1. Ի՞նչ է իրենից ներկայացնում պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթը: Ո՞րն է դրա ներդրման հիմնական նպատակը:

ոցիալական փաթեթը աշխատողների և (կամ) նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է, որի նպատակն է պետական մարմիններում` կրթության, մշակույթի գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում նպաստել աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը:

2. Ինչպիսի՞ սոցիալական ծառայություններ է ընդգրկում փաթեթը:

Սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները` 
1. առողջապահական փաթեթ` բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում ու ֆինանսավորում, 
2. հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, 
3. ուսման վճար` ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով, 
4. հանգստի ապահովում ՀՀ –ում և ԼՂՀ-ում: 
Ընդ որում` առողջապահական փաթեթն աշխատողների համար պարտադիր պայման է, որի արժեքը տարեկան կազմում է 52000 դրամ: 

3. Ո՞ր պետական մարմինների ու կազմակերպությունների վրա է տարածվում սոցիալական փաթեթը:

Սոցիալական փաթեթն ընդգրկում է շահառուների բավականին լայն շրջանակ: Այն մասնավորապես ներդրվում է "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձանց համար. 
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում. 
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում. 
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում. 
4) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում. 
5) Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերում. 
6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում. 
7) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերում. 
8) Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում. 
9) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում. 
10) Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում. 
11) Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում. 
12) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում. 
13) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ 
Փաթեթում ներառված ծառայություններից կարող են օգտվել կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք. 
ա. հանրակրթական դպրոցներ, 
բ. հատուկ հանրակրթական դպրոցներ, 
գ. նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ, 
դ. գրադարաններ, 
ե. թանգարաններ, 
զ. մշակույթի տներ, կենտրոններ, 
է. թատրոններ, 
ը. համերգային կազմակերպություններ, 
թ. տարեցների տուն-ինտերնատներ, 
ժ. երեխաների տուն-ինտերնատներ, 
ժա. երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, 
ժբ. երեխաների խնամքի ցերեկային կենտրոններ, 
ժգ. "Երևանի "Զատիկ" երեխաների աջակցության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
ժդ. "Հայաստանի ազգային արխիվ" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
ժե. "Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
ժզ. "Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
ժէ. "Հայաստանի ազգային կինոկենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
ժը. "Փաստավավերագրական ֆիլմերի "Հայկ" կինոստուդիա" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
ժթ. "Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
ի. "Հայրենիք-սփյուռք" կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
իա. "Հայաստանի ազգային գրապալատ" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
իբ. "Գրքի և հրատարակչական գործի կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
իգ. "Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
իդ. "Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
իե. "Ուսուցման կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
իզ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության "Իրավաբանական ինստիտուտ" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
իէ. "Դատական դպրոց" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
իը. "Դատախազության դպրոց" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
իթ. "Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
լ. "Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպություն, 
լա. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպություններ, 
լբ. "Մատենադարան" Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, 
լգ. "Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպություն. 
Ինչպես նաև վերոնշյալ պետական մարմինների և կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հաստատություններում չաշխատող Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող "ԽՍՀՄ" և Հայաստանի Հանրապետության "ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ" պատվավոր կոչմանն արժանացած անձինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատողներ` բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրենի, տնօրենի տեղակալների), ինչպես նաև "Հայկական ատոմային էլեկտրակայան" փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշմամբ սահմանված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք. 

4. Ո՞ր աշխատողները չեն կարող օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից

Սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց (բացառությամբ հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի) (զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը (օրինակ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը), կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, "Հանրային ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:


5. Ովքե՞ր են համարվում աշխատողի անմիջական ընտանիքի անդամներ:

Աշխատողի անմիջական ընտանիքի անդամներ են համարվում աշխատողի ամուսինը, մինչև 27 տարեկան զավակը (զավակնեը):

6. Արդյո՞ք հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք օգտվում են Սոցիալական փաթեթից:

Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում Սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:

7. Արդյո՞ք ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք օգտվում են Սոցիալական փաթեթից:

Ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք օգտվում են Սոցիալական փաթեթից, քանի որ նրանք զբաղեցնում ենհաստիքացուցակով նախատեսված հաստիք: Հարկ է նշել, որ նրանք ևս պետք է բավարարեն տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուիվերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու պայմանին:  

8. Որքա՞ն է կազմում սոցիալական ապահովության փաթեթով յուրաքանչյուր պետական ծառայողին բաժին ընկնող գումարի չափը:

Յուրաքանչյուր աշխատակցին սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11 հազար դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով կազմում է 132,000 ՀՀ դրամ:

9. Եթե աշխատողի դրույքը (աշխատաժամանակը) պակաս է մեկ դրույքից (նորմալ աշխատաժամանակից), ապա սոցիալական փաթեթից օգտվելու ինչպիսի՞ սահմանաչափ է կիրառվում նրա համար:

Սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն կրճատ տևողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):  

10. Ինչպե՞ս է հատկացվում Սոցիալական փաթեթը:

Սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար: Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում համաձայն ձևի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Դիմումի և տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին` ամսական կտրվածքով` բացառությամբ հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը կարող է իր և զբոսաշրջային օպերատորի միջև կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում՝ սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով: Այս դեպքում աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում:  

11. Ե՞րբ է կատարվում սոցիալական փաթեթի գումարի փոխանցումը:

Սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Սոցիալական փաթեթի գումարների հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Դեկտեմբեր ամսվա սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է մինչև ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 20-ը: 2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցման համար դիմում ներկայացվելու դեպքում տվյալ եռամսյակի հասանելիք ամիսների սոցիալական փաթեթի գումարները ևս փոխանցվում է աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին: Սոցիալական փաթեթի շահառուից անկախ հանգամանքների հետևանքով առաջացած դեպքերում (այդպիսիք են համարվում պետական մարմնի հաստիքացուցակով նախատեսված այնպիսի հաստիք զբաղեցնելը, որում պետական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ինչպես նաև առանց պաշտոնից ազատվելու օտարերկրյա պետություն ծառայության գործուղվելը կամ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների սահմանամերձ վայրերում տարերային բնույթի երևույթների (ձնաբուք և այլն) հետևանքով առաջացած ճանապարհային անանցանելիության դեպքերում պետական ծառայությունն իրականացնելը) այդ հանգամանքների հետևանքները դադարելուց անմիջապես հետո մեկ ամսվա ընթացքում սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքում սոցիալական փաթեթի շահառուի` տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն նշված հանգամանքների հետևանքով չփոխանցված սոցիալական փաթեթի գումարները ևս փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:

12. Կարելի՞ է փոխել սոցիալական փաթեթի հաշիվը:

Յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաև սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք պարտավորություններ չունենալու վերաբերյալ: Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում  նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:  

13. Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները ե՞րբ է հնարավոր կանխիկացնել:

Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը և նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում: 

14. Ի՞նչ ժամկետով է աշխատակցի հետ կնքվում առողջության ապահովագրության պայմանագիրը և ե՞րբ է այն ուժի մեջ մտնում:

Առողջության ապահովագրության պայմանագիրը կնքվում է 365 օր ժամկետով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովա­գրական ընկերու­թյանն ապահովագրավճարի կամ դրա` պայմանագրով նախատեսված չափով առաջին մասնաբաժնի վճարման պահից 10 օր հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, օրինակ` եթե աշխատողը 2013թվականին առողջության ապահովագրության պայմանագիր է կնքել հունիս ամսին, ապա նոր պայմանագիրը կարող է կնքվել, օրինակ, փետրվար ամսին, սակայն այն ուժի մեջ է մտնում հունիս ամսին` նախորդ պայմանագրի գործողության դադարման օրը:  

15.Աշխատանքից ազատման դեպքում որն է համարվում սոցիալական փաթեթի դադարեցման ամիս:

Աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որևէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից (ծառայություններից) և աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) հանգամանքի` սոցիալական փաթեթի գումարները (իր դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան կամ ավելի պակաս` պարտավորությունից ելնելով) շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին (12 ամիսը) լրանալը (օրինակ, եթե աշխատողի սոցիալական փաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլ ամսին և աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբեր ամսին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է վեց ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար և ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցիալական փաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչև հաջորդ տարվա մարտ ամիսը ներառյալ` այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով): Աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:  
1 2 >