19-10-2018
Նորություն

Ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն

Այս երեքն էլ սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղված պետական աջակցության ծրագրեր են և բաշխվում են սոցապահովության միևնույն ծրագրի բյուջեից: Այս երեք ծրագրի տարբերությունն այն է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված յուրաքանչյուր ծրագրում ընդգրկվող շահառուների անապահովության գնահատման միավորներն տարբեր են:
Այսպիսով, եթե ընտանեկան և սոցիալական նպաստների նշանակման դեպքում շահառու համարվող ընտանիքը կարիքների գնահատման արդյունքում պետք է ապահովի առնվազն 30.01-ից բարձր միավոր, որպեսզի ամենամսյա նպաստ ստանալու իրավունք ստանա, ապա հրատապ օգնության ծրագրի դեպքում՝ շահառու ընտանիք ընտրելու չափորոշիչները շատ ավելի մեղմ են սահմանված և անապահով ընտանիքը ավելի նվազ միավորներով է դառնում նպաստառու:
Օգնության այս տարբերակը կարիքների գնահատման դեպքում պետության կողմից դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքին անցումային շրջանում իբրև աջակցություն կարելի է համարել:
Հրատապ օգնությունը շահառուին տրամադրվում է եռամսյա ժամկետով (եռամսյակով): Նպաստի չափը կայուն 18000 դրամ է: Եթե անապահով ընտանիքը երեք ամիս անց նորից ուզում է օգտվել հրատապ օգնություն սոցաջակցությունից, ապա դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը նորից պետք է ներկայացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայություն կամ սոցծառայություն մատուցող տարածքային կենտրոններ:

Ո՞ր ընտանիքն իրավունք ունի ստանալ եռամսյակային հրատապ օգնություն:

Եռամսյակային հրատապ օգնություն ծրագրի շահառու կարող է դառնալ անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքը, որն ունի անապահովության «0» -ից բարձր միավոր և չունի ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք:
Այս աջակցությունից օգտվելու իրավունքը և դրա չափորոշիչները սահմանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, սակայն շահառուի կարգավիճակը՝ ըստ իր դիմումի, ուսումնաասիրում և ընտանիքի անապահովության համակարգում ընդգրկելու մասին որոշում է կայացնում բացառապես սոցիալական աջակցության տարածքային կենտրոնը՝ համապատասխան խորհրդի ձայների բացարձակ մեծամասնությամբ:
Նշենք, որ մայրաքաղաքի դեպքում՝ դրանք վարչական շրջանների համայնքապետարաններում գործող սոցիալական ծառայություների տարածքային կենտրոններն են (ՍԾՏԿ), իսկ մարզերի պարագայում՝ տվյալ մարզի քաղաքապետարաններում տեղակայված և նույն մարզպետների ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն են (ՍԾՏԿ) , որտեղ էլ քաղաքացին պետք է իր դիմումը ներկայացնի: Ի դեպ, դժգոհությունների կամ դիմումին տրված պատասխանի հետ չհամաձայնելու դեպքում քաղաքացին իրավասու է դիմել վերահսկող մարմին, այն է՝ Աշխատանիք և սոցիալական հարցերի նախարարություն:

Ուշադրություն. ՍԾՏԿ-ի խորհուրդը , որպես անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակ, դիտարկում և գնահատում է հետևյալ դեպքերը՝

• միայն կենսաթոշակառուներից, ծերության կամ հաշմանդամության նպաստառուներից բաղկացած ընտանիք լինելը,
• ընտանիքում մեկից ավելի երեխայի առկայությունը,
• ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև հիվանդությունը,
• ընտանիքի կազմում գործազուրկ ունենալու հանգամանքը,
• ընտանիքի կազմում ուսանող ունենալու հանգամանքը,
• բնակարանի հրդեհը, բնակարանի (մի մասի) փլուզումը, ներտնային հաղորդակցուղիների վթարները և նմանատիպ այլ հանգամանքներ,
• ընտանիքի անդամի մահը, ինչպես նաև կյանքի դժվարին այլ իրավիճակների պատճառներով առաջացած կարճատև ֆինանսական խնդիրների առկայությունը:

Ե՞րբ կարող է դադարեցվել եռամսյակային հրատապ օգնության վճարումը:

Տրամադրվող եռամսյակային օգնությունը դադարեցվում է , եթե
• եռամսյակի ընթացքը լրանալու և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) չներկայացվելու դեպքում,
• ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառվելու դեպքում,
• ընտանիքի անապահովության միավորն այդ եռամսյակի ընթացքում «0» դառնալու դեպքում,
• ընտանիքի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում,
Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:









Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան