Հարց - Ո՞վքեր են անձին ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության:

Համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն` անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում): 

Հիմք`   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետ

Հարց - Ի՞նչ նպատակով է անձը ուղեգրվում բժշկասոցիալական փորձաքննության:

Հաշմանդամության սահմանման, աշխատունակության կորստի տոկոսի սահմանման կամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետների երկարաձգման նպատակով:

Հարց - Ինչի՞ հիման վրա է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը:

Հանձնաժողովի նախագահին ներկայացված` անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը (088 ձև): 

Հիմք`   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ

Հարց - Ի՞նչ նպատակով է իրականացվում բժշկասոցիալական փորձաքննություն:

Անձին հաշմանդամ ճանաչելու` ,,հաշմանդամ երեխա՚,, կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու և հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետի երկարացման թույլտվություն տալու: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետ:

Հարց - Ովքե՞ր են անձին հաշմանդամ ճանաչում:

Միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին) և տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները` ԲՍՓՀ-ներ: 

Հիմք՝
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետ:

Հարց - Ինչպե՞ս է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե անձն իր առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ տարածքային մարմին:

Հանձնաժողովը անձի բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում, եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը դրա մասին նշել է դիմումում` ներկայացնելով հեռակա կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ:

Հարց - Ո՞ր դեպքերում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն իրավասություն ունի անձին լրացուցիչ հետազոտման ուղեգրելու:

ա) ախտորոշման ճշտման, բ) հետազոտման հատուկ մեթոդների կիրառում պահանջող դեպքերում, գ) ներկայացված բժշկական հիմքերի հավաստիությունը ճշտելու, դ) ինչպես նաև անհրաժեշտ կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: 

Հիմք 
 ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետ: 

Հարց - Ե՞րբ է անձի հաշմանդամության սահմանման սկիզբ համարվում:

Հանձնաժողովում անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը: Անձը համարվում է հաշմանդամ մինչև բժշկասոցիալական փորձաքննական որոշման մեջ նշված ժամկետին հաջորդող ամսվա 1-ը: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետ:

Հարց - Ո՞ր դեպքերում է սահմանվում հաշմանդամություն:

Երբ առկա է հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերում է կենսագործունեության որևէ տեսակի և որևէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ:

Հարց - Հաշմանդամության ի՞նչ խումբ Է սահմանվում 18 տարին լրացած հաշմանդամ ճանաչված անձին:

Հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ, ելնելով առկա հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարումների հետևանքով առաջացած կենսագործունեության սահմանափակման տեսակից կամ աստիճանից: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետ:

Հարց - Ո՞ր դեպքում են հաշմանդամության առաջացման պատճառը սահմանում ընդհանուր հիվանդությամբ:

ա) երբ բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն պատճառական կապը հաստատող փաստերը, բ) երբ բացակայում են հաշմանդամության առաջացման այլ պատճառների մասին տվյալները: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետ: 

Հարց - Ե՞րբ և ի՞նչ կարգով է իրականացվում անձի բժշկասոցիալական վերափորձաքննությունը:

ա) անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` հաշմանդամության խմբի կամ ,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կամ անձի առողջական վիճակը վատթարանալու դեպքում բ) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ` փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում գ) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետ:

Հարց - Ինչ՞ կարգով են բողոքարկվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից ընդունված որոշումները:

Ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով: 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետ:

Հարց - Որո՞նք են անձի կենսագործունեության սահմանափակման տեսակները ժամանակի և տարածության մեջ:

ա) ինքնասպասարկման` ամենօրյա անձնական հիգիենան ու կենցաղային գործունեությունն ինքնուրույն բավարարելու կարողություն, բ) ինքնուրույն տեղաշարժվելու` ինքնուրույն տարածության մեջ տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, մարմնի հավասարակշռությունը պահելու, տեղաշարժվելու կարողություն, գ) ուսումնառության՝ հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության կարողություն, դ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն ե)կողմնորոշվելու (ժամանակի ևտարածության մեջ) կարողություն, զ հաղորդակցվելու կարողություն, է) սեփական վարքը հսկելու կարողություն, ը) խաղալու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան) 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 3 կետ: 

Հարց - Ի՞նչ ժամկետով է սահմանվում հաշմանդամության խումբ կամ ,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակ:

- I խմբի հաշմանդամությունը` երկու տարի ժամկետով, - II և III խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, - ,,հաշմանդամ երեխա,, կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը 

Հիմք՝   
ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 30 կետ: 
1 2 3 >