Անձնական ծածկագիր(PIN կոդ )

Բանկի կողմից վճարային քարտի տրամադրման ժամանակ քարտատիրոջը տրամադրվող գաղտնի կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատից կամ էլեկտրոնային տերմինալից գործառնություններ իրականացնելու ժամանակ: 

Անձնական ծածկագիրը(PIN կոդը) տրամադրվում է փակ ծրարի մեջ: Այն հանդիսանում է գաղտնի կոդ:

Ապահովագրական բրոքեր

Ապահովագրական միջնորդ է, որը ներկայացնում է ապահովադրին, այսինքն ապահովադրի կողմից տրված լիազորությամբ հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ:

Համաձայն ,Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասինե ՀՀ օրենքի Գլուխ 1, հոդված 3.

«4) ապահովագրական բրոքեր` Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող առևտրային կազմակերպություն,
5) ապահովագրական բրոքերային գործունեություն` անձի կողմից ապահովադրի, իսկ վերաապահովագրության դեպքում` ապահովագրական ընկերության անունից եւ հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում»:

Ապահովագրական գործակալ

Ապահովագրական միջնորդ է, որը ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այսինքն հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ: 

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի Գլուխ 1, հոդված 3`

«8.ապահովագրական գործակալ` Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու համար Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառված անձ,
 9.ապահովագրական գործակալի գործունեություն` անձի կողմից մեկ կամ մի քանի ապահովագրական և(կամ) վերաապահովագրական ընկերությունների անունից և հաշվին ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում»:

Ապահովագրական գումար

Ապահովագրական հատուցման առավելագույն չափն է, որը վճարում է ապահովագրողը ապահովադրին կամ շահառուին ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում: 

Ապահովագրական ընկերություն

Այն ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը:

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի՝  Ապահովագրական ընկերությունը ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձն է:

Ապահովագրական հատուցում

Ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է:

Ապահովագրական միջնորդ

Ապահովագրական միջնորդը օժանդակում է ապահովադիրների և ապահովագրողների ապահովագրական հարաբերությունների հաստատմանը:Ապահովագրական միջնորդներ են ապահովագրական գործակալը ևապահովագրական բրոքերը:

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի Գլուխ 1, հոդված 3`

 «10. ապահովագրական միջնորդային գործունեության իրականացում- ապահովագրական գործունեություն` անձի կողմից որպես ապահովագրող կողմ
պարբերաբար իր անունից ապահովագրական գործարքների կնքմանը, ինչպես նաեւ դրանցով ստանձնած պարտավորությունների կատարմանն ու ձեռք բերած իրավունքների իրականացմանն ուղղված փաստացի գործողությունների ամբողջություն»:
«12. ապահովագրական միջնորդային գործունեություն` երրորդ անձի կողմից`ապահովագրողների (վերաապահովագրողների) եւ ապահովադիրների միջեւ ապահովագրական հարաբերությունների հաստատմանը, նրանց միջև ապահովագրության պայմանագրի կնքմանը դրդող, նպաստող, աջակցող կազմակերպչական, այլ փաստացի եւ իրավական գործողությունների իրականացում, մասնավորապես`
ա. ապահովագրական եւ վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաեւ ապահովագրական
խորհրդատվության իրականացում.
բ. ապահովադիրների` կոնկրետ ապահովագրողների հետ ապահովագրական եւ վերաապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպում.
գ. ապահովագրական եւ վերաապահովագրության պայմանագրերի կատարման oժանդակում, ներառյալ` ապահովագրավճարների հավաքման եւ հատուցումների փոխանցման իրականացումը` ապահովադրի կամ ապահովագրական ընկերության թույլատրած չափերով»:

Ապահովագրական պայմանագիր

Ապահովագրության պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է ապահովագրողի և ապահովադրի միջև, որը սահմանում է նրանց միջև հարաբերությունները ապահովագրության վերաբերյալ: 
Պայմանագրի ուժով է, որ ապահովադիրը պարտավորվում է վճարել ապահովագրավճար, իսկ պատահարի առաջացման դեպքում ապահովագրողը պարտավորվում է վճարել ապահովագրական հատուցում: 

Համաձայն «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի», Գլուխ 54, Հոդված 996՝ 

«1. Ապահովագրության պայմանագրով մի կողմը` ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուu կողմին` ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնաuը կամ դրա մի մաuը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական եւ (կամ) պատահական բնույթ եւ կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաuտի եւ ակնկալվող իրադարձության տեղի ունենալը): 
2. Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Այդպիuի պայմանագիրն առ ոչինչ է:»

Ապահովագրական պատահար

Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին տրամադրել ապահովագրական հատուցում:  

Ապահովագրական ռիսկ

Ապահովագրական պատահարի վրա հասնելու կամ դրա հետևանքով վնաս կրելու հավանականությունն է: 

Ապահովագրական վկայագիր

Ապահովագրողի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է ապահովագրության պայմանագրի գոյությունը և պարունակում է դրա պայմանները:

Ապահովագրական օբյեկտ

Ապահովագրական օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:

Ապահովագրավճար

Ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է:

Ապահովագրող

Ապահովագրողը ապահովագրական ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը: 
Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ Ապահովագրական ընկերությունը ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձն է: 

Տե'ս նաև՝ Ապահովագրական ընկերություն 

Ապահովագրված անձ

Ապահովագրված անձն այն անձն է, որի համար կնքվում է ապահովագրական պայմանագիրը և որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումն է հանդիսանում ապահովագրության պայմանագրի առարկան: 

Ապահովադիր

Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է:

ԱՊՊԱ

Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն: 

ԱՊՊԱ կտրոն

ԱՊՊԱ պայմանագրի կնքումը հավաստող սահմանված ձևի և վավերապայմանների կտրոն:

ԱՊՊԱ պայմանագիր

ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերության և ապահովադրի միջև Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի համաձայն կնքված ԱՊՊԱ պայմանագիր:

Առևտրային վարկ

Առևտրային կամ բիզնես վարկերը տրամադրվում են անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց տնտեսական գործունեության իրականացման, այդ թվում նաև արտադրության կազմակերպման, առևտրի, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայնման և զարգացման նպատակով:  
1 2 >
Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան