28-12-2015
Նորություն

Նախարար Արտեմ Ասատրյանն ամփոփել է 2015թ. սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատանքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է անցնող տարվա սոցիալական պաշտպանությանն ուղղված հիմնական ուղղությունները` աշխատանք և զբաղվածություն, կենսաթոշակային ապահովություն, պետական նպաստներ, սոցիալական աջակցություն, հաշմանդամների և տարեցների հիմնահարցեր: 

Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ 2015թ. Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում շարունակվել են բարեփոխումները, որոնք ներառել են համակարգային փոփոխություններ, օրենսդրական նոր կարգավորումներ և սոցիալական նոր ծրագրերի գործարկումներ: Միաժամանակ ողջ ծավալով մատուցվել են պլանավորված սոցիալական բոլոր ծառայությունները: 

Նախարարը 2015թ. ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու ցուցանիշները ներկայացրել է ըստ ոլորտների: 
          
                                                

1. Աշխատանքի և զբաղվածության 

2014-2015թթ. զբաղվածության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը արմատապես փոխվել է՝ հիմքում դնելով աշխատանք փնտրող անձին աշխատանքով ապահովելու և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը: 2015թ. զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել է շուրջ 11 270 մարդ: 

15 782 տեղավորվել են աշխատանքի, որից 6285 –ը սեզոնային զբաղվածության ծրագրով, շուրջ 400 անձ՝ Տավուշի մարզում իրականացված վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով: 


Սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրի շրջանակներում 2014թ.` 2583 հողօգտագործողի (3679 անձանց) աջակցելու համար տրամադրվել է 240.867,3 հազ դրամ, իսկ 2015թ. 4793 հողօգտագործողի (6285 անձանց)՝ 849.3 մլն (մեկ ծրագրի առավելագույն արժեքը կազմել է 350 հազ. դրամ): Նախնական արդյունքներն առավել քան գոհացուցիչ են, գյուղացիների արձագանքը՝ դրական: Ծրագրում ընդգրկված և աշխատաշուկայում անմրցունակ գյուղացիները ձերբազատվել են վարկեր վերցնելու ծանր բեռից: Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել են նախկինում չմշակվող հարյուրավոր հեկտար հողատարածքներ, բարձրացել է հողատարածքների մշակման որակն ու արդյունավետությունը, կանխվել է հարյուրավոր ընտանիքների արտերկիր մեկնելու մտադրությունը: 

Ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերի շարքում <<Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագիրն>> է, որը մեկնարկել է նոյեմբերից, ընգրկվել է 44 սահմանամերձ համայնք: 2 ամիսների ընթացքում իրականացված փորձնական ծրագրի արդյունքներն առավել քան գոհացուցիչ էին, քանի որ այս կարճ ժամանակահատվածում շուրջ 397 անձ ընդգրկվել է ծրագրում՝ 1 աշխատանքային օրվա համար ստանալով 7000 դրամ: Բացի այդ բարեկարգվել և վերանորոգվել են համայնքային կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ՝ ճանապարհների բարեկարգում, հասարակական շինությունների վերանորոգում և այլն: 

Գործարար միջավայրի բարելավման, երեխաների աշխատանքի կանոնակարգման, ինչպես նաև Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին համապատասխանեցման խնդիրները լուծելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում մեծածավալ փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: 
2014-2015թթ. հետևողականորեն շարունակվել է պետական համակարգի աշխատողների սոցիալական ապահովության երաշխիքների տրամադրումը: Ընդլայնվել է սոցիալական փաթեթի շահառուների շրջանակը, ինչպես նաև առողջապահական փաթեթի շրջանակում տրամադրվող բժշկական ծառայությունների ցանկը: Ծրագրի կարևորագույն ձեռքբերումներից է պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչի ներդրումը, որով լուծվում է ոչ միայն պետական աշխատողների հիվանդությունների կանխարգելման խնդիրը, այլև, ըստ էության փորձ է արվում ձևավորել սեփական առողջությունը կարևորելու մշակույթը: 

2015թ. հուլիսի 1-ից նվազագոյն աշխատավարձը բարձրացել է 5000 դրամով, 50000 դրամից դառնալով 55 000 դրամ: 

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նպատակով 2015թ. հունվարի 1-ից պետական կազմակերպությունների համար, իսկ 2016թ. հունվարի 1-ից ոչ պետական կազմակերպությունների համար սահմանվել է քվոտայի պարտադիր պահանջի կիրառումը: Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի (300 հազար ՀՀ դրամ) չափով: 


2.Կենսաթոշակային ապահովություն և պետական նպաստներ 

Կենսաթոշակային ապահովության բնագավառում հիմնական թիրախը կենսաթոշակառուների շրջանում աղքատության նվազեցումն է: 

2014 և 2015թթ. յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից բարձրացվել են աշխատանքային կեսնաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, որը, 2013թ. 13000 դրամի փոխարեն, սահմանվել է. 2014թ.` 14000 դրամ, 2015թ.՝ 16000 դրամ: Զուգահեռաբար ավելացվել են աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները. 2014թ.` առաջին տասը տարվա համար` 700 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ, 2015թ., համապատասխանաբար, 800 դրամ և 500 դրամ: Արդյունքում` 2 տարվա ընթացքում միջին աշխատանքային կենսաթոշակի չափը ավելացել է մոտ 10000 դրամով. 2013թ. 30900 դրամի դիմաց 2015թ. այն կազմել է մոտ 33 տոկոսով ավելի` 41000 դրամ: Այս ցուցանիշներն ապահովվել են ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի շուրջ 30 մլրդ դրամ լրացուցիչ գումար հատկացնելու շնորհիվ: 

2015թ. բարձրացվել են նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը: 

Արձանագրվել է զինվորական կենսաթոշակների չափերի բարձրացում, մասնավորապես` զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 2014 հուլիսի 1-ից սահմանվել են, համապատասխանաբար, 14000 դրամ և 1300 դրամ, իսկ 2015թ. հուլիսի 1-ից` 16000 դրամ և 1500 դրամ: Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը տարեկան ավելացել է 14-15 տոկոսով կամ երկու տարվա կտրվածքով` 30 տոկոսով: 

2014թ. օգոստոսի 1-ից 5000 դրամով բարձրացվել են առանձին կատեգորիայի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պարգևավճարի չափերը: 

2015թ. հունվարի 1-ից Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին մինչ այդ նշանակված երկու կենսաթոշակներից մեկի` զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվել է պարգևավճար, որի չափը նախկին կենսաթոշակի չափը գերազանցել է հիմնականում 40-50 տոկոսով: Արդյունքում` շուրջ 6300 անձանց զինվորական կենսաթոշակի փոխարեն վճարվել է դրա չափն էականորեն գերազանցող պարգևավճար: Միաժամանակ, սահմանվեց, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կենսաթոշակ ստացող անդամը պարգևավճարի իրավունք է ձեռք բերում` անկախ աշխատելու համգամանքից, որի արդյունքում ընդլայնվել է պարգևավճար ստանալու իրավունք ունեցողների շրջանակը: 

Արմատապես փոխվել են երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ձևերն ու ծավալները: Մասնավորապես` 2014թ. հունվարի 1-ից ընտանիքում 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 1.000.000 դրամ, իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1.500.000 դրամ: Ընդ որում, երկու դեպքում էլ նպաստի գումարի 500 հազար դրամը տրամադրվում է կանխիկ, իսկ մնացած մասը` անկանխիկ, որպես ընտանեկան դրամագլուխ, որն անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինում է երեխայի ծնողը` բնակարանային պայմանների բարելավման, կրթական և առողջապահական վճարովի ծառայություններից օգտվելու համար, իսկ երեխան կարող է այն տնօրինել առանց սահմանափակումների, իր 18 տարին լրանալուց հետո: Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը բանկերում ձևակերպված է որպես ավանդ, որի դիմաց տարեկան առնվազն 12 տոկոս գումար է ավելանում: 

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների քաղաքականության փոփոխությունների շնորհիվ ներդրվել է մայրության նպաստի ինստիտուտը, և 2016թ. հունվարի 1-ից մայրության նպաստ կտրամադրվի նաև մոտ 30000 չաշխատող մայրերի, ինչը, որպես խնդիր, երկար տարիներ չէր գտնում իր լուծումը: Այս նպատակով ՀՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսվել է մոտ 4 մլրդ. դրամ: 

2015թ. ընդլայնվել է ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները՝ սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույք գնելու ուղղություն, գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար: 

3. Սոցիալական աջակցություն 

Նոր որակի առավել հասցեական ու մատչելի սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը: Ներկայումս ստեղծվել և գործում են 19 Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, նախատեսվում է մինչև 2018թ. ամբողջ հանրապետությունում ստեղծել ևս 36-ը: 

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկի ավանդի փոխհատուցման ծրագրի շրջանակում 2015թ փոխհատուցում են ստացել շուրջ 8000 ավանդատու: Այս հարցում կառավարության կողմից որդեգրած մոտեցման համաձայն՝ առաջնահերթության կարգով ավանդների վերադարձն իրականացվում է ըստ տարիքային գործոնի, միաժամանակ կարևորվում են նաև առանձին սոցիալական խմբեր` ըստ վաստակի կամ տարածաշրջանի ռիսկայնության աստիճանի: 2016թ.-ից նախատեսվում է ավանդի տրամադրում՝ անկախ անապահովության աստիճանից: 

2015թ. ընթացքում շուրջ 105 000 ընտանիք շարունակել է օգտվել կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրից: 

4. Հաշմանդամների և տարեցների հիմնահարցեր 

Հաշմանդամության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունն ու պետական նպատակային ծրագրերն ուղղված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելուն՝ հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ ապահովելու միջոցով: Իրականացված աշխատանքների արդյունքում հավասար իրավունքների ապահովման խնդիրը իրավական հարթության մեջ հիմնականում լուծվել է, փոխարենը հսկայական անելիքներ կան սահմանված իրավունքների իրացման և հավասար հնարավորությունների ապահովման գործում: 2016թ. ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է հաշմանդամների հավասար հնարավորությունների տարի: 

ՀՀ պետական բյուջեից, ինչպես նաև դոնր կազմակերպություններից ստացված միջոցների և իրականացված ծրագրերի արդյունքում համապատասխան հաստատություններում իրականացվել են կառուցապատման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, խնամքի կարիք ունեցող անձանց մատուցվել են սոցիալական ծառայություններ: 


5. Երեխաների իրավունքների պաշտպանություն 

Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է գերակա խնդիր, որի գլխավոր նպատակն է զարգացնել այլընտրանքային խնամքի ծառայությունները` ապահովելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը: 

2015թթ. ընթացքում, հաստատությունների բեռնաթափման գործընթացով պայմանավորված, շուրջ 290 երեխա վերադարձել են ընտանիք, կենսաբանական ընտանիք են վերադարձել 223 երեխա, որից 166 երեխա՝ գիշերօթիկ խնամքի հաստատություններից, 57 երեխա՝ մանկատներից, որդեգրվել է 67 երեխա, խնամատար ընտանիք է տրվել 4 երեխա:


Աղբյուրը` http://www.mlsa.am/home/show_news.php?id=1170&sec=news&back




Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան