Հիմնադրամի պատմությունից

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ Կառավարության կողմից` Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումներին գործուն աջակցության, հանրային լայն իրազեկման ապահովման կանոնադրական նպատակներով:
2011 թվականի հուլիսի 28-ին ընդունվեց ՀՀ Կառավարության որոշումը Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրելու մասին: Նույն որոշմամբ հաստատելով հիմնադրամի կանոնադրությունը` Կառավարությունը արձանագրեց դրա գործունեության հիմնական ուղղություններն ու շրջանակը: Ըստ այդմ`

Հիմնադրամի խնդիրներն են`
  1.  կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրումը, այդ թվում` առցանց.
  2.  կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ տեղեկատվական և ուսուցողական նյութերի մշակումը, հրատարակումը և տարածումը.
  3. ուսուցողական և տեղեկատվական սեմինարների կազմակերպումը հանրության տարբեր շերտերի ու առանձին խմբերի համար.
  4. կենսաթոշակային համակարգի վերաբերյալ միասնական կայք-էջի ստեղծումն ու վարումը.
  5.  կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային ուսուցման ծրագրերի մշակումն ու իրականացումը.
  6. կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը.
  7. փոքր և միջին ձեռնարկությունների (գործատուների) կողմից անձնավորված հաշվետվությունները ներկայացնելու գործընթացին աջակցելը, այդ թվում` հաշվետվությունները ներկայացնելու կիրառական հմտությունների տրամադրումը և տեխնիկական աջակցությունը գործատուներին.
  8. կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից ակտիվների կառավարիչների և կենսաթոշակային ֆոնդերի ընտրությանն աջակցելը (այդ թվում` մարզերում համապատասխան ծառայությունների մատուցումը).
  9.  պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելը.
  10. հետազոտությունների, գիտահետազոտական ծրագրերի իրականացումը և դրանց աջակցությունը.
  11.  ուսումնական հաստատություններում ուսուցման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը.
  12. «Թեժ գիծ» ծառայության վարումը.
  13. բնակչության շրջանում համապատասխան հարցումների անցկացումը.
  14. իրականացվող ծրագրերի, միջոցառումների արդյունավետության գնահատման աշխատանքների իրականացումը.
  15. նշված և իր կանոնադրական նպատակներին ուղղված ծրագրերի իրականացման համար պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և պետական մասնակցությամբ ընկերությունների, դոնոր կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց հետ համագործակցությունը.
  16.  հասարակության տարբեր շերտերի` կենսաթոշակային բարեփոխումներին աջակցության և մասնակցության ապահովմանը նպաստելը:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ` ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 


ԿՀԻԿ հիմնադրամի ստեղծմամբ սկիզբ դրվեց հանրային իրազեկման և ուսուցման միջոցառումներին, որոնք իրականացվում են ինչպես հիմնադրամի ներքին ռեսուրսներով, այնպես էլ տարբեր պետական և ոչ պետական կառույցների, այդ թվում` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

2011 թվականից ի վեր հիմնադրամը աջակցություն է ցուցաբերել ՀՀ Կառավարությանը կենսաթոշակային բարեփոխումների իրականացման տարբեր փուլերում` նպաստելով ռեֆորմին առնչվող գործընթացների հարթ և սահուն կազմակերպմանը: Ծրագրերի արդյունավետ կատարման համար կիրառվել են տեղեկատվության տրամադրման բազմազան գործիքներ. նախագծվել և կյանքի են կոչվել իրազեկման արշավներ, ուսումնական ծրագրեր տարբեր թիրախային խմբերի համար, հիմք է դրվել ԿՀԻԿ հրապարակումների շարքին, որում արդեն իսկ ընդգրկված են տասնյակ իրազեկման նյութեր, լայնորեն օգտագործվել են էլեկտրոնային հաղորդակցության միջոցները` լայն հասարակությանը, ինչպես նաև կենսաթոշակային նոր համակարգի շահառուներին անհրաժեշտ տեղեկատվությունը մատուցելու համար:

ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ


Հիմնադրման առաջին իսկ տարում Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը սկիզբ դրեց ամենամյա կենսաթոշակային համաժողովների անցկացմանը, որոնց նպատակն է ամփոփել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման աշխատանքներում անցնող տարվա ձեռքբերումները և ուրվագծել ապագա անելիքները: 2011 թվականից սկսած` անցկացվել է երեք համաժողով, ըստ որում` 2012 և 2014 թվականներին դրանք կրեցին միջազգային բնույթ` ընդգրկելով միջազգային հեղինակավոր կառույցների, ԱՊՀ և Եվրամիության երկրների սոցիալական ապահովության ոլորտի գործընկերներին:

«Բարեփոխում և գիտելիք» Քարոզարշավ


2011 թվականին ԿՀԻԿ հիմնադրամը համագործակցության հուշագիր ստորագրեց ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի հետ, որով հիմք դրվեց մեկամյա համատեղ արդյունավետ աշխատանքի` մինչև Ծրագրի ավարտը: «Բարեփոխում և գիտելիք» նախաձեռնության շրջանակներում համատեղ իրականացվել են մի շարք ուշագրավ ծրագրեր` կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսանողական ռեֆերատների մրցույթի անցկացում և մրցանակաբաշխության կազմակերպում, կլոր սեղան-քննարկումներ բանկային համակարգի, հաշվապահական միությունների և այլ ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների հետ, դասընթաց-հանդիպումներ պետական գերատեսչությունների աշխատակիցների հետ և այլն:

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ» . ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ


2012 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի ապրիլ ամիսը «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտորն» հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման եվ ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» ծրագրի շրջանակում իրականացրել է ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ռազմավարություն ողջ Հանրապետությունում: Համագործակցելով պետական և մասնավոր հատվածների հետ` հիմնադրամը կարողացավ սեղմ ժամկետում առավելագույն արդյունավետությամբ իրագործել եկամտային հարկի իրազեկման արշավը: Միասնական եկամտային հարկի և էլեկտրոնային հաշվետվությունների ներդրումը կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում կարևորագույն օղակներից մեկն էր, և դրա պատշաճ իրականացումը պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործարկման կարևոր նախապայման էր: ԿՀԻԿ հիմնադրամի ջանքերով մեծածավալ աշխատանք տարվեց գործատուների և հաշվապահների հետ` ներկայացնելով 2013 թվականից ներդրվող միասնական եկամտային հարկի հաշվարկման և ՀՀ ԿԱ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում գրանցման հայտերը և անձնավորված հաշվետվությունները ներկայացնելու կարգը: ԿՀԻԿ հիմանդրամը բոլոր մարզերում ստեղծեց իրազեկող դասընթացավարների խմբեր, որոնք տեղերում հատուկ կազմված ժամանակացույցով և օրակարգով սեմինարներ անցկացրեցին հաշվապահների համար: Նրանք աջակցեցին նաև նույնականացման քարտ ստանալու գործընթացին՝ համակարգելով հաշվապահների և գործատուների հոսքը դեպի անձնագրային բաժիններ՝ հերթերից խուսափելու նպատակով: Արդյունքում՝ նույնականացման քարտ ստանալու առաջին ամիսներին հնարավոր եղավ հերթերի մեծ կուտակումները կանխել կամ կարգավորել: Նույն դասընթացավարները մարզերում իրականացրեցին նաև նույնականացման քարտ կարդացող սարքերի բաշխումը, կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ գրականության տարածումը, ինչպես նաև հասարակական կարծիքի ուսումնասիրման հարցումները:
Համագործակցելով մարզպետարանների և ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ` 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԿՀԻԿ հիմնադրամը նախապես վերապատրաստված մարզային դասընթացավարների միջոցով իրականացրել է 130 դասընթաց 10 մարզերի համայնքային կառավարչական բոլոր հիմնարկների ավելի քան 3400 հաշվապահների համար:
Երևանում գործող պետական մարմինների համար ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոնի և «Սթեփ քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հետ համագործակցելով, կազմակերպվել է 5 սեմինար, որոնց մասնակցել է նախարարություններից և Կառավարությանն առընթեր մարմիններից մոտ 150 հաշվապահ:
Մասնավոր հատվածի համար իրազեկման դասընթացներ իրականացնելու նպատակով ԿՀԻԿ հիմնադրամը համագործակցել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, Գործատուների հանրապետական միության, Աշխատանքի պետական տեսչության և Բանկերի միության հետ: Ընդհանուր թվով կազմակերպվել է մոտ 130 դասընթաց, կլոր սեղան-քննարկում, հանդիպումներ տարբեր կազմակերպությունների հետ, որոնց մասնակցել է 4300 գործատու և հաշվապահ:
Նշված բոլոր միջոցառումների մասնակիցներին, եկամտային հարկից բացի, մանրամասն ներկայացվել են կենսաթոշակային բարեփոխումները և ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, տրամադրվել է իրազեկման-տեղեկատվական նյութերի փաթեթ:

114 ԹԵԺ ԳԻԾ


Եկամտային հարկի իրազեկման աշխատանքներին զուգահեռ` մեծապես կարևորվեց 114 թեժ գծի նորովի գործարկումը, ինչը և կատարվեց ԿՀԻԿ հիմնադրամի նախաձեռնությամբ: 114 կարճ հեռախոսահամարը գործում էր 2011 թվականից սկսած` որպես ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության թեժ գիծ և տրամադրում էր տեղեկատվություն բաշխողական կենսաթոշակային համակարգի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, ինչպես նաև ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: 2012 թվականի վերջին եռամսյակից սկսած` հեռախոսային ծառայության դերը էապես ընդգծվեց` այն լիարժեք տեղեկատվական աղբյուր դարձավ նաև եկամտային հարկի ներդրմանն առնչվող գործընթացների և կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Այսօր 114 կենսթոշակային թեժ գիծը ունի լայն ճանաչում հանրության շրջանում. քաղաքացիները, գործատուները և ֆինանսական մասնագետները ծառայությանն են դիմում սոցիալական ոլորտին առնչվող տարատեսակ հարցադրումներով և հնարավոր սեղմ ժամկետում ստանում պատասխաններ: Թեժ գիծը իր ծառայությունների մեջ կիրառում է նաև հետադարձ կապի սկզբունքը` անհրաժեշտության դեպքում ճշտելով պատասխանները լիազոր կառույցներից:

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՐԴԱՑՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ


Որպես եկամտային հարկի իրազեկման աշխատանքների շարունակություն` ԿՀԻԿ հիմնադրամը 2013 թվականի հունվար ամսից ՀՀ Կառավարության հանձնարարությամբ ստանձնեց նույնականացման քարտ կարդացող սարքերի բաշխումը գործատուներին, հետագայում նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցներին: Աշխատանքները սկսվեցին հունվարի 25-ից և կրում են շարունակական բնույթ:
Սարքերը քաղաքացիներին տրամադրելու գործընթացը ԿՀԻԿ հիմնադրամը օգտագործեց որպես իրազեկման ևս մեկ միջոց: Սարքերը ստացող քաղաքացիներին հիմնադրամի աշխատակիցները համառոտ ներկայացնում են Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումները, պատասխանում են պարտադիր կուտակային բաղադրիչին առնչվող հարցերին: Սարքերի հետ միասին տրամադրվում է տեղեկատվական-ուսումնական նյութերի փաթեթ` եկամտային հարկի, անձնավորված հաշվառման համակարգի, նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգի, պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ:

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉի իրազեկում.


2013 թվականի սեպտեմբեր ամսից ի վեր` Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը, 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանն ընդառաջ, իրագործում է նոր կենսաթոշակային համակարգի ակտիվ իրազեկումը: Մեկնարկել է նոր ուսումնական ծրագիր` ինչպես համակարգի շահառուների, այնպես էլ ֆինանսական մասնագետների և գործատուների համար: Հիմնադրամը հանդես է գալիս նախաձեռնություններով` տարբեր թիրախային խմբերի և կազմակերպությունների ընդգրկելով դասընթաց-հանդիպումներին, որոնք հնարավորություն են տալիս հանգամանորեն ծանոթանալ կենսաթոշակային բարեփոխումներին, կուտակային համակարգի ներդրման հրամայականին և մեր երկրում այս բարեփոխման իրագործման մեխանիզմներին:
Իրազեկման միջոցառումների շրջանակում շարունակվում է արդյունավետ համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող տարբեր ծրագրերի հետ: Աշխատանքների նախագծման և իրագործման բոլոր փուլերում ԿՀԻԿ հիմնադրամը լայն աջակցություն է ստանում «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրից»: 2013 թվականի սեպտեմբեր ամսին Ծրագրի մեկնարկից ի վեր` համատեղ իրականացվել է երկու հատուկ դասընթաց լրագրողների համար, կազմակերպվել է Կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովը, անցկացվել են բազմաթիվ սեմինարներ Երևանում և մարզերում, մշավել են իրազեկման-տեղեկատվական տասնյակ նպագիր նյութեր:
Մարզերում մի շարք դասընթացների իրականացման համար ԿՀԻԿ հիմադրամին տեխնիկական և ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել «Ֆինանսատնտեսական զարգացման ծրագիրը»:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ


Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային կարծիքի ձևավորման հարցում դրանց լիարժեք և անաչառ լուսաբանման դերը համարելով առաջնային` Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը մշտապես աշխատում և համագործակցում է զանգվածային լրատվամիջոցների հետ: Բացի ընթացիկ աշխատանքների մասին լրատվամիջոցներին համապարփակ տեղեկատվություն տրամադրելը, հիմնադրամը նաև պարբերաբար անցկացնում է հատուկ վերապատրաստման դասընթացներ տնտեսական լրագրողների համար: 2011-2014 թվականների ընթացքում կազմակերպված չորս երկօրյա սեմինարները էականորեն բարձրացրել են նոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ լրագրողների գիտելիքները, որոնք անըըըդրվել են խորքային վերլուծությունների և հրապարակումների հիմքում:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ 


Հիմնադրամն իրականացնում է նաև հասարակական կարծիքի փուլային ուսումնասիրություններ` նոր համակարգի մասին բնակչության իրազեկվածության աստիճանը և վերաբերմունքը պարզելու, խնայողական վարքագծի առանձնահատկությունները վեր հանելու և այլ խնդիրների ներկայացմամբ:





Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան