Հարց 1. Ու՞ր պետք է դիմել հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:

Եթե անձն  ունի առողջական խնդիրներ և կարիք է առաջացել հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա պետք է դիմի իրեն սպասարկող պոլիկլինիկա կամ բժշկական կազմակերպություն, որտեղ անհրաժեշտ հետազոտություններից, ախտորոշման ճշգրտումից  և բուժումներից հետո /առնվազն 3 ամիս`  ամբուլատոր և հիվանդանոցային պայմաններում/, անհրաժեշտության դեպքում կտրվի ուղեգիր /ձև 88/` տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ներկայացնելու և փորձաքննվելու համար:

Հարց 2. Ո՞վ է անձին ճանաչում հաշմանդամ:

Անձին հաշմանդամ են ճանաչում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը և նրա տարածքային մարմինները /հանձնաժողովները--25/:

Հարց 3. Ի՞նչ իրավական ակտերով են առաջնորդվում բժշկասոցիալական փորձաքննական /ԲՍՓ/ մարմինները անձին հաշմանդամություն սահմանելիս:

ԲՍՓ մարմինները անձին հաշմանդամ են ճանաչում համաձայն  ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի "Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին" N 276-Ն որոշման և ՀՀ  կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի "Բժշկաuոցիալական փորձաքննության ժամանակ oգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին" N 780-Ն որոշման դրույթների:

Հարց 4. Ինչպե՞ս է իրականացվում ՀՀ քաղաքացի, սակայն հաշվառում չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը:

Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի  համապատասխան միջպետական պայմանագիր:

Հարց 5. Ե՞րբ է իրականացվում հաշմանդամի վերափորձաքննությունը:

Հաշմադամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ “հաշմանդամ երեխա” կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ

Հարց 6. Ի՞նչ կարգավիճակ է սահմանվում հաշմանդամ ճանաչվելու նպատակով բժշկասոցիալական մարմիններին դիմող անձին` բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում:

Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անձին սահմանվում է`
     1. Հաշմանդամության 1-ին խումբ
     2. Հաշմանդամության 2-րդ  խումբ
     3. Հաշմանդամության 3-րդ   խումբ
     4. Հաշմանդամ երեխա” կարգավիճակ /մինչև 18 տարեկան/

Հարց 7. Ի՞նչ ժամկետում է հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը հանձնվում անձին:

Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամ չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:

Հարց 8. Ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն:

1-ին խմբի հաշմանդամներին և “հաշմանդամ երեխա” կարգավիճակ ունեցողներին հաշմանդամությունը սահմանվում է  երկու տարի ժամկետով
2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամներին հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով:
Վերոնշյալ չափանիշներով պայմանավորված`  անձին կարող է սահմանվել անժամկետ, իսկ “հաշմանդամ երեխա” կարգավիճակը` մինչև 18 տարին լրանալը:

Հարց 9. Ո՞ր դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:

Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ`
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետևանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով և օրգանիզմի օրգանների  և  օրգան - համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության  կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառոումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության   անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):

Հարց 10.Ի՞նչ արտոննություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք:

Բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: 
Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն: 
1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաներն ունեն  անվճար, իսկ  3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն:
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու արտոնություն:

Հարց 11. Ի՞նչ է հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձին հաշմանդամ ճանաչելու նույն օրը: 
Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական oգնության տեսակները, աշխատանքային  անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները: 
ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական  անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոց առման տեuակից, ձեւից եւ  ծավալից, ինչպեu նաև ամբողջ ծրագրի իրականացումից:

Հարց 12. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցները պետական պատվերի շրջանակներում /անվճար/ ստանալու համար:

Անձը պրոթեզաօրթոպեդիկ  և վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն` ներկայացնելով.
-   անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական և նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
-   համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
-   հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաև վերականգնողական անհատական ծրագիր,
-   լսողական սարք ստանալու համար` նաև սուրդոլոգի եզրակացությունը,
-   աչքի և ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:

Հարց 13. Ու՞մ և ի՞նչ ժամկետով է անվճար տրամադրվում հաշմանդամի սայլակ:

Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան տրամադրվում է սայլակ:
Հաշմանդամին սայլակը տրամադրվում է  3 տարի ժամկետով:

Հարց 14. Ու՞մ է անվճար տրամադրվում լսողական սարք:

-   հաշմանդամներին` վերականգնողական անհատական ծրագրի և սուրդոլոգի եզրակացության հիման վրա,
-   տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց` սուրդոլոգի  եզրակացության հիման վրա,
-   մինչև 18 տարեկան երեխաներին` սուրդոլոգի  եզրակացության հիման վրա

Հարց 15. Ու՞ր պետք է դիմել ժամկետից շուտ պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստաալու անհրաժեշտության դեպքում:

Ժամկետից շուտ պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու անհրաժեշտության դեպքում պետք է դիմել “Բուժատեխնիկական հանձնաժողով”: Հանձնաժողովը քաղաքացիներին ընդունում է ամեն երեքշաբթի, ժամը 12.00-ին` “Արթմեդ” բժշկական կենտրոնի 1-ին հակում /հասցեն` Երևան, Ծարավ Աղբյուրի 55 ա/: 
Հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքում կկայացնի որոշում` ժամկետից շուտ պարագա հատկացնելու հնարավորության վերաբերյալ:
1 2 3 >