Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպություն է, որի միակ գործառույթը կենսաթոշակային ֆոնդերի կառավարումն է: Կառավարիչները՝

  • ստեղծում են կենսաթոշակային ֆոնդեր,
  • իրականացնում են կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրում,
  • իրականացնում են ֆոնդի ակտիվների և փայի արժեքի որոշում,
  • իրականացնում են ֆոնդի հաշվապահական հաշվառման կազմակերպում և այլ կառավարչական գործառույթներ:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանված է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որը չի կարող լինել հինգ հարյուր միլիոն դրամից պակաս: Բացի սահմանված կանոնադրական կապիտալից, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում ունենալ առնվազն մեկ տոկոս մասնակցություն` իրենց միջոցներից:

Ֆոնդի կառավարման համար կառավարիչը ստանում է պարգևավճար` իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվների հաշվին: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար գանձվող կառավարչի պարգևավճարի չափը սահմանափակված է օրենքով: Այն չի կարող գերազանցել իր կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի զուտ ակտիվների արժեքի 1.5 տոկոսը:

Բացի կառավարման պարգևավճարից, կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կարող են կատարվել նաև այլ վճարներ և ծախսեր, որոնք անմիջականորեն կապված են ֆոնդի կառավարման հետ (օրինակ` ֆոնդի ակտիվներով իրականացված գործարքների հետ կապված միջնորդավճարներ այլ ֆինանսական կազմակերպություններին և այլն): Դրանց ուղղությունները և առավելագույն չափը սահմանվում են պետության կողմից:

Կառավարչի ղեկավարները և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել՝ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրենց իրավունքներն իրականացնել և ֆոնդի մասնակիցների նկատմամբ իրենց պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն):

Կառավարիչը պարտավոր է վարել իր սեփական ակտիվների, իր կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ու արժեթղթերի փաթեթի առանձնացված հաշվառում:

Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն համարվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սեփականությունը, և դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և տվյալ ֆոնդի կանոններով սահմանված կարգով օրական կտրվածքով որոշում է իր կառավարման ներքո գտնվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի փայերի զուտ ակտիվների արժեքը:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է մշտապես ունենալ գործող  ինտերնետային կայք և այդ կայքում առնվազն հայերեն հրապարակել իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկությունները.

1.ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին  եռամսյակային  և  տարեկան հաշվետվությունների  վերաբերյալ  արտաքին աուդիտի  եզրակացությունը.

2.կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կազմի և կառուցվածքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն.

3.եկամտաբերության  վերաբերյալ տեղեկատվություն.

4.շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշումների մասին տեղեկատվություն, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարչի շահութաբաժնային քաղաքականությունը սահմանող ակտերի պատճենները` դրանց առկայության դեպքում.

5.կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին տեղեկատվություն` նրանց անունը (անվանումը), կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նրանց ունեցած մասնակցության չափը.

6.կառավարչի տնօրենների խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և ամսաթիվը, կենսագրությունը):

7.օրական կտրվածքով թարմացված տեղեկություններ` իրենց կողմից առաջարկվող կենսաթոշակային ֆոնդերի մասին:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել աուդիտորական եզրակացությունը և տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն իրավունք չունի իր գովազդում, հրապարակային օֆերտայում կամ իր անունից արված որևէ հայտարարության մեջ օգտագործելու ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի վերաբերյալ արված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության կամ տարընթերցման տեղիք տալ տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի մասին:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ամբողջական:

Կառավարիչն իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի ակտիվներով գործարքներ կարող է իրականացնել միայն տվյալ ֆոնդի պահառուի միջոցով և համաձայնությամբ: Ֆոնդի պահառուն հսկում է կառավարչին, որպեսզի ֆոնդի ակտիվները կառավարվեն և գնահատվեն օրենսդրության և ֆոնդի կանոնների պահանջներին համապատասխան: Ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում պահառուն պարտավոր է 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցել Կենտրոնական բանկին:

Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գործունեության համապատասխանությունը օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին վերահսկում է Կենտրոնական բանկի կողմից