Հարց 16. Անչափահասին կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին

Անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ մինչև 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը, կամ հոգաբարձուն):
Եթե անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:
14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:

Հարց 17. Ո՞ր օրվանից է նշանակվում կենսաթոշակը

Կենսաթոշակ նշանակվում է`
1.կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից)` եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
2.բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելուoրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
3.կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում` անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
4.զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընքացքում:
Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Հարց 18. Ի՞նչ ժամկետում պետք է նշանակվի կենսաթոշակը

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
1.նշանակել կենսաթոշակ,
2.նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին,
3.մերժել կենսաթոշակ նշանակելը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը:

Հարց 19. Ինչպե՞ս է հաշվարկվում կենսաթոշակը

Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
2. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`
1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.
2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.
3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`
ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով.
բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով.
գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:
Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:
Օրինակ` 2014թ հունվարի 1-ից`
1) 10 տարվա տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000+7000 x 10 x 0.1=21000 դրամ,
2) 15 տարվա տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000+(7000+(15-10)x450)x(1+(15-10)x0.01)=14000+(7000+2250)x1.05=23713 դրամ,
3) 40 տարվա տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000+(7000+(40-10)x450)x(1+(40-10)x0.01)=14000+(7000+13500)x1.3=40650 դրամ,
4) 65 տարվա տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000+(7000+(65-10)x450)x(1.3+(65-40)x0.02)=14000+(7000+24750)x1.8=71150 դրամ:

Հարց 20. Ի՞նչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումումը, մինչև կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:
Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: 

Հարց 21. Ինչպե՞ս է հաշվարկվում հաշմանդամության կենսաթոշակը

Սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`
1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակների հաշվարկը ևս կատարվում է նշված բանաձևի կիրառմամբ, բացի այդ, ստացված գումարը ավելացվում է`
I խմբի հաշմանդամի համար` 5600 դրամով (14000x40%-ով)
II խմբի հաշմանդամի համար` 2800 դրամով (14000x20%-ով):
Օրինակ` 2014թ հունվարի 1-ից`
10 տարվա տարվա աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամության (I խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000+7000 x 10 x 0.1+5600=21000+26600 դրամ, իսկ հաշմանդամության (II խմբի) աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000+7000 x 10 x 0.1+2800=21000+2800=23900 դրամ:

Հարց 22. Ինչպե՞ս է հաշվարկվում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենuաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենuաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մաuի 50 տոկոսը:
Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի, ինչպես նաև` առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 23 տարեկան զավակի կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 40 տոկոսը:
Օրինակ` 2014թ հունվարի 1-ից`
10 տարվա տարվա աշխատանքային ստաժի դեպքում կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 14000+7000 x 10 x 0.1 x 50%=17500 դրամ:

Հարց 23. Կենսաթոշակը ե՞րբ է վերահաշվարկվում

1. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`
1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.
2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
2. Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև`
1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Հարց 24. Ո՞ր դեպքում է վերահաշվարկվում աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը

Աշխատող կենսաթոշակատռուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց)12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեցամիսաշխատած լինելու մասին տեղեկանք: Ընդ որում, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Հարց 25. Ի՞նչ կարգով է վերահաշվարկվում կենսաթոշակը լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում

Կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայցնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:

Հարց 26. Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը

Աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործու­նեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանա­կահատվածները:
Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետև գումարվում, ընդ որում,յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:
Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր)մինչև 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվումէ որպես մեկ տարվա ստաժ:

Հարց 27. Ինչպե՞ս է հաստատվում ստաժը` այն հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում

Աշխատանքային գրքույկի կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ այն չլինելու դեպքում` դատական կարգով:

Հարց 28. Զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Հայատանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող` զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` ութ տարուց ոչ ավելի հաշվառվում է աշխատանքային ստաժում:

Հարց 29. Հաշմանդամ երեխային կամ 1-ին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Անհրաժեշտ աշխատանքային uտաժի առկայության դեպքում հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվում է ծնողի, որդեգրողի, խնամակալի աշխատանքային ստաժում, եթե նա ունի խնամարկյալի հաշմանդամության ժամանակահատվածը հաստատող տեղեկանք, իսկ խնամակալի դեպքում` նաև խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքներ, սակայն տաս տարուց ոչ ավելի` մինչև կենսաթոշակ նշանակելն ընկած ժամանակահատվածում:

Հարց 30. Երեխային խնամելու ժամանակահատվածը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև ծնողներից մեկի`մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:
Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: 
< 1 2 3 4 >