական, շոշափողական և այլ տեսակներ: Տեսողական Ա.- ն բնութագրվում է տեսողական ընկալման խախտմամբ, որն առաջանում է գլխուղեղի ծոծրակային բաժնի ախտահարման պատճառով (տեսողության զգայարանի կենտրոնական բաժինը): Տեսողական Ա-ի ձևերից մեկի դեպքում հիվանդը, չնայած բավականին պահպանված տեսողության սրությանը, առարկայի ձևի և գույնի լավ ընկալմանը, դադարում է ճանաչել առարկաները և դրանց պատկերները: Առարկաների տեսողական ընկալումը և դրանց պատկերը նա կարողանում է գուշակել միայն որոշ մանրամասներով: Այդ պատճառով նման հիվանդները առարկաների տեսողական ընկալման և դրանց ներկայացման մեջ սխալներ են թույլ տալիս: Այսպես, ակնոցի պատկերը հիվանդները կարող են ընկալել որպես հեծանիվի պատկեր (երկու անիվները միացած են հատուկ միջնորմով), պայծառ պոչով աքաղաղի պատկերը՝ որպես հրդեհ (գույների խաղն ընկալվում է որպես կրակի լեզուներ) և այլն:

Տեսողական Ա-ի մեկ այլ տեսակի դեպքում հիվանդը պահպանում է առարկան ճանաչելու ունակությունը, սակայն չի կարողանում բովանդակությունն ամբողջությամբ գնահատել՝ ներառելով բազմաթիվ մանրամասներ:

Օպտիկական Ա-ի տեսակներից են դեմքի Ա. (դեմքերի ճանաչման բացակայություն), տառերի և նոտաների ճանաչման Ա. (հիվանդը կարողանում է տարբերել տառերի և նոտաների պատկերները, սակայն չի կարողանում հիշել դրանց նշանակությունը) և այլն:
Տարածական Ա-ի ժամանակ հիվանդը կորցնում է շարժման ուղղությունը որոշելու ունակությունը: Նա շփոթում է ձախ և աջ կողմերը, չի կարողանում կողմնորոշվել աշխարհագրական քարտեզի վրա, որոշել ժամը ժամացույցով, երբեմն նույնիսկ չի կարող ձեռքերի մատները ճիշտ անվանել, դրանք ճանաչել (այսպես կոչված` մատնային Ա.) և այլն: Լսողական Ա-ի ժամանակ բացակայում է առարկաները ճանաչելու ունակությունը՝ ըստ նրանց ձայնային հատկանիշների (ժամացույցը՝ ըստ տկտկոցի, զանգը՝ ըստ զնգոցի, շանը՝ հաչոցով, կատվին՝ մլավոցով և այլն): Ա-ի այս տեսակը առաջանում է գլխուղեղի բարձրագույն բաժինների ախտահարման ժամանակ: Այս դեպքում երեխայի լսողությունը կարող է այնքան աննշան պահպանված կամ խաթարված լինել, որ չի կարող Ա-ի պատճառ դառնալ: Լսողական Ա-ի ժամանակ խոսքի ընկալման ունակությունը նույնպես խաթարվում է: Լսողական Ա-ի ժամանակ կարող են առաջանալ նաև խոսքի խանգարումներ: Խոսքի հնչյունային կազմին տիրապետելու ունակության բացակայությունը նույնպես կարող է առաջացնել հնչյունների արտաբերման շեղումներ և դրա հետևանքով նաև՝  կարդալու և գրելու ունակությունների խանգարումներ (տես` Ալեքսիա, Ագրաֆիա):

Շոշափողական Ա-ի ժամանակ հիվանդը փակ աչքերով շոշափելով չի կարող ճանաչել ծանոթ առարկան՝ չնայած պահպանված զգայնությանը: Աչքերը բացելով՝ երեխան անմիջապես ճանաչում է առարկան: Ա-ի այս տեսակը հանդիպում է գլխուղեղի գորշ հատվածի ախտահարման ժամանակ: Ա-ի տեսակներից մեկի ժամանակ հիվանդը կարող է չճանաչել նաև իր սեփական մարմնի մասերը կամ վերջույթները (վերջույթների մեծացում կամ փոքրացում, դրանց բացակայություն): Մանկական տարիներին ծագած Ա. կարող է առաջացնել երեխայի հոգեկան զարգացման լուրջ հապաղում: Այդպիսի հապաղման աստիճանը այնքանով է էական, որքանով վաղ տարիքում է ծագել Ա.: Նման դեպքերում շտկողական ուսուցումը իրականացվում է օլիգոֆրեն և տիֆլոմանկավարժների կողմից և հենվում է պահպանված զգայարանների վրա: Որպեսզի երեխան տրված առարկայի մասին ճիշտ պատկերացում կազմի, անհրաժեշտ է նրան սովորեցնել շոշափել առարկան՝ ընկալման այդ գործընթացը զուգորդելով բացատրություններով: Հիմնական հիվանդության բուժումը և ուսուցման հատուկ հնարները կարող են փոխհատուցել Ա-ի ժամանակ առկա ընկալման սահմանափակությունը:

Ագրամատիզմ (ապաքերականացում)

Հուն. agrammatos - անհոդաբաշխ` խոսքի խանգարում, որն արտահայտվում է բառերը քերականորեն ճիշտ փոփոխելու, նախադասություն կազմելու անկարողությամբ (էքսպրեսիվ Ա.) և քերականական ձևերի նշանակությունը չհասկանալով (ինպրեսիվ Ա.):

Ա. առաջանում է աֆազիայի կամ ալալիայի ժամանակ: Առաջին դեպքում Ա. նախկինում արդեն ձևավորված խոսքի խանգարման դրսևորումներից է, իսկ երկրորդ դեպքում՝ խոսքի թերզարգացման վկայություն: "Ագրամատիզմ" տերմինը հաճախ է օգտագործվում սուրդոմանկավարժության և օլիգոֆրենոմանկավարժության մեջ: Այդ տերմինով բնորոշվում են խուլ, թույլ լսող և մտավոր հետամնաց երեխաների խոսքի քերականական ձևավորման թերություններն ու սխալները, քանի որ այդ երեխաները տառապում են խոսքային թերզարգացմամբ: Ա-ի հաղթահարմանն ուղղված մանկավարժական աշխատանքը կառուցվում է՝ հաշվի առնելով այն բոլոր պատճառները, որոնք առաջացրել են այս խանգարումը, և իրականացվում է որպես խոսքի ընդհանուր զարգացման և խանգարված խոսքային համակարգերի վերականգնման աշխատանքի ուղղություններից մեկը: Հատուկ ուսուցումը, որն ուղղված է խուլ երեխաների գործնական ընդհանրացումների և դրանց իմաստավորման կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև խոսքային հաղորդակցման կարողությունների ընդլայնմանը, օգնում է հաղթահարել Ա.:

Ագրաֆիա

Հուն. a - ժխտական մասնիկ, լատ. grapho - գրում եմ` գրավոր խոսքում արտահայտվող խոսքային խանգարում: Դրսևորվում է կամ գրավոր խոսքի ամբողջական, կամ էլ մասնակի խանգարմամբ՝ բառերի կոպիտ աղավաղմամբ, վանկերի և տառերի բացթողումներով, տառերով և վանկերով բառ կազմելու անկարողությամբ և այլն: Պատրաստի բնագրից արտագրելու կարողությունը, որպես օրենք, պահպանվում է: Երեխաների մոտ Ա. խոսքի ընդհանուր թերզարգացման հետևանք է, որը կապված է գլխուղեղի օրգանական ախտահարումների հետ: Ա. երբեմն հանդիպում է խոսքային այն խանգարումների ժամանակ, որոնք վերաբերում են խոսքի հնչյունների վերլուծության խանգարմանը: Ա. հաղթահարվում է լոգոպեդական պարապմունքների միջոցով:

Ագրեսիվություն (նախահարձակություն)

Անձի առանձնահատկություն, որը բնորոշվում է միջանձնային հարաբերությունների ոլորտում քայքայիչ միտումների առկայությամբ: Քայքայիչ գործողություններում, գործնական վարքագծում Ա-ի դրսևորումը կոչվում է ագրեսիա: Հնարավոր է նաև անշունչ առարկաների նկատմամբ Ա., որն ընկած է կենցաղային վանդալիզմի հիմքում, և Ա., որն ուղղված է ինքն իր դեմ: Ա. անձի հատկությունն է, այն ձեռքբերովի որակ է, սոցիալականացման արդյունք: Ա.-ն հիմնված է կենսաբանական հարմարողական մեխանիզմների վրա, որոնք մարդկանց և կենդանիների մոտ ընդհանուր են: Մարդու առանձին բնածին բնութագրերը (բնավորության տիպը, խառնվածքի տեսակը, հորմոնային կարգավիճակի յուրահատկությունները) զարգացման ընթացքում կարող են ազդել, հաճախ՝ էականորեն, այդ գծի ձևավորման վրա, բայց որոշիչ գործոններ չեն:

Լինելով անձի կառուցվածքային տարր` Ա.-ն ունի նաև սեփական հարաչափերը և փոխազդում է նրա մյուս բաղադրիչների հետ: Ա-ի որակական յուրօրինակությունը տարբեր չափով է դրսևորվում՝ իսպառ բացակայությունից (ատրոֆիա) մինչև գերզարգացում (հիպերտրոֆիա): Ա. որոշում է անձի ամբողջական կերպարը, նրան դարձնելով կոնֆլիկտային, սոցիալական համագործակցության անընդունակ՝ դրսևորելով չարդարացված թշնամանք, չարություն և դաժանություն: Ա-ի հատկապես այդ դրսևորումներն են մի շարք մանկավարժների, քաղաքական գործիչների, հասարակական կարգի պահպանության մարմինների աշխատակիցների մեջ ձևավորել ծայրահեղ բացասական վերաբերմունք անձի այդ հատկության նկատմամբ, որի ամեն մի դրսևորման դեմ, նրանց կարծիքով, պետք է անողոք պայքարել:

Սակայն Ա-ի առկայությունը անձին դեռևս չի դարձնում սոցիալապես վտանգավոր: Գոյություն ունեն հասարակության հավանությանն արժանացած Ա-ի ձևեր (օրինակ՝ մի մարդու դատապարտում են խուլիգանության համար, իսկ մյուսը բռնցքամարտի առաջնությունում մեդալի է արժանանում գործողությունների միևնույն ՙկազմի՚ համար): Մարդկային հոգեբանության այդ հատկությունն անհրաժեշտ է (բնականաբար՝ որոշակի սահմաններում) գիտակցական գործունեության մեջ: Ա-ի էներգիան, որը կողմնորոշված է դեպի ստեղծագործում, արարում, ծնունդ է տալիս այնպիսի գործողությունների, որոնք վեր են մարդու սովորական հնարավորություններից: Հասարակական պրակտիկայի պահանջները և անհատականության իրացումը կարիք ունեն այնպիսի որակի, որն անձին թույլ տա նպատակին հասնելու ճանապարհին հաղթահարել խոչընդոտները: Այդպիսի որակ է հենց Ա.: Սահմանափակ ընդգրկմամբ Ա. անձի սոցիալապես անհրաժեշտ հատկությունն է: Ա-ի բացակայությունը առաջ է բերում ճնշվածություն, կենսական գործուն դիրքորոշման անընդունակություն: Ա-ին ճիշտ սոցիալական գնահատական կարելի է տալ՝ սոսկ հաշվի առնելով անհատի ուղղվածությունը և գործունեությունը:

Ադինամիա

Հուն. a - ժխտական մասնիկ, dynamis - ուժ` կտրուկ թուլություն, անուժություն, քայլելու, նստելու և կանգնելու անկարողություն, մտավոր ունակության իջեցում, հիվանդագին անտարբերություն, անշարժ դիրք անկողնում: Ընդհանուր առմամբ Ա. դիտվում է ծանր վարակների, թունավորումների և քաղցածության ժամանակ: Առանձին օրգանների Ա. կարող է երևան գալ նյարդային արգելակման հետևանքով և ամենատարբեր գործոնների ազդեցությամբ, որոնք օրգան-համակարգերի վրա ունեն դեպրեսիվ ազդեցություն:

Օրինակ՝ ստամոքսի Ա.՝ ստամոքսագեղձի ատրոֆիայի ժամանակ, սրտի Ա.՝ սրտամկանի գերաճի կամ հյուծվածության ժամանակ և այլն:

Երեխաների մոտ Ա. կարող է առաջանալ գանգուղեղային վնասվածքից հետո, ինչպես նաև գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների հետևանքով: Այս դեպքում օգտակար են ընդհանուր կազդուրիչ բուժումը, աշխատանքի և հանգստի խիստ ռեժիմը, չափավոր ֆիզիկական վարժությունները:

Ալալիա

Հուն. a - ժխտական մասնիկ, lalia - խոսք` լսողական համրություն` երեխայի մոտ խոսքի բացակայություն կամ թերզարգացում՝ նորմալ լսողության և մտավոր ունակությունների առաջնային պահպանվածության պայմաններում: Ա-ի պատճառը գլխուղեղի մեծ կիսագնդերի խոսքային հատվածների ախտահարումն է ծննդաբերության ժամանակ, ինչպես նաև ուղեղի հիվանդությունները և վնասվածքները, որոնք երեխան տարել է կյանքի մինչխոսքային զարգացման շրջանում: Տարբերում են Ա-ի շարժողական և զգայական տեսակներ: Շարժողական Ա-ի ժամանակ զգալի չափով պահպանվում է առօրյա, կենցաղային խոսքի ընկալումը: Զգայական Ա-ի ժամանակ խոսքի ընկալումը խանգարված է կամ բացակայում է: Զգայական Ա-ի դեպքեր հանդիպում են ոչ հաճախ: Գոյություն ունի նաև Ա-ի խառը՝ զգայաշարժողական ձևը: Ա-ի ծանր աստիճանները արտահայտվում են խոսքի ամբողջական բացակայությամբ կամ միայն բառերի թոթովանքի պատառիկների առկայությամբ: Ավելի թեթև դեպքերում դիտվում են խոսքային պարզ նախագիտելիքներ, որոնք բնորոշվում են սահմանափակ բառապաշարով, ագրամատիզմով, գրավոր և բանավոր խոսքը յուրացնելու մեծ դժվարություններով: Ա-ի ժամանակ խոսքային հաղորդակցման սահմանափակությունը առաջ է բերում երկրորդային խանգարում՝ բարձրագույն հոգեկան (հիշողություն, մտածողություն, ուշադրություն) թերզարգացում:

Ա-ով տառապող երեխաների ուսուցման համար կիրառվում են հատուկ մեթոդներ, որոնք ուղղված են ճանաչողական գործունեության զարգացմանը, հնչյունային և ձևաբանական խոսքային գործունեության և խոսքի իմաստային կողմի ձևավորմանը: Ընդ որում, հաշվի են առնվում խոսքային թերզարգացման մակարդակն ու պատճառները:

Ուսուցման հիմնական սկզբունքը քերականության, բառապաշարի, հնչյունաբանության փոխներգործության հիման վրա խոսքի բոլոր կողմերի նպատակաուղղված և համակարգային զարգացումն է:

Ալեքսիա

Հուն. a - ժխտական մասնիկ, լատ. lego - կարդում եմ` կարդալու գործընթացին տիրապետելու ամբողջական անկարողություն: Կարդալու ունակության ամբողջական կորուստը (ամբողջական Ա.) սովորաբար ավելի քիչ է հանդիպում, քան մասնակի խախտումը (դիսլեքսիա): Ա. առաջանում է գլխուղեղի մեծ կիսագնդի կեղևի որոշակի հատվածի ախտահարմամբ կամ անհասությամբ (ծոծրակային, ճակատային), ինչպես նաև մարդու գործունեության ակտիվ ձևերի խախտմամբ պայմանավորված գիտակցության հիվանդագին երևույթներից: Ա. հաճախ ագնոզիայի, աֆազիայի և ալալիայի ախտանշան է: Մանկական տարիներին Ա. հայտնաբերվում է մասնավորապես գրաճանաչության ուսուցման նախնական փուլում: Նորմալ մտավոր ընդունակությունների դեպքում երեխան կամ բոլորովին չի կարողանում կարդալ սովորել, կամ կարդում է լուրջ սխալներով, աղավաղված: Դժվարությունների էությունը պայմանավորված է բառի հնչյունային կողմի անբավարար տիրապետմամբ, հնչյունային վերլուծության կարողության տարաբնույթ խախտումներով: Նշված պատճառներով է հիմնավորվում այն փաստը, որ երեխան չի կարողանում հիշել տառերը, շփոթում է դրանք, նրա մոտ չի ձևավորվում  բառի՝ հնչատառային վերլուծության կարողությունը, որն ընկած է կարդալու ալգորիթմի հիմքում: Այս կարողությունների բացակայության դեպքում երեխան չի կարողանում ամբողջությամբ վերարտադրել բառային կաղապարները, հնչյունները միավորելով՝ ստանալ բառեր, վերլուծել վանկատելով (վանկեր է բաց թողնում, շփոթում է դրանց հաջորդականությունը), վատ է հասկանում կամ չի հասկանում կարդացած բառերի իմաստը: Դժվարություններ են առաջանում նաև գրուսուցման ժամանակ: Ա. հաղթահարվում է հատուկ շտկողական աշխատանքի միջոցով: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ որքան վաղ սկսվեն այդ աշխատանքները, այնքան արդյունավետ կլինեն: Ա-ի ախտորոշման, հաղթահարման և կանխարգելման ուղիները հենվում են երեխայի խոսքի զարգացման, հնչյունային լսողության վերականգնման և կատարելագործման վրա:

Այս գործընթացում հիմնական խնդիրը երեխայի մեջ լսողական և կինեսթետիկ ընկալումների, ինչպես նաև խոսքային հնչյունների ընկալման և վերարտադրման ժամանակ վերլուծության և համադրման գործընթացների զարգացման վրա հենված հնչյունային հատուկ պատկերացումների ձևավորումն է: Կարդալը հնարավոր է դառնում միայն այն ժամանակ, երբ երեխան կարողանում է տարբերակել խոսքի հնչյունները: Միայն այդ դեպքում նա կկարողանա հստակորեն որոշել առանձին հնչյունների տառապատկերները: Երեխաների խոսքի զարգացման առանձնահատկությունների հետ կապված՝ կարդալու կարողության խախտումները չպետք է շփոթել տեսողության արատներով պայմանավորված կարդալու թերությունների հետ:

Ալիմենտ

Լատ. alimentum - սնունդ, գոյամիջոց`  ապրուստի միջոց, որը մեկ անձն օրենքով պարտավոր է տրամադրել մեկ ուրիշ անձի:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ ընտանիքի աշխատունակ անդամները պարտավոր են անաշխատունակ անդամներին ապրուստի միջոցներ տրամադրել: Ա-ային պարտավորությունները կարգավորվում են ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքով և ամրագրում են ծնողների պարտավորությունը՝ պահել իրենց անչափահաս երեխաներին, անաշխատունակ չափահաս երեխաներին, աշխատունակ և չափահաս զավակների պարտավորությունները՝ պահել օգնության կարիք ունեցող ծնողներին, ամուսինների՝ միմյանց պահելու փոխադարձ պարտավորությունը, ինչպես նաև ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնու՝ Ա. ստանալու իրավունքը, իրենց անչափահաս և անաշխատունակ չափահաս եղբայրներին և քույրերին պահելու եղբայրների և քույրերի պարտավորությունները, անչափահաս, օգնության կարիք ունեցող թոռներին պահելու պապերի և տատերի պարտավորությունները, պապին և տատին պահելու չափահաս թոռների պարտավորությունները: Ա-ային պարտավորություններ են սահմանվում նաև խորթ հոր և խորթ մոր` խորթ որդիների և խորթ դուստրերի միջև, որդեգրած երեխաների և ծնողների միջև, ընտանեկան հարաբերություններով կապված անձանց այլ կատեգորիաների միջև:

Նախատեսված է ինչպես Ա-ի կամավոր վճարելու կարգը՝ այն վճարելու համաձայնության կնքում, այնպես էլ Ա-ի գանձում դատարանով:

Ալկոհոլային կախվածություն

Հարբեցողություն, արաբ. alkuh - նուրբ փոշի` քրոնիկական հիվանդություն, որը զարգանում է ոգելից խմիչքների անվերահսկելի և մշտական օգտագործման հետևանքով և հանգեցնում է ֆիզիոլոգիական և սոցիալական խանգարումների:

Պատմության ընթացքում ոգելից խմիչքների օգտագործման նկատմամբ վերաբերմունքը եղել է երկակի, ինչն արտացոլվել է, օրինակ, քրիստոնեական կանոնական տեքստերում: 20-րդ դարի սկզբից այդ բարդագույն խնդիրը, որ գոյություն ունի հարյուրամյակներ, սկսեցին դիտել որպես հիվանդություն: Այդ հիվանդությունը հարուցող պատճառների մեջ առանձնանում են սոցիալական, գենետիկական, ֆիզիոլոգիական (1-ին խումբ) և հոգեբանական (2-րդ խումբ) գործոնները, ընդ որում՝ վերջիններս ընդհանրական ազդեցություն են թողնում առաջինների վրա:

Այսպես, ընտանիքների հատուկ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 100 դեպքից 70-ում հարբեցող հիվանդներն ունեն մոտ հարազատներ, որոնք տառապում են նույն հիվանդությամբ: Կենսաֆիզիոլոգիական տեսությունները մարդու ձևակազմվածքային տիպը կապում են հիվանդության հաճախականության և ընթացքի յուրահատկությունների հետ. հարբեցողների մեջ նկատվում է մանկամիտ և մանկամիտ-իգականացված տիպի մարմնակազմվածքով անձանց հարաբերական գերակշռություն: Հարբեցողությունը համարյա միշտ ենթադրում է անձի մոտ որոշակի հատկանիշների և վիճակների առկայություն՝ տհասություն, խոցելիություն, ներշնչվող, տագնապ, սոցիալապես ընդունելի միջոցներով կենսական բարդ իրավիճակներից դուրս գալու անկարողություն, իրականությունից փախչելու ցանկություն, պոռթկունություն, տրամադրության անկայունություն, կազմվածքային ընկճվածություն, որոնք նրան հասցնում են հիվանդագին կախվածության: Ոգելից խմիչքի օգտագործումը հաճախ կապված է մեղքի, վախի, անլիարժեքության զգացումը խեղդելու ձգտման հետ, որոնք վաղ տարիքում ծագում են ընտանեկան դաստիարակության հետևանքով:

Սոցիալական տեսությունները հարբեցողության խնդիրն ուսումնասիրում են մեծ հարթության վրա (պետության քաղաքականության, սոցիալ-տնտեսական պայմանների, մշակութային ավանդույթների հետ փոխադարձ կապ) և միջին հարթության վրա (տարբեր սոցիալական խմբերի՝ ընտանիքի, հարևանների, հարազատների, դպրոցական և արտադրական կոլեկտիվների, մասնագիտական և կրոնական միավորումների հետ անհատի փոխհարաբերությունների ազդեցություն): Ոգելից խմիչքների նկատմամբ պետության վերաբերմունքը միանշանակ չէ: Մի կողմից՝ պետությունը ձգտում է ոգելից խմիչքների օգտագործումը վերահսկել վարչական միջոցառումների կիրառմամբ (ՙչոր օրենքը՚ ԱՄՆ-ում, հարբեցողության դեմ պայքարը ԽՍՀՄ-ում 80-ականներին, ոգելից խմիչքների վաճառքի պետական մենաշնորհը Շվեդիայում), մյուս կողմից՝ ոգելից խմիչքի առևտուրը զգալի եկամուտ է բերում. շատ երկրների համար ոգելից խմիչքի արտադրությունը արդյունաբերության և արտահանման առաջատար ճյուղն է:

Մշակույթի, կրոնի, ավանդույթների առանձնահատկությունները պայմանավորում են սոցիալական զանազան նորմերի ձևավորումը՝ ոգելից խմիչքների օգտագործման լրիվ արգելքից մինչև դրանց նկատմամբ հանդուրժողական և ներողամիտ վերաբերմունքը: Հոգեմետ թմրանյութերից ոգելից խմիչքը տարբերվում է սոցիալ-մշակութային ճանաչումով և մեծ մատչելիությամբ:

Ա.կ-ին նպաստում են նյութական թշվառությունը, մշտական աշխատանքի բացակայությունը և ընդհանուր սոցիալական լարվածությունը: Հայաստանում շուկայական տնտեսության անցնելու բարդությունները՝ տնտեսական խնդիրները, արժեքների, բնակչության մեծ մասի կենսամակարդակի փոփոխությունը հանգեցրին տագնապի ու անվստահության՝ անկայուն ներկայի և անկանխատեսելի ապագայի նկատմամբ: Հիմնախնդիրներն իրապես լուծելու անհնարինությունը ստեղծում է ոգելից խմիչքի օգնությամբ դրանցից փախչելու գայթակղություն: Աշխատանքի չափից դուրս ինտենսիվացումը, նյարդահոգեբանական գերճնշվածության կտրուկ աճը, աշխատանքը կորցնելու վախը առաջ են բերում արդյունաբերական բանվորների հարբեցողության աճ:

Այսօր աշխարհում նկատվում է Ա. կ. ունեցող կանանց թվի աճ: Հիվանդության ընթացքն աչքի է ընկնում արագ տեմպով և բուժման դժվարություններով: Եթե ոգելից խմիչքի նկատմամբ կայուն ձգտում առաջանալու համար տղամարդկանցից պահանջվում է 3-7 տարի, ապա կանանց բավական է 1-3 տարին: Կանանց հարբեցողության պատճառների մեջ առանձնանում են միայնակությունը, ձախողված անձնական կյանքը, նմանակելու, կախյալ վիճակից ազատագրվելու մեծ ցանկությունը, տղամարդու վարքագիծը ընդօրինակելը, դաշտանադադարի ցնցումները, սեռական աններդաշնակ կյանքը, որոնք կարող են լինել ինչպես պատճառ, այնպես էլ հետևանք:

Երեխաների և դեռահասների հարբեցողության մասին խոսում են այն դեպքում, երբ դրա նշաններն առաջին անգամ ի հայտ են գալիս 18 տարեկանում: Հիվանդությունն այդ տարիքում աչքի է ընկնում չարորակ ընթացքով, ինչը նշանակում է հիմնական ախտանշանների արագ զարգացում, թունդ հարբեցողության զարգացում, հագեցումը խմիչքի միայն մեծ քանակությամբ, բուժման ցածր արդյունավետություն, սոցիալական և ընտանեկան կապերի քայքայում, հոգեկան խանգարումների առաջացում: Անչափահասների հարբեցողությանը նպաստում են հետևյալ գործոնները՝ հարբեցող շրջապատը և դրա հետ կապված կայուն ալկոհոլային ավանդույթները (դեպքերի 74-90%-ը), բնութագրական առանձնահատկությունները, տարիքին յուրահատուկ հակումը՝ նմանակել և միանալ հասակակիցներին, երբ ստվերային (ոչ ֆորմալ) խումբը դառնում է վարքագծի գլխավոր կարգավորիչը: Հանդիպում են նաև  բնածին ալկոհոլային կախվածության ախտանշաններ, երբ երեխան ալկոհոլից կենսաբանական կախվածություն է ունենում հղիության ընթացքում մոր ոգելից խմիչք օգտագործելու պատճառով:

Տարեց մարդկանց մոտ հաճախ առաջանում են այնպիսի վիճակներ, ինչպիսին են սեփական անլիարժեքության և անպիտանիության զգացում կենսաթոշակի անցնելուց հետո, ընտանիքի քայքայում ամուսնու մահվան պատճառով, առողջության վատացում, բնակավայրի փոփոխություն, երեխաներից մեկուսացում: Նրանց որոշ մասի համար ոգելից խմիչքը դառնում է նշված վիճակներից դուրս գալու միջոց: Խմող տարեցները կազմում են 65-ից բարձր տարիքի անձանց 5-10 %-ը: Նրանց բուժումը բավականին արդյունավետ է:

Հարբեցողությունն ընտանեկան բախումների և ամուսնալուծությունների հիմնական պատճառներից մեկն է աշխարհում (25-50%): Զգալի նյութական միջոցներ ծախսելը ոգելից խմիչքի վրա վատացնում է սնունդը, ինչը չի կարող չազդել առողջության վրա, հատկապես` երեխայի: Երեխաների մոտ 40%-ը ընտանեկան հարաբերությունների լարվածության հետևանքով տառապում է նևրոզներով, որոնք արտահայտվում են գիշերային սարսափների, քնի դժվարությունների, դեմքի և ուսագոտու նյարդային կծկումների (տիկեր), պարտադրված շարժումների, կակազելու ձևով: Հարբեցողների կանայք հոգեպես ընկճված են, տագնապահար, հաճախ են ունենում չարության, անտարբերության զգացում, ձգտում են սոցիալական մեկուսացման և շփումների սահմանափակման: Նման ընտանիքներին բնորոշ է համակախվածության երևույթը, այսինքն՝ միջանձնային հարաբերությունների այն տեսակը, երբ հարբեցողին շրջապատող մարդկանց ողջ կյանքը կենտրոնացած է նրա վրա: Համակախվածությունը ժամանակի ընթացքում դառնում է ապրելակերպ: Երեխաները մեծանում են անկանխատեսելիության և երկակի հաղորդակցության մթնոլորտում: Երեխայի հանդեպ վերաբերմունքը կարող է փոխվել, արտահայտելով սեր, բացարձակ անտարբերություն կամ ատելություն՝ կախված այն բանից՝ ծնողը հարբա՞ծ է, թե՞ ոչ: Դա երեխաների մեջ ծնում է մեղքի զգացում և նրանց ստիպում է իրենց վրա վերցնել ծնողի վերաբերմունքի փոփոխման պատասխանատվությունը:

Հարբեցող ունեցող ընտանիքներին բնորոշ է բռնության բարձր մակարդակ ինչպես ամուսինների միջև, այնպես էլ երեխաների հանդեպ: Հաղորդակցումը դժվարանում է հարբեցողների մոտիվացիայի նվազման և ինքնատիրապետման թուլացման պատճառով: Մյուս կողմից՝ հարբեցողները կարող են իրենց կենսակերպի համար մեղքի զգացում ունենալ, որը պաշտպանական մեխանիզմների միջոցով փոխարկվում է մերձավորների կամ հանգամանքների դեմ մեղադրանքի և ընդունում նախահարձակ բնույթ: Երեխաները հաճախ են ենթարկվում դաժան վերաբերմունքի զանազան ձևերի, ինչը լրջորեն ազդում է նրանց զգացմունքային զարգացման և վարքագծի վրա կամ հանգեցնում է մարմնական վնասվածքների: Երեխան կարող է վնասվածք ստանալ կամ նրա զարգացումը կարող է խանգարվել, երբ խմող ծնողներն անտեսում են իրենց պարտականությունները: Հարբեցողի ընտանիքում երեխաները շուտ են հասունանում՝ ծնողների պարտականությունները կատարելու անհրաժեշտությունից, հատկապես եթե խմում է մայրը: Երեխան ստիպված է լինում հույսը միայն իր վրա դնել այն տարիքում, երբ նրան դեռ հարկավոր է մեծահասակի հոգատարությունը: Դա ծնում է շրջապատող աշխարհի նկատմամբ անվստահություն, անպաշտպանվածության և միայնակության զգացում: Հարբեցողների դուստրերը հաճախ են դառնում ծնողի սեռական բռնության զոհ՝ նրա ինքնատիրապետման թուլացման և ամուսինների ինտիմ հարաբերությունների խանգարման հետևանքով:

Հարբեցողների վերականգնումը բժշկական, հոգեբանական և սոցիալական միջոցառումների համակարգ է: Դեղամիջոցներով բուժումը, որը նարկոլոգները կատարում են ամբուլատոր կամ ստացիոնար պայմաններում, ապաթունավորմամբ, ախտանշմամբ և ամրապնդմամբ բուժումն է: Հոգեբուժությունն օգտագործում է հոգեշարժական, բիհևիորիստական, կոգնիտիվ մոտեցումներ, խմբային ձևեր: Առաջին դեպքում թերապևտը փորձում է հասնել հիվանդի կողմից իրողությունը գիտակցելուն, բիհևիորիստական բուժումը խմիչքի նկատմամբ զզվանք է առաջացնում՝ տհաճ զգացողությունների հաշվին, կոգնիտիվ հոգեբանությունն օգնում է գիտակից վերաբերմունք մշակել ոգելից խմիչքի օգտագործման նկատմամբ, խմբային պարապմունքները հեշտացնում են միայնակ և թուլակամ մարդկանց վարքագծի նոր մոդելների ձևավորումը: Այսօր կուտակվել է հարբեցող մարդկանց սոցիալական վերականգնման համալիր ձևերի օգտագործման բավականաչափ մեծ փորձ: ՙԱնցումային տները՚ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հեշտացնում են ստացիոնար հիվանդների վերադարձը ինքնուրույն կյանք, գաղութները (ԱՄՆ) այնտեղ ապրողներին ստիպում են հրաժարվել ոգելից խմիչքից և իրար հետ անկեղծ լինել, հակաալկոհոլային ակումբները կատարում են հովանավորական աշխատանք, հիվանդների կամավոր բուժում, սոցիալական օգնություն են ցույց տալիս իրենց անդամներին: Հարբեցողության դեմ տարվող աշխատանքի ամենատարածված ձևն է "Անանուն հարբեցողներ" շարժումը, ինչպես նաև ՙՀարբեցողների անանուն երեխաներ՚, "Անանուն կախյալներ" ծրագրերը և այլն: Այսօր աշխարհում շուրջ 2 մլն մարդ է մասնակցում այդ շարժմանը, որի հիմքում ընկած է ինքնօգնության սկզբունքը: Հարբեցողների ընտանիքների համար ստեղծվող խմբերն օգնում են նրանց գիտակցել խնդրի առկայությունը, սովորեցնում են ընտանիքի խմող անդամների վրա ազդելու եղանակներ (օրինակ՝ հարբեցողի զգացմունքային մեկուսացում այնքան ժամանակ, քանի դեռ նա չի փոխել վերաբերմունքը խմիչքի նկատմամբ): Վերջին տարիներին ինքնօգնության շարժումն ավելի ու ավելի սերտորեն է համագործակցում շատ երկրների առողջապահական ծառայությունների հետ:

Ալտրուիզմ (այլասիրություն)

Լատ. alter - ուրիշ`  անձի կենսական կողմնորոշման սկզբունք, որի համաձայն այլ մարդու բարօրությունն ավելի կարևոր ու նշանակալի է, քան սեփական բարօրությունը և անձնական շահը: Էգոիզմի (եսասիրության) հակադրությունը:

Ա. իր բովանդակությամբ և դրսևորման եղանակներով հենվում է մարդասիրական աշխարհայացքի վրա: Գործունեության այնպիսի տեսակների բարոյական պրակտիկայի հիմքն է, ինչպիսին բարեգործությունն է, բնորոշում է որոշ անհատական որակներ (գթասրտություն, անշահախնդրություն և այլն):

Բնավորության այլասիրական գծերը ձևավորվում են դաստիարակությամբ՝ հասարակության պահանջմունքներին ու պահանջներին համապատասխան: Սակայն հնարավոր է, որ կենսական այդ դիրքորոշման դրսևորման աստիճանը որոշվի բնածին նախադրյալներով: Ա. մեկն է այն կարևորագույն որակներից, որոնք մասնագիտական ընտրության ժամանակ ակնկալվում են ապագա սոցիալական աշխատողներից:

Ախտորոշում

Հուն. diagnosis - ճանաչում` բժշկի համառոտ եզրահանգումն է հիվանդության բնույթի և էության մասին: Շտկողական մանկավարժության մեջ Ա-ի համար հաշվի են առնվում նաև հոգեբանական և մանկավարժական հետազոտությունները:

Սոցիալական աշխատանքի պրակտիկայում մինչև 20-րդ դարի 60-ական թվականները նույնպես ընդունված էր, որ սոցիալական աշխատողը այցելուին օգնելուց առաջ պետք է կատարի ախտորոշում, այսինքն բացահայտի նրա հիմնախնդիրը: Այսօր մոտեցումը փոխվել է և համարվում է, որ սոցիալական աշխատողը ոչ թե պետք է ախտորոշի, այլ գնահատի այցելուի կարիքները: Ախտորոշումը ենթադրում է, որ այցելուն հիվանդ է: Նման մոտեցումը պասիվացնում է այցելուին, այն դեպքում, երբ գնահատումը թույլ է տալիս նաև շեշտել նրա ուժեղ կողմերը և ակտիվացնել նրան:

Ակինեզիա (անշարժելիություն)

Հուն. a - ժխտական մասնիկ, kinesis - շարժում` կաթված, լուծանք, հոդերի անշարժության կամ ցավի հետևանքով կամային շարժումների անկարողություն: Ա-ի պատճառ կարող են դառնալ նաև հոգեկան գործոնները, օրինակ՝ հիստերիաները: Երբեմն դիտվում են շարժումների արագության, ծավալի, ուժի, փոքրացման մասնակի խանգարումներ: Այսպիսի վիճակների համար օգտագործվում է ՙհիպոկինեզ՚ տերմինը: Բուժումը կախված է հիմնական հիվանդության բնույթից:

Ակմեոլոգիա

Հուն. akme - բարձունք, logos - ուսմունք, գիտություն, որն ուսումնասիրում է մարդու զարգացման օրինաչափություններն ու մեխանիզմները նրա հասունության աստիճանում և հատկապես՝ զարգացման առավել բարձր մակարդակում: Մարդու հասունության աստիճանը և այդ հասունության այսպես կոչված՝ բարձրակետը կամ, ինչպես ասում են, "ակմե"-ն, մարդու բազմաչափ վիճակն է, որն ընդգրկում է նրա կյանքի՝ ժամանակային տևողությամբ նշանակալի փուլը և ցույց է տալիս, թե որքանով է նա կայացել որպես քաղաքացի, որպես մասնագետ՝ գործունեության որոշակի բնագավառում, որպես անձնավորություն իր շրջապատում՝ կապերով աղքատ կամ հարուստ, որպես ամուսին, որպես ծնող: Այդ վիճակը քարացած չէ, այլ, ընդհակառակը, աչքի է ընկնում տարատեսակությամբ և փոփոխականությամբ:

Սոցիալական Ա. ակմեոլոգիական գիտության կիրառական բնագավառներից մեկն է: Ա. ուսումնասիրում է սոցիալական ոլորտում պրոֆեսիոնալիզմի, հասունության և իրազեկության զարգացումը:

Ակնոց

Օպտիկական սարք, որը նախատեսված է տեսողական ընկալման բարելավման համար: Նշանակվում է՝ տեսողության նվազման աստիճանի և կլինիկական բեկման խանգարմանը համապատասխան. հեռատեսության դեպքում նշանակվում է ուռուցիկ Ա, իսկ կարճատեսության դեպքում՝ գոգավոր:

Աստիգմատիզմը (տես՝ Աստիգմատիզմ) շտկվում է (կամ կարգավորվում է) գլանաձև ապակիներով: Մանրադիտակային Ա-ով խոշորացվում են մոտ տարածության վրա գտնվող դիտելի առարկաները: Արտադրության մեջ աշխատելու, սպորտի որոշ ձևերով զբաղվելու և այլ հատուկ դեպքերի համար օգտագործվում են տարբեր տիպի պաշտպանական Ա-ներ:
Երեխաներին նշանակված Ա-ի ազդեցությունը անմիջապես չի կարող զգալի լինել: 

Որոշ երեխաներ Ա-ին ուշ են ընտելանում: Երբեմն առաջին օրերին Ա-ի ազդեցությունը կարող է բացասական երևույթներ առաջացնել. գլխապտույտ, տհաճ զգացողություններ և այլն: Այդ դեպքում բժշկի հանձնարարությամբ կարելի է օգտագործել ավելի թույլ ապակիներ, իսկ հետո՝ աստիճանաբար անցնել ավելի ուժեղներին:

Դեմքի վրա Ա-ի դիրքը և այն ճիշտ կրելը կարևոր նշանակություն ունի, քանի որ տեսողության վրա ապակիների ազդեցությունը գլխավորապես դրանից է կախված: Ա. երեխայի դեմքին պետք է տեղադրվի այնպես, որ չճոճվի, իսկ աչքերը նայեն երկու ապակիների կենտրոնով: Վատ և ոչ մշտապես կրվող Ա. կարող է անհրաժեշտ ազդեցություն չունենալ:

Հաշվի առնելով, որ երեխայի աճին զուգընթաց փոխվում է նաև աչքի բեկող ուժը՝ հարկավոր է պարբերաբար ճշտել և փոխել Ա.: Քանի որ կարճատեսությանը շատ դեպքերում սովորական Ա. քիչ է օգնում, վերջին տարիներին առավել լայն կիրառություն են գտել կոնտակտային ոսպնյակները, որոնք տեղադրվում են աչքի խնձորակի առաջնային մասում:

Աղքատություն

Սակավ ապահովված քաղաքացիների և բնակչության կատեգորիաների ծայրահեղ ցածր կենսամակարդակի, նրանց նյութական և հոգևոր պահանջմունքների անբավարարության ցուցանիշ: Ա. հասցեական սոցիալական օգնության, հասարակության առավել խոցելի շերտերի համար օրենսդրորեն սահմանված լրացուցիչ պետական սոցիալական երաշխիքների (աղքատության նպաստներ և այլն) ներդրման անհրաժեշտության սոցիալական ցուցանիշ է: Արտացոլում է մարդու ֆիզիկական գոյության սահմանը և բնութագրվում է քանակական և որակական ցուցանիշների համակարգով, բնակչության մեկ շնչին ընկնող իրական եկամտի և կենսական նվազագույնի հարաբերակցությամբ, ընտանիքի սոցիալ-տնտեսական ներուժով և այլն: Կենսամակարդակի հետազոտման ժամանակ կատարվում է տնային տնտեսության ընդհանուր եկամուտների հաշվառում, որով կարող է ապրել ընտանիքը կամ միայնակ մարդը: Տարբերակում են ընթացիկ և խորքային Ա.: Առաջին՝ ընտանիքների Ա., որոնք տվյալ պահին գտնվում են նյութական ծանր վիճակում: Երկրորդ՝ ընտանիքի համար բարեկեցության այնպիսի կարևորագույն բաղադրամասերի բացակայություն, ինչպիսիք են սեփականությունը, անշարժ գույքը (այդ թվում՝ բնակարանը):

