08-10-2018
Նորություն

Ինտեգրված սոցիալական ծառայություն. համակարգի ներդրումը շարունակվում է

Հոկտեմբերի 5-ին և 6-ին ՀՀ տարբեր մարզերի սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների վեց տասնյակից ավելի ներկայացուցիչներ հավաքվել էին քննարկելու համալիր սոցիալական ծառայությունների համակարգն ու իրենց դերն այդ համակարգի ներդրման և գործարկման համատեքստում։

Հանդիպման առիթը «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացների հետ կապված խնդիրներն ու անելիքները» թեմայով երկօրյա սեմինար-խորհրդակցությունն էր։ ՀԲ Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն էին ստացել ծանոթանալու ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի առանձնահատկություններին, քննարկելու համակարգի ներդրմանն առնչվող գործընթացները, ներկայացնելու համակարգի վերաբերյալ իրենց մոտեցումները։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալներ Արսեն Մանուկյանն ու Արման Ուդումյանը, նախարարության համակարգում գործող առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ։

«Սա հրաշաի ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն փոխանցել մեր հիմնական հաղորդագրությունն ու տեղում ստանալ նաև ազդակներ մեր տարածքային մարմիններից։ Կարծում եմ՝ նմանօրինակ հանդիպումները պետք է պարբերական բնույթ կրեն։ Մեր քաղաքականության հիմնական կիրարկողները կարող են հրաշալի աղբյուր լինել՝ գնահատելու առկա քաղաքականության տարբեր բաղադրիչների արդյունավետությունն ու հաշվի առնել դրա արդյունքները նոր մոտեցումներ մշակելիս»,- իր խոսքում նշեց նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը։

Մասնակիցներին ներկայացվեց համակարգի տեխնիկական և բովանդակային տարբեր բաղադրիչներին վերաբերող նյութեր՝ հնարավորություն ընձեռելով իրենց հարցերն ուղղել գործընթացի համար պատասխանատու անձանց։ Նախարարի առաջին տեղակալը մասնակիցներին կոչ արեց անկաշկանդ լինել, ներկայացնել ոլորտին առնչվող իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, ակտիվորեն մասնակցել քննարկումներին։

ՀԲ Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող Վահագն Գրիգորյանը շեշտեց, որ նմանօրինակ ճանաչողական հանդիպումների համար խիստ բարենպաստ ժամանակահատված է․ մի քանի մարզերում համալիր կենտրոններն արդեն իսկ գործարկվել են, ինչը թույլ է տալիս նոր բացվող կենտրոնների դեպքում հաշվի առնել նաև արդեն իսկ աշխատողների փորձառությունը։

Տեղեկացնում ենք, որ առաջիկայում նմանօրինակ սեմինար-խորհրդակցություն կկազմակերպվի նաև Հայաստանի հյուսիսային մարզերի ներկայացուցիչների համար։

«Այս սեմինար-խորհրդակցության հիմնական նպատակը համակարգի կարևոր դերակատարների իրազեկումն է։ Այս տեղեկատվության հասցեատերը հենց ծառայություններ մատուցող մարմինների ղեկավարներն ու աշխատակիցներն են, ի վերջո հենց դուք եք գործարկելու այս համակարգն ու շատ կարևոր է, որ ոչ միայն ծանոթ լինեք դրա տեխնիկական կողմին, այլև իրապես հասկանաք դրա իմաստն ու դառնաք համակարգի փիլիսոփայության կրողը»,- իր ելույթում նշեց Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի սոցիալական պաշտպանության գծով փորձագետ Վարդան Գևորգյանը։

ՀԲ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի շրջանակում հանրապետության ողջ տարածքում նախատեսվում է կազմակերպել 36 համալիր կենտրոն: Արդեն իսկ շահագործման են հանձնվել Թալին, Վանաձոր, Ամասիա քաղաքներում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված ՀՍԾՏԿ-ները, ինչպես նաև ԶՊԳ կենտրոնական գրասենյակի շինարարական ու շին-վերանորոգման աշխատանքները:

Ընթացքի մեջ են Ստեփանավան, Տաշիր, Ախուրյան, Հրազդան քաղաքների, ՀՀ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի, ինչպես նաև ԲՍՓԳ-ի կենտրոնական գրասենյակի շին-վերանորոգման աշխատանքները:

Հիշեցնենք, որ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայությունների (սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն) տեղակայում մեկ վայրում: Համակարգի շնորհիվ սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները։ Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակից բխող մեկ համալիր պատասխան։







Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան