Տեղեկանք 1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի և սահմանել, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի 140-օրյա ժամանակահատվածի համար (գործող օրենսդրության համաձայն՝ տրվում է միայն աշխատող կանանց): 

Նախատեսվում է չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը հաշվարկել նվազագույն ամսական աշխատավարձից (նախատեսվում է պահպանել աշխատող կնոջ մայրության նպաստը միջին ամսական աշխատավարձի չափից հաշվարկելու դրույթը): 

Այսինքն, ըստ էության, նախատեսվում է ընդլայնել ՀՀ պետական բյուջեից տրվող նպաստի իրավունք ունեցողների շրջանակը: Այսօր հղիության և ծննդաբերության (առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մայրության) նպաստ է տրվում տարեկան շուրջ 13000 աշխատող կնոջ, իսկ առաջարկությունն ընդունվելու դեպքում  հղիության և ծննդաբերության կապակցությամբ նպաստ կստանան լրացուցիչ ևս  շուրջ 30000 կին:
 
Ընդ որում, չաշխատող կնոջը տրվող նպաստի անվանական չափը  2016 թվականին կանխատեսվող միջին աշխատավարձի անվանական չափի հաշվառմամբ (շուրջ 80000 դրամ)  կկազմի շուրջ 365 000 դրամ, առանց հարկերի՝ շուրջ 275000 դրամ: 
Ըստ այդմ, 2016 թվականին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 11 մլրդ. դրամով: 

Միաժամանակ, ինչպես բազմիցս արձանագրվել է, ժամանակավոր անաշխատունակության ոլորտում գործող իրավակարգավորումների արդյունքում էապես նվազում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունն ու արդյունավետությունը: Մասնավորապես, համաձայն գործող օրենքի, կորցրած եկամուտը փոխհատուցվում է ամբողջությամբ: Արդյունքում  հնարավոր է իրավիճակ, երբ նպաստի չափը կազմում է ավելի բարձր, քան այն աշխատավարձը, որ անձը կստանար, եթե ներկայանար աշխատանքի: 

Խնդրո առարկա է նաև այն հանգամանքը, որ անձին որպես վարձու աշխատող գրանցելու և նրան մեկ-երկու ամիս  հետո նպաստ վճարելու համար որևէ օրենսդրական արգելք չկա (օբյեկտիվորեն չի կարող լինել), իսկ նպաստի (նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմի) բացակայությունը առանձին դեպքերում հետին պլան է մղում նպաստի սոցիալական էությունը: 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է.
 
1) նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (հետևաբար՝ նպաստի) մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը (առավելագույնը՝ 80 տոկոս), 

2) սահմանել նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝ մայրության նպաստի դեպքում այդ չափը փոխկապակցելով երեխաների քանակի հետ: