Հարց 16. Ի՞նչ արտոնություններ ունեն հաշմանդամները ուսումնական հաստատություն ընդունվելիս:

Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և „հաշմանդամ երեխա” կարգավիճակ ունեցող երեխան այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ- մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ  ընդունվելու առաջնահերթ իրավունքից` վճարովի համակարգի համար առնվազն  անցումային միավորներ հավաքելու դեպքում:

Հարց 17. Ի՞նչ աշխատաժամանակ է սահմանվում 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար:

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի:

Հարց 18. Որո՞նք են խնամքի տրամադրման տեսակները և ում է այն տրամադրվում:

Խնամքը  տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:
Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:

Հարց 19. Ու՞մ որոշման հիման վրա է հաճախորդին խնամք տրամադրվում:

Հաճախորդին խնամքը տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետի որոշման հիման վրա:

Հարց 20. Հատուկ կամ ընդհանուր տիպի տուն-ինտերնատ ընդունվելու համար ու՞մ պետք է դիմի քաղաքացին կամ նրա խնամակալը:

Պետք է դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային մարմին /Գործակալություն/: Գործակալությունում քաղաքացուն տրամադրում են <<Բժշկական քարտի>>  և <<Կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ>> տեղեկանքների ձևաթղթերը, որոնք լրացվում են համապատասխան կազմակերպությունների կողմից: Գործակալության պետը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին և այդ որոշումը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: 
Նախարարությունը գործակալությունից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:

Հարց 21. Կենսաթոշակի ո՞ր մասն է ստանում տուն–ինտերնատում խնամվողը:

Տուն-ինտերնատում խնամվողը ստանում է  կենսաթոշակի ապահովագրական մասը, իսկ <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>>  ՀՀ օրենքով սահմանված  կարգով կենսաթոշակ ստացողները` կենսաթոշակի 50 տոկոսը:

Հարց 22. Ինչպի՞սի ծառայություններ են տրամադրվում տնային պայմաններում:

Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետևյալ  ծառայությունները` կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն և իրավաբանական խորհրդատվություն:

Հարց 23. Ու՞մ է տրամադրվում ժամանակավոր օթևան և որքան ժամանակով:

Ժամանակավոր օթևան տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անօթևան  քաղաքացիներին ժամանակավոր կացարան ապահովելու և նրանց սոցիալական խնդիրների լուծումներ գտնելու նպատակով: Ժամանակավոր օթևանը տրամադրվում է մինչև 90 օր տևողությամբ:

Հարց 24. Վարդենիսի նյարդահոգեբանական /հատուկ տիպի/ տուն-ինտերնատ ընդունվելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտեղ:

Սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններ պետք է ներկայացնել`
  • անձը հաստատող փաստաթուղթ, 
  • կենսաթոշակի վկայական,
  • սոցիալական քարտ,
  • տեղեկանք հաշմանդամության վերաբերյալ, 
  • 2 լուսանկար /3X4/,
  • քաղվածք հիվանդության պատմությունից /երեք ամսվա վաղեմությամբ/,
  • դատարանի որոշումը  քաղաքացուն  անգործունակ ճանաչելու վերաբերյալ,
  • խնամակալության և հոգաբարձության խորհրդի որոշումը խնամակալ  նշանակելու կամ դրա բացակայության վերաբերյալ,
  • սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի եզրակացությունը,
  • բժշկական քարտը,
  • կենսաթոշակի չափի և տեսակի վերաբերյալ տեղեկանք, 
  • տեղեկանք բնակության  վայրից:

Հարց 25. Որքա՞ն է Հայրենական մեծ պատերազմի վետերանի ամենամսյա պատվովճարի չափը:

Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 25000 դրամ:

Հարց 26. Ի՞նչ արտոնություններ ունեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները:

Բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու /այդ թվում` դեղորայք/, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթևեկելու:

Հարց 27. Ո՞ր կատեգորիաներին պատկանող անձինք են օգտվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար սահմանված արտոնություններից:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին  նացիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները և պաշարված Լենինգրադի նախկին բնակիչները, ինչպես նաև այլ պետություններում  մարտական գործողությունների մասնակիցները և նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականություննրը կատարելիս հաշմանդամ դարձած անձինք: 

Հարց 28. Ի՞նչ արտոնություններ ունեն նախկին անհատական կենսաթոշակառուները:

Ջրամատակարարման, ջրահեռացման,աղբահանության, ինչպես նաև հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու:

Հարց 29. Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբասիր աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված անձինք ի՞նչ արտոնություններ ունեն:

Թիկունքի վետերաններն օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու  իրավունքից:

Հարց 30. Որո՞նք են բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգներին տրվող արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար նախապայման հանդիսացող բնակարանային պայմանների կարիքավորության չափանիշները:

Արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար  բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր են համարվում, եթե բռնադատվածը`
  • բնակվում է մի բնակարանում, որտեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամին բաժին է ընկնում, ոչ ավել, քան 5 քմ բնակելի մակերես,
  • անօթևան է, 
  • բնակվում է վթարային տանը:
< 1 2 3 >