Առանձնացնում են նաև բացարձակ և հարաբերական Ա.: Բացարձակ Ա.՝ եկամուտն այնքան փոքր է, որ չի ապահովում առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերման հնարավորությունը:

Հարաբերական Ա.՝ եկամուտը համեմատած հասարակության մյուս անդամների եկամուտների հետ բավականին ցածր է:

Որպես Ա-ի չափանիշ օգտագործվում են տարբեր ցուցանիշներ. նվազագույն սպառողական զամբյուղ, նվազագույն կենսական բյուջե, հիմնական սննդամթերքների լրակազմի արժեքը ("պարենի զամբյուղը" որպես կենսանվազագույն բյուջեի մաս) և այլն: Ա. գնահատելիս որպես գլխավոր ցուցանիշ հանդես է գալիս մեկ շնչին ընկնող իրական եկամուտը: Այսպիսով, Ա. մեթոդաբանորեն կարող է դիտվել որպես գույքային վատ ապահովվածության, բնակարանային վատ պայմանների և մեկ շնչին ընկնող փոքր եկամտի զուգակցում: Ա-ի գնահատումը Հայաստանում իրականացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, աղքատների մոնիտորինգն իրականացնում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը՝ իր մշակած հատուկ մեթոդիկայով: Միջազգային վիճակագրական պրակտիկայում որպես Ա-ի չափանիշ ընդունված է նաև ընդհանուր ծախսերի մեջ սննդի ծախսերի տոկոսային մեծությունը: Ծայրահեղ աղքատների շարքն են դասվում այն անձինք և ընտանիքները, որոնք սննդի համար ծախսում են իրենց սպառողական ծախսերի 50 և ավելի տոկոսը:

Գոյություն ունեն Ա-ի նկատմամբ տարվող սոցիալական քաղաքականության տարբեր մոտեցումներ. առաջին` դրամական և բնամթերային օգնություն, պետական նպաստների տրամադրում: Երկրորդ՝ նոր աշխատատեղերի ստեղծում և գործազուրկների ուսուցում, երրորդ՝ մասնավոր հատվածի ակտիվության խթանում (հարկային քաղաքականության միջոցով և այլն), առաջին հերթին՝ փոքր և միջին բիզնեսում ինքնազբաղվածությունը և ինքնապահովումը զարգացնելու համար:

Ամիմիա (անդիմություն)

Հուն. a - ժխտական մասնիկ և mimos - նմանեցում`  դեմքի արտահայտիչ շարժումների լրիվ բացակայություն, հիպոմիմիայի ծայրահեղ արտահայտված ձևը: Ա. առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների ժամանակ (լուծանքների, կաթվածների, դեմքի մկանների համակարգման խանգարման հետևանքով): Ա. նկատվում է նաև որոշ հոգեկան հիվանդությունների դեպքում:

Ամնեզիա

Հուն. a - ժխտական մասնիկ, լատ. mneme - հիշողություն` հիշողության խանգարում, հուշերի բացակայություն: Հաճախ առաջանում է գլխուղեղի հիվանդության պատճառով:
 
Առանձնացնում են Ա-ի ընդհանուր և մասնակի տեսակներ: Ընդհանուր Ա-ով տառապող մարդը ոչ միայն ի վիճակի չէ հիշելու անցյալում կատարված որևէ դեպք, այլ նաև չի կարողանում մտապահել նոր տեղի ունեցածը: Մասնակի Ա. առաջանում է կամ գլխուղեղի հիվանդագին վիճակ հարուցող գործոնի ազդեցությամբ, կամ որոշակի զգացմունքային ապրումների հետևանքով: Ա-ի երևույթներ կարող են առաջանալ նաև ծանր ապրումների հետևանքով: Մոռացության այդ տեսակի հիմքում ընկած է պահպանողական արգելակումը: Հիշողության թուլացումը և Ա-ի առաջացումը կարող են լինել նաև արյան շրջանառության աստիճանաբար աճող փոփոխությունների հետևանք (մասնավորապես ծերունական տարիքին բնորոշ): Հիշողության անկում է նկատվում օլիգոֆրենիայի տարբեր դրսևորումների ժամանակ, ինչպես նաև տարաբնույթ հոգեկան հիվանդությունների դեպքում, որոնք պայմանավորված են գլխուղեղում տեղի ունեցող օրգանական գործընթացների ախտահարմամբ: Գիտակցության մթագնմանը ուղեկցող բոլոր հիվանդագին երևույթների ժամանակ (կոմա, ուշաթափություն, երազանման երևույթներ և այլն) նույնպես նկատվում է Ա.: Հիվանդը, ուշքի գալով, ոչինչ չի հիշում տեղի ունեցածի մասին կամ աղոտ հիշում է որոշակի դրվագներ:

Ա-ի հատուկ տեսակ է դիտվում նաև հիպնոսի ժամանակ: Հիշողության մեջ հիպնոսի միջոցով ներշնչված փաստը չի պահպանվում, սակայն մարդը  գործողությունները կատարում է հիպնոսի միջոցով իրականացվող ներշնչման ազդեցությամբ:
Հիշողության անկման հատուկ դեպք է, երբ մոռացվում է վաղ մանկության ժամանակ, մոտավորապես 1.5-2 տարեկանում տեղի ունեցածը (այսպես կոչված մանկական Ա.), մինչդեռ վերջին տարիների ապրումները պայծառ կերպով պահպանվում են հիշողության մեջ:

Այդ երևույթը բացատրվում է նյարդային բջիջների և գլխուղեղի կեղևի հյուսվածքների ուշ հասունացմամբ: Որոշակի դեր է խաղում նաև այն, որ խոսքային գործընթացները ձևավորվում են համեմատաբար ուշ և չեն կարող ապահովել վաղ մանկության տարիներին ստացած տպավորությունների պահպանումն ու վերարտադրությունը:
1 2 3 >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան