Հարց 85. Կդադարեցվի՞ արդյոք կուտակային կենսաթոշակի վճարումը, եթե քաղաքացին ժամանակավոր բացակայի կամ մշտապես բնակվի Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Ոչ: Հայաստանից ժամանակավորապես բացակայելու կամ Հա­յաս­տանից ընդմիշտ մեկնելու դեպքում կուտակային կենսաթոշակի վճարումը չի դադարեցվելու: Անձն իր կուտակային կենսաթոշակը կստանա անկախ Հայաստանում գտնվելու հանգամանքից: Անձը կա­րող է լիազորել այլ անձանց իր փոխարեն ստանալ կուտակային կենսաթոշակը կամ մասնակիցների ռեեստրը վարողին, ապահովա­գրա­կան ընկերությանը հայտնել իր բանկային հաշվի տվյալները (այդ թվում` օտար­երկրյա բանկում), որին կփոխանցվի կուտակային կենսաթոշակի գումարը: Կենսաթոշակառուն կվճարի բանկային հաշվին կուտակային կենսաթոշակի գումարը փոխանցելու հետ կապված ծախսերը:

Հարց 86. Ի՞նչ երաշխիքներ կան մասնակցի կենսաթոշակային կուտակումների վերադարձի համար:

Անհատական հաշիվներում կուտակված կենսաթոշակային միջոց­ները յուրաքանչյուր մասնակցի անձնական սեփականությունն են, որոնք թափանցիկ են, վերահսկելի և կառավարելի հաշվետիրոջ համար: Կառա­վարող ընկերության լուծարման կամ սնանկության դեպքում ֆոնդի միջոց­ները չեն վտանգվում, քանի որ ֆոնդը չի հանդիսանում կառավարչի սեփականությունը և հասանելի չէ կառավարչի բաժնետերերի կամ պար­տատերերի համար: Այդպիսի դեպքերում տվյալ ֆոնդերի կառավարումը փոխանցվում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված մեկ այլ կառավարչի:

Բացի այդ, օրենսդրությունը և դրա հիման վրա ստեղծված բազմաթիվ մեխանիզմները, ենթակառուցվածքներն ուղղված են երաշ­խիք­ների մի ամբողջ համակարգի ստեղծմանը, որը երաշխավորում է կուտակ­ված միջոցների վերադարձելիությունը կենսաթոշակի անցնելուց հետո: Մաս­նավորապես, անհատական հաշվառման էլեկտրոնային համակարգերը (որոնք նվազեցնում են համակարգի գործառնական ռիսկերը), ակտիվների տարանջատման օրենսդրական պահանջները (որոնք բացառում են մաս­նա­կիցների միջոցների միախառնումն այլ անձանց միջոցների հետ և ապա­հո­վա­գրում այդ անձանց սնանկացման ռիսկից), ներդրումների դիվերսի­ֆի­կացիայի պահանջները (որոնք ապահովագրում են մասնակից­ների մի­ջոց­ների կորուստի ռիսկից), անկախ պահառուի ինստի­տուտը (որն իրա­կանաց­նում է հսկողություն` ֆոնդի ակտիվների ներդրման և կառա­վար­չի գոր­ծու­նեության նկատմամբ), անկախ աուդիտի պահանջները, Կենտրո­նական բանկի կողմից ամենօրյա վերահսկողությունը և այլն:

Բացի վերը նշվածներից, մասնակիցը կենսաթոշակի անցնելուց հետո կստանա առնվազն իր կուտակած միջոցները` ճշգրտված տա­րեկան գնաճով, ինչը թույլ չի տա այդ տարիների ընթացքում կենսա­թո­շակային հաշվում կուտակ­ված գումարների արժեզրկումը:

Հարց 87. Ինչպիսի՞ն կլինի կենսաթոշակի փոխհատուցման գործակիցը կուտակային բաղադրիչից կենսաթոշակ ստանալու պարագայում։

    Ընդհանրապես կուտակային կենսաթոշակային բաղադրիչից ստացվող կենսաթոշակի չափը, հետևաբար, նաև կենսաթոշակի փոխհատուցման գործակիցը պայմանավորված է հետևյալ գործոններով․ 
 
 • Որքան երկար է մասնակիցը աշխատում և որքան հաճախ է կատարում նպատակային սոցիալական վճարումներ, 
 
 • Նպատակային սոցիալական վճարների դրույքաչափը և աշխատավարձի չափը, որից կատարվում են հատկացումները,
 
 • Կառավարիչների կողմից նպատակային սոցիալական վճարների կառավարման արդյունավետությունը (եկամտաբերությունը)։
 
 Կենսաթոշակային բարեփոխումների նպատակն է` պետական կենսաթոշակի հետ, ապահովել անձին միջին աշխատավարձի առնվազն 45-50 տոկոսը կազմող կենսաթոշակով: Բնականաբար, այդ գործակիցը կախված է պարտադիր կուտակային համակարգին միանալու պահին անձի տարիքից, որքան ավելի երիտասարդ տարիներից նա սկսի կուտակել, գործակիցն այնքան մեծ կլինի, և հակառակը` փոքր կլինի, եթե մարդը սկսում է կուտակել կենսաթոշակայինին մոտ տարիքից:  

Հարց 88. Ինչպե՞ս են ձևավորվելու երաշխիքային հիմնադրամի միջոցները:

Կուտակային խնայողությունների վերադարձը երաշխավորող Երաշ­խիքային հիմնադրամի միջոցները ձևավորվելու են պարտադիր կեն­սաթոշակային ֆոնդերի կառավարիչների կատարած միանվագ վճարներից, ֆոնդի ակտիվներից կատարված պարբերական վճարներից (տարեկան` ակտիվների 0,02 տոկոսի չափով), դրանց կառավարումից ստացված եկամուտներից և օրենքով սահմանված այլ աղբյուրներից:

< 1 2