Հարց - Ե՞րբ և ու՞մ կողմից է կազմվում հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ):

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում, նույն օրը: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետ:

Հարց - Ի՞նչպես է բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշվում հաշմանդամության պատճառական կապը, եթե հաշմանդամության առաջացման պատճառները մեկից ավել են և ի՞նչպես է այն փոխվում:

Հաշմանդամության պատճառական կապը նշվում է անձի ընտրությամբ: Հաշմանդամության նոր պատճառի վերաբերյալ դիմումի և համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` պատճառական կապը փոփոխվում է բժշկասոցիալական վերափորձաքննությամբ: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետ:

Հարց - Ի՞նչպես են վերադասության կարգով վերանայվում հանձնաժողովի ընդունած բժշկասոցիալական փորձաքննական որոշումները:

Գործակալության պետի հանձնարարությամբ` օրենքով սահմանված կարգով: 

Հիմք 
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետ:

Հարց - Ի՞նչ է հաշմանդամությունը:

Հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարություն, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության. 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետ:

Հարց - Ի՞նչ է հաշմանդամի վերականգնումը:

Բժշկական, հոգեբանական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ՝ ուղղված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորության սահմաններում առավել լիակատար փոխհատուցմանը: Վերականգնման նպատակը հաշմանդամի սոցիալական վիճակի վերականգնումն է, սոցիալական հարմարեցումը և նյութական անկախությունը: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետ:

Հարց - Ի՞նչ է անձի կենսագործունեության սահմանափակումը:

Անձի ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար՝ նաև խաղալու) կարողությունների կամ հնարավորությունների լրիվ կամ մասնակի կորուստ (ներառյալ՝ վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների օգտագործմամբ տեղաշարժվելը, տեսնելը, լսելը և (կամ) խոսելը). 

Հիմք՝   
,,ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդված:

Հարց - Արդյո՞ք զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված լինելու հանգամանքը կարող է հաշմանդամ ճանաչելու համար հիմք հանդիսանալ:

Քաղաքացին կարող է հիվանդության պատճառով ազատվել զինծառայությունից, սակայն հաշմանդամ չճանաչվել, եթե նրա մոտ առկա չէ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերել է կենսագործունեության որևէ տեսակի` որևէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին,, ՀՀ օրենքի 13 հոդված:

Հարց - Արդյո՞ք զինծառայողի հիվանդության պատճառով զորացրվելու հանգամանքը կարող է հաշմանդամ ճանաչելու համար հիմք հանդիսանալ:

Ոչ, քանի որ անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք է հանդիսանում ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումը, որը բերել է կենսագործունեության որևէ տեսակի` որևէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին,, ՀՀ օրենքի 13 հոդված:

Հարց - Արդյո՞ք զինծառայության ընթացքում վիրավորվելու կամ ուղեղի սալջարդ /կոնտուզիա/ ստանալու հանգամանքը կարող է հաշմանդամ ճանաչելու համար հիմք հանդիսանալ:

Ոչ, քանի որ զինծառայողի մոտ վիրավորվելու կամ ուղեղի սալջարդի /կոնտուզիա/ հետևանքով կարող է առաջանալ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, սակայն առկա խանգարումները չբերեն կենսագործունեության որևէ տեսակի` որևէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին,, ՀՀ օրենքի 13 հոդված: 

Հարց - Ի՞նչպես է իրականացվում հաշմանդամի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ:

Հարց - Ինչու՞ վերջույթների անդամահատմամբ անձին առաջին անգամ փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբը չի սահմանվում անժամկետ:

Վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի և սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորութունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական և հոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից: Քանի որ նշված գործոնները կայուն չեն և դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը` օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետով: Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական և հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշներին, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ, անժամկետ:

Հարց - Ո՞ր դեպքերում է հաշմանդամության խումբը սահմանվում անժամկետ:

Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետի պահանջներին և ՀՀ կառավարության 31.05.2012թ. N 684-Ն որոշման 2-րդ և 3-րդ հավելվածների պահանջներին համապատասխան` ելնելով ախտաբանական վիճակներից` 2 և 4 տարի դիտման պայմաններում:
< 1 2 3