Հարց 36. Արդյոք մասնակիցը հնարավորություն ունի՞ տեսնել ՊԵԿ-ի իր անհատական հաշիվը, հավաստիանալու համար, որ իր փոխարեն գործատուն կատարել է բոլոր վճարումները և տեսնել վճարումների պատմությունը։

    Անձնավորված հաշվառման համակարգում ամփոփված տվյալները հասանելի են անհատական հաշվի իրավատիրոջ համար: Նա կարող է դիմել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին` իր անհատական հաշվի քաղվածքը ստանալու համար: Անհատական հաշվի քաղվածքը տարին մեկ անգամ, անձին կտրամադրվի անվճար, իսկ նույն տարվա ընթացքում երկրորդ և ավելի անգամ գրավոր տեղեկատվություն տրամադրելն անձի համար կլինի վճարովի: 
   Աշխատողի այլ գործատուի մոտ աշխատանքի փոխադրվելու (գործատուի փոփոխության) դեպքում, աշխատողի կողմից եկամտային հարկ և նպատակային սոցիալական վճար կատարելու (հարկային գործակալի) պարտականությունը կատարելու է նոր գործատուն: Այդ աշխատողի համար ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում անհատական նոր հաշիվ չի բացվի, այլ ստացված տեղեկատվությունը կմուտքագրվի աշխատողի արդեն իսկ բացված անհատական հաշվին: 

Հարց 37. Մասնակցի համար` նպատակային սոցիալական վճարումները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում, տույժեր սահմանվու՞մ են, թե` ոչ:

     Մասնակցի համար` նպատակային սոցիալական վճարումները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում, տույժեր սահմանվու՞մ են, թե` ոչ: 
    «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը հստակորեն սահմանում է․ նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք պատասխանատվություն են կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար։ 
          Ըստ այդմ, 
   1)վարձու աշխատողների համար նպատակային սոցիալական վճարումները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար տույժը վճարում է գործատուն (բացառությամբ` երբ գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից), 
       2) անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի համար նպատակային սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար տույժը վճարում է ինքը` մասնակիցը, 
   3) եթե մասնակցի մի քանի աղբյուրից ստացվող ամսական բազային եկամուտը գերազանցում է 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը, ապա լրավճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում տույժը վճարում է ինքը` մասնակիցը: 
   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից նպատակային սոցիալական վճար կատարում է կամավորության սկզբունքով` նպատակային սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, տույժեր չեն հաշվարկվում: 
     Նպատակային սոցիալական վճարները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար նպատակային սոցիալական վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձը (մասնակիցը, հարկային գործակալը կամ գործատուն) վճարում է տույժ` ժամանակին չմուծված նպատակային սոցիալական վճարի գումարի 0․15%-ի չափով (ՀՀ Սահմանադրական դատարանը կասեցրել է նպատակային սոցիալական վճարները սահմանված ժամկետում չկատարելու համար տույժերի վերաբերյալ դրույթների գործողությունը` մինչև կուտակային բաղադրիչի սահմանադրականության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը)։  

Հարց 38. Եթե լինեն ծրագրային կամ որևէ այլ տեխնիկական խնդիրներ և կուտակային վճարի գումարը ուշ փոխանցվի տույժեր կլինե՞ն:

    Ծրագրային համակարգերը մոդելավորված են այնպես, որ գրեթե բացառվում է ծրագրային խափանումների ռիսկը: Այնուհանդերձ, նման ֆորսմաժորային իրավիճակներ առաջանալու և ծրագրային խափանումների կամ տեխնիկական որևէ այլ պատճառով գումարները ուշ փոխանցելու դեպքում, գործատուները պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ ուշացումները նրանց մեղքով չեն եղել:

Հարց 39. Որքա՞ն կարող է գումարը մնալ կամուրջ հաշվում:

    Անձի գումարը կամուրջ հաշվում կարող է մնալ առավելագույնը 10 օր, որն անհրաժեշտ է ՀՀ ՊԵԿ տարածքային տեսչություններին նպատակային սոցիալական վճարների վերաբերյալ տեղեկությունները մշակելու համար: Եթե ներկայացված տեղեկություններում չկան սխալներ և կամուրջ հաշվին մուտքագրվել են հաշվետվության մեջ նշված նպատակային սոցիալական վճարները, հարկային մարմինը վճարման հանձնարարականներ է ուղարկում գանձապետարան` կամուրջ հաշվին մուտքագրված գումարներից և ՀՀ պետական բյուջեից համապատասխան գումարները մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու համար: 

Հարց 40. Կուտակային միջոցները ենթակա՞ են արդյոք բռնագանձման անձի` ֆինանսական պարտավորությունների դիմաց:

    Ոչ, մասնակցի կենսաթոշակային կուտակումներն անձեռնմխելի են, ուստի ֆինանսական պարտավորությունների դիմաց դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել` մինչև նրա կենսաթոշակային տարիքը լրանալը:

Հարց 41. Կուտակային կենսաթոշակի ո՞ր տոկոսը կարող է ենթակա լինել հարկադիր գանձման, եթե կենսաթոշակի անցնելուց հետո կենսաթոշակառուն ունի ֆինանսական պարտավորություններ։

  Կուտակային կենսաթոշակից պահումներ (հարկադիր բռնագանձումներ) կարող են կատարվել, եթե կենսաթոշակառուն ունի ժամկետանց պարտավորություններ, սակայն կան նաև սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս ամբողջ կենսաթոշակը տրամադրել պարտքերի մարմանը, անձին թողնելով` առանց կենսաթոշակային միջոցների: Օրենքով սահմանված կարգով, կենսաթոշակից կատարվող հարկադիր պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը:

Հարց 42. Ի՞նչ կարող է լինել քաղաքացիների կուտակած ակտիվների հետ տնտեսական ճգնաժամի դեպքում:

   Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային ռիսկը կրում է մասնակիցը: Այսինքն` ներդրումների արժեքի փոփոխություններն ուղղակիորեն ավելացնում կամ նվազեցնում են մասնակցի կուտակումների արժեքը: Տնտեսական ճգնաժամերի դեպքում, որպես կանոն, տեղի է ունենում ներդրումների արժեքի անկում, որն արտահայտվում է անձանց խնայողությունների վրա: 
  Վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին մի շարք երկրների պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի արժեքը նվազեց, սակայն այդ կորուստն արդեն վերականգնվել է: Այստեղ կարևոր դեր է խաղում կենսաթոշակային միջոցների ներդրման երկարաժամկետ հորիզոնը: 

< 1 2