16. Փաթեթի ուղղություններից մեկը հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների վճարման հնարավորությունն է: Որոնք են այս ծառայությունից օգտվելու պայմանները և եթե աշխատողն արդեն ունի հիփոթեքային վարկ, կարող է արդյոք օգտագործել սոցիալական փաթեթով նախատեսված գումարը այդ վարկի մարումը շարունակելու համար:

Սոցիալական փաթեթի տվյալ ծառայությունն ընտրած աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից, եթե աշխատողի հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են "Ազգային հիփոթեքային ընկերություն" վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն" փակ բաժնետիրական ընկերության կամ "Արցախի ներդրումային հիմնադրամ"-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին, որոնք հրապարակված են "Ազգային հիփոթեքային ընկերություն" վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն" փակ բաժնետիրական ընկերության կամ "Արցախի ներդրումային հիմնադրամ"-ի պաշտոնական կայքում: Աշխատողն իրեն հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից ներկայացնում է դրա մասին տեղեկանք՝ համաձայն N 2.1 ձևի, եթե աշխատողի հիփոթեքային վարկը տրամադրված չէ սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկի կողմից: Աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ նրա ամուսինը հիփոթեքային վարկն ստացել է նախքան Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշումն ուժի մեջ մտնելը: Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու իրավունք ունի միայն վարկառուն կամ նրա ամուսինը:   Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ, որ վարկառուի հիփոթեքային վարկը լինի վերաֆինանսավորված կամ տրամադրված՝ "Ազգային հիփոթեքային ընկերություն" վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն" փակ բաժնետիրական ընկերության կամ "Արցախի ներդրումային հիմնադրամ"-ի ֆինանսական միջոցներից:  

17. Որո՞նք են "Ազգային հիփոթեքային ընկերություն" ՎՎԿ ՓԲԸ-ի սահմանած վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններն ու չափորոշիչները, որոնք բավարարելու դեպքում աշխատակիցը կարող է օգտվել հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից:

"Ազգային հիփոթեքային ընկերություն" ՎՎԿ ՓԲԸ-ի սահմանած վերաֆինանսվորվող հիպոթեքային վարկերի պայմաններին յուրաքանչյուր անձ կարող է ծանոթանալ այցելելով "Ազգային հիփոթեքային ընկերություն" ՎՎԿ ՓԲԸ-ի պաշտոնական կայք (www.nmc.am): Այդ պայմանները հիմնականում վերաբերում են`  1) վարկի նպատակին. կառուցվող կամ գոյություն ունեցող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում, վերանորոգման նպատակով` բնակարանայինպայմանների բարելավում և այլն, 2) վարկի ժամկետին. բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և բնակելի տների կառուցման նպատակով տրամադրվող վարկերի համար`նվազագույնը 10 տարի, վերանորոգման նպատակով տրամադրվող վարկերի համար` նվազագույնը 5 տարի և այլն, 3) տոկոսադրույքին. հաստատագրված տոկոսադրույք, որը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ, 4) վարկի առավելագույն գումարին 30 մլն ՀՀ դրամ,  5) և այլ պայմաններին:  

18. Ի՞նչ պայմաններ են սահմանված ուսման վճարի փոխհատուցման ծառայությունից օգտվելու համար:

Սոցիալական փաթեթում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինչպես պետական, այնպեսէլ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններ, որոնք իրականացնում են բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր, հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ` մասնագիտացված և հատուկ ծրագրերի): Փաթեթում ներառված ուսումնական հաստությունների ցանկերը հրապարակված են ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնականկայքէջում: Սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայության համար փոխանցում կարելի է իրականացնել միայն վերոհիշյալ կրթական ծրագրերիդեպքում: 

19. Ո՞ր զբոսաշրջային օպերատորներն են ընգրկված հանգստի կազմակերպման ծառայությունների ցանկում:

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` սահմանված կարգով հաշվառված զբոսաշրջային օպերատորները, որոնց ցանկը հրապարակված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում, և որոնք առաջարկում են զբոսաշրջային փաթեթներ կամ, հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից, կարող են առաջարկել առանձին հյուրանոցային ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

20. Երբ է իրականացվում սոցիալական փաթեթի գումարի առաջին փոխանցումը:

Սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:   

21. Եթե աշխատակիցը ցանկանում է օգտվել այնպիսի սոցիալական փաթեթի ծառայությունից, որի արժեքը գերազանցում է այդ պահին իր սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցներից, ապա կարո՞ղ է արդյոք աշխատակիցը մուտքագրում կատարել իր հաշվին:

Սոցփաթեթի հաշվին մուտքագրում կատարելու հնարավորություն ընձեռնված է յուրաքանչյուր աշխատողին և յուրաքանչյուր ծառայությունից օգտվելու համար: Եթե սոցփաթեթի հաշվին առկա դրամական միջոցները բավարար չեն տվյալ ծառայությունից ամբողջապես օգտվելու համար, ապա աշխատակիցը կարող է կանխիկ մուտքագրում կատարել իր սոցփաթեթի հաշվին և փոխանցել հաշվում առկա դրամական միջոցները համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպությանը:

22. Եթե աշխատողն ազատվում է աշխատանքից, ի՞նչ պայմաններ են կիրառվում այս դեպքում:

Աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որևէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից և աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու հանգամանքի` սոցիալական փաթեթի գումարները (իր դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան կամ ավելի պակաս` պարտավորությունից ելնելով) շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին (12 ամիսը) լրանալը (օրինակ, եթե աշխատողի սոցիալական փաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլ ամսին և աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբեր ամսին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար և ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցիալական փաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը ներառյալ` այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով): Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:

23. Արդյոք հնարավոր է կանխիկացնել սոցիալական փաթեթի գումարները:

Սոցիալական փաթեթի գումարները հնարավոր է կանխիկացնել միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը և նա այլևս աշխատող չի հանդիսանում) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:

24. Ինչպես է փոխվում սոցիալական փաթեթի գումարի չափը աշխատողի դրույքի փոփոխման դեպքում:

Աշխատողի դրույքի (աշխատաժամանակի) փոփոխման դեպքում սոցիալական փաթեթի գումարը չի փոխվում սոցիալական փաթեթի իրավունքի ծագման պահից հաշված մինչև մեկ օրացուցային տարին լրանալը:

25. Եթե աշխատակիցը և նրա ամուսինը միաժամանակ հանդիսանում են սոցիալական փաթեթի շահառուներ, կարո՞ղ են արդյոք իրենց հատկացվող սոցիալական փաթեթներից որոշակի գումար հատկացնել միևնույն անձին ուղղված ծառայության ծախսերի փոխհատուցման նպատակով, օրինակ` անմիջական ընտանիքի անդամ հանդիսացող երեխայի ուսման վճար

Սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող ամուսինները կարող են իրենց հատկացվող սոցիալական փաթեթներից որոշակի գումար հատկացնել միևնույն անմիջական ընտանիքի անդամի` սոցիալական փաթեթի մեջ ներառված ծառայությունից կամ ծառայություններից օգտվելու համար:

26. Եթե աշխատողը տվյալ բյուջետային տարում չի օգտվում սոցիալական փաթեթով իրեն հասանելիք գումարներից, ի՞նչ են լինում այդ գումարները:

Սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ, այսինքն պահպանվում և կուտակվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին:

27. Արդյո՞ք անձը իրավունք ունի աշխատանքից ազատվելու դեպքում օգտվելու իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցված գումարից:

Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի  ուղղությունները մնում են նույնը:

28. Համատեղությամբ աշխատողներն օգտվու՞մ են սոցիալական փաթեթից և ինչպե՞ս է հաշվարկվում նրանց սոցիալական փաթեթի սահմանաչափը:

Համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն ընդգրկված է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունների ցանկում: Եթե աշխատողի հիմնական և համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուների մոտ, որոնք համարվում են սոցիալական փաթեթի շահառու հաստատություններ, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար: Այս դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու համար համատեղությամբ աշխատաժամանակը (դրույքը) գումարվում է հիմնական աշխատաժամանակին (դրույքին): Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը սոցիալական փաթեթի շահառու հաստատություն չի հանդիսանում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատաժամանակին (դրույքին) համապատասխան:  

29. Ինչ առանձնահատկություններ են սահմանված զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարար ծառայության ծառայողների համար

Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի սահմանաչափն ամսական գումար է, որը մեկ շահառուի հաշվով տարեկան կտրվածքով կազմում է 80 հազ. դրամ, սակայն դրա հատկացման համար գործում ենՈրոշման N 1 հավելվածով հաստատված կարգի դրույթները: Նշված անձանց համար պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու հիմք բանկում կարող է հանդիսանալ զինծառայող կամ նրան հավասարեցված անձ, կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տեղեկանքը) կամ պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրության ծառայությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքը:  

30. Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից:

Սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել` 1. հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից` աշխատողը և նրա ամուսինը. 2. ուսման վճարից` աշխատողը և աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները). 3. հանգստի ապահովման ծառայությունից` աշխատողը և աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները): 
< 1 2