Երաշխավորման ի՞նչ մեխանիզմներով են պաշտպանված կուտակային համակարգի մասնակիցների գումարները


Կուտակային կենսաթոշակային համակարգը, մի շարք երաշխիքային մեխանիզմների միջոցով, պաշտպանում է մասնակիցների կենսաթոշակային խնայողությունները: Ուղղակի երաշխիքը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն է, որով երաշխավորված է մասնակիցների կատարած հատկացումների վերադարձելիությունը` ճշգրտված տարեկան գնաճով: Անուղղակի երաշխիքները այն կարգավորումներն ու ներդրումային սահմանափա-կումներն են, որոնք պաշտպանում են մասնակիցների գումարները վնասներից: 

Այսպես` կուտակային համակարգի մասնակցի կատարած վճարները ենթակա են նրան վերադարձման տարեկան գնաճով ճշգրտված` համաձայն օրենքի: Այս նպատակով ստեղծված է երաշխիքային հիմնադրամ, որին հատկացումներ են կատարում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները:  

Սակայն այս ուղղակի երաշխիքից բացի, պակաս կարևոր չեն նաև անուղղակի երաշխավորման մեխանիզմները: Նախ` պետք է նշել այն խիստ չափանիշները, որոնցով ընտրվել են կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները. Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարում իրականացնող երկու ընկերությունները ֆինանսական աշխարհում բարձր վարկանիշ ունեցող միջազգային կազմակերպություններ են, ինչը նշանակում է, որ մասնակիցների գումարները ապահով ձեռքերում են: 

Հաջորդ կարևոր հանգամանքը դիվերսիֆիկացիայի պահանջն է. ֆոնդերի կառավարիչներիը կուտակային կենսաթոշակային միջոցներով ներդրումներ կատարելիս պարտավոր են ապահովել դիվերսիֆիկացիա` ռիսկերի բաշխում, ինչը նշանակում է, որ գումարը միաժամանակ ներդրվում է տարբեր քանակությամբ, տարբեր ֆինանսական գործիքներում, տարբեր արժույթներով և տարբեր ոլորտներում: Դիվերսիֆիկացիայի շնորհիվ` մեկ ակտիվի գծով վնասը փոխհատուցվում է մյուս ակտիվից ստացված եկամտով, և միջոցների կորստի ռիսկը հասցվում է նվազագույնի: 

Համակարգին կատարվող հատկացումների ապահովության տեսանկյունից կարևոր են նաև ներդրումների աշխարհագրական սահմանափակումները: Օրենքով կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին թույլատրված է այլ երկրներում ներդրումներ կատարելիս միջոցները ներդրնել միայն Տնտեսական Համագործակցության և Զագրացման Կազմակերպության` ՏՀԶԿ (OECD) անդամ պետություններում, որոնց տնտեսությունները նմանատիպ ներդրումների համար առավել ապահով են: 

Ի դեպ, արտարժույթով ներդրումները չեն կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 40 տոկոսը. դա նշանակում է, որ այս գումարների առնվազն 60 տոկոսը ներդրվում է Հայաստանում հայկական դրամով` նպաստելով երկրի ներսում տնտեսության խթանմանն ու զարգացմանը: 

Այսպիսով, համակարգը մշակված է այնպես, որ կուտակային կենսաթոշակային հատկացումներ կատարող մասնակցի միջոցները առավելագույնս պաշտպանված լինեն, տարատեսակ սահմանափակումների միջոցով նվազագույնի են հասցված ռիսկերը: Մյուս կողմից` օրենքը երաշխավորում է մասնակիցների կատարած վճարումների ամբողջական վերադարձը` ճշգրտված տարեկան գնաճով: 

Եթե Դուք կուտակային համակարգի մասնակից եք և ունեք հարցեր համակարգի վերաբերյալ, ապա կարող եք ուղղել այդ հարցերը հետևյալ էջի միջոցով` http://www.epension.am/am/feedback










Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան